Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Արցախյան երկրորդ պատերազմը 44 օր տևեց, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի, նրանց թուրք դաշնակիցների ու սիրիացի վարձկանների կողմից պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին։ Հոդվածում թվարկված են դրանցից ամենասարսափազդուներն ու դաժանները։

Քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծում

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հարձակումները պատերազմական հանցագործություն են համաձայն Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության և Ժնևի կոնվենցիայի։ Հռոմի կանոնադրության 8(2)(b)(i)(ii)(iv) հոդվածը պատերազմական հանցագործություն է դիտարկում «քաղաքացիական բնակչության դեմ դիտավորյալ հարձակումները», «քաղաքացիական օբյեկտների դեմ դիտավորյալ հարձակումները» և «դիտավորյալ նախահարձակ լինելը այն իմացությամբ, որ այդ հարձակումը քաղաքացիական անձանց մահվան կամ մարմնական վնասվածքների կամ քաղաքացիական օբյեկտների վնասման կամ բնական միջավայրի համատարած, երկարաժամկետ և ծանր վնասման պատճառ կդառնա, որը միանշանակ չափազանցված կլինի՝ կոնկրետ և ուղիղ ռազմական ընդհանուր առավելության առնչությամբ»։ Ժնևի կոնվենցիայի 1-ին արձանագրության 51-րդ և 52-րդ հոդվածները պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական օբյեկտները։

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
In English

Azerbaijan’s War Crimes

Պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, համատարած հրթիռակոծման և ռմբակոծման են ենթարկվել 55 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտը և Արցախի բազմաթիվ բնակավայրեր։ «Չնայած Ադրբեջանը տիրապետում է թվացյալ ճշգրիտ խոցման ռազմական տեխնիկայի, ինչպես երևում է նրանց հրապարակած տեսանյութերում, ռմբակոծումը եղել է համատարած, ներառելով բնակելի գոտիները»,- OC Media-ին պատմել է VICE News-ի թղթակից Մեթյու Կասելը, որը Ստեփանակերտում էր հոկտեմբերի սկզբին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոկտեմբերի 18-ին հրապարակած միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ «շատ դեպքերում քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները եղել են թիրախավորված և դիտավորյալ, քանի որ ռազմական թիրախները տեղակայված են եղել քաղաքացիական օբյեկտներից շատ հեռու, իսկ ադրբեջանական ուժերը կիրառել են ճշգրիտ խոցման զինամթերք, ինչպիսիք են հրթիռներն ու հարվածող անօդաչու թռչող սարքերը։ Հարվածների մոտակայքում ռազմական թիրախների բացակայությունը լրացուցիչ հաստատում է դրանց դիտավորյալ բնույթը, ինչը պատերազմական հանցագործություն է»։ Մինչև պատերազմի ավարտը հայկական կողմից սպանվել է 50 և վիրավորվել 148 քաղաքացիական անձ։

Քաղաքացիական ենթակառուցվածքները հատուկ թիրախավորվել են Արցախի ողջ տարածքում։ Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Մշակույթի պալատը, Ստեփանակերտի էլեկտրական ցանցի շենքըէլեկտրական ենթակայանները, ինչը էլեկտրաէներգիայի անջատումների է հանգեցրել։

Արտակ Բեգլարյանը մեջբերել է նաև Արցախի կրթության նախարարության հաղորդումն առ այն, որ նոյեմբերի 2-ի դրությամբ 61 դպրոց (Արցախի բոլոր դպրոցների մոտ 28%-ը) և 10 մանկապարտեզ վնասվել են Ադրբեջանի հրթիռակոծումների հետևանքով։

Քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ևս։ Ի սկզբանե, պատերազմի առաջին իսկ օրը, Ադրբեջանը հարվածներ է հասցրել Վարդենիսի տարածքում։ Սեպտեմբերի 29-ին անօդաչու սարքից խոցվեց քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս (որի մեջ ոչ ոք չկար)։ Ավելի ուշ թիրախավորվեցին Հայաստանի այլ շրջաններ ևս։ Նոյեմբերի 2-ին մեկ քաղաքացիական անձ զոհվեց և երկուսը վիրավորվեցին Դավիթ Բեկ գյուղում։

Ադրբեջանը թիրախավորել է նաև բուժհաստատություններ։ Հոկտեմբերի 28-ին օդային հարվածներ հասցվեցին Ստեփանակերտի ծննդատանը։ Նույն հաստատությունը Սմերչ հրթիռներով խոցվեց նաև նոյեմբերի 3-ին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին հրթիռակոծվեց Մարտակերտի ռազմական հոսպիտալը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտոնը հայտնեց, որ այնտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք։

Ժնևի առաջին կոնվենցիայի 19-րդ հոդվածը պաշտպանում է «բուժհիմնարկները և բուժսպասարկում իրականացնող մոբիլ միավորները», որոնք «որևէ իրավիճակում չպետք է հարձակման ենթարկվեն»։ Ժնևի չորրորդ կոնվենցիայի 18-րդ հոդվածում նշվում է, որ «քաղաքացիական հիվանդանոցները, որոնք կազմակերպված են վիրավորներին և հիվանդներին, թույլերին խնամելու և ծննդօգնության նպատակով, որևէ հանգամանքում չպետք է լինեն հարձակման օբյեկտ»։

Հարձակումների են ենթարկվել նաև լրագրողները։ Հոկտեմբերի 1-ին Մարտունիում վիրավորում ստացան հայ և ֆրանսիացի լրագրողներ։ Հաջորդ օրը հրթիռակոծության հետևանքով խոցվեց Մարտակերտ ուղևորվող 10 լրագրողներով մինի-ավտոբուսը։ Երկու ռուս լրագրող և նրանց գիդը վիրավորում ստացան հոկտեմբերի 8-ին՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության ժամանակ։

Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հակամարտությունների գոտիներում մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողները «պետք է համարվեն քաղաքացիական անձ» և «պետք է պաշտպանվեն այդ կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ, պայմանով, որ նրանք չեն ձեռնարկի որևէ գործողություն, որը բացասական կանդրադառնա իրենց քաղաքացիական անձի կարգավիճակի վրա»։

Կասետային զինատեսակներ

Փաստաթղթավորված է նաև Ադրբեջանի կողմից կասետային զինատեսակների կիրառման հանգամանքը։ Դրանց արտադրությունը, պահուստավորումը, փոխանցումն ու կիրառումն արգելված է Կասետային զինատեսակների մասին 2008 թ․ կոնվենցիայով, որն Ադրբեջանն ու Հայաստանը չեն ստորագրել։ Ըստ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ կասետային զինատեսակները ունեն «համատարած անկանոն ազդեցություն և տևական վտանգ քաղաքացիական բնակչության համար»։ Amnesty International կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Դենիս Կրիվոշևն արձանագրել է, որ «կասետային ռումբերը իրենց բնույթով չտարբերակող զենքեր են, և դրանց կիրառությունը բնակելի գոտիներում բացարձակ սարսափելի և անընդունելի է»։

Հոկտեմբերի սկզբին Fip.am-ի լրագրողն այցելեց Հադրութ, որը ռմբակոծվել էր հոկտեմբերի 2-ին, ու լուսանկարեց Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության LAR-160 MLRS տեսակի կասետային զենքի օգտագործումը հաստատող փաստեր։ Հոկտեմբերի 4-ին համացանցում սկսեց շրջանառվել մի տեսանյութ, որտեղ երևում է կասետային զենքի օգտագործումը Ստեփանակերտում՝ Ատլանտյան խորհրդի դատաբժշկական փորձաքննությունների թվային լաբորատորիայի (DFRL) տեղորոշմամբ՝ Հակոբ Հակոբյան փողոցում։ HRW-ի հոկտեմբերի 23-ին հրապարակած զեկույցում փաստաթղթավորված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում և Հադրութում կասետային զինատեսակների կիրառության չորս դեպք։ HRW-ն արձանագրել է, որ իրենք «չեն հատկորոշել որևէ ռազմական տեխնիկա Ստեփանակերտի երեք թաղամասերում, որտեղ հարվածներ են հասցվել։ Նույնիսկ եթե այդպիսիք լինեին, հաշվի առնելով կասետային զինատեսակների համատարած ազդեցությունը, դրանց կիրառությունը խաղաղ բնակավայրի նկատմամբ չի թույլատրվում պատերազմի օրենքներով»։

Հրկիզող զինատեսակներ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը հրապարակեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է սպիտակ ֆոսֆոր թափվում արցախյան անտառների վրա։ «Այս զինատեսակներն ունեն բնության մասսայական ոչնչացման հստակ ազդեցություն, այժմ դրանք ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում են նաև քաղաքացիական բնակչության դեմ և այս համատեքստում դրանք արգելված են միջազգային իրավունքի նորմերով»,- նշել էր նա իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Հաջորդ օրը Արցախի զինված ուժերը հրապարակեցին նմանատիպ մեկ այլ տեսանյութ։ Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդես եկան համատեղ հատուկ զեկույցով, որը վերաբերում էր Արցախում քաղաքացիական օբյեկտների դեմ մասսայական ոչնչացման հրկիզող զինատեսակների կիրառությանը։

Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 29-ից 31-ը կիրառել են այն ժամանակ անհայտ տեսակի զինատեսակներ։ Զեկույցի հրապարակման պահին միանշանակ պարզ չէր՝ արդյոք դրանք ֆոսֆոր պարունակում էին, թե ոչ։ Այդուհանդերձ, բաց աղբյուրների վրա հիմնված անկախ հետաքննությունները՝ Fip.am-ի և Ատլանտյան խորհրդի դատաբժշկական հետազոտությունների թվային լաբորատորիայի (DFRLab) կողմից, արձանագրել են, որ այն, այդուհանդերձ, սպիտակ ֆոսֆոր է։ Երկու հետաքննություններն էլ Արցախյան դեպքերը համադրել են սպիտակ ֆոսֆորի՝ այլ վայրերում կիրառության վիզուալ ապացուցված ու հաստատված դեպքերի հետ։

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը պարունակում է նաև ծանր վիրավորված քաղաքացիական անձանց լուսանկարներ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի օմբուդսմենը հրապարակեց հրկիզող այդ զինատեսակից վիրավորված զինվորների լրացուցիչ լուսանկարներ։

Հրկիզող զենքերի կիրառությունն արգելված է Հրկիզող զենքերի օգտագործման արգելքի կամ սահմանափակման մասին արձանագրությամբ, որը Որոշակի ավանդական զենքերի մասին 1980 թ․ կոնվենցիայի III արձանագրության մաս է։

Հանցագործություններ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ

Ժնևի երրորդ կոնվենցիան արգելում է ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքն ու նրանց մահապատիժը՝ որակելով դրանք պատերազմական հանցագործություններ։

Հադրութ

Հոկտեմբերի 11-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեց, որ առնվազն չորս քաղաքացիական անձ է սպանվել ադրբեջանական հետախուզական- դիվերսիոն ջոկատների՝ քաղաք ներթափանցման ընթացքում. սպանվածների շարքում էին հաշմանդամ Միշա Մովսիսյանը և նրա մայրը՝ Անահիտ Մովսիսյանը։ Մեկ այլ քաղաքացիական անձ սպանվել է Մարտունիում։

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում շրջանառվեց երկու տեսանյութ, որտեղ ադրբեջանական զինվորները, ամենայն հավանականությամբ հատուկջոկատայիններ, գերեվարում են զինվորական հագուստով երկու հայի, որոնցից մեկն ակնհայտորեն տարեց անձ է, և ապա գնդակահարում նրանց։ Bellingcat-ի տեղորոշմամբ՝ տեսանյութերը նկարահանվել են Հադրութում։ Գնդակահարությունը տեղի է ունեցել քաղաքային այգում՝ հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։ Չնայած ադրբեջանական իշխանությունները պնդել են, թե տեսանյութերը կեղծ են, BBC-ն հաստատել է դրանց իսկությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հաստատել է տեսանյութում երևացող երկու տղամարդկանց ինքնությունը՝ 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը։ Արտակ Բեգլարյանը BBC-ին հայտնել է, որ երկուսն էլ տեղացիներ են։ Բեգլարյանն ասել է, որ Հակոբյանը զինվորական չի եղել, նա քաղաքացիական անձ է՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է՝ հարևան գյուղից։

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնաժողովական Դունյա Միժատովիչի խոսնակը BBC-ին հայտնել է, որ իրենք ստացել են տեսանյութերը և կուսումնասիրեն դրանք։

Գլխատումներ

Ըստ Արցախի օմբուդսմենի գրասենյակի 2020թ․ հոկտեմբերի 18-ին հրապարակած միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 8-ին Տելեգրամ ալիքում տեղադրվել է հայ զինծառայողի գլխատման լուսանկար, որն այնուհետև հեռացվել է։ Լուսանկարը ներառված է զեկույցում։

Հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը հայտնել է, որ հայ զինվորի եղբայրը կապ է հաստատել իր հետ և ասել, որ ադրբեջանցի զինծառայողներն իրեն զանգահարել են հոկտեմբերի 16-ին և ասել, որ կտրել են եղբոր գլուխը և պատրաստվում են լուսանկարը տեղադրել համացանցում, ինչը և արել են գլխատված զինվորի սոցիալական կայքէջում։ Թաթոյանն արձանագրեց, որ այս զանգերը կատարվել են գլխատված զինվորի հեռախոսահամարից։

Հոկտեմբերի 31-ին Հադրութի շրջանի Տեղ գյուղից մի կին ամերիկացի լրագրող Չակ Հոլտոնին ասել է, որ գլխատվել է իր հարևաններից մեկը։ Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին հաստատեց այդ փաստը՝ նշելով, որ նրա անունը Մայոր էր, և որ իր գրասենյակը փորձում է ավելին իմանալ գլխատման դեպքի հանգամանքների մասին։

Կովսականում/Զանգելանում գնդակահարված զինվորներ

Հոկտեմբերի 30-ին հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում է առնվազն 19 հայ զինծառայողի մարմին, ոմանք՝ ձեռնաշղթաներով, մի քանիսն էլ մերկ։ Զինվորներից մի քանիսի գլխին պարկեր էին հագցված։

Հրապարակային հետաքննող Բենջամին Սթրինքի տեղորոշմամբ տեսանյութն արվել է Զանգելանում (Կովսական), որը մինչ այդ գրավվել էր ադրբեջանական ուժերի կողմից։

Զինադադարին հաջորդած տեսանյութեր

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո մի շարք տեսանյութեր հրապարակվեցին համացանցում, որոնցում հայ ռազմագերիներն ու գերիները ստորացվում են, խոշտանգվում, անդամահատվում, սպանվում կամ գլխատվում։

Ըստ News Deeply-ի համահիմնադիր Լառա Սեդրակյանի՝ նախկին պետպաշտոնյա իր ծանոթներից մեկն ասել է, որ «Ադրբեջանից Հայաստանին վերադարձվող մարմինների գրեթե կեսը՝ զինվորների դիակները, գլխատված են»։

Շուշեցի ծերունին

Նոյեմբերի 19-ին սոցիալական ցանցերում հայտնվեց ևս մեկ տեսանյութ, որում մի խումբ ադրբեջանցի զինվորականներ ուժով քարշ են տալիս մի հայ ծերունու և հետևից ոտքով հարվածում նրան։

Արտակ Բեգլարյանը գրեց, որ ծերունու ինքնությունը պարզված է, նա Շուշիի բնակիչ 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է, որը չի հասցրել հեռանալ ադրբեջանական վերահսկողության տակ անցած քաղաքից։ Արման Թաթոյանն էլ արձանագրեց, որ ադրբեջանցի զինվորները «նրան ենթարկել են ակնհայտ անմարդկային վերաբերմունքի»։ Բեգլարյանն ու Թաթոյանը նշել են, որ իրենք «գործը կներկայացնեն համապատասխան միջազգային մարմիններին և հետևողական կլինեն պատշաճ գնահատականներ ստանալու հարցում»։ Նոյեմբերի 28-ի դրությամբ Թևոսյանը շարունակում էր մնալ գերության մեջ։

Խոշտանգում և գնդակահարություններ

Համացանցում հայտնվել են մի շարք տեսանյութեր, թե ինչպես են գլխատվում և անդամահատվում հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք։ Այդպիսի մի տեսանյութում երևում է հայ տղամարդու կտրված գլուխ՝ մորթված խոզի վրա։ Մեկ այլ տեսանյութում հայ զինվորն ասում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», և ապա ադրբեջանցի զինվորականը տանում է նույն զինվորի կտրված և ցցի հանված գլուխը։ Մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի զինվորները կտրում են տարեց տղամարդու ականջները՝ իր իսկ տան հատակին։ Հայտնի են երկու զինծառայողների անունները ում ադրբեջանցի զինծառայողները գլխատել են: Նրանք են  69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից (Ասկերանի շրջան) և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից (Հադրութի շրջան): Երկու տղամարդիկ էլ հրաժարվել են լքել իրենց տները, երբ ադրբեջանական ուժերը գրավել  են և գրավում նրանց գյուղերը:

Դեկտեմբերի 8-ին հայտնվեց ևս մեկ տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականը գլխատում է մի հայ ծերունու, որն ադրբեջանով աղերսում էր չսպանել իրեն։

Դեկտեմբերի 2-ին Human Rights Watch-ը մանրամասն զեկույց հրապարակեց Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին, ամրագրելով, որ նրանք ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման։ Զեկույցում հատուկ նշվում է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին՝ «հատկապես բռնի գործողություններից կամ հարկադրանքից և վիրավորանքներից ու հանրային հետաքրքրությունից»։ HRW-ը կապ է հաստատել ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ՝ խնդրելով հաստատել նրանց ինքնությունն ու տեսանյութերը։

Դեկտեմբերի 3-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ արդեն պատրաստ է ադրբեջանական զինված ուժերի՝ հայերի նկատմամբ գործած վայրագությունների մասին հինգերորդ փակ զեկույցը, որը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին. «Այս զեկույցում ներկայացված են ադրբեջանական զինված ուժերի գործած բոլոր վայրագությունների և պատերազմական հանցագործությունների կոնկրետ ապացույցներ։ Այս ամենը կատարվել է միայն այն պատճառով, որ այդ մարդիկ էթնիկ հայեր են»։ Այս զեկույցները հրապարակային չեն՝ «հաշվի առնելով Ադրբեջանի գործած վայրագությունների և խոշտանգումների ծանրությունը», սակայն դրանք ներկայացվում են միջազգային մարմիններին։

Ռազմական վերլուծաբան Ռայըն Օ՚Ֆարելը, որը հետևում էր հակամարտությանը, փաստում է, որ ադրբեջանցիների ռազմական հանցագործություններն ունեցել են «համատարած, հետևողական և համակարգային» բնույթ, և որ «հրամանատարները դրանք հանդուրժել կամ անգամ խրախուսել են»։ Ըստ նրա՝ «անհնարին է չենթադրել, որ Ադրբեջան պետությունը տվել է անխոս հավանությունն այս ռազմական հանցագործություններին։ Դրանք պատահական դեպքեր չեն։ Այս ամենը համակարգային բնույթ է կրում»։

Միջազգային արձագանք

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների նկատմամբ միջազգային արձագանքը հիմնականում ոչ ակտիվ, անգամ անտարբեր էր։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բախելետը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին խոսել է միայն մեկ անգամ՝ նոյեմբերի 2-ին՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկայի հրետակոծման և Արցախում ու Հայաստանում 47 քաղաքացիական անձանց սպանության համատեքստում։ Նա նշել է նաև (Հադրութում) գերեվարված երկու հայերի գնդակահարության հանգամանքը։

Սեպտեմբերի 27-ից ի վեր Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միժատովիչը միայն մեկ անգամ է անդրադարձել հակամարտությանը։ Հոկտեմբերի 1-ին նա կողմերին հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում «կյանքի իրավունքը երաշխավորելու և բնակչությանը խոշտանգումներից ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու» իրենց պարտավորության մասին։ «Հակամարտության սրումը լուրջ սպառնալիք է այս իրավունքների համար»։

Մինչև նոյեմբերի 11-ը՝ եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, միայն Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարն է (OHCHR) հայտարարություն տարածել Ադրբեջանում սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին և կոչ արել դուրս բերել նրանց հակամարտության գոտուց։