Հարցումները կեղծ մեծամասնությամբ ընտրության հավանականության օգտին են

2021 թ. մայիսի 22-ին Marketing Professional Group (MPG) ընկերությունը հրապարակեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների վերաբերյալ հեռախոսային հարցման տվյալները։ MPG-ն Gallup International Association-ի հայկական դուստր ընկերությունն է: Հիշեցնենք, որ ամերիկյան Gallup Inc.-ն այլևս Gallup միջազգային ընկերակցության անդամ չէ: Երկու կազմակերպություններն էլ հիմնադրվել են ամերիկացի սոցիոլոգ Ջորջ Գելափի կողմից:

2021 թ. մայիսի 18-21 ընկած ժամանակահատվածում ընկերությունը հարցում է անցկացրել Հայաստանի 800 բնակչի շրջանում՝ սահմանային ներկայիս ճգնաժամի ու ընդհանուր քաղաքական իրավիճակի շուրջ: Նշենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային ճգնաժամը շարունակվում է մայիսի 12-ից: Ընդ որում, մայիսի 19-ին՝ հարցումների ընթացքում, ՀՀ նախկին նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը խնդրահարույց մի փաստաթուղթ հրապարակեց, որում խոսվում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ։

Սա MPG-ի առաջին հարցումն է կուսակցությունների՝ նախընտրական դաշինքներ ստեղծելու հայտարարություններին ու թեկնածուների ցուցակներ հրապարակելուն ընդառաջ։ Հարցման սխալանքի սահմանը գնահատվել է ±3,5%։

«Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրվել են հետևյալ պատասխանները.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն — 24,8%

«Հայաստան» դաշինք — 14,3%

Բարգավաճ Հայաստան կուսակցություն — 4,1%

«Պատիվ ունեմ» դաշինք — 3,1%

Հանրապետություն կուսակցություն — 2,5%

Լուսավոր Հայաստան կուսակցություն — 2,0%

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք — 1,6%

Հայոց հայրենիք կուսակցություն — 1,2%

Հայ ազգային կոնգրես կուսակցություն — 1,1%

Սասնա Ծռեր / Ազգային ժողովրդավարական բևեռ — 1,0%

5165 շարժում — 0,5%

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն — 0,4%

Արդար Հայաստան կուսակցություն — 0,4%

Ալյանս առաջադիմական-ցենտրիստական կուսակցություն — 0,4%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն — 0,1%

Այլ կուսակցություններ — 1,2%

Հրաժարվել են պատասխանել — 13,3%

Դժվարացել են պատասխանել — 14,6%

Ոչ մեկի օգտին — 13,4%

Արդյունքները հաստատում են դեռևս փետրվարից անցկացվող ամենամսյա հարցումներում նկատվող միտումը՝ նժարը Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից թեքվում է դեպի Ռոբերտ Քոչարյանը, որն առաջնորդում է «Հայաստան» դաշինքը։ Վերջինիս կորիզը կազմում են Հայ հեղափոխական դաշնակցությունը և Վերածնվող Հայաստան կուսակցությունը։

Պետք է նշել, որ հարցման տոկոսային այս հարաբերակցության մեջ ի վերջո էական նշանակություն են ունենալու միայն այն քաղաքացիների քվեները, որոնք իրականում կքվեարկեն այս կուսակցությունների օգտին։ Այսպիսով, խոհեմ կլիներ վերահաշվարկել ու վերլուծել միայն կողմնորոշված ընտրողների կարծիքները (ընդհանուր արդյունքներից հեռացնելով «Հրաժարվել են պատասխանել», «Դժվարացել են պատասխանել» և «Ոչ մեկի օգտին» կետերը)՝ չմոռանալով, որ տարբեր կուսակցությունների աջակիցները կարող են և հեռախոսով անկեղծորեն չպատասխանել ապագա քվեարկության վերաբերյալ անծանոթ մեկի հարցերին:

Այդ դեպքում կստանանք հետևյալ պատկերը.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն — 42,1 %

«Հայաստան» դաշինք — 24,3%

Բարգավաճ Հայաստան կուսակցություն — 7,0%

«Պատիվ ունեմ» դաշինք — 5,3%

Հանրապետություն կուսակցություն — 4,3%

Լուսավոր Հայաստան կուսակցություն — 3,4%

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք — 2,8%

Հայոց հայրենիք կուսակցություն — 2,1%

Հայ ազգային կոնգրես կուսակցություն — 1,9%

Սասնա Ծռեր / Ազգային ժողովրդավարական բևեռ — 1,7%

5165 շարժում — 0,9%

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն — 0,6%

Արդար Հայաստան կուսակցություն — 0,6%

Ալյանս առաջադիմական-ցենտրիստական կուսակցություն — 0,6%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն — 0,2%

Այլ կուսակցություններ — 2,1%

Թեև մինչև ընտրությունները մոտ մեկ ամիս ժամանակ կա և մարդիկ կարող են փոխել իրենց որոշումը, արդյունքների նախնական վերլուծությունից կարելի է որոշ եզրահանգումներ անել: Նախ և առաջ կարելի է ենթադրել, որ ընտրական շեմը կհատի միայն երեք քաղաքական ուժ. խորհրդարանում մանդատներ ստանալու համար կուսակցությունը պետք է ստանա քվեների առնվազն 5%-ը։ Նախընտրական դաշինքների համար, որոնք կազմված են երկու կամ ավելի կուսակցությունից, ընտրական շեմն ավելի բարձր է՝ 7%: Ամենայն հավանականությամբ միայն Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Քոչարյանի «Հայաստան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ) կանցնեն այդ շեմը:

Թեև ՀՀԿ-ի և Հայրենիք կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցանիշներն ապրիլի համեմատ բարձրացել են, այնուամենայնիվ չեն հատում դաշինքների համար նախատեսված 7%-ի շեմը: Այստեղ, սակայն, օրենսդրական սողանցք կա. դաշինքը կարող է գրանցվել որպես առանձին կուսակցություն և միևնույն ժամանակ թեկնածուներ առաջադրել երկու բաղադրիչ կուսակցություններից, եթե կրտսեր գործընկերն ապահովում է թեկնածուների թվի ոչ պակաս քան 30%-ը: Այդ դեպքում, սակայն, վերջիններս պարտավորված են լինելու օգտագործել ավագ գործընկերոջ անունը և հրաժարվել «Պատիվ ունեմ» անվանումից (որը մոտ մեկ շաբաթվա պատմություն ունի)։

Մյուս բոլոր միավորները, այդ թվում և Լուսավոր Հայաստանը, որը ներկայում երրորդ ուժն է Ազգային ժողովում, չի հատում 5%-ի շեմը: Եթե այս արդյունքները վերարտադրվեն ընտրության օրը, ապա բոլոր քվեների 26,6%-ը (ավելի, քան չորսից մեկը) չի հաշվարկվի:

Ստորև ընտրական շեմի բարձրացման հետևանքով չհաշվարկված քվեները (համամասնական տեղերի համար) Հայաստանի նախորդ խորհրդարանական ընտրություններում.

1995 — 12,8%

1999 — 18,6%

2003 — 24,0%

2007 — 24,7%

2012 — 1,6%

2017 — 9,1%

2018 — 14,9%

Երբ 2021 թ. ապրիլի 1-ին Ազգային ժողովը քվեարկեց մարզային թեկնածուների բաց ցուցակի (ռեյտինգային) բաղադրիչից հրաժարվելու օգտին, այն ներկայացվեց որպես «պարզ մեծամասնական» մոդել: Սակայն փոփոխությունն այդ կերպ բնութագրելը տեղին չէ: Սա ամբողջությամբ փակ ցուցակի մոդելի փոփոխություն էր՝ բաց ցուցակի բաղադրիչից հրաժարվելու ճանապարհով (ծանրակշիռ պատճառներով), որը բոլորովին չազդեց համամասնության վրա: Քվեների և խորհրդարանական մանդատների համամասնության իրական աղավաղումներն առաջանում են ընտրական շեմի և բոնուսային տեղերի, այդ թվում և ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչների մանդատի տրամադրման մեթոդի պատճառով:

Տեսնենք, թե հարցման արդյունքներն ինչպես են անդրադառնում մանդատների քանակի վրա.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն — 61 (58 + 3 ազգային փոքրամասնությունների մանդատ)

«Հայաստան» դաշինք — 34 (33 + 1 ազգային փոքրամասնությունների մանդատ)

Բարգավաճ Հայաստան կուսակցություն — 10

Մյուսներ — 0

Ազգային փոքրամասնություններին բոնուսային մանդատներ տրամադրելու կարգի համաձայն կընտրվեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ազգությամբ եզդի, ասորի ու քուրդ թեկնածուները, «Հայաստան» դաշինքի ռուս թեկնածուն (պայմանով, որ նրանք առաջադրեն թեկնածու, այլապես կզրկվեն մանդատից): Իրականում սա անարդար մեխանիզմ է։ Ալեքսեյ Սանդիկովը՝ գործող խորհրդարանի ռուս ներկայացուցիչը կզրկվի իր մանդատից միայն այն պատճառով, որ ռուսները Հայաստանում երկրորդ ազգային փոքրամասնությունն են, և հաշվի չեն առնվի վերջին 2,5 տարում Սանդիկովի իրական ձեռքբերումները կամ կուսակցության իրական նախապատվությունները Հայաստանի ռուս ազգային փոքրամասնության նկատմամբ։

Բաց ցուցակների բացառումը թույլ կտար հեշտությամբ շտկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների «բոնուսային տեղերի» խնդիրը, որն աղճատում է ընտրության արդյունքների ընդհանուր համամասնությունը: Սակայն իշխող ուժը բանաձևը փոխելու քաղաքական կամք չունեցավ:

Բացի այդ, 2018-ին «Ելք» դաշինքը, որը ներառում էր Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան և Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունները (խոսքը ՀՀԿ-ի մասին չէ) քվեարկել էր ընտրական շեմը կուսակցությունների համար 5-ից 4%-ի և ընտրական դաշինքների համար 7-ից 6%-ի իջեցնելու օգտին: Օրինագիծը, սակայն, չընդունվեց: 2021 թ. մայիսի 7-ին հմ. 894 օրինագիծն ընդունվեց փոքր-ինչ այլ տրամաբանությամբ: 2022 թ. հունվարի 1-ից հետո (ինչը նշանակում է, որ այն չի կիրառվի առաջիկա ընտրություններում) կուսակցությունների համար անցողիկ շեմը կիջնի մինչև 4%, իսկ երկու կուսակցությունից բաղկացած ընտրական դաշինքների համար կբարձրանա մինչև 8% (նպատակը կուսակցությունների երկարատև համախմբումը քաջալերելն է): Այս կետի կատարման հետաձգումը նշանակում է, որ Հանրապետություն կուսակցությունը, որը Քաղաքացիական պայմանագրի հնարավոր կոալիցիոն գործընկերն է, գուցեև չանցնի խորհրդարան:

Հարցումների վերջին արդյունքները ցույց են տալիս, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չի հատում դաշինքների համար սահմանված ո՛չ ներկա, ո՛չ ապագա շեմը:

 

Կեղծ մեծամասնության սցենար

Խորհրդարանական ապագա մանդատների բաշխման պատկերը, ըստ հարցման, խնդրահարույց է, քանի որ ենթադրում է կեղծ մեծամասնության սցենար, որում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանա քվեների 42%-ը և խորհրդարանական տեղերի 58%-ը:

Կեղծ մեծամասնության սցենարը տարածված է Կանադայում և Միացյալ Թագավորությունում, որտեղ «շեմն առաջինը հատողի» ընտրական համակարգն օգտագործվում է միամանդատ ընտրատեղամասերում, իսկ երկուսից ավելի կուսակցությունները մրցակցում են համապետական մակարդակում: Հայաստանի պատմության մեջ միակ դեպքը, երբ մեկ կուսակցություն ձայների բացարձակ մեծամասնություն է ստացել խորհրդարանական ընտրություններում, 2018 թվականին էր. նախորդող բոլոր միակուսակցական խորհրդարանական մեծամասնությունները կեղծ մեծամասնություններ էին ընտրական համակարգի աղավաղումների պատճառով:

2021-ին այդպիսի ելքը կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը, որի լուծմանն են միտված հունիսյան ընտրությունները: Նիկոլ Փաշինյանը մերժեց հրաժարական տալու կոչերը՝ հայտարարելով, որ միայն ժողովուրդը կարող է իրեն հեռացնել պաշտոնից: Կեղծ մեծամասնության սցենարով քվեարկողների 58%-ը կքվեարկի նրա դեմ, բայց խորհրդարանական մեծամասնության միջոցով նա կկարողանա լիակատար վերահսկողություն պահպանել իշխանության օրենսդիր ճյուղի նկատմամբ։

Այս պայմաններում բարոյական կլիներ, եթե Փաշինյանը մի կողմ քաշվեր և թույլ տար, որ իր առաջնորդած կուսակցության ներսում մրցակցություն գնար առաջին տեղի համար՝ միևնույն ժամանակ պահպանելով մեծամասնությունն ու շարունակելով կառավարել: Քաղաքացիական պայմանագրից ենթադրյալ 61 խորհրդարանականները կարող են համաձայնության գալ վարչապետի նոր թեկնածուի շուրջ, հետո միաձայն քվեարկել նրա օգտին: Վարչապետ ընտրելու համար պահանջվում է պատգամավորների ձայների մեծամասնությունը: Եթե խորհրդարանը կազմված լինի 105 պատգամավորից, ապա կա 53 «կողմ» քվե, ինչը նշանակում է, որ Քաղաքացիական պայմանագրից ընտրված պատգամավորների շարքերում միաձայն որոշման անհրաժեշտություն չկա. վարչապետի թեկնածուն, միևնույն է, կընտրվի, նույնիսկ եթե Քաղաքացիական պայմանագրից ընտրված պատգամավորներից ութը չքվեարկի նրա օգտին: Առաջնորդի այսպիսի փոփոխությունը Հայաստանը կբարձրացնի ժողովրդավարական ու քաղաքական հասունության նոր մակարդակի:

Եթե Փաշինյանը պահպանի իշխանությունը կեղծ մեծամասնության սցենարով, դա չի լուծի քաղաքական ճգնաժամը:

 

Հարցման ընթացքում հնչած այլ հարցեր

Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 65%-ը, համաձայն է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, 31%­-ը համաձայն չէ այս պնդման հետ: Հարցման մասնակիցներն առանձնապես լավատես չեն, որ ընտրություններն «ազատ ու թափանցիկ» կլինեն։ Հարցվածների միայն 50%-ն է հավատում, որ կանցկացվեն արդար ընտրություններ, 45%-ի կարծիքով ընտրություններն արդար չեն լինի: Հետաքրքրական է, որ հարցման մասնակիցների 53%-ը նշել է, որ չի մասնակցել 2018 թ. խորհրդարանական ընտրություններին: Պաշտոնապես 2018-ին մասնակցությունը 48,6% էր։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին այդ ցուցանիշը 60,8% էր, այսինքն՝ 315,000-ով ավելի քվեարկության մասնակից: Պատճառները կարելի է միայն կռահել: Մեծ մասը հավատացած է, որ դա կապված էր ճնշումների (նաև ընտրակաշառքների) մեխանիզմի թուլացման հետ, որը ՀՀԿ-ն կիրառում էր 2018-ին, կամ նույնիսկ ընտրակեղծիքների բացակայության հետ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի արդյունք կգրանցվի 2021-ին՝ նախորդ երկու ընտրությունների համեմատ:

Հարցման մասնակիցների 74%-ն այս անգամ մտադիր է քվեարկել: Մյուս կողմից նրանք, ովքեր հակված չեն մասնակցելու քվեարկությանը, չեն նշել, թե որ կուսակցությանն են աջակցում. նրանց պատասխաններն ամենայն հավանականությամբ ընդգրկված են «Ոչ ոքի» կամ «Դժվարացել են պատասխանել» բաժիններում: Հեռուստատեսությունն ու առցանց աղբյուրները, օրինակ՝ Facebook-ը և լրատվական կայքերը տեղեկատվության հիմնական աղբյուրներն են հարցման մասնակիցների համար։

Հաշվի առնելով սահմանային ներկայիս ճգնաժամը՝ հարցման մասնակիցների 56%-ը համաձայն չէ, իսկ 40,7%-ը համաձայն է «Հայաստանում ապրելն անվտանգ է» պնդման հետ:

Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչ կառույցներից կարող է Հայաստանը ռազմավարական ու քաղաքական աջակցություն ակնկալել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինուժի ներխուժման հարցում: Պատասխանները բաշխված են հետևյալ կերպ.

Ռուսաստան — 38,3%

Ֆրանսիա — 31,3%

ԱՄՆ — 23,8%

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ — 11,4%

ՀԱՊԿ — 7,2%

Այլ — 12,9%

Դժվարացել է պատասխանել — 5,2%

Հատկանշական է, որ 2021 թ. մայիսի 20-ին Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների 11 հոգուց բաղկացած խումբը փաստահավաք առաքելություն իրականացրեց Սև լճի տարածքում: Նույն օրը Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ. բանաձևում հիշատակում կա նաև սահմանային ընթացիկ լարվածության մասին։