
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Գորիսից Տեղ տանող ճանապարհի վրա մեքենաները մի պահ դանդաղեցնում են ընթացքը՝ մինչև հիմա աչքին անսովոր պատկերն ամենայն մանրամասնությամբ տեսնելու համար․ ճիշտ իրար դիմաց երկու դրոշ՝ հայկական ու ադրբեջանական։ Ճանապարհին հայկական զինված ուժերի դիրքն է, 5 մետր հեռավորության վրա՝ ադրբեջանականը։ Ու փոքրիկ, կանաչ տնակներում կանգնած զինվորներն ուղիղ նայում են իրար։ Այստեղ սկսվում է սահմանը, որ, կարծես, այլևս չի ավարտվում։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղը սահմանամերձ դարձավ մեկ օրում, երբ 2021-ի մայիսին հակառակորդը տեղակայվեց գյուղը դիտարկող բոլոր բլուրների վրա։ Գյուղի սահմանով՝ 25 կմ երկայնքի վրա, ադրբեջանական 6 դիրք կա՝ տներից 100-200 մ հեռավորության վրա։ Դրանցից 2-ը դիտարկում են գյուղի դպրոցը․
«Ամեն օր երեխեքին ներկա-բացակա են անում»,- դառը ասում է գյուղամիջում տարեցների կողքին կանգնած 22-ամյա Գալուստը։
Մանկապարտեզի գույնզգույն դարպասի դիմաց դրված նստարանին շարվել են գյուղի տղամարդիկ՝ տարեց ու ջահել, բոլորն անգործ։ Այստեղ միակ զբաղմունքը աշխարհաքաղաքական զարգացումները քննարկելն է դարձել․
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան,- կատակում է պապերից մեկն ու ավելացնում,- Բայց մենք ավելի կարևոր ենք։ Մենք քիչ ենք, ու քանի գնում, ավելի ենք քչանում»։
Դեռ երկու տարի առաջ Խնածախում անգործ մարդ չկար․ ամեն ընտանիք 15-20 կով ուներ, հիմա մեկն են պահում՝ իրենց կաթ ու մածունի համար։ Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, ապրուստի միակ միջոցն անասնապահությունն էր։ Մինչև 44–օրյա պատերազմը այս և հարակից գյուղերի բնակիչները որպես արոտավայր օգտագործում էին ոչ միայն գյուղի, այլև Արցախի Քաշաթաղի տարածքը։ Նախ դա, իսկ անցյալ տարվա մայիսից նաև գյուղի արոտավայրերի մի մասը՝ 22 հա, անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ 15-20 հա չեզոք գոտում հայտնված հողակտորները ևս օգտագործել չի լինում․ ադրբեջանցիներն այնքան մոտ են, որ արտում գործ անողներին քարով են խփում․
«Մարդիկ հոգեպես են ընկճված։ Քարով խփում են, իրենց լեզվով հայհոյում։ Բայց ի՞նչ ասես։ Դեպքեր են եղել՝ ձին «դռանը» կապած, եկել տարել են։ Հիմա վախից երեխաներին դուրս չենք թողնում մթին։ Առանց այդ էլ՝ մինչև հիմա վեր են թռնում բարձր ձայներից»,- ասում է Գալուստը։
Խոսքն անմիջապես կտրում է գյուղի տարեցներից մեկը՝ ասածին կատակի տեսք տալով․ «Գյուղում այլևս օղի խմող չկա, վախենում ենք ճանապարհը կորցնենք»։
Անցյալ տարի գյուղում վերացրել են գրեթե բոլոր կենդանիներին։ Արոտ չկա, իսկ խոտի տուկը 600 դրամից դարձել է 2000։ Մանր եղջերավորներին էլ «ջրի գնով» վաճառել են․
«Մեղվապահների բախտն է բերել,- ասում է Գալուստն ու բացատրում,- Արոտ գնացող կենդանի չկա, նեկտարն ամբողջությամբ մեղուներին է բաժին հասնում»։
Գյուղի վերջին տունը, որ ադրբեջանական դիրքերից ընդամենը 150 մետր հեռավորության վրա է գտնվում, գյուղապետինն է։ Սեյրան Միրզոյանը պաշտոնը ստանձնել է 2022-ի հունվարին։ Այս ընթացքում հասցրել են գույքագրել կորցրած հողերն ու գյուղացիների հիմնական կարիքները։ Նրանց, որ սեփական հող են կորցրել, առաջարկում են վարձակալել համայնքային հողատարածքները․
«Ծանր վիճակ է գյուղում, բայց փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ մարդիկ չլքեն իրենց տները։ Հիմա սահմանին այնպիսի իրավիճակ է, որ ոչ մի սանտիմետր այսկողմ-այնկողմ չենք կարող անել։ Քաշաթաղի կորուստը զգալի է ոչ միայն արոտավայրերի մասով, այլև՝ ձմռան փայտի։ Այդ խնդիրը լուծելու համար այս տարի ձմռանը «Կարմիր խաչը» յուրաքանչյուր ընտանիքի 280.000 դրամ աջակցություն տվեց, որով ձմռան փայտ ու կենդանիների համար խոտ գնեցին գյուղացիները։ Բայց սա, միևնույն է, խնդիր է։ Գյուղն անտառ չունի։ Թե ինչպես է լուծվելու ջեռուցման խնդիրը սրանից հետո, պարզ չէ»,- ասում է գյուղապետը։
Գյուղը, որ չի լքվել անգամ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, դատարկվում է անցյալ տարվանից։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ գյուղում 998 բնակիչ կար, այսօր՝ 550․ «Ապագա չկա,- հոգոց է հանում պապերից մեկն ու ավելացնում,- Պետության աչքը գյուղին պիտի լինի»։
Պետության աչքը, որ ամենատես չէ
Պետությունը սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար արտոնություններ սահմանել է 2014-ից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության ավագ մասնագետ Անուշ Խուդոյանի խոսքով՝ կառավարության որոշման նպատակը սահմանամերձ բնակավայրերում ապրողների առօրյա հոգսերը մեղմելն ու կենսապայմանները բարելավելն էր։ Սկզբնական փուլում խոսքը կոմունալ ծախսերի՝ էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարի մասնակի փոխհատուցման մասին էր, հետագայում նաև ոռոգման ջրի, գույքահարկի և հողի հարկի զրոյացման։ 2021-ին սրան ավելացվեց նաև դպրոցական գրքերի վարձավճարների արտոնությունը։
Սա, սակայն, միակ բանը չէր, որ ավելացավ 2021-ին։ Մինչ այդ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թիվը 16-ն էր՝ 38 բնակավայրերով, այսօր արդեն՝ 23-ը՝ 81 բնակավայրերով։ Վերջին փոփոխություններով՝ այս ցանկում ավելացել են Գեղարքունիքի մարզի 6 և Սյունիքի մարզի 37 բնակավայրեր։
«Բնակավայրերը, որոնք ընդգրկվում են սոցիալական աջակցության այս ցուցակում, որոշվում են պաշտպանության նախարարության կողմից՝ հաշվի առնելով անվտանգային մի շարք գործոններ՝ հակառակորդի տեղակայման վայրը, կրակոցների թիվը և այլն։ Այս տարի զգալիորեն ավելացել է նաև պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը։ 2021-ին ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 1մլդ 155 միլիոն դրամ գումար՝ նախորդ տարիների շուրջ 928 մլն դրամի փոխարեն։ Այս համայնքներին տրվող արտոնությունները պահպանվելու են մինչև 2024-ի հունվարի 1-ը»,– ասում է Խուդոյանը։
Մի կողմից, թվում է՝ սա զգալի աջակցություն է սահմանամերձ դարձած բնակավայրերի համար, մյուս կողմից, սակայն, այս գումարը երբեք չի սպառվում և տարեվերջին գրեթե կեսը վերադարձվում է բյուջե։
Բանն այն է, որ պետության կողմից փոխհատուցվում է սպառված գազի վարձավճարի 50 տոկոսը։ Պայմանագիրը կնքվում է բնակիչ-բաժանորդի հետ։ Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած բնակավայրերում, օրինակ, բաժանորդների թիվը չի անցնում 10-ից։ Տների մեծ մասը ո՛չ սեփականության վկայական ունի, ո՛չ էլ գազիֆիկացված է։ Բացի այդ, հիմնական գազատար խողովակից սեփական տուն գազը հասցնելը բաժանորդի խնդիրն է, և չափազանց թանկ է գյուղական համայնքում բնակվողների համար։ Այդ պատճառով էլ ջեռուցումն իրականացվում է վառելափայտի միջոցով, որն այս տարի, ի դեպ, կրկնակի թանկացել է։
50 տոկոսով փոխհատուցվում է նաև էլեկտրաէներգիայի ծախսը, որը, սակայն, ունի թույլատրելի ծախսի սահմանված վերին շեմ՝ տարեկան ոչ ավելի, քան 1440 կվտ/ժ։
Պետության կողմից ամբողջությամբ փոխհատուցվում է միայն գյուղական նշանակության՝ մշակվող հողակտորների հարկը։ Մի բան, որ սահմանամերձ դարձած բնակավայրերում այլևս չկա։
44-օրյա պատերազմից և Սյունիքում բնագծերի փոփոխությունից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առավել հաճախ է այցելում սահմանամերձ դարձած բնակավայրեր։ Այստեղ, ի թիվս շատ հարցերի, պատգամավորին դիմում են նաև սոցիալական բնույթի խնդիրներով․
«Մարդիկ հաճախ են սկսել դիմել հենց սոցիալական աջակցության հարցերով, քանի որ գտնում են, որ պետության կողմից տրվող աջակցությունը, հատկապես Սյունիքի մարզում, հասցեական չէ։ Մարդիկ բողոքում են, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է գազի վարձավճարը, սակայն բնակիչների մեծ մասը բաժանորդ չէ։ Մարդիկ կորցրել են իրենց առօրյա հոգսերը հոգալու գրեթե բոլոր հնարավորությունները՝ արոտների ու մշակվող հողերի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մյուս մասը օգտագործելը չափազանց վտանգավոր է։ Չնայած սոցիալական աջակցությունը չափազանց կարևոր է այս մարդկանց համար, միևնույն է, դա առանձնապես չի մեղմում անվտանգային խնդիրները, որոնք առաջացել են Սյունիքում։ Մարդիկ ասում են, որ շատ անհանգիստ են, վախենում են երեկոյան դուրս գալ տներից, քանի որ գրեթե բոլոր բնակավայրերը ադրբեջանական զինուժի ուղիղ դիտարկման տակ են գտնվում»,- ասում է պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը հավաքագրում է սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները և վերջին շրջանում քննարկումներ է սկսել մասնագետների հետ՝ սահմանամերձ դարձած բնակավայրերին տրվող սոցիալական աջակցությունն առավել արդյունավետ ու թիրախային դարձնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելու և ներկայացնելու համար։
Կյանքի ճանապարհը․ Խոզնավար
Գորիսից Խոզնավար է տանում նեղլիկ, քարքարոտ ճամփան։ Սա գյուղն աշխարհին կապող միակ ճանապարհն է, որ այնքան նեղ ու անմխիթար է, որ հաճախ փակվում է ձյան ու քամու պատճառով։ Խոզնավարում բոլորն են ասում՝ ճանապարհն իրենց համար կենսական նշանակություն ունի, արդեն բառի բուն իմաստով․ շուրջ 10 ամիս է՝ հակառակորդը Սև լճում կանգնած, աչքն իրենց վրա է պահել։ Գյուղը երեք կողմից շրջափակման մեջ է։
Գյուղապետ Վահան Զաքյանն ասում է՝ արդեն երկու անգամ ճանապարհին ավազ են լցրել՝ անհարթություններն ուղղելու համար, բայց շուտով հալոցքի, հետո էլ անձրևների սեզոնը կսկսի, ու ճանապարհը նորից անմխիթար կդառնա։ Ըստ նրա՝ գյուղում խնդիրները շատ են, չկա ընտանիք, որ հող կորցրած չլինի։ Սև լիճը գյուղից 2 կմ հեռավորության վրա է։ Նորընտիր գյուղապետն ասում է՝ գյուղից գնացած բոլոր 3 ընտանիքների հետ կապ է պահպանում, որ այն օրը, երբ վիճակը փոքր-ինչ կարգավորվի, մարդկանց հետ կանչի տուն։
«Այդ ինչ եք նկարո՞ւմ»,- հարցնում է 85-ամյա Վալյա տատը՝ գյուղում անծանոթ տեսնելով։ Այս գյուղում բոլորը փշերի վրա են։
Վալյա տատն ասում է՝ կյանքը շատ է բարդացել, վախն անընդհատ սրտներում է։ Գյուղի տղամարդիկ գիշերները հերթափոխով պարեկություն են անում փողոցներում։ Հակառակորդի մի դիրքը հենց իրենց պատշգամբին է նայում, դրա համար էլ գիշերներն աշխատում են լույսը չվառել, որ չկրակեն։ Ամբողջ կյանքում Խոզնավարում է ապրել, 6 աղջիկ ու 14 թոռ ունի, որ իրեն ու ամուսնուն աչքի լույսի պես են պահում։ Իր կյանքից գոհ է, բայց ուշքն ու միտքը հայրենի գյուղն է․
«Ես ի՞նչ ունեմ մտածելու։ Լավ ենք ապրել, երջանիկ ենք ապրել։ Պատգամավոր եմ եղել՝ սովորական, հիմիկվաններից չէ։ Լավ աղջիկներ ենք դաստիարակել, կրթության տվել։ Տես, սեղանին մեր այգու պնդուկն է, խնձորը, տանձը։ Մեր ձեռքով մշակած։ Բայց այսօր ականջներս ձայնի ենք քնում, որովհետև թուրքը հրեն՝ սարի գագաթին կանգնած, սպասում է, որ գյուղը դատարկվի»,- ասում է տատը ու չի հասկանում՝ ո՞ւմ թողնի տունը՝ 66 տարվա երջանիկ ամուսնության, 6 դուստրերի մանկության հիշողություններով, չտեսնող աչքով, բայց սովորությամբ մաքրությունից փայլող իր կաթսաներով ու նախշերով իրար կողքի շարված, օժիտ բերած թեյի բաժակներով։
Վալյա տատն ասում է՝ կյանքում բազմաթիվ ծանր օրեր է տեսել, բայց սրանից բարդ իրավիճակ չի հիշում, «Երկրին տեր չկա»։ Միակ հույսն այն է, որ անգամ այսօր գյուղից այլևս գնացող չկա։
«Մի քանի ամիս առաջ ադրբեջանցիները «պագրիշկեքը» վառել, սարից գլորել էին ոչխարների հոտի վրա։ Հովիվը մի կերպ էր կարողացել փրկել կենդանիներին։ Դրանից հետո ո՛չ հող մշակող կա, ո՛չ արոտ տանող։ Հիմա ապրում ենք «ծայրը ծայրին» հասցնելով։ Հույսներս Աստծու ու իշխանությունների խելքի վրա, այսինքն՝ անհույս»,- ասում է խոզնավարցի տիկին Լարիսան ու ավելացնում․ «Սա Հայաստանի վերջն է, բայց եթե մենք Խոզնավարից դուրս գանք, դուք էլ Երևանից պիտի դուրս գաք»։
Իսկ Գորիսից Տեղ տանող ճանապարհի վրա, եռագույնի տակ, փոքրիկ, կանաչ տնակի միջից զինվորը մի պահ աչքը գցում է ճանապարհին ընթացքը դանդաղող մեքենայի կողմը ու վայրկյաններ անց ընդունում սովորական դիրքը՝ ուղիղ նայելով ճիշտ իր դիմաց, փոքրիկ, կանաչ տնակում կանգնած հակառակորդին։