Խուսափել դատարկ բնից. Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Վերջին 30 տարիներին Հայաստանը զգալի ժողովրդագրական անկում է ապրել: Սահմանափակ հայրենադարձության պայմաններում մեծ արտագաղթը և բարձր մահացության համեմատ ցածր ծնելիությունը եղել են այդ անկման հիմնական պատճառները: Անկումն ազդել է երկրի ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Քիչ մարդ նշանակում է քիչ աշխատուժ և քիչ զորակոչիկներ։ Բարձր հմտություններ ունեցողների  արտագաղթը (ուղեղների արտահոսք), իր հերթին, բացասաբար է անդրադառնում կրթության և երկրի ընդհանուր զարգացման վրա։

2020 թվականի Արցախյան պատերազմը հազարավոր հայ տղամարդկանց կյանքեր խլեց։ Հունվարի 21-ին առողջապահության նախարարը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3.450 մարմին։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից ավելի քան երկու ամիս անց զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Դեկտեմբերի կեսերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշել էր, որ կա 2.900 հաստատված մահ, 1.600 անհայտ կորած և 2.000-3.000 հաշմանդամ զինվոր: Համեմատության համար նշենք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է շուրջ 6.000 մարդ, որից 2.500-ը ամենից մահաբեր տարում՝ 1992-ին։

Պատերազմի զոհերից բացի, 2020 թվականին COVID-19 համաճարակը 2.828 կյանք խլեց: Այսպիսով, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988 թվականից ի վեր մահացության ամենաբարձր ցուցանիշը։ 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ էր գնացել շուրջ 38.000 մարդ:

44 օր տևած պատերազմը մարդկային մեծ կորուստներ հասցրեց Արցախին և Հայաստանին: Զոհված զինծառայողների զգալի մի մասը ծնվել էր 21-րդ դարի առաջին երկու տարում՝ 2001 և 2002 թվականներին: Սա էական ազդեցություն կունենա Հայաստանի առաջիկա տասնամյակների ժողովրդագրության վրա։ Հազարավոր երիտասարդ տղամարդկանց կորուստը երկարաժամկետ կտրվածքում ավելի քիչ երեխաների ծնունդի է հանգեցնելու։

2001 և 2002 թվականներին ծնելիության մակարդակն արձանագրել էր նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների ամենացածր ցուցանիշը: Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը համոզված է, որ պատերազմը սանձազերծելիս Ադրբեջանը նաև այս հանգամանքն է հաշվի առել, քանի որ այդ տարիներին ծնված տղաներն են ներկայումս անցնում իրենց զինվորական ծառայությունը։

 

Ո՞ւր գնացին բոլորը

Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչությունը գրեթե քառապատկվեց: 1926-1987 թվականներին այն 880.000-ից հասավ 3,4 մլն-ի: Նույն ժամանակահատվածում Հայաստանը կտրուկ ուրբանիզացվեց. բնակչության երկու երրորդից ավելին ապրում էր քաղաքներում, ի տարբերություն 1926 թվականի մեկ հինգերորդի։ Երբ 1991-ին Հայաստանը անկախություն հռչակեց, երկրի բնակչությունը կազմում էր շուրջ 3,5 մլն: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը Հայաստանում եղել է 2,97 մլն։ Իրական թիվը շատ ավելի փոքր է, եթե հաշվի առնենք բոլոր նրանց, ովքեր թեև գրանցված են Հայաստանում, բայց ապրում են արտերկրում։ Վիճակագրությունը խոսում է վերջին 30 տարիներին յուրաքանչյուր վեցերորդ մարդու հեռանալու մասին:

2020-ին հաշվարկված բնակչության թվաքանակը Հայաստանում գրեթե նույնական է 40 տարի առաջվա ցուցանիշի հետ (ըստ 1979 թ. խորհրդային մարդահամարի տվյալների), թեև էականորեն փոխվել աշխարհագրական բաշխվածությունը։ Օրինակ, Երևանին սահմանակից վեց նախկին շրջանների (Աբովյան, Նաիրի / Եղվարդ, Աշտարակ, Մասիս, Էջմիածին և Արարատ) ընդհանուր բնակչությունն աճել է գրեթե 30%-ով։ 1979-ի համեմատ Արարատի և Արմավիրի մարզերի (Արարատյան դաշտավայր) բնակչությունն ավելացել է մոտ 20%-ով: Հայաստանի մյուս մարզերը՝ Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, կորցրել են բնակչության ավելի քան 10%-ը: 1988-ի երկրաշարժից առավել տուժած Շիրակի ու Լոռու մարզերը կորցրել են բնակչության 30% և 37%-ը համապատասխանաբար։ Գյումրին և Վանաձորը 1987 թվականից ի վեր լքել են բնակիչների կեսից ավելին: Շիրակի մարզում բնակչության թվաքանակի 90% նվազումը իրականում պայմանավորված է Գյումրիի ապաբնակեցմամբ (դեպոպուլյացիա)։ 1989-ից ի վեր բնակչության մեկ երրորդից ավելին կորցրել են Հայաստանի մարզային մյուս քաղաքները ևս՝ Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Չարենցավան և Ալավերդի։

Նույն ժամանակահատվածում նվազել է նաև ծնելիության ցուցանիշը, 1000 մարդու հաշվով 1990-ի 22,5-ից հասնելով 12,2-ի՝ 2019 թվականին, իսկ պտղաբերության գործակիցը (մեկ կնոջ հաշվով երեխաների միջին թվաքանակը) 2,54-ից նվազել մինչև 1,76, ինչը ցածր է բնակչության պարզ վերարտադրողականությունն ապահովող 2,1 երեխա գործակցից։ Միևնույն ժամանակ, 1000 մարդու հաշվով մահացությունը 8,5-ից հասել է 9,6-ի: 1992-2019 թվականներին Հայաստանի «մաքուր» արտագաղթը կազմել է 1 մլն մարդ, որի շուրջ կեսը բաժին է ընկնում Ղարաբաղյան պատերազմի տարիներին. 1992-1994 թվականներին գրեթե 500,000 հայ լքեց հանրապետությունը: Դրանից հետո ամեն տարի ավելի շատ մարդ է հեռացել Հայաստանից քան մուտք գործել՝ բացառությամբ 2004-2006 և 2018-2019 թվականների։ Առաջինը կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նախորդող տնտեսական բումով, երկրորդը՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված լավատեսական սպասումներով։

Ինչպես նշվեց, «մաքուր» արտագաղթը, ցածր ծնելիությունը և բարձր մահացությունը Հայաստանի բնակչության շարունակական նվազման գլխավոր պատճառներն են: Երկրի ժողովրդագրական անվտանգությունն ապահովելու համար կառավարությունը պետք է լուծի այս խնդիրները։

 

Գումար երեխաների համար

Ծնելիությունը խթանելու նպատակով Փաշինյանի կառավարությունը 2020-ի հուլիսին ընտանիքում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը բարձրացրեց մինչև 300.000 դրամ (մոտ 625 ԱՄՆ դոլար): Առաջին երեխայի համար տրվող գումարը նախկինում 50.000 դրամ էր, երկրորդ երեխայի համար՝ 150.000 դրամ: Կառավարությունը բարձրացրեց նաև ամսական նպաստները՝ 18.000-ից մինչև 26.500 ՀՀ դրամ, իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրերի համար՝ մինչև 52.000 ՀՀ դրամ: Որոշ հետազոտություններ պնդում են, որ միանվագ վճարումները էական ազդեցություն չեն ունենում ծնելիության մակարդակի վրա, և որ ծննդաբերության վճարովի արձակուրդը և երեխաների մատչելի խնամքն ավելի արդյունավետ միջոցներ են: ԱՄՆ-ում արված մի ուսումնասիրություն պնդում է, որ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունները պետք է «հանրային ֆինանսավորմամբ վերարտադրողական առողջության և սոցիալական պատշաճ խնամք ապահովեն… և ունենան ավելի երիտասարդ բնակչություն»:

 

Արտագաղթի դադարեցում

Արտագաղթի պատճառները բազմաբնույթ են՝ աղքատություն, գործազրկություն, վատ կառավարում և կոռուպցիա, կյանքի ցածր որակ և ապագայի նկատմամբ անորոշություն։ Բոլոր այ գործոններն ավելի են սրվել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։ Անգամ մինչ այդ՝ 2020 թ. մարտին անցկացված հարցման մասնակիցների գրեթե քառորդը (և երիտասարդների 37%-ը) նշել էր, որ ցանկանում է մշտապես լքել Հայաստանը։ Այս ցուցանիշն այժմ, անկասկած, շատ ավելի բարձր է. հետպատերազմյան շրջանին բնորոշ անորոշությունն ու մտավախությունները առկա են հասարակության բոլոր շերտերում:

Հանրային ու քաղաքական լարվածության թուլացումը առաջնահերթ պետք է լինի Փաշինյանի կառավարության համար: 2018-ի հեղափոխությունն իր հետ հույսի և ծաղկուն հեռանկարի զգացում բերեց, անգամ 2020 թվականի հունիսի վերջերին Փաշինյանի կառավարությունը վստահության կայուն վարկանիշ ուներ: Սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո այն առերեսվել է հանրային դժգոհության ալիքի ու հրաժարականի համատարած կոչերի:

Առկա լարվածությունը թուլացնելուց բացի՝ մարդկանց մտափոխելու և Հայաստանը լքելու մտքից հեռու պահելու մեկ այլ ճանապարհ են ենթակառուցվածքներում խոշոր ներդրումները, ինչն էլ փորձում է անել Փաշինյանի կառավարությունը։ Այդպիսի ծրագրերը ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր այլ հանգամանքներում նույնատիպ աշխատանքով կզբաղվեին Ռուսաստանում, այլև ամրապնդում են մրցակցային տնտեսական գործունեության շարունակականությունը։ Հայաստանը չլքելու մեկ այլ հնարավորություն է մասնագետների (այդ թվում ինժեներների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների) ներգրավումը կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտություններում, նոր սերնդի սպառազինությունների մշակման և արտադրության ծրագրերում։

Կենսական նշանակություն ունի վիրավոր, հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ հոգածությունը։ 2020-ի դեկտեմբերի վերջին Ազգային ժողովն օրինագիծ ընդունեց՝ առաջարկելով բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող ամսական վճարումների դրույքաչափերը՝ նախկին 1.000 դրամի փոխարեն աշխատող քաղաքացիներից գանձելով 1.500-ից 15.000 դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Այս վճարները սոցիալական զգալի աջակցություն են պատերազմից առավել տուժած ընտանիքներին։

 

Հայաստանը որպես ապաստան

Արտագաղթը նվազեցնելուց բացի, մարդկանց և հմտությունների արտահոսքին  հակադարձելու եղանակներից մեկը դեպի Հայաստան ներգաղթը, մասնավորապես՝ սփյուռքահայերի հայրենադարձությունը խթանելն է։ Զարգացած երկրներում հաստատված սփյուռքահայ մասնագետներին Հայաստան վերադարձնելու տարբերակ է կրթական և տեխնոլոգիական նախագծերում նրանց ներգրավումը։ Մերձավոր Արևելքի քաղաքական ոչ կայուն երկրներում, ինչպես օրինակ Սիրիայում, Լիբանանում և Իրանում բնակվող հայերի խնդիրն այլ է։ Այս համայնքները գոյատևման ճգնաժամ են ապրում: Հայաստանն իր ժամանակակից սահմաններով միգուցե նրանց պապենական հայրենիքը չէ, բայց այն կարող է անվտանգ հանգրվան դառնալ։

Սիրիայի պատերազմի ընթացքում շուրջ 22.000 սիրիահայ տեղափոխվեց Հայաստան։ 2019 թվականի կեսերին նրանցից 18.000-ը դեռ հանրապետությունում էր: Ինչպես և հայրենադարձության նախորդ ալիքների ժամանակ, սփյուռքահայերից շատերը հաճախ բախվում են ինտեգրման խնդիրների և առիթ ստեղծվելուն պես տեղափոխվում Արևմուտք: Կառավարությունը և հասարակությունը պարտավոր է աջակցել սփյուռքահայերին, օգնել նրանց մնալու ու իրենց պահանջված զգալու Հայաստանում։ Ամեն ինչ՝ դպրոցներում արևմտահայերեն դասավանդումից մինչև ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող փախստականների ծրագրերին մասնակցելուն նպաստելը, կարող է փոփոխություններ բերել այստեղ:

Անցած տասնամյակում Հայաստանն ականատես եղավ օտարերկրացիների ներգաղթի առաջին փոքր ալիքին։ Երբ Հայաստանի կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին ազատականացրեց վիզային ռեժիմը Հնդկաստանի հետ, մի քանի հազար հնդիկ տեղափոխվեց Հայաստան՝ ոմանք ժամանակավոր, ոմանք էլ մշտական բնակության։ ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ցուցակը 2018 և 2019 թվականներին գլխավորում էին Հնդկաստանի քաղաքացիները։ Հայաստանում բնակության իրավունք ստացավ նրանցից 3.742-ը, 40-ը՝ մշտական: 2016 և 2017 թվականների ցուցակում առաջինը Իրանն էր։ Այդ տարիներին ընդհանուր առմամբ Իրանի 2.281 քաղաքացի է (շատերը ենթադրաբար իրանահայեր) կացության կարգավիճակ ստացել Հայաստանում, ընդ որում 209-ը՝ մշտական։

 

Շարժվել առաջ

Ըստ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության 2019 թվականի կանխատեսման՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050 թվականին կկազմի 2.573.000-ից (հոռետեսական գնահատական) մինչև 3.065.000 (լավատեսական գնահատական) մարդ։ Միջին գնահատումը 2.816.000 է: Երկրի բնակչությունն ավելացնել խոստացել են Հայաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախկին ղեկավարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը պետք է 5 մլն դառնա։ 2017-ին էլ Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ մինչև 2040 թվականը թիրախը 4 մլն բնակիչը պետք է լինի։

Կարող է արդյոք Հայաստանն իրականում այդքան մարդ տեղավորել։ Հիմք ընդունելով արդեն գոյություն ունեցող բնակարանային ֆոնդը, տեսականորեն շուրջ 4,8 մլն մարդ կարող է ապրել Հայաստանում։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2019 թ. վերջին կազմել է 96,5 մլն քառ. մ։ Եթե սա բաժանենք մեկ անձի համար պահանջվող նվազագույն շուրջ 20 քառ. մ բնակելի մակերեսին, ապա կստանանք մոտ 4,8 մլն մարդ: Այս թիվը հիմնված է զարգացող երկրներում մեկ անձին բաժին հասնող բնակելի մակերեսի միջին հաշվարկի վրա։ Ի տարբերություն դրա, ԵՄ-ում մեկ անձի բնակելի միջին մակերեսը ավելի քան 40 քառ. մ է, ինչը կնշանակի, որ ընդամենը 2,4 միլիոն մարդ կարող է տեղավորել Հայաստանի գոյություն ունեցող բնակֆոնդը։ Ինչպես նշվեց, Հայաստանի բոլոր ժամանակների ժողովրդագրական գագաթնակետը պատմականորեն 1990-ականների սկզբին էր, երբ երկիրն ուներ շուրջ 3,5 միլիոն բնակչություն: Այս ցուցանիշին վերադառնալու համար կպահանջվի ավելին, քան 20 քառ. մ բնակֆոնդը՝ յուրաքանչյուր բնակչի հաշվով։