2018 թ․ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները մեկնարկային էին Նոր Հայաստանի պետականության կառուցման բոլոր գործընթացների համար։ Այժմ պետք է ձևավորվի նոր համակարգ այնպիսի հիմքերով և սկզբունքներով, որոնք կերաշխավորեն հետդարձի անհնարինությունը։
Դեպի ինչպիսի՞ համակարգ ենք գնում և ինչպե՞ս այն պիտի ձևավորվի։ Արդյո՞ք կա քաղաքական կամք ապահովելու պետության պարտավորությունները՝ ի պաշտպանություն անձի արժանապատվության և իրավունքների՝ հանուն սոցիալական արդարության և իրավունքի գերակայության։ Արդյո՞ք այդ համակարգն ունակ կլինի արձագանքելու անհատ քաղաքացու անձնական և սոցիալական առանձնահատկություններին, իրավական և հասարակական պահանջներին։ Արդյո՞ք «Թավշյա» հեղափոխությունը, որն ինքնին համաժողովրդական պատասխան էր մարդու իրավունքների տևական ոտնահարումներին, համակարգային բռնությանն ու խտրականությանը, տանում է մեզ դեպի իրավունքահենք պետության և պետական քաղաքականության կայացում։
Իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ մի շարք հարցերի պարզաբանումը որոշեցի սկսել սոցիալական ոլորտից։
Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ (հարցա)զրույցների վրա հիմնված սույն հոդվածը։
Իրավունքահենք պետական քաղաքականության կայացումը նախապայման է «Թավշյա» հեղափոխության կայացմանը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների, ժողովրդավարական ինստիտուտների, սոցիալական արդարության և համերաշխության հաստատմանը։ Սա է գաղափարական այն դիրքը, որից բխում են հոդվածի շրջանակներում իմ կողմից առաջ բերված հարցադրումները։ Առաջնային նպատակ ունենալով ընթերցողին ներկայացնել արված հարցադրումների վերաբերյալ քաղաքականություն մշակողների դիրքորոշումները՝ իբրև հոդվածի հեղինակ չեմ անդրադառնում պատասխանների բովանդակությանը, դրանց՝ իմ կարծիքների և դիրքորոշումների հետ համընկնման և բախման կետերին։ Ընթերցողին ներկայացնում եմ իմ կողմից տրված հարցերը ու ստացված պատասխանները՝ առանց խմբագրական միջամտության։ Հնչեցված դիրքորոշումների շուրջ ակնկալում եմ լայն քննարկումներ։
Հոդվածը բաղկացած է երկու մասից։ Մաս 1-ում տեղ են գտել ընդհանուր տեսակետներն ու տեսլականները։ Ոլորտային հարցադրումները ներկայացվում են հոդվածի երկրորդ մասում, որտեղ իրավունքահենք մոտեցման համատեքստում քննարկվում են այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղքատության հաղթահարումը, երեխայի պաշտպանությունը, պայքարը խտրականության և բռնության դեմ, կանանց իրավունքների պաշտպանությունը և այլն։
Ի՞նչ բացթողումներ և սխալներ կային մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ձեր ոլորտում նախկինում՝ պայմանականորեն, մինչ «Թավշյա» հեղափոխությունը։
Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Հենց իրավունքահենք մոտեցումը: Կարծում եմ, որ այն ոչ միայն բավարար չափով արտացոլված չէր, այսինքն այդ մոտեցմամբ չէին ստեղծված ու մշակված ծրագրերը, այլ նաև կային շատ ծրագրեր, որոնցում ընդհանրապես մարդու իրավունքը, դրա իրացման համար կարիքները հաշվի առնված չէին։ Տարբեր բաներ կարող եմ ասել, սկսած, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց մասին, որոնց խնդիրներն ու ոլորտը ես համակարգել եմ իբրև փոխնախարար, տարեցների մասով: Եվ նույնիսկ կային դեպքեր, որ, ցավոք, մինչև հիմա դրանք կան, ընթացակարգեր, որ հակասում են մարդու իրավունքներին, օրինակ, անգործունակության ինստիտուտը, որը քաղաքացիական իրավունքներից զրկում է մարդուն, և այսօր այդ ինստիտուտը դեռ կա, որովհետև իրավական մակարդակում այդ փոփոխությունները դեռ չեն եղել։
Նաև կարծում եմ, որ խնդիրը դիտարկվել է այնպես, որ մեր նախարարությունը գործ է ունեցել մարդկանց հետ, ովքեր արդեն հայտնվել են դժվարին իրավիճակում, կամ խոցելի են դարձել, բայց կարծում եմ, որ նախարարությունը, հատկապես իր միջազգային պարտավորությունների իմաստով, պետք է կանխարգելիչ միջոցներ [ձեռնարկի], որպեսզի մարդը չհայտնվի խոցելի իրավիճակում, որպեսզի իր իրավունքը չոտնահարվի։ Այս իմաստով զարգացման ծրագրերը բավականին քիչ են, մարդու իրավունքների վրա հիմնված ծրագրերը քիչ են, մոտեցումները քիչ են և այս մոտեցումները մենք պիտի փոխենք։
Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար։
Իրականում այնպես չէ, որ այդ բոլոր իրավունքների չպաշտպանվածությունը արդեն անցել է և մենք խոսում ենք դրա մասին միայն անցյալով։ Մենք գիտենք, որ մարդու առողջ մնալու իրավունքը հիմնարար իրավունքներից է, որը թե տարբեր կոնվենցիաներով, թե մեր ազգային օրենսդրությամբ, թե Սահմանադրությամբ մենք տվել ենք մեր քաղաքացիներին, սակայն ամբողջությամբ չենք կարողանում ապահովել։ Նույնիսկ քաղաքացիների ամենատարրական՝ կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից, եթե առողջության իրավունքը չենք իրականացնում, հետո գալիս է կյանքի իրավունքը։ Ոչ բոլոր դեպքերում է պետությունը, օրինակ, փրկում իր քաղաքացիներին մահվանից, այս կամ այն հիվանդությունից։
Խնդիրը բազմաշերտ է՝ սկսած նրանից, որ երբեմն այդ իրավունքի չապահովելը կամայականության արդյունք է որևէ մի պաշտոնյայի կամ բժշկի կամ բուժհիմնարկի կողմից, վերջացրած նրանով, որ այդ իրավունքի ապահովումը կոնկրետ ֆինանսական բեռ է պետության համար, որը պետությունը այս պահին չի կարողանում թույլ տալ։ Ու ամեն տարի փորձում ես այդ իրավունքի իրացումը մեծացնել՝ ձգտելով հարյուրի։ Չգիտեմ՝ այդ հարյուր տոկոսին երբ կհասնենք, բայց նպատակը դա է։ Իսկ ամենամեծ բացթողումը, եթե առողջապահության մասով խոսենք, այն էր, որ առողջապահությունը ամենաանտեսված ոլորտն է եղել Հայաստանում, չնայած, որ պետք է լիներ հակառակը, քանի որ ամբողջ աշխարհում տենդենցները դրան են տանում։
Արևիկ Անափիոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
Իհարկե ամենակարևոր հարցն այն է, որ Հայաստանը հայտարարել էր, որ միանում է «Կրթություն բոլորին» շարժմանը, բայց շարժմանը միանալու համար պիտի ճիշտ ձևով ներառական կրթություն իրականացներ։ Տարիներ շարունակ ներառական կրթությունը մեր պետությունում ընկալվում էր որպես հաշմանդամություն ունեցող երեխաների կրթություն, իսկ եթե «Կրթություն բոլորի համար» շարժման սկզբունքներով գնալու լինենք, նշանակում է, որ պետք է ամենացածր մակարդակից՝ նախադպրոցական կրթությունից մինչև աստիճանաբար մեծացնելով սանդղակը՝ տարրական կրթություն, հիմնական կրթություն, այնուհետև միջին մասնագիտական կրթություն և հետո աստիճանաբար բարձրագույն կրթություն, դարձնել յուրաքանչյուրի համար հասանելի։
Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության սահմանադրական, միջազգային իրավական պարտավորությունն է։ Սա նշանակում է, որ պետական քաղաքականությունը, ոլորտային քաղաքականությունները ևս պետք է հիմնվեն անձի իրավունքները, արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմների վրա։ Այն է՝ լինեն իրավունքահենք։ Կիսու՞մ եք այս դիրքորոշումը։ Եվ եթե այո, ո՞րն է իրավունքահենք սոցիալական/առողջապահական/կրթական քաղաքականության Ձեր տեսլականը։
Զարուհի Բաթոյան։
Իրավունքահենք մոտեցումը կարծում եմ սա է, երբ մարդն ունի համապատասխան երաշխիքներ պետության կողմից, որոնք ապահովում են իր իրավունքները։ Այսինքն, մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները, բոլոր պայմանները, որպեսզի մարդն աշխատի և գործի իր համայնքում, իր երկրում և խտրականությունից զերծ ապրի։ Տալիս ենք հնարավորություններ։ Այսինքն, մի կողմից պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ բոլորի համար, իսկ մյուս կողմից, եթե այդ հնարավորությունները բավարար չեն ստեղծված, կամ որևէ այլ գործոն ազդել է և, այնուամենայնիվ, մարդու իրավունքը ոտնահարվում կամ մարդը խոցելի է համարվում որևէ իրավիճակում, պետք է մարդը վստահ լինի, որ պետությունն ունի համապատասխան ծառայություններ և պետական երաշխիքներ, որ իրեն պաշտպանում են։ Այսինքն, մարդը մենակ չէ իր խնդրի հետ։
Արսեն Թորոսյան։
Միանշանակ պետք է լինենք իրավունքահենք, նաև պետք է լինենք ապացուցահենք։ Քաղաքական որոշումները պետք է կայացվեն ոչ թե միֆերի ու առասպելների վրա, այլ ապացուցված գործիքներով պետք է իրականացվեն։ Եթե, օրինակ, ՀՀ Սահմանադրությամբ մենք սոցիալական, իրավական պետություն ենք, հետևաբար, ամեն ինչ պետք է բխի դրանից և ոչ թե հակառակը։ Ու առողջապահական իրավունքը․․․ դե միգուցե հենց էդպես էլ կա, այսինքն մեր առողջ մնալու իրավունքը մեր բոլոր քաղաքականությունների կորիզն է։ Օրինակ, եթե մենք գիտենք, որ պետք է ունենանք առողջ քաղաքացի, մենք պետք է ապահովենք այդ իրավունքը, մենք ամեն ինչ կառուցում ենք դրա շուրջ՝ սկսած դեռ չծնված երեխայից, այսինքն ինքն իրավունք ունի առողջ ծնվելու, հետո առողջ մանկություն ունենալու, հետո առողջ պատանեկության, դեռահասության իրավունք ունի, հետո հիվանդության դեպքում բուժօգնություն ստանալու իրավունք ունի։
Իհարկե, այդ իրավունքները, հատկապես վերջինը, պետությունը չի ասում, որ «ամբողջությամբ ես եմ ապահովում», ասում է՝ «դու իրավունք ունես, բայց ես փորձում եմ քեզ օգնել այդ իրավունքն իրագործելուն»։ Մենք ինչքան բարեկեցիկ ու հարուստ պետություն դառնանք, այնքան քաղաքացու վրա բեռը նույնիսկ իրավունքը իրացնելու փոքրանալու է՝ պետությունն է իր վրա է բեռը վերցնելու։ Մենք, առնվազն, նույնիսկ եթե դրա մասին բարձրաձայն չենք խոսում․․․այսինքն, օրինակ մենք կարող ենք ծրագիր մտածել քաղաքացիներին հավելյալ բժշկական ծառայություններ մատուցելու, որոնք մինչ օրս չեն եղել, և մենք կարող է այդ քննարկման ժամանակ «իրավունք» բառը ընդհանրապես չարծարծենք, չմտածենք, որ դա քաղաքացու իրավունքի իրացման համար ենք անում, բայց արդյունքում այդպես է ստացվում։
Արևիկ Անափիոսյան։
Այո, բոլոր ոլորտների քաղաքականությունները պետք է լինեն իրավունքահենք, բայց այստեղ պետք է հստակ հասկանանք, թե որն է իրավական դաշտում, ինչ ծավալի աշխատանքներ ու փոփոխություններ պետք է անենք, որ իսկապես յուրաքանչյուրի իրավունք-֊պարտականությունը կարողանանք սահմանել։
Կրթության ոլորտի կառավարումը, ամբողջ իր հիերարխիայով, բավականին խճճված է՝ սկսած նախադպրոցական կրթական հաստատությունների ենթակայությունից: Նախարարությունը, նաև կառավարությունը, կարող են օրենքներ փոփոխել իրենց իրավասության սահմաններում։ Հաճախ լինում է, որ մենք քաղաքացու կարգավիճակը թեթևացնող որևէ որոշում ենք տանում կառավարություն և այդ որոշման նախագիծը, փաստորեն, անհնար է լինում ընդունել, քանի որ նման լիազորություն կառավարությունը չունի: Բոլոր փոփոխությունները, որ մինչև Ազգային ժողովի ընտրություններ տարվել են Ազգային ժողով, չեն ընդունվել, իսկ նոր ԱԺ-֊ում հնարավոր է անցկացնել։ Բայց սա ենթադրում է ահռելի աշխատանք նորմատիվ- իրավական դաշտը կարգավորելու համար։
Հայաստանում տարիներ շարունակ մարդու իրավունքները ոտնահարվել և սահմանափակվել են։ Ի՞նչ դեր է իրեն վերագրում Ձեր գերատեսչությունը մարդու իրավունքների պաշտպանության և իրացման պատշաճ մակարդակի ապահովման գործում Հայաստանում։ Համակարգային առումով ո՞րն է Նախարարության դերը, որտե՞ղ է այն իրեն տեսնում և տեղակայում։
Զարուհի Բաթոյան։
Մի քանի բան կարող եմ նշել։ Առաջին հերթին, կարևոր է հասարակության մեջ գիտակցումը, ընկալումը, թե որն է իրավունքը և որն է իրավունքի ոտնահարումը, որովհետև ամեն ինչ սկսվում է այստեղից։ Պարզ օրինակ բերեմ։ Երբ մենք խոսում ենք բռնության մասին, շատ հաճախ մարդիկ՝ քաղաքացիները, չգիտեն սա բռնություն է արդյոք, թե ոչ, այսինքն, այդ ձևակերպումը, բնորոշումը միշտ չէ, որ հստակ է։ Եվ սա շատ կարևոր է։ Նախարարությունը, կարծում եմ, դեր ունի այստեղ հասարակության իրավագիտակցության բարձրացման առումով։
Երկրորդ մասով, ես կարծում եմ՝ մենք պիտի նաև, թեև դա նաև ԱԺ-ի լիազորությունն է, բայց նախարարությունը ևս պիտի քայլեր ձեռնարկի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար, որպեսզի այդ խախտումները վերացվեն կամ կանխարգելվեն։ Մասնավորապես, խտրականությունը արգելող օրենսդրության մասին եմ խոսում, եթե ոչ նոր օրենսդրության, ապա առանձին ոլորտային օրենքներում այդ փոփոխությունները բերելու, որպեսզի եթե դա վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց մասին լինի, եթե երեխաներին՝ իրենց։
Եվ երրորդը, ես կարծում եմ՝ նաև նախարարությունը պետք է ստանձնի ջատագովության դերատակատարությունը մյուս գերատեսչություններում, մյուս ոլորտներում, մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Օրինակ, եթե մենք խոսում ենք (քանի որ մենք կոնկրետ խմբերի իրավունքներն ենք պաշտպանում) հաշմանդամություն ունեցող անձանց մասին, կամ կնոջ մասին, մենք պիտի նաև աջակցենք մեր գործընկերներին, օրինակ, կրթության ոլորտում, որպեսզի իրենք կարողանան մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում ցուցաբերեն մարդու կրթությունը պաշտպանելու համար, կամ իրավունքահենք մոտեցումը ցուցաբերել առողջության պահպանման իրավունքը ապահովելու համար և այլն։ Այսինքն, մենք պետք է ոչ միայն սահմանափակվենք մեր ոլորտում կամ մեր դաշտում իրականացվող ծրագրերով, այլ նաև պիտի ակտիվ դերակատարում ունենանք, որպեսզի միջգերատեսչական համագործակցությունը կայանա ի նպաստ իրավունքի։
Ո՞վ է սոցիալապես պաշտպանված անձը:
Սոցիալապես պաշտպանված անձը մարդն է, ով պետության կողմից ունի երաշխիքներ, այսինքն կան հստակ մեխանիզմներ, որոնք այս կամ այն իրավիճակում ․․․ առաջին հերթին իր իրավունքների, իր սոցիալական իրավունքների, սոցիալական հնարավորությունների մասին իրազեկ է, այդ իրավունքներից օգտվող անձն է, ով գիտի ինչ երաշխիքներ կան, ինչ ծառայություններ կան և ինքը իրեն վստահ և ապահովված է զգում այդ միջավայրում։ Եվ մյուսը, երևի, այն մարդը, ով արդեն հնարավորինս քիչ ունի այն ռիսկը, որ ինքը կհայտնվի սոցիալապես խոցելի խմբում, այսինքն անպաշտպան կլինի, աղքատ կլինի կամ ծայրահեղ աղքատ կլինի։ Այդ ռիսկը հնարավորինս քիչ ունեցող անձը։
Սահմանադրությամբ ունենք ամրագրված առողջության պահպանման իրավունք։ Սոցիալ֊-տնտեսական իրավունքների միջազգային դաշնագրով, որի անդամ-պետություն է հանդիսանում Հայաստանը, ամրագրված է ֆիզիկական, հոգեկան առողջության առավել հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը։ ՀՀ Կառավարության ծրագրում տրված է հետևյալ ձևակերպումը «առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից է»։ Ծրարգրում չի խոսվում, հղում չի տրվում առողջությանը՝ իրբև իրավունքի, առողջության իրավունքի պահպանմանը, դրա իրացման հետ կապված մի շարք այլ խնդիրներին։ Ինչու՞։
Արսեն Թորոսյան։
Գիտե՞ք, դա ակադեմիական բանավեճի թեմա է՝ արդյոք պետք է այդպես ձևակերպել, թե ոչ, որովհետև կարելի է բազմաթիվ ձևակերպումներ տալ, և դա չի նշանակում, որ առողջ մնալու իրավունքը վերացել է։ Այսինքն, նույն առողջ մնալու իրավունքը ոչ մեկ չեղյալ չի հայտարարում, ասելով, որ պետությունը երջանիկ քաղաքացի ունենալու համար պետք է ապահովի առողջ մնալու իրավունքը ․․․ դա էլ է բանավեճի թեմա, ի վերջո, առողջությունը միջոց է, թե չէ, որովհետև նույնիսկ երջանկությունն է բանավեճի հարց։
Այնուամենայնիվ, կառավարության ծրագիրը կազմված է եղել քաղաքական առաջնահերթությունները շեշտելու տրամաբանությամբ։ Ու, նորից եմ ասում, ամեն ինչի մեջ չի, որ իրավունք կոմպոնենտը դրվում է բառերի տեսքով, բայց [դրվում է] արդյունքի տեսքով։ Այո, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին լինի առողջ՝ ապահովելով իրենց առողջ մնալու իրավունքը։ Հիմա դա կընկալվի որպես իրավունքի ապահովում, թե առողջ քաղաքացի ունենալ, որովհետև երկրին պետք են առողջ քաղաքացիներ ու ընդհանրապես պետությունը նրա համար է, որ իր քաղաքացիների համար ապահովի բոլոր սոցիալական բարիքները, կարծում եմ՝ էական չի, եթե դու նույն նպատակին ես հասնում։
Կառավարությունը ունի կրթության իրավունքի ապահովման սահմանադրական պարտավորություն, դա նաև նրա միջազգային իրավական պարտավորությունն է։ ՀՀ Կառավարության ծրագիրը, համապատասխան բաժնում, կրթությունը ներկայացվում է իբրև միջոց դեպի «կայուն և ներառական զարգացում», ինչը ողջունելի է, սակայն ծրագիրը որևէ հղում չի տալիս կրթությանը՝ իբրև իրավունքի։ Ինչու՞։
Արևիկ Անափիոսյան։
Որովհետև դա ամրագրված է Սահմանադրությամբ և զարմանալի կլիներ, եթե Սահմանադրությամբ կառավարության վրա դրված պարտավորությունը նորից գրվեր կառավարության ծրագրի մեջ։
Անահիտ Սիմոնյան – Իսկ ո՞վ է այն անձը, երեխան, ում կրթության իրավունքը լիարժեք իրացված է Հայաստանում։ Ի՞նչ է նշանակում լիարժեք իրացնել կրթության իրավունքը Հայաստանում։
Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ մաս։ Օբյեկտիվորեն դա կլինի այն անձը, ով կկարողանա ամբողջությամբ օգտվել ՀՀ-֊ում սահմանված պարտադիր հանրակրթական կրթությունից։ Այսինքն, ինքը որևէ պատճառով հանրակրթությունից դուրս չի մնա։ Դրա վրա ենթաշերտ կա, որ մենք պետք է ունենանք որակյալ կրթություն: Մենք առանց կրթության որակի հաճախելիություն ենք չափում։ Համակարգը պետք է այնպես ձևավորված լինի, որ յուրաքանչյուրին, ով ուզում է կրթություն ստանա, տա անվճար կրթություն։ Այսինքն, պիտի ունենանք հնարավորություն, որ իրենք անվճար կրթություն ստանան՝ միջին մասնագիտականում կամ բուհերում։ Դա, իհարկե, կախված կլինի իրենց սոցիալական վիճակից։ Եթե չունեն հնարավորություն, բանկային համակարգը այնքան ճկուն պետք է լինի, որ բարենպաստ լինի սովորողի համար, որ վարկ վերցնի ու հետո կարողանա վճարել իր կրթության համար։
Իրավունքահենք մոտեցումը ենթադրում է, որ պետական քաղաքականությունների մշակման ու իրականացման գործընթացը պետք է լինի ներառական և մասնակցային։ Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ոլորտային քաղաքականության մշակման, իրականացման ամբողջ գործընթացը դարձնել տարբեր խմբերի համար հնարավորինս ներառական և հնարավորինս մասնակցային։
Զարուհի Բաթոյան։
Ներառական մասնակցային քաղաքականության մշակումը անձնապես նաև ինձ համար կարևոր է և իմ առաջնահերթություններից է։ Ես միշտ կարևորել և գնահատել եմ տարբեր մասնագետների և խմբերի կարծիքները, ոչ միայն այն պատճառով, որ կարևոր է ներգրավվել մարդկանց, այլ նաև որովհետև դա անհրաժեշտ է ինձ՝ որպես քաղաքականություն մշակող մարդու, կամ որպես որոշում կայացնողի, և առաջին հերթին ես ունեմ այդ մարդկանց կարիքը՝ նրանց գիտելիքի, փորձի և փորձագիտական կարծիքի կարիքը։ Եվ այս իմաստով բոլոր հնարավոր ձևերը օգտագործում եմ՝ սկսած սոցիալական մեդիայից, հարթակներից, Ֆեյսբուքից, վերջացրած աշխատանքային քննարկումներով, հանդիպումներով, նամակներով, խնդիրների հավաքագրմամբ և այլն։
Մենք պիտի ավելի հաճախ քննարկումներ կազմակերպենք, և ավելի արդյունավետ։ Օրինակ, «Ի-դրաֆթում» տեղադրված նախագիծը, ինձ համար բավարար չէ, ասելու համար, որ դա ենթարկվել է հանրային քննարկման կամ հրապարակվել է։ Մենք պետք է շատ ավելի արդյունավետ մեթոդներ կիրառենք, կամ հասկանանք, որ այսօր Հայաստանում ոչ բոլորն ունեն բոլոր հմտություններն ու հնարավորությունները այդ քննարկումներին մասնակցելու։ Օրինակ [պետք է հաշվի առնվեն], ինտերնետի հասանելիությունը, այն լեզուն և այն օրենսդրական նախագծերի մատուցման արդյունքում ծագող դժվարությունները, որ կարող են լինել՝ իրավաբանական լեզուն կամ օրենքի լեզուն։
Հասանելի կամ մատչելի դարձնելու խնդիր կա սկսած նրանից, որ դրանք իրապես մատչելի չեն քաղաքացիների համար բովանդակության, իմաստի առումով, մյուս կողմից, նաև տեքստի մատչելիության, օրինակ, հաշմանդամություն ունեցող՝ կույր կամ լսողության խնդիր ունեցող անձանց համար։ Այսինքն, մենք պիտի նաև ելնենք այդ իրավիճակից, գնահատենք իրավիճակը։ Այո, մենք կարող ենք ասել, որ կայքում տեղադրված է նախագիծը, և եթե դուք առաջարկներ ունեք, կարող եք անել։ Բայց մյուս կողմից մենք պիտի հասկանանք, որ դա բավարար չէ՝ չենք կարող համարել արդյունավետ, ամբողջությամբ արդյունավետ միջոց բոլոր մարդկանց համար։
Մյուս կողմից ես կարևորում եմ նաև այս նախարարության աշխատակիցների մասնակցությունը, որովհետև, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ, դա նախարարությունում ևս մասնակցային չի արվում։ Կան մասնագետներ, որոնք երբեմն դուրս են պրոցեսից, մասնագետներ, որ կառավարման սիստեմի պատճառով չենք մասնակցում։ Կարող է վարչության պետերի, բաժնի պետերի մակարդակում լինեն, բայց, օրինակ, կրթության մասնագետը, կամ ավագ մասնագետը, գլխավոր մասնագետը, ով գուցե շատ ավելի մասնագիտացված է ոլորտում, ինքը խնդիրները բարձրաձայնելու և ներկայացնելու հնարավորություն չունի։ Ես կարևորում եմ նաև այս մասնակցությունը, որի ուղղությամբ պիտի աշխատենք։
Այս մասնակցությունը Ձեզ համար կապի մե՞ջ է կարիքների գնահատման հետ։
Իհարկե, եթե մենք մի բան ենք մտածում, քննարկում, կամ որոշում, և, հետո պարզվում է, որ դա ամենևին մարդու կարիքներից չի բխում, այստեղ ունենք լուրջ խնդիր։
Արսեն Թորոսյան։
Միանշանակ, մեր գլոբալ մոտեցումը, նոր քաղաքականություն մշակելիս, հենց դրանից է բխում։ Այդ ոլորտային քաղաքականությունները ինքնանպատակ չպիտի լինեն ու պետք է բխեն առնվազն շահառուների շահերից, և մենք մեր ունեցած գործիքների շրջանակներում՝ սկսած օնլայն հարթակներից , որտեղ կառավարության նախագծերը կամ օրենքները դրվում են քննարկման ու ստանում են կարծիքներ, ու վերջացրած օֆֆլայն քննարկումներով, փորձում ենք մաքսիմալ շատ շահագրգիռ կողմեր ներգրավվել՝ թե՛ մասնագիտական շրջանակներից, թե՛ պացիենտների, նրանց կազմակերպությունների ներկայացուցիչներից, թե՛ միջազգային, թե՛ հասարակական կազմակերպություններից։ Դրա վառ ապացույցն է մեր հասարակական խորհուրդը, որը պարբերաբար հավաքվում ու քննարկում է բոլոր նախաձեռնությունները, որ մենք ունենք և մենք լսում ենք նրանց կարծիքները։ Այդ պրոցեսը շարունակական է ու քանի գնանք, ավելի ներառական կդառնա։
Այստեղ մեկ պրոբլեմ եմ ես տեսնում, երբ այդ շահառուների շահերը ներկայացնողները երբեմն դժգոհ են լինում մեր կողմից առաջարկվող լուծումներից՝ համարելով դրանք ոչ բավարար իրավունքները ապահովելու տեսանկյունից։ Օրինակ՝ ենթադրենք քաղցկեղով հիվանդ պացիենտների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն կա, գալիս է մասնակցելու, ու երբ մենք նրանց ինչ֊-որ բան ենք առաջարկում, նրանք ասում են՝ «լավ ա, բայց քիչ ա, դրանով հարցը չի լուծվում»։ Բայց նրանք պետք է հասկանան, որ այդ հարցը լուծելու համար բավարար միջոցներ չունենք, մենք էլ փորձում ենք նրանց բացատրել, որ «ճիշտ ես ասում, բայց դա կարող ենք անել, օրինակ, մեկ տարի հետո»։ Մենք ամեն դեպքում բաց ենք, իսկ եթե մենք ինքներս չենք նախաձեռնում որևէ բան, շատ հաճախ մենք ստանում ենք ու լսում ենք առաջարկություններ, որոնք միգուցե վաղը կարող են դառնալ ծրագիր, որը մեր մտքով չէր անցել կամ մենք համարում էինք, որ դրա ժամանակը չի։
Արևիկ Անափիոսյան։
Եթե կան օրենսդրական նախաձեռնություններ, գիտեք՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված, դրանք տեղադրվում են «Ի-դրաֆթում»։ Իրականում, լինելով նախարարությունում, ես տեսնում եմ, որ դա շատ լավ գործիք է, եթե իսկապես կա քաղհասարակության կողմից հետաքրքրվածություն որևէ առաջարկ ներկայացնելու և որևէ փոփոխություն այնտեղ անելու։ Քաղհասարակության այն անդամները, ովքեր ունեն հետաքրքրվածություն, պետք է ակտիվորեն հետևեն «Ի-դրաֆթի» քննարկումներին և այդտեղ իրենց մեկնաբանությունները տրամադրեն։
Դրանից հետո իրականացվում են քննարկումներ։ Կարծում եմ՝ իմաստ ունի մենք հասկանանք, թե որտեղ է կառավարության լիազորությունների և փորձագիտական համայնքի ներգրավվածության գիծը, որտեղից [այն կողմ] կառավարությունը կարող է որոշել։ Նորություն չեմ ասի՝ կա հասարակական կոնտրակտի գաղափար, երբ ասում են ընտրությունների միջոցով ձևավորված կառավարություն։ Կառավարությունը գալիս է իր հստակ պլատֆորմ, որի համար իրեն ընտրում են և, համապատասխանաբար, կառավարության ծրագրից բխող միջոցառումները, ոլորտային ռազմավարությունները՝ այդ ամեն ինչը բխում է պլատֆորմից։
Կա որոշակի մաս, որի ներառական քննարկումներից հետո, քաղաքական որոշումների կայացնելը ի վերջո իշխող կառավարությանն է։ Եվ կա մաս, որտեղ որ, եթե ընդունվել են այստեղ, եթե որոշումներ են կայացվում այս մակարդակում, եթե արվել են քննարկումները և հետո պիտի որոշում կայացվի, որոշումը պետք է կայացվի Լիազոր մարմնի կողմից։ Այստեղ մի կարևոր բան կա, ինձ թվում է շփոթում ենք՝ որոշում կայացնողը լիազոր մարմինն է և ոչ թե փորձագիտական համայնքը։ Այն իր կարծիքն է տալիս՝ ճիշտ ձևով արգումենտացված։