
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է: Ցուցանիշի ամենամեծ աճը գրանցվել է 1932-1940 թթ., ութ տարվա ընթացքում 17%-ից այն հասել է 84%-ի. անգրագիտության վերացման խորհրդային արշավի շրջանակում գործընթացը կոչված էր ապահովելու երկրի արագ ինդուստրիալացումը: Ընդունված է համարել, որ Հայաստանը պահպանում է համատարած գրագիտության մակարդակը:
Դպրոցում «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների հետազոտության ծրագրի» (TIMSS) ստանդարտացված ստուգումները պարզել են, որ
- 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Ավելին, աշակերտների 8-11%-ն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել գնահատել նրանց (տե՛ս մաթեմատիկայի բնագավառում 2003, 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):
- 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 24-42%-ը տոկոսը չի հաղթահարել բնագիտության TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին (օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից, պարզ գրաֆիկներ մեկնաբանելու դժվարություններ և այլն, տե՛ս բնագիտության բնագավառում 2003, 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):
Ավելին, 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6%-ը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին:
1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է, որ
- մարդն անգրագետ է, եթե չի կարողանում հասկանալ, կարդալ և գրել կարճ պարզ դատողություն իր առօրյա կյանքի մասին,
- մարդը ֆունկցիոնալ առումով անգրագետ է, եթե չի կարողանում մասնակից լինել բոլոր այն գործողություններին, որոնք իր խմբի կամ համայնքի արդյունավետ գործունեության համար գրագիտություն են պահանջում, և որոնք նրան հնարավորություն կտային կարդալու, գրելու և հաշվելու հմտություններն օգտագործել հանուն իր և համայնքի զարգացման:
Եթե ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, ապա ըստ տարբեր հաշվարկների հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին։ Սա նշանակում է, որ վերջիններս, որոնց մեծ մասը այսօր չափահաս է, ըստ էության զրկված են եղել շրջապատի, համայնքի կամ ընդհանրապես երկրի առօրյային նշանակալից և արդյունավետ մասնակցությունից: Սա նաև նշանակում է, որ Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակն առնվազն 20% է: Ըստ ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) Համընդհանուր հիմնական հմտությունների զեկույցի՝ 2015-ի դրությամբ սովորողների մոտ 45%-ը Հայաստանում ձեռք չի բերել անհրաժեշտ հիմնական հմտություններ:
Ֆունկցիոնալ անգրագիտությունը նաև նշանակում է, որ պետությունն ու կրթական հաստատությունները համատարած ձախողել են այդ քաղաքացիների՝ կրթության իրավունքի իրացումը։ Կրթության (1999) և Հանրակրթության մասին (2009) ՀՀ օրենքները սահմանում են, որ պետությունը, ի թիվս այլ պարտավորությունների, ունի նաև քաղաքացիների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու պարտավորություն։ Վերջին 2-3 տասնամյակում հայաստանյան դպրոցները պարզապես դրական գնահատականներ են նվիրել ցածր առաջադիմությամբ աշակերտներին, որպեսզի նրանք ավարտեն դպրոցը: Սա կարելի է բացատրել մի շարք գործոններով՝ թույլ զարգացած տնտեսությունից մինչև հանրակրթության թերֆինանսավորում, հանրային ընկալման մեջ դպրոցի ու գիտելիքի դերի նվազում։
Ի՞նչ ակնկալել ապագայում
Իր առաջին հարցազրույցներից մեկում Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը նախ «կչորացնի ճահիճը» և դրանից հետո միայն կանցնի երկարաժամկետ ռազմավարության մշակման: Վերջին մեկուկես տարում նախարարությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Ֆունկցիոնալ անգրագիտության ճահիճը չորացնելը թույլ կտա վերականգնել պետության իրավական պարտավորությունները բոլոր նրանց նկատմամբ, ում կրթության իրավունքը անհրաժեշտ չափով չի իրացվել:
Հազարավոր սովորողներից կազմված ու արմատացած այս համակարգն ամբողջությամբ վերանայելն առաջին հայացքից անհնար կարող է թվալ։ Սակայն գործնականում դա համեմատելի է Հայաստանում անգրագիտության վերացման խորհրդային ջանքերի հետ: Կառավարությունը պետք է գտնի խնդրին առնչվող բազմաշերտ ու ստեղծագործ լուծումներ (օրինակ՝ ֆունկցիոնալ անգրագիտության գնահատման և արդիականացման ծրագրեր բանակի համար, համայնքային ծրագրեր կանանց համար, առցանց կրթական ծրագրեր և այլն): Կարևոր է ընդունել, որ ֆունկցիոնալ գրագիտության բարձրացումը մեկ տարում իրագործելի նախագիծ չէ: Թե՛ կառավարությունը, թե՛ հասարակությունը պետք է պատրաստ լինեն առաջիկա 5-10 տարիներին հսկայական ջանքեր ներդնել գիտելիքահենք հասարակություն կառուցելու գործում, որին ձգտում ենք մենք բոլորս:
Ֆունկցիոնալ անգրագիտության վերացումը նախ և առաջ ենթադրում է միջամտության հնարավոր ծավալի հստակ գնահատական: Գործընթացը կարող է ներառել ոչ միայն այսօրվա դպրոցականներին, այլև նրանց, ովքեր դպրոցն ավարտել են բոլորովին վերջերս կամ վերջին տասնամյակում (Հայաստանում TIMSS-ի առաջին գնահատմանը հաջորդած 17 տարիներին): Նման միջամտությունը կպահանջի պետական ռազմավարություն և պետական տարբեր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցություն:
Ֆունկցիոնալ անգրագիտության արդյունավետ կանխարգելումը կպահանջի նաև դպրոցների ու հանրակրթության մակարդակում վաղ արձագանքման մեխանիզմների վերանայում և նորերի որդեգրում։ Ֆունկցիոնալ անգրագիտության այսօրվա ցուցանիշները վկայում են, որ դպրոցներն ու ուսուցիչները հաճախ պատշաճ հմտություններ, համապատասխան վարչական և այլ ռեսուրսների չունեն ցածր առաջադիմությամբ աշակերտների հետ արդյունավետ աշխատելու համար։ Քանի դեռ համակարգն ավելի է գնահատում բարձր առաջադիմությամբ աշակերտներին (օրինակ, նախարարությունը պատրաստվում է կրթաթոշակներ տրամադրել միջազգային օլիմպիադաների հաղթողներին), ցածր առաջադիմություն ունեցողները կանգնած են պիտակավորման և հանրակրթությունից դուրս մնալու վտանգի առաջ:
Հայաստանում անհրաժեշտ կլինի սկսել նաև չափահասների հմտությունների մշտադիտարկում: Հանրապետությունն այսօր չունի չափահաս բնակչության ֆունկցիոնալ գրագիտությունն ու առանցքային մյուս հմտությունները մշտադիտարկող գործիքներ։ Նման գործիքակազմի ներդրումը, PIAAC-ի (ՏՀԶԿ Չափահաս բնակչության իմացությունների գնահատման միջազգային ծրագիր) կամ LAMP-ի (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության գնահատման և մշտադիտարկման ծրագիր) գնահատումներին մասնակցությունը կարող է բարելավել կրթական գործընթացն ու կրթական վերջնարդյունքների շարունակական դիտարկումը։
Կրթության ոլորտի ցածր ցուցանիշները ֆինանսական կորուստների ու բաց թողնված հնարավորությունների պատճառ են դառնում։ Սովորողների շրջանում ֆունկցիոնալ անգրագիտության շարունակական ցածր մակարդակը Հայաստանում վերջին երկու տասնամյակի ամենաակնառու ձախողումներից է: Սա կրթական համակարգի, դպրոցների, ուսուցիչների և հենց մեր ձախողումն է: ՏՀԶԿ Համընդհանուր հիմնական հմտությունների 2015 թ. զեկույցը պարունակում է Հայաստանի ՀՆԱ դինամիկայի կանխատեսում, եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեին ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը։ Այս դեպքում, ըստ զեկույցի, Հայաստանի համախառն ներքին արդյունքն այլ հավասար պայմաններում մեկնարկային 2015 թվականի համեմատ կաճեր 293%-ով:
Մենք կկարողանանք ներառական և գիտելիքահենք հասարակություն կառուցել, եթե միայն անհրաժեշտ ներդրումներ անենք ֆունկցիոնալ անգրագիտությունն արմատախիլ անելու գործում:
Ես՝որպես ուսուցիչ, մեծ ցավ եմ ապրում,որ այս լուսավոր դարում չեն կարևորում կրթությունը և գիտելիքը դպրոցներում։
Հուսանք ,այս նոր չափորոշիչներով և գնահատման նոր ձևով կրթության որակը կբարձրանա։
Շնորհակալություն