Ինչպես պարզ է դառնում աղյուսակից, ՏՏ ոլորտը 2020-ին 2019-ի համեմատ արձանագրել է 2,8% աճ, ընդ որում՝ արտադրությունը նվազել է 40,3%-ով, առևտուրը՝ 20%-ով, իսկ ծառայություններն աճել են 8,1%-ով:
Հարկ է նշել, որ Հայաստանում ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավական երիտասարդ է: Ընկերությունների մեծ մասը՝ գրեթե 95%-ը, հիմնադրվել է 2000-2018 թթ.: Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987 թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է օտարերկրյա ընկերության առաջին մասնաճյուղը: 1991-1997 թթ. տեխնոլոգիական ոլորտն ապրել է բավականին ծանր անցումային շրջան. տարածաշրջանային հակամարտությունները, նվազող տնտեսությունը և բարձրակարգ մասնագետների արտագաղթը զգալիորեն խոչընդոտել են տնտեսության ընդհանուր վերականգնմանը: 1998 թ. դրությամբ Հայաստանում գործում էր մոտ 35-40 ծրագրավորող ընկերություն և ինտերնետային կապի պրովայդեր, որոնցում, ըստ տարբեր հաշվարկների, աշխատում էր շուրջ 1.000 մասնագետ: 1998-ին ոլորտում աշխատող մասնագետների թիվը էապես ցածր էր 1987 թ. արձանագրված ցուցանիշից, երբ միայն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն ուներ մինչև 10.000 աշխատակից: Վերջին տասնմեկ տարիներին ոլորտում գրանցվել է թե՛ տեղական նորաստեղծ ձեռնարկությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի թվի կտրուկ աճ: Միայն 2017-2018 թթ. հիմնադրվել է 150 նոր ընկերություն (գործող ընկերությունների 18,8%-ը): Նույն ժամանակահատվածում ՏՀՏ ոլորտի աշխատատեղերի թիվն աճել է մոտ 4.200-ով:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020-ին ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 14.755 մարդ, որից ընդամենը 95 մասնագետ է աշխատել պետական ոլորտում, 14.680 մարդ զբաղված է եղել մասնավոր հատվածում: Համեմատության համար նշենք, որ 2021 թ. հունվար-մարտին ՏՏ ոլորտում աշխատողների թիվն ավելացել է 4.202-ով կամ 28%-ով: Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտը ՀՀ աշխատաշուկայում համարվում է ամենաբարձր վարձատրվողներից մեկը: 2020 թվականին միջին աշխատավարձը պետական ոլորտում կազմել է 411.927 ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 638.756 ՀՀ դրամ:
Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի 2018-ի ցուցանիշների վերլուծության՝ ՏՀՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայր ունենալով՝ Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ունի հետևյալ մրցակցային առավելությունները՝
- միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացման կարողություններ,
- բարձրակարգ և շնորհալի մասնագետներ,
- ՏՏ և հարակից այլ մասնագիտացումներով բուհական հիմնարար ծրագրեր, մրցակցային բարձր մակարդակ ունեցող էժան աշխատուժ և ցածր գործառնական ծախսեր,
- պետության կողմից ոլորտին հատկացվող շոշափելի աջակցություն և ներդրումային դաշտը բարելավելու պատրաստակամություն,
- ՏՏ ոլորտի կայուն և շարունակական զարգացում,
- ուժեղ և բարգավաճող Սփյուռքի ներկայություն Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում,
- խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ,
- մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:
Վերջին հինգ տարիներին էապես բարելավվել է տեղական ընկերությունների վիճակը. աճել է աշխատակիցների թիվը, ներգրավվել են վենչուրային ներդրումներ, աճել են տեխնիկական հմտություններն ու շուկայի վերաբերյալ գիտելիքները։ Ավելին, նրանք ավելի բարդ և բարձր գնահատվող նախագծեր են իրականացնում: Հայկական ընկերությունները դարձել են գրավիչ արտասահմանյան վենչուրային ներդրողների համար։
Այդուհանդերձ, ՏՏ ոլորտի կազմակերպությունների 73,2%-ի համար խնդիր է շուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը։ Բարձր որակավորում ունեցող աշխատուժ ներգրավելու խնդիրը շեշտում է կազմակերպությունների 64,2%-ը: Սա կարող է պայմանավորված լինել շուկայում տեխնիկական աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճի հետ մեկտեղ տեխնիկական մասնագիտացումներով ուսանողների թվի շարունակական նվազմամբ։
ՏՏ ոլորտի ընկերությունների 44%-ի կարծիքով՝ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը և պետական, հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը խոչընդոտում են ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի աճին։
ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների մոտ 23,2%-ն ունի միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված որոշակի խնդիրներ: Միջազգային գործընկերները հիմնականում տեղյակ չեն Հայաստանի մասին կամ պարզապես չեն վստահում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրի ներկայացուցչին։
Սեփական պրոդուկտները մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՀՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում ոլորտը օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման ռեսուրս լինելուց վերափոխվում է տեխնոլոգիական զարգացման կենտրոնի:
Գործող ընկերությունների 41%-ի եկամուտը գոյանում է սեփական ապրանքներից և ծառայություններից: Խոշոր ընկերություններում նորարարական գործունեությունից ստացվող եկամուտների ծավալը էապես փոխկապակցված է ընկերության աշխատակիցների թվի հետ, այսինքն՝ որքան մեծ է ընկերությունը, այնքան մեծ են գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում ներդրումների ծավալները։
Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում ներդրումներ կատարող ընկերությունների ընդհանուր թվաքանակի մեջ ավելացել է տեղական ընկերությունների թիվը՝ 85%-ից հասնելով 87%-ի, ինչը պայմանավորված է տեղական տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների ավելացմամբ:
ՏՀՏ ոլորտում աշխատող 15.239 տեխնիկական մասնագետների 62,9%-ն աշխատում է ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում, մյուսները կենտրոնացած են հեռահաղորդակցության ոլորտում: Հայաստանի ՏՀՏ ոլորտում մասնագետների մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են (68%): ՏՏ ոլորտի ընկերությունների տնօրենների միջին աշխատանքային փորձը 13,4 տարի է տեղական ընկերություններում և 18,6 տարի՝ օտարերկրյա ընկերություններում: Տեղական և օտարերկրյա ընկերություններում աշխատում է ՏՏ աշխատուժի համապատասխանաբար 52,5% և 47,5%-ը (2008 թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50):
Ծրագրավորման արտապատվիրվող գործունեության համար Հայաստանը դեռ համարվում է ցածր ծախսեր պահանջող երկիր, որտեղ վարձատրությունը չի զիջում ՏՏ ոլորտի աշխատանքների արտապատվիրման հիմնական երկրներին, ինչպիսիք են, օրինակ՝ Հնդկաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իռլանդիան, Չինաստանը և Կենտրոնական Եվրոպան:
2020-ին ՏՏ ոլորտում աշխատողների միջին անվանական ամսական աշխատավարձը կազմել է 646.563 ՀՀ դրամ, որն ամենաբարձրն է Հայաստանի աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում ոլորտում աշխատավարձը միջինում աճել է 7,1%-ով։ Ընդ որում, տեխնիկական աշխատողների աշխատավարձի չափը պայմանավորված է ոչ թե կրթական աստիճանով, այլ աշխատանքային փորձով։