Զգուշացում. Այս հոդվածը պարունակում է սպիտակ ֆոսֆորոսային զինամթերքի վնասվածքների գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են անհանգստացնող լինել որոշ ընթերցողների համար: Տեքստը առանց պատկերների կարող եք կարդալ
այս հղումով:
«Ոտքի վրա էի, դեռ կարողանում էի քայլել, գնում էի, որ ընկերոջս օգնեի: Ձեռքերիս մաշկը ընդհանրապես չկար, ոնց որ հալված լիներ, նույնն էլ ոտքերս ․․․ Ականջներս էլ ամբողջությամբ հալվել էին, նոր են վիրահատել․․․»,- մեզ հետ զրույցում պատմում է արցախյան վերջին պատերազմի մասնակից 20-ամյա Արման Կարապետյանը։
Արմանի դեմքն ամբողջությամբ այրված է, անվնաս են միայն անհատակ, սիրուն աչքերը։ Մեր զրույցը տխուր չէ, թեև ծանր լռություններ են լինում, նա խոսում է սառը հավասարակշռությամբ։
15 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Հոկտեմբերի 14-ին Վարանդայում դիրքից դիրք տեղափոխվելու ժամանակ մեքենան թշնամին հարվածել էր․ «Ես մեքենայի հետևում էի նստած, փորձեցի դուռը բացել, չէր բացվում, լուսամուտից կարողացա դուրս գալ։ Պետք է խուճապի չմատնվես, դա պատրաստվածությունից է գալիս։ Ես քսան օր մնացել էի մարտի դաշտում, գիտեի՝ ինչ պիտի անեի էդ դեպքերում։ Ոչ մի բան չէր երևում, կրակ էր, աչքերս էլ չէի կարողանում բացել։ Մի պահ բացել էի, բայց եթե շատ բաց պահեի, աչքերս կայրվեին»։
Պատմում է, որ կրակից դուրս պրծնելուց հետո մարտի դաշտում շուրջ 20 րոպե քայլել են մինչև շտապօգնության մեքենային հասնելը։ Ցավազրկել են։ Այդ պահից այլևս շատ բան չի հիշում։ Մայրը՝ տիկին Լուսինեն պատմում է, որ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։
Վիրավորվելուց հետո երկու ամսում 5 վիրահատություն է ունեցել (իսկ մինչ օրս՝ 8)։ Առաջին վիրահատությունները, որոնք երկար ժամեր էին տևում, գրեթե անօգուտ էին լինում․ «Իմ մաշկը վերցնում ու փոխպատվաստում էին ձեռքիս վրա, չէր մնում ձեռքիս վրա, հալվում էր ոնց որ։ Հետո ամերիկացի, ֆրանսիացի մասնագետներ եկան, տեսան, որ ֆոսֆոր է, ուրիշ ձևերով, կարծեմ, արծաթաջրով կարողացան մի կերպ վիրահատել»։
Վերջին վիրահատությունը, երբ նորից ձեռքի երեսին մաշկ են փոխպատվաստել, ստիպված են եղել տեղային անզգայացմամբ անել, քանի որ ընդհանուր անզգայացումն արդեն ռիսկային էր նրա համար։ Արմանը զգուշությամբ ցույց է տալիս փոխապատվաստված մաշկի եզրի վերքը՝ փոքր է, բայց ուշ է ապաքինվում։ Գլխի վրա էլ երբեմն վերքեր են բացվում․ ֆոսֆորի մնացորդներն են, որ օդի հետ շփումից նորից սկսում են այրվել։
Որոշել էր բանակից հետո ծրագրավորում սովորել․ հիմա համակարգչով դժվարությամբ է աշխատում, ձեռքերն ու մատները բավարար շարժունակ չեն, միայն թեթև բաներ է կարողանում բռնել, հեռախոսով է կարճ տեսադասեր նայում։ Վիրավորումից հետո ցերեկային ժամերին դրսում լինելն հակացուցված է և երեկոյան ժամերին էլ զբոսանելը հեշտ չէ․ այրվածքները չեն թողնում երկար ոտքի վրա մնալ։
Խորը, չսպիացող վերքեր՝ քիմիական այրվածքների հետևանքով
Այն, որ վիրավորների մի մասի մոտ այրվածքները սովորական չեն և առաջացել են քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման հետևանքով, բարձրաձայնեցին ֆրանսիացի բժիշկները։ Պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը EVN Report-ին է փոխանցել իր և մյուս բժիշկների մասնագիտական հոդվածը, որը վերաբերում է վիրաբույժների խմբի Հայաստան այցերի (2020-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, 2021-ի հունվարին) ընթացքում կատարված աշխատանքներին և եզրահանգումներին։
«2020-ի նոյեմբերին Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն այցի ժամանակ մենք առաջին անգամ նշեցինք երիտասարդ զինվորների մոտ սպիտակ ֆոսֆորից այրվածքների մասին: Դրա համար հիմք էին մի քանի փաստեր՝ զինվորների հիվանդության պատմությունը (անամնեզ) և այրվածքներ ստանալու հանգամանքները (մոտակայքում պայթյունի բացակայության դեպքում թափվող «անձրև» երևույթը), դեմքի ու ձեռքերի, մաշկի խորը վնասվածքները, որոնք դժվարությամբ են ապաքինվում»,- նշվում է Կնիպերի և մյուսների հեղինակած հոդվածում։
Ֆրանսիացի բժիշկների խոսքով, իրենց այցերի ժամանակ բուժում ստացող 93 վիրավորներից 13-17-ը տուժած են եղել սպիտակ ֆոսֆորից։ Եվ հաշվի առնելով նրանց փորձը, խորհուրդ են տալիս ֆոսֆորային այրվածքների կասկածի դեպքում արագ հանել հագուստը, խոնավ կտորով ծածկել այրվածքները՝ ֆոսֆորի ու օդի շփումը կանխելով, խուսափել վիրակապերից և այլն։
Մարմնի վրա ֆոսֆորը հայտնաբերում են նաև ուլտրամանուշակագույն լամպի միջոցով․առողջապահության նախարարության կողմից փոխանցված տվյալների համաձայն՝ հավանական ֆոսֆորային զենքի կիրառման հետևանքով վիրավորումներ ստացած շուրջ 40 զինծառայող է հաշվառվել ու բուժում ստացել։
Էկոցիդ․ դիտավորյալ ու զանգվածային վնասներ բնությանը
Արցախյան անտառների վրա թափվող ֆոսֆորային անձրևի առաջին տեսանյութը հրապարկվեց 2020-ի հոկտեմբերի 31-ին։ Նախորդ օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) էր հայտարարություն տարածել, որ Ադրբեջանն արցախյան անտառների վրա կիրառում է ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր:
«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները»,- նոյեմբերի 2-ին ահազանգեց Ննգիի համայնքապետը:
Ի դեպ, Արմանի մայրը պատմում է, որ հենց անտառների վրա թափվող կրակի անձրևներն են նաև հուշել բժիշկներին, որ այրվածքները քիմիական տարրեր (հավանական՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զենքից են։
Նոյեմբերի 6-ին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակեցին համատեղ զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:
ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ, իրենց փաստահավաք աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ի դրությամբ՝ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք և վնասը կարող է շարունակական լինել (ֆոսֆորի մնացորդները շարունակաբար օդի հետ շփման դեպքում կարող են բռնկվել ու այրվել): Եվ բացի այն, որ անտառները բնակավայրերին շատ մոտ են (օրինակ, Ննգին մոտ 100 մետր), պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներ էին պատսպարվում անտառներում։
Համատեղ զեկույցը, որն ուղարկվել է նաև միջազգային կառույցներին, վերհանել է փաստեր, որ կիրառված զենքը, անկախ նրանից, թե կոնկրետ ինչ քիմիական տարրեր է պարունակում, ունեցել է զանգվածային ոչնչացման բնույթ և դրա օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության:
«Նման զենքի կիրառումը հետապնդել է էթնիկ զտումների նպատակ»,- Սերգեյ Ղազինյանը նշում է, որ զանգվածային ոչնչացման այս զենքի կիրառումը երկարատև ու ծանր հետևանքներ կարող են ունենալ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ շրջակա միջավայրի վրա։
Բնությանը հասցված վնասների չափը հայտնի չէ․ նախարարութունը հղում է անում ՄԻՊ զեկույցին
«․․․պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անդառնալի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի կայուն աղտոտում», մեր գրությանն ի պատասխան հայտնել է շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը։
Սակայն փոխնախարարը չի պատասխանել, թե արդյոք կան որոշակի տվյալներ՝ հասցված վնասի չափերի վերաբերյալ։ Նշել է, որ կառավարության հուլիսի 1-ի 1098-Ն որոշմամբ շուրջ 38 միլիոն դրամ է հատկացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ ջրային անվտանգության ապահովման նպատակով Քարվաճառի տարածքում Արփա և Որոտան գետերը սնող ջրաղբյուրների ջրահավաք ավազանի վերին հոսանքների ջրային անվտանգության մասնագիտական ուսումնասիրություններ և դիտարկումներ իրականացնելու նպատակով։ «Առաջիկայում ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ, այդ թվում նաև դոզաչափեր՝ ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը։
Ինչ վերաբերում է վնաս կրած միջավայրերից ու կենդանիներից նմուշառումներին, նախարարությունից պատասխանել են, որ դա իրենց լիազորություններից դուրս է և հղում են արել ՀՀ և ԱՀ ՄԻՊ վերոնշյալ զեկույցին՝ ֆոսֆորային զենքի կիրառման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Իսկ ահա վարչապետի աշխատակազմից այս հարցին պատասխանել են․ «․․․2020 թ-ին Արցախում սանձազերծված պատերազմից հետո ֆոսֆորային զենքի կիրառման վայրերում բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ նմուշառում և ուսումնասիրություն չի իրականացվել, քանի որ վերջին պատերազմական գործողություններով պայմանավորված՝ այդ տարածքներն անցել են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ»։
Ժլատ պատասխաններ՝ կարևոր ապացույցների վերաբերյալ
Փաստ է, որ Ադրբեջանի կողմից կիրառվել են զանգվածային ոչնչացման քիմիական տարրեր պարունակող զենքեր և դրանց հետևանքով ծայրահեղ ծանր այրվածքներ ու վիրավորումներ են ստացել ՀՀ քաղաքացիներ։ Սակայն որպեսզի ապացուցված համարվի, որ այրվածքները եղել են կոնկրետ սպիտակ ֆոսֆորի կամ այլ քիմիական տարրի հետևանքով, անհրաժեշտ է հյուսվածքաբանական փորձաքննությունը։
Տարբեր աղբյուրներում կան տեղեկություններ, որ հյուսվածքային նմուշառումներ կատարվել են։ Սակայն նմուշառմանն ու փորձաքննությանը վերաբերող մեր հարցերին առողջապահության նախարարությունից պատասխանել են մեկ նախադասությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում առկա չեն ֆոսֆոր հայտնաբերող, հյուսվածաբանական փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաներ»։
Ի դեպ, մեր հարցը վերաբերում էր, թե հայաստանյան, թե արտասահմանյան լաբորատորիաներում հավանական փորձաքննության իրականացնելուն։
Թե՛ վարչապետի աշխատակազմի, թե՛ առողջապահության նախարարության պատասխաններում նշված էր, որ Քննչական կոմիտեում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվում։
Ի պատասխան EVN Report-ի հարցանը, Քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու և մի շարք այլ հանցագործություններ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Միևնույն ժամանակ նշել են, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերով արգելված, հավելյալ տառապանքներ պատճառող զինատեսակներ, այդ թվում՝ կասետային, ֆոսֆորային, դյուրավառ ռազմամթերք կիրառելու փաստերի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերոնշյալ գործին։
Ինչ վերաբերում է քրեական գործի շրջանակում մարդու հյուսվածքների, շրջակա միջավայրին հասցված վնասների վերաբերյալ նմուշառումներին ու փորձաքննություններ իրականացնելու հարցին, ապա Քննչական կոմիտեն մերժել է պատասխանել՝ հիմնավորելով, թե դա նախաքննական գաղտնիք է։
Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ պատերազմական հանցագործությունների համար
Միջազգային իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ պետք է հետևողական լինել պատերազմի հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման հարցում․ «Նույնիսկ պատերազմի ժամանակ ասում էի, որ չպետք է բաց թողնենք հնարավորությունը նմուշառում անելու և հետամուտ լինելու, որ այդ ամենը ներկայացվի միջազգային ատյաններում»։
Ն․ Վարդանյանի խոսքով, կարևոր է, որ ներպետական ատյաններում հարուցվում են քրեական գործեր, դատավարություններ են իրականացվում, թեկուզև մեղավորների պատիժը կիրառելու հնարավորություն կարող է չլինել։ Սակայն այդ գործընթացները հենց գործը միջազգային դատարաններ տանելու իրավական հիմքեր են ստեղծում։ Նա նշում է․
«Ես կարծում եմ, որ Ալիևը պետք է դատարանի առաջ կանգնի՝ ռազմական ագրեսիա հրահրելու համար, իսկ մյուս հանցագործությունները՝ արգելված զենքերի կիրառում, հիվանդանոցների ռմբակոծում, ահաբեկիչների ներգրավում և այլն, ածանցյալ են ռազմական ագրեսիայի սանձազերծմանը։ Մենք այդ ուղղությամբ պետք է գնանք»։