Մարդու իրավունքները հետևողականորեն պաշտպանելու հրամայականը

Երբ կինը հեկեկալով պատմում է պատերազմում օրեր առաջ զոհված որդու և թոռան, անհետ կորած մյուս թոռան մասին, պատմում է, որ մի ձեռք հագուստով փախել են տարիներով ստեղծած իրենց հարուստ տնտեսությամբ, առատ նկուղներով մեծ տնից, աչքիդ առջև միս ու արյուն են դառնում մարդու խախտված իրավունքները։

Ես պատմում եմ հադրութեցի Նուշիկ Ղարայանի մասին, ով այլևս չի պատկերացնում, թե ինչպես կարող է ադրբեջանցու հետ կողք-կողքի ապրել․ «Իմ երեխեքը չկան, ես ո՞նց կարող եմ․․․ Գուցե մի 100 տարի անցնի, դա մոռացվի․․․ Շատ ենք խորացել, շատ ենք իրար վատություն արել»։

Անասելի ցավեցնող են ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը, որոնցում մարդիկ տեսնում են երբեմնի իրենց տներում իրենց կաթսաների վրա «դհոլ զարկող» ու հայերին հայհոյող զինվորներին, տեսնում են գերիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը․ «Անտեր ինտերնետն էլ կա, գցում են, որ տեսնես, տակնուվրա լինի սիրտդ»։

Մենք ապրում ենք այն օրերում, երբ խոսում ես իրավունքի մասին, հաճախ քմծիծաղ ես պատասխան ստանում։ Ասում են՝ ու՞ր էր այդ իրավունքը, ո՞ւր էին նայում աշխարհն ու մարդիկ, երբ վարձկան-ահաբեկիչներով հարձակվեցին, երբ սպանեցին 9-ամյա երեխային, գերեցին խաղաղ բնակչին, խոշտանգեցին ծերունուն։

Այո՛, երբեմն մեր փոքր երկրի և իրավունքի գերակայությունը ջատագովող տերությունների շահերը չեն համընկնում։ Այո՛, հաճախ նրանց մարդասիրությունն ընտրովի է։ Պատահում է, որ մարդու իրավունքը երկրորդվում է և կարևորվում է հենց այդ շահը։ Նրանք կարող են արագ հայտնվել իրենց շահեկից պետության տնավեր մարդու կողքին և դանդաղել քո երկրում հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտումները փաստագրելու հարցում։

Բայց սա ամենևին չի նշանակում, թե չենք կարող ցույց տալ, որ նրանք շեղվում են իրենց իսկ քարոզած արժեքներից։ Եվ չի նշանակում, որ չենք կարող պաշտպանել մեր իրավունքն ու պայքարել խախտված իրավունքի վերականգնման համար ինքնուրույն։ Մենք կարող ենք ինքնապաշտպանվել։ Երբ ունենք պետություն, մենք դա անում ենք (թերևս, ենթադրվում է այդպես) առավել կազմակերպված և հետևողականորեն։

Երբ պատերազմ է սկսվում պետությունների միջև, բախվում են պետական ինստիտուտները։ Սա «քննություն» է նրանց համար։ Եվ այս պատերազմում, կարող ենք ասել, որ իրավապաշտպան կառույցները աշխատում էին ինչպես որ հարկն է։ Նրանց կատարած աշխատանքի շնորհիվ փաստագրվել են պատերազմական հանցագործությունները, կազմվել արտահերթ զեկույցներ (12), ներկայացվել միջազգային գործընկերներին։ Այս փաստագրումները կարևոր ապացույցներ են հետագայում արդարադատության հասնելու համար։

Իրավապաշտպաններն իրենց լիազորությունների սահմանում շատերի գերման փաստը պաշտոնապես արձանագրել են, նույնականացրել նրանց անձը։ Նրանց կյանքի, առողջության և մի շարք այլ իրավունքների ապահովվման նպատակով հրատապ միջոցներ կիրառելու դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նաև նրանց աշխատանքը երաշխավորել է այս մարդկանց ողջ մնալը։ Եվ մենք ունենք ադրբեջանական գերությունից վերադարձած 45 անձ, ովքեր օրեր առաջ են հայրենադարձվել։

Ժամանակից ու իրավիճակից դրդված մենք այսօր խոսում ենք մարդու իրավունքի մասին՝ պատերազմի դիտանկյունից, փորձում ելքեր գտնել միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերում։

Բայց մինչ պատերազմը և այսօր էլ,  եթե անկեղծ լինենք, այնքան էլ հետևողական չենք տեր կանգնում մեր իրավունքին առօրյա կյանքում, երբ, օրինակ,  բժիշկը հերթում սպասող բոլոր պացիենտների մոտ քննարկում է մեր առողջական խնդիրը ու մենք, թեև անհարմար ենք զգում, բայց հանդուրժում ենք, երբ դպրոցում գումար են հավաքում այս կամ այն «բարի նպատակով» ու մենք ամաչում ենք հարցուփորձ անել, կասկածի տակ դնել դրա նպատակահարմարությունն ու, ի վերջո, բոյկոտել այդ ապօրինությունը, երբ մենք լռում, հարմարվում ու մոռանում ենք բազմաթիվ իրավախախտումները․․․

Այո, այս պահին, երբ մենք պետական մեծ աղետի առաջ ենք կանգնած, այս օրինակները անկարևոր են թվում։ Բայց ամուր իրավական պետություն ունենալու համար, պետք է ունենանք նաև կամքը նույնիսկ անկարևոր թվացող դեպքերում պաշտպանելու իրավունքը։ Մարդու իրավունքը, որը հենց արժանապատիվ ապրելու, ստեղծելու և հզորանալու երաշխիքն է։ Սեփական երկրում։