EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Օգս 14, 2025

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Վաշինգթոնյան փաստաթղթերը չեն ավարտում, այլ բացում են բանակցային նոր փուլ՝ առնվազն երեք տարով նվազեցնելով նոր պատերազմի վտանգը։ Հայաստանը կարող է այս «հնարավորությունների պատուհանը» օգտագործել  անվտանգային համակարգի կայունացման համար՝ շեշտը դնելով տնտեսության զարգացման, դաշնակցային կապերի ուժեղացման և Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության վերականգնման վրա։ Վաշինգթոնյան գործընթացի հաջողությունը կախված է ոչ թե արդեն ստորագրված փաստաթղթերից, այլ դրանց հաջորդող աշխատանքների արդյունավետությունից։ Ոչ մի փաստաթուղթ չի ամրագրում վերջնական ստատուս-քվո, և կողմերի հետագա աշխատանքից է կախված, թե ով որքան կշահի դրանից։

 

Նախաբան

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ոչ միայն լուրջ նշանակություն ունեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պարունակում, այլ նաև հավակնում են հիմնարար կերպով ձևափոխելու 2020-ի նոյեմբերի 9-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում Հարավային Կովկասում ձևավորված անվտանգային ճարտարապետությունը։  

Վաշինգթոնյան գագաթնաժողովի ընթացքում ստորագրված եռակողմ և երկկողմ փաստաթղթերը բուռն քննարկումների առիթ դարձան Հայաստանում։ Այս քննարկումները դեռ կշարունակվեն, և սույն հոդվածով ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այս կարևոր ու օգտակար գործընթացում։ Նախ ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած, «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած քաղաքական իրողությունների և վաշինգթոնյան գործընթացի մասին մեր ընկալումների միջև։ Երկրորդը՝ ցանկանում եմ խոսել տնտեսության, ռազմական ուժի և բանակցային գործընթացների փոխկապակցվածության մասին՝ նպատակ ունենալով նաև պատասխանել այժմ շատ տարածված ու օրինական հարցին՝ ի՞նչ է ստանում Հայաստանն այս գործընթացից, ինչպես նաև ներկայացնել, թե վաշինգթոնյան գործընթացը ո՞ր քաղաքական իրողությունների ու փոփոխականների բաղկացուցիչ մաս կամ հետևանք է։ 

Կարևոր եմ համարում շեշտել, որ այս հոդվածի հիմնական խնդիրը ստորագրված փաստաթղթերի հայկական կողմի համար նպաստավոր կամ ոչ նպաստավոր բոլոր կետերի քննարկումը չէ։ Այս աշխատանքի նպատակն այլ է։ 

Հոդվածը զգալիորեն հիմնված է Փոլ Քենեդիի «Գերտերությունների վերելքն ու անկումը» (The Rise and Fall of the Great Powers), Թոմաս Շելլինգի «Զենքեր և ազդեցություն» (Arms and Influnce), և Ֆրեդ Չառլզ Իկլեի «Ամեն պատերազմ պետք է ավարտվի» (Every War Must End) գրքերի առանցքային գաղափարների վրա։

 

Սկիզբը չփշոթել ավարտի հետ։ Արդյունավետ և նպատակային աշխատանքի հրամայականը։ 

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո շատերի, այդ թվում՝ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչների, հիմնական սխալներից մեկն այդ իրողությունները որպես վերջնական կամ անցած ճանապարհի վերջնակետ ընկալելն էր։ Տպավորություն էր՝ գրանցվել է հաղթանակ, այն ամբողջական է, և կարելի է հանգստանալ ու վայելել։ Մինչդեռ 2018-ը նոր սկիզբ էր, մեկնարկ, հնարավորություն, որի ամբողջական հաջողությունը պետք է պայմանավորված լիներ դրան հաջորդող գործընթացների ու քայլերի արդյունավետությամբ։ Այնուամենայնիվ, ժամանակը ցույց տվեց, որ իրավիճակի սխալ գնահատումը, առաջնահերթությունների թերի սահմանումը, ուժերի հարաբերակցությանը ոչ բավարար նշանակություն տալն ու կարևորագույն ուղղություններով անարդյունավետ աշխատանքը բերեցին լուրջ ձախողումների ոչ միայն ներքին ու արտաքին քաղաքական ասպարեզներում, այլև սքողեցին հենց 2018-ի քաղաքական գործընթացները՝ ընդհուպ ստիպելով զգույշ օգտագործել «հեղափոխություն» բառը։ Շատերը նույնիսկ ստիպված եղան հայտարարելու՝ փոշմանում են, որ մասնակցել են այդ գործընթացին։ 

Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթերը, այո՛, ամրագրեցին Արցախի շուրջ ձևավորված ստատուս-քվոն, ամրագրեցին ռազմի դաշտում գրանցված արդյունքը, բայց հայ-ադրբեջանական ձևաչափի մասով գործընթացը դեռ շարունակվում է։ Այս առումով սա ավարտ չէ, վերջնական իրողություն չէ, այլ մի նոր գործընթացի սկիզբ, որն ուզենք, թե չուզենք արդեն իրողություն է։ Պատահական չէ, որ բանակցություններին անմիջական մասնակցություն ունեցած Ներսես Կոպալյանը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարության և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությունների հետ շփումների ժամանակ ամերիկյան կողմը փոխանցել է՝ իրենք Վաշինգթոնի գագաթնաժողովը դիտարկում են ոչ թե մեկանգամյա նախաձեռնություն, այլ՝ երեք տարի տևողությամբ հիմնարար ձևաչափ, որը ըստ Վաշինգթոնի, պետք է ընդգրկի հարաբերությունների կարգավորմանն ուղղված այս միջոցառումից մինչև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումն ընկած ժամանակահատվածը։ 

Այսինքն՝ մեզնից չկախված առարկայական զարգացումներին զուգահեռ, Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնությունների վերջնարդյունքը Հայաստանի համար կախված է լինելու կառավարության հետագա աշխատանքից։ Հետևաբար, իշխող ուժը ոչ թե պետք է մտածի, թե արդեն բերել է խաղաղություն և կարող է հանգստանալ ու վայելել ավելի թեթև հունով աշխատելու հնարավորությունը, այլ՝ նախկին սխալներից դասեր քաղելով, փորձի նոր ձևավորվող պայմաններում առավելագույն չափով պաշտպանել և առաջ տանել հայկական շահը։ 

Առանց ուղիղ զուգահեռներ անցկացնելու այս գործընթացի և 1994-ի մայիսի հինգին Բիշքեկում կնքված զինադադարի միջև՝ պետք է ընդգծել, որ Ադրբեջանը 1994-ից ի վեր փորձեց հնարավորինս արդյունավետ գործել․ կառուցեց ավելի ուժեղ տնտեսություն, որի արդյունքում կարողացավ ավելի շատ ներդրումներ անել բանակում՝ հատկապես ձեռքբերելով ժամանակակից զինատեսակներ, և վարեց արդյունավետ արտաքին քաղաքականություն՝ սեփական ռազմական ներուժը՝ ներքին հավասարակշռումը (internal balancing), համալրելով դաշնակցային ներուժով՝ արտաքին հավասարակշռմամբ (external balancing)։ Հաջորդիվ՝ քաղաքագիտական օրենքներին համապատասխան, այս իրողություններն ուղիղ արտացոլվեցին արդեն ռազմի դաշտում, իսկ ռազմի դաշտում գրանցված արդյունքը՝ բանակցային գործընթացում։ Ադրբեջանական կողմն այս նույն տրամաբանությամբ շարունակեց աշխատել նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ 

Հարցի շուրջ՝ ավելի շատ կորցրել ենք, թե ստացել, կարող են լինել տարբեր կարծիքներ, ծանրակշիռ կողմ և դեմ փաստարկներ, բայց որ ստացել ենք շնչելու, ոտքի կանգնելու ժամանակ, կարծում եմ՝ փաստ է։ Արդեն առկա աշխատանքային դաշտը համալրվում է նոր, կարևոր նշանակություն ունեցող ուղղությամբ՝ իր ուրույն մարտահրավերներով ու հնարավորություններով, և որ կողմն ավելի խելացի ու արդյունավետ կլինի, նա էլ ավելի շատ կշահի։ Բիշքեկում Ադրբեջանը պարտված կողմ էր, բայց հետագա արդյունավետ աշխատանքի միջոցով կարողացավ հաղթող կողմ դառնալ։ Ինչպես մենք կշարունակենք Վաշինգթոնից հետո՝ կախված է հենց մեզնից։ «Ամեն պատերազմ պետք է ավարտվի» գրքում ամերիկացի  նշանավոր ռազմական փորձագետ Ֆրեդ Չառլզ Իկլեն հատուկ շեշտադրում է կատարում հենց այս հարցի վրա՝ ոչ մի փաստաթուղթ չի ամրագրում վերջնական ստատուս-քվո, և կողմերի հետագա աշխատանքից է կախված, թե ով ավելի շատ կշահի դրանից։

 

Երեք տարվա հնարավորության պատուհանը 

Բանակցային արդյունքները տնտեսական, ռազմական և դիվանագիտական փոփոխականներից կտրված փոփոխականներ և իրողություններ չեն, դրանց միջև առկա է հստակ փոխկապակցվածություն։ Այսինքն՝ տնտեսությամբ և ռազմական ներուժով ավելի թույլ, դիվանագիտական կարողություններով պակաս կողմը չի կարող բանակցային գործընթացում հանդես գալ ավելի ամուր դիրքերից և ստանալ ավելի մեծ ձեռքբերումներ, քան ավելի ուժեղ կողմը։ Կարող են լինել բացառություններ, երբ որոշակի պայմաններում ավելի թույլ կողմը ստանում է ավելին, քան կստանար սեփական ուժերով, բայց պատմության տրամաբանությունը պարզ է․ տնտեսական ներուժը վերածվում է ռազմական ներուժի, ռազմական ներուժը՝ ազդեցության, իսկ այդ ազդեցությունը դիվանագիտական կարողությամբ կիրառվում է հակառակորդի նկատմամբ՝ նրանից ակնկալվող վարքագիծ ստանալու նպատակով։ Այս ամենին զուգահեռ, սակայն, չի կարելի թերագնահատել աշխարհագրական դիրքի, պետական համակարգերի կայացվածության, պետական կառավարման արդյունավետության ու քաղաքական կամքի հայեցակետերը:

 

Ուժեղ տնտեսություն, ռազմական ներուժ, խաղաղություն

Վաշինգթոնյան գործընթացի մեկնարկը նոր հորիզոններ է բացում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար։ Ծրագրվող ամերիկյան ներդրումները կարող են լուրջ խթան լինել այլ երկրների հետաքրքրվածության ձևավորման ու աճի համար։ Հնարավոր է, որ Հայաստանը դառնա Արևմուտքն ու Արևելքն իրար կապող կարևոր կապուղիների գործարկման մասնակից, ինչն իր հերթին կարող է լինել հավելյալ ֆինանսական հնարավորությունների աղբյուր։ Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը։

Փոլ Քենեդին իր «Գերտերությունների վերելքն ու անկումը» հայտնի աշխատությունում ընդգծում է, որ գերտերությունների հաղթանակն ու կործանումը հաճախ պայմանավորված են եղել ոչ միայն պատերազմների արդյունքով, այլ դրանց ընթացքում ճիշտ օգտագործված և, առավել ևս, դրանց նախորդած ժամանակահատվածում ձևավորված տնտեսական ներուժով։ Արտադրողական կարողությունների զարգացումը հնարավորություն է տվել ավելի մեծ ներդրումներ կատարել զինված ուժերում, իսկ աճող ռազմական կարողությունները՝ ոչ միայն պաշտպանել սեփական սահմանները, այլև դրանք ընդարձակել։ Այս միտումը տեսանելի է Նապոլեոն Բոնապարտի Ֆրանսիայի, դրան հաջորդած Բրիտանական կայսրության մեկդարյա գերիշխանության, երկու համաշխարհային պատերազմներից առաջ Գերմանական կայսրության և Նացիստական Գերմանիայի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի օրինակներում։ 

Այս բոլոր դեպքերում տնտեսական կարողությունների զարգացումը բերել է ռազմական ներուժի ավելացմանը, որը պետական կառավարման արդյունավետության, քաղաքական կամքի, աշխատանքային էթիկայի նման այլ կարևոր գործոնների կողքին նպաստել է քաղաքական հաջողության գրանցմանը։ Այժմ տեսնում ենք, թե ինչպես է Չինաստանը կուտակված տնտեսական հզորությունն արագ վերածում ռազմական ուժի, որն իր հերթին շեշտակի մեծացնում է նրա քաղաքական կշիռը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև Գերմանիայի ու Ճապոնիայի դեպքում։

Մեր իրականություն վերադառնալով ու դիտարկելով Հայաստանի ու Ադրբեջանի օրինակները՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը Բիշքեկի զինադադարից հետո, կուտակելով ավելի շատ տնտեսական ներուժ, կարողացավ ավելի շատ ներդրումներ անել ռազմական ոլորտում, ինչը վճռորոշ դեր խաղաց հաջորդող ռազմաքաղաքական գործընթացներում։ Իսկ Հայաստանի դեպքում պարտադրված շրջափակումը, ինչպես նաև այլ խոչընդոտները՝ կոռուպցիան (որն առկա է եղել ու առկա է նաև Ադրբեջանում), պետական համակարգի անբավարար արդյունավետությունը, դարձան տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ։ Արդյունքում ձևավորված տնտեսական հզորությունն ու դրանով պայմանավորված ռազմական ուժը բավարար չեղան առաջացած ռազմաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար։  

Ավելին, Հայաստանի պարագայում տեղի ունեցավ այն, ինչ միջազգային հարաբերությունների լեզվով կոչվում է «ներգրավվածության կրճատում», «հետքաշում» (retrenchement): Հայաստանը 1994-ից վեր հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր, ինչը նշանակում էր, որ Հայաստանի տնտեսական ու ռազմական ներուժը, ինչպես նաև դաշնակցային կարողությունները պետք է բավարար լինեին պաշտպանելու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի անվտանգությունը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի կարողությունները, Ադրբեջանի կարողությունների համեմատ, բավարար չէին ոչ միայն Արցախի, այլ նաև հենց Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Արդյունքում մենք կորցրինք ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված շուրջ 200 կմ² տարածք։ Նույն գործընթացն այժմ տեսնում ենք Ռուսաստանի դեպքում․ ներքաշվելով ուկրաինական հակամարտությունում՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը թուլանում կամ նվազում է այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Սիրիայում ու Հարավային Կովկասում։

 

Ադրբեջանի «սակարկային ուժը» և Վաշինգթոնը Հայաստանի համար  հավելյալ փափուկ զսպման համակարգ

Հայ հանրության շրջանում կա դժգոհություն, թե Ադրբեջանն այս պայմանավորվածություններից ստանում է ավելին, քան Հայաստանը։ Այս թեմայով նույնպես կարելի է բերել փաստարկներ և հակափաստարկներ, բայց կարևոր է ընդգծել՝ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ոչ միայն կարող է սեփական ուժերով պաշտպանել իր սահմանները, այլ նաև մինչև վերջերս արդյունավետորեն նյութականացնում էր նոր պատերազմի սպառնալիքը՝ բանակցային գործընթացում առավելությունների հասնելու նպատակով։ Ավելին, առանց վաշինգթոնյան համաձայնագրերի՝ Ադրբեջանի անվտանգությունը վտանգված չէր, իսկ Հայաստանինը վտանգված էր։ 

Վաշինգթոնյան պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանի հիմնական հաջողություններից մեկը մոտալուտ ապագայում Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիայի կանխումն է։ Մենք հաճախ մոռանում ենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ի վիճակի չենք եղել սեփական ուժերով պաշտպանել մեր սահմանները։ 2022-ի Ջերմուկի մարտերից հետո, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում իրականացնել իր դաշնակցային պարտավորվածությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի իշխանությունների խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը, և, հանուն արդարության, պետք է նշել, որ նրանց տեղակայման պահից ի վեր Հայաստանը ռազմական գործողությունների հետևանքով ոչ միայն չի կորցրել գեթ մեկ կմ² տարածք, այլև շեշտակի նվազել են հրադադարի խախտումները։ 

Ամերիկացի նշանավոր տնտեսագետ և արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության պրոֆեսոր Թոմաս Շելլինգն իր «Զենքեր և ազդեցություն» գրքում նշում է, որ բանակցություններում «սակարկային ուժը» (bargaining power) պայմանավորված է հակառակ կողմին ֆիզիկական ցավ պատճառելու կարողությամբ (power to hurt)։ Շելլինգը պնդում է, որ հենց այս ցավից խուսափելու ձգտումը թուլացնում է կողմերից մեկի բանակցային դիրքերը և մղում զիջումների։ Այս գործընթացը նա անվանում է «բռնության դիվանգիտություն» (the diplomacy of violence), որի նպատակը՝ առանց իրական պատերազմի մեջ ներքաշվելու, զենքի կիրառման ու ցավ պատճառելու հավաստի սպառնալիքի ներքո ցանկալի արդյունք կորզելն է։

Վաշինգթոնյան գործընթացը Հայաստանին հնարավորություն է տալիս ճեղքել Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ձևավորված վերոնկարագրյալ կեղեքող շրջանակը։ ԱՄՆ-ի ավելի գործուն ներգրավումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Հայաստանի հարավում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» կառուցումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի անձնական շահագրգռվածությունը միասին տալիս են Հայաստանին փափուկ զսպման ծանրակշիռ համակարգ (soft deterrence)` ադրբեջանական նոր ագրեսիան զսպելու համար։ Պատահական չէ, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտեց, որ կողմերը կարող են իրեն զանգահարել խնդրի դեպքում։ Այսինքն, այս գործոնները, ի հավելումն ԵՄ դիտորդական առաքելության ներկայության, էապես ուժեղացնում են Հայաստանի արտաքին հավասարակշռման ներուժը։ 

Գործընթացի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կկարողանա այս հարաբերական կայունության պատուհանն օգտագործել՝ Հայաստանի ռազմական կարողությունն այնքան ուժեղացնելու համար, որ այն անվտանգային առումով դառնա հնարավորինս ինքնաբավ։ Հարցը հստակ է՝ քանի՞ օր կարող է Հայաստանի Հանրապետությունը սեփական ուժերով պաշտպանել իր սահմանները, ու ի՞նչ գին պետք է վճարի հարձակվող կողմը։ Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր զինադադար կամ համաձայնագիր, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր, ավելի կայուն է այն դեպքում, երբ սանձազերծված պատերազմի գինն ավելի թանկ է, քան դրա արդյունքում սպասվող քաղաքական ձեռքբերումները։ Սա է բանաձևը, որը կարող է սպասվող խաղաղությունը դարձնել ավելի կայուն։ 

Եվ վերջում, հետևելով Փոլ Քենեդիի ու Ֆրեդ Չառլզ Իկլեի խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործի վաշինգթոնյան գործընթացով մեզ տրված երեք տարվա պատուհանը։ Մասնավորապես, չպետք է կորցնել զգոնությունը և անհրաժեշտ ռազմական ծախսերի կրճատման գնով մեծացնել հասարակության համար տեսանելի, քաղաքացիների առօրյա կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող ոլորտներում ներդրումները։ Միևնույն ժամանակ, ռազմական հավասարկշռության վերականգմանը միտված ծախսերը պետք է հավասարակշռվեն երկարաժամկետ տնտեսական աճին ու արտադրողական կարողությունների զարգացմանը միտված ներդրումների հետ։

 

Վերջաբան 

Այպիսով, չնայած ծանր կորուստների, մենք ստացել ենք հնարավորություն՝ զգալիորեն բարելավելու Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Ինչպես դա կանենք՝ կախված է մեզնից։ 

Կառավարությունը պետք է հանդես գա ճանապարհային քարտեզով՝ հստակ ծրագրերով ու գործողությունների նախագծերով, թե ինչպես և ինչ ժամկետներում է պատրաստվում գետնի վրա իրագործել փաստաթղթերում արձանագրված կետերը (օրինակ՝ Հայաստանի ամբողջական ապաշրջափակումը)։ Հասարակության շրջանում վաշինգթոնյան գործընթացի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ, և իշխանության ներկայացուցիչների պարտականությունն է դրանք փաստերով հասցեագրել։ 

Ընդդիմադիր ուժերը պետք է հետևեն, վերահսկեն և կառուցողական կերպով քննադատեն կառավարության քայլերը՝ պահանջելով ավելի արդյունավետ աշխատանք։ Պետք է գիտակցել, որ բովանդակությունից զուրկ քննադատություններն արդյունք չեն տալիս, իսկ հաճախ նույնիսկ ստեղծում են մթնոլորտ, որտեղ իշխանությունները հնարավորություն են ստանում ավելի քիչ ջանք գործադրել։

Կարևոր դեր ունի նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը։ Կաշկանդված չլինելով իշխանության համար պայքարի հանգամանքներով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագիտական խմբերը, անհատ վերլուծաբանները կարող են իրենց անաչառությամբ և մասնագիտական կարողություններով լուրջ դրական ազդեցություն ունենալ այս բոլոր քննարկումների վրա՝ ապահովելով կարևոր հավասարակշռություն իշխանական չափից դուրս լավատեսական և ընդդիմադիր ուժերի չափից դուրս բացասական տեսակետերի միջև։  

Մեր հայերեն էջից

Fairy Tales, Textbooks and Territorial Claims: Weaving the Myth of “Western Azerbaijan”

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան
Հնս 13, 2025

Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։

Read more

Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին

Վարդան Ջալոյան
Ապր 25, 2025

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով գրքին, պատերազմի խոսույթներին ու պոեզիայում դրանց վերարտադրմանը։

Read more
Women, Peace, Art: Breaking or Reinforcing Stereotypes?

«Կանայք, խաղաղություն, արվեստ». կարծրատիպերի հաղթահարո՞ւմ, թե՞ վերարտադրում

Մարգարիտա Ղազարյան
Ապր 22, 2025

Խաղաղության թեմայով անցկացված ցուցահանդեսին անդրադարձող հոդվածում Մարգարիտա Ղազարյանը բարձրացրել է համակարգային խնդիրներ, որոնք առկա են քաղաքական արվեստի ու կին արվեստագետների փոխառնչություններում՝ հայաստանյան իրականության դիրքերից։

Read more
The Seven-Year Restoration of the Mother See

Յոթ տարի` Մայր տաճարի ողնաշարը վերականգնելու համար

Գայանե Մկրտչյան
Ապր 21, 2025

Շուրջ յոթ տարվա վերականգնումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը, վերաօծվեց 2024 թվականին, պատմական իրադարձություն, որը պահպանեց սուրբ որմնանկարները, ամրացրեց հնագույն կառույցը և ամփոփվեց սրբալույս մյուռոնի օրհնությամբ:

Read more
Azerbaijan’s Sham Trials: State-Sponsored Hatred and the Erosion of Peace

Ադրբեջանի կեղծ դատավարությունները. պետության հովանավորած ատելությունը և խաղաղության քայքայումը

Տաթևիկ Հայրապետյան
Մրտ 27, 2025

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները բացահայտում են Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը, սրում թշնամանքը, խոչընդոտում խաղաղության ջանքերին և ուժեղացնում Ալիևի բռնապետական ռեժիմի հիմքերը։

Read more

Գենդերային ապատեղեկատվություն. բացատրություն չունի, առեղծված էլ չի

Ռուբինա Մարկոսեան
Մրտ 24, 2025

Անդրադարձ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվությանը, հիմնական թիրախներին ու վտանգավոր կարծրատիպերի վերարտադրման հետևանքներին ու հասարակական ազդեցություններին։

Read more
The Housing Program Helping to Revitalize Armenia’s Border Settlements

Երազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում

Գոհար Աբրահամյան
Մրտ 20, 2025

Պետական ​​ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը փոխակերպում է սահմանամերձ բնակավայրերը՝ բազմաթիվ ընտանիքների ապահովելով նոր տներով ու խթանելով համայնքների զարգացմանը։

Read more
Կասկադի տակ

Կասկադի տակ

Միսակ Խոստիկյան
Փտր 12, 2025

«Հայաստան» համալիրը՝ Կասկադը, անցյալից, թեկուզ ոչ հեռու անցյալից ժառանգված հուշարձան է՝ արվեստի գործ, որը կարիք ունի ամբողջացման, պահպանման և խնամքի, գրում է Միսակ Խոստիկյանը։

Read more
Գոհար Աբրահամյան, Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Գոհար Աբրահամյան
Փտր 7, 2025

Ի՞նչ ծառայություններ է ներառում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը և ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ խնդիրներ ունի համակարգն ու ո՞րն է տեսլականը։

Read more
Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 16, 2025

Անազատության մեջ պահվող անձանց ամիսներով հետաձգվող բուժօգնության, անհրաժեշտ դեղերի բացակայությանն ու փոխարինող դեղերով բուժման խնդիրներին, բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ