
Ուսումնասիրությունը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ EVN Report-ը հրապարակում է ընտրողների վարքագիծը վերծանող նոր հարցման առաջին փուլի արդյունքները: Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Ընտրողների վարքագծի հարցումների առաջին փուլը բացահայտում է ընտրազանգվածի բավականին բազմաշերտ նախապատվությունները։ Հայաստանյան հասարակությունը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում անվտանգության և տնտեսության հարցերում, սակայն ընդհանուր առմամբ անորոշ դիրքորոշում, թե քաղաքական որ ուժը պետք է ղեկավարի երկիրը։ Սա իր տեսակի մեջ առաջին նմանատիպ հարցումն է Հայաստանում, մինչև ընտրությունները կհրապարակվեն ևս երեքը։ Արդյունքները ներկայացնում են մանրամասն տվյալներ «չկողմնորոշված» ընտրողների վերաբերյալ։ Հաշվի առնելով այն վճռորոշ դերը, որ այս խումբն ունեցավ 2021-ի ընտրություններին՝ սույն հարցումը կիրառում է բազմաշերտ մեթոդաբանություն՝ վերհանելու նրանց նախապատվություններն ու քաղաքական հակումները։ Ընդհանուր արդյունքները ցույց են տալիս, որ եթե ընտրությունները կայանային վաղը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը կստանար ձայների հարաբերական մեծամասնությունը, սակայն, կախված ընտրողների մասնակցությունից, հնարավոր է չկարողանար ձևավորել միակուսակցական կառավարություն։ Գործող խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հարցման արդյունքներով զիջում է Նարեկ Կարապետյանի ղեկավարած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» զգալի առավելություն ունի մյուս ուժերի համեմատ, և այն շարունակում է մնալ միակ արևմտամետ ուժը, որը հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։ «Քաղաքացիական պայմանագրի» հնարավոր դաշինքային գործընկերները՝ Հայաստանի ժողովրդավարական ընդդիմությունը, բացակայում են ընտրական դաշտից որպես կենսունակ քաղաքական ուժեր։
Հարցման արդյունքները ցույց են տալիս հինգ կարևոր զարգացում․ 1) Վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ցածր է, սակայն նա համեմատաբար լավ դիրքեր ունի չկողմնորոշված ընտրողների շրջանում։ 2) «Ուժեղ Հայաստանը» կլանել է «Հայաստան» դաշինքի ձայները՝ հիմնականում համախմբելով 2021-ին Ռոբերտ Քոչարյանին ձայն տված ընտրողներին։ 3) Ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, իսկ չկողմնորոշված ընտրողները նույնիսկ ավելի բարձր են գնահատում այդ բարելավումը։ 4) Հասարակությունը դրական է տրամադրված երկրի տնտեսական ապագայի հարցում, թեև վերապահումներ ունի վերջին 12 ամիսների տնտեսական վիճակի վերաբերյալ։ 5) Անկախ իրենց անհատական կողնորոշումից՝ հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ ՔՊ-ն կհաղթի։
Մեթոդաբանություն և ձևաչափ
Հարցումների այս առաջին փուլի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է «Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների» (ANES), մասնավորապես՝ 2020-ի «բազմափուլ հարցումների ուսումնասիրության» վրա։
Քաղաքական վարքագծի հարցախույզների «ոսկե չափանիշ» համարվող «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական հարցում է, որն իրականացվում է խառը մոտեցմամբ (հեռախոսային + համացանցային): «ԱրմԵս»-ը շատ առումներով նպատակ ուներ նմանվել իր ամերիկյան գործընկերոջը: Ե՛վ «ԱրմԵս»-ը, և՛ «ԱՆԵՍ»-ը հիմնվում են կրկնվող (panel) և թարմ նմուշ (fresh sample) ձևաչափի վրա, և երկուսն էլ ներկայացուցչական են ազգային մակարդակով: Փոքր տարբերությունները ներառում են. (1) «ԱՆԵՍ»-ը կիրառում է խառը մոտեցում, մինչդեռ «ԱրմԵս»-ն օգտագործել է բացառապես հեռախոսային հարցազրույցներ, և (2) «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական բնույթի է, մինչդեռ «ԱրմԵս»-ը միայն նախընտրական է:
Նախընտրական հարցման առաջին փուլը մեկնարկել է 2025-ի դեկտեմբերի 11-ին։ Հեռախոսային հարցումն իրականացվել է հեռախոսահամարների պատահական ընտրությամբ, իսկ հարցվողների ընտրությունը կատարվել է համաձայն գրանցված ընտրողների թվաքանակի և մարզային բաշխվածության։ Յուրաքանչյուր հարց տեսականորեն միտված է քաղաքացու ընտրական նախապատվությունները սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբանական դիտանկյունից հասկանալուն։ Հարցումը բաղկացած է հետևյալ բաժիններից.
(1) Երկրի ուղղությունը և խնդիրները
(2) Կուսակցական պատկանելություն
(3) Ընտրությունների և թեկնածուների գնահատում
(4) Սոցիալ-ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ցուցանիշներ
(5) Քաղաքացիական կանխատեսում
Հարցվողներին ուղղվել է 23 հարց, որոնցից 14-ը վերաբերել են առաջիկա ընտրություններին։ Հարցումը ներառել է նաև հարցեր՝ ուղղված հարցվողների սոցիալ-տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հատկություններին։ Հարցումն ավարտվել է 2026-ի փետրվարի 22-ին, հարցմանը մասնակցել է 820 մարդ։ 95 տոկոս վստահության ցուցանիշով սխալի սահմանը կազմում է 3,4 տոկոս։
Արդյունքներ

Վարչապետի գործունեության վերաբերյալ արձանագրվել է երեք ուշագրավ արդյունք։ Նախ՝ առավելապես բացասական վերաբերմունքը 32 տոկոս է, ինչն էապես գերազանցում է «մասամբ բացասական» 13 տոկոս ցուցանիշը, ինչը վկայում է, որ հանրության շուրջ մեկ երրորդը հստակորեն ընդդիմադիր դիրքում է։ Երկրորդ՝ հավաքական դրական գնահատականը 36 տոկոս է՝ համընկնելով նախկին ուսումնասիրությունների տվյալների հետ, վերահաստատելով, որ վարչապետի կայուն աջակցությունը տատանվում է հենց 35 տոկոսի սահմաններում։ Եվ երրորդ՝ ինչպես ներկայացված է ստորև, չկողմնորոշված ընտրողները գրեթե հավասարապես են գնահատում վարչապետի աշխատանքը՝ 35,4 տոկոս դրական, 33,5 տոկոս բացասական։ Մոտ 30 տոկոսը հրաժարվել է պատասխանել կամ նշել է, որ չգիտի, ինչը բնորոշ է անբավարար տեղեկացված ընտրողներին, որոնց դեպքում շատ բարձր է հավանականությունը, որ ընտրությունների օրը նրանք քվեարկության չեն գնա։

Հարցումը ներառել է ազգային տնտեսությանն ուղղված երկու հարց, մեկը՝ հետահայաց, մյուսը՝ հեռանկարային: Հետահայաց հարցը պարզել է, թե ինչպես են հարցվողները որակում տնտեսության ներկա վիճակը նախորդ տարվա համեմատ, մինչդեռ հեռանկարային հարցը վերաբերել է ներկա պահից մեկ տարի անց նրանց ունեցած ակնկալիքներին: Հետահայաց հարցին հարցվողների 23,2 տոկոսը նշել է, որ տնտեսությունն այժմ ավելի լավն է, քան մեկ տարի առաջ էր, մինչդեռ 22,9 տոկոսն ասել է, որ այն շատ ավելի վատն է։ Ընդհանուր առմամբ, 32 տոկոսը կարծում է, որ տնտեսությունը բարելավվել է, 19 տոկոսը նշել է, որ տնտեսությունը մնացել է նույնը, իսկ 37,9 տոկոսի ընկալմամբ տնտեսությունը վատթարացած է: Այստեղ ավելի նրբանկատ դիտարկումը վերաբերում է այն 19 տոկոսին, ովքեր բացասական չեն պատասխանել, բայց նաև դրական պատասխան չեն տվել, ինչը հարց է առաջացնում՝ արդյո՞ք այս 19 տոկոսը գոհ է, որ վիճակը չի վատացել, թե՞ դժգոհ է, որ այն նույնն է մնացել: Եթե միտումը դեպի առաջինն է, ապա տնտեսության ոչ բացասական ընկալումը մոտենում է 50 տոկոսին, բայց եթե երկրորդն է, ապա այս 19 տոկոսը կակնկալի, որ կառավարությունը տնտեսական ոլորտում շատ ավելի լավ գործի։

Սպասումների բովանդակությունն ավելի լավ հասկանալու համար ստորև ներկայացված հեռանկարային հարցի պատասխանները որոշակի պատկերացում են տալիս։ Հարցին՝ «Ձեր կարծիքով, մեկ տարի անց ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տնտեսության վիճակը», գրեթե 28 տոկոսը պատասխանել է, որ չգիտի, ինչը և՛ սպասելի է, և՛ բնորոշ նմանատիպ հեռանկարային, համազգային գնահատում պահանջող հարցերի դեպքում։ Սակայն 21 տոկոսը նշել է, որ տնտեսությունն ավելի լավը կլինի, իսկ 17 տոկոսը կարծում է, որ այն կլինի շատ ավելի վատը։

Ընդհանուր առմամբ, 35,3 տոկոսը կարծում է, թե մեկ տարի անց տնտեսությունը կլինի ավելի լավը, մինչդեռ 23,2 տոկոսի կարծիքով այն կվատթարանա։ Համեմատաբար բացասական ընկալումը 37,9 տոկոսից նվազել է 23,2 տոկոսի, իսկ դրական ընկալումը 32 տոկոսից աճել է 35,3 տոկոսի։ Միայն 10,7 տոկոսն է կարծում, թե մեկ տարի անց տնտեսությունը կմնա նույնը, ինչը 8 տոկոսով պակաս է հետահայաց գնահատականի պատասխանից։ Սակայն ամենախոսունն անորոշության աճն է, քանի որ «չգիտի» պատասխանը 7,3 տոկոսից աճել է 27,9 տոկոսի։ Ամփոփելով՝ միտումը վկայում է զգուշավոր լավատեսության աստիճանական աճի մասին, բացասական դիրքորոշում ունեցող ընտրողների զգալի մասն անցում է կատարում ավելի չափավոր՝ անորոշ գնահատականի։
Հարցվողներին առաջարկվել է գնահատել երկրի զարգացման ուղղությունը. 37,9 տոկոսը նշել է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, 34,9 տոկոսը պատասխանել է, որ այն ընթանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 26,5 տոկոսը եղել է չկողմնորոշված: Չկողմնորոշված ընտրողների բաշխվածությունը նման է եղել ընդհանուր հարցվողների բաշխվածությանը, 29,2 տոկոսը համարել է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 25,9 տոկոսի կարծիքով այն շարժվում է ճիշտ ուղղությամբ: Մոտավորապես 26 տոկոս դրական գնահատականը հստակ ցույց է տալիս, որ չկողմնորոշված ընտրողները միտված են սատարել գործող կառավարությանը, մինչդեռ բացասական արձագանքի բաշխումը մնում է անհասկանալի։


Հաշվի առնելով, որ 2021-ի նախընտրական հարցման ընթացքում չկողմնորոշվածների տոկոսը բարձր էր, այս փուլում ևս մենք ակնկալում էինք նմանատիպ պատկեր։ Չկողմնորոշված ընտրազանգվածի «սև արկղի» հետևանքից խուսափելու համար կիրառել ենք կողմնորոշիչ տեսակետային հարցերի շարք՝ որպես ընտրողների քվեարկությունը որակավորելու և կանխատեսելու գործիք։
Տեսակետային հարցերը հաճախ կիրառվում են զարգացող երկրներում՝ ընտրական վարքագիծը վերլուծելու նպատակով, մասնավորապես «Աֆրոբարոմետր» հետազոտական նախաձեռնության շրջանակում։ Այս փուլում քաղաքացիներին ուղղել ենք հարցեր՝ գնահատելու նրանց ընկալումները արդարադատության և պատասխանատվության, Հայաստանի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ԹՐԻՓՓ (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի վերաբերյալ: Հարցվողներին ներկայացվել են քաղաքական երկու տարբեր տեսակետներ, որոնցից մեկը համապատասխանում է գործող կառավարության, իսկ մյուսը՝ ընդդիմության տեսակետին: Առաջին հարցով մասնակիցներին առաջարկվել է հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ արդյո՞ք ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք է կատարել կամ չի կատարել նախկին պաշտոնյաներին ապօրինի գործունեության համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Հարցվողների զգալի մեծամասնությունը՝ 57,4 տոկոսը կարծում է, որ արդարադատության և պատասխանատվության ոլորտում ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին կառավարությունների պաշտոնյաներին իշխանության չարաշահման, կոռուպցիայի և այլ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այս պատասխանը ցույց է տալիս հանրային լայն աջակցություն կառավարության կողմից ավելի համապարփակ քրեական հետապնդման գործողություններին՝ նախորդ վարչակարգի քաղաքական վերնախավին ենթադրյալ անօրինական գործունեության համար պատասխանատվության ենթարկելու հարցում:

Պատասխանատվության ենթարկելու պահանջը բարձր է նաև չկողմնորոշված ընտրողների շրջանում, քանի որ այսպես կոչված չկողմնորոշվածների 51,5 տոկոսը գտնում է, որ ներկայիս կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել նախկին կառավարությունների պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, 21,2 տոկոսն այն համոզմունքին է, որ կառավարության մոտեցումը եղել է բավարար, և, հետևաբար, նախկին վարչակարգի պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումները պետք է դադարեցվեն։
Երկրորդ հարցով քաղաքացիներին առաջարկվել է ընտրել երկու տեսակետից մեկը՝ արդյո՞ք մեկ տարի առաջվա համեմատ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, թե՞ ոչ: Մեծամասնությունը դրական է պատասխանել՝ նկատելով, որ երկրի անվտանգության միջավայրը բարելավվել է 2025-ի սկզբի համեմատ։ Վերլուծական տեսանկյունից՝ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համաձայնագրերից հետո տեղի ունեցած զարգացումները, սահմանային միջադեպերի և բախումների բացակայությունը, ինչպես նաև պատերազմի հավանականության նվազումը, կարծես թե փոխել են Հայաստանի անվտանգային միջավայրի վերաբերյալ հանրային ընկալումը: Արդյունքները հստակորեն ցույց են տալիս, որ հայաստանյան հասարակության մեծամասնության կարծիքով Հայաստանն այժմ ավելի անվտանգ երկիր է՝ 12 ամիս առաջվա համեմատ։

Անվտանգության վերաբերյալ հարցի մանրամասն արդյունքները չկողմնորոշված ընտրողների շրջանում նույնպես փաստում են, որ մեծամասնությունը հավանություն է տալիս երկրի անվտանգային միջավայրի հավաքական բարելավմանը։ Այսպես կոչված չկողմնորոշված ընտրողների 50,7 տոկոսը համարում է, որ անվտանգային միջավայրը բարելավվել է, մինչդեռ 36,9 տոկոսը կարծում է, որ այն չի բարելավվել։ Չկողմնորոշված ընտրողների շրջանում առկա միտումը վկայում է անվտանգային միջավայրի ուղղությամբ կառավարության գործունեության հավանության մասին, քանի որ ընդհանուրի համեմատ չկողմնորոշվածների մոտ «չի բարելավվել» պատասխանողների թիվը նվազ է։

Երրորդ հարցով մասնակիցներին առաջարկվել է հայտնել իրենց կարծիքը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ ներկայացնելով երկու տեսակետ․ ԹՐԻՓՓ-ը շահեկան է Հայաստանի համար, քանի որ կբերի տնտեսական աճ և կայունություն կամ ԹՐԻՓՓ-ը շահեկան չէ Հայաստանի համար, քանի որ չի բերի տնտեսական աճ կամ կայունություն։

Հարցվողների մեծամասնությունը ԹՐԻՓՓ-ը համարել է շահավետ Հայաստանի համար, մինչդեռ 34,4 տոկոսը չի կարծում, թե ԹՐԻՓՓ-ը կբերի տնտեսական օգուտներ կամ կկայունացնի Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Հարցվողների մոտ 24 տոկոսը պատասխան չի տվել, ինչը վկայում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ մասնակի կամ շատ քիչ տեղեկացվածության մասին: Այս թվերի բաշխվածությունը հաստատուն է նաև չկողմնորոշված ընտրողների դեպքում, ինչպես ներկայացված է ստորև՝ չկողմնորոշվածների 37,2 տոկոսը ԹՐԻՓՓ-ը համարում է շահավետ Հայաստանի համար, իսկ 29,2 տոկոսը՝ ոչ: Չկողմնորոշված ընտրողների շրջանում պատասխան չունեցողների թիվը կազմում է 33,6 տոկոսը, ինչն ավելի բարձր է, քան ընդհանուր նմուշում՝ կրկին մատնանշելով բավարար գիտելիքների կամ տեղեկատվության բացակայությունը:

Ընտրողների մասնակցությունը և քվեարկության մտադրությունը հասկանալու համար հարցվողներին հարցրել ենք՝ արդյո՞ք նրանք քվեարկելու են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, և եթե այո, ապա ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին: Հարցվողների մոտ 82 տոկոսը նշել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչը նշանակում է, որ ստացված արդյունքները համադրվել են 82 տոկոս մասնակցության կանխավարկածով: Սա համահունչ է բազմաթիվ ուսումնասիրությունների հետ, որոնք վերլուծում են «մասնակցության բացը», երբ հարցումների ժամանակ ինքնահայտարարված մասնակցությունը տարբերվում է իրական մասնակցությունից։ Սովորաբար, հարցվածների մտադրությունն ու իրական մասնակցությունը տատանվում է 10-30 տոկոսի սահմանում։ Օրինակ, ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 65 տոկոս, մինչդեռ հարցումներում մտադիր ընտրողների տոկոսը մոտ 80-ի սահմանում էր։ Հայաստանի դեպքում՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 49,31 տոկոս: Մասնակցության ավելի բարձր տոկոսը թույլ է տալիս առավել խիստ և պահպանողական գնահատական տալ առաջատար կամ գերիշխող կուսակցության արդյունքներին: Որքան ցածր է մասնակցության մակարդակը, այնքան բարձր է գերիշխող կուսակցության ընտրական ցուցանիշը, և, հետևաբար, մասնակցության ավելի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի զգուշավոր կերպով գնահատել գերիշխող կուսակցության կատարողականը: Այսպիսով, եթե չափվեր ընտրողների մասնակցությունը 70 տոկոսի մակարդակում, գերիշխող կուսակցության ցուցանիշը կլիներ ավելի ուժեղ, իսկ 60 տոկոսի դեպքում՝ էլ ավելի ուժեղ, և այդպես շարունակ:

Քվեարկության մտադրության առումով, նախնական արդյունքները, չկողմնորոշված ընտրողների հավանական հակվածությունը չհաշված, ցույց են տալիս որ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 26,1 տոկոսով, սակայն չի հավաքի բացարձակ մեծամասնություն։ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է՝ ձայների 11,9 տոկոսով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) զբաղեցնում է երրորդ տեղը՝ 6 տոկոսով, մինչդեռ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում խորհրդարան մտնելու 4 տոկոսի շեմը: Ներկայիս ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը նույնպես չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը, քանի որ այն դաշինք է և պետք է հավաքի ձայների 8 տոկոսը։ Արևմտամետ կուսակցությունները, օրինակ «Հանրապետություն» կուսակցությունը, նույնպես չեն հաղթահարում անցողիկ շեմը: 2021-ի ընտրություններում ձայների 21 տոկոսն ապահոված և ընդդիմադիր դաշտը կլանած «Հայաստան» դաշինքը, իր ձայների մեծ մասը զիջում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը նմանատիպ՝ գաղափարապես ռուսամետ, թավշյա հեղափոխության դեմ պայքարող ուժ է: «Հայաստան» դաշինքը, կարծես, նաև ձայներ է զիջել Ռոբերտ Քոչարյանի դաշնակից Գագիկ Ծառուկյանի գլխավորած «ԲՀԿ»-ին: Միասին, այսպես կոչված հակափաշինյանական ձայները համախմբվել են համապատասխանաբար «Ուժեղ Հայաստան»-ի և «ԲՀԿ»-ի շուրջ: Համեմատած «Հայաստան» դաշինքի 2021-ի ընտրությունների արդյունքների հետ, հարցման թվերը ցույց են տալիս բաշխական համաչափություն՝ ընդհանուր 21,2 տոկոս, որից 11,9 տոկոսը «Ուժեղ Հայաստան», 6 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և 3,3 տոկոսը «Հայաստան» դաշինք: «Հայաստան» դաշինքը 2021-ին հավաքել էր ճիշտ 21,11 տոկոս, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կլանել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածի զգալի մասը։

Ամենակարևոր արդյունքը սակայն քվեարկության մտադրության բաժնում, «չգիտի» պատասխանած 18,9 տոկոսն է, և «հրաժարվում եմ պատասխանել» պատասխանած 17,8 տոկոսն է։ Այս երկու խմբերը միասին կազմում են Հայաստանի ընտրազանգվածի 36,7 տոկոսը։ Այս ձայների բաշխումը, ըստ էության, կորոշի ընտրությունների արդյունքը, ինչպես դա եղավ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Չկողմնորոշված քաղաքացու հակումները զատորոշելով՝ հարցախույզը համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ հնարավորություն ունի որակավորելու չկողմնորոշված ընտրողի հավանական վարքագիծը։ Այս մոտեցումը տարածված է քվեարկության վարքագծի ուսումնասիրություններում, մասնավորապես այն գիտնականների շրջանում, ովքեր վերլուծում են ընտրազանգվածի քաղաքական խրթինությունը։ Հարցախույզը, հղում տալով երեք՝ տեսակետ ակնկալող օրինակների, կիրառում է 0-3 համակցային սանդղակ, որը հնարավոր է դարձնում բացահայտել հարցման մասնակցի համաձայնության մակարդակը իշխող վարչակարգի վարած քաղաքականության նկատմամբ։ 3 միավորը ցույց է տալիս հարցվողի քաղաքականության դիրքորոշումների և վարչապետի դիրքորոշումների զգալի համընկնում։ 0 միավորը նշանակում է դիրքորոշումները չեն համընկնում։ Եթե առաջնորդվում ենք այն եզրահանգմամբ, որ Հայաստանում ընտրողներն առավելաբար քվեարկում են խնդիրներից ելնելով (մեր առաջին փուլի նախնական արդյունքները դրա ապացույցն են), ապա մեր համակցային ինդեքսը կարող է կանխատեսել քվեախցիկում չկոշմնորոշվածների հավանական վարքը։

Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 32 տոկոսն «ավելի հավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 14 տոկոսն «անենայն հավանականությամբ» կքվեարկելի իշխող կուսակցության օգտին: Չկողմնորոշված ընտրողների՝ գործող կառավարության օգտին քվեարկելու միտման հավանականությունը վիճակագրորեն նշանակալի է: Ընդհանուր առմամբ, ընտրազանգվածի չկողմնորոշված մասի 46,3 տոկոսն «ավելի հավանական» է կամ «անենայն հավանականությամբ» կքվեարկի վարչապետի կուսակցության օգտին: Համամասնորեն, չկողմնորոշված ընտրողների 46,3 տոկոսը կազմում է ընդհանուր ընտրողների 14,5 տոկոսը, ինչը ցույց է տալիս այդ ընտրողների միտվածությունը նշանակալի ազդեցություն ունի ընտրություններում իշխող կուսակցության օգտին քվեարկության ձայների վրա:
Մյուս կողմից, չկողմնորոշված ընտրողների 43,2 տոկոսը «քիչ հավանական» է համարում, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, սակայն դա չի նշանակում, որ անհավանական է։ Այնուամենայնիվ, հավանականության ոլորտում հնարավորության տարբերակման սանդղակի շեմն առավել հստակ է բնորոշում «ավելի հավանական» կամ «անենայն հավանականությամբ» ընտրողների հավանական վաքագիծը, և մեր մեթոդաբանությունը վերապահ է մնում «քիչ հավանական» ընտրողների միտումը գնահատելուց։ Չկողմնորոշված ընտրողների 10,5 տոկոսն «անհավանական» է համարում, որ քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ կազմելով չկողմնորոշված ընտրողների այն խումբը, որը կխուսափի գործող վարչակարգի օգտին քվեարկելուց։

Համակցային ինդեքսի արդյունքները թույլ են տալիս քվեարկության միտման կանխատեսողական մոդելավում։ Վերևում, ցույց է տրված թե ինչպիսին կլինի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեների քանակը 82 տոկոս համընդանուր ընտրողների մասնակցության դեպքում, եթե չկողմնորոշված ընտրողների 36,6 տոկոսն առավել հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ քվեարկի ՔՊ-ի օգտին։ Պահպանողական գնահատականով, միայն «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ՔՊ-ին ձայն տալու պարագայում, իշխող կուսակցության ձայների բաժինը մեծանում է մինչև 30,1 տոկոս։ «Առավել հավանականությամբ» և «ամենայն հավանականությամբ» չկողմնորոշված ընտրողների ընդհանուր թվի դեպքում, իշխող կուսակցության ձայների բաժինը մեծանում է մինչև 40,5 տոկոս։ Այսպիսով, վիճակագրության լեզվով, «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայումս ունի 40,5 տոկոս ձայների հավակնություն, ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, և գրանցված ընտրողների 82 տոկոսը մասնակցեր քվեարկությանը, ՔՊ-ն կստանար քվեների մոտավորապես 40,5 տոկոսը։ Եթե ընտրողների մասնակցությունը ցածր լինի, «Քաղաքացիական պայմանագրի» ձայների բաժինը համամասնորեն կաճի։

«Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության» առաջին փուլը քաղաքական վարքագծի հարցմանը հավելում է նոր հայեցակարգ՝ քաղաքացիական կանխատեսումը: Լայնորեն սահմանումով՝ քաղաքացիական կանխատեսումը հանրությանը հարցնում է, թե ով է նրանց կարծիքով հաղթելու առաջիկա ընտրություններում: Ընտրությունների կանխատեսման հետազոտական օրակարգում լայն գործածություն ստացած այս մոտեցումը բացառում է տեսաբանական բանավեճերը, և փոխարենը հենվում է հանրության պատասխանները «ով կհաղթի» հարցին ամփոփելու մոտեցման վրա: Հետաքրքիր է, որ քաղաքացիական կանխատեսումները բավականին ճշգրիտ են եղել Միացյալ Նահանգներում ընտրությունների արդյունքները կանխատեսելու հարցում:
Մեր քաղաքացիական կանխատեսման հարցը զարմանալի արդյունք է տալիս։ Չնայած մեծամասնական շեմից զգալիորեն ցածր լինելուն, հարցմանը, թե ով կհաղթի 2026-ի խորհրդարանական ընտրություններում, հարցվածների մեծամասնությունը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների մեծամասնությունը և այդպիսով կխուսափի դաշինքային կառավարություն ձևավորելու գործընթացից։ Հարցվածների միայն 8 տոկոսն է կարծում, թե «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողանա մեծամասնական կառավարություն կազմել։
Ընդհանուր առմամբ, քաղաքացիների այս կանխատեսումը մարտահրավեր է իշխող կուսակցության համար: Եթե «Քաղաքացիական պայմանագրի» զգալի թվով համակիրներ ակնկալում են մեծամասնական հաղթանակ, ապա այս ենթադրությունը կարող է ազդել հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու նրանց որոշման վրա:
Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այս արդյունքներից։ Նախ՝ կարևոր է նշել սահմանափակումները։ Հարցումները տվյալ պահի պատկերն են, և այն փաստը, որ առաջին փուլն անցկացվել է ընտրություններից առնվազն 120 օր առաջ, զգուշավորության կոչ է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ լայնածավալ եզրակացության փորձեր անողների համար։ Ինչքան մոտենանք նախընտրական քարոզարշավի փուլին, հանրությունն ավելի ու ավելի շատ քաղաքական տեղեկություն կստանա, և հարցախույզերի վավերականությունը համապատասխանաբար կաճի։ Երկրորդ՝ չկողմնորոշված հարցվողների նման բարձր տոկոսը ցույց է տալիս, որ կողմնորոշիչ հարցերի ներառումը հետազոտողներին կարող է հնարավորություն տալ ավելի լավ հասկանալ, թե ընտրության օրը նրանք որ ուղղությամբ կգնան։ Ապագա հարցումները չկողմնորոշվածների վիճակագրությունը չպետք է զուտ ի գիտություն ընդունեն, այլ պետք է կիրառեն միջոցներ՝ հայաստանյան ընտրողի քաղաքական վարքագիծն ավելի լավ հասկանալու համար։ Վերջապես՝ որոշ արդյունքներ վկայում են բևեռացված, բաժանված ընտրազանգվածի մասին։ Երկրի հաջորդ ղեկավարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս երևույթին և իր պաշտոնավարման ողջ ընթացքում փորձի նվազեցնել բևեռացումը։ Հետխորհրդային Հայաստանի պատմության մեծ մասում ընտրազանգվածը հիմնականում եղել է հակաիշխանական, և երկիրը չի զգացել Արևմուտքին բնորոշ քաղաքական բևեռացումը: Հետաքրքիր է, որ չնայած 2024-ի նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ում առկա սուր բևեռացմանը, 10-ը ամերիկացուց գրեթե 7-ը նշում էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ: Արդյունքում նախագահ Թրամփը հաղթեց բոլոր տատանվող նահանգներում: Մեր տվյալների համաձայն՝ 10-ը հարցվողից 4-ն է նշել, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, ինչն ավելի զգուշավոր լավատեսական հեռանկար է՝ համեմատած ԱՄՆ-ի արդյունքների հետ: Այդուհանդերձ, երկկուսակցական նախագահական ընտրակարգերն ակնհայտորեն տարբերվում են համամասնական խորհրդարանական համակարգերից, և չկողմնորոշված ընտրողների կողմնորոշումն ավելի վճռորոշ է խորհրդարանական համակարգերի համար: Այնուամենայնիվ, բևեռացումը մնում է սուր խնդիր հայաստանյան ընտրազանգվածի համար, ինչը սահմանափակում է առողջ քաղաքական համակարգի ձևավորումը, համակարգային քաղաքական կուսակցությունների կայացումը և կարևոր հարցերի շուրջ կառուցողական հանրային բանավեճը։
