Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից: Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար: read in English From a Fateful Revolution to the Dream of Pan-Turkism: Causes of the Armenian Genocide Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին