Հայկական լոլիկի հետքերով

Ասում են, թե պահածոների սեզոնին կանանց գործը հեշտացնելու համար ժամանակին լոլիկի հատուկ տեսակ է մշակվել՝ տարրայի մեջ ավելի հեշտությամբ դրանք տեղավորելու համար։ Պատմությունը ճշմարիտ է, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն մի բան անվիճելի է՝ հայկական լոլիկի սորտերը տասնամյակներ շարունակ այնքան են գրավել իրենց համային հատկանիշներով, որ արտասահմանից եկած հյուրերին առաջինը լոլիկ են հյուրասիրել։

Ամեն ինչ սկսվեց 1944-ին, երբ սելեկցիոներ Անահիտ Անանյանը մշակեց լոլիկի առաջին հայկական սորտը, որը հենց իր անունով էլ կոչվեց՝ «Անահիտ 20»։ Սորտը, որը միջահաս է, ստացվել է Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանում, տեղական պոպուլյացիաներից՝ բազմանվագ, անհատական ընտրության մեթոդով և հաշվառվել միութենական նմուշանու մեջ 1949-ին։ «Անահիտ 20-ը» աչքի էր ընկնում իր մսալիությամբ և համով, իսկ պտուղներից ստացվող հյութը, պյուրեն և մածուկը արդյունաբերական մասշտաբներով էին արտադրվում։

Անանյանը Հայաստանում լոլիկի պատմության և սորտերի մասին բազմաթիվ ակնարկներ է գրել, որոնք տեղ են գտել «Հայաստանի բանջարապահածոային կուլտուրաները» (1965) մենագրության մեջ (Արամ Եղիազարյանի և Ալբերտ Գրիգորյանի համահեղինակությամբ)։ Գրքում Անանյանը նշում է, որ լոլիկի հայրենիք է համարվում Հարավային Ամերիկան (մասնավորապես՝ Պերուն, Բոլիվիան, Էկվադորը)։ Եվրոպա այն բերվել է 16-րդ դարակեսին, առաջինը բույսը նկարագրել է իտալացի բուսաբան Մատիոլուսը՝ Pomo d’oro (ոսկե խնձոր) և Pomo d’amouris (սիրո խնձոր) անուններով։ Լոլիկը երկար ժամանակ համարվել է թունավոր և աճեցվել նախ դեկորատիվ, ապա և դեղագործական նպատակներով։

Ըստ Անանյանի՝ Հայաստան լոլիկի ներմուծման ժամանակաշրջանի մասին հստակ տվյալներ չկան։ Ամենավաղ հիշատակումը 1870-ից է՝ Երևանի նահանգի «Գյուղատնտեսական վիճակագրական տեղեկություններում»։ Անանյանը փաստում է նաև, որ լոլիկը հիշատակվում է Ղևոնդ Ալիշանի «Հայ բուսակ» (1895) գրքում, որտեղ նշվում է, թե դրա համեղ, կարմիր պտուղների հյութն օգտագործվում է տարբեր ճաշատեսակներում՝ որպես համեմունք։

Ինչևէ, «Անահիտ 20»-ի ստեղծումը բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի զարգացման նոր մի փուլ նշանավորեց Հայաստանում. մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Դարակերտ գյուղում Անահիտ Անանյանը հիմնեց Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայանը, որը 1998-ին վերանվանվեց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»։

«Նա առաջին քարն է դրել ու ասել, որ այսուհետ պետք է այստեղ ստեղծվեն սորտեր, ու այս ուղղությունը Հայաստանում պետք է զարգանա»,- պատմում է կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը։ Անանյանը նույնիսկ մասնակցել է շինարարական աշխատանքներին՝ իր գիտնական գործընկերների հետ միասին։

«Անահիտ Անանյանը սելեկցիոների շատ սուր աչք է ունեցել։ Երբ նա մտնում էր դաշտ, անցնում միջով, միանգամից գիտեր՝ ինչ էր պետք անել։ Մինչև հիմա մեր սելեցիոներներն աշխատում են նրա հավաքածուների հիման վրա։ Այդքան շատ բազա է նա թողել։ Նման ընտրություն հատ ու կենտ մարդիկ կարող են անել։ Լոլիկի սորտերի բազմազանության համար Անահիտին պետք է շնորհակալ լինի մեր երկիրը»,- ասում է Գայանե Սարգսյանը, որը ուսանողական տարիներին հնարավորություն է ունեցել անձամբ աշխատել Անահիտ Անանյանի հետ։

Անահիտ Անանյանը ծնվել է 1900 թ., Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (Շամախյան) գյուղում։ Նա հայտնի հայ խորհրդային բանջարաբույծ-սելեկցիոներ է, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), Սոցիալիստական աշխատանքի հերոս։ 1926 թ. ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1933-ից աշխատել է ՀԽՍՀ բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն հանրապետական կայանում՝ որպես կայանի տնօրեն։ Նա լոլիկի մի շարք սորտերի հեղինակ է, այդ թվում՝ «Անահիտ 20», «Երևանի 14», «Մասիսի 202», «Հոբելյանական 261», «Կարինե 388», «Արաքս 322», «էջմիածնի 260» [1]։

Անանյանի մասին իր հուշերում պատմում է նաև Սվետլանա Հայրապետովան. ևս մեկ ականավոր սելեկցիոներ, որը շուրջ 40 տարի աշխատել է գիտական կենտրոնում՝ դառնալով լոլիկի մի շարք սորտերի հեղինակ, այդ թվում հայտնի «Լիա» սորտի։ Նա իրեն համարում է Անանյանի աշակերտը. «Անահիտ Անանյանն արդեն ծերության դռներին վրան էր ձգել, սակայն աշխատում էր մեծ եռանդով՝ զարմացնելով և հիացնելով բոլորին։ Մեծ երջանկություն էր այդ նշանավոր գիտնականի հետ աշխատելը։ Շատ երիտասարդ գիտնականներ էին ձգտում դեպի նա, փորձում նրանից գիտելիքներ առնել, նրա գիտափորձերին ներկա գտնվել։ Ես հետո տեղեկացա, որ նա նշանավոր գրող ու բնության հրաշալի գիտակ Վախթանգ Անանյանի հարազատներից է, բժշկական գիտությունների դոկտոր, Կուբայի Հանրապետության շքանշանակիր Սերիկ Անանյանի քույրը»։

Հայրապետովայի մասին քչերը գիտեն։ Ինչպես նշված է գիտական կենտրոնի հրատարակություններից մեկում՝ սա ոչ միայն անփութության ու անտարբերության արդյունք է, բայց և այն փաստի, որ «չափազանց համեստ այս կինը երբեք աղմուկ չի ստեղծել իր անվան շուրջ»։ Բաքվում ծնված Հայրապետովան իր ինքնակենսագրականում պատմում է, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1970-ին, երբ ամուսնուն՝ լեռնային ճարտարագետ Մադաթ Առաքելյանին հրավիրեցին Հայաստան՝ աշխատելու Արփա-Սևանի շինարարությունում։ «Այստեղ ինձ միանգամից զգացի դրախտում՝ հայրենիքիս ալպիական բուսականություն ունեցող սարերում։ Մարտունու սարերից չէի ուզում տուն գնալ։ Զարմանում էի, թե այս մի բուռ հողում ինչպիսի բուսական բազմազանություն կար… Միանգամից համոզվեցի, որ այլևս վերադարձ չկա։ Սա է իմ տունը։

Ես միշտ սիրել եմ բնութունը, բնության հրաշքը։ Մանկությունից է սերս բնության հանդեպ, չնայած, ինչպես նշեցի, ծնվել և ապրել եմ մի միջավայրում, որտեղ բնությունը ենթարկվում էր նավթի մրցավազքին, որտեղ ծառ տեսնելը երջանկության նման մի բան էր…

Ես Հայաստան դատարկաձեռն չէի եկել։ Պատրաստ էր իմ թեկնածուական ատենախոսությունը՝ նույն բնագավառում։ Կայացավ իմ և Անահիտ Անանյանի հանդիպումը։ Մեծ գիտնականն ու մեծատառով մարդն ինձ ընդունեց, լսեց ու անմիջապես աշխատանք առաջարկեց՝ որպես գիտաշխատող ՀԽՍՀ բանջարաբոստանային մշակաբույսերի ընտրասերումնաբանական հանրապետական կայանում»։

Շատերն են այսօր վրդովվում, թե հայկական լոլիկ էլ չկա։ Գայանե Սարգսյանը, իհարկե, չի համաձայնում։ «Ոչ մի բան էլ չի կորել։ Լինի դա լոլիկի սորտը, մեր նազրվանը, թե որևէ այլ բան։ Ինչ ունեցել է Հայաստանը, մշակաբույսերի առումով, պահպանված է»։ Պարզապես այս սորտերը շուկայում գտնելն է դժվարացել, քանի որ տնտեսություններում նախընտրում են աճեցնել ներմուծված սորտեր, որոնք ավելի մրցունակ են, բերքատու և փոխադրունակ։

Խոսելով «Անահիտ 20-ի» և «Անահիտ 360-ի» մասին՝ Գայանե Սարգսյանը նշում է. «1949-ից շատ բան է փոխվել։ «Անահիտը» պահպանվել է, իհարկե, բայց այն այլևս մրցունակ չէ։ Այն մշակում են հիմնականում փոքր հողատարածքներում՝ սեփական օգտագործման համար։ Բայց մեծ, արտադրական տարածություններում այս սորտի մշակումը նպատակահարմար չէ։ Դրսի սորտերը ավելի հեշտ է հասցնել շուկա, ամիսներով պահել։ Մեր սորտերը հնարավոր չէ ամիսներով պահել։ Մաքսիմում մեկ շաբաթ։ Ֆերմերները նախընտրում են մշակել այդ սորտերը, քանի որ ավելի շահավետ է, ավելի ձեռնտու։ Սակայն համային ցուցանիշներով դրսի որևէ սորտ մեր սորտերի հետ համեմատելի չէ»։

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնն այսօր Գայանե Սարգսյանի ղեկավարությամբ զբաղվում է հին սորտերի պահպանմամբ, դրանց կատարելագործմամբ և նորերի ստեղծմամբ։ «Պահպանելով հինը՝ սելեկցիոներները ստեղծում են նոր սորտեր՝ հիմնվելով շուկայի պահանջարկի վրա»,- ասում է Գայանե Սարգսյանը։ Բոլոր հին սորտերը և սորտանմուշները պահպանվում են Կենտրոնի գենոֆոնդի բաժնում։ «Գենոֆոնդի խնդիրն է ապահովել բոլոր սորտերի և սորտանմուշների պահպանությունը։ Սելեկցիոն գործընթացն անընդհատ պահանջում է նոր ելանյութ և սորտանմուշ, որն այդ պահին չի կարող գրանցվել որպես սորտ, բայց կարող է օգտագործվել որպես ելանյութ սելեկցիոն աշխատանքներում»,- բացատրում է Ալվինա Ավագյանը՝ գենոֆոնդի ղեկավարը։

Կենտրոնն այժմ լոլիկի 36 սորտ ունի։ Գայանե Սարգսյանի խոսքով՝ դա մեծ ցուցանիշ է։ Նա բացատրում է, որ սորտը ստեղծելիս սելեկցիոները հաշվի է առնում, թե ուր է այն գնալու և ինչ նպատակով. «Ամեն մեկն ունի մի հատկանիշ, մի ուղղվածություն։ Մեկը սեղանի համային շատ լավ ցուցանիշներ ունի, մյուսը՝ վերամշակման նյութի համար է, երրորդը՝ տոմատ-պաստայի»։

Կենտրոնում մշակված սորտերը կարող են աճել հանրապետության ողջ տարածքում։ Չնայած մշակաբույսերի մեծ մասը կենտրոնացած է Արարատյան դաշտավայրում, նրանք կարող են աճել նաև լեռնային և նախալեռնային գոտիներում, եթե կիրառվի սածիլային եղանակը։ Կենտրոնի աշխատակիցների համոզմամբ սա մեծ ձեռքբերում է, քանի որ նախկինում հնարավոր չէր նախալեռնային գոտիներում մշակել այս մշակաբույսերը։ «Այն ժամանակ տեղացիները ստիպված էին հասնել Արարատյան դաշտավայր՝ մշակաբույսերի հետևից, իսկ հիմա ամբողջ Հայաստանով բանջարեղեն են մշակում և ամենակարևորը՝ մշակում են և՛ լոլիկ, և՛ վարունգ, և՛ տաքդեղ, մինչև անգամ սմբուկ են մշակում»,- նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ սելեկցիոներներն այժմ աշխատում են ձևի և գունային բազմազանության վրա։

Ըստ Կենտրոնի սելեկցիոներ Կարինե Սառիկյանի՝ հին և նոր սորտերը ենթարկվում են առանձին ուսումնասիրության, հաշվի են առնվում նրանց ադապտիվ և կենսաբանական, ինչպես նաև ագրոնոմիական և տնտեսական հատկանիշները։ Կենտրոնի գիտնականները ուսումնասիրում են նաև համաշխարհային հավաքածուները՝ կատարելով տրամախաչման և սելեկցիոն աշխատանքներ։ Իսկ հին սորտերը (օրինակ՝ «Երևան 14», «Մասիս 202», «Արաքս», «Հրազդան») բարելավվել են, ստացվել են սուպեր էլիտար սերմեր, որոնք կենտրոնը պատրաստվում է լայնամասշտաբ սերմնաբուծության հանձնել հաջորդ տարի՝ հանրապետությունում լոլիկի տեղական սորտերի մշակությունը վերականգնելու և տարածելու նպատակով։ «Չէ, որ մեր ազգաբնակչությունը հենց այդ՝ 20-րդ դարի արժեքավոր սորտերի նկատմամբ է մեծ հետաքրքրություն ցուցաբերում»,- ասում է Սառիկյանը՝ հավելելով, որ դրանք այժմ օժտված են շատ ավելի ադապտիվ հատկանիշներով և ավելի մրցունակ են։

 

—————————

[1] Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան), Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ. 1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
Անահիտ Անանյանը։
Սվետլանա Հայրապետովան։ Լուսանկարը՝ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի։
Լոլիկի «Անահիտ 20», «Երևանի 14», «Ռիբկա 52», «Հայկական շտամբովի 152» սորտերի նկարազարդումները։ Աղբյուրը՝  «Հայաստանի բանջարապահածոային կուլտուրաները» (1965):