Քաղաքացիական հասարակությունը՝ մարդու իրավունքների պաշտպան

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

2018 թվականին, հայաստանյան  քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝  նոր իրավիճակում։ Շատերը գտնում էին, որ քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի իր մոտեցումները, գործելաոճն ու լեզուն, քանի որ 2018 թվականին բոլորովին այլ իրավիճակ է, նոր մարդիկ են ստանձնել կառավարման ղեկը, որոնց մեջ կան ակտիվիստներ, հանրային գործիչներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել սոցիալական շարժումներին ու կգործեն նոր արժեքներով և նոր մեթոդներով։ Հնչում էին կարծիքներ, որ նոր ձևավորված կառավարությանը պետք է նվազ քննադատաբար վերաբերվել, նրանք անփորձ են, կսովորեն, ժամանակ է պետք, ուստի, քաղաքացիական հասարակությունը պետք է որոշակի դադար տա և ընձեռի այդ հնարավորությունը։  Կային նաև տեսակետներ, որ քաղաքացիական ինստիտուտները պետք է շարունակեն իրենց հանրային վերահսկողության և հաշվետվողականության հետևողականության գործառույթը, հակառակ դեպքում անփորձները կհայտնվեն «ջերմոցային» պայմաններում և տոտալ անպատասխանատվության տիրույթում։

Իհարկե, կան նաև քաղաքացիական հասարակությունը թիրախավորող, դավադրապաշտապաշտական առասպելներ հյուսող և հանրային վախերի ու նախապաշարմունքների վրա ազդեցություն թողնող խմբեր, սակայն նրանք առաջնորդվում են հակաժողովրդավարական, մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներիը մերժող, տոտալիտար համակարգերին հատուկ մոտեցումներով, ուստի, այս հոդվածի համատեքստում այդ խմբերի կողմից հնչեցվող ապակողմնորոշող մոտեցումները վերլուծության ենթակա չեն, և որևէ կերպ չեն կարող համարվել գիտելիքահենք մոտեցում՝ քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը վերլուծելու տեսանկյունից։

Այս կարծիքների և տեսակետների առաջացման պատճառն այն է, որ իրականում չի գիտակցվել, թե ինչպիսի դերակատարում ունի քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության կայացման գործում և ինչ դեր է կատարում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համակարգում։ Նման հարցերի պարզաբանման նպատակով դիտարկենք քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը ժողովրդավարական պետության համատեքստում և հասարակական կառույցների ազդեցության  առանձնահատկությունները՝ անցումային ժողովրդավարության երկրներում, և հատկապես՝ Հայաստանում։

 

Քաղաքացիական հասարակության ձևավորման հիմքերը, դերն ու նշանակությունը

Քաղաքացիական հասարակության ժամանակակից ընկալումներում, պետական իշխանության կառույցներից և քաղաքական կուսակցություններից բացի, հանրային կյանքի կազմակերպման ու կառավարման գործընթացներում կարևոր առաքելություն են իրականացնում կամավորության և շահերի ընդհանրության սկզբունքով ձևավորված, ինքնավարության եղանակով գործող ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը։ Քաղաքացիական հասարակությունը հանրային կյանքի կազմակերպման ու կառավարման այնպիսի եղանակ է, որտեղ կենտրոնական արժեքը, հիմնական գործող սուբյեկտը և վերջնական նպատակը մարդ-քաղաքացին է՝ իր շահերով, պահանջմունքներով և իրավունքներով:

Ազատ մարդը քաղաքացիական հասարակության բարձրագույն արժեք է, իսկ ժողովրդավարական և իրավական կարող է կոչվել միայն այն պետությունը, որտեղ մարդը, նրա բնական իրավունքները և ազատությունները ճանաչվել են որպես բարձրագույն արժեք։

Մարդու արժևորման ու քաղաքացիական հասարակության ընկալման արմատները սկիզբ են առնում լուսավորականության ժամանակահատվածում, երբ անգլիացի փիլիսոփա Հոբսը և հասարակական դաշինքի այլ տեսաբաններ՝ Սպինոզան, Ջոն Լոկն ու Մոնտեսքյոն ձևակերպեցին հասարակության քաղաքացիական կացութաձևը՝ ի հակադրություն բնական վիճակի: Օտարելով բնական իրավունքները, մարդիկ կազմակերպվում են պետության՝ ստանալով քաղաքացու կարգավիճակ։ Քաղաքացիների հանրությունը կենսակերպի, իրավունքների տնօրինման առավել քաղաքակիրթ և երաշխավորված հնարավորություններ ընձեռող ձև է:

Հետագայում այս գաղափարներն առավել ամրապնդվեցին, և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացումը անհրաժեշտ պայման դարձավ  ժողովրդավարական պետության կայացման՝ պետական ինստիտուտների կատարելագրծմանը զուգահեռ։ Այսօր արդեն ակնհայտ է, որ պետական ու հանրային կառավարման համակարգում առանց հասարակության ակտիվ մասնակցության անհնար է լուծել հանրային նշանակության բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները:

Մադու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հասարակական կազմակերպությունների հիմնադրման պատմական ընթացքը կապվում է մարդասիրական իրավունքի ձևավորման հարցում կարևորորագում մի կառույցի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտենի հետ, որը ստեղծվեց 1863 թ․՝  Ժնևում, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: 1902 թ. ստեղծվեց Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ֆրանսիական լիգան: 1909 թ. Լոնդոնում ձևավորվեց Ստրկության դեմ պայքարի միությունը, իսկ 1942 թ. Նյու Յորքում ստեղծվեց Մարդու իրավունքների միջազգային լիգան: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության գործընթացքը նշանավորվեց Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի ստեղծմամբ և 1948 թ. ընդունվեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրը»:

Հատկանշական է, որ մարդու իրավունքների արժեւորումը հետևանք էր երկու սարսափելի պատերազմների, որոնց արդյունքում միջազգային հանրությունն ամրագրեց, որ մարդկությունը բախվում է նման արհավիրքների պետությունների կողմից մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանքի և պատասխանատվության բացակայության պատճառով։ Ուստի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պետությունների ներսում՝ սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու անտեսման դրսևորումներին՝ ինչպես վերպետական կառույցների, այնպես էլ՝ ինքնակազմակերպված, սակայն մարդու իրավունքների արժեհամակարգում գործող հասարակական խմբերի միջոցով։

Հետխորհրդային շրջանում Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերին` համապատասխան պարտավորություններ ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման ու կառավարման մակարդակի բարձրացման ասպարեզում: Մարդու իրավունքների միջազգային չափանիշներին հասնելու տեսլականով ոգեշնչված Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Ի սկզբանե, Հայաստանում հասարակական սեկտորի մեկնարկը մեծիվ մասամբ կապված էր հումանիտար խնդիրների՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի և, հատկապես,  Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հետևանքների վերացման հանգամանքով: Ստեղծվեցին գերիների փոխանակման, փախստականների, աղետի գոտու բնակիչների իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կազմակերպություններ : ՀԿ-ների գործունեության թիրախը կուտակված սոցիալական խնդիրների հաղթահարումն էր, քաղաքացիական հասարակության կայացումը և ժողովրդավարությունը, մարդու իրավունքների արժեքային համակարգի ամրապնդումը։

Այժմ, Հայաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները ակտիվորեն զբաղվում են տարբեր խմբերի՝ երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, փախստականների, ազատությունից զրկված և այլ խմբերի իրավունքների պաշտպանությամբ: Հասարակական կազմակերպություններից շատերը պարբերական ուսումնասիրություններ են կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մշտադիտարկում միջազգային կոնվենցիաներով պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ներկայացնում զեկույցներ, մշակում կանխարգելման և հանրային իրազեկման բազմատեսակ ծրագրեր:

Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակությանը, ապա 2008 թ․ նախագահական ընտրությունից հետո, երբ հասարակությունը բախվեց պետական համակարգի կողմից իրականացված բռնության ակտի՝ Մարտի 1-ի հետ, հանրային գիտակցության մեջ, հատկապես երիտասարդների՝ անկախության սերնդի ներկայացուցիչների մոտ պայթեց ակտիվիստական պայքարի մի նոր ալիք, որով նշանավորվեց քաղաքացիական նախաձեռնությունների և սոցիալական շարժումների բուռն շրջանի սկիզբը։

2008-2018թթ․ ընթացքում մի քանի տասնյակ քաղաքացիական նախաձեռնությունների ու շարժումների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնաքարային դեր էր խաղում, և մինչ համակարգը դիմադրում ու անտեսում էր հանրային խմբերի կողմից բարձրացված խնդիրները, քաղաքացիական նախաձեռնությունները առաջ էին քաշում ժողովրդավարության պակասի, տիրապետող կոռուպցիայի և օլիգարխիկ տնտեսության, ինչպես նաև որոշումների ընդունման մեջ հաշվետվողականության և թափանցիկության բացակայության հարցերը:  Թեև քաղաքացիական նախաձեռնություններն առաջ էին քաշում խիստ որոշակի և երբեմն էլ մարդկանց մեկ խմբի շահերին («Բանակն իրականում», «Չենք լռելու», Հղի կանանց աշխատանքային իրավունքներ, կնասպանության դեպքեր և այլն  ) վերաբերող հարցեր, սակայն հիմնաքարայինը օրենքի գերակայության բացակայության, ժողովրդավարության պակասի, Հայաստանի շարքային քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերն էին:

Այդ 10-ամյա շարունակական գործունեությունը, մարդկանց իրավունքների անտեսման բազմաթիվ դեպքերի հանրայնացումը և պետական համակարգի կողից այդ խնդիրների թերընկալումը, անջրպետվածությունն ու հաճախ նաև ժխտողականությունը հանգեցրեց 2018 թվականի հանրային մեծ ալիքի, որի արդյունքում կատարվեց քաղաքական վերնախավի փոփոխություն։

 

Քաղաքացիական հասարակության դերը՝ նոր իրավիճակում

2018թ․ մայիսից ի վեր քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, ակտիվիստներ հայտնվեցին կառավարությունում, ոմանք էլ միացան կամ ձևավորեցին քաղաքական կուսակցություններ, ինչը զգալիորեն թուլացրեց քաղաքացիական հասարակությանը, որն իր գործածռույթներով պետք է կառավարությանը հաշվետու պահի, մատնացույց անի բոլոր բացերն ու անօրինականության դրսևորումները։ Քաղաքացիական հասարակության վերաբերյալ հետազոտությունները փաստում են, որ փոփոխությունից հետո բազմաթիվ ակտիվիստներ և գործիչներ ձեռնպահ են մնացել չափազանց քննադատական լինելուց՝ սպասելով, մինչև նոր կառավարությունն ավելի կոնսոլիդացված կդառնա։ Այս մոտեցումը զգալիորեն ազդել է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային դիսկուրսների զարգացման վրա, հաճախ նաև պայքարի դաշտերը թողնելով հետադիմական պատկերացումներ տարածող, ակնհայտ հակաժողովրդավարական ու մարդու իրավունքների արժեհամակարգին հակասող խմբերին։ Ակտիվացել են հակագենդերային շարժումները, որոնց կեղմից իրականացվող մանիպուլյացիաներն ու սադրանքները լրջորեն ազդում են նաև կառավարության գործունեության վրա և պոպուլիստական մոտեցմանը համապատասխան ստիպում հաճախ խոսել մարդու իրավունքների տեսանկյունից ոչ զգայուն լեզվով, թիրախավորել տարբեր խմբերի, խուսափել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջազգային փաստաթղթերի վավերացման գործընթացից ու օրենսդրական դաշտի կատարելագործման հետևողական աշխատանքից։

Այսպիսով, քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության կարևորագույն հենասյունն է, որը պետք է շարունակի իր գործառույթների իրականացումը, անկախ քաղաքական վերնախավի փոփոխություններից կամ ազդեցություններից՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրականացնի պետական ինստիտուտների վերահսկողությունն ու հաշվետվողականության, թափանցիկության մղելու գործառույթը՝ առանց որևէ վերապահման, հակառակ դեպքում վնասվում է ժողովրդավարությունը։

Քաղաքացիական մշակույթ |N8

Հունիս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին: