Հայելին զուգարանում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Պետականության, ժողովրդավարության, քաղաքակրթական առաջընթացի շուրջ խոսույթներում անընդհատ ընդգծվում է քաղաքացիական հասարակության դերը՝ հանրույթ, որում ամեն մեկը իր բարձր գիտակցությամբ ու քննադատական ունակություններով մի կողմից «գլխացավանք» է իշխանությունների համար, մյուս կողմից ակամայից օգնում նրան՝ սեփական փոքրիկ տիրույթում ամեն վայրկյան ստանձնելով իշխանությունների դերը, ու, պատկերացրե՛ք, այդ մասին ոչ ոք չի էլ իմանում։ Ու հենց այստեղ է աղը։

Տարիներ առաջ շատերի շուրթերին քաղաքացիական գիտակցության տպավորիչ մի օրինակ էր. սկանդինավյան գյուղերի միջով ձգվող ճանապարհների եզրերին կիլոմետրեր շարունակ կողք-կողքի շարված բանջարեղենով լի արկղերի էին, որոնց կողքին կշեռք ու մանրադրամով լի տուփեր կային։ Մեքենաներն արգելակում էին, մարդիկ կշռում էին բանջարեղենը, տուփի մեջ գցում գումարը, անհրաժեշտության դեպքում վերցնում մանրը և շարունակում ճանապարհը։ Ինչն ամենազարմանալին է, այս ամենն առանց իր բերքն ու բարիքը վաճառող գյուղացու, որը շարունակում էր մշակել հողն ու զբաղվել գյուղատնտեսությամբ՝ ժամանակ չվատնելով առևտրի վրա և առևտուրը թողնելով քաղաքակիրթ գնորդի ազնվությանը, խղճին ու գիտակցությանը։

Այս պատմությունը պատմող յուրաքանչյուր ոք վերջում հռետորական հարց էր տալիս՝ արդյո՞ք նման բան հնարավոր է Հայաստանում, և մի՞թե Արարատյան դաշտավայրի ճամփեզրերին չէին դատարկվի թե՛ արկղերը, թե՛ մանրադրամի տուփերը։

Նոր մեքենան Փոթիից Երևան բերելու ճանապարհին հիշեցի Անդրեյ Կոնչալովսկու ելույթներից մեկը, որում նա մեջբերում էր տակավին դպրոցական Ալեքսանդր Զինովևի մոր իմաստուն խոսքերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ապագա փիլիսոփայի վրա. «Պետք չէ՛ գլուխ ջարդել Աստծո գոյության հարցի շուրջ: Պետք է պարզապես այնպես ապրել, ինչպես կապրեիր այն դեպքում, երբ վստահ լինեիր, թե Աստված կա՛»։

Դրանից ժամեր առաջ, երբ դեռ Երևանից էի ուղղվում Փոթի, հետևում էի, թե ինչպես է վարորդն ընթանում դասական ալգորիթմով՝ նվազագույն արագություն, եթե արագաչափ կա կամ պետավտոտեսուչ, ու հնարավորինս արագ, երբ հորիզոնում «տուգանքի վտանգ» չի նշմարվում:

Փոթի հասնելուն պես, մեքենայից դուրս գալով, բոլորս շտապեցինք հասարակական զուգարան՝ երկար ճանապարհին կուտակված կարիքները վերջապես հոգալու՝ ո՛չ թե ծառուղիների երկրորդ շարքում կամ ճամփեզրի փոսերում, այլ մարդավայել պայմաններում՝ հասարակական զուգարանում:

Հետո՝ զուգարանի, մեքենան դիմավորելու ու թղթաբանության փուլերին հաջորդեց անխուսափելին. հանկարծ դեպի մեզ ձգվեց անծանոթների մի շարան, որը գումար էր առաջարկում ավտոմեքենայի կատալիզատորի* դիմաց: «Ձեռքի վրա» նրանք պատրաստ էին հիսունից մինչ մի քանի հարյուր դոլար վճարել՝ կախված մեքենայի մակնիշից:

Կատալիզատորի բացակայությունը չի անդրադառնում մեքենայի աշխատանքի վրա, մի բան էլ ավելի՝ նվազում է վառելիքի ծախսը, տուժում է միայն բնությունը, օդը:

Եվ ահա դու կանգնած ես երկընտրանքի առաջ՝ շրջակա միջավայրի ապառիկ աղտոտում, թե՞ կանխիկ գումար:

Իրականում, մեկ ժամից էլ պակաս տևած գործողությունների այս հերթագայության մեջ լավագույնս է դրսևորվում Զինովևի մայրիկի իմաստությունը, նույն ինքը՝ առողջ հանրության լավագույն ցուցիչներից մեկը՝ անանուն, անհատական պատասխանատվությունը։

Օրենսդրական կարգավորումները, տեսախցիկները, վերահսկողության մեխանիզմները, անխոս, կարևոր են, բայց քաղաքացիական մշակույթի առանցքային ֆենոմենը անհատական, անանուն պատասխանատվությունն է՝ երբ չկա պատժվելու և ոչ մի վտանգ, բայց դու շարունակում ես ինքդ քո նկատմամբ խստապահանջ ու պատասխանատու մնալ։

Հյուրընկալ տան զուգարանից օգտվելիս դժվար է օբյեկտիվ պատկերացում կազմել այդ ընտանիքի մասին, ընտանիքի անդամներից մեկը ջուրը չքաշելով կամ չհոտազերծելով զւգարանը անանուն չի մնում, վաղ թե ուշ «բռնվում» է զուգարանից օգտվող ընտանիքի մյուս անդամների կողմից, մինչդեռ հենց հասարակական զուգարանն է հասարակության հայելին՝ այն սալիկաճաք հարթակ-ցուցիչը, որտեղ յուրաքանչյուրը մեն-մենակ է զուգարանահորի, զուգարանակոնքի և իր սեփական անստորագիր պատասխանատվության առջև, ինչպես փակ ծրարը ձեռքին ընտրողը՝ քվեատուփի դիմաց, կամ մեղսագործ կաթոլիկը՝ եկեղեցու անպատիժ խոստովանարանում։

 

* * *

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որն առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք անսարք չեզոքացման համակարգով կամ էլ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա կվարեն:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300.000 դրամով, պաշտոնատար անձանց՝ 500.000-ով։ Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է հաշվի առնելով ապամոնտաժված չեզոքացուցիչների շուկայական միջին գինը՝ մոտ 300.000 դրամ։

 

* Կատալիզատորը (կատալիտիկ չեզոքացուցիչ) մեքենայի արտանետիչ համակարգի մաս է, որն արտանետվող գազերում նվազեցնում է շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի քանակությունը։

Read in English 

The Mirror in the Lavatory

Այս ամսվա թողարկումը ներկայացնում է քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մասին պատմություններ` ներառյալ իրազեկվածության, մարդու իրավունքները պաշտպանելու գործում քաղաքացիական հասարակության դերի և դատական համակարգի մասին: