Հայրենադարձությունը մեծ է հնչում

Արամի հայրը կազմարար էր՝ Թիֆլիսում, Սողոմոնինը՝ կոշկակար։ Մարտիրոսը Դոնի Ռոստովից էր: Ահա Ալեքսանդրը, սեղանին հենված, Շահնուր Վաղինակի՝ փարիզցի երաժշտի տան ներքևում: Մյուսը Ֆրեզնոյից է, դե նա, ով գրել է «Իմ անունը Արամ է». միայն թե անունը Արամ չէ, Վիլյամ է:

Մի՞թե Օպերայից մինչև Կասկադ՝ ընդամենը մի քանի թաղ կազմող քաղաքի այս հատվածում մշակութային անհրաժեշտություն են այս արձանները, միգուցե հարգանքի տո՞ւրք, ցուցադրամոլությո՞ւն։ Ամեն դեպքում, մի բան հստակ է, սեփականը գերհուշարձայնացնելու այս մոլուցքը ինչ-որ պատում ունի, պատահական ու ծածուկ մի ուղերձ՝ տեղացիներից տարբեր ծագում ու կրթություն ունեցող այս մարդիկ կարևոր են Հայաստանը խորությամբ ու համապարփակ ճանաչելու, ու էլ ավելի կարևոր՝ հայն ու հայկականը խարսխելու համար։

Քավ լիցի, հայրենադարձներիցս և ոչ մեկը թող իր ներդրումը չհամեմատի նրանց հետ։ Մեզանից ոմանց, հուսամ, մի օր արժանին կմատուցեն։ Մյուսները երևի չեն հայտարարի, թե իրենց արհամարհել են։ Բայց նրանց ու մեր միջև հստակ կապ կա՝ հիշեցում, որ հայկականությունը միայն Հայաստանի պարունակում հայկականություն է առանց Կոմիտասի ու Խաչատրյանի: Նույնն է, թե Երևան առանց Ալեքսանդր Թամանյանի կամ էլ բեմ առանց ամենազգայուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի: Հայկականություն առանց արևմտահայերենի նշանակում է Հայաստան առանց Անկախության առաջին հռչակագրի։ Կամ Թումանյան, որը գրել է դասական ուղղագրությամբ, բայց ընթերցվում է միայն բարեփոխվածով։ Արևմտահայերենով կարող ես անգամ Աբովյան փողոցով քայլել, այստեղ կարճ մի ժամանակ ապրել է Զապել Եսայանը, ու պատկերացնել, թե ականջ ես դնում մի խոսակցության, որը զարմանալիորեն ընդհատ է, որովհետև զրուցակիցները խոսում, բայց և չեն խոսում նույն լեզվով.

— Խոսքիցդ երևում է, որ տեղացի չես: Որտեղի՞ց ես:

— Երկար պատմութիւն է… Իսթանպուլ, յետոյ Ֆրանսա, ետքը Պուլկարիա, բայց հայ եմ:

— Հայերեն էնքան էլ լավ չես խոսում,- վաճառասեղանի հետևում կինը նախ արևելահայերեն է սա ասում, հետո նույնը ռուսերենով կրկնում՝ հուսալով, որ եթե Զապելը հայ է, ուրեմն հաստատ ռուսերեն էլ կհասկանա, ու առանց պատասխանի սպասելու (որովհետև իր ասածը ոչ թե հարց է, այլ պնդում)՝ շարունակում.- Բուխանկան թարմ է,- ու հացը մեկնում է նրան:- Փարիզից ո՞վ է հեռանում: Կապիտալիզմը երևի մեռնում է: Այլապես ինչո՞ւ պիտի այստեղ լինեք:

— Ուրիշ ո՞ւր պիտի ըլլայի…

 

Թամանյանը Հայաստան երկու անգամ տեղափոխվեց: Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, իսկ նոր խորհրդայնացած Հայաստանը վտանգավոր տեղ էր: Ու նա հեռացավ։ Հետո վերադարձավ իր քաղաք-պարտեզը կառուցելու: Մենք պահպանեցինք քաղաքը ու երես թեքեցինք պարտեզից:

Սարոյանն առաջին անգամ Հայաստան եկավ 1935-ին. հանրաճանաչ դառնալու շեմին էր, ուղևորության համար վճարել էր իր առաջին հոնորարներով, գրում էր New York Times-ը: «Ես ուզում էի տեսնել երկիրը, հորս ու նախնիներիս հայրենիքը, շնչել այն օդը, որ դարերով շնչել ենք»,- գրում էր նա, ասես հասարակ մի զբոսաշրջիկ, որը Վերնիսաժում Արարատի պատկերով նկար է փնտրում, որ վերցնի հետը: Սարոյանի ծնողները Բիթլիսից էին, Օսմանյան Բիթլիսից, որը աշխարհաքաղաքական, մշակութային, պատմական, լեզվական առումներով տարբեր էր Խորհրդային Հայաստանից. բայց հենց այս Հայաստանն էր Բիթլիսի օրինական այլընտրանքը: Նա մի անգամ էլ 1978-ին եկավ։

1939 թվականին Արամ Խաչատրյանը Հայաստանում էր վեց ամսով՝ ուսումնասիրելու հայկական ժողովրդական երաժշտությունը, որը ոգեշնչել ու դեռ ոգեշնչելու էր իրեն։ Հայաստան նա կվերադառնա մոտ տասը տարի անց, բայց այս անգամ որպես «աքսորյալ»: Մոսկվան դժգոհ էր նրանից, նրա երաժշտությունը չափազանց «ֆորմալիստական» էր, խիստ անհասանելի հասարակությանը: Գերաստղ-կոմպոզիտորին պատժելու ամենալավ տարբերակը նրան Հայաստան ուղարկելն էր՝ վայր, որին նա մշակութապես էր կապված, բայց և որը իր տունը չէր։ Խաչատրյանը ներողություն խնդրեց սխալի համար, որի մասին չէր էլ ենթադրել ու նույն տարում Մոսկվա վերադարձավ։

Հայրենադարձությունը ծանր է հնչում, հայկական համատեքստում՝ էլ ավելի ծանր, եթե նկատի ունենանք, թե խորհրդային քարոզչամեքենան ինչպես էր դիմավորում հազարավոր հայրենադարձների, իսկ հետո ճանապարհում Տայգայի ճահիճներ։ Հայրենադարձությունը հաճախ այդ բառն էլ չէ: Հայկական սփյուռքի համար հազվադեպ է այն նշանակում վերադարձ բնօրրան կամ քաղաքացիության երկիր։ Հայաստանը դասական սփյուռքի բնօրրանը չէ. բնօրրանը հայկականությունն է: Քաղաքացիությունը մեր քաղաքացիական իրավունքը չէ, այն շնորհվում է մեզ հայկականության հիմքով: Քաղաքացիությունը նաև համահարթեցնող գործոն է: Երբ Հայաստանի նկատմամբ քո իրավունքներն ու պարտականություններն ամրագրվում են քաղաքացիությամբ, մնում է Հայաստանը հարստացրած մշակութային ազդեցությունների մի լայն սպեկտր՝ ավելի մեծ ու խորքային, քան մենք հոժար ենք ընդունել:

Երբ մի պահ մոռանանք մեր ներազգային պատումի սուր անկյունները (երբ հեռանում ես Հայաստանից՝ ողբերգական արտագաղթ է, իսկ երբ տեղափոխվում Հայաստան՝ անձնուրաց հայրենադարձություն), միգուցե և կարողանանք նկատել, թե ինչի մասին են բոլոր այս մարդկանց հսկա արձանները, որոնք մեզնից առաջ անցել են այս կողմերով։ Հայաստանը տարբեր է մեզանից յուրաքանչյուրի համար՝ կորսված հայրենիքի զգացմունքային սուրոգատ, օրինական այլընտրանք, հնարավորությունների վայր կամ ապաստան, հին ու նոր մի երկիր՝ բայց օժտված ձգողականության մի ուժով, որն ինչպես ձգում է, այնպես էլ կարող է վանել: Հայաստանը բազմամշակույթ է՝ բառիս ամենից լայն ու մի քիչ էլ թաքնված իմաստով: Եվ էական էլ չէ, եթե որոշել ես կյանքում առաջ շարժվել՝ վերադառնալով Հայաստան կամ հեռանալով Հայաստանից, միևնույն է, նրա ուղեծրում ես:

Հայաստանն աքսորավայր էր Սայաթ-Նովայի համար, Կոմիտասն այստեղ խաղաղություն էր փնտրում, Խաչատրյանն իր բաժին պատիժը կրում, Սարոյանի համար այն զգացմունքային լիցք էր, Եսայանի համար՝ գաղափարական հանգրվան: Փարաջանովը մտածում էր Հայաստան տեղափոխվելու մասին, որովհետև նրան տուն ու թանգարան էին խոստացել։ Ու Թամանյանն այստեղ իր երազանքն էր կառուցելու:

Եվ եթե վեց ամսով եք եկել, ինչ-որ բան ուսումնասիրելու՝ թող այդպես էլ լինի: Եթե այստեղ եք օդ շնչելու ու ինչ-որ սարով հիանալու՝ վայելեք: Եթե եկել եք կառուցելու, ուրեմն կառուցե՛ք։ Եթե գնալու ուրիշ տեղ չունեք, ուրեմն եղեք այստեղ: Եթե Հայաստանը ձեզ համար տարանցիկ հանգրվան է, հեշտությամբ անցեք: Ու եթե հիմա եք այստեղ ապրում, ուրեմն կարևոր չէ՝ Pour toi Arménie եք երգում, թե սա ձեր La Bohème-ն է:

Read in English 

Repatriation Is a Big Word

Հայրենադարձություն | N10

Հայաստան՝ վայր որը յուրաքանչյուրի համար ունի առանձնակի նշանակություն, ունի նաև ձգողականության ուժ։ Այն բազմամշակութային է ամենաթաքնված ձևերով և դեպի ծով ելք չունեցող երկիր է, որն ունի Այվազովսկի: Անկախ նրանից թե առաջ եք շարժվում վերադառնալով, թե ուղղակի հեռանալով, դուք գտնվում եք նրա ուղեծրում: Այս ամսվա թողարկումը նվիրված է հայրենադարձություն հասկացությանը։