
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները թերևս ամենամրցակցայինն ու ընտրական առումով ամենաբարդն էին Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ։ Ընտրազանգվածի վարքագիծը միտված էր բազմակարծության, տեսանելի դարձավ սոցիալ-տնտեսական գործոններով պայմանավորված ընտրական միտում և քաղաքային ու գյուղական բնակչության միջև տարբերությունների կրճատում։ Ընտրություններին համեմատաբար բարձր և անսպասելի մասնակցությունը վկայեց, որ ձևավորվում է հակա ստատուս քվո տրամադրություններ, և որ ամրապնդվում ու համակարգվում է իշխանության ընտրազանգվածը։ Այս ընտրությունները նաև բացահայտեցին հայ ընտրողի քաղաքական հասունացման և ընտրական վարքագծի աճող բազմաշերտությունը։ Եթե նախկինում ընտրական նախապատվությունները հաճախ սահմանափակվում էին պարզ հակադրություններով՝ օլիգարխիա ընդդեմ ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիա ընդդեմ իրավական պետության, հովանավորչական համակարգ ընդդեմ քաղաքացիական հասարակության և այլն, ապա այս անգամ ընտրողի որոշումների վրա ազդող գործոնների շրջանակը զգալիորեն ընդլայնվել էր։ Քվեարկության վրա ազդեցություն էին ունեցել առողջապահությունը, կենսաթոշակային քաղաքականությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղական համայնքների խնդիրները, զբաղվածության հարցերը, Հայաստան–ԱՄՆ և ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունները, անվտանգային խնդիրներն ու խաղաղության գործընթացը, ինչպես նաև, իհարկե, տնտեսական վիճակը: Օրինակ՝ հակաիշխանական քվեն հնարավոր չէ պարզեցնել և ներկայացնել միայն որպես ռուսամետ կամ արևմտամետ դիրքորոշումների հակադրություն, ինչպես նաև իշխանամետ քվեն հնարավոր չէ մեկնաբանել բացառապես որպես հակառուսական կամ հակաօլիգարխիկ ընտրություն։ Մեծ հաշվով, այս ընտրությունները քանդեցին երկբևեռ տրամաբանությունը, որը երկար ժամանակ բնորոշել է ընտրողների նախապատվությունների կառուցվածքը։ Հայ ընտրողը փորձեց համադրել անձնավորված առաջնորդության իր նախապատվությունը ու քաղաքական առաջնահերթությունները։
Այս դիտարկումներն ամբողջացնելով՝ 2026-ի ընտրություններն առանձնանում են ևս երեք հիմնական պատճառով։ Նախ՝ դրանք ցույց տվեցին Հայաստանի ընտրազանգվածի աճող բազմաշերտությունը։ Արդյունքները ցույց տվեցին ոչ միայն այն, որ գործող իշխանությունը համախմբել է կայուն ընտրական հենարան, այլև այն, որ ընդդիմությունն համախմբվելու և հակաիշխանական դաշինք ձևավորելու զգալի կարողություն ունի։ Երկրորդ՝ սա Հայաստանի պատմության առաջին ժողովրդավարական ընտրություններն էին, որոնք ենթարկվեցին Ռուսաստանյան լայնածավալ, բազմաստիճան հիբրիդային և ապակայունացնող միջամտության՝ զգալի ճնշում գործադրելով Հայաստանի դեռևս ձևավորման փուլում գտնվող, սակայն լիարժեք չկայացած համակարգերի վրա։ Երրորդ՝ այն ցույց տվեց, որ «իշխանավարման գինը» կանխադրույթն այժմ իրականություն է Հայաստանում, քանի որ, թեև իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ, այնուամենայնիվ, ցուցանիշները նախորդ ընտրությունների համեմատ որոշակիորեն նվազել են․ իշխանավարման գինը սկսել է իր ազդեցությունը թողնել։
2026-ի ընտրությունների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս խորքային պատկերացում կազմել չորս հիմնական դասակարգերում․ 1) 2021 և 2026 թվականների ընտրություններում ընտրողների մասնակցության համեմատական գնահատում, 2) գործող իշխանության և հակաիշխանական դաշինքի ընտրական արդյունքների համեմատական գնահատում երկու ընտրությունների միջև, 3) Երևանից դուրս գտնվող խոշոր քաղաքներում հակաիշխանական ընդդիմության ցուցանիշների փոփոխություն, և 4) Երևանում իշխանական և հակաիշխանական խմբերի ցուցանիշների բաշխվածություն։
Թե՛ 2021, թե՛ 2026 թվականների ընտրություններում առաջատարն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ըստ այդմ, գործող իշխանության նկատմամբ ընտրողների նախապատվությունը պայմանավորված է Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության նկատմամբ ընտրողների վերաբերմունքով։ Հակաիշխանական կամ հակափաշինյանական ընդդիմությունը, որը հիմնականում բնութագրվում է որպես ոչ լիբերալ, ռուսամետ կամ երկուսը միաժամանակ, երկու ընտրություններում ներկայացված էր տարբեր խմբավորումներով։
2021-ի ընտրություններում այս խմբավորումը ներառում էր «Հայաստան» դաշինքը (երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ), «Պատիվ ունեմ» դաշինքը (երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության գլխավորությամբ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Քոչարյանի դաշնակից, գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ)։ 2026-ի ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքին փոխարինեց «Ուժեղ Հայաստանը»՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մինչդեռ «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը» պահպանեցին իրենց տեղն այդ խմբավորման կազմում։ Կառուցվածքային առումով՝ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությունը նախընտրեց լուծարել «Պատիվ ունեմ» դաշինքը և իր կուսակցական կառույցներն օգտագործել ի աջակցություն «Ուժեղ Հայաստանի»։ Բայց երկու դեպքում էլ հակափաշինյանական ընդդիմությունն ընտրություններին մասնակցեց որպես ոչ պաշտոնական դաշինք՝ հավաքականորեն ներկայացնելով իշխող կուսակցությանը դեմ արտահայտված ընտրազանգվածի նախապատվությունը։
Մասնակցությունն ընտրություններին
2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1,281,313 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես 49,4 տոկոսը։ 2026-ին մասնակցությունը հասել է 58,76 տոկոսի՝ 1,472,950 ընտրող։ Այսպիսով, 2026-ին ընտրություններին մասնակցել է շուրջ 191,600-ով ավելի մարդ՝ ավելացնելով ընտրողների մասնակցությունը շուրջ 9,3 տոկոսով։ Բացարձակ թվերով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավելացրել է իր ձայների քանակը 38,000 ընտրողով, մինչդեռ հակափաշինյանական դաշինքի օգտին քվեարկած ընտրողների թիվն աճել է շուրջ 156,700-ով։ Համեմատական առումով՝ 2021-ի համեմատ, հակաիշխանական ուժերին հաջողվել է համախմբել չորս անգամ ավելի շատ ընտրող, քան «Քաղաքացիական պայմանագիրը»։
Այս զգալի տարբերությունը վկայում է երկու կարևոր հանգամանքի մասին։ Նախ՝ չնայած հակաիշխանական ընդդիմությունն բարելավեց իր արդյունքները, իշխող կուսակցության ընտրազանգվածը ոչ միայն պահպանվեց, այլ նաև աճեց։ Երկրորդ՝ այն, որ հակաիշխանական ուժերը կարողացան չորս անգամ ավելի շատ նոր ընտրողների համախմբել, քան իշխող ուժը, ceteris paribus (այլ հավասար պայմաններում), հստակորեն ցույց է տալիս, որ «իշխանավարման գինը» կամ «կառավարման գինը» կանխադրույթը մուտք է գործել Հայաստանի ընտրական տիրույթ, և ապագա համապետական ընտրությունների ժամանակ, եթե իշխող կուսակցությունը մասնակցի Փաշինյանի գլխավորությամբ, ապա, այս կանխադրույթի տրամաբանությամբ, իրենց ստացած ձայների մասնաբաժինը կնվազի շուրջ 2,25–4 տոկոսով։
Սոցիալ-ժողովրդագրական տեսանկյունից ընտրողների մասնակցության վերաբերյալ արձանագրված տվյալներն բացահայտում են երկու ուշագրավ միտում։ Առաջին՝ ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ի ընտրություններում կանանց քվեարկության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանցինից (շուրջ 7 տոկոս), թեև տղամարդ ընտրողների թիվը 2026-ին փոքր-ինչ աճել է (մոտ 1,3 տոկոս)։ Կին ընտրողների համեմատաբար կայուն և բարձր մասնակցությունը գործող իշխանության ընտրական հենարանի պահպանման հիմնական գործոններից մեկն է, քանի որ համամասնորեն ավելի շատ կանայք են իրենց ձայնը տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քան տղամարդիկ։ Երկրորդ՝ ընտրողների տարիքային բաշխվածությունը ևս հնարավորություն է տալիս հասկանալու, թե որ տարիքային խմբում է հակաիշխանական ընդդիմությունն արձանագրել աճ, և որ խմբում է իշխող ուժը համախմբել իր ընտրազանգվածը։

Ինչպես բնորոշ է ժողովրդավարական երկրների մեծ մասին, երիտասարդների ընտրական մասնակցությունը մնացել է համեմատաբար ցածր և 2026-ին նույնիսկ փոքր-ինչ նվազել է, ինչը վկայում է, որ երիտասարդ ընտրողները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն, առանձնանում են երկու տարիքային խմբեր՝ 35–50 տարեկանները և 65 տարեկանից բարձր ընտրողները։ 35–50 տարեկանների խմբում մասնակցությունը զգալիորեն աճել է 2021-ի համեմատ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2021-ին 18–35 տարեկանների միջակայքում գտնվող ընտրողների մի մասը 2026-ին տեղափոխվելով 35–50 տարեկանների խումբ, ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ են ցուցաբերել։ Միաժամանակ, հիմնավոր է ենթադրել, որ այս տարիքային խմբի զգալի մասն իր ձայնը տվել է հակաիշխանական ընդդիմությանը, ինչն էլ դարձել է հակափաշինյանական ուժերի աջակցության աճի հիմնական գործոններից մեկը։
Ավելի զարմանալի է 65 և բարձր տարիքային խմբի ձայների մասնաբաժնի կտրուկ աճը․ նրանց մասնակցությունը ավելացել է ավելի քան 100,000-ով։ Այս դեպքում նույնպես, դժվար չէ եզրակացնել, որ այս տարիքային խմբի զգալի մասը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, քանի որ առկա բոլոր տվյալները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության հիմնական ընտրազանգվածը շարունակում է մնալ բարձր տարիքային խմբում։
Ընդհանուր առմամբ, երիտասարդների կայուն ցածր ընտրական մասնակցության և 50–65 տարեկանների խմբի համեմատաբար անփոփոխ մասնակցության պայմաններում նկատվում է, որ քառասունն անց ընտրողները հետևողականորեն ձևավորում են հակաիշխանական ընտրազանգվածը, մինչդեռ ավելի տարեց ընտրողները շարունակում են ամրապնդել գործող իշխանության ընտրական հենարանը։ Այս միտումը, ամենայն հավանականությամբ, առավել ակնառու կդառնա 2028-ի Երևանի ավագանու ընտրություններում, ինչպես նաև 2031-ի խորհրդարանական ընտրություններում, քանի որ այսպես կոչված «թավշյա» ընտրազանգվածը ծերանում է, մինչդեռ համեմատաբար երիտասարդ ընտրողների քաղաքական նախապատվությունները առավել հաճախ միտված են լինել հակաիշխանական։
Ընդհանուր արդյունքները
Ընդհանուր արդյունքները վկայում են գործող իշխանության շարունակական կայունության մասին. «Քաղաքացիական պայմանագիրը» ապահովել է երրորդ անընդմեջ հաղթանակը՝ չնայած «իշխանավարման գնին» բնորոշ խնդիրներին։
Միևնույն ժամանակ, արդյունքները ցույց են տալիս, որ 2021-ի համեմատ ընտրական նախապատվություններում տեղի է ունեցել մոտ 11 տոկոսի տեղաշարժ. «Քաղաքացիական պայմանագրի» արդյունքը նվազել է շուրջ 4 տոկոսով, մինչդեռ հակափաշինյանական խմբավորման աջակցությունն աճել է շուրջ 7 տոկոսով։ Հետաքրքրական է, որ հակափաշինյանական ուժերի ցուցանիշները բարելավվել են ոչ թե Երևանում (որը սովորաբար դիտարկվում է որպես հակաիշխանական ընտրողների ամենամեծ կենտրոնացում ունեցող քաղաք), այլ մարզերի խոշոր քաղաքներում։ Համեմատական առումով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» իրականում փոքր-ինչ ավելի բարձր արդյունք է գրանցել Երևանում և Վայոց ձորում, մինչդեռ անկում՝ մնացած մարզերում և այդ մարզերի խոշոր քաղաքներում։

2021-ի ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական արդյունքների ամենամեծ անկումը գրանցվել է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ ընդհանուր առմամբ արձանագրվել է շուրջ 9,3 տոկոսով նվազում։ Նրանց արդյունքները Արագածոտնում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում հիմնականում համահունչ էին «իշխանավարման գնով» պայմանավորված նվազմանը, մինչդեռ Երևանում և Վայոց ձորում արձանագրված աճը չնչին էր։ Մյուս կողմից, թեև հակաիշխանական ընդդիմության արդյունքները 2021-ի համեմատ բարելավվել էին, սակայն բավարար չէին ընտրությունների ելքը վիճարկելու համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է բոլոր ընտրատարածքներում, այդ թվում՝ Երևանում, որը համարվում է հակաիշխանական տրամադրությունների հիմնական առանցքը։ Միաժամանակ հակաիշխանական երեք քաղաքական ուժերի հարաբերական և համատեղ առաջընթացը չվերածվեց իրական մրցակցային ընտրապայքարի։ Այդուհանդերձ, վերլուծական տվյալները ցույց են տալիս, որ հակաիշխանական արդյունքները բարելավվել են 12 ընտրատարածքներից 11-ում։

Երկու քաղաքական բևեռների ընտրական արդյունքների փոփոխության համեմատական պատկերը ցույց է տալիս, որ թեև հակաիշխանական ընդդիմությունը բարելավել է իր ընտրական արդյունքները, այնուամենայնիվ վերջնական հաշվարկով շարունակել է զգալի տարբերությամբ զիջել գործող իշխանությանը։

Ինչպես ցույց է տալիս վերոնշյալ աղյուսակը, հակաիշխանական ուժերի օգտին տրված ձայների թիվը զգալիորեն աճել է Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Երևանում, Սյունիքում և Վայոց ձորում այն մնացել է համեմատաբար կայուն։ Լոռու մարզում հակաիշխանական ձայների զգալի աճը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ծնունդով այդ մարզից է։ Հետևաբար, ընդդիմադիր ուժերի համատեղ արդյունքների գերազանցումը տվյալ մարզում ունի հստակ բացատրություն։ Նույն կերպ, Գյումրիում հակաիշխանական քվեի աճը կարելի է կապել 2025-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր հարաբերական մեծամասնություն, սակայն ընդդիմադիր տարբեր ուժեր միավորվեցին՝ կազմելով կոալիցիոն ավագանի։ Այնուամենայնիվ, Արմավիրում և Տավուշում արձանագրված ցուցանիշները բավականին ուշագրավ են, քանի որ Արմավիրը սովորաբար համարվել է վարչապետ Փաշինյանի ընտրազանգվածային հենարանի մի մասը, իսկ Տավուշն առանձնանում է նրանով, որ հենց այդ մարզից է վարչապետը։
Այս մարզերում հակաիշխանական քվեի զգալի աճը ոչ միայն ցույց է տալիս «իշխանավարման գնի» ազդեցությունը, այլև մատնանշում է, որ իշխող կուսակցությունը շուտով կարող է բախվել «դժգոհության անհամաչափության տեսությանը»։ Այս տեսության համաձայն՝ իշխող ուժի իրականացրած դրական փոփոխությունները հասարակական ընկալման վրա համաչափ ազդեցությունը չեն ունենում, ինչ իշխանության նկատմամբ առկա բացասական գնահատականները։ Ավելի պարզ ասած՝ եթե իշխող կուսակցությունն անում է 10 դրական ու ժողովրդականություն վայելող քայլ, բայց կա 3 հարց, որոնցից քաղաքացիները դժգոհ են կամ բողոքներ ունեն, ապա այդ 3 հարցը շատ ավելի մեծ ազդեցություն կունենան իշխող ուժի նկատմամբ հանրային ընկալման վրա, քան 10 դրական քայլերը։ Հենց այս անհամաչափությունն էլ ընկած է «դժգոհությունների անհամաչափության տեսության» հիմքում։ Այս տեսությունը վերաբերում է բացառապես գործող իշխանությանը, հետևաբար, «իշխանավարման գնի» ազդեցության կարևոր մասն է։ Ավելին, քանի որ այն կենտրոնացած է բացառապես իշխող ուժի վրա, նվազեցնում է նաև ընդդիմության գործոնն իր օգտին որպես լծակ օգտագործելու վերջինիս հնարավորությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիներն իշխող ուժի նկատմամբ ունեն շատ ավելի բարձր ակնկալիքներ, քան իշխանության հավակնորդների նկատմամբ, ուստի ընդդիմության թերություններն ու գործող իշխանության ձեռքբերումները հավասարակշռության մեջ չեն։ Պարզ ասած՝ ընտրողները սկսում են պարզապես վստահել նոր մրցակցին՝ միաժամանակ իրենց դժգոհություններով անհամաչափորեն թիրախավորելով գործող իշխանությանը։ Այս երևույթի հնարավոր դրսևորումները նկատելի են քաղաքային և գյուղական բնակավայրերում ձայների բաշխվածության վերլուծության մեջ, հատկապես՝ քաղաք-գյուղ տարբերության կրճատման մեջ. սա ցույց է տալիս, որ հակաիշխանական տրամադրությունների աճը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլև գյուղական բնակավայրերին։
Քաղաքները
2021-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» գերակայությունը մարզերի խոշոր քաղաքներում համահունչ էր այդ մարզերում կուսակցության ընդհանուր բարձր ցուցանիշներին։ Մարզերում (Երևանից զատ) գործող իշխանության աջակցությունը վստահորեն պահպանվում էր շուրջ 60 տոկոսի միջակայքում, մինչդեռ Երևանում այն մնում էր 40 տոկոսից ցածր։ Երևանից դուրս գտնվող ինը խոշոր քաղաքներում «Քաղաքացիական պայմանագիրը» միջինում ստացել էր 57,6 տոկոս, ինչը մոտ էր մարզերի ընդհանուր միջին՝ 60 տոկոս ցուցանիշին։ Հենց այս տվյալների հիման վրա է խոսվում քաղաք–գյուղ ընտրական տարբերության մասին, քանի որ երկու միջավայրերի միջև ընտրական նախապատվությունների տարբերությունը բավական զգալի էր։ Սակայն 2026-ի ընտրություններում այս պատկերը որոշակի փոփոխության է ենթարկվել, քաղաք–գյուղ ընտրական տարբերությունը կրճատվել է։ Գյուղական բնակավայրերում գործող իշխանության ստացած ձայների միջին մասնաբաժինը նվազել է 60 տոկոսից մինչև 54,5 տոկոս, իսկ Երևանից զատ ինը խոշոր քաղաքներում՝ 57,6 տոկոսից իջել 51,5 տոկոսի։ Միևնույն ժամանակ, Երևանում ցուցանիշները մնացել են գրեթե անփոփոխ։ Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը գյուղական բնակավայրերում՝ զգալիորեն գերազանցելով ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սակայն, եթե տվյալների մանրամասն վերլուծությամբ դիտարկվեն կուսակցության ընտրական արդյունքների փոփոխության միտումները, ապա իշխող ուժի ձայների անկումն ակնհայտ է։


Հակաիշխանական խմբավորման ձայների աճը հստակորեն արտացոլում է «Քաղաքացիական պայմանագրի» քվեների հարաբերական անկումը, սակայն նույնիսկ արձանագրված անկման տիրույթում «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս գերազանցում է հակափաշինյանական բոլոր երեք կուսակցություններին միասին։ Միակ բացառությունը Աբովյան քաղաքն է, որտեղից է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ինչպես երևում է վերոնշյալ աղյուսակից, ընտրական արդյունքներն այս քաղաքներում ամենևին էլ մրցակցային չեն եղել (բացառությամբ Աբովյանի, որն առանձնակի դեպք է), և հակաիշխանական խմբավորումների արդյունքների բարելավումը որևէ փուլում ընդհանուր ընտրությունները մրցակցային չդարձրեց։ Այնուամենայնիվ, վերլուծական և միտումների ուսումնասիրության տեսանկյունից հակաիշխանական ուժերի օգտին քվեների տեղաշարժերի դիտարկումն ու մանրամասն վերլուծությունը հիմնարար նշանակություն ունեն՝ փորձագիտական գնահատական տալու, թե «իշխանավարման գնի» և «դժգոհությունների անհամաչափության» տեսությունների ազդեցությունն ինչ կերպ կարող է դրսևորվել առաջիկա՝ 2026-ի ՏԻՄ և 2028-ի Երևանի ավագանու ընտրություններում։
Սա մեզ բերում է երկրի ամենամեծ ընտրատարածք՝ Երևան։ Թեև նախորդ վերլուծությունը ցույց է տալիս քաղաք–գյուղ ընտրական նախապատվության տարբերության կրճատման միտումը, իշխող կուսակցության՝ Երևանում իր ընտրազանգվածային հենարանը պահպանելու կարողությունը հուշում է հակադարձ երևույթի մասին։ Սա նշանակում է, որ թեև գյուղական բնակավայրերում հակաիշխանական քվեի թիվն ավելացել է, այն էական աճ չի արձանագրել Երևանում, որը համարվում է հակաիշխանական ընտրական նախապատվությունների հիմնական կենտրոնը։ «Քաղաքացիական պայմանագիրը» համեմատաբար ավելի թույլ արդյունքներ է գրանցել իր ավանդական հենարաններում՝ Երևանից դուրս գտնվող տարածքներում, մինչդեռ Երևանում, որը համարվում է նրա համեմատաբար թույլ ընտրական հենարանը, ընտրական աջակցության նվազում չի արձանագրվել, որը փորձագիտական առումով հետաքրքրական է։

2026-ի ընտրություններում, ճիշտ այնպես, ինչպես 2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն կրեց Երևանի չորս վարչական շրջաններում, իսկ մնացած ութում պահպանեց հաղթանակը։ Թեև վարչական շրջանների մեծ մասում ցուցանիշները գրեթե անփոփոխ էին՝ տատանվելով առավելագույնը մեկ տոկոսով, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ պահպանել իր դիրքերը Երևանի երկու ամենաբարեկեցիկ վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրում գրանցած բարձր արդյունքների շնորհիվ։ 2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» Արաբկիրում ստացել էր ձայների 31,4 տոկոսը, իսկ Կենտրոնում՝ 31,2 տոկոսը։ 2026-ին թեև այդ վարչական շրջաններում կուսակցությունը կրկին պարտվել է, այդուհանդերձ, բարելավել է իր արդյունքները՝ Արաբկիրում ստանալով 35,6 տոկոս, իսկ Կենտրոնում՝ 36 տոկոս։ Հաշվի առնելով, որ Կենտրոնն ու Արաբկիրը Երևանի ամենախիտ բնակեցված և տնտեսական առումով առավել բարեկեցիկ վարչական շրջաններից են, գործող իշխանության՝ այդ երկու վարչական շրջաններում ընդհանուր առմամբ շուրջ 10 տոկոսով ավելի բարձր արդյունք գրանցելու կարողությունը Երևանում հակաիշխանական տրամադրությունների միտումները գնահատելիս ամենաանսպասելի երևույթներից էր։
Եզրակացություն
2026-ի ընտրությունների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս Հայաստանի ընտրազանգվածի աճող խրթինությունը ու բազմաշերտությունը։ Մարզերում արձանագրված տեղաշարժերը, քաղաք–գյուղ ընտրական տարբերության կրճատումը և գործող իշխանության՝ Երևանում գրանցած անսպասելի արդյունքները վկայում են, որ Հայաստանում ընտրազանգվածի վերաբերյալ նախկին պատկերացումներն ու վերլուծական մոտեցումները վերանայման կարիք ունեն։ Հայաստանի ընտրողների վարքագիծը չի սահմանվում պարզ աշխարհաքաղաքական երկբևեռությամբ կամ ընտրողների նախապատվությունների մակերեսային դատողություններով։ Թեև գործող իշխանությունը պահպանեց իր գերակա դիրքը ընտրական դաշտում, սակայն հակաիշխանական քվեն նույնպես կայացրեց իր կայուն ընտրազանգվածային հենարանը։ Եթե գործող իշխանությունն արդեն իսկ ձևավորել, ամրապնդել և յուրայնացրել է իր կողմնակիցների շրջանակը, ապա հակաիշխանական ընտրազանգվածը դեռևս չունի միասնական առաջնորդ և հստակ համախմբվածություն։ Հետագա ընտրությունները ցույց կտան, թե արդյոք այդ ընտրազանգվածը կձևավորվի որպես համախմբված քաղաքական ուժ, թե կշարունակի մնալ դժգոհությունների անհամաչափության տրամաբանությամբ առաջնորդվող, փոփոխական կազմով ընտրողների դաշինք։
Ինչպես ցույց են տալիս ստորև ներկայացված արդյունքները, այս ընտրությունները որևէ կերպ նեղ մրցակցային չեն եղել, իսկ եթե հակափաշինյանական ճամբարը դիտարկվի ոչ թե որպես ամբողջություն, այլ առանձին քաղաքական ուժերի համախումբ, ապա գործող իշխանությունը տարել է ջախջախիչ հաղթանակ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն է, ընտրողների քաղաքական նախապատվությունները գնահատելիս առավել ճշգրիտ է կիրառել խմբակային վերլուծության մոտեցումը։ Թեև նույնիսկ այդ դիտանկյունից ընտրությունները չեն եղել նեղ մրցակցային։ Այնուամենայնիվ, թվերը բացահայտում են ընտրողների վարքագծի, քվեների տեղաշարժի և քաղաք–գյուղ ընտրական տեղաշարժերի մի շարք կարևոր միտումներ։

Վերջապես, 2026-ի ընտրական գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է խիստ խոցելի մնալ թե՛ արտաքին լայնածավալ ապակայունացնող գործողությունների, ինչպես Ռուսաստանի կողմից հիբրիդային գործիքակազմի լայն կիրառումը, թե՛ ռուսական ազդեցության ներքո գործող քաղաքական ուժերի նախաձեռնած ընտրակաշառքի համակարգված արշավի նկատմամբ։ Քանի որ այս վերլուծությունը հիմնված է բացառապես փաստական տվյալների վրա, այն ձեռնպահ է մնում նման գործոնների ազդեցության վերաբերյալ ենթադրություններ անելուց՝ թե՛ ընտրությունների արդյունքների, թե՛ տվյալների վերլուծության մեկնաբանության առումով։ Այնուամենայնիվ, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին սպառնացող վտանգների և ժողովրդավարության ամրապնդման ընթացքի համադրված գնահատումը թույլ է տալիս առանձնացնել երեք կարևոր դիտարկում։
Նախ՝ հակաիշխանական քվեն ինքնին հակաժողովրդավարական քվե չէ, այլ ժողովրդավարական գործընթացի միջոցով քաղաքական դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտելու ձև։ Անկախ նրանից, թե ինչ ծավալով են կիրառվել ընտրակաշառքը կամ վարչական կարողությունները, առկա տվյալները չեն վկայում, որ դրանք վճռորոշ ազդեցություն են ունեցել ժողովրդի կամարտահայտության կամ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Այս առումով հայաստանյան հասարակությունն աստիճանաբար սովորում է քաղաքական տարաձայնություններն ու քաղաքական նախապատվությունները լուծել ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Երկրորդ՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությունը նաև ապագայում կմնա Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերներից մեկը։ Դրա ազդեցությունը նվազեցնելու լավագույն միջոցը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ նոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ձևավորումն է, որոնք կկարողանան համախմբել հակաիշխանական ընտրազանգվածը։ Հայաստանին անհրաժեշտ են նոր, երիտասարդ առաջնորդներով և ժողովրդավարական արժեհամակարգով ընդդիմադիր կուսակցություններ։ Երրորդ՝ Հայաստանի այլընտրանքային ժողովրդավարական քաղաքական ուժերը, ընտրական առումով, փաստացի կորցրել են իրենց ազդեցությունը։ Դրանցից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու անհրաժեշտ ընտրական շեմը, իսկ Երևանից դուրս ոչ մեկը նույնիսկ չի գերազանցել ձայների մեկ տոկոսի սահմանը։
Այս առումով, եթե Հայաստանի ընտրողները գնալով դրսևորում են ավելի հասուն և բազմաշերտ քաղաքական վարքագիծ, ապա նույնը չի կարելի ասել քաղաքական կուսակցությունների մասին։ Ձևավորվող քաղաքական մշակույթի և դեռևս չկայացած կուսակցական համակարգի միջև խորացող անհամապատասխանությունը կարող է դառնալ Հայաստանի ժողովրդավարության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը։ Ոչ մի գործող իշխանություն չի կարող անվերջ մնալ իշխանության, իսկ «իշխանավարման գնի» ազդեցությունը ժողովրդավարական բոլոր համակարգերին բնորոշ կայուն օրինաչափություն է։ Հարցն այն է, թե Հայաստանի ընտրական համակարգն ինչպես կարձագանքի այս գործընթացին, և արդյոք ընտրական աջակցությունն աստիճանաբար կորցնող գործող իշխանությունը կկարողանա նպաստել բազմակարծ քաղաքական այլընտրանքների ձևավորմանն ու կայացմանը, որոնք կկարողանան համախմբել հակաիշխանական ընտրազանգվածը և, այդպիսով, նպաստել արտաքին ազդեցության գործակալներից զերծ, առողջ ժողովրդավարական համակարգի ձևավորմանը։
