Գյուղատնտեսությունը Հայաստանում. ակնարկ

Գյուղատնտեսություն և գյուղական բնակչություն

1987 թվականին (խորհրդային կառավարման վերջին կայուն տարում) գյուղական բնակչությունը Հայաստանում կազմում էր 31.5%։ Սա էականորեն տարբեր է 1920-ականների ցուցանիշից (խորհրդայնացման առաջին տարիներ), երբ Հայաստանը գերազանցապես ագրարային երկիր էր, և բնակչության ավելի քան 80%-ը կենտրոնացած էր գյուղերում: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գյուղական բնակչությունը 36% է, ցուցանիշը աճի միտում է գրանցել, ինչը պայմանավորված է քաղաքաբնակների տեսակարար կշռի նվազմամբ, որի հիմքում առավելապես մարզերի քաղաքային բնակավայրերից արտագաղթն է։ Հայաստանի գյուղական բնակչության մեկ երրորդից փոքր-ինչ ավելին բնակվում է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք զբաղեցնում են բերրի Արարատյան դաշտավայրի մեծ մասը:

2011 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում զբաղված բնակչության (1,057,735 մարդ) շուրջ 37%-ը (390,248 մարդ) որպես զբաղմունք նշել է գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը: Այս ոլորտներում զբաղված է 194,081 տղամարդ և 196,167 կին: Աշխատող տղամարդկանց 33%-ը և աշխատող կանանց գրեթե 42%-ը զբաղված է հենց գյուղատնտեսության ոլորտում: Այս ոլորտում գրեթե բոլորը ինքնազբաղված են կամ ընտանիքի անդամ-աշխատողներ են:

Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների 89%-ն ապրում է գյուղական բնակավայրերում, 11%-ը քաղաքաբնակ է: Գյուղատնտեսության մեջ ներգրավված է գյուղական բնակավայրերում աշխատող բնակչության ավելի քան 70%-ը, քաղաքներում այս ցուցանիշը մոտ 8% է:

Հայաստանի հինգ մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր, Արարատ և Վայոց ձոր) զբաղված բնակչության ավելի քան 50%-ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում: Երեք հյուսիսային մարզերում (Տավուշ, Լոռի և Շիրակ) այս ցուցանիշը 45-50% է: Սյունիքում բնակչության միայն մեկ երրորդն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում, Կոտայքում՝ 28%-ը:

Մարզերի մեծ մասում գյուղատնտեսության ոլորտում զբաղված է գյուղական բնակչության ավելի քան 70%-ը, Սյունիքում և Տավուշում՝ ավելի քան 60%-ը, Կոտայքում՝ միայն 44%-ը։

Որոշ մարզերում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում ներգրավված է նաև զբաղված քաղաքային բնակչության զգալի մի մասը։ Գեղարքունիքում այս ցուցանիշը մոտավորապես 35% է, Տավուշի մարզում՝ 25.5%, Արարատում և Վայոց ձորում՝ 20%։ Մյուս կողմից, Շիրակում աշխատող քաղաքաբնակների միայն 3%-ն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում: Երևանում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում աշխատում է 4,358 մարդ, որը կազմում է մայրաքաղաքի աշխատող բնակչության միայն 1.4%-ը:

Տնտեսության կառուցվածք

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում 2012 թվականից հետևողականորեն նվազում է. երկրի համախառն ներքին արդյունքի 18.4%-ից այս ցուցանիշը 2019-ին նվազել է մինչև 12%:

Տնտեսության կառուցվածքում վերջին տասնամյակում նվազել է նաև գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը: Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունն ու ձկնորսությունը 2014 թվականին գեներացրել են $2 մլրդ-ի արտադրանք, 2019-ին այդ ցուցանիշը $1.6 մլրդ էր:

Գյուղատնտեսական գործունեությունը տարածված է Հայաստանի ամբողջ տարածքում, թեև Արարատյան դաշտավայրը հատուկ նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 36%-ը ստացվել է Արարատի և Արմավիրի մարզերից: Երեք հյուսիսային մարզերը (Շիրակ, Լոռի և Տավուշ) արտադրել են գյուղատնտեսական արտադրանքի 23%-ը, երկու կենտրոնական մարզերը (Արագածոտն և Կոտայք)՝ 18%-ը, Գեղարքունիքը, որը զբաղեցնում է Սևանա լճի ավազանը՝ 13%-ը։ Երևանում արտադրվել է երկրի ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի 1%-ը։

Անասնաբուծության և այգեգործության մասնաբաժինը Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքում համապատասխանաբար 52% և 48% է:

Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ Հայաստանի 317,000 ընտանեկան ֆերմաների 54%-ը հող է մշակում և զբաղված է անասնաբուծությամբ, 42%-ը միայն հող է մշակում, 4%-ը զբաղված է միայն անասնաբուծությամբ: Մարզերի միջև այս առումով զգալի տարբերություն կա: Կոտայքում հողի մշակմամբ զբաղվում է 53%-ը, Վայոց ձորում՝ միայն 24%-ը:

Հողօգտագործում

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 16,768 քառակուսի կմ, որը երկրի ամբողջ հողատարածքի 59%-ն է: Ընդ որում, վարելահողերը կազմում են շուրջ 446,400 հեկտար (4,464 քառ. կմ), որը կազմում է Հայաստանի հողատարածքի մոտ 15.7%-ը:

2014 թ. գյուղատնտեսական հաշվառման տվյալներով՝ միջին վիճակագրական ընտանեկան ֆերման Հայաստանում զբաղեցնում է 1.48 հեկտար (3.66 ակր) տարածք: Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերը (ընդհանուր առմամբ 513,000 հեկտար) բաժանված են 345,875 ընտանեկան ֆերմաների միջև: Բոլոր ընտանեկան ֆերմաների շուրջ 60%-ն ունի 1 հեկտարից էլ պակաս հողատարածք: 35%-ի դեպքում տարածքը 1-5 հեկտար է, և միայն 5%-ի դեպքում է տարածքը գերազանցում 5 հեկտարը:

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ այս հողերի մոտ 2,740 քառ. կիլոմետրը հարմարեցված է ոռոգման համար։ 2017 թ. տվյալներով՝ ըստ էության ոռոգվում է միայն 1,550 քառ. կմ-ը: Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ ֆերմաների գրեթե կեսը (49%) ոռոգվում է ոռոգման հիմնական ցանցի միջոցով: Շուրջ 21%-ը հողատարածքը ոռոգելու համար օգտվում է խմելու ջրից, 15%-ը՝ գետերի ու լճերի, իսկ 12%-ը՝ ջրհորների ջրից: Տավուշում բոլոր ընտանեկան ֆերմաների շուրջ 60%-ը ոռոգվում է խմելու ջրով, Արարատում 31%-ն օգտվում է խորքային ջրհորներից:

Օրգանական գյուղատնտեսության համար օգտագործվող հողերը շուրջ 1,430 հեկտար են, որից 730 հեկտարը հավաստագրված օրգանական է:

2019 թ. տվյալներով՝ հացահատիկային մշակաբույսերը զբաղեցնում են 121,179 հեկտար, մրգի և հատապտուղների այգիները՝ 43,411 հեկտար, բանջարեղենը (բացի կարտոֆիլից)՝ 20,616 հեկտար, կարտոֆիլի դաշտերը՝ 20,477 հեկտար տարածք: Խաղողի այգիները զբաղեցնում են 16,497 հեկտար, սեխի դաշտերը՝ 4,257 հեկտար:

Արարատի ու Արմավիրի մարզերում (որոնք զբաղեցնում են Արարատյան դաշտավայրի մեծ մասը) կենտրոնացված է Հայաստանի մրգատու այգիների շուրջ 43%-ը, բանջարեղենի դաշտերի (բացի կարտոֆիլից) ավելի քան 63%-ը, խաղողի այգիների շուրջ 73%-ը, ձմերուկի և սեխի դաշտերի գրեթե 95%-ը:

Հայաստանում հացահատիկի մշակման ավելի քան 70%-ը բաշխված է հետևյալ կերպ՝ Շիրակ՝ 27.7%, Գեղարքունիք՝ 18.8%, Արագածոտն՝ 13.7%, Սյունիք՝ 11%: Հայաստանի կարտոֆիլի դաշտերի ավելի քան 70%-ը կենտրոնացած է երեք մարզերում՝ Գեղարքունիք (39.5%), Լոռի (16.8%) և Շիրակ (15.8%):

Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում է Հայաստանի խաղողի այգիների 24%-ը: Մյուս մարզերում խաղողագործությունը չնչին տարածքներ է զբաղեցնում: Շիրակում և Գեղարքունիքում նման նշանակության հողեր չկան:

Անասնաբուծություն

Գյուղատնտեսության այս ճյուղը Հայաստանում զբաղվում է հիմնականում ընտանի թռչունների, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և մեղուների բուծմամբ։

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2007-2020 թթ. կազմել է 570,000-700,000: 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվում է շուրջ 580,000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անասնաբուծության տեսանկյունից առաջատար մարզերն են Գեղարքունիքը (97,000 գլուխ), Շիրակը (87,000), Լոռին (73,000) և Արագածոտնը (68,000): Ընտանեկան ֆերմաների 82%-ում պահվում է 9-ից ոչ ավելի խոշոր եղջերավոր անասուն, 17%-ում՝ 10-49 գլուխ, և միայն 1%-ում՝ 50 գլխից ավելի:

Վերջին 13 տարիներին Հայաստանում խոզերի գլխաքանակը տատանվել է 86,700-223,300-ի սահմաններում։ Գլխաքանակը համեմատաբար հավասար է տեղաբաշխված Հայաստանի մարզերում. առաջին տեղում Արմավիրն է՝ 29,400 գլուխ խոզ, վերջինում Լոռին՝ 15,300:

Վերջին տասնամյակում ոչխարների և այծերի գլխաքանակը (միասին վերցրած) Հայաստանում կազմել է նվազագույն 511,000-ից մինչև առավելագույն 778,000 գլուխ։ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է 662,500 գլուխ ոչխար: Ոչխարաբուծական առաջատար մարզերն են Արմավիրը (114,000), Սյունիքը (108,300), Արագածոտնը (91,400), Գեղարքունիքը (91,000) և Արարատը (87,900):

Հայաստանում հավերի գլխաքանակը 1993 թ. 2.65 միլիոնից 2004-ին կազմել է 4.74 միլիոն: 2020 թ. տվյալներով՝ Հայաստանում ընտանի թռչնատեսակների այս պոպուլյացիան հաշվվում է 4.57 միլիոն: Հավաբուծության ոլորտում առաջատար են Արմավիրը (1,25 մլն), Կոտայքը (930,000) և Արագածոտնը (568,000): Հայաստանում թռչնամսի շուրջ 54%-ն արտադրում են ոչ թե ընտանեկան ֆերմաները, այլ կոմերցիոն կազմակերպությունները:

2018-ին Հայաստանում հաշվվել է 236,000 փեթակ: Հետխորհրդային շրջանում այս ցուցանիշը տատանվել է 46,000-ից մինչև 245,000 փեթակ: Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ Հայաստանում եղել է 164,039 փեթակ։ Մեղվաբուծությամբ զբաղվում են առավելապես Սյունիքում (19%), Գեղարքունիքում (15%) և Վայոց ձորում (11%):

Կենդանական արտադրանք

Ձվի արտադրությունը Հայաստանում 2006 թ. 463.7 միլիոնից 2019-ին կազմել է 720.6 միլիոն: Արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում երեք մարզերի՝ Արմավիր (24%), Կոտայք (19%) և Արագածոտն (11%):

Վերջին տասնամյակում կաթի արտադրությունը տատանվել է 600,000-760,000 տոննայի սահմաններում: 2018-ին Հայաստանում արտադրվել է 48,000 տոննա ոչխարի և 4,000 տոննա այծի կաթ:

2020 թ. հունվարի 1-ի դրությամբ կաթի արտադրանքը երկրում կազմել է 667,900 տոննա: Ամենաշատ կաթ արտադրող մարզերն են Գեղարքունիքը (18%), Շիրակը (15%), Լոռին (12%) և Արագածոտնը (12%):

Նշենք նաև, որ 2014-ին Հայաստանում արտադրվել է 18,320 տոննա պանիր և 1,093 տոննա կարագ: 2018 թ. երկիրն արտադրել է 68,800 տոննա տավարի, 16,300 տոննա խոզի, 12,300 տոննա թռչնի և 10,800 տոննա ոչխարի միս:

Հացահատիկային մշակաբույսեր

Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ 2018 թ. Հայաստանում արտադրվել է 646,569 տոննա միրգ, 560,298 տոննա բանջարեղեն [1], 415,050 տոննա արմատապտուղ և պալար, 334,342 տոննա հացահատիկ:

Ամենից շատ արտադրվող մրգատեսակներն են խաղողը (179,668 տոննա), խնձորը (109,939 տոննա), ծիրանը (104,035 տոննա), դեղձ ու նեկտարինը (52,247 տոննա):

2019 թ. Հայաստանում արտադրվել է 217,500 տոննա խաղող, որի ավելի քան 86%-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում: Նույն տարում Հայաստանում արտադրվել է 290,600 տոննա միրգ (բացի խաղողից), որ 59%-ն աճեցվել է Արմավիրում և Արարատում, 18%-ը՝ Արագածոտնի մարզում:

2018 թ. Հայաստանում արտադրված բանջարեղենի ցուցանիշները հետևյալ պատկերն ունեն՝ լոլիկ (138,124 տոննա), ձմերուկ (126,812 տոննա), կաղամբ և կաղամբի այլ տեսակներ (89,461 տոննա), վարունգ (50,599 տոննա), սոխ (39,279 տոննա), գազար ու շաղգամ (16,68 տոննա)։ Արմատապտուղների ու պալարների արտադրությունն ամբողջությամբ բաժին է ընկել կարտոֆիլին՝ 415,050 տոննա: Նույն տարում Հայաստանում արտադրվել է նաև 54,173 տոննա ճակնդեղի շաքար:

2019-ին երկրում արտադրվել է 621,600 տոննա բանջարեղեն, որի 81%-ը Արարատի և Արմավիրի մարզերում: Այս երկու մարզում արտադրվել է նաև ձմերուկի 96%-ը: Նույն տարում երկրում արտադրվել է 404,100 տոննա կարտոֆիլ, որից 42%-ը՝ միայն Գեղարքունիքի մարզում:

2018 թ. Հայաստանում արտադրվել է 187,453 տոննա ցորեն և 124,167 տոննա գարի: 2019-ին հացահատիկի արտադրությունը կազմել է 198,800 տոննա։ Հացահատիկի մշակության առաջատար մարզերն են՝ Շիրակ (22%), Գեղարքունիք (16%), Լոռի (13%), Արագածոտն (12%) և Սյունիք (12%): Հացահատիկի բերքատվությունը 2010-2017 թթ. մեկ հեկտարի համար կազմել է 2,000-3,200 կգ:

Առևտուր

Հայաստանից ամենաշատ արտահանվող գյուղատնտեսական ապրանքներն են՝ լոլիկ (36,039 տոննա), պահածոյացված բանջարեղեն (10,114 տոննա), ջերմային մշակում անցած միրգ (9,581 տոննա), ծիրան (7,215 տոննա), խաղող (6,536 տոննա), դեղձ ու նեկտարին (5,444 տոննա):

Հայաստանը զգալիորեն ավելի շատ է ներմուծում, քան արտահանում է: Ներմուծված ապրանքների շարքում առաջատարներն են՝ ցորեն (329,372 տոննա), եգիպտացորեն (67,781), թռչնամիս (32,212 տոննա), ցորենի ալյուր (29,063 տոննա), արևածաղկի ձեթ (26,086 տոննա), բանան (22,474 տոննա), ջերմամշակված միրգ (16,954 տոննա) և գարի (14,839 տոննա): Հայաստանը գրեթե 1.8 անգամ ավելի շատ է ցորեն ներմուծում, քան արտադրում է:

Խնդիրներ

2019 թ. դեկտեմբերին կառավարությունը քննարկում նախաձեռնեց գյուղատնտեսության ոլորտի խնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ոլորտի զարգացման 2020-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագծում առանձնացվում էին հետևյալ խնդիրները՝ «ցածր արդյունավետություն, սննդի անվտանգության չափանիշների ոչ բավարար մշտադիտարկում, շուկայի բարձր կենտրոնացում, թույլ ինստիտուցիոնալ ներուժ և նորարարությունների սահմանափակ օգտագործում»: Խնդիրները լուծելու ուղղությամբ կառավարությունն առաջարկում էր զարգացման որոշակի սկզբունքներ՝ «կուտակում, շահութաբերության ապահովում, երիտասարդության ներգրավվածություն, դիվերսիֆիկաացիա և ռիսկերի կառավարում, հարմարեցում կլիմային և տեխնոլոգիական արդիականացում»:

2019 թ. հուլիսին Շիրակում կայացած գործարար ֆորումում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցածր արտադրողականությունն այն հիմնական խնդիրն է, որը ծառացած է գյուղատնտեսության առաջ: Ըստ վարչապետի՝ թեև Հայաստանի աշխատուժի 30%-ը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, այն կազմում է երկրի ՀՆԱ-ի միայն 14%-ը: Փաշինյանը նշում էր, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված աշխատուժի մասնաբաժինը պետք է շարունակաբար նվազի (իսկ արդյունաբերության և մշակող արտադրության ոլորտում աշխատողներինը ավելանա), և կառավարությունը հատուկ կարևորութուն է տալիս հողային ռեֆորմի խնդրին: Փաշինյանը խոսել է նաև Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը խթանելու կարևորության մասին:

Thomson Reuters հիմնադրամի հրապարակած վերջին հոդվածն անդրադառնում է Հայաստանում գյուղատնտեսության երկու գլխավոր հիմնախնդրի՝ փոքր հողամասեր ու տարածքների ֆրագմենտացիա, ինչի արդյունքում, ինչպես նշում է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, գյուղատնտեսությունը Հայաստանում դառնում է «ոչ գրավիչ և տնտեսապես ոչ արդյունավետ»։

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում միջին վիճակագրական ֆերման ընդամենը 1.5 հեկտար է զբաղեցնում. համեմատության համար՝ նույն ցուցանիշը Կիպրոսում 3 հա է, Հունաստանում՝ 6,8 հա, Լեհաստանում՝ 10 հա, Հոլանդիայում՝ 26 հա, Անգլիայում՝ 86 հա: Որպես կանոն, փոքր ֆերմաներն ունենում են ցածր արդյունավետություն և փոքր արտադրանք, ինչն ավելի է բարդացնում ժամանակակից սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Ըստ էության, Հայաստանում բազմաթիվ մարդկանց համար բնական գյուղատնտեսությունը նորմա է:

Կառավարությունն այժմ աշխատում է հողային ռեֆորմի փաթեթի վրա: Ակնկալվում է, որ մինչև 2020-ի տարեվերջ այն կներկայացվի խորհրդարան: Գործադիրը ցանկանում է նվազեցնել հողերի ֆրագմենտացիան և շրջանառության մեջ դնել լքված հողամասերը՝ խրախուսելով դրանց վարձակալությունը։

 

——————————-

[1] Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ձմերուկը, սեխը դասակարգում է որպես բանջարեղեն: