
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հրապարակեցին բանակցված խաղաղության համաձայնագրիը` «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր» վերտառությամբ։ Սա այն համաձայնագրին է, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մարտի 13-ին, սակայն հրապարակվեց նախագահ Թրամփի կազմակերպված Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո։
Թեև տասնամյակներ շարունակ ձախողված բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնագիրը նշանակալի զարգացում է, սակայն տեքստն ինքնին առանձնապես նորություն չէ։ Ինչպես նշել է հակամարտությունների փորձագետ Օլեսյա Վարդանյանը․ «ինչո՞ւ այսքան երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մշակվի և համաձայնեցվի այսքան պարզ մի բան»։ Համաձայնագրի մեծ մասը կրկնում է միջազգային իրավունքի վաղուց հաստատված հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելը։
Այնուամենայնիվ, խաղաղության համաձայնագրի որոշ հոդվածներ առավել անսովոր են, օրինակ այն, որ երկու երկրներն էլ պետք է հրաժարվեն միմյանց դեմ միջազգային դատական գործերից։ Խաղաղության համաձայնագրի XV հոդվածում նշված է․
Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը․․․ որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին․․․ և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր․․․ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։
Պարզ ասած՝ այս հոդվածը պահանջում է, որ երկու կողմերն էլ դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային գործերն ու նորերը չսկսեն։ Դրանք ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հայտնի գործերն են, որոնց վերաբերյալ միջանկյալ միջոցներ էին սահմանվել 2021-ի դեկտեմբերին, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Արբիտրաժային մշտական դատարանում քննվող ավելի քիչ հայտնի գործերը։ Այս բոլոր գործերը պետք է դադարեցվեն` առանց որևէ դատական եզրակացության, խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին ամսվա ընթացքում։
Խաղաղության համաձայնագիրն արդարադատությունից գերադասում է խաղաղությունը։ Հարցը, թե որը պետք է լինի առաջինը՝ խաղաղությունը, թե արդարադատությունը, վաղուց արծարծվող հարցադրում է անցումային արդարադատության ոլորտում։ Գերակշռող տեսակետն այն է, որ պետք է գտնվի հավասարակշռված, իրավիճակին համապատասխան մոտեցում, որտեղ խաղաղության և արդարադատության գործիքակազմերն իրար լրացնում են։ Այնուամենայնիվ, դա հաճախ նշանակում է, որ մեկը գոնե մասամբ պետք է զիջի։
Խաղաղության համաձայնագիրը սահմանափակում է արդարադատության լիիրավ իրացումը, բայց ավելի պակաս, քան շատերը կարող են ենթադրել։ Իրավաբաններն արժևորում են դատարանի վճիռները, քանի որ դրանք առաջարկում են իրավական հավաստիքներ և ծանրակշիռ որոշումներ, որոնց վրա կարող են հենվել մյուսները (ներառյալ այլ դատարաններ)։ Իսկ զոհերի համար նույնիսկ հաջող դատավճիռը կարող է որևէ իրական արդարություն չապահովել։
Տասնամյակների փորձից սովորել ենք, որ լիարժեք արդարության համար անհրաժեշտ է ներառական, զոհակենտրոն և համայնքային պատասխանատվությանը խթանող մոտեցում։ Վերևից պարտադրված արդարության զգացումն այդ ամենը չի ապահովում։ Արդարության հասնելու ներքևից վերև հաջողված մոտեցումների օրինակներն են Հարավային Աֆրիկայի Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը, որը ստեղծվեց ռասայական խտրականության քաղաքականություն վարող (ապարտեիդի) վարչակարգի ավարտից հետո, կամ Ռուանդայի Գակակա դատավարությունները, որոնք ձևավորվեցին Ռուանդայի ցեղասպանությունից հետո։ Երկու դեպքում էլ զոհերին հնարավորություն տրվեց հրապարակավ կիսվել իրենց փորձով, միաժամանակ մեկնարկելով հանցագործներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը։
Նույնիսկ անսահմանափակ վերևից ներքև մոտեցումները կարող են ձախողվել սոցիալական հաշտության ապահովման գործում։ Ամենահայտնի օրինակը նախկին Հարավսլավիայի պետություններն են։ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծել էր նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը՝ հարավսլավական պատերազմների ժամանակ տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները հետապնդելու համար։ Այն գործեց 24 տարի և հաջողեց մեղադրանք առաջադրել 161 անձի նկատմամբ ու վարել 111 դատավարություն։ Իրավական կառավարման տեսանկյունից դատարանը հաջողեց։ Սոցիալական ապաքինման տեսանկյունից՝ լիակատար ձախողում էր։ Սլոբոդան Միլոշևիչի նկատմամբ առաջադրվել էր 66 մեղադրանք (նա մահացավ մինչև դատավարության ավարտը), սակայն մինչ օրս գովաբանվում է որպես մեծ առաջնորդ, Սրեբրենիցայի ցեղասպանության ժխտումը շարունակվում է, տարածաշրջանի ժողովուրդների միջև անվստահությունն ու նախապաշարումները նույնպես։ Չնայած դատարանի՝ պատմական փաստագրություն ստեղծելու և մեղավորներին բանտարկելու կարևոր ներդրմանը, շատերը դժգոհ էին գործընթացից, մերժում էին եզրակացությունները և կարծում, որ արդարություն չի կատարվել։
Այս խաղաղության համաձայնագիրն ամրագրում է այն, ինչ մենք արդեն գիտեինք․ արդարությունն ու հաշտեցումը չի թելադրվում վերևից, այն պետք է գա մարդկանցից։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս։ Իրավական տեսանկյունից խաղաղության համաձայնագիրը որևէ ազդեցություն չունի անհատների կողմից ներկայացված գործերի վրա։ Նշանակում է, որ անհատների` լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մարդու իրավունքների պաշտպաններին կամ ՄԱԿ-ի մարմիններ ներկայացված գործերը չեն տուժի։
Այս միջոցները դեռ կարող են հաստատել իրավունքների խախտումների փաստական հիմք և հնարավոր է նաև ապահովեն փոխհատուցում տուժածների համար։ Սակայն կա ավելի ընդգրկուն մի տարբերակ` ճշմարտության հանձնաժողով, որը կներգրավի թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին։
Ճշմարտության հանձնաժողովը պաշտոնական, ոչ դատական մարմին է, որը պարզում է փաստերը մարդու իրավունքների զանգվածային խախտումներից հետո: Այն գործիք է, որը կիրառվում է անցումային արդարադատության ոլորտում՝ համակարգային փոփոխությունից հետո, օրինակ՝ խաղաղության համաձայնագրից հետո, երբ հնարավոր է դառնում հետաքննել անցյալի չարաշահումները, չարաշահումներ, որոնք չափազանց ընդգրկուն են ավանդական դատական համակարգի արդյունավետ կամ արդար կարգավորման համար։ Ճշմարտության հանձնաժողովների օրինակներն են արդեն հիշատակված Հարավային Աֆրիկայի Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը, որը ձևավորվեց ռասայական խտրականության քաղաքականություն վարող վարչակարգից հետո, ինչպես նաև Կոլումբիայի Ճշմարտության հանձնաժողովը, որը ստեղծվեց կառավարության և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր – Ժողովրդական բանակ» (FARC-EP) ապստամբների միջև խաղաղության համաձայնագրով։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած արտադատական սպանությունների, ամբոխային բռնությունների, ատելության դրսևորումների և էթնիկ զտումների մեղադրանքներն այնքան շատ են, որ որևէ դատական մարմին՝ լինի դա Արդարադատության միջազգային դատարանը կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, չի կարող ամբողջությամբ անդրադառնալ։ Արդարության որևէ համապարփակ ձևի հասնելու համար անհրաժեշտ է երկու ժողովուրդների լայն ներգրավվածություն։ Մի բան, որ կարող է ապահովել միայն ճշմարտության հանձնաժողովը։ Այլապես, դադարեցվում է սառեցված հակամարտությունը, բայց ունենում ենք սառը խաղաղություն։
Ճշմարտության հանձնաժողովի մի օրինակ կա, որը ձևավորվել է երկու երկրների միջև՝ Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի ճշմարտության հանձնաժողովը։ Այն ստեղծվել էր ուսումնասիրելու Արևելյան Թիմորի անկախության հանրաքվեին ի պատասխան ինդոնեզական բանակի դաժան գործողությունները, երբ սպանել էին շուրջ 100,000–180,000 մարդ։ Թեև Ինդոնեզիան հստակ իրավախախտ էր, այնուամենայնիվ, մասնակցեց հանձնաժողովին։ Եվ երբ ճշմարտության հանձնաժողովը հրապարակեց իր վերջնական զեկույցը, որը դատապարտում էր Ինդոնեզիայի բանակի գործողությունները, Ինդոնեզիայի նախագահն ամբողջությամբ ընդունեց այն: Ինդոնեզիան պատրաստ էր այդ քայլին, քանի որ ճշմարտության հանձնաժողովը հնարավորություն էր տալիս նոր էջ բացել, խուսափել երկարատև անհատական դատավարություններից և կարգավորել երկկողմ հարաբերությունները։
Հստակեցնեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ճշմարտության հանձնաժողով մոտ ապագայում ակնկալելն իրատեսական չէ։ Նույնքան իրատեսական չէ մտածելը, որ երկու կառավարությունները կարող են ստորագրել մի փաստաթուղթ, որը կլուծի իրենց միջև առկա բոլոր խնդիրները։ Հարցն ավելի պարզ է՝ արդարադատության կողմնակից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ աշխատանքը ստորագրությամբ չի ավարտվում։ Այս խաղաղության համաձայնագիրը կսահմանի պետությունների միջև հարաբերությունների պայմանները, բայց այն ինքնին չի լուծի անարդարությունները, չի ապահովի պատասխանատվություն կամ չի բարելավի ժողովուրդների միջև հարաբերությունները։
Վերջերս հրապարակված
Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա
Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։
Read moreԻ՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ
Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։
Read moreՀեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը
Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։
Read more




