Հայաստանի պարենային անվտանգությունը

Ի՞նչ է պարենային անվտանգությունը

Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից և կարող է մեծապես տուժել, եթե հետևողական քայլեր չձեռնարկի երկրի պարենային անվտանգության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
read in English

Armenia’s Food Security

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաշխարհային պարենային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարենային անվտանգությունը սահմանում է հետևյալ կերպ. «Բոլոր մարդիկ մշտապես ապահովված են բավարար, անվտանգ ու սննդարար պարենի ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հասանելիությամբ, որը բավարարում է նրանց սննդային նախապատվություններն ու անհրաժեշտ սննդակարգը՝ ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։

«Պարենային անվտանգություն» եզրույթն առաջին անգամ շրջանառվել է 1974 թվականին, Պարենի համաշխարհային համաժողովի ընթացքում. ընկալման առանցքում սննդի առկայությունն ու գների կայունությունն էր։ Հաջորդող տասնամյակներին հասկացությունը զարգացում է ապրում ու փոխվում՝ արձագանքելով փոփոխվող աշխարհակարգին ու արտացոլելով հասկացության բազմաթիվ շերտերը։ Այսօր արդեն պարենային անվտանգությունն ընդգրկում է չորս հիմնական բաղադրիչ՝ պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում և կայունություն։

Ինքնաբավությունը երկրի պարենային անվտանգության մակարդակը գնահատող կարևոր ցուցանիշներից է։ Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին «առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների» (ապրանքներ, որոնք սպառողները ամենայն հավանականությամբ կգնեն անկախ եկամտի մակարդակից) ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմել է 52,5%։ Ինքնաբավության մակարդակը բարձր է եղել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսին է ձուկը (128,3%), բանջարեղենը (101,5%), միրգը և հատապտուղը (100,5%), ձուն (99,9%), կարտոֆիլը (99,2%)։ Մի շարք ապրանքների գծով Հայաստանը մասամբ է ինքնաբավ, ինչը նշանակում է, որ տեղական արտադրանքը ծածկում է ներքին պահանջարկի մի մասը միայն, ինչպես օրինակ տավարի միսը (95,9%), կաթը (86,2%), խոզի միսը (74.1%)։ Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային մյուս ապրանքներին, Հայաստանն ինքնաբավ չէ և մեծապես կախված է ներմուծումից։ Հատիկաընդեղենը (50%), ցորենը (30,7%), թռչնամիսը (28,6%) և բուսական յուղը (1,4%) այս դասին են պատկանում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կարծում է, որ ինքնաբավության ավելի բարձր մակարդակի կարելի է հասնել մշակվող հողատարածքներն ավելացնելով, նաև բարելավելով բերքատվությունն ու մշակաբույսերի որակը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության 2020 թ. ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ագրոպարենային համակարգ ձևավորելու և հիմնական սննդատեսակների ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ՝ հողօգտագործման արդյունավետությունը ավելացնելու, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն աջակցելու և տեղական արտադրությանն օժանդակելու միջոցով: Խոջոյանը կարծում է, որ այժմյան 1,8 տոննայի փոխարեն Հայաստանում մեկ հեկտարից կարելի է ստանալ առնվազն 3-4 տոննա հացահատիկ (մեկ հեկտարի հաշվով իդեալական բերքատվությունը մոտ 8 տոննա է), և որպես 2020 թվականի նվաճում նշում բարձրորակ հացահատիկի սերմերի սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում Հայաստան է ներկրվել ավելի քան 5.000 տոննա նոր տեսակի սերմեր. «Չնայած բոլոր դժվարություններին՝ համավարակ, պատերազմ, գործընթացն ամբողջությամբ ավարտվել է»։ Ըստ Խոջոյանի՝ գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանն ու մշակաբույսերի բերքատվության բարձրացմանն ուղղված ջանքերն արտադրական ամբողջ գործընթացն ավելի շահութաբեր և գրավիչ են դարձնում գյուղացիական տնտեսությունների համար։

Ինչ վերաբերում է 2020 թվականի քաղած դասերին, էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով տարին թե՛ պետպաշտոնյաներին, թե՛ արտադրողներին ստիպել է դուրս գալ հարմարավետության գոտուց և այլընտրանքային լուծումներ գտնել։ Մարտի սկզբին, օրինակ, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը նոր էր սկսել տարածվել Հայաստանում, փակվեց ցամաքային սահմանը հարևան Վրաստանի և Իրանի հետ (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են դեռ 1990-ականներից)։ Իրավիճակին արագ արձագանքը, սակայն, Հայաստանին թույլ տվեց խուսափել բեռնափոխադրումների հետ կապված հետագա խնդիրներից։

 

Ցորեն

Առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում ցորենն առաջինն է, որի ինքնաբավության մակարդակը Հայաստանում նվազել է՝ 2017 թվականի 33,2%-ից 2019-ին հասնելով 30,7%-ի։ 2014 թվականին այս ցուցանիշը 48,7% է եղել:

Խոջոյանի վկայմամբ՝ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում ցորենի ցանքատարածքները 2016 թվականի 101․000 հեկտարից 2019-ին նվազել են մինչև 60․000 հա։ 2016-ին, երբ երկրում ավելի շատ ցորեն էր մշակվում, ներկրվել է հավելյալ 325․000 տոննա։ Ընդ որում, ցորենի մշակությանը հատկացվող տարածքների նվազմանը զուգահեռ նվազել է նաև ներկրումը՝ 2019-ին կազմելով 250․000 տոննա։ Խոջոյանը նշում է, որ երբ ցորենի մշակությանը հատկացվող տարածքները նվազեցին, ակնկալվում էր, որ ներմուծման ծավալները կավելանան՝ բացը լրացնելու համար։ Սակայն, տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Այս անհամապատասխանության հիմքում, ըստ նրա, կարող է լինել այն, որ 2016 թվականին ցորենի ցանքատարածքների մասին տեղեկատվությունն իրականում չափազանցված է եղել։

Մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը, Արցախում ցորենի ցանքատարածքները կազմում էին 35․000 հեկտար, հատիկաընդեղենի մշակության համար օգտագործվող տարածքները՝ 75․000-ից 80․000 հեկտար։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է մոտավորապես 500․000-ից 600․000 տոննա ցորեն, որի 20-30%-ն ապահովել է Արցախը։ Արցախում աճեցվել է տարեկան մինչև 150․000 տոննա հատիկաընդեղեն և ցորեն։ 2019 թվականին, օրինակ, այդ ցուցանիշը կազմել է 118․000 տոննա։

Արցախի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողությունից դուրս է մնացել 95․000 հեկտար վարելահող։ Դեռևս հստակ չէ, թե դրա որ մասն են կազմել ցորենի և հատիկաընդեղենի ցանքատարածքները։ Նշենք, որ ցորեն և հատիկաընդեղեն մշակվում էին հիմնականում Քաշաթաղում, Հադրութի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց մեծ մասն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Խոջոյանը նշում է, որ 2020-ի բերքահավաքի ավարտից հետո Հայաստան ցորեն է ներկրվել։ Ցորենի ցանքատարածքների կորուստը, ամենայն հավանականությամբ, կարտացոլվի նաև 2021 թվականի ցուցանիշներում, երբ դրանք հրապարակվեն 2022-ին։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ ցորենի ներմուծման ծավալների ավելացումը ցանքատարածքների կորուստի հետևանքները մեղմացնելու կարճաժամկետ լուծում է միայն։

2019 թվականին Հայաստան ներմուծված ցորենի ավելի քան 90%-ը ներկրվել է  Ռուսաստանից, մնացած 10%-ը՝ Ուկրաինայից և Վրաստանից։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում, անդամ պետությունների պահանջարկը բավարարելուց հետո, 2020 թվականին արձանագրվել է ավելի քան 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ։ Կարելի է ակնկալել, որ ԵԱՏՄ-ից ցորենի ներմուծման տեսակարար կշիռը 2021 թվականին կավելանա։ Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է հատիկաընդեղենի, ցորենի և այլ մշակաբույսերի արտադրության խթանման նոր ծրագիր, որը մեկնարկելու այս գարնանը։ Ակնկալվում է, որ ծրագիրը կառավարության հաստատմանը կներկայացվի փետրվարի սկզբին։

 

Կլիմայի փոփոխություն

Չնայած կլիմայի գլոբալ փոփոխության մեջ Հայաստանի ներդրումը անհամեմատ փոքր է, 1990-ականների համեմատ հանրապետությունում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3°C-ով, տեղումների քանակը նվազել 9%-ով։ Լինելով չորային կլիմա ունեցող լեռնային երկիր՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում Հայաստանը չորրորդն է՝ մինչև 21-րդ դարի վերջը բնական աղետների թվի հավանական աճի ցուցանիշով։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության՝ ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների քանակի նվազումը բացասաբար կանդրադառնա մարդկանց առողջության վրա, կարագացնի անապատացումը և կքայքայի ջրային պաշարները։ Ջրի պակասուրդի պատճառով կնվազի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Կհաճախանան բնական աղետները՝ երաշտ, վարարումներ, անտառային հրդեհներ՝ տևական հետք թողնելով էկոհամակարգի և կենսաբազմազանության վրա։

Չնայած Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության, անտառային տնտեսության ու ձկնորսության տեսակարար կշռի հետևողական նվազմանը (2012 թվականի 18,4%-ից մինչև 12%՝ 2019 թվականին), այն շարունակում է ամենից ծանրակշիռը մնալ համախառն արդյունքում։ Հաշվի առնելով, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում առաջին հինգ ապրանքատեսակները Հայաստանում գյուղատնտեսական նշանակության են, պետք է ակնկալել, որ կլիմայի փոփոխությունը կազդի երկրի պարենային անվտանգության բոլոր բաղադրիչների վրա՝ ներառյալ պարենի արտադրությունը։

«Որքան շուտ արձագանքենք կլիմայի փոփոխության հետևանքներին, այնքան ավելի կառավարելի կլինեն պարենային անվտանգությանը սպառնացող ռիսկերը»,- ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի մի մասը նպատակաուղղված է հենց կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և հարմարվողականության միջոցով խոցելիության նվազեցմանը։ Բացի այդ, ինտենսիվ այգեգործությունը խթանելու ուղղությամբ զգալի ներդրումներ է կատարել կառավարությունը, ինչն այս ոլորտը դարձնում է ավելի կայուն, օգնում պահպանել ջրային ռեսուրսներն ու բարձրացնել բերքատվությունը։ Հարմարվողականության բարձրացման կարելի է հասնել նաև առկա տեսակները կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքով համալրելով։ Կաթիլային ոռոգումը կամ հակակարկտային համակարգերը ոլորտում հարմարվողականության մեկ այլ հնարավորություն են։

Ըստ Խոջոյանի՝ կառավարությունը նաև գյուղատնտեսության ապահովագրություն է առաջարկում, որը կարկտի, երաշտի և ընդհանրապես կլիմայի փոփոխության հետևանքների և ռիսկերի մեղմացմանն ուղղված գործիքն է։ Գործադիրն ավելացրել է ապահովագրության ենթակա մշակաբույսերի թիվը, ընդլայնել ծրագրի մարզային ծածկույթը։ Նախարարությունը համագործակցում է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքները ճշգրիտ գնահատելու և պոտենցիալ ներդրողներին փաստահենք կանխատեսումներով ուղղորդելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարության այս ծրագրերի նպատակը գյուղատնտեսներին ոչ միայն օգնելն է, այլև ուսուցանելը՝ հաշվարկների վրա հիմնված տնտեսություն վարելու, մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու և գյուղատնտեսական համապատասխան սարքավորումների օգնությամբ կորուստները նվազեցնելու համար։ 2020 թվականին, 2019-ի համեմատ, ավելացել են գյուղատնտեսական և ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերման պետաջակցության ծրագրերը, լիզինգը։ Ըստ Խոջոյանի, վերջինս ևս մեկ ցուցանիշ է, որ չնայած դժվարություններին՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները շարունակվել են 2020 թվականի ողջ ընթացքում։

Ջրային ռեսուրսներ 

Հայաստանի վերականգնվող ջրային պաշարները մոտավոր հաշվարկներով կազմում են տարեկան մոտ 7,5 միլիարդ խորանարդ մետր, որից 3 միլիարդը ստորգետնյա ջրերն են։ Այս ցուցանիշը չի ներառում Սևանա լճի ջրային ռեսուրսները, որը բնական ջրամբար է, և Արաքս գետը, որը համատեղ է օգտագործվում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ։ Վերջին տարիներին Հայաստանում ջրային ռեսուրսները նվազել են միջինում 5%-ով՝ հիմնականում կլիմայի փոփոխության ու մարդու գործունեության հետևանքով։ Որոշ կանխատեսումներով 2028 թվականին այս կորուստները կհասնեն մինչև 8%-ի։

2019 թվականին կառավարությունն ընդունեց Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը՝ հստակեցնելով հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքները։ Հայեցակարգը նշում է այս առումով խնդրահարույց ոլորտները՝ գյուղատնտեսություն, հիդրոէլեկտրակայաններ, ձկնաբուծարաններ, և կարևորում ջրի արդյունավետ սպառում ապահովող ռազմավարությունների ընդունումը։ Գյուղատնտեսության ոլորտում այդպիսի լուծման օրինակ կարող է լինել մակերեսային ոռոգման (ինչը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների շրջանում մեծ տարածում ունեցող պրակտիկա է) փոխարինումը կաթիլայինով։ Չնայած մակերեսային հոսքով ոռոգումը համեմատաբար հեշտ է և պակաս ծախսատար, ջրհոսքն ու մակերեսային գոլորշիացումը ժամանակի ընթացքում հանգեցնում է ջրի զգալի կորուստների։ Կորստի ուժգնությունը հատկապես էական է, երբ արտահոսքը չի վերահսկվում և կրկնակի չի օգտագործվում։

 

* * *

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունն անդրադառնում է ոլորտի արդյունավետ զարգացման վերը նշված խնդիրներին և որոշ լուծումներ առաջարկում։ Խնդիրների շարքում են արտադրողականության և արդյունավետության ցածր մակարդակը, տեխնիկական պատշաճ հագեցվածությունը, կլիմայական ռիսկերն ու թերզարգացած ենթակառուցվածքները։ Թեև այս մարտահրավերները միայն Հայաստանին չեն բնորոշ, դրանք ոչ մի դեպքում չպետք է անտեսվեն, եթե երկիրը ցանկանում է ապահովել իր քաղաքացիների պարենային անվտանգությունը։