1940-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ բոլոր կինոստուդիաները Իոսիֆ Ստալինի վերահսկողության տակ էին ու լիամետրաժ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանելու իրավունք և հնարավորություն ունեին մեկ տասնյակից ոչ ավել ռեժիսորներ, Երևանի «Հայֆիլմ» ստուդիայի ղեկավար Համո Բեկնազարյանը այն քչերից էր, ում նման հնարավորություն ընձեռված էր։ 1949-ին նա սկսում է աշխատել պրոպագանդիստական լայնամասշտաբ մի ֆիլմի վրա՝ 1946-1947 թվականների հայրենադարձության մասին:
«Երկրորդ քարավան» կոչվող այս ժապավենը նախատեսվում էր թողարկել 1951-ին։ Այն պետք է ոչ միայն պատմականացներ ու հերոսացներ զանգվածային հայրենադարձության դրվագը, այլև խթաներ դրա շարունակությունը: Ֆիլմի նկարահանման ընթացքին հետևում էր տեղական և ռուսական մամուլը: Այդուհանդերձ, այն այդպես էլ իրողություն չդարձավ։
Տարածված կարծիք կա, որ Ստալինը, հերթական անգամ աչքի անցկացնելով ԽՍՀՄ-ում նկարահանվող ֆիլմերի ոչ այնքան մեծ ցուցակը, հարցնում է Բեկնազարյանի ֆիլմի վերնագիրը, հետո հռետորական հարց հնչեցնում, թե արդյոք այն ուղտերի մասին է, ինչն աշխատանքները դադարեցնելու անուղղակի հրաման էր։
61 տարի անց, արդեն նորանկախ Հայաստանում լրագրող, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակում Մեծ հայրենադարձության մասին երեք փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել։
Նախագծի առաջին ֆիլմը՝ «Անծանոթ իմ հայրենիք», պատմում է 1946-1949 թթ. հայրենադարձության կամ ներգաղթի ալիքի մասին: Երկրորդում՝ «Օ, հայրենիք, սառն ու անուշ», ներկայացվում է հայրենադարձների՝ «ախպարների» կյանքը Խորհրդային Հայաստանում և նրանց նկատմամբ ստալինյան բռնաճնշումները։ Վերջին ֆիլմը՝ «Վերջին երազանք կամ Game over» վերտառությամբ, նույն հայրենադարձների՝ ԽՍՀՄ-ից հիասթափության և նախկին բնակության երկրներ վերադարձի պատմությունն է։
Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ հայրենադարձության մասին իր երեք ֆիլմն էլ ցուցադրության որևէ խնդիր չեն ունեցել, փոխարենը գրաքննվել են իր մյուս՝ սոցիալական սուր թեմաներին անդրադարձող աշխատանքները։ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում գերակա հանրային շահին զոհ գնացած ընտանիքների խնդիրները ներկայացնող «Օտարում» ֆիլմը կամ Մարտի 1-ը մանրամասները հետաքքնող «Հայաստանի կորսված գարունը» այդպես էլ եթերաժամանակ չունեցան ոչ հանրային, ոչ էլ մասնավոր որևէ հեռուստաալիքով։ «Չնչին բացառությամբ, որոշ ֆիլմեր ցուցադրել են «Երկիր Մեդիա» և «Շողակաթ» հեռուստաընկերությունները,- ասում է Տիգրան Պասկևիչյանը,- բայց այդ ֆիլմերն էլ հիմնականում նրանք են եղել, որոնք չեն շոշափել արդիական սուր խնդիրներ։ Մնացած ֆիլմերի դեպքում ցուցադրություն պարզապես անհնար էր, և ստեղծագործական թիմը փորձ անգամ չի արել դիմելու հեռուստաընկերություններին»։
Ի դեպ, զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը արգելում է գրաքննությունը, ինչը չի կարելի ասել Խորհրդային Հայաստանի մասին, որտեղ ֆիլմարտադրության յուրաքանչյուր նախագիծ պատվիրվում էր պետության կողմից և հսկողության տակ մնում աշխատանքի ամբողջ ընթացքում։
Իսկ թե ինչու Համո Բեկնազարյանին այդպես էլ չհաջողվեց «Երկրորդ քարավանը» ավարտին հասցնել, երբ ֆիլմի 80 տոկոսն արդեն պատրաստ էր, պարզ չէ։ Ըստ լուսանկարչության, կինոյի և հայկական արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանի, որը որոշել է հայկական կինոյի պատմությանը վերադարձնել ևս մեկ, թեկուզ անավարտ, բայց կարևոր էպիկական երկ, այս ժապավենը դառնում է Համո Բեկնազարյանի վերջին աշխատանքը «Երևան» ստուդիայում, որից հետո նա հեռանում է Հայաստանից, իսկ նկարահանված նյութի հետքերը կորչում են։ Այդուհանդերձ, Գալստյանին հաջողվել է պարզել, որ ժապավենի մեծ մասը պահպանվել է մոսկովյան արխիվներում։
Անդրադառնալով նկարահանումների դադարեցման պատճառներին՝ Վիգեն Գալստյանը նշում է, որ ֆիլմի վերնագիրը, ամենայն հավանականությամբ, միակ կամ գլխավոր պատճառը չի եղել։ Իրական պատճառները հասկանալու համար դեռ պետք է աշխատել Մոսկվայի արխիվներում և, ի վերջո, տեսնել նկարահանված նյութը։ Ժապավանի թվայնացումը այս պահին ֆինանսական որոշ խնդիրների հետ է կապված, որի ուղղությամբ արդեն սկսել է աշխատել հայ լուսանկարչության «Լուսադարան» հիմնադրամը։
«Հայ կինոյի պատմության մեջ շատ քիչ ֆիլմեր կան, որոնք արգելվել կամ փակվել են,- նշում է Վիգեն Գալստյանը,- հիմնականում եղել են սցենարներ, որոնք նկարահանման հարթակ չեն հասել հաստատվելուց հետո՝ օրինակ Հենրիկ Մալյանի «Կոմիտաս» ֆիլմը, կամ Փարաջանովի Անդերսենի հեքիաթների վրա հիմնված սցենարը։ Արգելված ֆիլմի թերևս մեկ օրինակ կա — Կարեն Գևորգյանի «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմը: Սակայն կան բազում ֆիլմեր, որոնք մոռացվել են, գրեթե չեն ցուցադրվել և դրանց մասնագիտական վերականգնումը և ցուցադրումը այսօր առաջնահերթ պետք է լինի մեր մշակութային ժառանգությամբ զբաղվող հաստատությունների համար»։
Բայց պատմությունը կրկնվելու սովորություն ունի ունի, նույնիսկ եթե ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել։ Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ «Օտարում» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրելու համար ստեղծագործական թիմը նախնական պայմանավորվածություն է ունեցել տնօրինության հետ, անգամ փոխանցել են վարձավճարը, բայց վերջին պահին պարզվել է, որ ցուցադրությունն անհնար է, քանի որ ֆիլմի բովանդակությունը «հակապետական» է։
Նույնը տեղի է ունեցել նաև երբ «Ընտրություն» ֆիլմը ցուցադրելու համար ստեղծագործական թիմը փորձել է վարձակալել Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնին պատկանող Փոքր թատրոնի դահլիճը։ «Մեր ֆիլմը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, քաղբանտարկյալների մասին, իսկ նմանատիպ բովանդակություն ունեցող ֆիլմին, իհարկե, այն տարիներին չէր հաջողվում ճեղքել խոսքի ազատության դեմ իշխանությունների կառուցած ամրակուռ պատը,- ասում է Տիգրան Պասկևիչյանը:- Ֆիլմի ցուցադրությունը, իհարկե, արգելվեց։ Կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը խորհուրդ տվեց արգելքը պարզաբանելու համար դիմել Կրթության և գիտության նախարարություն, որտեղ մեր ստեղծագործական թիմին ներկայացրեցին դահլիճներն օգտագործելու մի կարգ, համաձայն որի կրթական հաստատություններում չէր կարելի ստեղծել քաղաքական կամ կրոնական կազմակերպություններ»։
Ֆիլմերը հանրայնացումից զրկելու փորձերին հակառակ, Պասկևիչյանը, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից, ինչից զրկված էր Բեկնազարյանը. ֆիլմերը տարածել է առցանց հարթակներում։ «Օտարում» ֆիլմը Յութուբում ունեցել է 99 հազարից ավելի դիտում, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի դիտումներն անցել են 100,000-ի շեմը։ «Հուսանք, որ նոր ժամանակներում մարդիկ ավելի ազատ և հանդուրժող կլինեն այլակարծության և քննադատության հանդեպ,- փոփոխությունների այսպիսի ընթացք է ցանկանում Տիգրան Պասկևիչյանը,- եթե ոչ՝ օրհնանք ու պատիվ համացանցը ստեղծողին: Անկախությունից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները ներկայացնող մեր «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը համացանցում ընդհանուր առմամբ 130 հազար դիտում է ունեցել»:
«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը , որը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի մասին և «Ծիրանի այգիներ» ֆիլմը՝ իրանահայ մի տրանսսեքսուալ երիտասարդի մասին, որը Հայաստան է գալիս իր ընկերուհու պահպանողական ընտանիքի հետ ծանոթանալու, անցած տարվա Ոսկե Ծիրանի ժամանակ խիստ հակասական վերաբերմունքի արժանացան: Ոչ ամբողջովին մեկնաբանված պատճառներով Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը չեղարկեց հայկական համայնպատկերի ծրագիրը, որտեղ այս երկու ֆիլմերն ընդգրկված էին ցուցադրման համար:
Հովհաննես Իշխանյանը «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմը մեր շրջապատում, մեր կողքին ապրող մարդկանց մասին է, որոնք պատմում են իրենց սեռական կողմնորոշման պատճառով ծագած խնդիրների մասին: «Տարօրինակ հակասություն է, երբ կինոփառատոնն սկսվում է ծիրանի օրհնությամբ, որի գործող մասնակիցը եկեղեցին է և ուղեկցվում է հայտնի ռեժիսոր Դարեն Արանոֆսկու մեծարմամբ»։
«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմը «Ծիրանի այգիներ» ժապավենի հետ միասին սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում էր։ Արդեն հետո, ինչպես նշում է Հովհաննես Իշխանայնը, պարզ դարձավ, որ ֆիլմի ցուցադրությանը դեմ է եղել եկեղեցին: «Այս հանգամանքը հանրային քննարկման առարկա չի դարձել,- ասում է Հովհաննես Իշխանյանը,- բայց ես ամեն հարմար առիթի նշում եմ նաև եկեղեցու կողմից գրաքննության առկայության մասին»։
«Ծիրանի այգիները»-ը հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ է, և հայ կինեմատոգրաֆի պատմության մեջ միջազգայնորեն ամենաշատ ցուցադրված աշխատանքը։ Ֆիլմը ներկայացվել է 80 միջազգային կինոփառատոնում ու շահել 20 մրցանակ, թեև Հայաստանում ոչ մի պաշտոնական ցուցադրություն չի ունեցել։ Ֆիլմի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարդում ենք, որ վերջինս ցուցադրության հրավեր ոչ մի կինոթատրոնից կամ համալսարանից չի ստացել, չի ստացել նաև բացատրություն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներից և ոչ էլ Հայաստանի կինոմիությունից։ Չնայած Ֆիլմի ռեժիսոր Հեյդարի Ուրեի պատրաստակամությանը ցուցադրություն կազմակերպելու Հայաստանում, ոչ մի կինոթատրոն ֆիլմը չի ընդունում. «Սիրելի ընկերներ, մենք սիրով կցուցադրեինք «Ծիրանի այգիները» Հայաստանում, բայց ցավոք, ոչ մի կինոթատրոն չի ցանկանում այն ցուցադրել։ Միայն Կինոպարկն է պատրաստակամություն հայտնել, այն էլ 8 շաբաթվա համար 50.000 դոլար է պահանջել»։
«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդինը» այս տարի վերադարձել է կինոփառատոն՝ բայց որպես ցուցանմուշ: 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում «Փխրուն» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը արգելված լինելու նշանից հայտնի կարմիր գույնով ներկված պատն էր՝ «Լսիր ինձ» գրությամբ, որին զուգահեռ անընդհատ պտտվում էին համանուն ֆիլմի տեքստերը: Ինստալացիայի հեղինակը Արտակ Գևորգյանն էր: Ցուցանմուշը, այնուամենայնիվ, ունեցավ ցուցադրության այն հնարավորությունը, ինչից զրկված էր ֆիլմը: Ցուցահանդեսի համադրող Էլլա Կանեգարիանի խոսքով՝ կինոփառատոնում մերժված ֆիլմը ցուցահանդեսի միոջոցով «ներխուժել» է նույն այդ տարածք և այդ կերպ նաև ինստիտուցիոնալ քննադատության տարրեր կրել իր մեջ։
Գրաքննության պատճառները, ինչպես նաև թեմաները տարբեր ժամանակներում տարբեր են։ Խորհրդային Հայաստանում խնդիրը սեփական պատմությունն էր, նորանկախ Հայաստանում` սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Կկարողանա արդյոք հանրությունը հաղթահարել ինքնավստահության պակասից ծնվող գրաքննությունը, թե «պոստգրաքննական» ցուցահանդեսների ականատեսը լինելու առիթների դեռ էլի կունենանք, ցույց կտա ժամանակը։