Հայաստանում 100-րդ կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մայիսի 24-ին, տարեսկզբից կուսակցությունների երեսունմեկ հիմնադիր համագումարի հայտարարություն է հրապարակվել. նման վիճակագրություն չի արձանագրվել անկախացումից ի վեր (իսկ տարին դեռ չի էլ կիսվել): Քանակն ինքնին խնդրահարույց է։ Գրանցված կուսակցությունների մեծ մասն ընդհանրապես գործունեություն չի ծավալում. նրանք թեկնածուներ չեն առաջադրում, գումար չեն ծախսում, անգամ համացանցում ներկայացված են։ Դրանցից շատերը մի քանի տասնյակ անդամ էլ չեն ունենա:
Ամեն դեպքում, նորեկներին պետք չէ նույնքան խիստ դատել։ Իրականում, քաղաքական ներգրավվածության խանդավառ այս ալիքը ավելի քան ողջունելի զարգացում է:
read in English
A Wave of New Political Parties Crashes Onto the Scene
Ավագ սերնդի ներկայացուցիչների համար հատկապես՝ «քաղաքական կուսակցություն» կապակցության մեջ կուսակցություն բառը խորքային խարան ունի։ Նրանք դեռ հիշում են ժամանակները, երբ միակ «կուսակցությունը» ԽՄԿԿ-ն էր, որին անդամագրվելն ավելի շատ կուսակցական ղեկավարների բարեհաճությունը շահելու նպատակով հավատարմության ցուցադրում էր, քան շարքային մակարդակում փոփոխություններ բերելու ցանկություն։ Անկախությունից հետո անգամ, այն հանգամանքը, որ կուսակցությունների մեծ մասը լիովին վերահսկվում է մեկ անձի կողմից, խորացնում է կաշկանդող հիերարխիայի արմատավորված կարծրատիպը։ Պատկերը հիմա էլ է նույնը, թեև այն սկսել է ճաքեր տալ՝ անկախության սերնդի՝ 30-ի շեմը հատելուն զուգընթաց:
Մի խոսքով, կուսակցություններից շատերը շարունակում են մնալ մեկ անձի նախագիծ։ Այդպիսին են նաև Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը: Սակայն այն, ինչն այս երկուսին իրենց ստեղծման առաջին իսկ տարիներից առանձնացնում է մյուսներից, թափանցիկության նոր մակարդակն է, ընդհանուր իդեալների շեշտադրումը և տեղական ինքնակառավարման ընտրություններում թեկնածուներ առաջադրելու պատրաստակամությունը:
Կուսակցություն ստեղծելը ծանր աշխատանք է: Այն ժամանակատար է, մեծ գումարներ է պահանջում ու ամենակարևորը՝ շատ մարդ: Անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու համար գուցե մի շարք ձախողումների միջով ստիպված լինեք անցնել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2016-ի հոկտեմբերին Գյումրու տեղական ընտրություններում հավաքել էր ձայների ընդամենը 1,5%-ը։ Երկու տարի անց, սակայն, նրանց առաջնորդը երկրի վարչապետ դարձավ։
Ինչպե՞ս հիմնել նոր կուսակցություն
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունը 2019-ին սեպտեմբերին ձևավորված Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նախաձեռնությունն էր, որի հանրային քննարկումները նախ ձգձգվեցին կորոնավիրուսի համավարակի, ապա 2020-ի Արցախյան պատերազմի պատճառով։ Այդուամենայնիվ, օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 2020 թ. դեկտեմբերի 29-ին։
Եթե դուք և ձեր ընկերները որոշեք նոր կուսակցություն հիմնել, հարկավոր է առնվազն մեկ ամիս առաջ նշանակել հիմնադիր համագումար և ծանուցում հրապարակել azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում: Նշանակված օրը դուք պետք է հավաքեք 300 հոգու՝ կուսակցության հիմնադրման համար քվեարկելու, կանոնադրություն ընդունելու և գործադիր մարմին ընտրելու համար: Օրենքի նախագծի առաջին տարբերակում առաջարկվում էր գործադիր մարմնի 40%-անոց գենդերային քվոտա, սակայն այս պահանջը դուրս մնաց վերջնական տարբերակից, երբ խորհրդարանական խմբակցությունները պնդեցին, որ այն դժվար կլինի իրագործել։ Վերջնական տարբերակում հայտնվեց գործադիր մարմնի ընտրությունը գաղտնի քվեարկությամբ անցկացնելու մասին դրույթը, որպեսզի կուսակցության անդամներն ազատ լինեն քվեարկել իրենց ներքին համոզմամբ՝ առանց անհարկի ճնշումների:
Նախագիծը կուսակցություններից պահանջում էր տարածքային ստորաբաժանումներ ունենալ Հայաստանի տասը մարզերից առնվազն երեքում, ինչպես նաև Երևանում, մինչև դրանց պաշտոնապես գրանցումը: Այս պահանջը ևս չներառվեց վերջնական տարբերակում։
Հիմնադիր համագումարից հետո դուք կունենաք մինչև մեկ տարի ժամանակ՝ անհրաժեշտ փաստաթղթերը Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու համար: Այստեղ քաղծառայողները կստուգեն, թե արդյոք կարգին են բոլոր փաստաթղթերը և թե արդյոք ձեր կուսակցությունը նպատակ չունի տապալելու սահմանադրական կարգը։ Հայտը պաշտոնապես հաստատելու կամ մերժելու համար գործակալությունը մինչև մեկ ամիս ժամանակ ունի: Կուսակցությունը պաշտոնապես գրանցված կհամարվի միայն հայտի հաստատումից հետո:
Չնայած նշվեց, որ տարեսկզբից կուսակցությունների 31 հիմնադիր համագումարի ծանուցում է եղել, դրանցից ընդամենը 16-ն է պաշտոնապես գրանցվել այս ընթացքում: Դրանք են՝
- Արդարություն և հայրենիք կուսակցությունը,
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը,
- Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը,
- Իմ Հայաստան կուսակցությունը,
- Վերելք կուսակցությունը,
- Կայունություն կուսակցությունը,
- Ազատական կուսակցությունը,
- Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը,
- Իրավական պետություն կուսակցությունը,
- Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,
- Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը,
- Արդար Հայաստան կուսակցությունը,
- Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը,
- Շանթ դաշինք կուսակցությունը,
- Ձայն ազատական-պահպանողական կուսակցությունը,
- Միասնական հայրենիք կուսակցությունը։
Հետևելու համար, թե ինչպես են ընթանում կուսակցությունների հիմնադիր համագումարները, ես, որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, մասնակցեցի դրանցից մի քանիսին, որքանով դա հնարավոր էր:
21-ը սեպտեմբերի, 2020 թ., Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն
2019-ի սեպտեմբերին Արման Բաբաջանյանը դուրս եկավ Լուսավոր Հայաստանյան խմբակցությունից ու իրեն անկախ պատգամավոր հայտարարեց: Մեկ տարի անց՝ Անկախության օրը, նա արդեն գլխավորում էր նոր կուսակցության հիմնադրման միջոցառումը Երևանի Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի դիմաց: Միջոցառմանը մեծ ջանքեր էին ներդրվել՝ մեծ բեմ և հիմնադիր առանցքային անդամների ելույթների երկար ցուցակ. նպատակը կուսակցությունը լրատվամիջոցներին ներկայացնելն էր: Միջոցառման հանրային մասն ավելի շատ հանրահավաքի էր նման: Բաբաջանյանը խոսեց այն մասին, որ թավշյա հեղափոխությունը ոչ թե մեկ մարդու, այլ համայն հայության համար է, և որ այն նոր կուսակցություններ ի հայտ գալու և քաղաքական մրցակցային դաշտ ստեղծեց: Ելույթների ավարտից հետո ոչ հիմնադիր անդամներին խնդրեցին հեռանալ՝ նախքան համագումարի գործնական մասին անցնելը:
Արցախյան երկրորդ պատերազմը բռնկվեց համագումարից մեկ շաբաթ անց, և դրա գրանցման գործընթացը հասկանալի պատճառներով հետաձգվեց: Կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մարտի 12-ին՝ արդեն գործող նոր կարգի համաձայն: Նախքան «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների մասին ՀՕ-1-Ն օրենքի ընդունումը՝ կուսակցության հիմնադիր համագումարի համար պահանջվում էր ընդամենը 100 մասնակից, որին պետք է հաջորդեր առնվազն 800 նոր անդամի ստորագրություն (այդ թվում՝ բնակության վայրերի տարածքային բաշխմամբ)։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործընթացը պարզեցվեց մինչև մեկ միջոցառում, որին ներկա պետք է լինի նվազագույնը 300 մարդ: Թվում էր, թե նախկին կարգը պիտի կիրառվեր Հանուն հանրապետություն ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության նկատմամբ:
3-ը ապրիլի, 2021 թ., Կայունություն կուսակցություն
Հայաստանում COVID-19 համավարակի երրորդ ալիքի գագաթնակետին Ֆիրդուս Զաքարյանը մի ամբողջ բազմություն հավաքեց Երևանի Աջափնյակ թաղամասում գտնվող «Լաթար» հանդիսությունների սրահում: Գրանցման սեղանին դիմակներ էին դրված, մասնակիցների մեծ մասը դիմակ էր կրում: Միջոցառումն ավելի շատ ներքին հավաքի բնույթ ուներ. ես լրատվամիջոցների միակ ներկայացուցիչն էի:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին անդամ Զաքարյանը մինչև 2018-ի Թավշյա հեղափոխությունը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատակազմի ղեկավարն է եղել: 1998-2012 թթ. ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես նստած էր բեմում: Համագումարը պաշտոնապես 327 մասնակից ուներ: Բոլոր խոսնակները, որոնք հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ էին, խոսում էին ժողովրդավարական սոցիալիզմի արժանիքների մասին: Չնայած նրանք իրենց երիտասարդության տարիների կոմունիզմին վերադարձ չէին քարոզում (մի քանիսը խոստովանեցին, որ անդամակցել են Կոմունիստական կուսակցությանը), շատ հստակ ցանկանում էին ընդլայնել պետությունը։ Կուսակցության գաղափարախոսությունը ենթադրում է համացանցի կարգավորում (սոցիալական ցանցերում առկա բևեռացման պատճառով), վերադարձ կիսանախագահական սահմանադրական մոդելին, մարզերի վերակազմավորում՝ խորհրդային տարիների շրջանների օգտին, 12-ամյա կրթության վերացում (պնդումը, ի դեպ, մի տիկնոջ անհամաձայնությանն արժանացավ) և մշակույթի նախարարության վերականգնում:
Հիմնադիրները բավական զգուշավոր էին գործադիր մարմնի գաղտնի քվեարկության ընթացակարգով անցնելիս՝ չնայած յոթ տեղի համար յոթ թեկնածու էր առաջադրվել։ Թեկնածուների մեծ մասը ստացավ 320 կողմ և 1 ձեռնպահ ձայն:
Կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մայիսի 5-ին:
10-ը ապրիլի, 2021 թ., Միացյալ Հայաստան կուսակցություն
Ապրիլի 10-ին Հանրապետության հրապարակի հետնամասում, Կառավարության շենքի մեծ դահլիճում անցկացվող հիմնադիր համագումարի պաշտոնական հայտարարության մեջ խոսվում էր Հայրենասերների կուսակցության մասին։ Բայց երբ ես տեղ հասա ու նյութերի իմ փաթեթը վերցրեցի, խոսքն արդեն Միացյալ Հայաստան կուսակցության մասին էր՝ Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության նմանությամբ։ Արցախում նույնպես գործում է Միացյալ Հայաստան կուսակցություն՝ Վահան Բադասյանի գլխավորությամբ։
Սա իմ հանդիպած առաջին դեպքն էր, երբ azdarar.am-ի հայտարարության մեջ նշվող անունը միջոցառման ժամանակ ամբողջովին փոխվել էր՝ չնայած մինչ այդ Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը նախապես ազդարարվել էր որպես Միություն հանուն հանրապետության կուսակցություն:
Թատրոնի նստարաններով կահավորված դահլիճը լեփ-լեցուն էր. հայտարարվեց, որ ներկա է 317 մասնակից։ Չնայած նախորդ երկու դեպքերում համագումարները սկսվել էին azdarar.am-ում հայտարարված ժամից մոտ կես ժամ անց, այս մեկը սկսվեց ընդամենը 10 րոպե ուշացումով և ավելի քան գործնական մթնոլորտում անցավ. ամբողջը տևեց մեկ ժամից էլ պակաս: Գործադիր մարմնի քվեարկությունը ոչ թե գաղտնի էր, ինչպես պահանջում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, այլ ձեռքով պարզ քվեարկություն էր: Գործող գլխավոր անձը Երվանդ Թարվերդյանն էր, որը միջոցառումից հետո զբաղված էր հեռուստատեսային հարցազրույցներով: Նա անհողդողդ պնդում էր, որ ճիշտ այն մարդն է, որը կարող է միավորել քաղաքական պառակտման բոլոր կողմերին (և՛ հին, և՛ նոր)՝ «Կայուն տնտեսություն, ուժեղ պետություն» կարգախոսի ներքո:
Այս հոդվածը գրելու պահին Էլեկտրոնային ռեգիստրում ոչ մի նշում չկար Միացյալ Հայաստան անվամբ կուսակցություն գրանցված լինելու մասին:
17-ը ապրիլի, 2021 թ., Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություն
Կուսակցություններն իրենց հիմնադիր համագումարները տարբեր վայրերում էին գումարում։ Այս մեկը Երևանի կենտրոնում գտնվող Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի երկրորդ հարկում էր, կոնֆերանսների դահլիճում: Ընդ որում, սա միակ նորամուծությունը չէր. կուսակցության հիմնադրման գաղտնի քվեարկության թերթիկները բաժանվում էին գրանցման սեղանի մոտ, մասնակիցները դրանք կարող էին գցել քվեատուփի մեջ մինչև համագումարի սկսվելը։ Պաշտոնական հաշվարկը հետևյալն էր՝ 318 կողմ, 2 դեմ, 2 անվավեր քվեաթերթիկ:
Զարմանալի էր, թե ինչպես էին այս բոլոր կուսակցությունները մշտապես հաջողում սահմանված նվազագույն 300 հիմնադիր անդամից փոքր-ինչ ավելի քանակ ապահովել։ Ձեռքերի պարզ ցուցադրմամբ գործադիր մարմնի նախագահ ընտրվեց Մանուկ Սուքիասյանը: Չնայած նրա պնդմանը, որ «Գիտությունն այլընտրանք չունի» (իսկ գիտելիքի մասին նրանց պատկերացումները ահմանափակվում էին մեխանիկների ու խոհարարների նորարարություններով), ելույթների մեծ մասը կենտրոնացած էր Արցախի և 2020-ի աղետալի պարտության շուրջ։ Ելույթ ունեցողներից մեկը ներկայացնում էր Արցախի Արդարություն կուսակցությունը, որը 2020-ի Արցախյան ընտրություններում երրորդն էր։ Մեկ ուրիշն էլ Արցախյան երկրորդ պատերազմի վետերան էր:
Կոռուպցիայի դեմ պայքարը համագումարում հռչակվեց մեկ այլ կարևոր քաղաքական առաջնահերթություն, Նիկոլ Փաշինյանը մեղադրվեց «թալանը», այսինքն՝ օլիգարխների ապօրինի կուտակած հարստությունը վերադարձնելու անկարողության մեջ: Բացի այդ, առաջարկվեց սահմանել այնպիսի շեմ, որ ոչ մի կուսակցություն չկարողանա ստանալ խորհրդարանական տեղերի 40%-ից ավելին, որպեսզի կառավարությունը մշտապես տարբեր տեսակետների կոալիցիա լինի:
Այս հոդվածը գրելու պահին ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում Ինտելեկտուալ Հայաստան անվամբ կուսակցություն պաշտոնապես գրանցված չէր։
23-ը ապրիլի, 2021 թ., Միասնական հայրենիք կուսակցություն
Հունիսի 20-ին ընդառաջ հիմնադիր համագումարների կազմակերպվածության մակարդակը սկսեց նվազել։ Ապրիլի 23-ին՝ ուրբաթ օրվա երկրորդ կեսին, ես հասա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճ. սա աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված առաջին համագումարն էր: Հսկայական դահլիճը նկատելիորեն դատարկ էր: 20 րոպե ուշացումով Մհեր Տերտերյանը, որը զբաղեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի (ՀՀԿ) խորհրդականի պաշտոնը, հայտարարեց, որ մասնակիցներից ոմանք խցանման մեջ են, և իրենք շուտով կսկսեն: Երբ սկսվեցին ելույթները, դահլիճում առավելագույնը 150 մարդ կար (անգամ այս թիվն է չափազանցված թվում):
Տերտերյանը շեշտեց, որ չի ընդունում երկիրը «նախկինների» և «նորերի» բաժանելը՝ խոստանալով, որ իր հռետորաբանությունը չի քննադատելու մյուսներին, ինքը կենտրոնանալու է ապագայի վրա: Նա ցավով նշեց, որ լրատվամիջոցները քաղաքականացված են, ուստի խրախուսում էր ներկաներին կուսակցության ուղերձը անմիջապես սոցիալական ցանցերում տարածել:
Յոթ հոգանոց գործադիր մարմնի քվեարկությունը միայն տեխնիկապես էր գաղտնի, ներկաներին բաժանվում էին արդեն իսկ տպագրված անուններով քվեաթերթիկներ։ Դրանք հավաքելուց հետո հայտարարվեց, որ մարմինն ընտրվել է «մեծամասնության կողմից»՝ առանց ձայների թիվը հստակեցնելու։ Տերտերյանը կրկնեց, որ իր նախկին պաշտոնը քաղաքական չի եղել, ինքը «ոչինչ պարտք չէ» իր նախկին թիմին և նրանցից ֆինանսավորում չի ստանում: Հայացքս մեկ անգամ էլ դահլիճին շրջելով՝ ես հավատացի նրան:
Միասնական հայրենիք անվամբ կուսակցություն ունի Սամվել Բաբայանը, որը մասնակցել է Արցախի 2020 թվականի ընտրություններին: Որոշ լրատվամիջոցներ սխալմամբ հաղորդեցին, որ Բաբայանը նաև այս կուսակցության հիմնադիրներից է, այնինչ այս երկուսն իրար հետ առնչություն չունեն: Բաբայանը Հայաստանում հիմնադրել է նոր կուսակցություն, որը կոչվում է Ազատական կուսակցություն:
Տերտերյանի կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է 2021 թ. մայիսի 25-ին:
30-ը ապրիլի, 2021 թ., Անկախության սերունդ կուսակցություն
Հայաստանյան կուսակցությունների համար կարծես սովորական է Արցախի կուսակցությունների անուններն օգտագործելը՝ վերջիններիս հետ որևէ առնչություն չունենալով: Մեկ այլ օրինակ է Անկախության սերունդ կուսակցությունը։
Ապրիլի 30-ին ես գեղեցիկ այգի ունեցող մի առանձնատանն էի, Երևանի Այգեստան թաղամասում. ամեն դեպքում հիմնադիր համագումարի հայտարարության մեջ այս հասցեն էր նշված։ Փոքր-ինչ տատանվում էի ներս մտնել երկփեղկ դարպասով, մինչև ներսում երիտասարդներն ինձ նկատեցին ու դուրս եկան ողջունելու: Պարզվեց, որ համագումարը հետաձգվել է։ Ինձ հրավիրեցին սրճելու: Infocom.am-ի լրագրողը նույնպես համագումարի հասցեն էր փնտրում, սակայն սուրճից հրաժարվեց, երբ իմացավ, որ համագումարը չի կայանալու:
Երիտասարդները, ինչպես ընթացքում պարզվեց, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» նախկին անդամներ էին: 2019-ի վերջին նրանցից մի քանիսին հեռացրել էին կուսակցությունից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին մասնակցելուց հրաժարվելու համար։ Անդամության կասեցումից հետո նրանց հետևեցին շատերը՝ լքելով ՀՅԴ շարքերը:
Խումբը վարձակալում էր առանձնատունը՝ որպես գրասենյակ ու գրադարան։ Այն ակնհայտորեն բավարար ընդարձակ չէր՝ 300 մարդ տեղավորելու համար: Նրանք ասացին, որ քննարկում են հիմնադիր համագումարը Zoom-ով անցկացնելու տարբերակը: Էլեկտրոնային մասնակցություն նախատեսված չէ «Կուսակցությունների մասին» օրենքով, սակայն օրենքը ոչ մի դրույթ չի նշում, որն ուղղակիորեն կարգելեր դա:
Այս հոդվածը գրելու պահին ևս որևէ գրառում չկար Էլեկտրոնային ռեգիստրում՝ Անկախության սերունդ անվամբ կուսակցություն պաշտոնապես գրանցված լինելու մասին:
13-ը մայիսի, 2021 թ., Համահայկական ազգային պետականություն կուսակցություն
Լրագրողական իմ փորձառությունը հիմնականում ողջունվում էր: Նոր կուսակցությունների մեծ մասը խանդավառությամբ էր ընդունում լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Միակ բացառությունը մայիսի 13-ին էր՝ հինգշաբթի օրը, երբ ես ուղղվեցի Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճ, առավոտյան ժամը 11-ին, ինչպես հայտարարված էր Համահայկական ազգային պետականություն կուսակցության՝ azdarar.am-ում տեղադրված հայտարարության մեջ:
Թվում էր, թե աշխատանքային օրերին համագումարների անցկացումը չի խրախուսվում. դահլիճի դռները փակ էին, դրսում ընդամենը մի քանի մարդ կար: Պարզվեց, որ համագումարը հետաձգվել է և սկսվելու է կեսօրին, ինչը հաստատեց նաև դահլիճից դուրս տեղադրված էկրանը: Այնուամենայնիվ, նրանք ինձ թույլ չտվեցին սպասել ներսում և հասկացրին, որ կարող են ընդհանրապես ներս չթողնել: Նախասրահի բազմոցին նստած մինչև կեսօր սպասում էի։ Երբ մասնակիցների հոսքը դադարեց, հարցրեցի, թե կարո՞ղ եմ արդյոք դահլիճ մտնել: Փոխարենը նախասրահ եկավ կազմկոմիտեի ղեկավար Արթուր Վարդանյանը՝ ինձ հետ զրուցելու: Նա բացատրեց, որ իրենց առաքելությունը ժողովրդի վստահությունը վերականգնելն է` առաջադրելով «մաքուր» (այսինքն` անբիծ) թեկնածուներ, և որ իրենց գաղափարախոսությունը կենտրոնացած է ազգայնականության, այդ թվում՝ սփյուռքահայերի Հայաստան վերադարձի վրա: Նշվեց նաև, որ որոշ մասնակիցներ հնարավոր է համագումարին Zoom հավելվածի միջոցով միանան:
Ամեն դեպքում, դահլիճ հաստատապես 300 մարդ չմտավ, և ես կասկածում էի, որ նրանք չեն ցանկանում, որ այդ ամենն իմացվի:
Կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց մայիսի 21-ին:
16-ը մայիսի, 2021 թ., Արդար Հայաստան կուսակցություն
Ես արդեն համակերպվել էի հայտարարությունների աննշան փոփոխությունների հետ. երբեմն անունն էր փոխվում, երբեմն՝ ժամը: Ամենատհաճ դեպքը տեղի ունեցավ մայիսի 16-ին՝ կիրակի օրը, երբ Օրբելյան փողոցով բարձրացա բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ, որտեղ հայտարարված էր Արդար Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարը:
Գրասենյակում ոչ ոք չկար: Ես սեղմեցի զանգի կոճակը, թակեցի դուռը, ոչ մի արձագանք չեղավ: Զանգահարեցի ցուցանակի վրա նշված բջջային հեռախոսահամարին. այն այլևս չէր գործում: Ֆիքսված հեռախոսահամարին երկար զանգերս նույնպես անպատասխան մնացին:
Նախկինում ես հանդիպել էի Արդար Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նորայր Նորիկյանին` Ընտրական նոր օրենսգրքի շուրջ խորհրդակցությունների ժամանակ: Ես նրան էլեկտրոնային նամակ ուղարկեցի՝ հարցնելով, թե արդյո՞ք փոխվել է համագումարի անցկացման վայրը: 20 րոպե սպասելուց հետո, հարևանների զարմացական հայացքների ներքո, ես քայլեցի տուն:
Նորիկյանը մինչ օրս չի պատասխանել էլեկտրոնային իմ նամակին: Ավելի ուշ կուսակցության ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ տեղադրվեց, որում Նորիկյանը ելույթ էր ունենում Էլիտ Պլազայում, որտեղ էլ, հավանաբար, կայացել էր համագումարը:
Իսկ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին ու չի բացառվում, որ այդ օրվա միջոցառումը զուտ ձևական բնույթ ուներ, գրանցման ինչ-որ պայմաններ բավարարելու համար։ Ամեն դեպքում, նրանք հասան ցանկալի արդյունքին. կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց մայիսի 21-ին:
17-ը մայիսի, 2021 թ., Ձայն ազատական-պահպանողական կուսակցություն
Հաջորդ օրը՝ երկուշաբթի, ես ևս մեկ կրկնակ միջոցառման մասնակցեցի: Ձայն ազատական-պահպանողական կուսակցությունը հիմնադիր համագումարն անցկացրել էր մարտի 28-ին, ու օրենսդրական ինչ-ինչ խնդիրներ շտկելու համար երկրորդ միջոցառումն էր կազմակերպում։ Այն զուտ թվային հանդիպում էր, նկարահանումներն ընթանում էին առևտրի կենտրոնում, հագուստի խանութից:
Հանուն արդարության նշեմ, որ այս խումբն ինձ ամենաշատը տպավորեց: Չնայած բավական ուշ գրանցմանը, ինչը չի կարող չազդել ընտրվելու շանսերի վրա, նրանց նյութերն ամենահղկվածն էին և ապակենտրոնացում ու անձնական հզորացում էին քարոզում, այդ թվում՝ համայնքային կարևոր խնդիրները լուծելու համար տեղական հանրաքվեների պրակտիկա։ Կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը իմ մասնակցած բոլոր համագումարների ընթացքում հանդիպած միակ կին ղեկավարն էր: Նա մենեջմենթ է ուսումնասիրել Ժնևում, մասնավոր հատվածում աշխատանքի 15 տարվա փորձ ունի Շվեյցարիայում: Գործադիր մարմնի անդամների թվում էին Ալլա Գրիգորյանը, որը Մադրիդից է վերադարձել Հայաստան, և Տաթև Սայաթյանը, որը 2014-ին վերադարձել է Միացյալ Նահանգներից:
Հայրապետյանն ընդունում էր, որ վերջերս նույնատիպ բարեփոխումներ առաջարկող մի շարք կուսակցություններ են հիմնվել, և պատրաստ էր մյուսների հետ դաշինքով մասնակցել հունիսի 20-ի ընտրություններին: Պարզվեց նաև, որ կուսակցությանը բազմաթիվ առաջարկներ են եղել, հատկապես, երբ իրենց ցուցակում պահպանված է գենդերային հավասարակշռությունը, և որ մյուս կուսակցությունները դժվարություններ ունեն կին թեկնածուներ ներգրավելու հարցում:
Ձայն ազատական-պահպանողականը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մայիսի 25-ին:
17-ը մայիսի, 2021 թ., Ապագայի երկիր կուսակցություն
Ես լքեցի Ձայն ազատական-պահպանողական կուսակցության ժողովը նախքան դրա ավարտը, որպեսզի կարողանամ մասնակցել այդ օրը նախատեսված մեկ այլ հիմնադիր համագումարի: Վերադառնալով Մարիոթի Տիգրան Մեծ դահլիճ, իմ կասկածը, որ այդ վայրում ինչ-որ բան այն չէ, հաստատվեց: Ապագայի երկիր կուսակցության անդամներին հանդիպելու ակնկալիքով մտա դատարկ դահլիճ։ Չնայած աթոռների ուղիղ շարքերին՝ լույսերն անջատված էին։ Մտածեցի, թե հերթական անգամ հայտարարության մեջ նշված ժամն է փոխվել։ Բայց հյուրանոցում ասացին, որ ամրագրումը չեղարկվել է:
Ոչ բոլոր նորերն են նոր
Նորելուկ կուսակցություններից բոլորը չէ, որ ստիպված են եղել պաշտոնական գրանցման խոչընդոտերով լի ընթացակարգով անցնել։ Հայաստանում կուսակցություն գրանցելուց հետո դրա գործունեության կասեցումը պակաս բարդ գործընթաց չէ (կառավարությունը գլխացավանք է ստեղծում քաղաքական մրցակիցների համար)։ Գրանցված կուսակցություններից շատերը տարիներով ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում (դրանք ներկայացվում են ամեն տարի, մինչև մարտի 25-ը), ու այդ ամենն անհետևանք է մնում:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի պաշտոնից ազատվելուց հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ քաղաքականություն է մտնելու։ Շատերը կարծում էին, որ իր ղեկավարած Հայրենիք կուսակցությունը հենց ինքն է հիմնադրել: Իրականում այս կուսակցությունը գրանցված է 1991 թվականից, այն նախկինում ղեկավարվել է Ժասմեն Ասրյանը։ Կուսակցությունը երբեք չի մասնակցել ընտրությունների, տարեկան հաշվետվությունները միշտ զրոյական եկամուտ և ծախսեր են արձանագրել՝ անգամ 2020-ի համար, երբ կուսակցությունը նոր գրասենյակներ էր բացում: Ենթադրվում է, որ կուսակցության ֆինանսական միջոցները կառավարվում են առանձին գործող Հայրենիք հիմնադրամի միջոցով, որն ավելի քիչ սահմանափակումների է ենթարկվում։
Քաղաքական «հնաբնակ» է նաև 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցությունը (անվանումը Արարատ լեռան բարձրությունն է): Ապրիլի 25-ի հիմնադիր համագումարից հետո (իսկ հայտարարության մեջ խոսքը Վան ազգային-պահպանողական կուսակցության մասին էր) կուսակցության գրանցումն ավարտին հասցնելու փոխարեն պարզապես վերանվանվեց գործող Մայր հայրենիք կուսակցությունը՝ արդեն ապրանքային նոր նշանով:
Վերանվանումների շարքն այսքանով չի ավարտվում.
- Ժողովրդական կուսակցությունը դարձել է Ազգային զարգացման գործընթաց կուսակցություն,
- Առաքելություն կուսակցությունը (այժմ լուծարված «Իմ քայլը» դաշինքի կրտսեր գործընկերը) վերանվանվել է Ապրելու երկիր կուսակցություն,
- Ազգային պետություն կուսակցությունն այժմ Հայրենատէր կուսակցությունն է,
- Հայաստանի լիբերալ կուսակցությունը այլևս Հայք լիբերալ կուսակցությունն է,
- դեռ 2019-ին էր Արդարություն և բարգավաճում կուսակցությունը վերանվանվել Վերածնվող Հայաստան,
- Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունն ըստ էության Սասնա ծռեր համահայկական կուսակցության նոր կերպավորումն է, չնայած վերջինս պահպանում է իր առանձին գրանցումը:
5% (շուտով՝ 4%) ընտրական շեմով Հայաստանում 100 կուսակցության համար տեղ չկա: Մինչ օրս փիլիսոփայությունն այն էր, որ չգործող կառույցները պահելը ոչնչի չի վնասում, ավելին, ազատականացման մեջ սխալվելն ինքին առավելություն է։
Տարին մեկ անգամ առնվազն 300 ստորագրություն հավաքելը, որպես վերահաստատում, որ կուսակցությունը նույնքան անդամ ունի, և տարեկան ծախսերի ցածր, բայց ոչ զրոյական պահանջը կարող է օգնել նրանց միավորվելու գաղափարական ավելի մեծ կառույցների մեջ՝ անհատների համար մեքենաներ ձեռք բերելու փոխարեն: Սա, ամեն դեպքում, հաջորդ գումարման խորհրդարանի քննարկման խնդիր է. իսկ հիմա հետաքրքիր կլիներ տեսնել, թե արդյոք այս նոր դեմքերից որևէ մեկը խորհրդարանի մաս կկազմի՞, թե՞ ոչ:
Առաջիկա օրերին կհրապարակվի ընտրությունների ուղեցույց, որում ներկայացված կլինեն բոլոր կուսակցությունները՝ նոր և հին, որոնք կմասնակցեն հունիսի 20-ի ընտրություններին: