
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
Տեսլական ունեմ։
Տեսլական ունեմ, որը բխում է ո՛չ գերիշխանություններից, ո՛չ տնտեսական ձգտումներից այլ` երևակայության ուժից։ Մի տեսլական, որը չի սկսվում մայրաքաղաքում, ո՛չ էլ դիվանագիտական դահլիճներում, այլ` գետափին, որտեղ Մեղրու լեռնաշղթան գրկում է Արաքս գետը՝ կազմելով Արասբարան լեռան բնական հայելին։ Գետափ, որտեղ հանդիպում են Հայաստանն ու Իրանը և Արաքսը լուռ հոսում է երկու հազարամյա քաղաքակրթությունների միջև, երկու «հարատև աշխարհի ժողովուրդների», ինչպես ֆրանսիացի աշխարհագրագետ Միշել Բրյունոն է բնորոշում։
Տեսլական ունեմ, որ Արաքս գետը, որը երկար ժամանակ համարվում էր պետական սահման, գաղափարախոսական բաժանման արհեստական գիծ, բոլոր տերությունների կողմից ցանկալի աշխարհաքաղաքական դիրք, դառնում է կամուրջ, մերձեցման վայր։ Տարածք, որտեղ պատերը, անցակետերը և փշալարերը քանդվում են, և երկու ափերին աճում են նռան ու թզի այգիներ, որոնց արմատները սնվում են նույն հոսանքից։
Տեսլական ունեմ, որ այս գետի ջրերը կարող են կրել պատմության բեռից ավելին․ նրանք կարող են կրել ապագա։ Ինչո՞ւ են Հայաստանի և Իրանի տեսակետերը բացակայում Անդրաս Սանտոյի «Թանգարանի ապագան․ 28 զրույցներ» գրքում։ Ես պատկերացնում եմ Արաքսի ափին կառուցվող ապագա արվեստի հաստատության ձևաչափ՝ առաջին++ երկազգային ժամանակակից արվեստի հաստատությունը, որը համատեղ կպատկանի և կղեկավարվի Հայաստանի և Իրանի կողմից։ Մի վայր, որտեղ արվեստը, ճարտարապետությունն ու բնությունը կարթնացնեն փոխանակման և հարաբերությունների նոր համագործակցային ձևեր, որոնք կհիմնվեն տեղական աղբյուրների, գիտելիքների և հմտությունների վրա։
Եթե մենք այն անվանենք «Կամուրջ» կամ «Արաքսի կամուրջ», այս ապագա հաստատությունը կլինի վերակազմակերպված քարտեզի առաջարկ։ Քարտեզ, որը կվերաիմաստավորի մշակութային հաստատությունների դերն աշխարհում՝ հակադրվելով արևմտյան կայսերական թանգարանային հայացքին՝ ճարտարապետական պերճության և հավաքածուների շքեղության քողի տակ: Ինչպես Արաքս գետի բնույթը, հաստատությունը կլինի թափանցիկ, համագործակցային և մասնակցային հարթակ, այլ ոչ թե իշխանության տաճար և ազգայնականության հուշարձան:
Տեսլական ունեմ, որ գաղութային ժառանգությամբ մասնատված տարածաշրջանում, ցեղասպանության խորը վերքերով, արհեստական մեկուսացմամբ, կարող է ստեղծվել նոր համադրողական լեզու։ Լեզու, որը կենտրոնացած կլինի ստվերում մնացած տարածաշրջանային ժամանակակից արվեստի փորձարարությունների, բնիկ բնապահպանական գիտելիքների, մոռացված արխիվների, սփյուռքյան ժառանգության շուրջ։ Լեզու, որը կբացահայտի տարածաշրջանի ուրույն բարդությունները, բազմազանությունը և ապրված փորձը։ Այն կկապի արվեստագետներին Հայկական լեռնաշխարհի և Իրանական բարձրավանդակի միջով՝ տարածքներ, որոնցից սկիզբ է առնում Արաքս գետը, սնուցում Տիգրիս-Եփրատ ավազանի ջրային ուղիները, հոսում Միջագետքով, Լևանտով և Պարսից ծոցով։ Ջրային կենսապատկերները կլինեն նոր հաստատության երևակայության կենտրոնում։
Ուտոպիան կարող է ծառայել որպես ապաքինման գործընթաց և պետականաշինության ձև։ Էդուարդ Գլիսանը դա հստակ ընդգծել է. «Անկանխատեսելի աշխարհում ուտոպիան անհրաժեշտ է»։ Քանի որ մեր տարածաշրջանը նշանավորվում է պատերազմներով, արգելքներով և տեղահանություններով, ամենաարմատական գործողությունը միասին կառուցելն է։ Ստեղծել ոչ թե մեկուսացված, այլ համագործակցելով, ժողովրդական մակարդակով, հողի վրա, գետափի երկու կողմում գտնվող մարդկանց հետ։ Վերաիմաստավորել սահմանը ոչ թե որպես բռնության և բաժանման վայր, այլ` որպես ազգակցական կապի, փոխանակման և համատեղ ապագայի տարածք։
Տեսլական ունեմ, որ այս աննախադեպ ձեռնարկումը կլինի խաղաղության և համակեցության ամենահզոր հայտարարությունը։ Դրա հիմքը կլինի ոչ թե պարզապես խաղաղության խաչմերուկ, այլ` խաչվող հոսքերի խաղաղ հատում` առաջարկելով այլընտրանք առևտրի և ռազմական ճանապարհների գերիշխող քարտեզագրությանը։ Կամուրջը կհարցնի. «Ի՞նչ կլիներ, եթե մշակույթը լիներ մեր դիվանագիտությունը։ Ի՞նչ կլիներ, եթե այս տարածաշրջանում խաղաղությունը կարողանար սկսվել նման երկազգ ժամանակակից արվեստի հաստատության տեսլականի շնորհիվ»։ Դա մեզ կստիպեր հասկանալ, որ առանց մշակույթի՝ ոչ մի խաղաղություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի իրական երկխոսություն հնարավոր չէ։ Որ մեր ապագան կախված չէ պայմանագրերից, այլ` այն մշակույթից, որը մենք միասին համարձակվում ենք ստեղծել գետի երկու ափերի միջև։ Որքա՞ն ենք մենք իրականում համարձակվում։
Հաստատությունը չի սկսվի պատերից, այլ հարաբերություններից՝ դաշտային աշխատանքներ, հետազոտություններ, ստեղծագործական կացարաններ, միջսահմանային նախագծեր։ Մեղրիում Արաքսի երկայնքով զբոսանքները տեղացիների, հայ, իրանցի և միջազգային արվեստագետների հետ՝ Թադաո Անդոյի նման հոգևոր ճարտարապետության վարպետի ուղեկցությամբ, կարող են դառնալ առաջին շոշափելի քայլերը՝ կարդալ լանդշաֆտը, նախքան դրա վրա աշխատելը։ Արաքս գետի քարտեզագրությունը կարող է երկու երկրներին՝ Հայաստանին և Իրանին, տանել դեպի Վենետիկի ճարտարապետական բիենալեի միասնական տաղավար 2027 թվականին՝ վերանայելով ազգային տաղավարների գաղափարը, որն արդեն վաղուց նախաձեռնվել է Սկանդինավյան երկրների կողմից։
Տեսլական ունեմ, որ մի օր մենք բոլորս կանցնենք «Կամրջի» վրայով և կճանաչենք այն որպես հոգատարության և քննադատական ներգրավվածության վայր. որպես մի ուղի՝ վերամիավորվելու՝ այս աննախադեպ վայրագ ժամանակներում՝ քաղաքակրթության հենց ողնաշարի հետ։
Քանի երբ գետը միավորում է, նույնպես և կարող ենք մենք։
ԵՎ այլն
Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին
Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով գրքին, պատերազմի խոսույթներին ու պոեզիայում դրանց վերարտադրմանը։
Read more«Կանայք, խաղաղություն, արվեստ». կարծրատիպերի հաղթահարո՞ւմ, թե՞ վերարտադրում
Խաղաղության թեմայով անցկացված ցուցահանդեսին անդրադարձող հոդվածում Մարգարիտա Ղազարյանը բարձրացրել է համակարգային խնդիրներ, որոնք առկա են քաղաքական արվեստի ու կին արվեստագետների փոխառնչություններում՝ հայաստանյան իրականության դիրքերից։
Read moreԿասկադի տակ
«Հայաստան» համալիրը՝ Կասկադը, անցյալից, թեկուզ ոչ հեռու անցյալից ժառանգված հուշարձան է՝ արվեստի գործ, որը կարիք ունի ամբողջացման, պահպանման և խնամքի, գրում է Միսակ Խոստիկյանը։
Read more



