Պետությունը հասարակական վայրերում արձաններ և հուշակոթողներ տեղադրելու մենաշնորհ ունի: Տեղադրված յուրաքանչյուր արձան հստակ ազդակ է հասարակությանը և նպաստում է գաղափարների տարածմանը, որի կրողն է տվյալ պահին պետությունը կամ համակարգը:
Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, կամ քանի հուշարձան է փոխել իր տեղը, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։
Երևանում անկախացումից հետո, ըստ քաղաքապետարանի տրամադրած ցուցակի, տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի: 2005-2006 թթ. արձաններ չեն տեղադրվել: Երևանյան արձանների «գլխավոր հերոսները» գրականության, ֆիլմերի («Տղամարդիկ»), արվեստի (Վիլյամ Սարոյան, Առնո Բաբաջանյան), ռազմական ոլորտի ներկայացուցիչներ են (Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ) ու բարեգործներ (Ալեքսանդր Մանթաշով, Գալուստ Գուլբենկյան)։ 2009-ին տեղադրված «Արմենուհի» քանդակից բացի, որը մարմնավորում է հայ կնոջ հավաքական կերպարը, վերջին 10 տարիներին տեղադրված մյուս բոլոր արձանները մարմնավորել են արական սեռի ներկայացուցիչների։ Դրանց մեծամասամբ կարելի է հանդիպել Կենտրոն համայնքում։
Ապամոնտաժվող հիշողություն
Մենք արձաններ տեղադրում ենք անցյալի հետ կապն ամրապնդելու կամ գոնե անցյալը մոռացության չմատնելու համար: Եվ եթե անհրաժեշտություն է լինում տեղափոխել կամ հանել արձանները, ուրեմն անհրաժեշտ է նաև վերաարժևորել պատմությունը:
Ընդհանուր առմամբ վեց արձան (եթե չհաշվենք Ստալինի արձանի տեղափոխումը 1965-ին) արդեն հասցրել է Երևանի ոչ վաղ անցյալում ապամոնտաժվել: Այս պատմություններից յուրաքանչյուրն իր ուրույն առեղծվածն ունի:
Լենինի արձանի ապամոնտաժումը հետ-անկախության Հանրապետության հրապարակից ոչ մեկին չզարմացրեց։ Սովետական առաջնորդի գլխատված մարմինը այժմ ընկած է պետական Պատկերասրահի բակում՝ երկաթյա կրծքին երևացող երեք կրակոցների հետքերով։
Լենինի արձանի տեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցած միակ փոփոխությունը չէր. 1988 թվականին մի ամբողջ ազգ պահանջում էր Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, որն այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի մաս էր, շարժումն էլ ավելի ու ավելի մեծ թափ էր հավաքում: Ներկայիս Սախարովի հրապարակը այն ժամանակ Մեշադի Ազիզբեկովի անունն էր կրում, որը ադրբեջանցի մարքսիստ է եղել, Բաքվի 26 կոմիսարներից մեկը: Մի առավոտ Երևանն արթնացավ նորությամբ, որ արձանը վրաերթի է ենթարկվել: Ասում էին, որ վարորդը մեքենայի ղեկին սրտի կաթված է ստացել, թեև լուրի իսկությունն այդպես էլ չհաստատվեց: 1991-ին այս հրապարակը վերանվանվեց Նոբելյան մրցանակակակիր, ֆիզիկոս մարդու իրավունքների ակտիվիստ որ բարձրաձայնել է Սովետական Ադրբեջանում հայերի ջարդերի մասին, Անդրեյ Սախարովի անունով:
Ղուկաս Ղուկասյանի արձանը հաջորդն էր լինելու: 1990 թվականին, գիշերվա կեսին անհայտ անձինք պայթեցնում են բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործչի արձանը: 2009-ի դեկտեմբերին Ուսանողական պուրակում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց հայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի քանդակը. պուրակում փոքրիկ աստղադիտարան կա:
Ըստ արվեստի քննադատ և անկախ կուրատոր Ռուբեն Արևշատյանի` տեղի են ունենում կոնտեքստային կամ հարացույցային փոփոխություններ, որոնք կապված են քաղաքական համակարգերի, ռեժիմների փոփոխության հետ և ենթադրում են սիմվոլների վերացում կամ փոխարկում: Մյուս պատճառն այն է, որ բազմաթիվ արձաններ ո’չ գեղագիտական, ո’չ էլ գաղափարախոսական առումով բավարար և ճիշտ արտիկուլացված չէին: Դրանք միախառնված զգացողություններ էին առաջացնում:
Օրինակներից մեկը Արա Հարությունյանի Բանվորի արձանն էր` մետրոյի Գործարանային կայարանում: Արձանի բացումը տեղի է ունեցել 1982-ին: Մինչ օրս, չնայած ճարտարապետի պնդմանը, թե արձանը դեպի Արևմտյան Հայաստան գնացող հայի մասին է, շատերը վստահ են, որ այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսության մասին էր, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում` «Պրավդա» թերթ, մինչդեռ իրականում այն եղել է այնպիսին, ինչպիսին պահպանված լուսանկարներում` դատարկ ձեռքերով: 1997-ին, չնայած պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ներառված լինելուն, արձանը հենց պետության որոշմամբ էլ ապամոնտաժվեց: Պաշտոնական հիմնավորումը Բանվորի ոչ ամուր լինելն էր: Միգուցե արձանը Հայաստանի տնտեսական կոլապսի լուռ վկան էր կամ էլ 1997-ը լավ ժամանակներ չէին Արևմտյան Հայաստանի մասին հիշելու համար:
Պատկերային գերհագեցվածություն
Արձանների և հուշարձանների մյուս կարևոր խնդիրը պատկերային գերհագեցվածությունն է կամ այսպես կոչված սփեմինգը: Այսպիսի գերհագեցում, ըստ Արևշատյանի, եղել է ստալինյան, խրուշչովյան և բրեժնևյան շրջաններում: Սիմվոլիզմը տարածքի կարիք ունի և երբ այն գերհագեցվում է պատկերային սիմվոլներով, սկսվում է փոխազդեեցությունը միմյանց հետ, որի արդյունքը նոր, անհարմար տեքստն է:
Մեշադի Ազիզբեկովի հրապարակ, Երեւան.
Ղուկաս Ղուկասյանի արձանը Ուսանողական պուրակում:
Արա Հարությունյանի Բանվորի արձանը:
Լուսանկարների աղբյուրը ։
Փորձենք կարդալ քաղաքը իր արձաններով և հուշարձաններով` սկսելով փոքր կենտրոնից: Քայլենք շրջանաձև այգու միայն մի մասով. գրող Միքայել Նալբանդյանի արձանը, սփյուռքահայ բարերարների ճեմուղին, ապա ռուս և հայ ժողովրդի բարեկամության հուշարձանը, մյուս կողմում` Ասորական ցեղասպանության հուշարձանն է, մի քանի մետր ներքև` հայտնի հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը, անցնում ես փողոցը` բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է, հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող ձեռքերը, այնտեղ է նաև հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի արձանը: Նայում ես ձախ` Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան: Վստահ եմ` ցանկն ամբողջական չէ: Հետո էլի կնոջ արձան է, իգական սեռի մեկ այլ կոլեկտիվ ներկայացում, կյանքի ծառ: Եվ սա դեռ տասը րոպեի ընթացքում:
Քաղաքային միջավայրի հագեցումը հուշարձաններով, որոնք սովորաբար տեղակայված են ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ոճով, աշխատում է արձանի դեմ, համոզված է Արևշատյանը: «Մենք կարող ենք վերցնել Արամ Մանուկյանի, Իսակովի, Այվազովսկու արձանները,- ասում է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը,- սրանք բոլորը քանդակներ են, որոնք փորձ են անում կրկնել այն էսթետիկան, որը կապված էր խորհրդային էսթետիկայի մոնումենտալ արձանագործության հետ: Բայց այստեղ կա մի կարևոր բայց, այդ էսթետիկան ամբողջ` հասարակական, քաղաքական, տնտեսական համատեքստի ածանցյալն էր: Երբ այդ համատեքստը գոյություն չունի, այդ էսթետիկան պարզապես հիմք չունի, և այն դառնում է կրկնօրինակի կրկնօրինակը, որը վերածվում է պարզապես անեկդոտի։ Արդյունքում մենք գործ ենք ունենում բանալ սիմվոլիզմի հետ, երբ Արամ Մանուկյանը մեջտեղ է գալիս եռագույնի մեջ փաթաթված»: Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի տեղադրման վայրը նույնպես միանշանակ չընդունվեց` մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի սովետական մոդերնիստական ճարտարապետական համալիրի վրա, որի հեղինակները հայտնի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը և Մկրտիչ Մինասյանն են:
Մշակութային կոնֆլիկտ
Հետաքրքիր է նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի փորձը, որն իրենից նաև արձանների մասնավոր հավաքածու է ներկայացնում: Գաֆեսճյան կենտրոնը ռոտացիայի սկզբունքով քաղաքի մի հատվածում քանդակներ է տեղադրում, որոնք դուրս են ամեն տեսակ քաղաքային կոնտեքստից:
«Հասարակությունը դեռևս շարունակում է քանդակը ընկալել որպես գաղափարաբանական գործիք,- նկատում է Արևշատյանը,- այսինքն, այդ քանդակները անընդհատ դինամիկ պրոցեսի մեջ են: Նրանք անընդհատ փոխում են իրենց տեղը: Սա շատ կարևոր հանգամանք է, որը հանրային գիտակցության մեջ դժվար է տեղավորվում: Ինչպե՞ս կարող է քանդակը նմանվել անիվների վրա դրված տան, որը կարող ես մի անկյունից մյուսը շարժել: Խոսքն այստեղ այն խորը մշակութային կոնֆլիկտի մասին է, որը տեղի է ունենում հետխորհրդային գիտակցության մեջ»:
Անկախ նրանից, հավանում ենք մենք այդ արձանները թե ոչ, նրանք միավորող հանգույցներ են, որտեղ բախվում են կոթողն ու դրանց մասին կարծրատիպերը:
***
Նալբանդյանի արձանի կողքով՝ օղակաձև այգու միջով, զբոսանքի տասնմեկերորդ րոպեին հիմա արդեն կարելի է հանդիպել ևս մեկ արձանի, որ տեղադրվեց 2018-ի օգոստոսի 23-ին։ Դա Ամստերդամի հայերի կողմից Երևանի 2800 ամյակի առիթով նվիրված կովկասյան հովվաշան արձանն է, որ պետք է պաշտպանի քաղաքը, ինչպես դարերով պաշտպանել է հայաստանցի ընտանիքներն ու դրանց ունեցվածքը։
Երևանի արձանների մեծամասնությունը կարծես էջանիշներ լինեն, որ պետք է հիշեցնեն հասարակությանը անցյալի արժեքների ու մարդկանց մասին․ եռաչափ հիշեցումներ պատմության մասին, որ դարձել են կրթելու գործիքներ։ Հարց է ծագում․ արդյո՞ք կա հարավորություն կամ պահանջարկ ունենալու արձաններ, որ կծառայեն արվեստից իրենց դրված առաքելությանը՝ դուրս գալու ձևի և բովանդակության գծված սահմաններից, պատմելու մարդկային զգացումների և առաջարկելու ապագայի տեսլականներ։