Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

«Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված  խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։

Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։

Հայաստանում ևս քաղաքական անցուդարձին հետևելիս տեսնում ենք, որ քաղաքական ուժերը խոսում են մարդկանց սոցիալական բարեկեցության մասին՝ հետևում թողնելով քաղաքացիական, քաղաքական և մյուս իրավունքների պաշտպանվածության կարևորությունը։ Եվ մարդիկ էլ բողոքի են դուրս գալիս սոցիալական խնդիրների դեպքում, նախընտրական քարոզարաշավի ընթացքում գրեթե հարցեր չեն հնչում՝ խոսքի ազատության իրավունքի, թափանցիկ և հաշվետու կառավարման և այլնի վերաբերյալ։

Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանված լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն խնդրել քաղաքական իշխանությանը այս կամ այն բանն անել, այլև ուղղակիորեն մասնակից լինել նրանց որոշումների ընդունման գործընթացին ու ազդել այդ որոշումների վրա։

 

Մարդը բարձրագույն արժեք է

Մարդու իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները այն սահմանված ստանդարտներ են, որոնք կարգավորում են մարդու և պետության հարաբերությունները։

ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները մարդու իրավունքները ճանաչում են որպես բարձրագույն արժեք:

Սահմանադրության մի ամբողջ գլուխ նվիրված է հենց մարդու իրավունքներին, իսկ առանձին իրավունքների տեսակների վերաբերյալ կան օրենքներ, որոնցով էլ կարգավորում են իրավունքի իրացումը, սահմանափակումները, պաշտպանության ընթացակարգերը։ Օրինակ, ընտրական, աշխատանքային օրենսգրքերը,  «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքները և այլն։

Պետությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել բարձրագույն արժեք հռչակած մարդու իրավունքները․

«Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։ 

ՀՀ Սահմանադրություն, հոդված 3

Այս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին:

Ազատ մարդու պարտավորությունները 

Բազմաթիվ իրավունքների ու ազատությունների կողքին Սահմանդրության մեջ սակավաթիվ անգամներ կարդում ենք «պարտավոր է» ձևակերպումը։ Այսպես, մայր օրենքը մի քանի պարտավորություններ է սահմանում մարդու/քաղաքացու համար․

*Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին (հոդված 12),

*Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (հոդված 14),

*Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ (հոդված 60): 

Կարևոր է ընդգծել Սահմանադրության 39-րդ հոդվածի կարևորությունը․ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

 

Ժողովրդի իշխանությունը․ ինչպե՞ս բանեցնել այդ իշխանությունը

Հայաստանը ժողովրդավար պետություն է և իշխանությունն էլ պատկանում է ժողովրդին․ սա ամրագրված է Սահմանադրությամբ։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իսկ ավելի պարզ՝ մարդն ունի պետության կառավարմանը մասնակցելու և այդ կառավարման հանդեպ վերահսկողություն իրականացնելու իրավունքներ ու հնարավորություններ, որոնք սահմանված են թե՛ Սահմանադրւթյամբ, թե՛ մյուս իրավական նորմերով։

Այսպես, բացի ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցությունը, յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք (հոդված 53):

«Հանրագրերի մասին» օրենքի համաձայն՝ հանրագիր է համարվում հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրությունը, պետական կառույցների ու պաշտոնյաների աշխատանքի թերությունների մասին հաղորդումը, նրանց գործունեության բարելավմանը կամ տարբեր խնդիրների կարգավորման վերաբերյալ առաջարկությունը։

Հետաքրքիր է այն, որ հանրագիր կարող է ներկայացնել նույնիսկ երեխան․ մինչև 14 տարեկանը հանրագիրը ներկայացնում է իր օրինական ներկայացուցչի, օրինակ, ծնողի միջոցով։

Նույն օրենքի համաձայն՝ ներկայացված հանրագրին պետական կառույցը պարտավոր է պատասխանել 1 ամսվա ընթացքում կամ հայտնել, որ պատշաճ պատասխան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ ամիս։

Միևնույն ժամանակ Սահմանադրությունը տեղական ինքակառավարման (ՏԻ) երաշխավորումը դիտարկում է ժողովդրավարության էական հիմքերից մեկը (հոդված 9) և սահմանում համայնքի բնակիչների կողմից համայնքի գործերի կառավարմանն անմիջական մասնակցություն՝ տեղական հանրաքվեների և այլ եղանակներով (հոդված 183):

Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածում նշվում է, որ 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ, առանց խտրականության, տեղեկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող է ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա»:

Միևնույն ժամանակ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ կարող է հարց ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում․ այս դեպքում բնակիչների 1-4 տոկոսը (կախված համայնքի բնակչության ընդհանուր թվից)  ստորագրում է ներկայացված նախաձեռնության վերաբերյալ փաստաթուղթը և ներկայացնում համայնքի ղեկավարին։ Բնակիչների կողմից ներկայացված հարցը քննարկվում է ավագանու նիստում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

Քաղաքացին, որ պատասխանատու է դարձնում պաշտոնյային

Ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը հենց բաց կառավարումն է, որի հիմնական բաղադրիչներն են թափանցիկությունը, մասնակցայնությունն ու հաշվետվողականությունը։ Ավելի պարզ՝ երբ պետության գործողությունները տեսանելի են մարդկանց համար, նրանք ոչ միայն դիտում, այլև հնարավորություն ունեն մասնակցելու կառավարման գործընթացներին և պահանջելու կառավարման մարմիններից հաշվետվու լինել իրենց գործողությունների համար։

2011 թվականից ի վեր Հայաստանն անդամակցում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի  նպատակը  քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ կառավարման համակարգի բարելավմանը նպաստելն է և բարձրացնելը պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանն իրականացրել է երեք ծրագիր, իսկ չորրորդ ծրագիրն ընթացքի մեջ է։

Այսօր Հայաստանում օրենսդրական մի շարք նորմեր և գործող բաց տվյալների հարթակներ (օրինակ, e-gov.am, armeps.am, ethics.am և այլն) հնարավորություն են տալիս դիտարկել պետական բյուջեն, պետական գնումներն ու աճուրդներով օտարվող գույքի գործարքներն ու գործընթացները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքն ու եկամուտները և այլն։

Միևնույն ժամանակ պրակտիկայում գործող և արդյունավետ մեխանիզմ է տեղեկություն ստանալու հարցումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորմամբ։ Ի դեպ, ներկայումս գործում է e-request.am կայքը, որը, չնայած որոշ թերություններին,  էականորեն հեշտացնում է  հարցում ուղարկելու և պատասխան ստանալու գործընթացը։

Բաց կառավարումը նվազեցնում է չարաշահումների ռիսկը, քանի որ պաշտոնյաները զգում են, որ գտնվում են հանրության, լրատվամիջոցների, քաղհասարակության և մյուս մարմինների վերահսկողության տակ, ինչը նրանց ավելի զգուշավոր ու պատասխանատու է դարձնում։ Սա բերում է նաև այս մարմինների աշխատանքի, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։

 

«Գործ տվողներ», «ուրիշի գրպան մտնողներ»  կամ ինքնակամ հրաժարում իրավունքից

Այդուհանդերձ, օրենսդրության և գործիքների առկայությունը դեռևս չի նշանակում դրանց կիրառում։ Այստեղ պակաս կարևոր չէ մարդու, քաղաքացու դիրքորոշումը՝ լինելու իրազեկված, մասնակցելու կառավարման գործընթացներին և հաշվետու լինել պահանջելու վերաբերյալ։

Ժողուվուրդն իր իշխանությունը բանեցնելու գործիքներից կամ իրավունքից օգտվելը հաճախ ամոթալի է համարում։ Օրինակ, խոսելն այս կամ այն սխալի կամ թերացման մասին ընկալվում է որպես «գործ տալ»։ Բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել թե՛ անձնական, թե՛ այլոց փորձառությունից, երբ մարդն օտարվում է միջավայրից միայն այն բանի համար, որ բողոքել է ուսուցչի, բժշկի աշխատանքից, հրաժարվել մասնակցել ինչ-որ ապօրինության և բաձրաձայնել է դրա մասին։

Մինչդեռ «գործ տվողներ» էին համարվում ստալինյան ռեպրեսիաների ժամանակ շինծու մեղադրանքներ հաղորդողներն ու մատնություններ անողները, ինչի հետևանքով մարդիկ հայտնվում էին աքսորավայրերում ու գնդակահարությունների պատի տակ։

Այս երևույթի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումներն արտահայտվում են նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և «գործ տվողի» պիտակներ հնչում ՀՀ բարձրագույն ամբիոնից։  Ազգային Ժողովում պատգամավորների կողմից այս հարցը քննարկվել է այն օրինագծերի (տե՛ս այստեղ և այստեղ) կոնտեքստում, որոնցով նախատեսվում է քաղաքացուն հնարավորություն տալ ահազանգել իրավախախտման մասին։ Այնինչ, պետք է հստակ ընգծվի, որ ենթադրյալ խախտման, զանցանքի ու հանցանքի մասին ահազանգողը պարկեշտ ու օրինապահ մարդն է, ում նպատակը արատի վերացումն ու մաքուր միջավայրի հաստատումն է։

Կամ, պաշտոնյաների ունեցվածքն ու ֆինանսական շարժն ուսումնասիրելը ընկալվում է «ուրիշի գրպանը մտնել», «ուրիշի փողերը հաշվել»։ Մինչդեռ, իրականում սա հենց սեփական գրապանին տեր լինել է․ չէ՞ որ պետական բյուջեի մուտքերի մի զգալի մասն ապահովվում է հենց ժողովրդի վճարած հարկերից ու տուրքերից, և այդ նույն  միջոցներից էլ վարձատրվում են պետական պաշտոնյաները։

Այս պիտակները հաճախ կախվում են լրագրողների ու լրատվամիջոցների վրա, երբ հրապարակում են վերլուծական ու հետաքննական նյութեր։ Հաճախ լսարանը չի տարբերակում բաց աղբյուրում տեղադրված ինֆորմացիան պետական գաղտիքից ու հրապարակումը համարում է  «դավաճանություն»։

Եվ այս բոլոր դեպքերում էլ մարդիկ չեն զլանում դժգոհել կոռուպցիայից, թալանից, նեպոտիզմից ու բազմաթիվ խախտումներից, թեև ունեն իրավունք ու գործիքներ՝ մասնակցելու այդ չարիքների դեմ պայքարին։

Իրական ժողովրդավարական ու բաց կառավարում ապահովելու համար պետությունն այսօր պարտավոր է ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ ու արդի տեխնոլոգիաներ ներդնել, այլև սովորեցնել ժողովրդին՝ ինչպես բանեցնել իր իշխանությունը, քայլեր ձեռնարկել անկախ ու ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու, իրավագիտակից ու զարգացած հասարակություն ունենալու համար։

Եվ միայն այս դեպքում Հայաստանում ապրող մարդը, ով ունի մատների վրա հաշված պարտավորություններ ու բազմաթիվ իրավունքներ, ազատություններ, ոչ թե հուսահատ կխնդրի ղեկավարներին՝ լուծել իր այս կամ այն խնդիրը, այլ ուղիղ մասնակցություն կունենա դրանց լուծմանը։