Խաղողագործական ժառանգության վերածնունդը

Համարվում է, որ Հայաստանում կա խաղողի ավելի քան 400 տեղական տեսակ, որոնցից միայն 55-ն է այսօր մշակվում։ 1980-ականներին Հայաստանը մատակարարում էր Խորհրդային Միությունում արտադրվող գինու 3%-ը և կոնյակի 25%-ը։ Չնայած դրան, խաղողի տեղական որոշ տեսակներ կորսվել են խորհրդային տարիներին, երբ պլանային տնտեսությունը հայ խաղողագործներին պարտադրում էր առաջնահերթություն տալ կոնյակի արտադրության համար պիտանի տեսակներին։ 2007-ին Արենիի քարանձավներում 6100-ամյա գինու հնձանի բացահայտումը հիշեցրեց, թե որքան խորն է արմատավորված գինու մշակույթը Հայաստանում։ Այսօր Հայաստանում մշակովի գյուղատնտեսական տարածքների մոտ 16,000 հեկտարն օգտագործվում է խաղողագործական նպատակներով, հիմնականում հինգ մարզերում` Արմավիր (6,924 հեկտար), Արարատ (4,647 հեկտար), Արագածոտն (1,451 հեկտար), Տավուշ (1,364 հեկտար) և Վայոց ձոր (1,214 հեկտար)։

Պլանային տնտեսությունն ու Վերակառուցման խորհրդային քաղաքականությունն իր հետքն է թողել խաղողագործության և գինու արտադրության վրա նաև Արցախում։ 1980-ականների վերջում Միխայիլ Գորբաչովի հակաալկոհոլային արշավը կրճատեց ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու սպառումը, նվազեցին խաղողագործական տարածքները նաև ԼՂԻՄ-ում՝ 18,200 հեկտարից հասնելով 11,200-ի։ Խաղողի այգիները վնասվեցին նաև Ղարաբաղյան հակամարտության տարիներին, դրանց ընդհանուր տարածքը հասավ 2,200 հեկտարի։

Այսօր Արցախը փորձում է զարկ տալ գինեգործական ավանդույթներին, հայտնվում են գինու նոր ապրանքանիշեր («Կատարո», «Տիգրանակերտ», «Արբա»), որոնք մեծ մասսայականություն են վայելում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Գինեգործների և խաղողագործների միավորման տվյալներով՝ 2017 թվականին խաղողագործական նպատակներով Արցախում մշակվել է 1,888 հեկտար հողատարածք, 2018-ին արտադրվել է 220,000 լիտր գինի։

Ըստ Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի՝ 2019 թվականին Հայաստանում արտադրված գինու 21%-ն արտահանվել է, առավելապես Ռուսաստան։ Հանրապետությունում գինեգործության վերածննդին զուգահեռ ընդլայնվում է նաև արտահանման աշխարհագրությունը. 2015-ին գինի արտահանվում էր 15 երկիր, 2019-ին՝ արդեն 32։

WineWorks-ի հիմնադիր Վահե Քեուշգերյանը, որն առանցքային դեր է ունեցել Հայաստանում խաղողագործության մշակույթի վերածննդի գործում, ասում է, որ Ռուսաստանում ապրող հայերի թիվը որոշիչ չէ այս շուկայում հայկական գինիների տարածվածության հարցում, պարզապես Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. 2019 թ. առաջին երեք ամիսներին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին մասնաբաժինը կազմել է 27%։ Բացի Ռուսաստանից, հայկական գինիներ արտահանվում են Միացյալ Նահանգներ, Չինաստան, Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ըստ Քեուշգերյանի` ասիական տարածաշրջանը ևս կարող է հետաքրքիր լինել հայ գինեգործների համար, այդուհանդերձ ԱՄՆ շուկայի ներուժն ավելի մեծ է, բարձր է նաև եկամտաբերությունը։

Կարևոր է նշել, որ արտահանման ցուցանիշները տարբեր են ապրանքանիշից ապրանքանիշ. որոշ արտադրողներ կենտրոնանում են տեղական սպառման վրա, մյուսները ձգտում են սեփական արտադրանքը ներկայացնել միջազգային հարթակներում։ Այսպես, օրինակ, Keush և Zulal գինիները հիմնականում արտահանվում են և շատ քիչ են սպառվում տեղական շուկայում։ Մոտեցումը արմատապես տարբերվում է KOOR-ի ու Kataro-ի օրինակից, որոնք կենտրոնանում են տեղական սպառման վրա։ Երկու մոտեցումն էլ կենսունակ է, յուրաքանչյուր արտադրող ինքն է ընտրում զարգացման իր ճանապարհը։

Քեուշգերյանի խոսքով` երեք հիմնական գործոն կա, որով Հայաստանն առանձնանում է գինի արտադրող այլ երկրներից։ Առաջինը տեղանքն է. Հայաստանում խաղողի այգիները ծովի մակարդակից 800-1600 մետր բարձրության վրա են, համեմատ, օրինակ, եվրոպական երկրների, որտեղ դրանք հիմնականում ծովի մակարդակին մոտ են։ «Այսպիսի բարձրությունների վրա գյուղատնտեսությունն այլ է, որակն էլ է այլ, տարբեր է ջերմաստիճանի փոփոխությունը, ինչպես նաև պոլիֆենոլիկ բովանդակությունը` խաղողի մեջ համեմատաբար բարձր է հակաօքսիդանտների քանակը»,- ասում է Քեուշգերյանը։ Սա նշանակում է, որ խաղողի նույն տեսակը, որն աճում է ծովի մակարդակին մոտ, հասնում է այլ կերպ, քան բարձր տեղանքում, ինչն էլ ազդում է գինու համային որակների և կառուցվածքի վրա։

Երկրորդ կարևոր գործոնը, որով առանձնանում է Հայաստանը, հրաբխային և քարքարոտ հողերն են։ Քարքարոտ հողում խաղողի մշակումը բարձրացնում է դրա արժեքը. ոռոգման ժամանակ ջուրն ավելի խորն է ներթափանցում հողի մեջ, հետևաբար սնունդ հայթայթելու համար որթի արմատները էլ ավելի խորն են աճում՝ ի վերջո հասնելով մաքուր բնահողին։ «Սա հարստացնում է գինու համային պրոֆիլը»,- պարզաբանում է Քեուշգերյանը։ Ի հակադրություն քարքարոտի, կավահողը, որը գերիշխում է հարևան Վրաստանում և Եվրոպայում, պահպանում է խոնավությունը, և տունկի արմատները մոտ են մնում մակերեսին։

Հայաստանն առանձնացնող երրորդ գործոնը խաղողի տեղական և բնիկ տեսակներն են։ «Երբ այս երեք գործոնները գումարվում են, ստանում ենք որոշակի համային պրոֆիլ, որը երբեք չես շփոթի այլ գինիների հետ»,- նշում է Քեուշգերյանը։

«Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» այսօր երեք ամենատարածված տեսակներն են Հայաստանում։ Տեղական այս տեսակները փաստաթղթավորելու և պահպանելու համար Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Vitis հայկական տվյալների պահոցը, որում պահվում են խաղողի ավելի քան 170 տեղական տեսակների ամփոփ ու բազմակողմանի բնութագրերը։

Հայկական որոշ գինիներ պատրաստվում են խաղողի մի քանի տեսակների համադրությամբ։ Այս պրակտիկան մի քանի հիմք ունի։ «Երբեմն այլընտրանք չի լինում, որովհետև խաղողի այգիներն այդպես են տնկված։ Բերքահավաքի ժամանակ խաղողի տեսակներն արդեն իսկ խառնվում են իրար,- բացատրում է Քեուշգերյանը։- Երբեմն էլ կուպաժային (խառնուրդային) գինու համն ավելի լավն է, քան մեկ տեսակից պատրաստվածինը»։

Խաղողի նոր այգիներում, սակայն, աճեցվում է միայն մեկ տեսակ, ինչը գինեգործներին թույլ է տալիս տեսակները խառնել միայն անհրաժեշտության դեպքում։ Քեուշգերյանը հավատացած է, որ Հայաստանում տեսակների համադրումը միջոց է տարբերակելու համար այն գինիները, որոնք պատրաստված են խաղողի նույն տեսակից։ Այս պրակտիկան կիրառվում է աշխարհի խաղողագործական այլ շրջաններում ևս՝ նույն պատճառներով։ Օրինակ, բոլոր Bordeaux գինիները խառնուրդներ են, Champagne-ների մեծ մասը ևս խառնուրդ է, Châteauneuf-du-Pape-ը խաղողի տասներեք տեսակների խառնուրդ է։ Միևնույն ժամանակ, գինու որոշ տեսակներ այնքան տարբերվող համ ունեն, ինչպես, օրինակ, Pinot noir-ը կամ Sauvignon blanc-ը, որ անսովոր է դրանք համադրելը։

Խոսելով գինու ապրանքանիշավորման մասին` Քեուշգերյանն ասում է, որ կարևոր է ընտրել այնպիսի անուն, որը նույն հնչողությունը կունենա տարբեր լեզուներում. ավելի լավ է՝ երկվանկ և ոչ շատ բարդ անուն, այլապես դժվար կլինի հիշել այն։ Բացի այդ, Հայաստանը որպես գինեգործական երկիր դիրքավորելիս կարևոր է տեղ հասցնել գաղափարը, որ հայերը գինեգործությամբ զբաղվել են 6000 տարի շարունակ, և որ Հայաստանում պատրաստված գինին այլ տեղ հնարավոր չէ գտնել։ Նրա կարծիքով` խորհրդային տարիները ևս հայկական գինեգործական ավանդույթի անբաժանելի մաս են, և հենց այդ շրջանի դիտանկյունից պետք է Հայաստանը ներկայացնի, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել վերջին տարիներին։

Տերրուարի ոչ նյութական տարրերը

«Գինիներն ու որթատունկները կենդանի օրգանիզմներ են և կարող են որսալ իրենց շրջապատող էներգիան». Վարուժան Մուրադյան։

 

Երբ Վարուժան Մուրադյանը հողակտոր գնեց Արագածոտնի մարզում` Սասունիկ գյուղի մոտակայքում, դժվար էր հավատալ, որ այստեղ ինչ-որ բան կարող է աճել, մանավանդ՝ խաղող։ Նրա դուստրը` Անին, հիշում է, որ տարածքը նման էր անապատի, մարդիկ թերահավատորեն էին նայում չոր ու քարքարոտ հողում խաղողի այգի հիմնելու նրանց որոշմանը։ «Հայաստանում գինու արտադրություն հիմնելու հայրիկի որոշումը բնական էր, ճիշտ ու հեշտ,- ասում է Անին։- Նա հասկանում էր, որ այստեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները բարձրորակ գինի արտադրելու համար, որը կառանձնանա համաշխարհային շուկայում»։

15 տարի առաջ էր, երբ Վարուժան Մուրադյանը սկսեց ուսումնասիրել, թե որտեղ կարելի է խաղողի այգի հիմնել, և դիտարկելով ամենաբարձր ներուժ ունեցող շրջանները` տառացիորեն արմատներ գցեց Արագածոտնում, որտեղ էլ 2008 թվականին ծնվեց Van Ardi-ն։

Այգիների հողը հրաբխային է ու քարքարոտ, որը, ինչպես արդեն նշվեց, թույլ է տալիս, որ որթերի արմատներն ավելի խոր շերտերի հանքանյութերին ձգտեն։ Van Ardi-ի այգիները ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա են։ Այդուհանդերձ, այգիների տեղադրությունն այնպես է ընտրված, որ վազերը ձմռանը թաղելու անհրաժեշտություն չի լինում։ Բոլոր այս գործոններն ազդում են տերրուարի վրա` տարբերակիչ բաղադրիչ, որի շնորհիվ գինիները տարբերվում են միմյանցից։ Վարուժան Մուրադյանը հավատացած է, որ նույնիսկ հարևան այգիները տարբեր տերրուար ունեն, որովհետև ամենից կարևորը խաղողագործի մոտեցումներն են։ «Գինին և խաղողի այգիները կենդանի օրգանիզմներ են և կարող են որսալ իրենց շրջապատող էներգիան»,- համոզված է Van Ardi-ի հիմնադիրը։ Ու հենց այս փիլիսոփայությամբ է նա մշակում իր այգիները։ Որթերը տարվա ընթացքում երաժշտություն են լսում, աշխատողներին արգելված է այգիներում կոպիտ կամ զայրացած խոսելը, այգիներում շրջագայություններ կազմակերպելը որթերն այցելուների դրական էներգիայով շրջապատելու ևս մի միջոց է։ Իսկ գինու գործարանը շրջապատում են Արարատը, Արագածն ու Արայի լեռը, ինչն ավելի է գեղեցկացնում գաղափարը։ «Մեր խաղողի այգում ու գինու գործարանում ձեր դեմքին ժպիտ է հայտնվում»,- ժպտում է Մուրադյանը։

Խաղողի տեղական տեսակները ցանկացած գինեգործական երկրի մեծագույն հարստությունն են։ «Հենց խաղողի տեսակն է որոշում գինու տեսքն ու համային առանձնահատկությունները։ Դա այն ձեռագիրն է, որով առանձնանում է գինին»,- բացատրում է Մուրադյանը։ «Կախեթ», «Հաղթանակ», «Կանգուն» և «Ոսկեհատ». սրանք խաղողի չորս հիմնական տեսակներն են, որոնք օգտագործվում են Van Ardi գինիների արտադրության մեջ։ «Ոսկեհատը» տեղական խաղողի տեսակներից է, որը մշակում են Արագածոտնի մարզում, «Հաղթանակն» ու «Կանգունը» խաչասերված տեսակներ են, որոնք ստեղծվել են 1950-ականներին։ Չնայած «Արենին» ավանդաբար Վայոց ձորի մարզում է մշակվում, Van Ardi-ն առաջիններից էր, որ այն Արագածոտն բերեց։ Խաղողի միակ ոչ հայկական տեսակը, որն աճում է այստեղ, Sera-ն է, որը Կալիֆոռնիայից բերել ու տնկել են 2008 թվականին, երբ հիմնվում էր այգին։

Վարուժան Մուրադյանը կարծում է, որ որակի համար որոշիչ չէ, թե խառնուրդ է արդյոք գինին, թե ստեղծվել է ընդամենը մեկ տեսակից։ Փոխարենը, խիստ կարևոր են այնպիսի գործոններ, ինչպիսիք են, օրինակ, թե որքան ներդաշնակ համ ունեն խաղողի տարբեր տեսակները, և ինչպիսի համային գամմա են դրանք ձևավորում։ «Դա նման է ճաշատեսակի։ Կարելի է սքանչելի ճաշատեսակ ստանալ ընդամենը երկու բաղադրիչից և նույնքան սքանչելի ճաշատեսակ` տասը բաղադրիչից»,- ասում է Մուրադյանը։

Առաջին իսկ օրվանից Van Ardi-ում փորձել են գինու արտադրությոնը ոչ նյութական մշակույթի տարրերով համեմել, գինու գործարանում պարբերաբար համերգներ ու մշակութային միջոցառումներ կազմակերպել։ «Չնայած գինեգործությունը հիմնականում գիտություն է, այնուամենայնիվ, արվեստ նույնպես կա։ Էներգիան, որ հաղորդում ես այդ գործընթացին, շատ բան է փոխում,- բացատրում է Մուրադյանը։- Մեզ համար գինին ուղղակի ապրանք կամ հեղուկ չէ, այլ փորձառություն և կենսակերպ»։

Van Ardi գինիների մոտ կեսը սպառվում է տեղական շուկայում, մյուս կեսն արտահանվում է տասնմեկ երկիր, այդ թվում՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ և Կանադա։ Van Ardi-ին փորձում է բարձրորակ գինիների արտադրությամբ ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային շուկայում, նպաստել երկրում գինեգործության զարգացմանը։ «Այս նախագիծն ապագա սերունդների համար է. միայն երեք սերունդ հետո մենք կկարողանանք վայելել պտուղները»,- ասում է Մուրադյանը։

Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տվյալներով` 2019 թվականին բնակչության մեկ շնչի հաշվով Հայաստանում գինու սպառումը 3.5 լիտր է կազմել։ Չնայած ցուցանիշը փոքր է, եթե համեմատենք Ֆրանսիայի կամ Իտալիայի հետ, որտեղ միջինում մեկ շնչին բաժին ընկնող սպառումը 45 լիտր է, այն զգալի աճ է գրանցել համեմատ 2017 և 2018 թվականների, երբ Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող գինու սպառումը 2.5 լիտր էր։ Ցուցանիշի բարելավումը մեծապես պայմանավորված է Հայաստանում գինու մշակույթի զարգացմամբ և նրանով, որ այստեղ արտադրված գինիները կարող են մրցել համաշխարհային հռչակ վայելող ապրանքանիշերի հետ։ Մուրադյանի կարծիքով` թեև տարեցները դեռևս նախընտրում են օղի կամ այլ թունդ խմիչք, երիտասարդ սերունդը սկսել է հետևել գինու ու գարեջրի սպառման այսօրվա միտումներին։ Ըստ նրա` կրթությունն այդ գործընթացն արագացնելու բանալին է, անկախ նրանից՝ դա արվում է աննկատ, սոցիալական մեդիաարշավների միջոցով, թե գինու սկսնակ սիրահարներին դասընթացներ առաջարկելով։ «Դա նաև ապացուցում է, որ գինեգործությունն ուրախ, օգտակար, գրավիչ ու համեղ գործընթաց է»,- ասում է Վարուժան Մուրադյանը։

Գինեգործների նոր սերունդը

«Գինըմպումը դարեր շարունակ մեր մշակույթի մաս է եղել. մեզ մնում է միայն զարկ տալ այդ մշակույթին». Զորի Մկրտչյան։

 

Գինու մշակույթի վերածնունդը Հայաստանում մեկն էր այն պատճառներից, որը գինեգործների նոր սերունդ բերեց այս ոլորտ։ Զորի Մկրտչյանի և նրա ընկերների համար գինեգործությունն ընտանեկան ավանդույթի մաս չի եղել։ Նրանց ընդհանուր տեսլականն ու ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը պատճառ դարձավ 2014 թվականին KOOR գինիների արտադրությունը հիմնելու համար։ Ինչպես հայաստանյան գինեգործներից շատերը, նրանք նույնպես ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ տեղական գինու արտադրությունը զարգացնելու և հայկական գինին աշխարհում ճանաչելի դարձնելու գործում։

KOOR գինիների մոտավորապես 70%-ը սպառվում է տեղական շուկայում և միայն 30%-ն է արտահանվում։ Զորի Մկրտչյանը բացատրում է, որ իրենց երկարաժամկետ նպատակը սեփական արտադրության գինիները միջազգային շուկայում ճանաչելի դարձնելն է։ Այս նպատակի իրականացումը ապրանքանիշի մասսայականացում է պահանջում ոչ միայն հայկական համայնքներում, այլև ընդհանրապես գինու սիրահարների շրջանում։ «Եթե կենտրոնանայինք մեր գինիների սպառումը հիմնականում հայկական համայնքներում ընդլայնելու վրա, հետագայում ստիպված կլինեինք թափանցել միջազգային շուկաներ»,- ասում է նա։ Մկրտչյանի խոսքով` հետաքրքիր է դիտարկել ցանկացած նոր ձևավորվող շուկա, բայց կարևոր է համաշխարհային շուկայում գտնել այն խորշը, որը համապատասխանում է սեփական արտադրական հնարավորություններին։

KOOR գինիները պատրաստվում են խաղողի բացառապես տեղական տեսակներից՝ «Ոսկեհատ», «Արենի» և «Խնդողնի»։ Վայոց ձորը համարվում է «Արենիի» և «Ոսկեհատի» հայրենիքը, «Խնդողնին» ավանդաբար աճում է Արցախում։ Չնայած Խնդողնի կգտնեք Արցախի գրեթե բոլոր շրջաններում, համային առանձնահատկությունները տարբերվում են շրջանից շրջան։ Մկրտչյանը համոզված է, որ տեսակների համադրումը միշտ չէ, որ գործոններից որոշիչն է, և այն ոչ միշտ է բարելավում գինու համը։ KOOR-ի սպիտակ գինին պատրաստվում է միայն «Ոսկեհատ» տեսակի խաղողից, կարմիրը՝ «Արենիի» և «Խնդողնու» խառնուրդ է։

Գինեգործներն այսօր ընտրում են խաղողի տեսակներ, որոնք ավանդաբար աճում են մի շրջանում, և փորձում մշակել դրանք նոր միջավայրում։ Մկրտչյանը սա համարում է ստեղծագործական գործընթաց, որն իրենց թույլ է տալիս բացահայտել նոր համեր։ «Գինըմպումը դարեր շարունակ մեր մշակույթի մաս է եղել, ուստի մեզ մնում է միայն զարկ տալ այդ մշակույթին»,- նշում է Մկրտչյանը։ Նա համոզված է, որ գինու մշակույթը այսօր մասսայականություն է վայելում, թեև տանը գինի խմելը դեռևս չի դարձել առօրյայի մաս։ Հետաքրքրական է, սակայն, որ գյուղական համայնքներում, հատկապես այնտեղ, որտեղ խաղողագործությունը զարգացած է, գինին ճաշի սեղանի անբաժան տարր է։ Պատկերն այլ է Երևանում, որտեղ երեկոն նոր ու ժամանակակից գինու բարերից մեկում հազվադեպ հաճույք է և ոչ թե առօրյա։ Մկրտչյանը համոզված է, որ արտադրողները ևս հետաքրքրված պետք է լինեն, որ իրենց գինին մատչելի և հասանելի լինի միջին սպառողին` միևնույն ժամանակ որակյալ մնալով։

Գինեգործության խորհրդային հետքը

«Այն, որ միջազգային շուկան շատ բան չգիտի Հայաստանի` որպես գինի արտադրող երկրի մասին, առավելություն է». Կառլեն Մանասերյան։

 

Միհրան Մանասերյանն առաջիններից էր, որ հողակտոր գնեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Խաղողագործությունը դեռ տարածված զբաղմունք չէր Հայաստանում, երբ նա խաղողի այգիներ էր հիմնում Արարատի մարզի Տափերական գյուղում։ Յոթ տարի պահանջվեց Արարատյան դաշտավայրում գինեգործական ձեռնարկություն հիմնելու համար, որը նա անվանեց Տուշպա (այն հետագայում վերանվանվեց Վան, հենց այնտեղից են սերում Մանասերյան ընտանիքի արմատները)։ 1999-ի սկզբին վերջապես պատրաստ էր գինու առաջին չափաքանակը, և արտադրանքը մուտք գործեց տեղական շուկա։ Բայց գինու նկատմամբ խորհրդային տարիների անուշադրությունը դեռ երկար էր հետապնդելու գինեգործների նոր սերնդին, որը փորձում էր զարկ տալ արտադրությանն այն ժամանակ, երբ շուկան դեռ պատրաստ չէր դրան։

2000-ականների սկզբին էլ սպառողը պատրաստ չէր ավելի վճարել բարձրորակ գինու համար։ «Շուկան մրցակցային չէր, գերիշխող դեր ուներ համեմատաբար ցածր որակի էժան գինին»,- հիշում է Միհրան Մանասերյանի որդին՝ Կառլենը։ Մանասերյանների գինեգործական ձեռնարկությունը, որը հիմնվել էր տնտեսական ցնցումների տարիներին, փոխեց գործունեության ոլորտը 2003 թվականին։ «Գինու որակը մեր արտադրության ամենակարևոր կողմն է, որով պայմանավորված էլ այն համեմատաբար թանկ էր»,- հիշում է Մանասերյանը։ Հաջորդ 15 տարիներին նրանք կոնյակ էին արտադրում, բայց այդպես էլ չհրաժարվեցին գինու գործարան ունենալու երազանքից։ Երբ պահանջարկը մեծացավ, 2018-ին «Տուշպան» վերադարձավ շուկա։

Վերջին երկու տարիներին «Տուշպա» գինիների մոտ կեսը սպառվում է ներքին շուկայում, մյուս կեսն արտահանվում Բելգիա, Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ։ Այն, որ ընկերության գինիներն արտահանվում են Բելգիա, բացառիկ է Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի համար։ «Հաղթանակը» և «Կանգունը» երկու խաչասերված տեսակներ են, որոնք օգտագործվում են «Տուշպա» գինիների արտադրության համար։ Դրանք ստեղծվել են 70 տարի առաջ և լիովին հարմարվել Հայաստանի բնակլիմայական պայմաններին։ «Մարդկային գործոնն ու միջամտությունը հասցված է նվազագույնի, հավելումներ չկան, որոնք կարող են արագացնել գինու պատրաստման գործընթացը»,- պատմում է Մանասերյանը։ Խաղողի նրանց այգիների տարածքում կավահող է, որը սառն է պահում խաղողի որթի արմատներն ու հավասարակշռում տարածաշրջանի տաք կլիման։

Մանասերյանը պատմում է, որ երբ 2018-ին «Տուշպա» գինիները վերադարձան շուկա, իրենք մտածում էին գինին առցանց վաճառելու մասին, բայց շատ արագ հասկացան, որ դա պրակտիկ չէ հայկական շուկայի համար։ «Գինըմպումը դեռ չի մտել մեր կենցաղ, իսկ COVID-19-ը ցույց տվեց, որ գինին դեռ չի դարձել մեր մշակույթի մաս»,- ասում է Մանասերյանն ու հավելում, որ չնայած կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամբողջ աշխարհում գինու վաճառքի նվազմանը (փակ են ռեստորաններն ու բարերը), վաճառքները Հայաստանում գործնականում դադարել են, որովհետև ըստ էության չկար ներքին սպառում, որի վրա կարելի էր հենվել։ «Բայց կարծում եմ, որ Հայաստանը շարժվում է դեպի գինու մշակույթի վերածնունդ. միայն ժամանակի ու հետևողական ջանքերի հարց է»,- վստահ է Մանասերյանը։ Գինու ամենամյա փառատոններն ու գինու համտեսի տարատեսակ միջոցառումները կարևոր բաղադրիչներ են այս գործում։

«Այն, որ միջազգային շուկան շատ բան չգիտի Հայաստանի` որպես գինի արտադրող երկրի մասին, առավելություն է»,- վստահ է Մանասերյանը։ Նա համոզված է, որ պետք չէ հայկական գինիները համեմատել համաշխարհային ճանաչում ունեցող, կայացած ապրանքանիշերի հետ։ Փոխարենը, գինի արտադրողները պետք է իրենց ապրանքը դիրքավորեն որպես էկզոտիկ և չբացահայտված համեր փորձելու հնարավորություն։ Մանասերյանը բացատրում է, որ հայկական գինիներն իդեալական են գինու սիրահարների համար, որոնք հոգնել են խաղողի նույն տեսակներից կամ նույն տարածաշրջաններում պատրաստված գինի համտեսելուց և համային նոր փնջեր են փնտրում։ «Միակ բանը, որ պետք է Հայաստանին` գտնել իր տեղը գինու համաշխարհային շուկայում, և այդ գործընթացում պետք է ներգրավվեն գինու լայնախոհ սիրահարներ, որոնք ինչ-որ նոր բան են փնտրում։ Այդ մարդիկ ամենուր են»,- ասում է Մանասերյանը։

Հայաստանի խաղողագործության ժառանգությունն ու խաղողի տեղական տեսակների վերածնունդը ներդրում է, որն այսօր արդեն սկսել է իր առաջին պտուղները տալ։ Սա վերադարձ է խաղողի մշակության 6100-ամյա ժառանգությանը։