


Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Իմ մանկության շրջանում Դալմայի այգիները սկսվում էին Ծիծեռնակաբերդի բլրից, հարևանում Թումոյի այգուն ու տարածվում դեպի հարավ-արևմուտք։ Հետո այդ հսկա կանաչ աչքից, որտեղ հինավուրց պատմության հետքեր կարող էիր հանդիպել, մնացին փոքրիկ կտորներ։
Քովիդի ժամանակ, մի քիչ բույս ու կանաչ գտնելու ակնկալիքով, թաքնվում էինք Դալմայի այգիներից մնացած պատառիկներում: Մենք այնտեղ տերեփուկներ էինք գտել. բուռ-բուռ աճում էին փոսերիզներին։ Երևանում ոչ մի տեղ տերեփուկ չեմ տեսել։ Կապույտ են, որ հասնում են՝ մոսմոռ են դառնում։
Ընդհանրապես, կապույտ ծաղիկներ քիչ կան Երևանում. Հրազդանի ձորի ափերը գարնանը լալա ու դեղին են, կապույտ չկա։ Իսկ Դալմայի այգիներն իրենց նեղ, երկար դարուփոսերում լազուր զարդակար ունեին։






Երեխեքիս հետ, ամենամոտ բնության կտորիկ մը գտնելով, փայփայում էինք մեր աչքերը վայրի կանաչով։ Ամեն տարի, մայիսից մի քանի օր առաջ, պիտի բացվեին։ Գիտեինք արդեն. աղջնակիս ծննդյան նախօրերին էին համընկնում, ու որպես նախածնունդի նվեր` տերեփուկները բացում էին իրենց թագերը, որ կրկնեն տարեկան ցուցահանդեսը` ամեն անգամ նոր թփուտավոր սեթինգով։ Հին թթենիների ու ցոգոլի ապրած մանկությունը կարող էիր կարդալ ծառուղիներով անցնելուց։ Կամ լքված նստարանի պատումները որոնել այն սարքողի թողած հետքերում։ Դալմայի այգիների քամին Երևանյան անցնող պատմությունների, հին հնձանների տխուր հոտ էր իջեցնում մտքիդ։







Հիմա էստեղ բետոնե անտառ է։ Շնչում ենք շինարարության ցեմենտի փոշին, արտաշնչում` սեփական թոքերի ավազոտ մնացորդները։ Հսկայական հեկտարներից կանաչի ձևական կտոր անգամ չի մնացել։
Մտածում էի` ինչ սիրուն կլինեին էս արահետները, եթե բացի նախշուն օձերից ու մլակների բզզոցից զբոսաշրջիկներն ու մենք բզզայինք, թափառեինք… ու փայտե ցուցանակներ կախվեին մեր քայլերին առընթեր, որոնք ցույց կտային, որ յուրաքանչյուր այգու կտորում մի աշխատարան է գործում: Ասենք` ոմն արծաթագործի, ում հետ կզննեիր հին ու նոր նախշեր, իր այգու խորքում, կստեղծեիր քո արծաթիկն ու պատվերդ առած կուրախանայիր ինքդ քեզ արած նվերի համար։ Կամ այլ արհեստանոցներ, արվեստաբներ, գրական ակումբիկ, խաղողի մառան, հայկական գաթատուն, ղահվեի ըմպանոց… աշխատարաններ, որոնք հին հայկական հյուղակներ կհիշեցնեին, նոր գործերով… ու կդառնար Դալմայի այգին Երևանի սրտի կանաչ դարմանը, որտեղից ցոգոլ ու շլոր կարելի է մեկ-մեկ գողանալ կամ ցոգոլագողի փառատոն կազմակերպել։


Թե չէ, բացի մոլերից (ի դեպ համանուն մեկը հառնում է հենց այգիների վերևում) էլ գնալու տեղ չի մնացել։ Սինթետիկ զվարճանքների պակաս չկա, ինչպես Երևանի անունը կրող ատրակցիոնանիստ պարկում, որ այգի չէ բնավ, լանջել է Դալմայի այգիների կտորներից մեկը` կոսմետիկ ծառաշարերով։ Ոնց կասեր դասականը դեռևս 19-րդ դարում` այժմ գիտությունն ու արվեստը թողել են իրենց համեստ աշխատասենյակները և դուրս են եկել ծառայելու բարձր հասարակության մոդային։ Եվ այսպես, տիկնայք ու պարոնայք, ամեն տարի էս պատառիկը կտոր առ կտոր խժռվում էր նորանոր շենքերի կողմից (բնակարաններ, բնակելի շենքեր, բնակելի թաղամասեր, բիզնես կենտրոններ, ավտոկայանատեղիներ…), որ հիմա բանակ են դարձել։




Իսկ տերեփուկները ես արմատահան էի անում ու վերատնկում մեր շենքի տակի պստի այգում. գիտեի, որ հաջորդ տարի էքսկավատորը, կռունկն ու թրթուրանիվը կմաշկեն նրանց հողի սիրտն ու տերեփուկ էլ չի մնա։ Ծիրանենիներն ու խարջի, մսխալի և մյուս վերացող հին խաղողի վազերն արմատահան անել չէի կարող, թերևս դրանք տնկելու տեղ էլ չէի ունենա. բնակելի շենքերի բակերն էլ մետաղաբետոնե ավտոտնակների շքերթ են կազմել շենքերի արանքներում։ Այնպես որ ծառի, կանաչի համար այստեղ էլ տեղ չկա։
Բնավ չեմ ուզում նվաստացնել խաղապարկերի, մոլերի, կայանատների պետքությունը։ Բայց երևանյան մանչերի փոքրիկ թոքերը չէ, որ պիտի փակեն պարկային խաղերի հաշիվը: Ոչ էլ մոլերը, ավտոկայանատեղիներն ու բիզնեսկենտրոնները պիտի հառնեին երևանյան այգիների տեղերում։ «Կարիքի ու ուզում»-ի միջև, կասեինք մենք մեր մանչերին, բավական ընդգծուն տարբերություն կա, երբ նրանք շփոթեին կարիքն ու կամակոր ցանկությունը։ Սակայն մենք՝ մեծերս, ապրում ենք ուզումների գերկարևորության ժամանակներում, ուր անգամ օրգանական կարիքներն արտամղվում են այնքան մեծ եռանդով, որ շնչելու օդն այլևս, որպես բնական կարիք չի դիտարկվում:



Երևանի մասին խոսելիս դիսոնանս է առաջանում. չգիտեմ որ Երևանի մասին եմ խոսում, այն հին թամանյանական, թարխանյանական, թորոսյանական… մի քիչ արխայիկ արվարձաններով, թթենիների մատենագրությամբ, ուր ամեն բակով անցնելիս գոնե մի թութ թքում էր վրադ ու քաղցրացնում շապիկդ, թե այլակերպված մի անծանոթ քաղաքի, որ բնապահպանական, քաղաքաշինական ու առողջապահական աղետ է դառնում։ Ու, եթե Երևանը մենք ենք, ինչպես երգվում է երգում, ուրեմն ո՞վ ենք մենք և ո՞ւ՞մ ենք արտացոլում։

Ծանոթագրություն
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև պարփակված հատվածում էին գտնվում Դալմայի այգիները, որոնք Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգիներն էին։
Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ, յուրօրինակ պատմամշակութային համալիր էին, որոնք հնագիտական մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի համար։
Մինչև 2000 թվականը Դալմայի այգիներն ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր։ Սակայն 2003-ին, անհասկանալի պատճառներով, այգու տարածքից դուրս մնաց ևս 277 հա տարածք։
Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է ավելի քան հազար տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։
Երևանի այգիների, մասնավորապես՝ Դալմայի մասին, տեղեկություններ են հաղորդում Ղևոնդ Ալիշանը, Երվանդ Շահազիզը, եվրոպացի ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն, Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, ցարական պաշտոնյա Իվան Շոպենը և այլոք:
Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Արձանագրությունում ասվում է. «Այգու տարածքը պատահական չի ընտրվել։ Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմաններն առավել նպաստավոր են այգեգործության համար»։
Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 256 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։

— Կուարլինե դաշտի հողը «շուլե» էր, Ոչ մի բան այնտեղ չկար։ Հենց որ Խալդեն կարգադրեց, ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի։ Մի ջրանցք Իլդարունի գետից անցկացրի` ՙՈւմեշե՚ անունով, սույն Ռուսայան դաշտին։ Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող Խալդեին ողջակիզեն, մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն, մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին։ Ռուսա Արգիշթորդու կողմից, որը արքա է հզոր, արքա մեծ արքայության Աշխարհիս։ Արքա Վանեցոց, Արքա արքայոց և արքա Տոսպ քաղաքին։ Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ անունս ջնջի և իր անունը գրի, լինի նա Վանեցի, լինի լուլուրեցի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե՛ անունը, թե՛ սերունդը երկրի վրա չթողնեն։
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645 թթ.)
Տեքստը` Դիանա Գալստյանի։
