Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։

Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել:

Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց ազդեցությունը միայն սրանով չսահմանափակվեց: Տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ավելի լայն ընդգրկումը ստիպում էր, որ սփյուռքի հայերը ոչ միայն զգան, այլև լինեն և իսկապես դառնան հայ:

 

Պատում և ներկայացում

Պատերազմն իրականում ընթանում էր մի քանի ճակատով, թեև սփյուռքում շատերն այն վերապրեցին զուտ պատումի մակարդակում: Ամենասկզբից թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում էր բացառապես ուժի ու հզորության թելադրանքով։ (Պոստ)մոդեռնիստական քարոզչական այս պատերազմում Ադրբեջանը էական առավելություն ուներ, քանի որ «ներթափանցել» էր եվրոպական կառավարություններ, ուներ հանրային կապերը կարգավորող գործակալությունների բանականթիվ-անհամար վճարվող լոբբիստներ, որոնցից ոմանք ակադեմիական կրթություն ունեին: Նրանց օգնում էին նաև կոռուպցիայի խճճված ցանցն ու տարիներ շարունակ իրականացվող խավիարային դիվանագիտությունըշահավետ միջազգային պայմանագրերն ու ակնհայտ անպատժելիությունը, որը թույլատրելի է բացառապես ծայրահեղ հարուստներին:

Եվ այսպես, ասվում էր, որ պատերազմը «պայթել» է, կամ նույնիսկ՝ որ հայերն են սանձազերծել այն: Հանրային տիրույթում հայերին ագրեսոր ներկայացնելը սկսվեց պատերազմի հենց առաջին օրը, Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո, թե «հայերը տարածաշրջանային խաղաղության մեծագույն սպառնալիքն են»: Այս ամենը հայությանը կանգնեցրեց փակուղու առաջ՝ ստիպելով պաշտպանական դիրք գրավել: Այն, որ ճշմարտությունը պատերազմի առաջին զոհն է, հայտնի իրողություն է, բայց այս պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք կազմակերպված ապատեղեկատվության աննախադեպ բարձր մակարդակի ու ծավալի, որի նպատակը հայերին վարկաբեկելն ու թուլացնելն էր բոլոր ճակատներում՝ ինքնորոշման իրավունք, դարավոր պատմություն ու մշակույթ և վերջապես՝ որպես հայ գոյություն ունենալու իրավունք: Ադրբեջանական և թուրքական պետական քարոզչությունը, որ տարածում էին մեծաթիվ (վճարվող և կամավոր) լեգեոնները հանրային մեդիայում, վճռում էր պատերազմի հանդեպ միջազգային հանրության պատկերացումներն ու տրամադրվածությունը։ Թուրքական թրոլների՝ պետության կողմից ֆինանսավորվող բանակն այնքան գործուն է, որ առանձին էջ ունի Վիքիպեդիայում, ադրբեջանական թրոլները նույնպես հայտնի են: Երբ պատերազմը դեռ մոլեգնում էր, ադրբեջանցի գիտնականները կոչ էին անում պատերազմի մասին հոդվածներ հրապարակել (դրանք հիմա տպագրված են), ասես պատերազմի ելքն արդեն որոշված է, իսկ մանրամասները կարևոր չեն:

Զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը, ձգտելով չեզոք դիրք գրավել, «զոհ գնաց» պատերազմող կողմերի կեղծ համարժեքությանը՝ խնդիրը ներկայացնելով որպես հավասարազոր վաղեմի թշնամիների, այլ ոչ թե նավթային ռեպրեսիվ ավտորիտար ռեժիմի (որը Freedom House-ի վարկանիշում 100-ից 10-րդ տեղում է) և փոքր, պայքարող տնտեսությամբ զարգացող ժողովրդավարական երկրի հակամարտություն: Կեղծ համարժեքության մասին այս պատումը փոխեց պատերազմում ուժերի հավասարակշռությունը և համահարթեցրեց տարածաշրջանի բարդ պատմական իրողությունները: Սոցցանցերում ակտիվությունը հանգեց այսպես կոչված սողացող «գազլայթինգի», որի նպատակը կասկածներ ու ենթադրություններ տարածելն ու փաստերը թաքցնելն էր: Դրա ամենավառ դրսևորումը հայերի պիտակավորումն էր որպես «օկուպանտների», և ոչ թե տեղաբնիկների, որոնք ունեն ինքնորոշման իրավունք՝ այս կերպ դելեգիտիմացնելով նրանց ձգտումները։

Հոգեբանական բռնությունների թուրքական ռազմավարությունը նորություն չէ աշխարհասփյուռ հայության համար. Անկարան շարունակում է հերքել 1915 թվականի ցեղասպանությունը պատմական ռևիզիոնիզմի իր դիրքերից։ Երկարատև ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Հայոց ցեղասպանությունն այժմ որպես փաստ հաստատված է, այն ժխտում են միայն նրանք, ում ձեռնտու է ժխտողականությունը: Տասնամյակներ շարունակ Թուրքիայի գազլայթինգը հայերին ստիպում էր «ապացուցել» սեփական «պատմությունը»: Սա ծանր բեռ էր սփյուռքի համար և ցեղասպանության զոհականության ու տրավմայի շարունակություն: Անշուշտ, սա ձևավորել ու նաև խաթարել է սփյուռքի կյանքը։

Պատերազմին Թուրքիայի մասնակցությունը միջսերնդային տրավմա առաջացրեց սփյուռքում։ Հայությունը միահամուռ արձագանքեց ճգնաժամին: Սփյուռքահայերը արևմուտքում, այսինքն՝ առանցքը՝ այն հայերի ժառանգները, որոնք վերապրել էին 1915-1923 թթ. ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, ժառանգների մեջ սերմանել էին ոչ միայն կրթության ու աշխատանքի, աշխարհը և մյուս ժողովուրդներին ընդունելու արժեքները, այլև վերապրելու և դիմադրելու հպարտությունն ու արժանապատվությունը: Արևմտյան սփյուռքի ներկայացուցիչները, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում իրենց ծագմանը կամ ինչպես են առօրյայում գործածում իրենց հայկականությունը, ունեն գոյատևման մեկ ընդհանուր պատմություն: Ոտքի ելան բոլոր հայերը՝ հայտնի արտիստներից ու համաշխարհային աստղերից մինչև ամենափոքր համայնքների ներկայացուցիչներ (օրինակ, եթովպացիներ): Համահայկական այս համախմբումը երկու ուղղությամբ էր՝ միջոցների հայթայթում հումանիտար խնդիրները լուծելու համար և իրազեկում։ Կար նաև առանձին ուղղություն՝ շահերի պաշտպանություն ու ներկայացում։

Ներգրավված էին բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, ծագումից, քաղաքական նախապատվություններից ու բնակության վայրից. յուրաքանչյուր ոք կարող էր ակտիվիստ դառնալ: Հայկական սփյուռքի աշխարհահռչակ անհատականությունները՝ Սերժ ԹանկյանըՇերը, նաև հոլիվուդյան դերասաններ պատերազմի ամբողջ ընթացքում փորձում էին ներկայացնել իրականությունը: Կար նաև համայնքային առաջնորդների, տեղական ու միջազգային խմբերի ու հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անխոնջ աշխատանքը: Կարևոր է նշել, որ սփյուռքի այս «երգչախմբում» ձայների ինտենսիվությունը, ուժգնությունն ու ծավալը տարբեր էին, բայց կատարյալ ներդաշնակություն էր, երբ կար ադրբեջանական ու թուրքական պետությունների (և նրանց հետևորդների) միաձույլ պատումին ու ներկայացմանը ձեռնոց նետելու և պատմության մեջ հայկական ձայնն ու փորձառությունը ավելացնելու անհրաժեշտությունը: Այս պատումը ծավալվում էր պատերազմի նկատմամբ միջազգային հանրության անտարբերության պայմաններում:

Այս ամենը սփյուռքահայերին ստիպեց միջամտել ու խոսել՝ որպես հայեր և հանուն հայերի, պատմել իրենց նախնիների նկատմամբ ավելի քան մեկ դար տևած ճնշումների ու բռնության մասին, խոսել այսօր ծանր կացության մեջ հայտնված արցախցիների անունից, որոնք ագրեսիայի են ենթարկվում հայ լինելու համար: Սա ինքնաբուխ շարժում էր ի պատասխան հանրային ճգնաժամի և ընկալվեց որպես պատասխանատվություն ու բարոյական պարտք: Սփյուռքի շատ ներկայացուցիչների, այդ թվում և ինձ համար, որի էության մեջ հայկականությունը համադրվում է հարմարվողական կոսմոպոլիտիզմի հետ, և որն իրեն նույնացնում է աշխարհի ճնշված ու մարգինալացված խմբերի հետ, այս պահը վճռորոշ եղավ: Հանկարծ մեր ինքնության բազում շերտերը, իմ դեպքում՝ բրիտանական, կիպրական, եվրոպական, միջինարևելյան և այլն, նահանջեցին: Մենք միայն «հայ» էինք, և մեզ միավորում էր պատերազմը՝ թե՛ խոսքի, թե՛ անօդաչու սարքերի:

Հանրային դաշտում հայկական սփյուռքի բազմաձայնությունը քիչ արծարծված հարց է: Ոմանք այն մերժում են՝ համարելով «ազգայնականություն», որը չի տարբերվում այն ռազմատենչ նացիոնալիզմից, որը հանգեցրել է տարածաշրջանում նախորդ հակամարտությունների բռնկմանը: Որպես կովկասյան փոքր քրիստոնեական պետություն, որի բնակչության մեծ մասն ապրում է սփյուռքում, հայերը դուրս են տարածաշրջանային հետաքրքրությունների այն շրջանակից, որում ոչնչացնում են բնիկ քրիստոնյաներին: Այս նուրբ դատապարտման հիմքում դժվար է չնկատել այն ռասիզմը, երբ հայերն ինչ-որ առումով ընկալվում են որպես (լուռ) զոհեր, որոնց վիճակված է ենթարկվել և իմանալ իրենց տեղը: Բացի այդ, հայերին և հատկապես հայկական սփյուռքը դեմոնիզացնելու թուրքական քարոզարշավի հետևանքով ստեղծվել են նվաստացուցիչ կարծրատիպեր, որոնց հայերը բախվում են թե՛ հայրենիքում, թե՛ ճամփորդելիս:

Քարոզչական պատերազմին զուգահեռ հայերը ֆիզիկական հարձակումների էին ենթարկվում ԹուրքիայումՖրանսիայում ու Միացյալ նահանգներում: Հայերին հետապնդելու և սպանելու կոչեր անող թուրք և ադրբեջանցի հրոսակների թիվն այնքան մեծ էր, որ Ֆրանսիան ստիպված եղավ արգելել «Գորշ գայլեր» ուլտրա-նացիոնալիստական կիսառազմականացված թուրքական կազմակերպության գործունեությունը (Ադրբեջանը ներկայում «Գորշ գայլերի» դպրոց է բացում պատմական Շուշի քաղաքում)։ Սփյուռքը շարունակում է մնալ հակամարտության սիմվոլիկ գոտի: Մարտի վերջին Լոնդոնի մետրոյի կայարաններում հայտնվեցին ադրբեջանական քարոզչական վահանակներ, որոնք ազդարարում էին՝ «Շուշա, Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» և «Ադրբեջան՝ բազմամշակութայնության կենտրոն»: Բազմաթիվ բողոքներից հետո վահանակները հեռացվեցին:

Ադրբեջանը չի խորշում շարունակել հայկական մշակույթի ոչնչացման նախապատերազմական քաղաքականությունը՝ հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելով որպես «կովկասյան-աղվանական» և շարունակելով այն, ինչ Guardian-ը անվանում է «21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանություն»Դեկտեմբերի 10-ի «հաղթանակի շքերթի» ռազմատենչ հանդիսավորությունը, որը վարում էին «մեկ ազգ, երկու պետության» առաջնորդները, անկասկած ապացուցեց, որ խաղաղության համաձայնագիրը ո՛չ խաղաղություն է բերելու, ո՛չ անվտանգություն: Այս տեսակետն ամրապնդեց նաև «ռազմավարի թանգարան-զբոսայգու» գրոտեսկային սյուրռեալիզմը, որը բացվեց ապրիլի 12-ին, երբ ոտքից գլուխ զինվորական համազգեստով Ալիևը լուսանկարվում էր հայ զինվորների սաղավարտների ֆոնին։ Համացանցում հայտնվեցին ադրբեջանցի երեխաների լուսանկարներ. նրանք խաղում են հայ զինվորներ և դաժան վերաբերմունքի արժանացած ռազմագերիներ ներկայացնող հրեշավոր մոմե արձանների հետ. հիշեցնենք, որ առնվազն 200 հայ ռազմագերի դեռևս ադրբեջանական բանտերում են: Այս լուսանկարներն ահազանգ են, թե ինչ կլինի հետո, եթե ադրբեջանցիները շարունակեն նույն ոգով: Բռնության այս անվերջ ցուցադրությունները այլընտրանքի կամ հույսի նշույլ չեն թողնում, հատկապես երբ միջազգային հանրությունը գրեթե չի արձագանքում իրողություններին:

 

Համերաշխություն և լռություն

Զարմանալի չէ, որ ադրբեջանցիները լուռ էին, բայց թուրք ընկերների ու գործընկերների լռությունն անսպասելի ու ցավոտ էր սփյուռքի շատ ներկայացուցիչների համար: Ավելի քան երկու տասնամյակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հայերից, քրդերից, թուրքերից և այլ ազգերից կազմված փոքր խմբերը համախմբվել և ձևավորել էին միջազգային մի շարժում, որը պետք է անդրադառնար այն բռնություններին, որոնց վրա հիմնված է թուրքական պետությունը: Փոքրիկ այս շարժումը, որի նպատակն ազգերի միջև կամուրջներ կառուցելն է, ստեղծվել էր որպես փորձնական հարթակ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այսօր այն ունի գիտնականների ու քաղաքացիական ակտիվիստների մի մեծ բանակ և զբաղվում է լուրջ հետազոտություններով ու համագործակցության ուղիներ հաստատելով: Արցախյան պատերազմը լուրջ հարված հասցրեց այս շարժմանը. թուրք գործընկերների լռությունը վեր հանեց բոլոր խնդիրները։

Այս լռությունն անհանգստացնող էր մի շարք առումներով, այդ թվում և շարունակվող ահաբեկման պայմաններում, որին ենթարկվում է Թուրքիայի հայկական փոքրաթիվ համայնքը: Շարժումը փրկելու համար առջևում բարդ զրույցներ ու ծանր աշխատանք է սպասվում:

Ավելի լայն իմաստով, բացի ավերիչ պատերազմի պատճառած տառապանքներից, սփյուռքի բոլոր հայերին համակել է մեկուսացման ու լայն համերաշխության բացակայության զգացումը: Անկասկած, ՔՈՎԻԴ-19-ը մեծապես նպաստեց մարդկանց մեկուսացմանը, և գուցե զուգադիպություն չէ, որ պատերազմը սկսվեց հենց այն ժամանակ, երբ աշխարհը զբաղված էր համավարակով: Համաշխարհային քաղաքացիական հասարակությունը դանդաղ ու զուսպ էր արտահայտվում: Բազմաթիվ հայ ակտիվիստների համար, որոնք մասնակցում են անարդարության ու անհավասարության դեմ համաշխարհային պայքարին, սա անսպասելի հարված էր: Նույնիսկ «առաջադեմ» գործընկերները ցանկություն չունեին աջակցելու, տարբեր պատճառներով՝ անտարբերությունից մինչև վախ հետևանքների համար:

ԱՄՆ-ի ականավոր հանրային գործիչների խմբի հայտարարությունը և Քորնել Ուեսթի կողմից բարոյական աջակցության վառ արտահայտությունը հաստատման, ճանաչման ու համերաշխության հազվադեպ և չափազանց սպասված հանրային գործողություններ էին: Այս ամենը չի մոռացվի: Չեն մոռացվի նաև այն բազմաթիվ ընկերները, գործընկերներն ու փորձագետները, որոնք մեր կողքին էին, խրամատներում:

 

Աշխարհաքաղաքական համատեքստ

Պետականաշինության իր նախագծի շրջանակներում Խորհրդային Հայաստանը մի քանի փուլով սփյուռքի հայրենակիցների ներգաղթ կազմակերպեց, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը դիրքավորվեց որպես սփյուռքահայերի «հայրենիք»:

Գործնականում Հայաստանը ապաստան է դարձել բոլոր այն սփյուռքահայերի համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց տունը պատերազմի կամ տարբեր ճգնաժամերի պատճառով: Սիրիական պատերազմի սկզբից ի վեր շուրջ 22.000 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, որոնցից 14.000-ը մնացել են երկրում: Գրեթե երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիրն է, ընդ որում՝ գրեթե առանց աղմուկի կամ աջակցության: Սիրիայում շարունակվող պատերազմը և Լիբանանում ու Թուրքիայում խիստ անհյուրընկալ պայմանները ենթադրում էին, որ Մերձավոր Արևելքում բնակվող հայերից շատերը պետք է ապաստան գտնեին Հայաստանում՝ միանալով փախստականների ու գաղթականների ավելի վաղ տեղափոխված ալիքին, որոնք եկել էին Ադրբեջանից, Իրանից, Պաղեստինից, Իրաքից, Եգիպտոսից, դրանից առաջ՝ Լիբանանից, Սիրիայից ու Թուրքիայից:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ավելի մեծ թվով սփյուռքահայեր նախընտրեցին տեղափոխվել Հայաստան՝ աջակցելու նորաթուխ ժողովրդավարությանը, ներգրավվելով կարճաժամկետ կամավորական նախագծերում: Ոչ մեկի համար էլ հեշտ չէ հեռանալ այն տնից, որտեղ ապրել են իր նախնիները, բայց սփյուռքահայերը, որոնք քաջ գիտակցում էին տնտեսական բարդ իրողությունները և Հայաստանում բնակվելու մարտահրավերները, առնվազն գիտեին, որ այստեղ ապահով կլինեն: Պատերազմը փոխեց այդ ընկալումը: Հայաստանի ու սփյուռքի միջև սերտացած կապերը նաև ենթադրում էին, որ հազարավոր մարդիկ, որոնք զոհվեցին կամ վիրավորվեցին պատերազմում, հաճախ անձամբ ծանոթ էին ու կապված էին սփյուռքի համայնքների հետ:

Չնայած հայերն ավելի քան մեկ դար ապրում են Մերձավոր Արևելքում և դարերի պատմություն ունեցող մշակութային խոր արմատներ ունեն, տարածաշրջանում նրանց կարգավիճակը հարցականի տակ է, իսկ գաղտնի և բացահայտ արշավների հետևանքով հասել է «հյուրի» մակարդակի։

Լիբանանում Թուրքիայի օրեցօր աճող ազդեցությունը խնդրահարույց է հատկապես այն հայերի համար, որոնք «յուրային էին դարձել»՝ որպես Լիբանանի հպարտ ու ակտիվ քաղաքացիներ: Պոպուլիստական ազգայնականությունը, նեո-օսմանականության ու պանիսլամիզմի թուրքական ապրանքանիշը, որն իրագործվում է փափուկ ուժի և ներդրումների միջոցով, համաշխարհային լայն արձագանք և ընդգրկում ունի: Անցյալում Թուրքիան հույսը դնում էր աշխատանքային իր միգրանտների վրա, որոնց հետևողականորեն վերածում էր սփյուռքի. այժմ այն կարող է հենվել ավելի լայն շրջանակների վրա:

Լիբանանում, որտեղ հայերը պետական համակարգի մաս են կազմում, վերջին տարիներին հանրային տիրույթը ողողված է սադրիչ հռետորաբանությամբ, որը մոբիլիզացնում է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը: Այն տարածվում է սոցիալական ցանցերում հատկապես ապրիլի 24-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչման օրը: Հայատյացության ներկայիս ալիքը սկիզբ է առել առնվազն 2015 թվականին՝ ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումից ի վեր. լիբանանյան որոշ առաջնորդներ հերքում են ցեղասպանությունն ու կոչ անում վերսկսել կամ ավարտին հասցնել այն՝ միևնույն ժամանակ հայտարարելով Թուրքիայի հետ համերաշխության մասին: Ցեղասպանությունը վերապրած, ճակատագիրը վերագտած և անվտանգ ու բնականոն կյանքի հանգրվանին հասած հայերն այսօր՝ մեկ դար անց, նույն ուժերի կողմից, բայց այլ եղանակներով, ենթարկվում են ցեղասպանության սպառնալիքի ու ահաբեկումների:

Վերջին դրվագը վերաբերում է Նշան Տեր-Հարությունյանին՝ Al Jadeed TV-ի հայտնի հեռուստահաղորդավարին։ Տեր-Հարությունյանը, որը սոցիալական ցանցով հաղորդագրություն էր ստացել հեռուստադիտողից, որը նրան անվանել էր «փախստական ու նենգ օտարերկրացի», ուղիղ եթերում վճռական պատասխանեց նրան: Այս դեպքից հետո «արգելքները քակվեցին», և 2020 թվականի հունիսի 11-ին Բեյրութի արևմտյան թաղամասերում հակահայկական բողոքի ցույցեր սկսվեցին, որտեղ հակահայկական դրոշների ու կարգախոսների հետ մեկտեղ երևում էին նաև թուրքական և լիբանանյան դրոշներ: Լիբանանի հայերին բացահայտ հիշեցրին, որ նրանք խոցելի են: Թուրքական պետության էքսպանսիոնիզմի պայմաններում Տեր-Հարությունյանը ստիպված էր դատարանում պատասխան տալ «Թուրքիա պետությանը վիրավորելու» համար: Սա ենթադրում է, որ անկախ խոր արմատների ու պատմական հանգամանքների՝ Մերձավոր Արևելքն այլևս անհուսալի ու անապահով տարածք է հայերի և հայկական սփյուռքի համար:

Սփյուռքահայ գիտակցության մեջ Արցախյան վերջին պատերազմն անխուսափելիորեն դիտարկվում է աշխարհաքաղաքական այս ոսպնյակով ու այն ճնշումներով, որոնց հայերը ենթարկվում են տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս: Գլոբալացումը հանգեցրել են նրան, որ սփյուռքի համայնքներն ավելի փոխկապակցված լինեն, ուստի հայերի մտահոգությունները թե՛ Մերձավոր Արևելքում ու Ամերիկայում, թե՛ Եվրոպայում ու Հայաստանում ընդհանուր են և միասնական՝ անկախ նրանից, թե որտեղ է հայը:

 

Հետպատերազմական սփյուռք. մտորումներ և վերանայումներ

Սփյուռքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճգնաժամային պահերին ձևավորվում է ազգային միասնության զգացում, բայց այն, ինչ հաջորդում է դրան, քիչ համոզիչ է: Նոր ցանցերը, դաշինքները կարող են փոխարինել հները, գոյություն ունեցողները կարող են ակտիվանալ կամ վերադասավորվել: Անկասկած, պատերազմի սարսափները Հայաստանն էլ ավելի են մոտեցրել ու կապել սփյուռքին, որն էլ իր հերթին սկսել է հետաքրքրվել նրա ապագայով: Հակառակը նույնպես ճշմարիտ է. սփյուռքը Հայաստանի գլոբալ պաշտպանն է, ուստի ամենայն հավանականությամբ Հայաստանն ավելի մեծ ազդեցություն կունենա սփյուռքի առաջիկա ծրագրերի վրա*։

Սփյուռքի բազմազանությունն ու տարբերությունները, որոնք ավանդականները հաճախ քննադատում են որպես թուլություն, հաճախ երաշխավորում է նրան հատուկ դինամիզմը: Պատերազմը հաստատեց, որ հայկական սփյուռքը, չնայած տեղաշարժերին ու նոսրացմանը, բռունցքվում ու միավորվում է բեկումնային պահերին: Սփյուռքը, մի կողմ դնելով տարբերությունները, վճռականորեն ոտքի կանգնեց նաև այս անգամ՝ ներկայացնելու և պաշտպանելու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հայերին։

Հայաստանի հետ սփյուռքի բարդ հարաբերությունները լայնորեն հայտնի են։ Պատերազմը միանշանակ ցույց տվեց, որ սփյուռքի բոլոր հայերը Հայաստանի և Արցախի պայքարը համարում են իրենցը, հետևաբար դժվար պահերին անտեսում են տարբերություններն ու հակասությունները: Վերադառնալով Էննի Բակալյանի մտքին՝ կարելի է ասել, որ այս դեպքում սփյուռքի հայերը «հայ զգալուց» ակտիվորեն անցել են «հայ լինելու»: Սա ենթադրում է, որ նույնիսկ «սիմվոլիկ հայերը» կարող են «հայ լինել» այն ժամանակ, երբ պահը հավաքական առումով ընկալում ու վերապրում են որպես էկզիստենցիալ ճգնաժամ:

Այս մտորումները տեղավորելով սփյուռքի հանդեպ էմիկ և էպիկ՝ ներքին և արտաքին մոտեցումների միջակայքում, հասկանում ես, որ սփյուռքում «հայ լինելու» այս որոշիչ պահը չի մոռացվի: Որպես անհատներ և խմբեր՝ սփյուռքի հայերը բարձրաձայնում ու մարմնավորում էին հավաքական հայկականությունը հզոր ու իմաստալից միջոցներով. 44-օրյա պատերազմից հետո նրանք առօրյա կյանք վերադարձան վնասված ու փոփոխությունների ենթարկված: Սա է պատճառը, որ այս պահը բեկումնային նշանակություն ունեցավ սփյուռքահայերի համար, ոչ միայն ինքնության և առաջնահերթությունների, այլև ապագայի ու պարտավորությունների առումով:

Պատերազմից հետո սփյուռքի ուշադրության կենտրոնում առաջվա պես հազարավոր անօթևան մարդկանց օժանդակելն է, պաշտպանելն ու օգնելը, որպեսզի նրանք վերակառուցեն իրենց խաթարված կյանքը: Երկուսն էլ անհետաձգելի ու երկարաժամկետ նախաձեռնություններ են: Սրա հետ մեկտեղ պատերազմի հետևանքներն արագացրել են խորհրդածելու, վերագնահատելու և վերանայելու ժամանակահատվածը:

 

 

Շնորհակալություն Դալար Շահինյանին, Վազգեն Խաչիկ Դավիդյանին, Սամեր Էլ-Քարանշավիին և Վասիլիս Փայփայիսին՝ հոդվածին իրենց արձագանքի և մտքերս բյուրեղացնել օժանդակելու համար:

* Երախտապարտ եմ Դալար Շահինյանին կարևոր այս դիտարկման համար: