Chez moi

lusine 2 1

 

Chez moi - ասում են ֆրանսիացիները։ Մենք այդպես չենք ասում, բայց այդպես ապրում ենք։ Մենք չենք ասում chez moi, բայց «տանը» ասելիս հենց դա ենք զգում՝ «ինձ մոտ»։ Տանն եմ՝ մոտ եմ ինձ։ Առանց chez - մոտ նախդիրի, բայց այդ իմաստով։

Մենք մեզ ավելի մոտ ենք, երբ տանն ենք։

 Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Read in English 

Chez moi

Երևանում բնակարան գնել պատրաստվող պատկառելի տարիքի ու մասնագիտության մի սփյուռքահայ, բազմաթիվ առաջարկներից հոգնած, ասում է՝ տունը միայն հայրական տունն է, մյուսները կացարան են, ու նշանակություն էլ չունի, թե ինչպիսին են։

Եվ մենք բոլորս ինչ-որ մեկի համար ստեղծում ենք այդ chez moi-ն, որտեղ մենք մեզ շատ ենք մոտ, մոտ ենք մեզ։

Ու տունը կարոտում ենք այնպես, ինչպես տան անդամներին։ Տունը մաքրելիս խոսում ենք հետը՝ «էս ինչի ես սենց էղել, է... Էս ոնց ա կեղտոտվել... Վայ, էս ինչի ա սենց ծռվել»։

Իմ մայրն ամեն ամառ վերանորոգում էր իր հոր՝ հայրական տան տանիքը, որովհետև հոր շիրիմը չկար՝ 47-ին էին գնդակահարել։ Մայրս ամեն տարի վերանորոգում էր հորական պապի տան տանիքը, որտեղ նույնիսկ պապը չէր ապրել առանձնապես։

Մենք տունը սիրում ենք տուն կորցրած մարդու հմտությամբ։

Որովհետև մի օր պատերազմ է լինում ու դու գնում ես տնից։ Մի առավոտ, ասենք՝ 7.10-ին, պատերազմ է սկսվում ու դու գնում ես տնից։

Սկզբում սպասում ես, որ պատերազմը վերջանա. այն պիտի վերջանա երեք օրից, նախորդ պատերազմը երեք օրից է վերջացել։ Բայց պատերազմները տարբեր տևողություն են ունենում, ու մենք այդ մասին մոռացած ենք լինում։

Դու հեռանում ես տնից, որ քեզ փրկես ու հետ գաս՝ վստահ լինելով, որ տունը կմնա։

Քեզ փրկում ես, տունը՝ չէ։ Ավելի ճիշտ՝ քեզ տան մեջ չես փրկում, այլ տնից դուրս. chez moi-ն չի փրկվում։

Դու արդեն որտեղ էլ ապրես՝ chez moi չէ։

lusine2 2

 

Մենակ մնացած տներում թշնամու զինվորներ են։ Մենակ մնացած տները սպանել, տանջամահ անել չի լինում։ Մենակ մնացած տները հետևում են անթրաշ զինվորների խրախճանքին։

Անթրաշ զինվորը բացել է տանտիրուհու պահածոների պահարանն ու հերթով-կարգով, ըստ չափերի ու համերի դասավորված պահածոները հանում, շարում է գետնին։ Ընտրում է մուգ կարմիր բալի կոմպոտն ու պղպեղի պահածոն։ Մնացածը անփույթ՝ ոտքով հրում է հետ. ապակե տարրաներից մեկը հարվածում է մյուսին ու ջարդվում՝ կարմիր տոմատի մածուկը լղոզելով առաջ միշտ մաս-մաքուր հատակին։

Զինվորական հագուստի թևքով անթրաշ զինվորը խնամքով օգտագործած ու հրաշալի պահպանված սովետական լաքապատ սեղանի երեսը մաքրում է պատերազմի բեկորներից ու երեք լիտրանոց կարմիր կոմպոտը դնում սեղանին։ Առաջ այդ կոմպոտը հատուկ հյութաման ուներ՝ սովետական, բյուրեղապակուց. առաջ ոչ ոք երեք լիտրանոց ապակե բալոնը կահույքի սեղանին չէր դնում։

Հետո զինվորը պահարանից հանում է տոնական ափսեներն ու այս անգամ արդեն կոկիկ՝ հավասար հեռավորության վրա դասավորում սեղանին. երևի այնպես, ինչպես մայրն է արել։ Մորը, հավանաբար, չի հիշում այդ պահին. եթե մորը հիշեր, միգուցե վարաներ ուրիշ կնոջ պահարանը մտնել։ Մայրերն այդ պահին մոռացվում են, որովհետև մայրերն արդեն արել են իրենց գործը՝ ուրիշի տունն անարգող հաղթանդամ տղաներ են ծնել, որոնք հետո դառնալու են անթրաշ զինվորներ։

Ճաշկերույթից առաջ անթրաշ զինվորներից մեկը, գենետիկորեն ֆորտեպիանոյի համար չնախատեսված իր մատերով, ավելի ճիշտ՝ բռունցքով, անցնում է երաժշտական գործիքի կուլտիվացիայի սովետական տարիներից խնամքով պահպանված դաշնամուրի սև ու սպիտակ ստեղնաշարով։

Հավանաբար գյուղական տուն չէ, հավանաբար շրջկենտրոնում է։ Հավանաբար տան տերն էլ է տեսել իր տան սանձարձակ մերկապարը։

Բայց տունը լուռ հետևում է արհավիրքին։ Խոսել չգիտի, որ խոսի, և լավ է, որ չգիտի, եթե խոսեր՝ կսպանեին։ Ինքն իրեն պայթել չի կարող՝ պիտի պայթեցնեն։ Ոչինչ անել չի կարող։

Բայց կարևոր մի բան, անգնահատելի կարևոր մի բան իմացողի խաղաղ հեգնանք կա մենակ մնացած տների մեջ։

Պատուհանից շպրտում են լվացքի մեքենան, կենցաղային իրեր։ Վարագույրով սրբում են ցեխոտ զինվորական սապոգները։

Ու տան հեգնանքը հաղթողի հեգնանք չէ։ Հաղթողի հեգնանքի մեջ միշտ ժամանակավոր մի բան կա։ Եվ ժամանակավորության այդ ենթագիտակցումից հեգնանքի մեջ միշտ վախ է լինում, ինչքան էլ որ հաղթանակի ցոփության տակ քողարկվի։

Ապահով հեգնանք կա մենակ մնացած տների մեջ։

Որն է տների խաղաղ հեգնանքի, իմաստուն խաղաղության գաղտնիքը։

Գուցե ա՞յն, որ տունը գիտի՝ նոր տերերը խորապես հավատացյալ են, ու ինքն ամեն գիշեր ու ամեն առավոտ ինչ-որ ձև է գտնելու՝ նշան տալու համար, որ ուրիշի տանը երջանկություն չի լինում, ինչ-որ միջոց է գտնելու վախ ներշնչելու համար, երբ, ասենք, հյուրասենյակից խոհանոց անցման տեղում երեք սանտիմետրանոց բարձրությունը մոռացած լինի նոր տերը, ու ոտքը դեմ առնի այդ աննշան խոչընդոտին ու մարմնով մեկ փռվի ուրիշի՝ արդեն իրենը դարձած հատակին։ Եվ եթե անգամ ոչինչ չպատահի, բացի աննշան սալջարդից, մեջը վախ սողոսկի, որ ուրիշի տանը երջանկություն չկա, ու այդ օրվանից հանգիստը կորցնի։

Կամ երբ գիշերվա գյուղական մթության ու լռության մեջ պատերի անհասկանալի մանր ձայները, որոնց բոլոր օկտավաներն ու անցումները ծանոթ ու հասկանալի էին հին տերերին, նորերին անդրշիրիմյան նշաններ թվան ու ցնորքի՞ հասցնեն։

Կամ երբ պահարանի բազմաթիվ կոմպոտներից ու սմբուկի պահածոներից մեկը բոտուլոտոքսին պարունակի ու ախտահարի անթրաշ զինվորների նյարդային համակարգը՝ ամփոփելով խրախճանքը։

Սա՞ է տան խաղաղ, բայց հանդուգն հեգնանքի գաղտնիքը։ Վրե՞ժը՝ ինքնուրույն, առանց մարդու։ Թե՞ տունն ավելի շատ գիտի մարդկանց մասին, քան իրենք՝ մարդիկ, և այդ իմացածն է իմաստուն ու խաղաղված հանդգնության պատճառը։

Գյուղի մելիքական տան պատերը, պատերի բուխարին, պատի վառարանը, հետին պատն ամբողջությամբ հողի մեջ գտնվող խոնավ ու ապահով սենյակը, որը պարսկերենից փոխառված բառով «թաղբանդ» անունն ունի ու նշանակում է «կամարակապ», ու որտեղ պաշտպանվել են թշնամու հրթիռներից, իսկ խաղաղ ժամանակ պահել մթերքի տարվա պաշարը, գիտե՞ք որ ժամանակներից են հիշում մարդկանց պատմությունները այդ հին պատերը։

Մարդիկ են, որ դեպքերն ընկալում են իրենց ապրած ժամանակի մի կարճ տևողության կտրվածքի մեջ։ Իսկ գյուղի հին տան պատերը գիտեն, որ արդեն որերորդ անգամ տերերը կռվում են եկվորների դեմ, տերերը հաղթում են, մեռնում, պարտվում, հեռանում, հետո նորից գալիս, որ նորից կռվեն, հաղթեն, ապրեն։ Ու այսպես երկար, անընդհատ, անվերջ՝ տունը ականատես է։

Ու պատերը միշտ ճանաչում են տերերին։

Եվ ի տարբերություն այդ պահի տերերի, տները գիտեն, որ կյանքը հարատև է։ Տերերը գալիս են, հաղթում կամ պարտվում ոչ տերերին, հետո հերթագայությունը փոխվում է. տերերն ու ոչ տերերը փոխարինում են իրար, իսկ իրենք՝ տները, միշտ, միշտ, միշտ կան։ Անգամ եթե ավերում են պարիսպը, բուխարին, թաղբանդը՝ հողը վառել չեն կարողանում։ Հողը ներս է քաշում դեպքերը, դեմքերը, պատի գույները, հոտերը, ծառից կախված ինքնաշեն ճոճանակի նյութը, ճոճվող երեխայի մտքերը, Ավետիսյանների «Կատարոյի» գինու գույնը, համը, բակի մարդկանց ձայները։ Դրա համար են մարդիկ անգիտակցաբար կարևորում հողը։ Այդ պատճառով է տունն ամուր հեգնանքով, իմաստուն խաղաղությամբ հետևում անթրաշ զինվորի խրախճանքին։

Մենք տունը սիրում ենք տուն կորցնող մարդու հմտությամբ։ Բայց տները չեն կորչում, տները միշտ սպասում են։ Տները միշտ chez-soi են՝ իրենք իրենց մոտ։ Մենք երբեմն չկանք։ Մենք կարոտում ենք նրանց, որովհետև մենք ժամանակավոր ենք, իսկ տունը՝ հարատև։

 

 

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի, Հարավային Կովկասի տարածաշրջանի Երևանի գրասենյակի հետ համագործակցաբար:

 

Կարդացեք նաև

Չոմալագի ամառը

Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն ման էկող տունը մնացածների, տնից տուն կամուրջներ գցածների, սկզբում նեթֆլիքսի գերի, հետո ֆեյսբուքյան բանտարկյալ դարձածներիս մասին: Երբ աշխարհն ուղիղ տունդ է մտնում, իսկ տունդ՝ մխրճվում աշխարհի մեջ: Լուսինե Խառատյանը գրում է տնակալած, օջախակալած ու եթերապատվածներիս մասին:

Զարմանազան

Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:

Գլազոկը

Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:

Տնակալում

EVN Report-ի «Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքը մտորումներ են հավաքական ինքնության անհատական փոխակերպումների շուրջ, նույնքան իրական, որքան այլընտրանքային՝ մեր ու ձեր մասին, բայց ուրիշի աչքերով: Արմեն Հայաստանցին գրում է տնակալման մասին, թե «ինչի՞ մեկ էլ օջախի կատու հայերը (ավելի շուտ՝ հայաստանցիները) տիտիկ չարեցին իրենց չորս պատի մեջ»։

Մգդակած ապաստարանը

Անցյալի մասնիկներից հավաքած ասք մի մարդու մասին, ում ձեռքերը հիշում և պատմում էին, նույնիսկ երբ լեզուն հրաժարվում էր դա անել։ Վիգեն Գալստյանի իրական եւ իսկական պատմությունը:

Subscribe to our mailing list


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team