Սերժ Սարգսյանի նախագահության տարիները. 2008-2018 թթ.

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
The Serzh Sargsyan Administration: 2008-2018

Հայաստանի անկախությունից ի վեր պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանը 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրություններով դառնում է ՀՀ երրորդ նախագահը և կառավարում երկիրը շուրջ տասը տարի։

Մարտիմեկյան արյունոտ դեպքերից հետո դեռևս նախագահի պաշտոնը չստանձնած և գործող վարչապետ Սարգսյանը, բացի ավանդական հանդիպումները, նախաձեռնում է հանրության հետ շփվելու նոր միջոց․ մարտի 10-ին համացանցում հայտնվում է նրա բլոգը, որով պատրաստակամություն է հայտնում պատասխանել իրեն ուղղված նույնիսկ անանուն և ականջ չշոյող, սուր հարցերին:

Մարտի 13-ին հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում է նախապես ձայնագրված 2 ժամանոց Ս․ Սարգսյանի հարցազրույցը, որի ժամանակ նա պատասխանում է շուրջ 80 հարցի, այնուհետև հարցազրույցի սղագրությունը մաս-մաս հրապարակվում է բլոգում։ Հարցերը վերաբերում էին Մարտիմեկյան դեպքերին, Սարգսյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին, վարքուբարքին, նրա կառավարման պլաններին և այլն։

Մի քանի օրինակ․

-Ինչպիսի՞ն եք ուզում հիշվել Հայոց պատմության մեջ որպես Հայաստանի նախագահ:

-․․․Ես կցանկանայի հիշվել որպես նախագահ, ով կիրականացնի իր ծրագրում առաջարկված բարեփոխումները, ով մեր ժողովրդի կյանքում դրական որակական փոփոխություններ կմտցնի, ով Ղարաբաղյան հարցին հայանպաստ լուծում կտա:

-Պատասխանատվություն զգու՞մ եք, արդյոք, մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների համար։

-Իհա՛րկե։ Ես այս մասին հայտարարել եմ ո՛չ մեկ անգամ, ողջ նախընտրական շրջանում մենք խոսում էինք այս մասին, խոսում էի ես, խոսում էին իմ թիմակիցները, խոսում էին մնացած թեկնածուները, բայց մենք չկարողացանք կանխել, եւ եթե չկարողացանք, ուրեմն՝ մեղք ունենք, ուրեմն՝ մեղավոր ենք, բայց այսօր մեղքի աստիճանի մասին չէ, որ պետք է մտածենք, այլ՝ թե ինչպես վերացնենք այս ողբերգության հետեւանքները։ Իմ կարծիքով՝ դրա ամենաճիշտ ճանապարհը լավ աշխատանքը, մեր հասարակությունում բարեփոխումների իրականացումը կլինի, ամենաճիշտ ճանապարհն այն կլինի, որ մեր առաջին սկզբունքային քայլերից հետո մեր ժողովուրդը համոզվի, որ ճիշտ ընտրություն է կատարել։

-Ձեզ համարում են Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ձեր ունեցած շարժական ու անշարժ կապիտալի քանակով: Ինչպե ՞ս կբացատրեք այդ փաստը: Ակնկալում եմ անկեղծ պատասխան: Դուք գողանո՞ւմ ե՞ք:

-Ես արդեն ասել եմ, որ իմ կարողությունը բնավ մեծ չի: Դա իսկապես անկեղծ պատասխանն էր: Ես չեմ գողանում:

Նախագահի բլոգային ակտիվությունը ավարտվում է մարտի 26-ին։ Այս ընթացքում նա իշխանական կոալիցիայի նոր գործընկեր, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հոդված է հրապարակում հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ The Washington Post-ում․

«Մենք երկուսս էլ մրցակիցներ ենք եղել նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց մենք միասնական ենք ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու եւ Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու մեր ձգտման մեջ: Համագործակցությունն է առաջ տանող ճանապարհը», — նշել էին հեղինակները:

Ապրիլի 9-ին տեղի է ունենում Ս․ Սարսգյանի երդմնակալության արարողությունը և նա ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը։

 

Արտաքին հարաբերություններ

Ֆուտբոլային դիվանագիտություն

Սարգսյանի առաջին խոշոր քայլերից մեկը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնումն էր։ Քաղաքական պլանների մասին առաջին անգամ հայտնում է 2008-ի հունիսի 23-ին Մոսկվայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում ռուսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ․

«․․․Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջև 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ։ Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը։

Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»,- նշում է իր ելույթում։

Սարգսյանը հայտնում է նաև, որ մտադիր է հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը։

Սեպտեմբերի 6-ին Գյուլն արդեն Երևանում էր։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, այնուհետև Գյուլը նստում է թուրքական պետհամարանիշով «Մերսեդես» ավտոմեքենան: Արդեն դեպի քաղաք ճանապարհին և Բաղրամյան պողոտայում Թուրքիայի քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտող դաշնակցականներն էին․ նրանք բացականչում էին «Ճա՛-նա՛-չո՛ւմ», ձեռքներին պաստառներ էին՝ «Ես Սասունից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ո’չ ցեղասպանությանը», «Ընդունի’ր ճշմարտությունը» և այլ գրություններով։

Ֆուտբոլային խաղի ավարտից հետո, որն ավարտվում է 0-2 հօգուտ թուրքերի, Գյուլը վերադառնում է Թուրքիա։

Զարմանալի զուգադիպությամբ խաղից օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Արարատ լեռի պատկերով զինանշանը փոխում է և նոր զինանշանը թողնում առանց Արարատի։ Առանց Արարատի պատկերի էին նաև ֆուտբոլիստների մարզաշապիկները։ Հետագայում ֆեդերացիայի նախագահը ներողություն է խնդրում «ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ են տվել վրիպում» և խոստանում՝ Արարատի պատկերը նորից լինելու է զինանշանի վրա։

2009-ի ապրիլի 23-ին ՀՀ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հետ համատեղ հայտարարություն է տարածվում հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին: Նույն թվականի օգոստոսի 31-ի ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակում են նախաստորագրված երկու արձանագրություններ և հայտարարություն, որ կողմերը վեց շաբաթվա ընթացքում դրանց շուրջ ներքաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն։ Այսինքն, հոկտեմբերին նախատեսվում էր փաստաթղթերի ստորագրումը։

Այս փաստաթղթերով կողմերը պարտավորվում էին վավերացումից երկու ամսվա ընթացքում բացել ընդհանուր սահմանը և արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ միջպետական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների աշխատանքները կազմակերպելու համար։

Արձանագրություններում եղած որոշ ձևակերպումների անհստակությունը դժգոհությունների ու ծանր անհամաձայնությունների պատճառ էին դարձել։ Օրինակ այն, որ կողմերը նախատեսում են «․․․պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» մեկնաբանվում էր որպես Հայոց Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել։

Մինչ արձանագրությունների ստորագրումը Սարգսյանը հայ համայնքների հետ հանդիպելու ու քննարկումներ ունենալու նպատակով լինում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում և Ռուսաստանում, որտեղ ընդունելություններն ուղեկցում են մարդաշատ բողոքի ակցիաներով։

Բազմահազարանոց բողոքի երթ ու հանրահավաք է իրականացվում հոկտեմբերի 9-ին Երևանում։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է․ «դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանները բացելու և հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը՝ «ոչ» ենք ասում պետությանն ու մեր սերունդների անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին և պահանջում չստորագրել․․․»։

Հոկտեմբերի 10-ի երեկոյան սակայն Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայիում ստորագրում են հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատախան հանդիպումն էր։ Գյուլից Սարգսյանը գրավոր հրավեր ուներ՝ միասին դիտելու խաղը։ Ու թեև Սարգսյանը հայտարարել էր, թե կմեկնի Թուրքիա, «եթե սահմանը բաց լինի կամ եթե մենք գտնվենք դրա նախաշեմին», աշխատանքային այցով մեկնում է Բուրսա, երբ սահմանը փակ էր և փակ է մինչ օրս։

Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը թե՛ մինչ արձանագրությունների ստորագրումը, թե՛ դրանից հետո սահմանի բացման ու հարաբերությունների ստեղծման համար նախապայման է դնում՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն, և որ Ադրբեջանի շահերը կարևոր են Թուրքիայի համար։

2010-ի հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ ՍԴ-ն այս որոշման մեջ նշեց նաև․

* արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ․․․ ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»,

* ․․․ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա, որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը կդառնա ինքնուրույն քննության առարկա։

*արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին (Հռչակագրի այս կետով ամրագրվում է, որ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին):

Որոշման հրապարակումից օրեր անց՝ հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման տեքստում կան նախապայմաններ պարունակող դրույթներ և դա ընդունելի չէ թուրքական կողմի համար։ Եվ փաստացի գործընթացը սառեցվում է Թուրքիայում։

2010-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանն հեռուստաուղերձով հայտնում է, որ Թուրքիան

ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար և պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել․ «․․․այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»:

Ավելին՝ 2011-ին վարչապետ Էրդողանը Կարսում կառուցված հայ և թուրք ժողովուրդների բարեկամության հուշարձանն անվանում է «այլանդակ» և կարգադրում քանդել այն։ Նույն թվականի ապրիլի 24-ին սկսվում են ապամոնտաժման աշխատանքները։

2014-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը պատասխանում է թուրքական կողմի՝ արձանագրությունները չվավերացնելու մեղադրանքին այսպես․ «․․․Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին հասարակ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:

2018-ի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրում հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: Այս հարցը Ազգային անվտանգության խորհուրդի նիստում ներկայացնելիս նա ընդգծել է, որ Թուրքիան խախտել է ընդունված միջազգային պրակտիկան և և կոպիտ ձևով չի վավերացրել այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

 

ԵՄ-ԵՏՄ հարաբերություններ

2010-ի հուլիսին սկսվում են Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման բանակցությունները և արդեն 2013-ի նոյեմբերին փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման։

Սակայն 2013 սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրում են համատեղ հայտարարություն, որտեղ նշված էր՝ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:

Հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 4-ին ԵՄ նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայտարարում է․ «Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, բայց նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին` հաշվի առնելով տարբեր սակագնային պահանջները»։ Այդպիսով և կասեցվում է Եվրամիության հետ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Իսկ սեպտեմբերի 5-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «բարդ է պատկերացնել Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում»:

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտարարում է, որ նախընտրում է «և՛…և՛»-ի քաղաքականությունը և հերքում, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ընդունվել է Ռուսաստանի ճնշման տակ.

«․․․Մենք բանակցությունների հենց սկզբից մեր եվրոպացի գործընկերներին՝ եվրոպական հանձնաժողովից մեր գործընկերներին, մշտապես ասել ենք, որ մեր քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասության մեջ: ․․․ Եվ հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Բայց, ցավոք սրտի, Մաքսային միությանը անդամակցելու մեր հայտարարությունից հետո Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև՝ կանոնների տարբերություն կա: Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ՝ ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլև վճռական ենք մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու: Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես Ձեզ անկեղծորեն ասում եմ և չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունն ասել՝ որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից. մենք քսան տարուց ավելին է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միություն»,- հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ասում է Սերժ Սարգսյանը։

Թեև այս հավաստացումներին, կան հիմնավորումներ, որ Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ, ճնշումներ եղել են Հայաստանի վրա՝ մեծաքանակ զինամթերքի մատակարարում Ադրբեջանին, Պուտինի այցը Բաքու, հայկական ձկնամթերքի Ռուսաստան ներկրման կասեցում, միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ և այլն։

Ինչևէ, չորս տարի անց՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ 2021-ի մարտի 1-ից այս փաստաթուղթն ամբողջությամբ մտել է ուժի մեջ։

 

Դիվանագիտական հարաբերությունների կասեցում Հունգարիայի հետ

2012-ի օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրում Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ և հայտարարում, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու պաշտոնական բոլոր կապերը։

Նույն օրն իսկ Հունգարիայից Ադրբեջան էր տեղափոխվել Բուդապեշտում 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած և ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովը և անմիջապես ներում ստացել նախագահ Ալիևի կողմից:

Այս արտակարգ խորհրդակցության ժամանակ Սարգսյանը նշում է, որ դա տեղի է ունեցել, քանի որ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ․

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը»,- նշել էր Սարգսյանը։

ՀՀ պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը կասեցնում էր դիվանագիտական հարաբերությունները, և մինչ օրս դրանք կասեցված են։

 

Ցեղասպանության 100-րդ տարելից

2015-ի ապրիլին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին։ Ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, ականավոր ցեղասպանագետներ՝ շուրջ 50 երկրից։ Ֆորումի ավարտին ընդունվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի հռչակագիրը։

Նշանակալի իրադարձություն էր նաև այն, որ ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանիցիսկոս պապը Վատիկանում մատուցում է Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ, Հայոց մեծ եղեռնը անվանում «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իսկ հաջորդ տարի Հռոմի պապն այցելում է Հայաստան՝ այն համարելով «եռօրյա ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»:

 

Պատերազմ և սահմանային բախումներ

2014 ամառ․ դիվերսիոն պատերազմ

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերն ու լարվածությունը տարեցտարի սկսում են աճել։ Եվ 1994-ի հրադադարից հետո առաջին լուրջ սրացումը գրանցվում է 2014-ի ամռանը՝ թեև ողջ տարվա ընթացքում էլ պարբերաբար հաղորդագրություններ են լինում հրադադարի խախտման ու կորուստների մասին։

Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ի ընթացքում ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցումների հետևանքով մարտերի ժամանակ հայկական կողմն ունենում է 5 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ 17 զոհ, 9 վիրավոր։

2014-ի ընթացքում գրանցվում են նաև հետևյալ միջադեպերը․

*Հուլիսի 9-ին հայտնի է դառնում, որ Քարվաճառի տարածք ներթափանցել են ադրբեջանական դիվերսանտներ, որոնք մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։ Հետագայում պարզվում է նաև, որ առևանգել ու սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Մի քանի օր անց որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվում է, երկուսը՝ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը ձերբակալվում։

*Օգոստոսի 7-ին սխալմամբ սահմանը հատում ու գերի է ընկնում Չինարի գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանը։ Ադրբեջանցի խաղաղ բնակիչները նրան թեյ են հյուրասիրում, զրուցում, զրույցի որոշ հատված/ներ տեսանկարահանում։ Տեսանյութում երևում է, որ Կարենը զինված չէ և քաղաքացիական հագուստով է, սակայն հետագայում Ադրբեջանը հայտնում էր նրա զինված դիվերսանտ լինելու մասին։ Հաջորդ օրն իսկ հրապարակվում է նրա մահվան լուրը։

*Նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները խոցում են ուսումնական թռիչք կատարող հայկական Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվում է ողջ անձնակազմը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը։

 

2015․ «Սա պատերազմ է, հրադադար այլևս չունենք»․ ՊՆ մամուլի խոսնակ

Անհանգիստ էր նաև 2015-ը․ ադրբեջանական հարձակումների հետևանքով հայկական կողմն ունենում է կորուստներ խաղաղ բնակչության շրջանում՝ զոհվում է 6 հոգի, վիրավորվում՝ 5-ը։

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը հրադադարից ի վեր առաջին անգամ կիրառում է նաև ծանր փողային հրետանի՝ 122 մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմն ունենում է 4 զոհ և տասնյակից ավելի վիրավորներ։

Նույն օրն իսկ նախագահ Սարգսյանը հայտարարություն է անում, որում նշում է․ «Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:

Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»։

Տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսում է օրեր առաջ Ադրբեջանի կողմից առաջնագիծ բերված տանկերի մասին, նաև անդրադառնում տարվա ընթացքում կիրառած ծանր զենքների, առկա իրավիճակի մասին։ Նա առաջարկում է լրագրողներին այլևս չօգտագործել «հրադադարի խախտում» արտահայտությունը, քանի որ իրավիճակը փաստացի պատերազմական է։

 

2016․ Ապրիլյան պատերազմ

2016-ի առաջին զոհի մասին Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է հունվարի 9-ին։ Փետրվարին թշնամու դիպուկահարի կրակոցից սպանվում է խաղաղ բանկիչ։

Ապրիլի 2-ին առավոտյան ժամը 08։18-ին Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Թեժ բախումները շարունակվում են մինչև ապրիլի 5-ի կեսօրը։ Այնուհետև հայտնի է դառնում, որ կրակը դադարեցնելու մասին երկկողմանի համաձայնություն է ձեռքբերվել։ Թեև միջադեպեր շարունակվում են արձանագրվել նաև հաջորդող օրերին։ Մասնավորապես, ապրիլի 7-ի գիշերն ադրբեջանական կողմն, ըստ ՊԲ մամուլի հաղորդագրության, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետների կիրառումից, ձեռնարկում է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: Ապրիլի 8-ին երկու հայ զինծառայող է զոհվում՝ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով։ Դիվերսիայի փորձեր են լինում ապրիլի 14-ին և 17-ին։ Ապրիլի 25-28-ը լինում են ակտիվ հրետակոծություններ, այդ թվում նաև բնակավայրերի ուղղությամբ։

Պատերազմի առաջին զոհերից էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն, ով իր երկու եղբայրների հետ դպրոցի ճանապարհին էր, երբ թշնամին հարվածում է։ Բացի նրանից, պատերազմի ժամանակ նաև այլ զոհեր եղան խաղաղ բնակչության շրջանում։ Պատերազմի հաջորդ օրը «Հետքը» ներողություն խնդրելով իր ընթերցողներից հրապարակում է ադրբեջանական վայրագության փաստ-լուսանկար՝ Թալիշ գյուղում ապրող տարեց ամուսիների գնդակահարության և ականջները կտրելու վեաբերյալ։

Եվ ընդհանրապես, քառօրյա պատերազմը նորից ահազանգում է Ադրբեջանի իշխանությունների ամենաբարձր աջակցությունը վայելող հայերի նկատմամբ ատելության մասին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է զեկույց՝ անդրադառնալով 31 անձանց հանդեպ իրականացված պատերազմական հանցագործությունների՝ խոշտանգման, մահապատժի, մարմինների անարգման դեպքերի վերաբերյալ։

Ապրիլ ամսվա ընթացքում տեղի ունեցած մյուս միջադեպերի հետևանքով հայկական կողմն ունեցել է 106 զոհ, իսկ պատերազմի բուն 4 օրերի ընթացքում 75 զոհ, որից 4-ը խաղաղ բնակիչներ։

Այս պատերազմում հայկական կողմն ունեցավ նաև տարածքային կորուստներ․ մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խոսեց շուրջ 800 հեկտար կորցնելու մասին։ Սակայն պատերազմից չորս տարի անց՝ 2020-ի օգոստոսին Սերժ Սարգսյանն իր տեսաուղերձում նշում է, որ ճշգրիտ չափումներով կորսված տարածքը ոչ թե 800, այլ 400 հեկտար է եղել․ «Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց վերցնել 800 հեկտարը, այսինքն 0,1 տոկոսը։ Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին ու իմ որոշման մեջ եղել եմ վճռական»։

Ի դեպ, ռազմական հետաքննությունների մասնագիտացված Bellingcat կայքը գրում է, որ թեև Ադրբեջանն իր ռազմական ողջ ներուժով է իրականացնում հարձակումը՝ բլիցկրիգով տարածքների զգալի մասը գրավելու համար, սակայն դա նրան չի հաջողվում, և ունեցած կորուստներն ու հաջողությունները անհամարժեք են գնահատվում։

Մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակում են համատեղ հայտարարություն, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թվականների համաձայնագրերի պահպանման կարևորությունը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատում են մայիսի 16-ի Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Սակայն հետագայում այս գործընթացը զարգացում չի ստանում։ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները բազմիցս նշել են, որ նոր իշխանությունը հետևողական չի եղել այս հարցում և փաստացի հրաժարվել է այդ կարևոր և հայկական կողմի համար շահեկան պայմանավորվածություններից․

«․․․միջադեպերի հետաքննության այդ մեխանիզմով մենք ուղղակի միջազգայնացնում էինք շփման գիծը։ Ով շատ թե քիչ տեղյակ է բանակցային պրոցեսից, սա հստակ պետք է հասկանար, և Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ դրանից հետո ուժի գործադրումը շատ ծանր հետևանքներ կունենար նրանց համար, դրա համար ամեն կերպ փորձում էր խուսափել դրանից»,- ասել է Սարգսյանը։

 

Սարգսյանի մոտեցումները Արցախյան հիմնախնդիրի վերաբերյալ

Սարգսյանի նախագահության տարիներին Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ դարակազմիկ փոփոխություններ չեն լինում։ 2008-ին պաշտոնը ստանձնելուց հետո նա սկսում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ։

Նա բազմիցս հայտարարել է, որ պատաստ է եղել 2011-ին ստորագրել Կազանյան փաստաթուղթը, որը բխում էր հենց Մադրիդյան սկզբունքներից, սակայն վերջին պահին փաստաթուղթը ստորագրել հրաժարվել է ադրբեջանական կողմը։

Արցախյան վերջին պատերազմից հետո Սերժ Սարգսյանը խոսեց, թե իր ղեկավարման տարիներին ինչ հարցերի շուրջ են բանակցությունները եղել, ինչ է ենթադրել Կազանյան փաստաթուղթը և իր մոտեցումները խնդրի լուծման վերաբերյալ։

«Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը»,- BBC-ին տված հարցազրույցում 2021-ի հունիսի 24-ին ասել էր Սարգսյանը և հավելել, որ իր վարչապետի պաշտոնում մնալն էլ հենց պայմանավորված էր նրանով, որ բանակցային գործընթացը հասցվեր այնպիսի մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։

Իսկ լուծման տարբերակը այսպիսին պիտի լիներ․ «Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ճանաչեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, որը անպայման պետք է ունենար իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում՝ առանց կամարտահայտման օրը նշելու։ Դա կլիներ մեր նվազագույն շեմը։ ․․․Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կկապեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և կսկսեինք հաշտեցման գործընթաց»։

Սարգսյանի խոսքով, Ալիևը «պրակտիկորեն» համաձայն է եղել այս տարբերակին։

 

Բողոքի ցույցեր և ընդվզումներ

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը սկսվեց հետընտրական բողոքի ակցիաներով ու բախումներով և նույն կերպ էլ ավարտվեց։ Եվ ընթացիկ տարիներն էլ առատ էին բողոքի ցույցերով, որոնցից առավել զանգվածային դեպքերը ներկայացնում ենք ստորև․

*«Ո՛չ 150 դրամին»․ 2013 թվականի հուլիսի 20-ին Երևանում բողոքի ցույցեր են սկսվում՝ ընդդեմ երթուղային տրանսպորտի սակագնի բարձրացման․ նախատեսվում էր ուղեվարձը 50%-ով բարձրացնել՝ 100 դրամից դարձնելով 150 դրամ։ Ակտիվիստներին միացել էր նաև դերասան, իսկ ներկայումս նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հինգ օր անց՝ ուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կասեցնելու մասին։

*«Դեմ եմ»․ 2013-ի հոկտեմբերին կառավարությունը հայտնում է 2014-ի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, որի դեպքում 1974թ-ին և դրանից հետո ծնվածները (շուրջ 250 հազար մարդ) պետք է պարտադիր հատկացումներ անեին կենսաթոշակային ֆոնդերին։ Ամսական դրույքաչափը նախատեսված էր եկամտի 10 տոկոսի չափով, որից 5-ը վճարում էր աշխատողը, 5-ը՝ պետությունը։

Հիմնականում ՏՏ ոլորտիաշխատակիցները նախաձեռնում են «Դեմ եմ պարտադիրին» շարժումը, որը շուրջ մեկ տարի ակտիվ պայքարում է պարտադիր բաղադրիչի դեմ։ Հրապարկվում են բաց նամակներ, կազմակերպվում են երթեր, ավտոերթեր, լուռ ակիցաներ։ Համագործակցում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, հետագայում նաև ընդունված օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։

Թեև պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգվում է, սակայն, ի վերջո, այն գործողության մեջ է մտնում։ Նույնիսկ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակում «Դեմ եմ»-ի ակտիվիստներից Մանե Թանդիլյանը, կառավարությունը չի հրաժարվում կենսաթոշակային կուտակային ֆոնդերին ուղղվող պարտադիր վճարվող բաղադրիչից։

*«Էլեկտրիկ Երևան» անունը ստացած ամենամասշտաբային սոցիալական բողոքի շարժումը սկսվում է 2015-ի հունիսի 22-ին և տևում շուրջ 2 շաբաթ։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որով էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվում էր շուրջ 7 դրամով։

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը դեռևես հունիսի 17-ին հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և 5 օր ժամանակ սահմանում՝ պահանջը կատարելու համար։ Ցանկալի պատասխանը չստանալով հունիսի 22-ին խաղաղ երթով քայլում են դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայր։ Սակայն ոստիկանական ուժերը արգելում են առաջ շարժվել։ Ցուցարանները նստացույց են սկսում հենց պողոտայի սկզբնամասում՝ փակելով այն ու խաթարելով ողջ երթևեկությունը։

Հունիսի 23-ի առավոտյան ժամը 5։30-ի սահմաններում ոստիկանությունը ջրցան մեքենաներով փորձում է ցրել ցուցարարներին․ այդ գործողության ժամանակ 237 հոգի է բերման ենթարկվում, 25 մարդ հոսպիտալացվում է, բռնություն է կիրառվում նաև լրագրողների հանդեպ։ Սակայն ուժի կիրառումը նոր թափ է հաղորդում շարժմանը, նույն օրն իսկ ավելի շատ մարդիկ են գալիս Բաղրամյան պողոտա՝ «ինչքան ջրեք, այնքան կաճենք» և այլ գրառումներով պաստառներով։

Ու թեև կառավարությունը չչեղարկեց էլէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, սակայն

հայտարարեց, որ մեկ տարով դոտացիա է տրամադրելու սակագնի բարձրացման դիմաց՝ ամսական 250 ԿՎտԺ-ից պակաս պակաս օգտագործող քաղաքացի բաժանորդներին և ամսական 500 ԿՎտԺ-ից պակաս օգտագործող փոքր ու միջին ձեռնարկություններին: Այս որոշումը թուլացրեց «Էլեկտրիկ Հայաստանի» դիմակայությունը:

 

ՊՊԾ գնդի գրավում

«Սկսվել ա, ժողովուրդ ձեզ համար ենք անում, դուրս եկեք փողոց», — այս արտահայտությամբ սկսվող տեսանյութը 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան ցնցեց հայ հանրությանը։ Այդ օրը վաղ առավոտյան իրենց «Սասնա ծռեր» անվանող խումբը (31 հոգուց բաղկացած) զինված հարձակմամբ գրավում է ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը։ Հարձակման ժամանակ զոհվում է գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, 4 ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը վիրավորվում են։ Վիրավորներից ենթասպա Գագիկ Մկրտչյանը օգոստոսի 13-ին մահանում է հիվանդանոցում։ Պատանդառվում են գնդի աշխատակիցներ, իսկ ավելի ուշ նաև բանակցությունների գնացած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Զինված խումբը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։

Ոստիկանությունը փակում է ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Գնդի ամբողջական տարածքը շրջափակվում է։ Միջնորդավորված բանակցություններ են սկսվում իշխանության և զինված խմբի միջև։

Գնդի գրավումից հետո զինված խմբին աջակցելու կասկածով ձերբակալվում, բերման են ենթարկվում «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա Ծռերի» աջակիցներ, բարեկամներ։

Այս օրերին զինված խմբի անդամների աջակիցները ցույցեր ու երթեր են անում, որոնց ժամանակ բախումներ են լինում ոստիկանների հետ, ոստիկանությունը ուժ է կիրառում՝ հավաքները ցրելու համար, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվում, նրանցից ոմանց մեղադրանքներ է առաջադրվում անկարգության մասնակցության համար։

Հուլիսի 19-ին Սարի թաղի բնակիչները բողոքի ալիք են բարձրացնում՝ գազի մատակարարումն անջատելու, փողոցների փակ լինելու, և իրենց տեղաշարժը դժվարացնելու համար։ Այստեղ ևս լուրջ բախում է լինում ոստիկանների հետ։

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքվածները ոստիկանությանը դիմում են՝ զինված խմբի անդամներին սնունդ փոխանցելու հարցը լուծելու համար։ Բավարար պատասխան չստանալուց հետո քարեր ու շշեր են շպրտվում ոստիկանների ուղղությամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում, նաև արցունքաբեր գազ։ 51 հոգի դիմում է բուժօգնության, որից 29-ը ոստիկաններ, բերման է ենթարկվում 136 հոգի։

Դեպքերի վերաբերյալ առաջին անգամ հրապարակային դիրքորոշում Սերժ Սարգսյանը հայտնում է հուլիսի 22-ին՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ․ «Պատանդները պետք է ազատ արձակվեն:Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու ՀՀ Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար»,- ասում է նա։

Հուլիսի 23-ին ազատ են արձակվում բոլոր պատանդները։ Նույն օրը ժամը 16-ից հետո գնդի տարածք են մտնում մի խումբ լրագրողներ ու նկարահանող խմբեր։ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքար սկսել իշխանությունների դեմ:

Հուլիսի 25-ին ԱԱԾ-ն խմբին կոչ է անում հանձնվել իշխանություններին և ներկայացնում է քրեական պատասխանատվությունից ազատման պայմանները: Խմբին սնունդ փոխանցելու հարցը շարունակում է խնդիր մնալ։ Ոստիկանությունը հայտնում է, որ խմբի անդամները գնդի տարածքից 2 մեքենա են հանել, այրել: Փոխհրաձգություն է տեղի ունենում: Վիրավորվում և հիվանդանոց են տեղափոխվում խմբի անդամներից երկուսը։

Հուլիսի 26-ի վաղ առավոտյան քաղաքացի Արթուր Սարգսյանն, իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրում է ոստիկանական շղթան եւ սնունդ հասցնում «Սասնա ծռերին»: Նրան հետագայում մարդիկ ճանաչում են «Հաց բերողը» անունով։ Զինված խմբի երկու անդամ հանձնվում են իրավապահ մարմիններին։ Նաև ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորվում են խմբի անդամներ Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին` Արամը, և իրավապահ մարմինների աշխատակից:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտնում է, որ խումբը պատանդ է վերցրել Շտապօգնության աշխատակիցներին: Իսկ զինված խմբի դիրքորոշումն այլ է․ «Ներսում երկու վիրավոր կա: Տղաներն ուղղակի ուզում են, որ բժիշկները մշտապես այնտեղ լինեն և փոխարինեն իրար»: Խորենացու փողոցում հանրահավաքի համար հավաքվածներին ոստիկանությունը ուժով հեռացնում է, մի մասին բերման ենթարկում։

Հուլիսի 29-ին փոխհրաձգության հետևանքով վիրավորվում են խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, ավելի ուշ նաև Արմեն Լամբարյանը և Արթուր Մելքոնյանը, ովքեր տեղափոխվում են հիվանդանոց։

Այս օրը տեղի են ունենում Սարի թաղի հայտնի դեպքերը։ «Ազատության» հրապարակի ցույցից հետո մասնակիցներն ուղղվում են Սարի թաղ, որտեղ բախում է տեղի ունենում ոստիկանության հետ: Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ծխանռնակներ ու լուսաձայնային նռնակներ են նետում: Տարածքում հրդեհ է սկսվում: Միաժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառում նաեւ Խորենացու փողոցում եւ ցրում ցուցարարներին: Շուրջ 80 մարդ դիմում է բուժօգնության՝ տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու հետևանքով։ 16-ամյա Սայադ Հարությունյանը այս բռնությունների հետևանքով կորցնում է աչքը։ Բռնությունների են ենթարկվում նաև լրագրողները, խոչընդոտվում է նրանց աշխատանքը։ Բերման է ենթարկվում շուրջ 200 քաղաքացի։

Հուլիսի 30-ին ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊԾ գնդից կրակոցի հետեւանքով զոհվել է 30-ամյա ոստիկան Յուրա Ստեփանոսյանը: ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն մասին, որ «սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները» և ժամանակ է տրվում մինչև ժամը 17-ը զենքը վայր դնել և հանձնվել, հակառակ դեպքում «լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի»:

«Սասնա ծռերը» որոշում են հանձնվել ոստիկանությանը։

Հաջորդ օրը երեկոյան զենքերը վայր են դնում և դուրս գալիս գնդի տարածքից։ ԱԱԾ-ն հայտնում է, որ գնդի տարածքն ազատագրված է, ձերբակալվել է 20 հոգի։

Այնուհետև սկսվում է այս օրերին հարուցված քրեական գործերի նախաքննություններն ու հետագայում երկարատև դատավարությունները։ 2021-ի փետրվարի 24-ին հրապարակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի 10 առանցքային անդամների դատավճիռները: Նրանց մասով գործի քննությունը տեղափոխվել է վերաքննիչ ատյան, իսկ մյուսների մասով դատավարությունը շարունակվում է առաջին ատյանում։

 

Աղմկահարույց քրեական գործեր

2008-2018 թվականների ընթացքում մի շարք աղմկահարույց հանցագործություններ են կատարվում, որոնց նախաքննությունն ու դատավարությունը հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը․

*2011-ի աշնանն աղմուկ բարձրացրեց լուրը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապտակել է կին գործարար Սիլվա Համբարձումյանին: Ավելի ուշ համացանցում հայտնվեց նաև դեպքի տեսագրությունը: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվում է քրեական գործ, սակայն կարճ ժամանակ անց կարճվում է, քանի որ կատարված արարքը ծեծ չի որակվում:

*2012-ին մայիսի 25-ին ԱԱԾ-ն «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցում, որն առնչվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Ավելի ուշ գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Իսկ հոկտեմբերի 8-ին Օսկանյանը որպես մեղադրյալ է ներգրավվում: Այս գործը թե Օսկանյանը, թե այլ քաղաքական և հասարակական գործիչներ ու ինստիտուտներ որակում են որպես քաղաքական հետապնդում: Շուրջ մեկ տարի անց ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում՝ Օսկանյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

*2012 թվականի հունիսի 17-ի ուշ երեկոյան «Հարսանքար» ռեստորանում (որը, ըստ մամուլի, պատկանում էր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին) դաժան ծեծի են ենթարկվում մի խումբ ռազմաբժիշկներ, իսկ նրանցից Վահե Ավետյանը մահանում է։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները, որոնք հետագայում դատապարտվում են 12 տարվա ազատազրկման։ Այս դեպքը բորբոքում է հանրության զայրույթը և անպատժելիության մթնոլորտը վերացնելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու պահանջով բողոքի ակցիաներ են լինում: Հասարակական ճնշման արդյունքում Ռ. Հայրապետյանը պատգամավորի մանդատը վայր է դնում:

*2013-ի հունիսի 2-ին լրատավամիջոցները հայտնեցին, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում էր, որ Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որի ժամանակ վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ ներգրավվեցին Սուրիկ Խատարյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր շուրջ 2 ամիս անց ազատ արձակվեցին և նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց այն հիմքով, թե հաստատված էր համարվել, որ դիմել էին ինքնապաշտպանության:  Գործով միակ ամբաստանյալը Արտակ Բուդաղյանն էր՝ սպանությամբ սպառնալու մեղադրանքով:

Այս դեպքի հաջորդ օրն իսկ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է հրաժարական տալու մասին: Սակայն մեկ տարի անց նա նորից նշանակվում է Սյունիքի մարզպետ և պաշտոնավարում ևս երկու տարի:

Խաչատրյանների ներգրավվածությամբ սակայն քրեական պատմությունները սրանով չեն ավարտվում: 2015թ. մայիսի 2-ին «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն. բռնության էին ենթարկվել Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետևանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը: Այս քրեակական գործով ևս մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր, սակայն երկու ամիս անց ազատ արձակվել: Այս գործով մեղադրյալներ էին ներգրավվել նաև մարզպետի եղբայրն ու եղբորորդին:

Այս դեպքից օրեր անց լուր է տարածվում Սուրիկ Խաչատրյանի հանդեպ մահափորձ կատարելու մասին. Գորիս-Կապան ավտաճանապարհին կրակոցներ էին արձակվել նրա մեքենայի ուղղությամբ, տուժողներ չէին եղել: Հետագայում այս գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

*2013-ին կալանավորվում է իրեն էպոսագետ համարող, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը՝ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպասնությունը պատվիրելու մեղադրանքով։ Դատապարտվում է 14 տարվա ազատազրկման։

*Հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» է նախաձեռնում։ Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում բախումներ ոստիկանների հետ։ Խուլիգանության մեղադրանքով կալանավորվում են Շանթն ու ընկերները։ 13 հոգի դատապարտվում են 1,6 -7 տարվա ազատազրկման, և Շանթ Հարությունյանը՝ 6 տարվա ազատազրկման:

*2014-ի մայիսի 17-ին ցերեկը կրակոցներ են արձակվում «Վերնիսաժի» տարածքում։ Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ վիճել է Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է նրանց կյանքից զրկել նրանց, անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Հաջորդ օրը Գոռը ներկայանում է ոստիկանություն։ Հետագայում դատապարտվում է 6,5 տարվա ազատազրկման։ 2017-ին նախագահը ներում է շնորհում։ Մեկ տարի անց նրան հայտնաբերում են մահացած։

Ի դեպ, 2017-ին նույնպես «Վերնիսաժի» տարածքում ցերեկային ժամի կրակոցներ են արձակվում, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվում է, մեկ հոգի վիրավորվում։

*2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ Նորք Մարաշում զինված խումբ է վնասազերծվել: 20 հոգանոց խումբը գլխավորել է Արթուր Վարդանյանը։ Խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես` թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի թվում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը: Դատավարությունը մինչ օրս շարունակվում է։

*2017-ին կալանավորվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը՝ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստան բերելու մեղադրանքով: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչում և դատապարտոմ 6 տարվա ազատազրկման։ 2018-ի հուլիսի 15-ին կալանքից ազատ են արձակվում Բաբայանն ու գործով մյուս ամբաստանյալները։ Վճռաբեկ դատարանը նաև ստորադաս ատյանի ակտը բեկանում է և գործն ուղարկում նոր քննության։ «Սերժ Սարգսյանը պատվեր էր տվել, գործը սարքել էին»,- հայտարարել էր Սամվել Բաբայանը:

*2015-ի հունվարի 12-ին ողջ հայ հանրությունը ցնցվում է ահասարսուռ այն լուրից, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը վաղ առավոտյան մտել է Ավտիսյանների տուն, գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, սվինահարել 6 ամսական փոքրիկին, ով 7 օր անց մահանում է հիվանդանոցում։ Ոճրագործությունից հետո բազմամարդ բողոքի ակցիաներ են լինում Գյումրիում՝ պահանջով, որ Պերմյակովն ու գործի քննությունը հանձվեն ՀՀ-ին։ Դատավարությունը տեղի է ունենում Հայաստանում, սակայն ռուսական տրիբունալի կողմից, Պերմյակովը դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Պատիժը կրում է Ռուսաստանում։

 

Սոցիալ-տնտեսական իրավիճակը

Սոցիալ-տնտեսական վիճակի մասին առավել պատկերավոր խոսում են վիճակագրական տվյալները։ 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածում է նաև Հայաստանի տնտեսությանը․ տնտեսական աճն անկում է ունենում՝ 5,9 տոկոս՝ նախորդ երկնիշ՝ 13,7 տոկոսի համեմատությամբ։

Վիճակագրական կոմիտեի «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2018թթ» հետազոտության մեջ նշվում է․ «Ներդրումները նվազեցին մեծացող տեմպով, իսկ բնակելի շենքերի շինարարությունն առաջին հատվածն էր, որ ամենամեծ տուժողը հանդիսացավ տնտեսական միջավայրի կտրուկ փոփոխության արդյունքում: Տնտեսական ցուցանիշները հաստատեցին, որ 2009թ.-ի արդյունքներով խոր անկում արձանագրվեց: 2009թ.-ին գրանցվեց իրական ՀՆԱ-ի 14.1% անկում, որին սկսեց հաջորդել դանդաղ վերականգնում` սկսած 2010 թ.-ից (2010թ.-ին ՀՆԱ-ի հավելաճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 2.2%, 2011թ.` 4.7%): Բավականին զգալի էր 2012թ. ՀՆԱ-ի աճը` 7.2%, սակայն դա դեռևս բավարար չէր հասնելու 2008թ.-ի տնտեսական ակտիվության մակարդակին: 2013թ. տնտեսության վերականգման միտումները շարունակվում էին, սակայն նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով (ՀՆԱ-ի հավելաճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 3.3%)` հիմնականում պայմանավորված շինարարության ոլորտի անկմամբ»:

Հենց այս շրջանում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին․ նա նշում է շինարարության ծավալների նվազման պատճառների մասին՝ արտագաղթը, հիպոթեքային վատթար պայմաններն ու բնակչության ապատիան․ «Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել», — նշել էր նա։

Նույն հետազոտության մեջ նշվում է՝ 2014 թվականին, չնայած տարվա առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճը արագացման միտումներ էր դրսևորել, սակայն տարեվերջին տնտեսական աճի տեմպը դանդաղեց և տարեկան աճը կազմեց 3.6%: 2015-2016 թվականներին տնտեսական իրավիճակը մեծապես կրում էր արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի տեմպերի դանդաղման ազդեցությունը: 2017-2018թթ. տնտեսական աճի միտումները դրական իմաստով փոխվեցին և կազմեցին համապատասխանաբար 7.5% և 5.2%:

 

Աղքատություն

Սերժ Սարգսյանի կառավարման առաջին տարիներին մեծապես աճում է աղքատության մակարդակը․ 2008-ին աղքատների թիվը կազմել է բնակչության 27․6 տոկոսը, 2010-ին հասնում է առավելագույն մակարդակին՝ 35․8 տոկոս, այնուհետև աստիճանաբար սկսում է նվազել․ 2011-ին՝ 35 տոկոս, 2014-ին՝ 30 տոկոս, 2017-ին՝ 25,7 տոկոս, 2018-ին՝ 23,5 տոկոս։ Նվազում է նաև ծայրահեղ աղքատությայն ցուցանիշը՝ 2008-ին այն եղել է՝ 1,6 տոկոս, 2018-ին՝ 1 տոկոս։ Սրանք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներն են։

 

Արտագաղթ 

Բնակչության թիվը անկախությունից ի վեր նվազել է։ Եթե 2008-ին պաշտոնական տվյալներով եղել է 3 միլիոն 97 հազար մարդ, ապա 2018-ին՝ 2 միլիոն 986 հազար մարդ է եղել։ Աճել են նաև արտագաղթի ցուցանիշները․ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին յուրաքանչյուր տարի միջինում 37 հազար մարդ է դուրս եկել ու չի վերադարձել․ ընդհանուր ավելի քան 370 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից (Տես՝ «Ընդհանուր ցուցանիշներ» մասում)։

 

Արտաքին պարտք

Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը մեծապես աճել է, ըստ Վիճակագրության կոմիտեի տվյալների։ 2008-ին արտաքին պարտքը կազմել է 585 միլիարդ դրամ, 2009-ին գրեթե կրկնապատվել է՝ 1 276 միլիարդ դրամ, այնուհետև աստիճանաբար աճել է և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 279 6 միլիարդ դրամ։

 

Շինարարություն

Նրա կառավարման տարիներին կառուցվում են պետական կառույցների համար նախատեսված շենքեր (նախարարությունների, Քննչական կոմիտեի, Արդարադատության ակադեմիայի և այլն), մի քանի ՀԷԿ-եր, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի որոշ հատվածներ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, բացվում են Դիլիջանի միջազգային դպրոցն ու «Այբ» հանրակրթարանը, «Թումո» կրթական կենտրոնը, բացվում են մի քանի նորագույն սարքավորումներով հագեցած բուժկենտրոններ և այլն։

 

Կոռուպցիան և մոնոպոլիաները

2012-ի սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը խիստ տոնով խոսում է պետական գնումների (շուկայականից թանկ գնումներ, ծանոթ-բարեկամին տենդերի հաղթող ճանաչել, «ատկատներ») և պետական բյուջեն տնօրինելու ոլորտում կոռուպցիոն խնդիրների մասին։ Եվ կառավարության անդամներին հանձնարարում է «գլխից բռնել մեծերին»։

Այս հայտարարությունից հետո իր պաշտոնավարման ողջ ընթացքում, թեև եղան բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ, սակայն կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյաները այդպես էլ ուշադրության չարժանացան։ Օրինակ, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը 2016-ը միջազգային հետաքննական «Պանամական թղթեր»-ի հերոսներից մեկն է։ Ըստ հետաքննության՝ Պանամայում Միհրան Պողոսյանի անունով գրանցված ընկերությունները Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերեր են, իսկ այդ ընկերությունն իրականացրել է անշարժ ու շարժական գույքի գնահատում Մ․ Պողոսյանի ղեկավարած ԴԱՀԿ ծառայության համար: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նա այդպես էլ պատասխանատվության չի կանչվում։

Բացի սրանից, լրագրողական հետաքննական բազմաթիվ հոդվածներ են հրապարկվել, որոնք ուղղակիորեն մատնանշում էին կոռուպցիոն ռիսկերը թե՛ պետական բյուջեի տնօրինման, թե՛ պետական գնումների, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ու շահերի բախման դեպքերի մասին, որոնց այդպես էլ ընթացք չէին տրվում։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ հանրության քննարկումներ են սկսվում կոռուպցիոն խնդիրների մասին՝ պաշտպանության ոլորտից սկսած, կառավարությունը սկսում է այս ուղղությամբ քայլեր անել։ Օրինակ, ակտիվորեն սկսում է աշխատել քաղհասարակության հետ՝ հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ։ Ու թերևս դա է հիմք դառնում, որ 2017-ին և 2018-ին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը Հայաստանը բարելավում է կոռուպցիայի ընկալման համաթիվը (Տես՝ «Ընդհանուր ցուցանիշներ» մասում)։

2016-ին կառավարությունը խոսում է նաև մենաշնորհների դեմ պայքարի մասին։ Հունիսի 2-ի կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարում է էկոնոմիկայի նախարարությանը մեկամսյա ժամկետում շուկայում կարևոր 10 ապրանքների` շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գործընթացների մասին ուղեցույցներ մշակել: Նշում է, որ այս շուկաները թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհային:

Մոնոպոլիաների դեմ պայքարի մասին խոսում է նաև հաջորդ վարչապետ Կարեն Կարապետյանը։ ԱԺ-ում հնչած հարցին, թե ինչպես է պայքարելու դրա դեմ, պատասխանում է՝ արդար ու թափանցիկ միջավայր ստեղծելով․ «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա, անձամբ ինձ զանգահարում եք»։

Հետագայում հայտնի է դառնում, որ որոշ գործարարներ փորձում են մտնել մենաշնորհային շուկա, օրինակ Վահրամ Միրաքյանը սկսում է բանան ներկրել և նշում է․ «Աշխատում ենք ներմուծման ծավալներն ավելի մեծացնելու ուղղությամբ: Հիմա ո՞վ է գերիշխող, ո՞վ` ոչ, առանձնապես չի հետաքրքրում, որովհետև մեզ առանձնապես չի խանգարում»։ Իսկ ընդդիմախոսները փոքր ծավալով ներկրողներին չեն համարում խոշորներին մրցակից և, նշում, որ, ընդհանուր առմամբ, նրանք շոշափելի փոփոխություններ չեն կարող բերել մոնոպոլ շուկաներում։

 

Ընտրություններ և հանրաքվեներ

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում անցկացվեցին 2 խորհրդարանական, մեկ նախագահական ընտրություններ, մի շարք ՏԻՄ ընտրություններ և մեկ սահմանադրական հանրաքվե։

*2012-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին մայիսի 6-ին։ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է իրականացնում կուսակցության քարոզարշավը՝ ներկա գտնվելով նաև մարզային հանդիպումներին։ Ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստանում է 131 պատգամավորական մանդատից 69-ը, 37-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 7-ը՝ Հայ ազգային կոնգրեսը, 6-ական՝ ՀՅ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիրը», 5-ը՝ «Ժառանգությունը»: Մեկ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու՝ Էդմոն Մարուքյանը նույնպես ստանում է պատգամավորական մանդատ։

2012-ի հունիսի 26-ին հրապարակված ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցում թեև անդադարձ է լինում ընտրությունների ընթացքում արձանագրված բազմապիսի խախտումներին, նաև նշվում է․ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն գնահատեց ընտրական գործընթացների համապատասխանությունը ժողովրդավարական ընտրությունների համար ԵԱՀԿ պարտավորություններին և այլ միջազգային չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը»:

*2013-ի նախագահական ընտրություններն անց են կացվում փետրվարի 18-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ամփոփիչ տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ստանում է ձայների 58.64 %-ը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,74%-ը: Այս արդյունքների հավաստիությունը կասկածի տակ է դրվում Րաֆֆի Հովհաննիսյանի և աջակիցների կողմից։ Նա սկսում է իր «Բարևի հեղափոխությունը»։

Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նա հայտարարում է «մինչև վերջ» պայքարի մասին ու սկսում իր շրջայցերը մարզեր։ Հանդիպումներ են լինում ՀՀ-ում օտարերկյա պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ։ Իսկ մարտի 10-ին հայտարարում է հացադուլ՝ պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։ 22-օրյա հացադուլից հետո նա նորից շարունակում է մարզային այցելությունները։

2013-ին նախագահի պաշտոնը վերստանձնելու և երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում երդման այլընտրանքային արարողություն էր կազմակերպել իրեն ընտրություններում հաղթած համարող Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ա1+»-ը գրում է․ «Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից հորդորեց Հայաստանի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ձերբակալել իրեն։ Հովհաննիսյանը այդ օրը Հայաստանի քաղաքացիներին կոչեց հակառակ ոստիկանության իր ձևակերպմամբ՝ ապօրինի պահանջի՝ երթով հասնել Ծիծեռնակաբերդ, ընդ որում քայլել պարտադիր Բաղրամյանով, Ազգային Ժողովի, ՀՀ նախագահի նստավայրի առջևով։ Մինչ բողոքական ընտրազանգվածը ձգտում էր մուտք գործել Բաղրամյան, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին Ծիծեռնակաբերդ հասցնել այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով Բաղրամյանը։ Այստեղ միասնական աղոթք հնչեց»։

Ապրիլի 9-ից հետո բողոքի ալիքն աստիճանաբար մարեց։

Այս ընտրությունները ևս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում, ընդհանուր առմամբ, գնահատում է դրական։ Ի դեպ, նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների ասուլիսին մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում․ անսպասելիորեն ներս են մտնում սրահ և ակտիվիստ (2018-ի իշխանափոխությունից հետո ԱԺ նախագահ, այնուհետև՝ պատգամավոր) Լենա Նազարյանը կարդում է բողոքի ուղերձը՝ ընդդեմ միջազգային դիտորդների «լղոզված հայտարարությունների»։

 

*Սահմանադրական հանրաքվե․ կառավարման նոր համակարգ

2013-ի սեպտեմբերին Ս․ Սարգսյանը ստորագրում է հրամանագիր՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Շուրջ մեկ տարի անց հրապարակվում է նոր սահմանադրության հայեցակարգը,որով նախատեսվում է ՀՀ կառավարման նախագահական համակարգից անցում խորհրդարանականի:

Սկսվում են քննարկումներ այն մասին, որ սրանով Սարգսյանն ապահովում է իր կառավարման երրորդ փուլը։ 2015-ի փետրվարին Սարգսյանն այս առթիվ ասում է․ «Կարևորագույն խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն»:

Ի դեպ, հենց այս շրջանում Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը վատթարանում է։ Freedom House-ի զեկույցում նշվում է Սարգսյանի իշխանությունից չհրաժարվել ցանկանալու մասին։ Իսկ Economist Intelligence Unit-ը 2016-ին Հայաստանը համարում է ավտորիտար (Տե՛ս «Ընդհանուր ցուցանիշներ» մասում)։

2015-ի դեկտեմբերի 6-ին անցկացվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ Մայր օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկում ընտրողների 63,37 տոկոսը, դեմ` 32,32 տոկոսը։

Դիտորդական խմբերն ու ընդդիմությունը հայտնում են աննախադեպ ընտրախախտումների մասին, իսկ իշխանությունը՝ որ դրանք չեն ազդել վերջնական արդյունքների վրա։

*2017-ի ապրիլի 2-ին նոր Սահմանադրությամբ առաջին խորհրդարանական ընտրություններն են անցկացվում։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (49,12%) , «Ծառուկյան» դաշինք (27,32%), «Ելք» դաշինք (7,77%), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (6,57%) և համապատասխանաբար ստանում են համապատասխանաբար ստանում են 58, 31, 9 և 7 մանդատ։

Այս ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում նշեց․ «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը: Ընդհանուր առմամբ ընտրության օրը հանգիստ էր և խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»։

 

Սերժ Սարգսյանը՝ վարչապետ․ կառավարումը շարունակելու փորձ

Սերժ սարգսյանի նախագահական լիազորությունները մոտենում են ավարտին, իսկ նրա թիմակիցները միասնաբար սկսում են հայտարարել նրա անփոխարինելի ղեկավար ու քաղաքական գործիչ լինելու մասին։ Իսկ 2018-ի մարտի 5-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու մասին հայտնի հայտարարությանը, ասում է՝ «Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի»։

2018-ի ապրիլի 14-ին ՀՀԿ-ն հայտարարում է, որ կուսակցության գործադիր մարմինը որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը և որ ապրիլի 16-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հակառակ հանրային դժգոհություններին՝ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը մնում է օրակարգում։ Ապրիլի 17-ին նա 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ի կողմից ընտրվում է վարչապետ։ Այս պաշտոնում նա առաջին ու վերջին անգամ վարում է կառավարության նիստ ապրիլի 19-ին։ Հենց այս նիստի ժամանակ էլ հայտնում է՝ Կոնդի ամառանոցում կառավարության որոշմամբ իրեն անհատույց սեփականության իրավունքով տրված բնակարանից հրաժարվելու մասին․ «Պարո՛ն Գևորգյան (փոխվարչապետ Արմեն Գևորգյան,- հեղ․), խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ»։

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը զանգվածային բողոքի ցույցերի և հանրային ճնշումների արդյունքում հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

 

Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Անկախություն | N11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-2021) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար: