Նէ
Տձև գծերի հատումների ու արևի տակ շողացող մարմիններից ավելի ծանր ստվերների միջև միջանկյալ մի տարածություն է՝ գոյությունը բազմապատկող, բայց և բազմապատիկ խզված ինքնության տարածություն, կանանց տարածություն։ Այս տարածության մեջ ժամանակն էլ է այլ՝ օտար: Քառորդ կյանք՝ ծնելու, կես կյանք՝ ապրելու, բայց մարդկության պատմության չափ տևականություն՝ մյուսին հասնելու, հավասարվելու համար: Ի՛նչ փույթ, որ նէ* օրացույցի մեջ օր ունի, ամիս էլ ունի: Ի՛նչ փույթ, որ այս ամիս շատ բան պիտի ասվի կանանց մասին։ Բայց այս խմբագրականը կանանց միամսյակի մասին չէ: Այս տարածության մեջ օտարությունն էլ է այլ՝ տարօրինակ: Նէ բազմիցս է օտարյալ՝ ոչ թէ հարազատի կարոտից կամ այլությունից, այլ քանի որ տարածությունն է այլ՝ փոքր է, նեղ։ Չնայած այն հաճախ ընդլայնվում է կամ կրճատվում, բայց ավելի հաճախ ճնշում է նէ-ին, քան մյուսին: Տարածությունն էլ է հաճախ մյուսինը: Ինչ փույթ, որ նէ տուն ունի, տան մեջ էլ սենյակ, սեղան: Խրախճանքի սեղանների շուրջ, կենացների ժամանակ էլ տեղ ու ծավալ ունի… Մեկ ումպ՝ կանանց երջանկության համար, ևս մեկը՝ եթե մայր է։ Բայց կենացներն այս տարածության մեջ ավելի հաճախ մեղայականներ են - զինվոր, ծնող, մայր, կին, գեղեցկություն... Մյուսներն իրենք իրենց սեռի կենացը չեն խմում՝ կարիքը չունեն: Մյուսներն իրենք իրենց տարածությունը չեն փնտրում, նրանք տարածություն նվաճող տեսակից են: Նա տիրանում է, նէ ստեղծում: Այս հրատարակությունը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե... Եթե Մայր Հայաստանն իջնի իր պատվանդանից, եթե քաղաքի պատերը կանանց ճակատագրերի մասին պատմեն... Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:Տձեւ գիծերու հատումներու, մարմինէն աւելի ծանր շուքերու միջանկեալ տարածքներէն ծնած ինքնութիւն մը կայ, որ