Պատերազմի երեխաները. կյանքի ու մահվան շեմին

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ…»,- Արցախյան երկրորդ պատերազմի մասին առաջինը սա է ասում 8-ամյա Մերին, հետո հիշում, թե ինչպես հենց սեպտեմբերի 27-ին իրենց տան հարակից անտառում սարսափելի աղմուկով ինչ-որ բան պայթեց։ Կրակոցները շատ մոտ էին, ու իրենք ստիպված էին հեռանալ։

Հադրութի Քյուրաթաղ գյուղից Հայաստան տեղափոխված Մերիի մեծ ընտանիքում հոգեկան տառապանքները, սթրեսները չեն ավարտվում։ Պատերազմի մասին խոսելիս Մերին հիշում է օրեր առաջ ստացած տարօրինակ զանգը. ավագ քրոջ՝ 22-ամյա Մարիաննայի հեռախոսին զանգել էին անհետ կորած դասընկերոջ համարից։ Թուրքերեն խոսողի զանգին պատասխանել էր աղջիկների հայրը:

Մերիի պատմությունը շարունակում է նրանց բարեկամուհին՝ 67-ամյա Նուշիկ Ղարայանը. «Ասեցին՝ ձեզ մոտ ենք, երևի նկատի ունեին Ֆիզուլին, ոչ Երևանը։ Էս էրեխեն (ցույց է տալիս Մերիին — հեղ.), վախեցած, սկսեց դողալ՝ անջատե՛ք, մի՛ խոսացեք… իրեն թվաց, թե թուրքերն արդեն մեր տան մոտ են»։

Գյուղի դպրոցից տեղեկությունները քիչ են, Մերին միայն գիտի, որ տնօրենը պատերազմում ծանր վիրավորվել է։ Բարեկամների շրջանում էլ զոհեր ու վիրավորներ ունեն։ Այս մասին, սակայն, չենք խոսում նրա հետ։

 

Երեխաները ռազմական ագրեսիայի թիրախում

«Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով»,- ամրագրված է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ հոդվածում։

Այս կարևոր սկզբունքն ամրագրվում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 38-րդ հոդվածով. «Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը»։

Չնայած վերոնշյալ և նմանատիպ այլ իրավական նորմերի առկայությանը, երեխաները, այնուամենայնիվ, հայտնվեցին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի թիրախում։ Շարունակաբար ոտնահարվում էին նրանց հիմնարար իրավունքները՝ կյանքի և առողջության, ընտանիքի ու համայնքի հետ լինելու և այլ իրավունքներ։

 

Տեղահանությունը նրանց կյանքը փրկելու միակ տարբերակն էր

Պատերազմի ընթացքում զոհված 50 խաղաղ բնակիչներից մեկը 9-ամյա Վիկտորյա Գևորգյանն էր։ Վիկտորյայի եղբայրը՝ 2 տարեկան Արծվիկը բեկորային վնասվածք է ստացել։ Տարբեր աստիճանների վիրավորում է ստացել ևս 8 երեխա։ Այս տվյալները ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը։

Ի դեպ, հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի՝ արդեն Հայաստանի սահմանների վրա հարձակման հետևանքով ծանր վիրավորում է ստացել 14-ամյա մի երեխա։

Պատերազմի ավարտի օրը՝ նոյեմբերի 9-ին, Արցախի ՄԻՊ-ի կողմից հրապարակվեց հատուկ զեկույց՝ երեխաների իրավունքների ոտնահարումների վերաբերյալ։ Փաստագրված տվյալների համաձայն՝ թշնամին արգելված կասետային զենքերով և բարձր ճշգրտության հրթիռներով թիրախավորել է դպրոցներ, մանկապարտեզներ, և այլ շինություններ, որոնք նաև երեխաներին սպասարկող քաղաքացիական օբյեկտներ են եղել։

Օրինակ, կրկնակի ռմբակոծվեց և նյութական վնասներ կրեց Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը (հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 3-ին)։ Երկու անգամ թիրախավորվեց նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ «Հրատապ հետաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցները հիմք են տալիս եզրակացնելու, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի վրա օդային հարվածները հասցվել են տաճարին ավերածություն պատճառելու և նկուղում ապաստան գտած երեխաների, կանանց և տարեցների մահվան պատճառ դառնալու և այդպիսով խաղաղ բնակիչներին կանխամտածված կերպով սպանելու նպատակով»։ Արցախի ՄԻՊ զեկույցում ընդգծվում է նաև, որ եկեղեցու մերձակայքում ռազմական օբյեկտներ չկան, և կիրառվել են բարձր ճշգրտության հրթիռներ։

Պատերազմը ծանր հետևանքներ է ունեցել երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության համար։ Երեխաներ, որ ծնող են կորցրել, հարազատ տուն, բնականոն կյանք և, ի վերջո, նայել մահվան աչքերին…

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը նշում է, որ այս երեխաներից շատերը տրավմաներ կունենան իրենց ողջ կյանքի ընթացքում։ «Կան փաստագրված դեպքեր, երբ դեռահասները ստիպված են եղել վարել իրենց ընտանիքի մեքենաները մի քանի հարյուր կիլոմետր՝ հարձակումներից ընտանիքը փրկելու համար: Այս բռնի տեղահանությունն ազդել է երեխաների կյանքի վրա՝ նրանց զարգացման, հոգեբանության, կրթության, առողջության, հատուկ կարիքների, ներառյալ՝  հաշմանդամությունից բխող կարիքների վրա»,- ասում է Մուրադյանը և հավելում է, որ այս երեխաների մոտ հայտնաբերվել է սթրես, վախեր, քնի հետ կապված խնդիրներ և այլն։

Արցախի ՄԻՊ հատուկ զեկույցի համաձայն՝ պատերազմի հետևանքով շուրջ 40 հազար երեխա է տեղահանվել։ «Այս հարկադրված տեղահանությունը միակ տարբերակն էր փրկելու նրանց կյանքը շարունակական հրթիռահրետակոծությունից։ Նրանցից շատերը չեն հասցրել վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, փաստաթղթեր»,- նշում է Արցախի օմբուդսմենը։

 

Անդադար լացող աղջնակը

2-ամյա Լինան մոր հետ մահվան ճամփով է հասել Երևան, նա առանց պատճառի լացել է օրեր շարունակ։ Լինայի ընտանիքը Մարտակերտից է, հայրը պայմանագրային զինծառայող է, Ապրիլյանի մասնակից։ Մայրը՝ Մելանյա Մելքումյանը, պատմում է, թե ինչպես են փրկվել. «Ամուսնուս հայրական տունը շատ մոտ է սահմանին, ուղիղ մեր դիմաց էին թշնամու դիրքերը, գյուղերը։ Երեք տարի է՝ այնտեղ եմ ապրում ու համարյա ամեն օր նրանց հետախուզական անօդաչուն մեր տան վերևում էր… Ամսի 27-ին արթնացա ամուսնուս բղավոցից, դուրս եկա պատշգամբ, անօդաչուն գլխավերևում էր, գոռաց՝ վերցրու երեխային, իջի առաջին հարկ կամ մտի գոմ։ Երեխային օրորոցից վերցրի, իջեցրի առաջին հարկ ու չհասցրեցի էլ բարձրանալ շորեր կամ ուտելիք վերցնելու։ Ամուսնուս ընկերը արդեն մեր բակում էր, գոռաց՝ շուտ նստի մեքենան, արկերը թափվում են…»։

Մեքենայում 8 հոգով են եղել՝ երկուսը մանկահասակ երեխա։ Թեկուզ սեղմված էին, գիրկ գրկի նստած, բայց կարևորը՝ մեքենա կար. «…երբ հասանք Դրմբոն, մեքենայի վառելիքը վերջացավ, հսկայական հերթ էր վառելիքի լիցքավորման համար… Իջել էինք մեքենայից, և գումար չկար ոչ մեկիս ձեռքին, որ գոնե երեխայիս համար ջուր, տակդիր, ոտելիք գնեի։ Իմ երեխան գիշերանոցով էր, ոտաբոբիկ, ճանապարհին մտածում էի՝ գոնե մի տեղից գուլպա գտնեմ, հագցնեմ։ Դրմբոնից երբ մոտենում էինք Գետավան համայնքին, ահռելի պայթյուն որոտաց, քարացանք, սառեցինք բոլորս,- հռթիռակոծվել էր կամուրջը, որով 1-2 րոպե հետո պիտի անցնեին։- Կտրուկ շրջադարձ արեցինք, գնում էինք չգիտեինք ուր։ Կանանցից մեկն ասաց՝ գնանք Արջաձոր գյուղ, Ապրիլյանի ժամանակ ապահով տեղերից է եղել։ Մի քանի ժամ մնացինք այդ գյուղում, անծանոթ մարդկանց տանը հաց կերանք, երեխաս վերջապես գուլպա հագավ՝ մեծի գուլպա էր։ Ռիսկի դիմեցինք ու դուրս եկանք, ամբողջ ճանապարհին արկեր էին թափվում… Երբ հասանք Սիսիան, իմ բալիկի շորերը ամբողջովին մեզի մեջ էին, ահավոր ցուրտ էր, եթե այդ շորերը հանեի, փոխելու շոր չկար, եթե վրան թողնեի՝ կմրսեր… Որոշեցի մնալ այնտեղ՝ գրեթե անծանոթ մարդկանց տանը. շորեր տվեցին, կերակրեցին»։

Արդեն Երևանում նրանք զգացել են մասնավոր կառույցների ու կամավորների հոգատարությունը. «Երեխայի լացը շարունակվեց հետագա օրերին, շատ արագ մեզ մոտ ուղարկեցին մանկական հոգեբանի, մանկավարժների, զննեցին երեխային, ասացին՝ երեխան ուժեղ սթրես է տարել, բայց հնարավոր է ամեն ինչ շտկել»։

ՀՀ կառավարությունը, թեև միանվագ դրամական օգնության ծրագիր է նախատեսել, սակայն ճկուն ու նրբանկատ չէ ստեղծված իրավիճակում։ Մելանյան ՀՀ հաշվառում ունի, ամուսինն ու երեխան՝ Արցախի։ Երեխայի համար դիմել են 83 հազար դրամ (68.000 + 15.000, քանի որ ՀՀ-ում հաշվառված գույք չունեն) միանվագ աջակցություն ստանալու համար ու թեև դիմումը բավարարվել է, սակայն գումարը ստանալ չեն կարողանում, քանի որ կամ անձամբ հայրը պետք է ներկայանա կամ էլ նոտարով հաստատված լիազորագիր պիտի լինի. «Նույնիսկ «զագսի» թուղթը չի անցնում։ Չեն նայում, որ էդ մարդը Արցախում զինծառայության մեջ է, չի կարող իր ուզած պահին դուրս գալ, մանավանդ, որ Մարտակերտում նոտար էլ չկա, բանկ, փոստ չի աշխատում։ Ամուսինս իր հրամանատարից լիազորագիր է վերցրել, որ գտնվում է զինծառայության մեջ և լիազորում է կնոջը՝ իր անունից գործարք անել. դա էլ չի անցնում»։ Մելանյան ասում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել, խոստացել են խնդիրը կարգավորել, բայց մինչ օրս որևէ արձագանք չի եղել։

 

Այստեղ ավելի լավ է, կռիվ չկա

Ըստ Արցախի ՄԻՊ հատուկ զեկույցի՝ նախնական տվյալներով հրետակոծություններից, հրթիռային և օդային հարվածներից նյութական վնաս է կրել 71 դպրոց և 14 մանկապարտեզ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով փակվել է 220 դպրոց և 58 մանկապարտեզ։ Այս ամենի հետևանքով շուրջ 24.000 երեխա զրկվել է դպրոց և 4.000 երեխա՝ նախադպրոցական հաստատություն հաճախելու իրավունքից։

«Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաներին կից 1-ին արձանագրության 52-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական օբյեկտները հարձակման կամ բռնարարքների թիրախ չպետք է լինեն։ Միևնույն ժամանակ ամրագրվում է․ «Տարակուսանք առաջանալու դեպքում, թե արդյոք օբյեկտը, որը սովորաբար նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, օրինակ, որպես պաշտամունքի կատարման տեղ, բնակելի տուն կամ այլ շինություններ, կամ դպրոց, ենթադրվում է, որ այդպիսի օբյեկտն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով»։

33-ամյա Մերի Բաբայանի 4 երեխաներից երկուսը դպրոցական են։ 8 և 9-ամյա երեխաները ամիսներ շարունակ զրկված են կրթություն ստանալու իրավունքից՝ նախ կորոնավիրուսի, իսկ հետո արդեն պատերազմի պատճառով։ Մյուս երկուսը նախադպրոցական տարիքում են՝ 5 և 3 տարեկան տղաներ։

Մերին երեխաների հետ պատերազմի գրեթե ողջ ընթացքում իրենց գյուղում՝ Մարտունու Սարգսաշենում է մնացել. չնայած մնալը վտանգավոր էր, փախչելու համար մեքենա չի եղել։ Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտից են եկել, իրենց դուրս հանել, բերել Երևան։ Շատերի պես իրենք էլ տնից ոչինչ վերցնել չեն հասցրել. «Նույնիսկ էրեխեքի թղթերը, որ 500 հազար ու 700 հազար դրամ փող են տալիս, որ 18 տարեկանը լրանում ա (պետության կողմից տրամադրվող ընտանեկան դրամագլուխ, որը հատկացվում է 3-րդ և ավելի երեխաների դեպքում — հեղ.)»։

Երեխաներն այսօր դպրոց են հաճախում Հայաստանում, սակայն նրանց ընտանիքի, համայնքի հետ լինելու իրավունքը շարունակում է ոտնահարված մնալ. հարազատ գյուղը անցել է թշնամուն, նրանք այստեղ բնակվում են հյուրանոցում, հայրը՝ ընկերոջ հետ։ Մերիի 5-ամյա որդին՝ Լեոնիդը, ձեռքի նռան հետ խաղալով, ամաչելով ասում է, որ այստեղ ավելի լավ է. թե ինչու՞, պատասխանում է. «Կռիվ չկա»։

 

Որևէ մեկը չեղարկե՞լ է երեխայի իրավունքը

Պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ հատուկ հաղորդում ուղարկեց՝ Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ահազանգելով՝ որ «իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները»։

Սակայն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանում և Արցախում վիրավորված երեխաներին այցելեց պատերազմի 20-րդ օրը միայն, այն դեպքում, երբ 2 տարեկան Արծվիկ Գևորգյանը, օրինակ, բեկորային վիրավորում ստացել էր հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։

Այս այցից առաջ սոցիալական ցանցերում հայ օգտատերերն իրենց վրդովմունքն էին հայտնում կառույցի լռության վերաբերյալ։ Երեխաների այցելության օրը նույն բողոքով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում Արման Թաթոյանը խոսեց միջազգային կառույցների ոչ համաչափ արձագանքի մասին. ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար: ՄԱԿ-ի հռչակած սկզբունքն է՝ որևէ մեկը չպետք է հայտնվի եզրագծում և որևէ իրավունք չպետք է անտեսվի: «Մենք հարցադրում ենք անում՝ որևէ մեկը չեղարկե՞լ է ապրելու իրավունքը Արցախում, որևէ մեկը չեղարկե՞լ է երեխայի իրավունքը, որևէ մեկը չեղարկե՞լ է կնոջ իրավունքը՝ դաստիարակելու երեխային խաղաղ երկնքի տակ, մեր կոչն է՝ այցելեք Արցախ»,- ելույթի ընթացքում նշեց Թաթոյանը։

 

Ոտնահարված իրավունքների վերականգնում

Փաստաբան Աշխեն Դաշյանը նշում է, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիային միացել է նաև Ադրբեջանը՝ դեռևս 1992 թվականին՝ ընդունելով, որ  յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք, ճանաչել է երեխայի կրթության իրավունքը, նաև, որ նա չպետք է ենթարկվի իր անձնական, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության և այլն։

Այս փաստաթղթի նախաբանում պետությունները որոշակի պարտավորություններ են ստանձնում հաշվի առնելով ու հիշելով որոշակի հանգամանքներ, մասնավորապես. «Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք», «ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն»։

Ա. Դաշյանի խոսքով, այս պարտավորությունների ոտնահարումը կարող է պետության համար հետևանքներ առաջացնել, եթե համապատասխան դիմումներ լինեն 3 միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտե, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ «Եթե արձանագրվել են իրավունքի խախտումներ, պետությունը կամ մասնավորը, օրինակ երեխայի ծնողը, պետք է դիմի այս մարմիններին՝ բարձրաձայնելով խախտման փաստը»,- նշում է փաստաբանը։

Ի դեպ, բոլորովին կարևոր չէ՝ երեխան ճանաչված, թե չճանաչված պետության քաղաքացի է։ Աիդա Մուրադյանն ընդգծում է. «Միջազգային իրավունքի տեսանկյունից իրավունքի սուբյեկտը, այսինքն այդ իրավունքը կրողը երեխան է: Նրա կարգավիճակը՝ փախստական, ապաստան հայցող, քաղաքացիություն չունեցող անձ, չճանաչված երկրի քաղաքացի և այլն, չի կարող որևէ կերպ սահմանափակել նրա հիմնարար իրավունքները: Երեխան այդ իրավունքներն ունի, որովհետև նա երեխա է և վերջ»։