
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ Տեղեկության տիրապետելն է թույլ տալիս կողմնորոշվել և ճիշտ որոշումներ ընդունել՝ օրենքը չխախտելով և հետևողական լինելով իրավունքի պաշտպանության հարցում։
EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները՝ ինչ գործող օրենքներ կան, ինչ փոփոխություններ են նախատեսվում, ինչպես են դրանք ազդում կամ ինչ հետևանքներ են ունենալու մարդկանց կյանքի վրա։
Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ է իրավակարգը, ինչ աստիճանակարգություն ունեն իրավական նորմերը, ինչպես են ընդունվում օրենքները և այլ հարցեր։
Հիերարխիա
Իրավակարգը պետության մեջ գործող բոլոր գրված իրավանորմերի ամբողջությունն է, որին ավելանում են նաև սովորութային իրավունքի չգրված նորմերը։ Այս բոլոր նորմերով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։
Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին), Սաքսոնիայի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գոռ Հովհաննիսյանը բացատրում է, որ իրավակարգը պետք է լինի անհակասական, չպետք է պետությունն իր օրենքներում կամ միևնույն օրենքում նախատեսի միմյանց հակասող նորմեր, քանի որ դա խոցելի է դարձնում իրավական անվտանգությունը։
Այնուամենայնիվ, պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ գործող նորմերը հակասում են միմյանց։ Եվ այս հարցում օգնության է գալիս նորմերի աստիճանակարգությունը։ Սա նշանակում է, որ բոլոր նորմերն իրենց ուժով հավասար չեն, կան ավելի բարձր և ավելի ցածր աստիճանում գտնվող նորմեր։
«Հակասության դեպքում ավելի բարձր աստիճանի վրա գտնվող նորմի գոյությունը հանգեցնում է ավելի ցածր աստիճանի վրա գտնվող նորմի անվավերության։ Այսինքն, այն չի կարող կիրառվել։ Այդպես հակասությունը լուծվում է»,- նշում է Հովհաննիսյանը։
Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտերի աստիճանակարգությունն այսպիսին է․
ՀՀ Սահմանադրություն→ Միջազգային պայմանագրեր → ՀՀ Սահմանադրական օրենքներ→ ՀՀ օրենքներ→ ՀՀ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
«Այս շարքում բարձրագույն իրավաբանական ուժն ունի ՀՀ Սահմանադրությունը, որին պետք է համապատասխանեն մյուս իրավական ակտերը։ Գործնականում, օրինակ՝ երբ առաջանա հակասություն «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և դատավարական օրենսգրքերից մեկի կարգավորումների միջև, ինչը պրակտիկայում հաճախ է լինում, ապա գործելու է Դատական օրենսգրքի կարգավորումը, քանի որ այն սահմանադրական օրենք է։ Սահմանադրական օրենքներին ստորադասվում են մնացած բոլոր նորմատիվ իրավական ակտերը, իսկ վերջիններիս էլ դրանց կիրարկման ապահովմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը»,- մեզ հետ զրույցում նշում է իրավաբանական գիտությունների թեկնածու Առնոլդ Վարդանյանը։
Վարդանյանն ասում է, որ հայաստանյան իրավական համակարգում նորամուծություն են սահմանադրական օրենքները, որոնք յոթն են՝ Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Հանրաքվեի մասին» օրենքը, «Կուսակցությունների մասին» օրենքը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը։
Չփոփոխվող և ամենաբարձր աստիճանում գտնվող նորմը
Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ Սահմանադրության բոլոր հոդվածները նույնպես հավասար չեն, և իրավական նորմերի բուրգի գագաթին գտնվում է «հավերժության դրույթը»՝ Սահմանադրության 203-րդ հոդվածը, որով ամրագրվում է․ «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3․ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
- Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Երբ օրենքը հակասում է միջազգային պայմանագրին, կիրառվում է միջազգային պայմանագիրը
Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ եթե առաջանում է հակասություն ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի միջև, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները։
Սկզբունքորեն, Սահմանադրության և Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի միջև հակասություններ չպետք է լինեն։ Սրա հիմնավորումն այն է, որ Սահմանադրության 116-րդ հոդվածով ամրագրվում է՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Այսինքն, մինչ դրանց վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Եվ հետագայում էլ, երբ Սահմանադրությունում փոփոխություններ են արվում, ապա հաշվի են առնվում պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը։
Վարդանյանը նշում է, որ հակասությունների առաջացման դեպքում կիրառելի են ոչ միայն զուտ միջազգային պայմանագրերի դրույթները, այլև դրանց հիման վրա գործող դատական մարմինների կողմից սահմանված իրավական դիրքորոշումները։ Վառ օրինակ են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և դրա հիման վրա գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավական դիրքորոշումները։
Նա օրինակ է բերում այն, որ մինչև 2020 թվականը կատարված օրենսդրական փոփոխությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանվում էր, որ գրավը, որպես խափանման միջոց, կիրառելի է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Այսինքն, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության դեպքում գրավը չէր կարող կիրառվել։ Մինչդեռ 2007-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սահմանեց, որ նշված մոտեցումը հակասում է ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներին և, անկախ հանցանքի ծանրությունից, անձի նկատմամբ կարող է որպես խափանման միջոց կիրառվել գրավը։ Եվ 2007-2020 թվականներին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշման ուժով, առանց օրենսդրական որևէ փոփոխության կատարման, գրավի կիրառումը թույլատրելի էր դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցանքների կատարման համար մեղադրվող անձանց գործերով։
Ինչպե՞ս ընդունել նոր օրենք
Մինչ այս հարցին պատասխանելը Գոռ Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչ է օրենքը և դրա դուալիստական ընկալումը՝ ձևական և նյութական օրենք։ Ձևական օրենքներ են համարվում պետության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի կողմից ընդունված իրավական ակտերը, իսկ նյութական են այն ակտերը, որոնց բովանդակությունը պարտադիր կանոններ է սահմանում բոլորի համար, սակայն հենց օրենսդիրի կողմից չեն ընդունվել։ Օրինակ, կառավարության որոշմամբ ընդունված ճանապարհային երթևեկության կանոնները նյութական օրենքներ են, դրանք չեն ընդունվել Ազգային ժողովի կողմից, սակայն պարտադիր իրավական նորմեր են բոլորի համար։ Իսկ Ազգային ժողովի ընդունած ակտերի ճնշող մեծամասնությունը օրենք է համարվում թե՛ ձևական, թե՛ նյութական իմաստով։
Սահմանադրության մեջ էլ «օրենքը» կիրառվում է երկու իմաստով։ Օրինակ, Սահմանադրության 28-րդ հոդվածն ամրագրում է՝ բոլորը հավասար են օրենքի առջև։ Եվ այստեղ սահմանադիրը նկատի է ունենում թե՛ ձևական, թե՛ նյութական օրենքը։ Մինչդեռ այլ դեպքերում օգտագործում է նաև միայն ձևական իմաստով՝ «օրենքով սահմանված կարգով», «նախատեսված չէ օրենքով» և այլն։
Այսպիսով, անդրադառնալով միայն ձևական իմաստով օրենքների ընդունման գործընթացին, նշենք, որ, համաձայն Սահմանադրության 109-րդ հոդվածի, օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը: Ինչպես նաև ընտրական իրավունք ունեցող առնվազն 50․000 քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:
Հայաստանում դեռևս չի եղել դեպք, երբ 50․000 քաղաքացու նախաձեռնությամբ օրենսդրական նախագիծ դրվի շրջանառության մեջ։ Մեծամասամբ օրենսդրական նախաձեռնության հեղինակ են կառավարությունը, պատգամավորներն ու խմբակցությունները։
Առնոլդ Վարդանյանը նշում է, որ այլ գերատեսչությունները հաճախ կազմում են օրենսդրական նախագծեր և հասցեագրում դրանք նշված մարմիններին՝ իրենց մանդատի ուժով դրանք որպես օրենքի նախագիծ շրջանառելու համար․
«Ըստ էության, շարքային քաղաքացիները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից՝ կազմելով համապատասխան նախագծեր և ներկայացնելով դրանք իրավասու մարմիններին»։
Այսպիսով, օրենքի նախագծի ներկայացումից հետո այն դրվում է հանրային քննարկման։ Ի դեպ, ներկայումս գործող e-draft.am կայքում հանրայնացվում են նախագծերը, դրանց վերաբերյալ դիտարկումներ, առաջարկություններ ու դիտողություններ կարող է անել յուրաքանչյուրը։
Այնուհետև շահագրգիռ անձանցից կարծիքներն են հավաքագրվում, կազմվում է ամփոփաթերթ, որտեղ նշվում է՝ որ առաջարկն է ընդունվել, որը՝ ոչ։ Իսկ հետո օրինագիծը քննարկվում է Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչին հաջորդում է Ազգային ժողովի կողմից դրա առաջին ընթերցումը։ Այդ ընթացքում օրենքի նախագծի լրամշակման նպատակով շարունակվում է շահագրգիռ անձանց կարծիքների և առաջարկների հավաքագրման գործընթացը։ Այնուհետև նախագիծը կրկին անցնում է նույն ընթացակարգով, սկզբից այն քննարկվում է Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, այնուհետև անցնում երկրորդ ընթերցում, որն, ըստ էության, օրենքի նախագծի քննարկման վերջին փուլն է օրենսդիր մարմնում։ Դրանից հետո նախագիծն ուղարկվում է հանրապետության նախագահին՝ ստորագրման և հրապարակման համար։
Որքա՞ն հաճախ կարող են փոխվել օրենքները
Չկան որևէ կարգավորումներ, թե օրենքները որքան հաճախ կարող են փոխվել։ Սակայն մասնագետները նշում են, որ կյանքի փոփոխություններին զուգահեռ օրենսդիրը միշտ խնդիր ունի կարգավորումները համապատասխանեցնելու ներկա իրավիճակին։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ նոր նորմը համապատասխանի դրանից ավելի բարձր աստիճանում գտնվող նորմերին։
Առնոլդ Վարդանյանը նշում է, որ չափազանց հաճախ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումն ու ընդունումը կարող է բացասական հետևանքներ առաջացնել ու աղճատել ամբողջ իրավական ակտի ամբողջականությունը, այդ ակտում առկա ներքին կապերը, հատկապես՝ եթե այն մեծածավալ է․
«Օրինակ, ժամանակին 1998-ին ընդունված քրեական դատավարության օրենսգիրքն իր գործողության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել է համակարգային հարյուրավոր փոփոխությունների, ինչով պայմանավորված՝ նույն հարցի վերաբերյալ օրենսգիրքն ունենում էր միմյանց հակասող լուծումներ։ Դա նաև հաճախ լինում էր օրենսդրական նախագծի ոչ լիարժեք մշակման արդյունք, ինչի հետևանքով տուժում էր իրավակիրառ պրակտիկան ու մարդու իրավունքների պաշտպանությունը»։
Ըստ Վարդանյանի՝ նշվածից խուսափելու համար իրավական ակտերը պետք է առավել մասնագիտացված փորձաքննության ենթարկվեն, առավել երկար քննարկվի դրանց ընդունման նպատակահարմարությունը, համակողմանի գնահատվի դրանց ազդեցությունն իրավակիրառ պրակտիկայի վրա։
Նա նշում է նաև, որ իրավական խնդիրը միշտ չէ, որ կարող է լուծվել պարզ օրենսդրական փոփոխության ճանապարհով։ Հաճախ, խնդիրն առավելապես իրավակիրառ պրակտիկայում է և, թե ինչպե՞ս է մեկնաբանվում ու գործածվում օրենքը։ Նա օրինակ է բերում ԱՄՆ Սահմանադրությունը` ընդունված 1789-ին, որը, ընդհանուր առմամբ, փոփոխության է ենթարկվել 33 անգամ, սակայն մինչ օրս՝ շուրջ 233 տարի շարունակում է գործել և մեկնաբանվել՝ անկախ նույնիսկ տեխնոլոգիական զարգացումներից։
Նաև հարց է առաջանում, թե արդյոք հաճախակի փոփոխությունները խնդիր չեն առաջացնում անձի՝ պետության համակարգի հանդեպ վստահության հարցում և չի խախտվում նրանց լեգիտիմ ակնկալիքը։
Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ քաղաքացին չունի պաշտպանության արժանի վստահություն այն բանի առնչությամբ, որ օրենքները երբեք չեն փոխվի, բայց պետությունը պետք է շահագրգռված լինի, որ հնարավորինս կայուն և տևական գործող նորմեր ունենա՝ հաշվի առնելով նաև սեփական շահերը։ Օրինակ, բնական է, որ գործարարը չի ցանկանա աշխատել մի միջավայրում, որտեղ հաճախ նոր կանոններ են սահմանվում և չկա կայունություն։
Առնոլդ Վարդանյանը խոսում է մեկ այլ խնդրի մասին․ հանրային լեգիտիմ ակնկալիքը վտանգի տակ է դրվում ոչ թե փոփոխությունների քանակից, այլ դրանց որակից։ Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ հանրային քննարկման է դրվում օրենքի նախագիծ, սակայն Ազգային ժողովում՝ մինչև դրա երկրորդ ընթերցումը, այնպիսի արմատական փոփոխությունների է ենթարկվում, որ կարծես դառնում է ամբողջությամբ նոր օրենսդրական նախագիծ։ Նման դեպքերում, միանշանակ, վտանգվում է նախնական օրենսդրական նախագծի տարբերակով ձևավորված հանրային լեգիտիմ ակնկալիքը։