EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Օգս 19, 2025

Իրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա

NewPhoto_Anna_GevorgyanԱննա Գևորգյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

2020 թվականի Արցախյան պատերազմից ու հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումից հետո վերլուծական շրջանակներում շատ են հոդվածներն այն մասին, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն առավելապես հայկականամետ է դարձել։ Թեև Իրանը, ընդհանուր առմամբ, շարունակում է իր ուժերի հավասարակշռման քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ պնդմանը նպաստել են ոչ միայն Հայաստանի հետ հաճախակիացած փոխայցելություններն ու պարբերական հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, այլև Իրան-Ադրբեջան հարաբերություններում ծագած «խոսքային պատերազմը», որ տարբեր վայրիվերումներով առկա է նաև ներկա փուլում։ Այդ «պատերազմի» համար հավելյալ առիթ դարձավ Իսրայելի` Իրանի վրա հարձակման պարունակում Ադրբեջանի հնարավոր դերակատության մասին եղած տեղեկությունները։ Ե՛վ իսրայելա-ամերիկա-իրանական 12 օր տևած պատերազմը, և՛ արդյունքում Իրան-Ադրբեջան հարաբերություններում եղած զարգացումներն իրենց ազդեցությունը կարող էին/են ունենալ նաև Հայաստանի անվտանգության վրա։ Հաշվի առնելով, որ հետագա ռազմական սրացման վտանգը դեռևս ամբողջությամբ չեզոքացված չէ, հոդվածում կքննարկենք եղած սպառնալիքները Հայաստանի անվտանգության տեսանկյունից։

 

Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմն ու դրա արդյունքները

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ Սպիտակ տուն վերադարձից ու «խաղաղության նախագահ» դառնալու ռազմավարական նպատակ հռչակելուց հետո, միջնորդավորված բանակցություններ վերսկսեցին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև` Իրանի Միջուկային ծրագրի շուրջ։

Օմանի միջնորդությամբ հինգ՝ «հաջողված» որակված հանդիպումներից հետո կար կարծիք, թե կողմերը շատ մոտ են համաձայնության։

Բանակցությունների վեցերորդ փուլից անմիջապես առաջ, սակայն, Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա՝ սպանելով առանցքային միջուկային գիտնականների և բարձրագույն ռազմական պաշտոնյաների։ Դրանից հետո Իսրայելը համոզեց նաև ԱՄՆ-ին ուղղակիորեն ներգրավվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ՝ օգտագործելով հակաբունկերային (bunker buster) ռումբեր և հարվածելով Իրանի Ֆորդոյի միջուկային կայանին։ 12 օր տևած պատերազմից հետո կողմերի միջև հրադադար հաստատվեց, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ անորոշությունները, ինչպես նաև բանակցությունների ապագայի հարցերը դեռևս մնում են անփոփոխ։

Բոլոր ներգրավված կողմերը հայտարարում են «հաղթանակի» մասին, ինչը, տարաբանորեն, վկայում է այն մասին, որ իրականում բոլոր կողմերը պարտություն են կրել իրենց նախանշած ռազմավարական ծրագրերում։ Սա նաև թույլ է տալիս ենթադրել, որ հակամարտության այս փուլը վերջնական կամ որոշիչ չէր կողմերի միջև հարաբերությունները հստակեցնելու տեսանկյունից։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Չնայած ԱՄՆ-ի ռազմական գործողություններին՝ չկան հավաստի ապացույցներ, որ այդ ծրագիրը լիովին ոչնչացվել է։

Իրանը, իր հերթին, նույնպես ընդունել է, որ իր միջուկային ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, ինչը, ամենայն հավանականությամբ, ամիսներով կամ գուցե տարիներով հետաձգում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը (միջուկային զենք ստեղծելու նպատակադրումն առանձին քննարկման առարկա է)։ Հաղորդվում է, որ Իրանը նախօրոք միջոցներ է ձեռնարկել իր հարստացված ուրանի մի մասը պաշտպանելու համար, ինչը կարող է վկայել, որ պաշտոնական Թեհրանը նախապես տեղյակ է եղել ԱՄՆ հարվածներից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի միջև ոչ պաշտոնական բանակցությունները, ըստ ամերիկյան կողմի, շարունակվել են նույնիսկ հարվածների ընթացքում։

Միաժամանակ, պատերազմը ցույց տվեց նաև Իրանի ռազմական ու ռազմավարական ենթակառուցվածքների լուրջ խոցելիությունը։ Եվ դրա համար կան մի շարք առարկայական իրողություններ․ Իրանի տարածաշրջանային քաղաքականության ու անվտանգության գլխավոր հենասյուն, երբեմնի միասնական «Դիմադրության առանցքը» այժմ մասնատված է ու անդամահատված։ Սիրիան այլևս իրանամետ իշխանությամբ չէ, «Հեզբոլլահը» զգալի կորուստներ է կրել, իսկ «Հութիների» դեմ սպառնալիքներն ավելի ուղիղ, նրանց դեմ ԱՄՆ հարվածներն ավելի թիրախային են դարձել։ Իրանի ռազմավարական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Չինաստանը, պատերազմի ընթացքում հանդես եկան լոկ դատապարտող հայտարարություններով։

Չեն իրականացել նաև Իսրայելի ռազմավարական ծրագրի բոլոր բաղադրիչները։ Իսրայելի ակնկալիքները՝ պատերազմի ընթացքում ու արդյունքում Իրանում իշխանափոխություն ապահովելու վերաբերյալ, ապացուցեցին իրենց չափազանցված լինելը։ Թեև Իրանի որոշ էթնիկ փոքրամասնությունների շարժումները դրսից աջակցություն են ստանում, արտաքին դերակատարներն ավելի շուտ օգտագործում են այդ անջատողական հռետորաբանությունը որպես ճնշման գործիք, քան լրջորեն հետապնդում են Իրանի տարածքի մասնատմանը։ Օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը խթանում են թյուրքական անջատողականությունը Իրանի ազերիների շրջանում, սակայն Իրանի լիարժեք մասնատումը կարող է ուժեղացնել նաև քրդական անջատողականությունը, ինչը չի բխում Թուրքիայի շահերից։ Նմանապես՝ Պակիստանը դատապարտեց Իսրայելի հարվածները, հավանաբար, իր բելուջիական բնակչության շրջանում անկայունության մտահոգությամբ։

Չնայած վարչակարգի հանդեպ հասարակական դժգոհությանը, իրանական հասարակությունն իրան-իրաքյան պատերազմի հետ կապված հոգեխոց պատմական հիշողություն և արտաքին ուժերով իշխանափոխության (Մոսադեղի տապալումը) ցավոտ փորձ ունի։ Նաև այդ պատճառով հրթիռակոծությունների ետնապատկերում ներքին զանգվածային ապստամբության ակնկալիքներն իրատեսական չէին։ Թեև սոցիալական ցանցերում որոշ ձայներ հակամարտությունը ներկայացնում էին որպես վարչակարգի դեմ պատերազմ, ոչ թե՝ ժողովրդի, այդ ձայները շատերի կողմից ընկալվում են որպես կտրված իրական Իրանի տրամադրություններից։

Միաժամանակ, պետք է փաստել, որ թեև վարչակարգը կարող է պահպանել իր ձևական ամբողջականությունը, վերջին ներիրանական զարգացումները վկայում են ներքին փոփոխությունների հնարավորության մասին։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ստանձնել էին առանցքային որոշումների կայացումը պատերազմի ընթացքում՝ ընդգծելով դիվանագիտության շարունակման անհրաժեշտությունը և տարբերակելով ԱՄՆ-ի ու Իսրայելի մոտեցումները։ Ե՛վ Փեզեշքիանը, և՛ Արաղչին, պատերազմից հետո էլ հարցազրույցներ են տվել ամերիկյան լրատվամիջոցների ու շեշտել իրենց պատրաստակամությունը վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ։ Ավելին, Փեզեշքիանը Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նշել է նաև, որ Իրանը պատրաստ է ամերիկացի ներդրողների հյուրընկալել՝ պատժամիջոցների բացակայության դեպքում, և, որ «մահ Ամերիկային» կարգախոսը չի վերաբերում Ամերիկայի ժողովրդին ու պաշտոնյաներին։ Այս դիրքորոշումները խիստ քննադատության են արժանացրել Իրանի պահպանողականները։ Բայց քանի դեռ նախագահի հանդեպ անվստահության ավարտուն գործընթաց չկա, այդ մոտեցումներն են պայմանավորելու Իրանի արտաքին քաղաքական որոշումները։

Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ռազմական հարվածների ժամանակ բացակայում էր հանրային դաշտից և չէր մասնակցում անգամ ռազմաքաղաքական ներկայացուցիչների հուղարկավորություններին։ Իրանի օդային տարածքի խոցելիությունը հարցականի տակ է դնում խոշոր հանրային միջոցառումների և վարչակարգի գաղափարախոսական կարգախոսների՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»՝ ապագա կենսունակությունը։ Հաշվի առնելով, որ այդ կարգախոսները պարզապես հռետորաբանություն չեն, այլ վարչակարգի գաղափարախոսական ողնաշարն են, գերագույն առաջնորդի իրավահաջորդության գործընթացը և թուլացած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դերը կարող են վճռել՝ արդյոք Իրանը կդիմի գաղափարախոսական վերակողմնորոշման, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա սրացումը կլինի զարգացումների հաջորդ արարը։ Հնարավոր է՝ Իրանն ապրի ոչ թե ամբողջական վարչակարգի փոփոխություն, այլ՝ քաղաքական ինքնության վերափոխում՝ անցում կատարելով «Վելայաթե Ֆաղիհ» շիա իսլամական հայեցակարգից դեպի առավել ազգային քաղաքական ռազմավարություն։ Նման միտումներ արդեն նկատվում են՝ օրինակ, Խամենեիի կողմից Աշուրայի արարողությունների ժամանակ հայրենասիրական երգ պատվիրելը, Փեզեշքիանի կողմից՝ քաղաքական ընդդիմության հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունն ընդգծելը, ինչպես նաև անգամ պահպանողական դերակատարների կողմից «մեզ փոփոխություններ են պետք» տիպի կոչերը։

Այսպիսով, Իրանի քաղաքականության ռազմավարական անորոշությունը մոտ ապագայում պայմանավորված է լինելու ինչպես արտաքին բախման սպառնալիքով (Իսրայելի և ԱՄՆ-ի հետ), այնպես էլ՝ ներքին առաջնորդության և ռազմավարական ուղեգծի շուրջ անկայունությամբ։ Առաջիկա ժամանակահատվածում հնարավոր են հետևյալ սցենարները՝

  • նոր ռազմական սրացում,
  • դիվանագիտական վերաներառում (միգուցե՝ նոր միջուկային համաձայնությամբ կամ առանց դրա),
  • կամ ռազմավարական անորոշության ներկա ստատուս-քվոյի շարունակություն։

 

Իրանի քաղաքականության անորոշության ազդեցությունը Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգության վրա

Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի անվտանգության ու, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Հայաստանի անվտանգության ներկա սպառնալիքները ներառում են Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումն ու նոր ռազմական սրացման համար քաղաքական բարենպաստ իրադրության ի հայտ գալը, Սյունիքով անցնելիք տարանցիկ ճանապարհի շուրջ կողմերի միջև դեռևս առկա տարաձայնությունները, Հայաստանի շարունակվող շրջափակումը։

Իսրայելի հարձակումը Իրանի վրա, և այդ հարձակմանը ԱՄՆ-ի միանալը մի քանի առումներով կարող էր և ապագայում էլ կարող է սրել այդ սպառնալիքները հետևյալ պատճառներով։

  • Նախևառաջ, բանակցությունների ընթացքում, պայմանավորված հերթական հանդիպումից առաջ առանց «կանխահարձակում» որակելը բացասաբար է ազդում, առհասարակ, միջազգային հարաբերություններում դեռևս ամբողջովին չվերացած խաղի կանոնների վրա ու մեծացնում վտանգը նաև այլ դերակատարների գայթակղության՝ ի հեճուկս բանակցությունների դիմել ռազմական գործողությունների։
  • Իրանին երկարատև պատերազմի մեջ ներքաշելը կփոխեր նաև Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռումն ու տարածաշրջանին այդքան մոտ ռազմական գործողությունները կարող էին հավելյալ քարտ բլանշ լինել Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում գործելու Հայաստանի վրա։ Այդ հարձակման համար քաղաքական պատրվակ կարող էր հանդիսանալ այն հանգամանքը, որ պատերազմական Իրանով կդադարեր անվտանգ լինել Ադրբեջան Նախիջևան կապի ապահովումը։
  • Պատերազմի երկարատև բնույթի պարագայում Իսրայելի ծրագրերի մեջ կար/կա նաև Իրանի ներսում որոշակի անջատողական ուժերի գործունացման հարցը։ Այսպիսի սցենարի իրականացման պարագայում Իրանի հյուսիսում գտնվող ազերիախոս բնակչության շրջանում եղած նկրտումներն էլ պիտի օգտագործվեին, իսկ Ադրբեջանն այս հարցում էլ պիտի նշանակալի դերակատարում ունենար։ Սա մի կողմից հավելյալ բարձրացնելու էր իր քաղաքական նշանակությունը Արևմուտքի, և, մասնավորապես, Իսրայելի համար, մյուս կողմից հավելյալ սպառնալիքների աղբյուրի կարող էր վերածել Հայաստանի համար։ Իհարկե, եթե այսպիսի ծրագրերն իրականանալի լինեին, ապա Սյունիքով տարանցիկ ճանապարհի հարցը, ընդհակառակը, կարող էր կորցնել իր արդիականությունը․ Ադրբեջանն արդեն իսկ ցամաքային սահման կունենար Նախիջևանի հետ։ Բայց որևէ կերպ երաշխավորված չի, որ անգամ ներքին քաոսի ստեղծման պարագայում, Իրանի՝ նշածս հյուսիսային հատվածները ձգտելու են անկախության, կամ, առավել ևս, Ադրբեջանին միանալուն։ Հետևաբար, այս սցենարի դեպքում էլ միջնաժամկետ կտրվածքով առնվազն, իրավիճակը նման էր լինելու նախորդ կետում նկարագրված իրադրությանը․ Ադրբեջանը քաղաքական հավելյալ պատճառաբանություններ է ունենալու Սյունիքով անցնելիք տարանցիկ ճանապարհ պահանջելու համար։

Պատերազմի հենց առաջին օրն իրանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե Իրանի հարևան երկրներից մեկն աջակցել է Իսրայելին՝ Իրանի դեմ հարձակման մեջ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հերքում էին այդ լուրերը, բայց հարցը քննարկման առարկա դարձավ նաև պատերազմի ավարտից հետո Իրանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Իսկ արդեն Ադրբեջան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Փեզեշքիանը գոհունակություն հայտնեց Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «պատասխանատու դիրքորոշման» համար պատերազմի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, թեև Իրանում դեռևս պահպանվում են Ադրբեջանի հանդեպ զգուշավոր ու կասկածամիտ քաղաքականության ջատագովների քննարկումները, բայց պաշտոնական դերակատարները փորձում են հարթել այդ անվստահությունը՝ փոխադարձ այցերի, հանդիպումների ու հայտարարությունների միջոցով։ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովի ընդունած հռչակագիրը, որում անդրադարձ կար նաև «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի մասին, կարելի է այդպիսի քայլերի շարքին դասել։ Թեև Իրանի դեսպանը Հայաստանում հանդես եկավ կարծիքով, որ չի կիսում այդպիսի քաղաքականությունը, սակայն, Իրանի ստորագրությունը փաստաթղթի տակ ոչ ոք չի չեղարկել։ Ինչպես հնարավոր չէ չեղարկել Իրանի նախագահ Փեզեշքիանի այցը Ղարաբաղ և ջերմ զրույցը Իլհամ Ալիևի հետ՝ հայերի իրականացրած ավերածությունների մասին։

Պատերազմից հետո որոշակի զարգացումներ տեղի ունեցան նաև Սյունիքով անցնելիք տարանցիկ ճանապարհի ու այդ ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ առաջարկի պարունակում։ Թեև առաջարկի, կամ գուցե առաջարկների մանրամասները պաշտոնապես հայտնի չէին, սակայն Քարնեգի հիմնադրամի հրապարակած հոդվածից ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային մամուլը քննարկում էր այդպիսի հնարավորությունը։ Իրանը մի քանի օր որևէ արձագանք չէր տվել։ Օրեր անց միայն Իրանի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումների անսասանությունը՝ որևէ ծրագրի իրագործման պարագայում երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Իսկ Իրանի դեսպանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտեց՝ ցանկացած ծրագիր, որ բխում է Հայաստանի անվտանգության շահերից, ընդունելի է նաև Իրանի համար։ Ալի Խամենեիի՝ արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումն էլ վերահաստատում էր Իրանի համար «Զանգեզուրի միջանցքի» անընդունելի լինելը, բայց անդրադարձ չէր կատարում տարանցիկ ճանապարհի հնարավոր ամերիկյան մասնակցությանը։

Թեև Հայաստանի ներկայացուցիչները հայտնել էին ամերիկյան «հող վարձակալելու» ծրագիրը մերժելու մասին, սակայն, դժվար էր ենթադրել, որ այդքանով ավարտվելու էին ամերիկյան առաջարկները: Եվ, իսկապես, օգոստոսի ութին Սպիտակ տանը ԱՄն նախագահի ներկայությամբ ու վկայությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հռչակագիրը կարևոր կետ էր ներառում նաև Մեղրիով անցնելիք տարանցիկ ճանապարհի մասին, որ կրելու է «Թրամփի ուղի՝ խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP) անունը։

Իրանի արձագանքն այս իրադարձությանը երկակի էր․ դեռևս մինչև ստորագրումը, նույն օգոստոսի ութին հրապարակվեց Վելայաթիի մեկ այլ հոդված, որտեղ բավական կոշտ բառապաշարով էր արտահայտվում «երրորդ կողմին տրվելիք» ուղու մասին։ Թեհրանի պաշտոնական արձագանքը, սակայն, նախ ԱԳՆ մամուլի հաղորդագրության միջոցով էր, որ ողջունում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը և միայն մտահոգություններ էր հայտնում ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ տարածաշրջանում։ Միաժամանակ, հռչակագրի ստորագրման հաջորդող օրերին հեռախոսազանգեր եղան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Աբբաս Արաղչիի միջև։ Այս հեռախոսազանգերից, և, հատկապես, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի՝ Թեհրան կատարած այցից հետո, Իրանի նախագահ Փեզեշքիանն ու արտգործնախարար Արաղչին մի քանի հայտարարություններով փաստել են, որ Իրանի կարմիր գծերը հաշվի են առնված հռչակագրում, որ երրորդ կողմի ներկայության ու հատկապես զինված ներկայության մասին խոսք չկա և, որ հայկական կողմը վստահեցրել է՝ ստորագրված հռչակագիրը որևէ կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ Իրան-Հայաստան ընդհանուր սահմանի վրա։ Երկու պաշտոնյաներն էլ շեշտել են նաև ապատեղեկատվությունների հսկայական ծավալը, որ տարածվում է երկրում այս խնդրի վերաբերյալ։ 

Իրանի արձագանքների մեջ եղած այս երկվությունը պետք է նախևառաջ Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներով վերլուծել։ Փեզեշքիանի կառավարությունը քննադատությունների թիրախում է պատերազմից հետո էլ ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարևորությունը շեշտելու համար։ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներն էլ որոշ պահպանողական շրջանակներ փորձում են օգտագործել դրանք Փեզեշքիանի քաղաքականության հետևանք բնութագրելով ու Իրանի շահերի դեմ ներկայացնելով։ Նշածս շրջանակները, սակայն, որոշում կայացնող չեն և Իրանի արձագանքը վերլուծելիս պետք է հիմնվել բացառապես արտաքին քաղաքական ոլորտում որոշումներ կայացնելու իրավասություն ունեցողների՝ կառավարության անդամների հայտարարությունների վրա։ Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ օգոստոսի 18-ին մեկնարկած այցը Հայաստան, կարծում եմ, կարևոր առիթ կծառայի եղած բոլոր տարընկալումները վերջանականապես վերացնելու համար։

Իրանի հավասարակշիռ արձագանքը օգոստոսի ութին տեղի ունեցած արմատական փոփոխությանը Հարավային Կովկասի զարգացումներում՝ կարևոր ցուցիչ է Իրանի հետագա հնարավոր դերակատարման, ինչպես նաև ավելի մեծ տարածաշրջանում Իրան-ԱՄՆ հարաբերությունների մեջ նշմարվող փոփոխությունների վերաբերյալ։

Այսպիսով, Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել իր հարաբերություններում Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Բայց իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։ Միաժամանակ, հաշվի առնելով մի կողմից ռազմավարական ենթակառուցվածքների ցուցաբերած թուլությունը պատերազմի ժամանակ, ինչպես նաև ԱՄՆ-ի հարաբերությունների հնարավոր վերագործարկումը, տարածաշրջանում կարող է ուժերի բոլորովին նոր վերադասավորում լինել։ Սա այն դեպքում, եթե գոյություն ունեցող ժամանակավոր հրադադարը վերածվի մշտական հրադարարի՝ բանակցային լուծումների շնորհիվ, ոչ թե նոր հարձակման համար նախապատրաստվելու ժամանակ ծառայի։

Կարծիք

What Does Armenia Stand to Gain? Musings on the Washington Signing

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան
Օգս 14, 2025

Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։

Read more

Քաղաքականություն

Fairy Tales, Textbooks and Territorial Claims: Weaving the Myth of “Western Azerbaijan”

Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը

Տաթևիկ Հայրապետյան
Հնս 13, 2025

Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։

Read more

Մեր հայերեն էջից

Գեմաֆին Գասպարյան. սևագրեր պարտության մասին

Վարդան Ջալոյան
Ապր 25, 2025

Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» գիրքը ոչ միայն պատերազմի մասին է, այլ՝ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և ենթակայության ջնջման, գրում է Վարդան Ջալոյանը՝ անդրադառնալով գրքին, պատերազմի խոսույթներին ու պոեզիայում դրանց վերարտադրմանը։

Read more
Women, Peace, Art: Breaking or Reinforcing Stereotypes?

«Կանայք, խաղաղություն, արվեստ». կարծրատիպերի հաղթահարո՞ւմ, թե՞ վերարտադրում

Մարգարիտա Ղազարյան
Ապր 22, 2025

Խաղաղության թեմայով անցկացված ցուցահանդեսին անդրադարձող հոդվածում Մարգարիտա Ղազարյանը բարձրացրել է համակարգային խնդիրներ, որոնք առկա են քաղաքական արվեստի ու կին արվեստագետների փոխառնչություններում՝ հայաստանյան իրականության դիրքերից։

Read more
The Seven-Year Restoration of the Mother See

Յոթ տարի` Մայր տաճարի ողնաշարը վերականգնելու համար

Գայանե Մկրտչյան
Ապր 21, 2025

Շուրջ յոթ տարվա վերականգնումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը, վերաօծվեց 2024 թվականին, պատմական իրադարձություն, որը պահպանեց սուրբ որմնանկարները, ամրացրեց հնագույն կառույցը և ամփոփվեց սրբալույս մյուռոնի օրհնությամբ:

Read more
Azerbaijan’s Sham Trials: State-Sponsored Hatred and the Erosion of Peace

Ադրբեջանի կեղծ դատավարությունները. պետության հովանավորած ատելությունը և խաղաղության քայքայումը

Տաթևիկ Հայրապետյան
Մրտ 27, 2025

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները բացահայտում են Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը, սրում թշնամանքը, խոչընդոտում խաղաղության ջանքերին և ուժեղացնում Ալիևի բռնապետական ռեժիմի հիմքերը։

Read more

Գենդերային ապատեղեկատվություն. բացատրություն չունի, առեղծված էլ չի

Ռուբինա Մարկոսեան
Մրտ 24, 2025

Անդրադարձ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվությանը, հիմնական թիրախներին ու վտանգավոր կարծրատիպերի վերարտադրման հետևանքներին ու հասարակական ազդեցություններին։

Read more
The Housing Program Helping to Revitalize Armenia’s Border Settlements

Երազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում

Գոհար Աբրահամյան
Մրտ 20, 2025

Պետական ​​ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը փոխակերպում է սահմանամերձ բնակավայրերը՝ բազմաթիվ ընտանիքների ապահովելով նոր տներով ու խթանելով համայնքների զարգացմանը։

Read more
Կասկադի տակ

Կասկադի տակ

Միսակ Խոստիկյան
Փտր 12, 2025

«Հայաստան» համալիրը՝ Կասկադը, անցյալից, թեկուզ ոչ հեռու անցյալից ժառանգված հուշարձան է՝ արվեստի գործ, որը կարիք ունի ամբողջացման, պահպանման և խնամքի, գրում է Միսակ Խոստիկյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ