Սակավաջրության խնդիրը աշխարհում ու հնարավոր հետևանքները Հայաստանում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ջուրը կյանք է, պնդում է հայտնի ասացվածքը: Եթե մարդը մի քանի տասնյակ օր կարող է ապրել առանց սննդի, ապա առանց ջրի երեք օրից ավելի չի ապրի: Երբ բացում ենք ծորակը, շատերս ըստ արժանվույն չենք գնահատում ջրի արժեքը՝ որտեղից է գալիս, ինչ ցանցով է հոսում, որակի ապահովման ինչ գործիքներ են երաշխավորում դրա անվտանգությունը: Միշտ զայրանում ենք, երբ ջրամատակարարումը ժամանակավորապես ընդհատվում է, կամ ջրի ճնշումն է թուլանում, կամ էլ ջրի որակը վատանում: Մենք չենք էլ անդրադառնում, որ հետևողականորեն վատնում ենք ջրային պաշարները, երբ բաց ենք թողնում ծորակը, երկար ցնցուղ ընդունում, ամեն օր լվանում հագուստը։ Աշխարհի 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած, ինչը նշանակում է, որ նրանք չունեն մաքուր, անվտանգ ու որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից: Արդեն 2025 թվականին աշխարհի բնակչության կեսն ունենալու է ջրի սակավության խնդիր, իսկ 2050-ին 5,7 միլիարդ մարդ տարեկան առնվազն մեկ ամիս ամենայն հավանականությամբ ապրելու է ջրասակավ տարածքներում: Այսօր աշխարհի բնակչության մոտ մեկ վեցերորդը զրկված է խմելու ջրից, մեկ երրորդը չի կարող իրեն թույլ տալ ջուր օգտագործել տնային կարիքների համար, ավելի քան մեկ միլիարդ մարդ օգտագործում է օրական վեց լիտրից պակաս ջուր, իսկ չորս միլիոն մարդ ամեն տարի մահանում է ջրազրկմամբ պայմանավորված հիվանդություններից: Այս թվերը, անկասկած, ապշեցնող են: Դրանք, անշուշտ, չեն շրջանցում նաև մեր տարածաշրջանը, եթե հաշվի առնենք, որ ջրային պաշարների սակավության և ջրի անվտանգության խնդիրներն առաջիկայում բարդացնելու են Հարավային Կովկասի առջև ծառացած առանց այդ էլ բարդ խնդիրները։

Աշխարհի բնակչության կտրուկ աճը, արդյունաբերացումը և ոռոգվող գյուղատնտեսության ինտենսիվացումը, սրընթաց ուրբանիզացիան, կենցաղային պայմանների բարելավումն ու զանգվածային սպառման հարացույցերը պահանջում են ավելի ու ավելի շատ ջրային ռեսուրսներ՝ հսկայական ճնշում գործադրելով գլոբալ հիդրոէկոհամակարգի վրա: Իրավիճակն էլ ավելի է բարդանում կլիմայի շարունակական փոփոխության, շրջակա միջավայրի վատթարացման, ջրի պաշարների անխնա վատնման կամ աղտոտման ու ջերմոցային գազերի արտանետումների ավելացման պատճառով:

Քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարները սահմանափակ են: Քաղցրահամ ջրերը կազմում են համաշխարհային ջրային պաշարների միայն 2,5%-ը: Քաղցրահամ ջրերի զգալի մասը կենտրոնացած է սառցագլխարկներում, սառցադաշտերում ու ստորերկրյա ջրերում, իսկ լճերում, ճահիճներում ու գետերում կուտակված հասանելի ու ամենաէժան աղբյուրները կազմում են Երկիր մոլորակի քաղցրահամ ջրերի ընդհանուր պաշարների մոտ 0,3%-ը:

Այսօր մենք 30%-ով ավելի շատ քաղցրահամ ջուր ենք օգտագործում, քան մոլորակը կարող է արտադրել: Վերջին 100 տարիներին աշխարհի բնակչությունն ավելացել է երեք, իսկ ջրային ռեսուրսների համաշխարհային սպառումը՝ յոթ անգամ. 20-րդ դարասկզբից ջրային ռեսուրսների համաշխարհային սպառումը երկու անգամ ավելի արագ է աճել, քան աշխարհի բնակչությունը:

Փորձագետների կարծիքով՝ այսպիսի տեմպերի դեպքում արդեն 2030-ին ջրի ճգնաժամը կրիտիկական կետի կհասնի, իսկ մինչև 2050 թվականը հնարավոր է, որ զրկվենք քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 75%-ից:

 

Ջրային անվտանգություն և ջրի սակավություն

Ջրի անվտանգությունը սահմանվում է որպես «առողջության, կենսագործունեության և արտադրության համար անհրաժեշտ, սահմանված քանակով ու որակով ջրի առկայության ապահովում՝ ջրի հետ կապված ռիսկերի թույլատրված մակարդակի համադրությամբ»: Պարզ ասած, ջրի անվտանգությունն այն է, երբ բոլորիս համար բավարար քանակով ջուր կա, և ջրամատակարարմանը որևէ վտանգ չի սպառնում: Ջրային ռեսուրսների թե՛ քանակը, թե՛ որակը ջրի անվտանգության կարևոր ցուցիչներ են, այլ կերպ ասած՝ բավարար քանակ՝ կայուն կենսապայմաններ և զարգացում ապահովելու, և բավարար որակ՝ ջրի հետ կապված վտանգները կանխելու և հիդրոէկոհամակարգերը պաշտպանելու համար:

Այսօր աշխարհի բնակչության ավելի քան 80%-ն ապրում է տարածքներում, որոնցում առկա են ջրի անվտանգության սպառնալիքներ: Այսպիսով, ջրի սակավությունը ջրի անվտանգության գլխավոր սպառնալիքն է: Աշխարհի բնակչության թվի աճն ավելացնում է խմելու ջրի և հացահատիկի մշակության համար անհրաժեշտ ոռոգման ջրի պահանջարկը: Սա հանգեցնում է ջրի ճգնաժամի, երբ բավարար քանակով ջուր չկա՝ այն բոլորի միջև բաշխելու համար: Գնահատելու համար, թե արդյոք տվյալ երկիրը կամ տարածաշրջանը կանգնած է ջրի սակավության կամ ջրի ճգնաժամի առաջ, թե ոչ, փորձագետներն օգտագործում են տարբեր ցուցիչներ՝ հիմնվելով ջրային պաշարների ու բնակչության թվի համադրության վրա։ Այսպես, ըստ ջրի ճգնաժամի Ֆալքենմարկի ցուցիչի՝ երկիրը կամ տարածաշրջանը ջրային ճգնաժամի առաջ է, երբ մեկ շնչի հաշվով ջրի տարեկան պաշարը 1.700 խորանարդ մետրից պակաս է, 1.000 խմ-ից պակաս ցուցանիշի դեպքում համարվում է, որ երկիրը կամ տարածաշրջանը շուտով կկանգնի սակավաջրության խնդրի առաջ:

 

Անհավասարաչափ աշխարհագրական բաշխում

Երկրի կամ տարածաշրջանի ջրային անվտանգությունը կարող է առերեսվել ամենատարբեր սպառնալիքների, ինչպիսիք են կենսաբանական վտանգները, կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, քաղաքական բռնությունը և այլն։ Սակայն, ինչպես նշել էինք, ջրի սակավությունը ջրի անվտանգության ամենից տարածված սպառնալիքն է: Սակավաջրությունն ինքնին կարող է լինել ֆիզիկական և տնտեսական: Աշխարհի բնակչության մոտ մեկ հինգերորդն արդեն այսօր բախվում է ջրի ֆիզիկական սակավության խնդրի Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Չինաստանում, Հյուսիսային Մեքսիկայում և Հարավարևելյան Ավստրալիայում:

 

Ջրի անհավասար սպառում

Աշխարհի մի շարք տարածաշրջաններում, ինչպիսիք են Ենթասահարան իր խոշոր գետերով՝ Կոնգո, Նիգեր և Զամբեզի, կամ Արևելյան Աֆրիկան՝ Մեծ լճերի շրջանով ու Նեղոս գետի հոսքով, կամ Պերուն ու Բոլիվիան՝ կարևոր ջրային ռեսուրսներով, ինչպես նաև Մյանմարը, Վիետնամը, Նեպալը, Բութանը, Բանգլադեշը և այլն, բախվում են տնտեսական նպատակներով օգտագործվող ջրի սակավության խնդրին, քանի որ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ և մարդկային ներուժ՝ առկա ջրային ռեսուրսները կառավարելու և բնակչության համար ջրի հասանելիություն ապահովելու համար: Այսպիսով, աշխարհի բնակչության մոտ 25%-ը բախվում է տնտեսական նպատակներով օգտագործվող ջրի սակավության խնդրին:

Եթե միջին եվրոպացին օրվա ընթացքում մեկ բաժակ ջուր կամ հյութ է խմում (0,2 լ ջուր), լվանում է ատամները (1 լ), օգտվում է զուգարանից (8 լ), հինգ րոպե ցնցուղ է ընդունում (100 լ), նախաճաշին շիլա է ուտում (1 լ), թեյ կամ սուրճ խմում (1,5 լ թեյամանի համար), լվանում է սպասքը (100 լ), միացնում է լվացքի մեքենան (100 լ) և այլն, ու ընդհանուր առմամբ ծախսում է օրական 600 լիտր ջուր, ապա աֆրիկյան ամենաաղքատ երկրներում ջրի օրական սպառումը մեկ շնչի հաշվով տատանվում է 3-8 լիտրի սահմաններում, ինչը հավասար է Եվրոպայում մեկ անգամ զուգարանակոնքի ջուրն օգտագործելուն: Չինաստանում միջին ցուցանիշը 100 լ է, Ռուսաստանում՝ մինչև 400 լ, միջին ամերիկացին սպառում է մեկ շնչի հաշվով օրական 700-800 լ ջուր: Մինչդեռ 50 լիտրն ավելի քան բավարար կլիներ:

 

Ջրի վիրտուալ սպառում կամ վիրտուալ ջուր

Քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների մեծ մասը, սակայն, օգտագործվում է գյուղատնտեսական (մոտ 70%) և արդյունաբերական (մոտ 19%) նպատակներով: Միայն սննդի արտադրությունն ամբողջ աշխարհում կլանում է վայրկյանում 200 միլիոն լիտր ջուր: Սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ ջրի թաքնված հոսքը մոտավորապես հաշվելու համար բրիտանացի աշխարհագրագետ Թոնի Ալանը 2008-ին ներմուծեց վիրտուալ ջրի գաղափարը: Կախված երկրից, աշխարհագրական դիրքից, տեխնոլոգիական առաջընթացից, հողի որակից, եղանակային պայմաններից ու այլ գործոններից՝ հավանական է, որ նույն ապրանքն արտադրելու համար տարբեր քանակով ջուր անհրաժեշտ լինի: Օրինակ, 1 տոննա ցորեն արտադրելու համար ԱՄՆ-ում անհրաժեշտ է 849, Չինաստանում՝ 690, Հնդկաստանում՝ 1.654, Ռուսաստանում՝ 2.375, Մեքսիկայում 3.177 խմ ջուր, միջին համաշխարհային ցուցանիշը 1.334 խմ է: Ավելին, տարբեր ապրանքներ ունեն տարբեր ջրատարողունակություն, և երբեմն ջրասակավ երկրները (օրինակ՝ Իսրայելը), սահմանափակում են համեմատաբար ջրատարողունակ հացահատիկային մշակաբույսերի կամ այլ արտադրանքի արտահանումը:

Ստորև բերվող օրինակները թույլ են տալիս մոտավոր պատկերացում կազմել տարբեր ապրանքատեսակների ջրատարողունակության մասին.

  • 21 տոննա ջուր՝ 1 կգ սուրճ արտադրելու համար,
  • 650 լ՝ թոստի մի շերտի համար,
  • 2.500 լ՝ մեկ համբուրգերի համար,
  • 700 լ՝ 1 կգ խնձորի համար,
  • 15.000-18.000 լ՝ 1 կգ տավարի մսի համար,
  • 7 լ՝ մեկլիտրանոց պլաստիկ շիշ արտադրելու համար,
  • 200-300 տոննա ջուր՝ մեկ մեքենա արտադրելու համար,
  • 280 լ ջուր՝ 1 բաժակ էսպրեսսո սուրճի հատիկներ արտադրելու համար,
  • 30 լ՝ 1 բաժակ թեյի տերևների համար:

 

Համաշխարհային թեժ կետեր՝ ջրի խնդրի շուրջ

Ապագայում պատերազմներ հրահրող հիմնական տարաձայնությունները լինելու են ջրի շուրջ: Դեռ 1979 թվականին Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթը պնդում էր, որ Եգիպտոսում հնարավոր պատերազմի միակ պատճառը ջուրն է։ Եգիպտոսի արտաքին գործերի նախկին նախարար և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին կանխատեսում էր, որ Միջին Արևելքում հաջորդ պատերազմը մղվելու է ոչ թե քաղաքական տարաձայնությունների պատճառով, այլ ջրի համար: 2001 թվականին Քոֆի Անանը նույնպես նշում էր, որ քաղցրահամ ջրի համար կատաղի մրցակցությունն ապագայում վերածվելու է լուրջ հակամարտության: Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Իսմայիլ Սերագելդինը պնդում էր, որ հաջորդ դարի պատերազմները լինելու են ջրի պատճառով, եթե կառավարման շոշափելի փոփոխություններ չկատարվեն։

Չնայած բոլոր այս պնդումներին՝ ջրի շուրջ հակամարտությունները նոր չեն, պատմությունը այդպիսի բազմաթիվ դեպքեր գիտի։ Ջրի շուրջ հակամարտությունները հաճախ տարածքների, բնական ռեսուրսների կամ ռազմավարական շահերի համար ավելի խոշոր վեճերի մաս են, դրանք միշտ եղել են երկրների միջև լարվածության պատճառ: Միայն վերջին 50 տարիներին ջրային պաշարների շուրջ հակամարտության գրեթե 500 դեպք է գրանցվել, որոնցից 20-ը հանգեցրել է զինված բախումների: Համեմատության համար նշենք, որ այս հակամարտություններից 137-ը տեղի են ունեցել 2010-2017 թվականներին:

Անշուշտ, բնակչության սրընթաց ավելացումը, կլիմայական ճգնաժամը, գյուղատնտեսական, արդյունաբերական, էլեկտրաէներգիայի արտադրության աճը դարձել է անցյալի ու ապագայի ջրային վեճերի հզոր կատալիզատոր: Այսօր աշխարհի գետերի մոտ 60%-ը բաժին է ընկնում երկու կամ ավելի երկրների: Այսպիսով, աշխարհի տարբեր մասերում կան հարյուրավոր դանդաղ գործողության ռումբեր, որոնք ցանկացած պահի կարող են պայթել:

 

Ջրի անվտանգությունը Հարավային Կովկասում

Ադրբեջան

Թեև Ադրբեջանը հարուստ է ածխաջրածնային պաշարներով, սեփական ջրային ռեսուրսների հարցում նրա բախտը չի բերել: Կուր-Արաքսի ավազանից մեծապես կախված Հարավային Կովկասի երեք հանրապետություններից Ադրբեջանն ամենածանր վիճակում է, քանի որ աշխարհագրական առումով գետերի հունն ի վար է տեղադրված և բախվում է ջրի սակավության սուր խնդրի: Ադրբեջանի ջրային ռեսուրսների շուրջ 70%-ը ձևավորվում է երկրի տարածքից դուրս, ինչը կախվածություն է առաջացնում հոսանքն ի վեր տեղակայված հարևաններից: Ադրբեջանի ջրային ռեսուրսները գնահատվում են շուրջ 32,3 մլրդ խմ: Դրա մեծ մասը բաժին է ընկնում գետերին (30%), լճերին (40%) և ջրամբարներին (20%), մնացածը՝ ստորերկրյա ջրերին ու աղբյուրներին: Երաշտի ժամանակ այս ցուցանիշը կարող է նվազել մինչև 23,2 մլրդ խմ:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի մշակվող հողերի մոտ կեսն անապատացման եզրին է էրոզիայի, աղակալման և ջրազրկման հետևանքով։ Կանխատեսումների համաձայն՝ դրանց մեծ մասն ապագայում կարող է ոչ պիտանի դառնալ գյուղատնտեսական նպատակների համար: Փորձագետները պնդում են, որ եթե Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չձեռնարկի ջրային իր խնդիրները լուծելու համար, մինչև 2030 թվականը երկրի որոշ հատվածներում անապատացման գործընթացն անշրջելի կլինի: Տարբեր գնահատականներով՝ Ադրբեջանում ջրի ընթացիկ տարեկան պակասորդը կազմում է 4-5 խորանարդ կմ և մինչև 2050 թվականը կհասնի 9,5-11,5 խորանարդ կմ-ի:

Ադրբեջանում կա մոտ 63 ջրամբար, որոնցից ամենամեծը՝ Մինգեչաուրի ջրամբարը, մոտ 15,7 մլրդ խմ տարողություն ունի: Մեծությամբ երկրորդը Շամխորի ջրամբարն է, որտեղ կուտակվում է շուրջ 2,6 մլրդ խմ ջուր: Մինչև 2022 թվականը նախատեսվում է երկրի տարբեր մասերում կառուցել 10 նոր ջրամբար, նոր ջրմուղ համակարգեր և ջրանցքներ: Ջրի ընդհանուր պաշարներն Ադրբեջանի ջրամբարներում 11,1 մլրդ խմ են, դրանց տարողությունը 20,5 մլրդ խմ։ Այլ կերպ ասած, ջրի պակասի պատճառով ջրամբարները լցվում են կիսով չափ:

Ամենամյա վերականգնելի քաղցրահամ ջրի ռեսուրսների ընդհանուր ծավալը 2000 թ. արձանագրված 36,6 մլրդ խմ ցուցանիշից 2017-ին նվազել է էր մինչև 29,4 մլրդ խմ՝ բնակչության մեկ շնչի հաշվով հասնելով տարեկան 2.999,3 խորանարդ մետրի: Ավելին, ըստ որոշ գնահատականների, մինչև 2050 թ. ջրային ռեսուրսները Ադրբեջանում կնվազեն ևս 20%-ով՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով: Իրավիճակը բարդացնում են ջրի պահանջարկի ավելացումն ու նոր ամբարտակների ու ջրամբարների կառուցումը հարևան բարձրադիր երկրներում: Հաշվարկված է, որ Կուր գետի ջրի մոտ 40%-ը և Արաքսի ջրերի 27%-ն այլևս չի հասնում Կասպից ծով՝ նոր ամբարտակների ու ջրամբարների պատճառով: Ադրբեջանը կրում է նաև բարձրադիր գետերի աղտոտման հետևանքները՝ կեղտաջրերի, ծանր մետաղների, արդյունաբերական և գյուղատնտեսական քիմիկատների, կոյուղաջրերի տեսքով, որոնք հանգեցնում են ջրի հետ կապված հիվանդությունների և լուրջ սպառնալիք ստեղծում երկրի առողջապահական համակարգի համար: Այս ամենն ուղեկցվում է կենսաբազմազանության ինտենսիվ ոչնչացմամբ, անտառահատումներով և հողի քայքայմամբ: Կուր և Արաքս գետերի հոսքն այնքան է կրճատվել, որ հիմա Կասպից ծովից աղաջուրը բարձրանում է հոսանքն ի վեր՝ դեպի գյուղեր: Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ջրի կորստի տոկոսով (28%):

2020 թ. հուլիսի 24-ին Ադրբեջանի նախագահը կառավարության հատուկ նիստ հրավիրեց՝ քննարկման դնելով ընդամենը մեկ հարց՝ ջրի խնայողության խնդիրը։ «Այսուհետև խմելու ջուրն ու ոռոգման նախագծերը կլինեն մեր օրակարգում՝ որպես կարևորագույն հիմնախնդիր: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը առաջիկա տարիներին այս ոլորտի սխալներն ու բացթողումները վերացնելն է»,- նիստին հայտարարում էր Ալիևը:

 

Վրաստան

Եթե Ֆինլանդիան հայտնի է որպես հազարավոր լճերի երկիր, Վրաստանը կարելի է համարել հազար աղբյուրների երկիր: Հայաստանի և Ադրբեջանի համեմատ՝ Վրաստանը ջրային հսկայական պաշարներ ունի: Այն ջրով հարուստ և ապահով երկիր է, մոտավորապես 63 մլրդ խմ ընդհանուր ջրային ռեսուրսներով: Երկրում կա շուրջ 26.000 փոքր ու մեծ գետ, 850 լիճ, 734 սառցադաշտ, որոնք ապահովում են 15.500 խմ վերականգնելի քաղցրահամ ջրի ռեսուրս մեկ շնչի հաշվով: Վրաստանի տարածքով հոսող ամենամեծ գետը Կուրն է (վրացերեն Մտկվարի – 1.364 կմ): Այն սկիզբ է առնում Հայկական բարձրավանդակի հյուսիսային լեռներից, կտրում-անցնում հարավային և արևելյան Վրաստանն ու Ադրբեջանի տարածքով թափվում Կասպից ծով: Մյուս խոշոր գետը՝ Ռիոնին (327 կմ), սկիզբ է առնում Մեծ Կովկասյան լեռներից, հոսում-անցնում է Կոլխիդայի ցածրավայրով ու թափվում Սև ծով: Վրաստանի մյուս խոշոր գետը՝ Ինգուրին (213 կմ), նույնպես հոսում է դեպի արևմուտք:

Երկրում կա 43 ջրամբար, որոնցից 34-ն օգտագործվում է ոռոգման, ինը՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Վրաստանն օգտվում է Կուր-Արաքսյան ավազանի միայն 18,2%-ից, բայց ջրի ավելցուկ ունի: Ըստ փորձագիտական հաշվարկների՝ ջրային ռեսուրսները կազմում են Վրաստանի ընդհանուր բնական ռեսուրսների մոտ մեկ հինգերորդը, այսինքն՝ ավելի քան 10 մլրդ դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ հորատել հողը՝ նավթ ու գազ փնտրելու համար, եթե այդպիսի հարստության ես տիրապետում: Պարադոքսն այն է, որ Վրաստանում քաղցրահամ ջրերի պակաս կա: Քաղաքներում ջուրը բաշխվում է գրաֆիկով կամ խիստ սահմանափակումներով. այն դույլերով ներքևի հարկերից վերև են բարձրացնում: Գյուղական տարածքներում վիճակն ավելի բարդ է. շատ գյուղերում հոսող ջուր չկա, չկան ոռոգելի դաշտեր ու այգիներ: Թեև վերջին 20 տարիներին վիճակն էականորեն բարելավվել է, երկրի ջրային քաղաքականության ոլորտում դեռևս լուրջ անելիքներ կան:

Պակաս կարևոր չէ, որ Վրաստանը բախվում է կլիմայի փոփոխության, հալչող սառցադաշտերի և Ալազանի ու Կուր գետերի ավազանների կտրուկ կրճատման բացասական հետևանքներին: Հիդրոէկոհամակարգերի շարունակական փոփոխություններն ազդում են երկրում տեղումների քանակի վրա՝ երաշտներ առաջացնելով հատկապես Վրաստանի արևելյան շրջաններում: Տեղումների քանակի նվազման կանխատեսումներով և երկրի ծայրամասերում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ սպասվում է, որ ջրհոսքի 25-36%-ով նվազումը էական ազդեցություն կունենա Ալազանի-Գանիխ ենթաավազանի վրա:

Որոշ գնահատումների համաձայն՝ մինչ 2030 թվականը Վրաստանը կկորցնի իր ջրային ռեսուրսների մոտ 11,9%-ը, մինչև 2100 թվականը՝ 37.8%-ը՝ պայմանավորված ջրի ավելացող պահանջարկով: Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին հիսուն տարիներին սառցադաշտերի ընդհանուր մակերեսը Ստորին Սվանեթիում նվազել է 25%-ով. համապատասխանաբար նվազել են նաև ջրի ամբարված պաշարները: Վրաստանի 113 սառցադաշտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց տեղաշարժի միջին արագությունն այս ժամանակահատվածում կազմել է տարեկան 8 մ: 1985 թվականից սառցադաշտային լճերի թիվն ավելացել է 50%-ով, ինչը մեծացնում է հեղեղումների վտանգը, հատկապես ցածրադիր բնակավայրերի և կարևոր ենթակառուցվածքների համար: 2014 թվականին, օրինակ, Դեվդորակիի սառցադաշտի հալոցքը Վրաստանում բնական աղետների մի ամբողջ շղթայի պատճառ դարձավ՝ արգելափակելով կարևոր ենթակառուցվածքները ցեխահոսքերով ու հողի փլվածքներով: Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիներին երկրում ավելացել է երաշտների հաճախականությունը, ուժգնությունն ու տևողությունը: Երաշտի միջին տևողությունը 54 օրից հասել է 72-ի:

Վրաստանը ևս նոր ամբարտակներ է կառուցում՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու համար: Երկիրն այսօր օգտագործում է իր ջրային տնտեսական ներուժի միայն 25%-ը: Միայն հիդրոռեսուրսներից Վրաստանը կարող է արտադրել տարեկան լրացուցիչ 26 տերավատտ/ժամ էլեկտրաէներգիա: Հետևաբար, Վրաստանի կառավարությունը նպատակ ունի ավելի քան 150 խոշոր և միջին հիդրոէլեկտրակայան կառուցել ամբողջ երկրի տարածքում: Այսօր Վրաստանն էլեկտրականություն է ներկրում հարևաններից, հատկապես Ադրբեջանից և Ռուսաստանից: Վրաստանի կառավարությունն այս փաստարկն օգտագործում է տեղական մակարդակում հիդրոկայանների կառուցման նախագծերը հիմնավորելու համար: Սակայն հանրության ավելացող դիմադրությունը, պայմանավորված էկոլոգիական և սոցիալական հնարավոր հետևանքներով, զգալիորեն դանդաղեցնում է այս նախագծերի իրականացումը։

 

Հայաստան

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային ռեսուրսներով, համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր, մեկ շնչի հաշվով ցուցանիշը տարեկան 3.100 խմ է, ինչը բավական բարձր է 1.700 խմ համաշխարհային միջին ցուցանիշից: Երկրում կա մոտ 9.480 մեծ ու փոքր գետ, որոնց ընդհանուր երկարությունը 23.000 կմ է, ինչպես նաև 100 լիճ, որոնցից մի քանիսն ամռանը չորանում է: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ջրային մակերեսը 7.7 մլրդ խմ է, կազմում է երկրի տարածքի 4,7%-ը: Ըստ փորձագիտական որոշ գնահատումների, այս պահին օգտագործելի է առավելագույնը 2-2,3 մլրդ խմ-ը: Գետերը լեռնային են, խոր ձորերով ու նեղ կիրճերով: Դրանք պատկանում են Արաքսի (Հայաստանի տարածքի 76,4%-ը) և Կուրի (23,6%) ավազաններին: Հայաստանում լճերը հիմնականում բարձրլեռնային են ու փոքր, բացի Սևանա լճից: Կան նաև լճեր, որոնք առաջացել են հրաբխային խառնարաններում:

Գետերը ջուր են ստանում ստորգետնյա աղբյուրներից, ձնհալոցքներից ու անձրևից: Հետևաբար, դրանց տարեկան ծավալներն անկանխատեսելի են ու փոփոխական: Գետերի հոսքի սեզոնային տատանումների խնդիրը հաղթահարելու համար Հայաստանում կառուցվել է մոտ 80 ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը 1,4 մլրդ խմ է՝ լեռնային գետերի հոսքը կառավարելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները բավարարելու և կլիմայական փոփոխությունների հետևանքները մեղմելու համար: Ոռոգման համար օգտագործվում է 70 ջրամբար, որոնցից վեցը նախատեսված է նաև էլեկտրաէներգիայի արտադրության համար, և միայն երեքը՝ երկակի նշանակության են՝ ոռոգում և կենցաղային ջրի պաշարներ: Խորհրդային Միության փլուզումից առաջ Հայաստանում կային բազմաթիվ ջրանցքներ, 403 պոմպակայան, 2021 խոր ու արտեզյան ջրհոր:

Հայաստանը հարուստ է նաև արտեզյան ջրերի ավազաններով: Ստորգետնյա ջրի պաշարները գնահատվում են 4 մլն խմ-ից փոքր-ինչ ավելի, բաշխված են անհավասարաչափ: Մոտ 70%-ը հոսում է Արարատյան դաշտ, որի ջրային ռեսուրսները 40-300 մետր խորության վրա են: Ստորգետնյա ջրերը Հայաստանում խիստ կարևոր են ջրային հավասարակշռությունը պահպանելու առումով: Խմելու ջրի 96%-ը ստացվում է ստորգետնյա ջրերից. այն ավելի բարձրորակ է և էժան: Տարեկան օգտագործվում է մոտ 3 մլրդ խմ ստորգետնյա ջուր, որից 1,6 մլրդ-ը ստացվում է աղբյուրներից, 1,4 մլրդ-ը՝ գետերից ու լճերից: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ համայնքային հողերի մեծ մասը ոռոգվում է ստորգետնյա ջրերով:

Մակերեսային ջրային ռեսուրսների ամենամեծ աղբյուրը Սևանա լիճն է, որի ծավալը մոտ 33 մլրդ խմ է. այն կազմում է Հայաստանի ջրային ռեսուրսների մոտ 80%-ը: Քաղցրահամ ջրերը կարևոր դեր ունեն Հայաստանի ջրի անվտանգության ապահովման մեջ:

Արցախյան երկրորդ պատերազմը և դրա «ջրային» հետևանքները

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Արցախի Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Քարվաճառը ոչ միայն վճռորոշ ռազմական-ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար՝ լինելով Ղարաբաղի ամենաբարձրադիր հատվածը, այլև առանցքային դեր է խաղում ջրային անվտանգության համատեքստում: Քարվաճառում են Սևանա լիճը սնող երկու հիմնական գետերի՝ Արփայի և Որոտանի անձրևաջրերի կուտակման ավազանները, ինչպես նաև Թարթառ և Խաչեն գետերը, որոնք ապահովում են Ղարաբաղի ջրի միջին տարեկան պաշարների մոտ 85%-ը: Հետևաբար, ջրային ռեսուրսների առյուծի բաժինը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) վարչական սահմաններից դուրս է: Պատերազմից առաջ Լեռնային Ղարաբաղն այնպիսի դիրքում էր, որ գրեթե ամբողջությամբ ապահովում էր իր էկոլոգիական և ջրային ռեսուրսների անվտանգությունը: Պատերազմից հետո տարածաշրջանը, ինչպես նաև հայկական ջրային անվտանգության ամբողջ համակարգը հայտնվեց անվտանգային նոր իրողությունների պայմաններում, որը բնութագրվում է խոցելիությամբ և հավելյալ մարտահրավերներով։

Այսօր, ավելի քան երբևէ, ջրի անվտանգությունը պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչը: Կարևոր որոշ ջրամբարներ պատերազմից հետո հայտնվել են Ադրբեջանի հսկողության տակ, այդ թվում Մատաղիսի ջրամբարը՝ 5 մլն խմ ծավալով, ինչպես նաև Վարանդա-1, Վարանդա-2, Վարանդա-3 ջրամբարները՝ 10 մլն խմ տարողությամբ: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 24 ջրամբարներից 22-ը։ Այդուհանդերձ, Արցախի ամենամեծ՝ Սարսանգի ջրամբարը՝ 565 մլն խմ ջրային պաշարներով, փրկվել է օկուպացիայից:

Ադրբեջանն այսօր բախվում է ջրի պակասի լուրջ խնդրի, ջրային ռեսուրսների մոտ 90%-ը գոյանում է երկրի սահմաններից դուրս: Ադրբեջան հոսող գետերը սկիզբ են առնում հիմնականում Թուրքիայում, անցնում են Վրաստանի, Իրանի ու Հայաստանի տարածքով՝ էլ ավելի խորացնելով ջրային անվտանգության խնդիրը, ավելացնելով հարևան երկրներից նրա կախվածությունը: Ուստի Ադրբեջանը նպատակ ունի մի քանի ամբարտակ կառուցել իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

 

Թուրքական խնդիրը

Նկատի առնելով հայ-թուրքական հարաբերությունները՝ զարմանալի չէ, որ ջրային խնդիրներին առնչվող հարցերում դրանք նույնպես խնդրահարույց են: Ներկայում Թուրքիայում կա մոտ 870 ամբարտակ (աշխարհի ամբարտակների 2,1%-ը): Քանի որ երկրի բնակչությունը մինչև 2030 թվականը կկազմի 100 միլիոն, Թուրքիան էներգետիկ արդյունավետության և անվտանգության նկատառումներով նպատակ ունի կառուցել ևս 800 ջրամբար: Հետևաբար, Թուրքիան տարածաշրջանում ագրեսիվ քաղաքական օրակարգ ունի ջրին վերաբերող հարցերում. Անկարան փակում է ջրի խոշորագույն ռեսուրսների ծորակները և որոշում հարևանների միջև ջրային ռեսուրսների բաշխման պայմանները: 2019 թվականին ջրամբարների ու ճանապարհների կառուցումը Թուրքիայում հայտարարվեց որպես տնտեսական զարգացման գերագույն առաջնահերթություն: Ըստ հաշվարկների՝ ջրի սպառումը Թուրքիայում 2023 թվականին կհասնի 100 մլրդ խմ-ի:

Հայաստանի մտահոգությունները կապված են այն հանգամանքի հետ, որ Թուրքիան սեփական նպատակներով օգտագործում է Արաքս գետն ու Ախուրյան վտակը: Արաքսը սկիզբ է առնում Հայկական բարձրավանդակից, հայ-թուրքական սահմանից 200 կմ հեռավորության վրա, և հոսում է ավելի քան 1.072 կմ՝ կտրել-անցնելով չորս երկիր՝ Թուրքիա, Հայաստան, Իրան և Ադրբեջան: Այն տարեկան մոտ 2,5 մլրդ խմ ջուր է տեղափոխում Կասպից ծով: Մինչև Հայաստան մտնելը՝ գետի վրա կա չորս ջրամբար, որոնք թուրքական կողմին հնարավորություն են տալիս վերահսկել Արաքսի ջրային ռեսուրսների ավելի քան 54%-ը կամ 1,4 մլրդ խմ-ը: Թուրքիան ծրագրում է կառուցել նոր ջրամբարներ, որոնցից ամենամեծը կունենա 1,3 մլրդ խմ տարողություն՝ Արաքսի ջրերի 70%-ը պահելով իր տարածքում: Ներկա իրավիճակում Հայաստանը դժվարությամբ է լցնում ջրամբարները, քանի որ Արաքսը Հայաստան է մտնում 60% պակաս ջրով՝ համեմատ նախորդ տասնամյակների:

Ինչ վերաբերում է Ախուրյանի ջրամբարին, այն ամենից մեծն է Հայաստանում, ունի 525 մլն խմ ծավալ, կառուցվել է 1980 թվականին և Թուրքիայի հետ պայմանավորվածության համաձայն ենթակա է համատեղ օգտագործման ըստ Կարսի պայմանագրի, որը ստորագրվել է Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև: Թուրքիան, սակայն, խախտում է այդ պայմանավորվածությունը և խոչընդոտում է 250 մլն խորանարդ մետր ջրի հոսքը դեպի ջրամբար՝ նոր ամբարտակներ կառուցելով գետի վերին հոսանքներում: Սա ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի Շիրակի, Արագածոտնի ու Արարատի մարզերի վրա՝ բազմաթիվ համայնքներ զրկելով ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարներից: Շիրակի մարզի 128 գյուղերից միայն 35-ն ունի կենտրոնացված ջրամատակարարում, 20 գյուղում ջուր առհասարակ չկա, ինչը գյուղացիներին ստիպում է հույսը դնել ստորգետնյա ջրերի վրա կամ այլ միջոցներով ջուր հայթայթել:

 

Կլիմայի փոփոխություն, ենթակառուցվածքներ և ջրագողություն

Վերը թվարկած հանգամանքներն էլ ավելի են սրվում կլիմայի փոփոխության, ջրային վատ ենթակառուցվածքների ու ջրագողության պատճառով։ Կլիմայի փոփոխությունը լուրջ գործոն է, որն ազդում է ջրային անվտանգության վրա ամբողջ աշխարհում։ Հայաստանը ևս բացառություն չէ: Այսպես, եթե պահպանվեն ներկա միտումները, մինչ 2040 թվականը տարեկան միջին ջերմաստիճանը երկրում կբարձրանա 1,7-1,8 աստիճանով, մինչ 2100 թվականը այն կարող է բարձրանալ 4,5-4,7 աստիճանով, ինչը 19%-ով կնվազեցնի ջրի հոսքը դեպի Սևանա լիճ: Կարիք չկա ասելու, որ հետևանքները սարսափելի կլինեն:

Ջրային հին ենթակառուցվածքների, վնասված ջրամբարների ու խողովակաշարերի, ոռոգման մաշված ցանցի պատճառով Հայաստանի ջրային ռեսուրսների տարեկան միջին կորուստը մոտ 70% է (թեև պաշտոնապես ջրի արտահոսքը 45%-ից ցածր է): 2019 թվականին ընդհանուր սպառումը 2,1 մլրդ խմ էր, մնացած 5 մլրդ-ը հոսում էր Կասպից ծով: Հայաստանի 444.000 հեկտար վարելահողերի մոտ 50%-ը չի օգտագործվում ըստ նշանակության: Փոխարենը մենք ականատես ենք հողերի աղակալման և աստիճանական անապատացման: Այսօր ջրային ռեսուրսների տարեկան միջին մակարդակը մեկ շնչի հաշվով Հայաստանում ոչ թե սահմանված 3.100 խմ է, այլ 465 խմ՝ ավելի քիչ, քան Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և նույնիսկ Իրանում:

Հարյուրավոր ձկնաբուծարաններ օգտվում են Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերից, երկրի հիդրոէկոհամակարգը հավելյալ ծանրաբեռնում են փոքր հէկերը, որոնք կառուցվել են վերջին տարիներին։ Ավելին, ձկնաբուծարաններից ու հէկերից շատերն անօրինական են, կառուցվել են տեխնիկական և աշխարհագրական մեթոդների խախտմամբ, և հարստացրել հիմնականում քաղաքական վերնախավի հետ փոխկապակցված անձանց։

 

Անհրաժեշտ քայլեր

1. Նախ և առաջ, Հայաստանի կառավարությունը պետք է պաշտոնապես հայտարարի, որ ջրի անվտանգության հիմնախնդիրն ազգային անվտանգության ռազմավարության և արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն է:

2. Պետք է ձևավորել պաշտոնապես լիազորված խորհրդատվական մարմին, որը կազմված կլինի տեղի, սփյուռքի և միջազգային փորձագետներից՝ ռազմավարական ու երկարաժամկետ լուծումներ մշակելու համար։

3. Կառավարությունը պետք է մշակի նոր ջրամբարների կառուցման ծրագրեր: Հայտարարվել է, որ Հայաստանը նախատեսում է կառուցել 22 նոր ջրամբար՝ 139 մլն խմ լրացուցիչ տարողությամբ, որը հաջորդ 15 տարիների ընթացքում կարժենա մոտ 220 միլիոն դոլար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Վեդու, Կապսի ու Եղվարդի ջրամբարներին՝ այս նախագծերն առաջիկա մի քանի տարիներին ավարտելու համար։

4. Ազգայնացնել երկրի ջրային համակարգը՝ ջրի արտադրությունից, բաշխումից մինչև ջրի մաքրման համակարգեր: Քանի որ ջրի անվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մաս է, այս խիստ կարևոր ռեսուրսը վերահսկելու պետության լիազորությունը լուրջ նշանակություն ունի երկրի ընդհանուր անվտանգության համար: Որպես այդպիսին, միջազգային կազմակերպությունների ֆինանսական շահերը պետք է մղվեն երկրորդ պլան՝ ի շահ ազգային անվտանգության:

5. Ձևավորել լավ կահավորված ու տեխնիկապես մարզված հատուկ շարժական ստորաբաժանումներ, որոնք կիրականացնեն Հայաստանի ռազմավարական ջրային ռեսուրսների մշտական և շարունակական մշտադիտարկում, ներառյալ (բայց ոչ միայն) կարևորագույն ջրային ենթակառուցվածքները, ամբարտակները, խողովակաշարերը և մշակող գործարանները: Անվտանգային այս մեխանիզմները որոշիչ դեր ունեն՝ նկատի ունենալով կենսաբանական և քիմիական սպառնալիքների վտանգը հարևան Ադրբեջանից:

6. Մշակել և իրականացնել համապետական հանրային կրթական ծրագիր ջրի սպառման վերաբերյալ: Հայաստանում վատնվող ջրի տոկոսը խիստ բարձր է, ոչ-պատասխանատու ջրօգտագործումն անհրաժեշտ է նվազեցնել:

7. Հայաստանը պետք է ներդրում անի տրանսազգային խողովակաշարերի կառուցման գործում և զարգացնի այն՝ մի քանի տրիլիոն արժողությամբ ջրային արդյունաբերության մեջ իր մասնակցությունն ունենալու համար: Ներդրումներ անելով ջրային տեխնոլոգիաներում, ինչպես նաև Իրան և առհասարակ Միջին Արևելք համապատասխան ջրմուղների կառուցման ոլորտում, Հայաստանը կարող է մասնակցել ջրի ապրանքայնացմանն ամենայն պատասխանատվությամբ՝ մեղմելով ճնշումը երկրի հիդրոէկոհամակարգի վրա:

Ջուր | Թողարկում 9

Այս ամսվա Զուր վերնագրով թողարկման մեջ դուք կգտնեք հոդվածներ ջրի անվտանգության, ոռոգման խնդիրների, Սևանա լճին վերաբերող վտանգների, ինչպես նաև հին հայկական ավանդույթների և ջրի փոխկապակցվածության մասին: 

Հող | Թողարկում 1

Բացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին պատմող համապարփակ անդրադարձից, այս թողարկման մէջ դուք հնարավորություն ունեք ծանոթանալ հայկական լոլիկի ստեղծման պատմությանը, ականատեսը լինելու 6000-ամյա ժառանգությամբ գինեգործության վերածննդի, կարդալու սոցիալական ձեռնարկների մասին Տավուշի մարզում, ինչպես և բացահայտելու գյուղատնտեսական մոտիվները հայկական ծեսերում, ավանդույթներում ու երաժշտության մեջ։