EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Հլս 2, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը

Պատմական ակունքներ, միջազգային զուգահեռներ և քաղաքականության տարբերակներ

Սոսի Թաթիկյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Հայկական և ադրբեջանական անկլավների հարցը կրկին հայտնվեց հանրային քննարկումների կենտրոնում։ Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ թեմայով հարց ուղղվեց նախընտրական քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ։ Նրա բազմաշերտ և անորոշ պատասխանը Հայաստանի խորապես բևեռացված քաղաքական միջավայրում առաջացրեց հակասական մեկնաբանություններ։

Պատասխանելով Հայաստանում ադրբեջանական անկլավներին վերաբերող հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ «լուծումները» կգտնվեն Ադրբեջանի հետ ընթացող սահմանազատման գործընթացի միջոցով։ Նրա խոսքերը նոր քննարկումների ալիք բարձրացրին այն մասին, թե արդյոք սահմանազատման գործընթացը կարող է ներառել խորհրդային ժամանակաշրջանի նախկին անկլավների վերականգնումը կամ դրանց պաշտոնական ճանաչումը։ 

2025 թվականին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ակնարկեցին, որ անկլավների հարցը կքննարկվի սահմանազատման և սահմանագծման ավելի լայն գործընթացի շրջանակում՝ այն կապելով խաղաղության բանակցությունների հետ։ 2025-ի նոյեմբերին Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրեց․ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 

Հոդվածն ուսումնասիրում է անկլավների խնդրի պատմական ակունքներն ու զարգացումը, իրավական և քաղաքական խնդիրները, միջազգային համապատասխան փորձը, ինչպես նաև այն հնարավոր տարբերակները, որոնք երկու կողմերը կարող են դիտարկել՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության ավելի լայն գործընթացի շրջանակներում հարցը կարգավորելու համար։ 

Հայաստանի և Ադրբեջանի անկլավների ձևավորումը, զարգացումը և իրավական հիմքերը 

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը 1920-ական թվականների խորհրդային վարչատարածքային սահմանագծման ժառանգությունն է, երբ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) ներսում սահմանները գծվում էին ոչ թե աշխարհագրական տրամաբանության, այլ քաղաքական և էթնիկ նկատառումների հիման վրա։ Կովկասյան բյուրոն (Կավբյուրո) ձգտում էր պահպանել ազգային խմբերի միջև ներկայացվածության հավասարակշռությունը՝ բնակավայրերը միութենական հանրապետություններին հատկացնելով ըստ էթնիկ կազմի, նույնիսկ այն դեպքերում, երբ դրա հետևանքով ձևավորվում էին տարածքային մեկուսացված հատվածներ։ 

Խորհրդային վաղ շրջանի քարտեզներում, այդ թվում՝ 1920-ականներին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմածներում, Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ նշված չեն, ինչը ենթադրում է, որ այդ միավորները ձևավորվել են ավելի ուշ՝ վարչական ճշգրտումների միջոցով, այլ ոչ թե պաշտոնական սահմանային պայմանագրերի հիման վրա։ 1926-ի խորհրդային քարտեզում դրանք չեն պատկերվում Հայաստանի ներսում, իսկ Արծվաշենը 1970-ականների քարտեզներում ներառված է Հայկական ԽՍՀ կազմում, այդ թվում՝ 1975-ի Գլխավոր շտաբի քարտեզում, որն այսօր օգտագործվում է սահմանազատման գործընթացում։ 

Այնուամենայնիվ, խորհրդային ժամանակաշրջանի վերջում քարտեզների վրա նշված են անկլավային գյուղեր. Հայաստանի ներսում գտնվող ադրբեջանական անկլավները միասին զբաղեցնում էին մոտ 45 քառակուսի կիլոմետր տարածք, մինչդեռ Արծվաշենի տարածքը կազմում է մոտ 40-42 քառակուսի կիլոմետր՝ մի փոքր ավելի պակաս, բայց պատմականորեն ավելի խիտ բնակեցված։

Արծվաշեն․ միացյալ հայկական տարածքից՝ անկլավացում

Պատմականորեն Արծվաշենը Խորհրդային Հայաստանին կապված է եղել թերակղզու նմանվող ցամաքային նեղ միջանցքով։ 1920-ական թվականների խորհրդային սահմանային փոփոխությունների ընթացքում Անդրկովկասի Կենտրոնական գործադիր կոմիտեն տարածքի կարգավիճակը պարբերաբար վերանայել է։ Թեև Արծվաշենի շուրջ վեճը 1923-1929 թվականներին պաշտոնապես լուծվել էր հօգուտ Հայկական ԽՍՀ-ի, 1927-ի հունվարին շրջակա տարածքներից մոտ 12․000 հեկտար փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ աստիճանաբար մեկուսացնելով տարածքը։ 1929-ին Հայաստանը կարճ ժամանակով վերստացավ ցամաքային նեղ հատվածը, որպեսզի պահպանվի Արծվաշենի հետ անմիջական կապը, սակայն այդ որոշումը հետագայում՝ 1930-ականներին, չեղարկվեց՝ Արծվաշենը վերածելով Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական էքսկլավի։

Չնայած անջատ լինելուն, Արծվաշենը խորհրդային շրջանում բնականոն կերպով էր ապրում, քանի որ ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները չէին սահմանափակում տեղաշարժը հայկական և ադրբեջանական հանրապետությունների միջև։ 

Ադրբեջանական անկլավները Հայաստանում․ վարչական կառուցվածքներ

Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները հիմնականում վարչական կառուցվածքներ էին։ Էթնիկ ներկայացվածությունը պահպանելու համար խորհրդային իշխանությունները Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանաբնակ գյուղերը կցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին կամ Նախիջևանին։ Սա ամրապնդվեց խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին Խորհրդային Հայաստանի այդ գյուղերում ադրբեջանցիների ներքին վերաբնակեցմամբ։ Այս անկլավները՝ Քյարքին (Տիգրանաշեն), Յուխարը Ասքիպարան (Վերին Ոսկեպար), ինչպես նաև Բարխուդարլուն ու Սոֆուլուն, որոնք միասին մեկ անկլավ էին, այսպիսով վերածվեցին տրոհված էթնոքաղաքական միավորների, այլ ոչ թե բնականորեն ձևավորված տարածքների։  

Խորհրդային ողջ ժամանակահատվածում այս անկլավներն առաջացնում էին վարչական և կառավարման բարդություններ, որոնց քաղաքական և անվտանգային նշանակությունը սահմանափակ էր, քանի դեռ հանրապետությունների սահմանները գործում էին հիմնականում որպես ԽՍՀՄ ներքին վարչական բաժանումներ։

Անապահովության զգացումն ուշ խորհրդային շրջանում

Դեռևս մինչև 1988-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բռնկումը, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավներին հարակից հայկական գյուղերում նկատվում էր աճող անապահովություն։ Հողօգտագործման, արոտավայրերի իրավունքների և վարչական վերահսկողության շուրջ վեճերը պարբերաբար վերաճում էին ճնշումների և բռնության՝ անկլավներում բնակվող ադրբեջանական համայնքների կողմից, ինչն արտացոլում էր միջէթնիկական խորացող բևեռացումը և խորհրդային կենտրոնական իշխանության աստիճանական թուլացումը։

1987-1988 թվականներին այս միջադեպերն ավելի սրվեցին, իսկ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման պահին դրանք արդեն իսկ ստեղծել էին վախի և թշնամանքի մթնոլորտ։ «Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ը հայ քաղաքացիական անձանց համակարգված առևանգումների սկիզբը վերագրում է հենց այս ժամանակահատվածին, իսկ «Հյուման Ռայթս Ուոչ»-ը նկարագրում էր «պատանդառությունները… որոնք ահաբեկում էին հարևան գյուղերի բնակիչներին»։ 

1991-ի մայիսին Խորհրդային Միության և Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների համատեղ իրականացրած «Կոլցո» (Օղակ) գործողությունը թիրախավորեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի և Շամշադինի շրջանների, ինչպես նաև Արծվաշենի հայաբնակ համայնքները, որի հետևանքով եղան զոհեր և տեղահանություն քաղաքացիական բնակչության շրջանում։

Խորհրդային Միության վերջին տարիներին անկլավային տարածքները վարչական խնդիրներից վերածվել էին միջհամայնքային պարբերական լարվածության գոտիների՝ արտացոլելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ վատթարացումը և խորհրդային վերահսկողության փլուզումը։ 

Վերահսկողության վերաձևավորումը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում

1991–1994 թվականների պատերազմի ընթացքում անկլավային տարածքներն աստիճանաբար ներքաշվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ և անցան հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Քյարքին (Տիգրանաշեն) 1990-ին Նախիջևանում տեղի ունեցած բախումների ընթացքում անցավ հայկական վերահսկողության տակ, իսկ Յուխարի Ասքիպարան, Բարխուդարլուն և Սոֆուլուն հայկական վերահսկողությանն անցան 1992-ին Տավուշում տեղի ունեցող մարտերի ընթացքում։

1992-ի օգոստոսին ադրբեջանական ուժերը գրավեցին Արծվաշենը, ինչի հետևանքով տեղահանվեց հայ բնակչությունը՝ մոտ 2730-4500 մարդ։ Հետագայում բնակավայրը վերաբնակեցվեց շուրջ 3000 ադրբեջանցիներով։ 

1994-ի հրադադարից հետո յուրաքանչյուր անկլավ մնացել է այն շրջապատող պետության վերահսկողության տակ՝ հաստատելով փաստացի ստատուս քվո, որը պահպանվել է պաշտոնական կարգավորման բացակայության պայմաններում։ 

Իրավական հիմքերն ու ժամանակակից շրջանակները 

1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրել են նախկին խորհրդային հանրապետությունները, մնում է հետխորհրդային սահմանների գլխավոր իրավական հիմքը։ Այն ամրագրում էր, որ նորանկախ պետությունները պետք է ճանաչեն միմյանց սահմանները՝ Խորհրդային Միության փլուզման պահի վարչական սահմաններին համապատասխան (Անկախ Պետությունների Համագործակցություն)։ Այնուամենայնիվ, քանի որ խորհրդային ներքին սահմաններից շատերը երբեք ամբողջությամբ սահմանագծված կամ իրավաբանորեն վավերացված չէին եղել, անկախությունից հետո մեկնաբանությունները տարբեր էին։ 

Արծվաշենի՝ որպես հայկական տարածքի կարգավիճակը փաստագրված է խորհրդային շրջանի քարտեզներում և արխիվային նյութերում, ներառյալ՝ տարածքային փոփոխություններին և Հայկական ԽՍՀ-ից բնակավայրի աստիճանական մեկուսացմանը վերաբերող արձանագրություններում։ 

Միաժամանակ, հայ պաշտոնյաներն ու փորձագետները բազմիցս կասկածի տակ են դրել խորհրդային պաշտոնական իրավական փաստաթղթերի առկայությունը, որոնք կվկայեն ադրբեջանական անկլավների տարածքների փոխանցումը Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Փաշինյանը 2022-ին հայտարարեց․ «մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ ՀՀ տարածքում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Ի հակադրություն դրա, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»։ 

Մինչև 2025-ը Հայաստանը պնդում էր, որ սահմանազատման գործընթացը պետք է հիմնվի փաստաթղթային հավաստման և խորհրդային Գլխավոր շտաբի 1975-ի քարտեզների վրա, որոնք առավել ճշգրիտ են արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները։ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում էր, որ 1991-ին եղած վարչական սահմաններն արդեն իսկ միջպետական իրավական սահման են և պետք է ընդունվեն առանց հետագա մեկնաբանությունների։ Ադրբեջանական իշխանություններն ու փորձագետները մինչև 2025-ը հաճախ էին բարձրացնում անկլավների հարցը, սակայն դրանից հետո այդ խնդիրը, կարծես, չի արծարծվում  պաշտոնական հռետորաբանության մեջ և հանրային խոսույթում։ Սահմանազատման գործընթացի մեկնարկից առաջ մտավախություններ կային, թե Ադրբեջանը կարող է փորձել անկլավները վերցնել ռազմական ուժի կիրառմամբ։ Սակայն 2024-ի կեսերից հարցը ներառվեց պաշտոնական բանակցային օրակարգում։ Միաժամանակ, Հայաստանում հանրային մտահոգությունները աստիճանաբար վերափոխվեցին այն մտայնությանը, թե անկլավները կարող են ի վերջո հանձնվել բանակցային գործընթացի շրջանակում՝ կամավոր, դիվանագիտական ճնշման ներքո կամ խաղաղ գործընթացում ավելի լայն զիջումների մաս կազմելով։ 

Ալմա-Աթայի սկզբունքը վերահաստատվեց 2022-ի Պրահայի հայտարարությամբ և 2025-ի Վաշինգտոնի հռչակագրով, որոնցով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և 1991-ի սահմանների հիման վրա սահմանազատում իրականացնելու հանձնառությունը։ 

2024-ին սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը 

Երեք տասնամյակ տևած անորոշությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը պաշտոնապես մեկնարկեց 2024-ին՝ դառնալով 1994-ի հրադադարից հետո միջպետական սահմանը հստակեցնելու առաջին պաշտոնական երկկողմ փորձը։ Գործընթացն իրականացվում է սահմանազատման համատեղ հանձնաժողովների միջոցով և հիմնականում հենվում է 1975-ի խորհրդային Գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի քարտեզների վրա, որոնք հայ պաշտոնյաները և մի շարք վերլուծաբաններ համարում են ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանների ամենաճշգրիտ արտացոլումը։ 

2024-ի ապրիլին Տավուշում սահմանազատման մեկնարկից և առաջին գործնական քայլերից հետո, գործընթացը պաշտոնականացվեց երկու երկրների միջև 2024-ի օգոստոսի 30-ին ստորագրված «Պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգով»։ Կանոնակարգը սահմանեց սահմանազատման գործընթացի իրավական ու ընթացակարգային շրջանակը և ուժի մեջ մտավ 2024-ի նոյեմբերի 1-ին՝ երկու երկրներում ներպետական հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Այն բնութագրվել է որպես հակամարտության սկզբից և անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավական փաստաթուղթը։ 

Գործընթացի առաջին և առայժմ միակ գործնական արդյունքը գրանցվեց 2024-ի մայիսին, երբ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական չորս էքսկլավային գյուղեր՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիպարան (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։ Հայաստանի իշխանություններն այս քայլը ներկայացրեցին որպես սահմանազատման առաջին փուլ, բարի կամքի դրսևորում և Ալմա-Աթայի սկզբունքների վրա հիմնված խաղաղության գործընթացի ուղղությամբ կատարված քայլ։ Ադրբեջանական ուժերը նույնպես դուրս եկան որոշ տեղանքներից ու դիրքերից, և սահմանազատումից հետո դրանք անցան հայկական վերահսկողությանը, թեև դրանք զգալիորեն ավելի քիչ էին, քան այն տարածքներն ու դիրքերը, որոնցից հետ քաշվեցին հայկական ուժերը։ Հետագայում, սահմանազատված հատվածի երկու կողմերում էլ զինծառայողները փոխարինվեցին սահմանապահ ծառայության անզեն ստորաբաժանումներով։

Տարածքային նախատեսված զիջումների շուրջ դժգոհությունն ու քննադատությունը հաշվի առնելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին ընդունեց, որ որոշումը նպատակ ուներ նաև կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական սրացումը՝ զգուշացնելով, որ հարցը չկարգավորելու դեպքում Հայաստանը կարող էր կանգնել պատերազմի վտանգի առաջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը ներկայացրեց որպես Ադրբեջանի հարկադրող ճնշման արդյունք՝ ընդգծելով, որ գյուղերը վերադարձվել են «առանց մեկ կրակոցի»։ 

Այս որոշումը Հայաստանում ներքաղաքական զգալի հակասություններ առաջացրեց։ Գործընթացին ի պատասխան ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ, որը Տավուշից արագորեն ընդլայնվեց դեպի Երևան։ Շարժման մասնակիցներն իշխանություններին մեղադրում էին հայկական տարածքներ հանձնելու մեջ և պնդում էին, որ սահմանազատման գործընթացը միակողմանի է, հակասահմանադրական և վնասում է Հայաստանի անվտանգությանը։ 

Ավելի չափավոր քննադատները նույնպես գործընթացը դիտարկում էին անհամաչափ՝ երեք հիմնական պատճառներով։ Նախ՝ ադրբեջանական ուժերը շարունակում են վերահսկողության տակ պահել Հայաստանի սահմանամերձ մի շարք տարածքներ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում, որոնք, ըստ հաղորդումների, 2021–2022 թվականների ներխուժումներից հետո կազմում են շուրջ 241 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ տարածքների վերադարձի հարցը պետք է լուծվի բացառապես սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Երկրորդ՝ Ադրբեջանը բանակցային գործընթացում շարունակել է կիրառել ռազմական հարկադրանք և սպառնալիքներ։ Երրորդ՝ գյուղերի փոխանցումը շատերի կողմից ընկալվեց որպես Տավուշի հարակից հայկական համայնքների անվտանգային միջավայրի թուլացում։

Գործընթացի կողմնակիցները, ընդհակառակը, պնդում էին, որ գյուղերի վերադարձն անհրաժեշտ քայլ էր սահմանի կայունացման և խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի և Պրահայի հայտարարության համաձայն։ Տավուշյան շարժումն իշխանամետ շրջանակների և մի շարք վերլուծաբանների կողմից լայնորեն ընկալվում էր որպես ռուսամետ քաղաքական ուժերի կողմից ուղղորդվող կամ առնվազն նրանց կողմից օգտագործվող նախաձեռնություն, որի նպատակն էր խաթարել խաղաղության գործընթացը, հրահրել Ադրբեջանի հետ նոր բախում, որը կարող էր հանգեցնել Հայաստանի համար տարածքային նոր կորուստների, իշխանության հակասահմանադրական փոփոխության և, ի վերջո, վերականգնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ Մոսկվային կրկին ներկայացնելով որպես Հայաստանի «փրկիչ» և անվտանգության հիմնական երաշխավոր։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մատնանշել է Կիրանց գյուղը՝ օրինակ բերելով, որ սահմանազատումը կարող է նպաստել ավելի կայուն սահմանային միջավայրի ձևավորմանը։ Հայաստանի իշխանությունները նաև ընդգծում են նոր ենթակառուցվածքների և շրջանցիկ ճանապարհների կառուցումը, իսկ Կիրանցում նոր սահմանագծված հատվածի երկայնքով ցանկապատ է կառուցվել։ Գյուղում կառուցվել է նոր դպրոց, վերականգնվել է եկեղեցին՝ դառնալով սահմանազատումից հետո սահմանամերձ գոտում կյանքը բնականոն հուն վերադարձնելու կառավարության ջանքերի խորհրդանիշը։ 2025–2026 թվականներին Հայաստանում սահմանազատման գործընթացի տրամաբանության և գործնական ազդեցության վերաբերյալ հանրային ընկալումը, կարծես թե, բարելավել է։ 

Սահմանազատման գործընթացի ներկա վիճակն ու մարտահրավերները

Չնայած այս զարգացումներին, սահմանազատման գործընթացում առաջընթացը մնացել է սահմանափակ։ 2026-ի հուլիսի դրությամբ՝ 2024-ին Տավուշի մարզում սահմանազատված և սահմանագծված մոտ 12 կիլոմետրանոց հատվածը մնացել է Հայաստան-Ադրբեջան 996 կիլոմետր երկարությամբ սահմանի միակ մասը, որտեղ գործընթացը պաշտոնապես իրականացվել է։ 

Մինչ ադրբեջանական ուժերը 2021–2022 թվականների ներխուժումներից հետո շարունակում են վերահսկել Հայաստանի տարածքի շուրջ 241 քառակուսի կիլոմետրը, հայ պաշտոնյաները վերջերս նշել են, որ Հայաստանը նույնպես շարունակում է վերահսկողություն պահպանել մի շարք տարածքների նկատմամբ, որոնք պաշտոնապես պատկանել են նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Սակայն, քարտեզագրական գնահատականների համաձայն, այդ տարածքները զգալիորեն փոքր են՝ գնահատվելով ընդամենը 15-21 քառակուսի կիլոմետր։

Այս անհամաչափությունը նպաստել է Հայաստանում սահմանազատման գործընթացի շուրջ հանրային մտահոգությունների խորացմանը։ Պահպանվում են մտավախությունները, որ Ադրբեջանը կարող է պահանջել անկլավների և այլ վիճելի տարածքների վերադարձը՝ միաժամանակ անորոշ ժամանակով հետաձգելով կամ խուսափելով 2021–2022 թվականներից ի վեր գրաված հայկական տարածքներից իր ուժերի դուրսբերումից։ Այս մտահոգություններն ավելի են ուժեղացել ադրբեջանական պաշտոնական հռետորաբանության պատճառով, որտեղ Հայաստան–Ադրբեջան սահմանի որոշ հատվածներ շարունակում են բնութագրվել որպես «պայմանական»։

Կողմերի միջև վստահության ցածր մակարդակը՝ զուգորդված Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների և հարկադրող հռետորաբանության կիրառմամբ, ավելի է արմատավորել հայկական հասարակության մեջ առկա թերահավատությունը գործընթացի փոխադարձության և երկարատև կայունության վերաբերյալ։ Թեև 2025-ի Վաշինգտոնի համաձայնագրից հետո բացահայտ ռազմական ճնշումը նվազել է, առճակատող հռետորաբանությունը, տեղեկատվական ու խոսույթների պատերազմը, ինչպես նաև խաղաղության գործընթացի վերջնականացման հետ կապված անուղղակի նախապայմանները շարունակում են հնչել Ալիևի կամ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված շրջանակների կողմից։ Հայ հասարակության շրջանում պահպանվում են մտահոգություններ, որ գործընթացը կարող է կա՛մ անորոշ ժամանակով կանգ առնել, կա՛մ ընթանալ անհամաչափորեն՝ հնարավորություն տալով Ադրբեջանին պահպանել վերահսկողությունը գրավված հայկական տարածքների նկատմամբ՝ միաժամանակ առաջ մղելով պահանջներ անկլավների և սահմանային այլ վիճելի տարածքների վերաբերյալ։

Սահմանազատման հանձնաժողովները շարունակել են պարբերաբար հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ 2026-ի մայիսին, թեև գործընթացի ապագա ժամանակացույցերի և հերթականության վերաբերյալ հանրային տեղեկատվությունը մնացել է սահմանափակ։ Սկզբնական շրջանում հայ պաշտոնյաները հայտարարում էին, որ սահմանազատումը կիրականացվի աստիճանաբար՝ հյուսիսից հարավ ուղղությամբ։ Սակայն Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ավելի ու ավելի մեծ ուշադրություն է արժանացել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնությանն առնչվող հատվածներին։

2026-ի մայիսին հանձնաժողովների հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունները հրապարակեցին սահմանազատման գործընթացին վերաբերող մեթոդաբանական երեք նախագիծ։ Դրանք կարգավորում են քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների ընթացակարգերը, քարտեզների և կոորդինատների պատրաստման ու ստուգման գործընթացները, ինչպես նաև սահմանազատման արդյունքների ձևակերպման, փաստաթղթավորման և հրապարակման կարգը։ Այս փաստաթղթերի հրապարակումն արտացոլեց սահմանազատման գործընթացի տեխնիկական և ընթացակարգային շրջանակի ինստիտուցիոնալացման և ստանդարտացմանն ուղղված ջանքերը։ 

Անկլավների կայունության և անկայունության համեմատական փորձառությունները

Հետևյալ դեպքերը չեն ներկայացվում որպես Հայաստանի և Ադրբեջանի համար ուղղակիորեն կիրառելի տարբերակներ։ Փոխարենը, դրանք ցույց են տալիս, թե ինչպես են անկլավները գործում քաղաքական, անվտանգային և համակարգային տարբեր պայմաններում՝ վեր հանելով այն գործոնները, որոնք կարող են կա՛մ մեղմել, կա՛մ խորացնել տարածքային մասնատվածությամբ պայմանավորված անկայունությունը։

Բաառլե-Հերթոխ/Բաառլե-Նասաու (Բելգիա–Նիդերլանդներ)

Եվրոպայի ամենաբարդ անկլավային համակարգը՝ Նիդերլանդների տարածքում գտնվող բելգիական 22 անկլավները և դրանց ներսում գտնվող հոլանդական յոթ հակաանկլավները, կայունացվել է ոչ թե սահմանային փոփոխությունների, այլ եվրոպական ինտեգրման և Շենգենյան համակարգի շրջանակներում սահմանային խոչընդոտների վերացման միջոցով։ Վարչական համագործակցությունը, միասնական ենթակառուցվածքները և համատեղ քաղաքային ծառայությունները նվազեցրել են սահմանների գործնական նշանակությունը՝ Բաառլեի անկլավները դարձնելով գործնական համակեցության լայնորեն մեջբերվող օրինակ։

Բաառլե-Հերթոխ/Բաառլե-Նասաու անկլավների կայունությունը պայմանավորված է Եվրամիության, Շենգենյան գոտու և Բենիլյուքսի շրջանակներում Բելգիայի և Նիդերլանդների խորը համակարգային ընդգրկվածությամբ։ Սահմանային վերահսկողության բացակայության պայմաններում բնակիչներն ազատ տեղաշարժվում են, իսկ տեղական կառավարումն իրականացվում է համատեղ։ Ֆլամանդախոս բելգիացիների և հոլանդացիների միջև լեզվական ու մշակութային ընդհանրություններն էլ ավելի են նվազեցնում հնարավոր լարվածության աղբյուրները։ Բաառլեի դեպքը ցույց է տալիս, որ անկլավային կարգավորումները դառնում են կառավարելի հիմնականում այնտեղ, որտեղ սահմանները ինստիտուցիոնալ խորն ինտեգրման, բաց սահմանների և փոխադարձ վստահության շնորհիվ հիմնականում կորցրել են իրենց քաղաքական, անվտանգային և խորհրդանշական իմաստը։ Նման պայմանները բացակայում են Հայաստանի և Ադրբեջանի դեպքում, ավելի հավանական է, որ դրանք ոչ թե կնպաստեն հակամարտության կարգավորմանը, այլ կարող են առաջացնել նոր լարվածություններ և անկայունություն։

Լլիվիա (Իսպանիա–Ֆրանսիա)

Լլիվիան իսպանական փոքր քաղաք է ֆրանսիական Պիրենեյներում՝ Իսպանիայի ամենամոտ սահմանից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։ Կարգավիճակը ծագում է 1659-ի Պիրենեյների պայմանագրից, որով կատալոնական մի քանի գյուղեր Իսպանիայից փոխանցվեցին Ֆրանսիային, սակայն Լլիվիան բացառություն կազմեց, քանի որ իրավականորեն դասակարգված էր որպես քաղաք, այլ ոչ թե գյուղ։ Անկլավի կայունությունը հետագայում ամրապնդվեց 1866-ի Բայոնի պայմանագրով, որը երաշխավորեց այն Իսպանիային կապող մուտքի միջանցք։

Եվրոպական ներառվածությունը, Շենգենյան համակարգը և անդրսահմանային համագործակցությունն այդ ժամանակից ի վեր նվազեցրել են սահմանի գործնական նշանակությունը։ Համակարգված տեղական կառավարման և միասնական ենթակառուցվածքների շնորհիվ բնակիչներն ազատորեն մասնակցում են անդրսահմանային տնտեսական և հասարակական կյանքին։ Լլիվիայի դեպքը ցույց է տալիս, որ անկլավները կարող են կայուն մնալ հիմնականում իրավական որոշակիության, փոխադարձ վստահության և տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում, պայմաններ, որոնք բացակայում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մերձավոր Արևելքի օրինակ․ Մադհա և Նահվա

Անկլավային խաղաղ համակեցության հազվադեպ օրինակներից է Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գտնվող Մադհա–Նահվա կրկնակի անկլավը։ Մադհան՝ Օմանի տարածքը, ամբողջությամբ շրջապատված է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքով, իսկ նրա ներսում գտնվում է Նահվան՝ էմիրաթական ավելի փոքր անկլավը։ Դրանց կայունությունը հիմնված է անարգել տեղաշարժի, տեղական իշխանությունների սերտ համագործակցության և տեղում էական սահմանային վերահսկողության բացակայության վրա։

Այս կարգավորումը գործում է հիմնականում այն պատճառով, որ երկու պետությունները պահպանում են քաղաքական սերտ հարաբերություններ, ունեն մշակութային և համայնքային շարունակականություն, ինչպես նաև տարածքային հարցերը ոչ թե բախման, այլ փոխհամաձայնության միջոցով լուծելու ավանդույթ։ Արդյունքում՝ ինքնիշխանությունը ձևականորեն մնում է անփոփոխ, իսկ անկլավների ներսում առօրյա տնտեսական ու սոցիալական կյանքն ընթանում է նվազագույն խոչընդոտներով։ Մադհայի և Նահվայի դեպքը ցույց է տալիս, որ անկլավի կայունությունը կախված է ոչ թե աշխարհագրությունից, այլ քաղաքական կայուն վստահությունից և տարածաշրջանային համագործակցային շրջանակներից։ 

Կիպրոս․ Կիպրոսի թուրքական անկլավները մինչև 1974 թվականը

Համեմատության համար հետաքրքիր է նաև Կիպրոսը, որտեղ թուրք-կիպրական անկլավները ձևավորվեցին 1963–1964 թվականների միջհամայնքային բախումների հետևանքով։ Երբ կղզու հույն և թուրք համայնքների միջև լարվածությունը սրվեց, շատ թուրք կիպրոսցիներ նահանջեցին կղզու տարբեր հատվածներում ցրված և աշխարհագրորեն մասնատված անկլավային տարածքներ։ Այս անկլավներն աստիճանաբար դարձան ավելի մեկուսացված, տնտեսապես սահմանափակված և խիստ ռազմականացված՝ ապավինելով պաշտպանված հասանելիության երթուղիներին, արտաքին օգնությանը, իսկ ավելի ուշ՝ Թուրքիայից տրամադրվող ռազմական պաշտպանությանը։ 

Կիպրոսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է անկլավային բնույթի տարածքային մասնատվածությունը էթնիկական բևեռացման, անապահովության և փոխադարձ անվստահության պայմաններում ոչ թե նպաստում համակեցությանը, այլ խորացնում անկայունությունը։ Հասանելիության, տեղաշարժի, անվտանգության և վարչարարության շուրջ վեճերը դարձան լարվածության մշտական աղբյուրներ, իսկ անկլավային համակարգն ինքնին նպաստեց հակամարտության ընդհանուր ռազմականացմանը։ Կայուն համակեցության հիմք ստեղծելու փոխարեն՝ մասնատված տարածքային կարգավորումները վերածվեցին սրման ավելի լայն գործընթացի, որն ի վերջո 1974-ին հանգեցրեց կղզու բաժանմանը։

Կիպրոսի փորձը ցույց է տալիս, որ չկարգավորված հակամարտությունների պայմաններում անկլավային կարգավորումները, սովորաբար, ենթարկվում են բարձր մակարդակի անվտանգայնացման և մեծապես կախված են քաղաքական ու անվտանգային ավելի լայն երաշխիքներից։ Հաշտեցման, պաշտոնական համագործակցության և փոխադարձ վստահության բացակայության պայմաններում մասնատված տարածքային կառուցվածքները կարող են ոչ թե նվազեցնել հակամարտությունը, այլ ամրապնդել երկարաժամկետ անկայունությունը։ 

Կենտրոնական Ասիայի անկլավները 

Ղրղզստանի տարածքում գտնվող Վորուխ (Տաջիկստան) և Սոխ (Ուզբեկստան) անկլավները ցույց են տալիս, թե ինչպես չկարգավորված անկլավային պայմանավորվածությունները կարող են դառնալ անկայունության մշտական աղբյուրներ չինտեգրված տարածաշրջաններում: Ստեղծվելով խորհրդային դարաշրջանի վարչական որոշումներով, որոնք հաճախ անտեսում էին տեղական աշխարհագրական առանձնահատկություններն ու միջհամայնքային հարաբերությունների տրամաբանությունը, խիտ բնակեցված համայնքները կախված են մեկ այլ պետության տարածքով անցնող հաղորդակցության ուղիներից։ 

Խորհրդային Միության փլուզումից հետո այս անկլավներում բազմիցս տեղի են ունեցել սահմանային բախումներ, ճանապարհների արգելափակումներ և զինված միջադեպեր՝ պայմանավորված ջրային պաշարների, հողերի և մուտքի իրավունքների շուրջ վեճերով։ 2013, 2021 և 2022 թվականների նշանակալից սրացումները քաղաքացիական զոհերի և զանգվածային տարհանումների պատճառ դարձան՝ ընդգծելով հստակորեն չսահմանազատված և հակամարտությունների կառավարման արդյունավետ գործիքակազմ չունեցող սահմանների խոցելիությունը։ 

Կենտրոնական Ասիայի փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանային համագործակցության, հասանելիության հուսալի կարգավորումների և փոխադարձ վստահության բացակայության պայմաններում ավելի հավանական է, որ անկլավները կդառնան մշտական առճակատման, քան կայուն համակեցության հիմք։

Միջազգային փորձից բխող հիմնական դասերը

Անկլավների և էքսկլավների միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում են մի շարք կարևոր եզրահանգումներ։

  • Նախ՝ անկլավներն իրենց բնույթով հակված են պահպանելու կառուցվածքային խոցելիությունը նույնիսկ համեմատաբար համագործակցային պայմաններում, քանի որ ինքնիշխանության, իրավազորության, տեղաշարժի և անվտանգության հարցերը կենտրոնացնում են սահմանափակ և հաճախ վիճարկվող աշխարհագրական տարածքներում։
  • Երկրորդ՝ Բաառլեի և Լլիվիայի եվրոպական օրինակները ցույց են տալիս, որ անկլավների հետ կապված լարվածությունը կարող է զգալիորեն նվազել, երբ դրանք ներառված են տարածաշրջանային ինտեգրացիայի ավելի լայն շրջանակներում։ Բաց սահմանները, համատեղ կառավարման գործիքակազմերը, փոխկապակցված ենթակառուցվածքները և քաղաքական փոխադարձ վստահությունը մեծապես վերափոխել են այդ անկլավները՝ հնարավոր վեճերի օջախներից դարձնելով արդյունավետ անդրսահմանային համայնքներ։ Սակայն նման պայմանները հիմնովին բացակայում են Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում, որտեղ սահմանները շարունակում են կրել անվտանգային, աշխարհաքաղաքական և խորհրդանշական մեծ նշանակություն։
  • Երրորդ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրավական հստակությունը, կանխատեսելի հաղորդակցության և տարանցման կարգավորումները, ինչպես նաև փոխադարձ վստահությունն անկլավների կայունության հիմնական նախապայմաններն են։ Դրանց բացակայության դեպքում անկլավները, մեծ հավանականությամբ, վերածվում են պարբերական առճակատումների աղբյուրի, ինչպես ցույց են տալիս Կենտրոնական Ասիայի Վորուխ և Սոխ անկլավների շուրջ կրկնվող լարվածություններն ու բռնությունները։ 
  • Վերջապես, անկլավների կայունությունը մեծապես կախված է հասարակությունների միջև հարաբերությունների ընդհանուր որակից։ Եվրոպական անկլավների մեծ մասում համակեցությանը նպաստել են ոչ միայն ինստիտուցիոնալ ինտեգրումը, այլև սոցիալական փոխգործակցության, մշակութային մերձեցման և քաղաքական հաշտեցման համեմատաբար բարձր մակարդակը։ Ի տարբերություն դրա՝ հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները շարունակում են խորապես պայմանավորված լինել տասնամյակներ շարունակվող բռնի հակամարտությամբ, հարկադիր տեղահանություններով, փոխադարձ անվստահությամբ և մրցակցող պատմական պատումներով և խոսույթներով։ Նման պայմաններում անկլավների վերականգնումը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կնպաստի համակեցությանը և տարածաշրջանային կապակցվածությանը, այլ կվերարտադրի անապահովությունն ու լարվածությունը։

Հայաստանի և Ադրբեջանի անկլավների հարցի կարգավորման տարբերակները, սցենարներն ու հետևանքները 

Սահմանազատման և սահմանագծման ավելի լայն գործընթացի շրջանակներում, ըստ ամենայնի, դիտարկվում են անկլավների խնդրի կարգավորման մի քանի հնարավոր տարբերակներ, թեև քննարկումները հանրության համար մնում են անորոշ, և կողմերից ոչ մեկը մանրամասներ չի հրապարակել։

ա) Անկլավների վերականգնում՝ խորհրդային վարչական սահմանների հիման վրա

Հնարավոր տարբերակներից մեկն անկլավների վերականգնումն է՝ խորհրդային ժամանակաշրջանի վերջի վարչական սահմանների հիման վրա։ Այս մոտեցումը համահունչ է uti possidetis juris (ում տիրապետության տակ գտնվում է՝ նրան էլ պատկանում է) սկզբունքին, ըստ որի՝ նորանկախ պետությունները ժառանգում են անկախացման պահին գոյություն ունեցող վարչական սահմանները, և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությանը:

Սակայն այս տարբերակը կստեղծի լուրջ մարտահրավերներ։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև տեղաշարժը չէր պահանջում անձնագրեր, մուտքի արտոնագրեր կամ սահմանային վերահսկողություն, քանի որ երկուսն էլ մեկ պետության մաս էին կազմում։ Սահմանամերձ և անկլավային տարածքների բնակիչները համեմատաբար ազատ տեղաշարժվում էին առևտրի, գյուղատնտեսական գործունեության, արոտավայրերի օգտագործման և սոցիալական շփումների նպատակներով, թեև նման շփումները ժամանակ առ ժամանակ նաև տեղային լարվածությունների պատճառ էին դառնում։ 

Խորհրդային Միության փլուզումից հետո այս վարչական սահմանները վերածվեցին երկու պետությունների միջև միջազգային սահմանների։ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ էին, մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ և շարունակում են ներգրավված մնալ փխրուն ու դեռևս չավարտված խաղաղության գործընթացում, որը բնորոշվում է փոխադարձ անվստահությամբ և խիստ սահմանափակ անդրսահմանային տեղաշարժով։ 

Նման պայմաններում անկլավների վերաստեղծումը կառաջացնի բարդ հարցեր՝ կապված մուտքի, տարանցման իրավունքների, իրավազորության, սահմանային կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքային կապակցվածության, ներառյալ՝ ճանապարհների, կոմունալ ենթակառուցվածքների, խողովակաշարերի ու հեռահաղորդակցության հետ։ Անկլավները հիմնական տարածքին կապող ճանապարհները կպահանջեն անցակետեր, մաքսային ենթակառուցվածքներ և համակարգման մշտական գործիքակազմեր՝ մեծացնելով այդ տարածքների քաղաքական ու գործառնական զգայունությունը։ Անկլավների վերականգնումը կարող է հանգեցնել տեղաշարժի և մուտքի հարցերի շուրջ պարբերական վեճերի՝ ստեղծելով քաղաքական զգայունություններ, լարվածության և անապահովության նոր աղբյուրներ՝ կայուն խաղաղությանը նպաստելու փոխարեն։

բ) Կապուղիների ապահովման կարգավորումներ նախկին անկլավների համար

Նախկին անկլավների կապակցվածության ապահովման տարբերակը ևս քննարկվող հնարավոր սցենարներից մեկն է։ Այս մոտեցումը նպատակ ունի նախկին անկլավները վերածել հաղորդակցական առումով կապակցված տարածքների՝ հասանելիության ուղիների ստեղծման և տեղական ենթակառուցվածքների վերականգնման միջոցով՝ ապահովելով անխափան հաղորդակցություն և կանխելով դրանց մեկուսացումը։ Նման կարգավորումները կարող են ներառել ճանապարհներ, կոմունալ ենթակառուցվածքներ և տարանցման այլ գործիքակազմեր, որոնք անկլավային տարածքները կկապեն հիմնական տարածքի հետ՝ միաժամանակ պահպանելով միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե նման կարգավորումները ենթադրեն Հայաստանի Հանրապետության տարածքին առնչվող փոփոխություններ, ապա դրանք կպահանջեն նաև համապետական հանրաքվեի միջոցով հաստատում։

Միաժամանակ, այս տարբերակի իրականացումը, ամենայն հավանականությամբ, տեխնիկական և քաղաքական առումով չափազանց բարդ կլինի։ Այն կպահանջի իրավական կարգավորումներ՝ կապված իրավազորության և սեփականության իրավունքների հետ, ենթակառուցվածքների վերականգնում, հանրային ընկալումների կառավարում, քայլերի համաժամանակյա իրականացում և կողմերի միջև շարունակական քաղաքական համակարգում։ Այս մոտեցման հաջողությունը կախված կլինի փոխադարձ վստահության և համակարգային համագործակցության այնպիսի մակարդակից, որը ներկայիս պայմաններում դեռևս սահմանափակ է։ Հետևաբար, այն կարող է ոչ թե ապահովել երկարաժամկետ կայունություն, այլ ստեղծել նոր վեճեր և գործնական խնդիրներ։ 

գ) Ընտրովի կարգավորում՝ իրավական փաստաթղթերով հիմնավորված կարգավիճակի հիման վրա

Մեկ այլ հնարավոր սցենար կարող է նախատեսել Արծվաշենի և նախկին ադրբեջանական անկլավների միջև տարբերակում՝ հիմնված դրանց փաստաթղթերով հաստատված իրավական և վարչական կարգավիճակի վրա։ Այս մոտեցման դեպքում տեսականորեն Արծվաշենը կարող է վերադարձվել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ դրա պատկանելությունը Հայկական ԽՍՀ-ին փաստաթղթավորված է խորհրդային դարաշրջանի իրավական և արխիվային նյութերում, մինչդեռ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավների իրավավարչական հիմքը հանրայնորեն դեռևս անորոշ է։ 

Միաժամանակ, այս տարբերակը, ամենայն հավանականությամբ, քաղաքական առումով զգայուն և գործնականում դժվար իրագործելի է։ Ադրբեջանը դժվար թե համաձայնի այնպիսի կարգավորման, որը կարող է ընկալվել որպես անհամաչափ, հատկապես հաշվի առնելով նրա բանակցային ավելի լայն մոտեցումը, որը հիմնված է շարունակական ճնշման և առավելապաշտական դիրքորոշումների վրա։ Սահմանափակ վստահության և չկարգավորված անվտանգային լարվածության ներկա պայմաններում նման մոտեցումը կարող է դառնալ քաղաքական նոր լարվածությունների և անկայունության աղբյուր՝ փոխընդունելի կարգավորմանը նպաստելու փոխարեն։ 

դ) Ստատուս քվոյի պահպանում և իրավական ամրագրում սահմանազատման միջոցով

Անկլավների նկատմամբ ներկայիս վերահսկողության գծերը կարող են ամրագրվել որպես միջպետական ​​սահման։ Այս մոտեցումը կնվազեցնի իրավական անորոշությունը, կհանգեցնի անմիջական լարվածության նվազեցմանը և կկանխի նոր մեկուսացված տարածքային միավորների ձևավորումը։ Հայեցակարգային առումով այն համապատասխանում է unitas territorii սկզբունքին՝ պետության տարածքի ամբողջականությանը և անբաժանելիությանը, պահպանելով տարածքային միասնականությունն ու շարունակականությունը՝ միաժամանակ կանխելով մասնատված անկլավների վերակազմավորումը։

Գործնականում, այս տարբերակը նաև կնշանակի տարածքների փաստացի փոխանակում․ Հայաստանը կպահպանի վերահսկողությունը ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող նախկին ադրբեջանական անկլավների նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ Արծվաշենի նկատմամբ։ Քանի որ այս տարածքները, ընդհանուր առմամբ, համադրելի են իրենց մակերեսով, որոշ դիտորդներ այս տարբերակը համարում են ամենապարզ և առավել գործնական լուծումը, որը երկու կողմերին հնարավորություն կտա ամրապնդել տարածքային շարունակականություն ունեցող սահմաններ՝ միաժամանակ խուսափելով անկլավների վերականգնման հետ կապված մուտքի, տարանցման և անվտանգության բարդ խնդիրներից։ 

Սակայն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նման տարբերակը կարող է պահանջել համապետական հանրաքվե՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունները ենթակա են հանրաքվեով հաստատման։

Եզրակացություն

Ի վերջո, անկլավների հարցը չի կարող դիտարկվել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացից և տարածաշրջանային անվտանգության ավելի լայն միջավայրից առանձին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկլավները կայուն են հիմնականում այն պայմաններում, երբ առկա են առավել լայն քաղաքական հաշտեցում, փոխադարձ վստահություն, իրավական հստակություն, ինստիտուցիոնալ համագործակցության և տարածաշրջանային ինտեգրման գործնական գործիքակազմեր։ 

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում, որտեղ խաղաղության գործընթացը դեռևս խոցելի է ու անավարտ, ցանկացած կայուն կարգավորում կպահանջի ոչ միայն տեխնիկական սահմանազատման համաձայնագրեր, այլև աստիճանական կարգավորում, փոխադարձ երաշխիքներ, վստահության ամրապնդում և ավելի լայն հանձնառություն՝ սահմաններն առճակատման գծերից համակեցության ու փոխկապակցվածության գործիքակազմերի վերածելու համար։ 

Վերջապես, անկլավների հարցը հնարավոր չէ դիտարկել ավելի լայն անվտանգային համատեքստից առանձին՝ ներառյալ վերջին տարիների ռազմական ճնշումը, հարկադրական դիվանագիտությունը, դեռևս չավարտված խաղաղության գործընթացը և 2021–2022 թվականների ներխուժումներից հետո Հայաստանի սահմանամերձ տարածքներում ադրբեջանական ուժերի շարունակվող ներկայությունը։ Այդ պատճառով լուծումների հաջորդականությունն առանցքային է․ ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ըստ ամենայնի, պետք է նախորդի անկլավների հարցի կարգավորմանը կամ առնվազն իրականացվի դրա հետ զուգահեռ՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Հակառակ դեպքում անկլավների վերականգնման, վերակապակցման կամ փոխանակման փորձերը կարող են ոչ թե նպաստել կայուն, հավասարակշիռ և տևական խաղաղությանը, այլ խորացնել անհամաչափությունն ու փոխադարձ անվստահությունը։ 

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ