2020 թվականի սկիզբը Հայաստանում զբոսաշրջային երկու սպասումով նշանավորվեց, ինչպես և նրանով, որ դրանք հազիվ թե իրականություն դառնան՝ առնվազն այս տարի։
Նախ Ryanair և Wizz Air լոուքոսթերները, ի վերջո, մուտք գործեցին հայաստանյան շուկա։ Իսկ սա նշանակում էր, որ 60-150 եվրոյով կարելի է հասնել Եվրոպա, օրինակ, Իտալիա կամ Գերմանիա։ Հայաստանը դեռ նոր-նոր էր սկսել հարմարվել այս իրողությանը, երբ կորոնավիրուսի տարածման տեմպի հետ չեղարկվեցին ավիափոխադրող գրեթե բոլոր ընկերությունների թռիչքները։
Արտասահմանում հանգստի անհնարինությունը կարող էր ոտքի կանգնեցնել հայաստանյան ներքին զբոսաշրջությունը, սակայն այս հնարավորությունն էլ կարծես թե բաց թողնվեց:
Զբոսաշրջությունը թվերով. արտագնա և ներգնա տուրիզմ
Դեռ 2018-ին Bloomberg-ը Հայաստանը ներառել էր Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների տասնյակում (10-րդ հորիզոնական)։ Պարբերականը նշում էր, որ զբոսաշրջիկները կարող են այցելել մայրաքաղաք Երևան և այն հմայիչ համարել, ծանոթանալ երկրի ավանդույթներին՝ այցելել կոնյակի գործարաններ, գորգագործներին, լսել հոգևոր երգեր հին վանքերում և սովորել լավաշ թխել: Bloomberg-ում կանխատեսում էին, որ Հայաստանի զբոսաշրջության ցուցանիշներն աճելու են տարեկան 18,65%-ով։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2020 թ. փետրվարին հրապարակած տվյալների՝ վերջին տասը տարիներին (2009-2019 թթ.) Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 1,3 միլիոնով: Եթե 2009-ին Հայաստան է եկել մոտ 587 հազար զբոսաշրջիկ, ապա 2019-ին նրանց թիվը կազմել է 1,8 մլն։ 2018-ի համեմատ անցյալ տարվա ցուցանիշը ավելի է 14.7%-ով:
Զբոսաշրջային ոլորտում տարեկան ցուցանիշների շարունակական աճ գրանցվում է 2006-ից։ Բացառություն է եղել միայն 2015-ը, երբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 11 հազարով պակաս է եղել, քան 2014-ին:
2016 թվականին Հայաստան է ժամանել 1,26 մլն զբոսաշրջիկ՝ 67 հազարով ավելի, քան 2015-ին։ 2017-ին այդ ցուցանիշը եղել է 1,5 մլն՝ 18,7 %-ով ավելի, քան 2016-ին։ 2018 թվականին արդեն զբոսաշրջիկների թիվը հասել է 1,65 մլն-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 11%-ով։
Հայաստանի զբոսաշրջային ցուցանիշների կայուն աճ արձանագրում է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջային մրցունակության ինդեքսը:
Զբոսաշրջային Հայաստանը գրավիչ է հատկապես հարևանների համար։ Մեր երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն ամենից հաճախ նախընտրում են Ռուսաստանում, Վրաստանում և Իրանում։ Հայաստան ժամանողների շուրջ 31%-ը Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են, 69%-ը՝ օտարերկրացիներ: Ըստ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության՝ Հայաստան այցելողների շուրջ 50%-ին մեր երկիրը հետաքրքիր է իր մշակույթով, 19%-ին գրավում է բնությունը, 16%-ին՝ ժամանցի հնարավորությունները: Մնացած 13%-ը Հայաստանը դիտարկում է որպես գործարար, արկածային և առողջարանային զբոսաշրջություն երկիր:
Փոքր չէ նաև Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը։ Այսպես, վերջին հինգ տարիներին որպես զբոսաշրջիկ Հայաստանից մեկնել է տարեկան շուրջ 1,5 մլն մարդ: 2017-ին այդ թիվը կազմել է 1,62 մլն, 2019-ին՝ արդեն 1,86 մլն։ Մարդիկ, որոնք ստիպված են հաշտվել մտքի հետ, որ այս տարի հանգիստն Հայաստանից դուրս հնարավոր չի լինելու անցկացնել։
Բիզնես զարգացման հայկական մոդել՝ երբ այլընտրանք չկա
2020 թ. հունվար-մարտ ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ, ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և ավելացնում, որ զբոսաշրջային ինդուստրիայի համար սա զգալի կորուստ է, քանի որ բացասական միտումները պահպանվել են նաև տարվա երկրորդ եռամսյակում։
Կորոնավիրուսի համաճարակը կարող էր զարգացման հնարավորություն դառնալ ներքին տուրիզմի և հատկապես հյուրանոցային բիզնեսի համար։ 2020-ի փորձը կարող էր նպաստավոր պայմաններ ստեղծել նաև կայունության տեսանկյունից՝ սեփական հայրենիքում հանգիստն անցկացնելու մշակույթ ձևավորելով։
Իրական պատկերը, սակայն, այլ է։
Հայաստանում 5-օրյա հյուրանոցային հանգիստը առնվազն 200 հազար դրամ կարժենա, եթե ընտանիքը բաղկացած է 2 մեծահասակից (համեմատության համար՝ նույն պայմաններով հյուրանոցի 4-օրյա ամրագրումը փետրվարին Լոնդոնի կենտրոնում ընդամենը 180 հազար դրամ արժեցավ, իսկ նախորդ տարի 7-օրյա հանգիստը Եգիպտոսում՝ 300.000 դրամ)։ Եթե նախընտրում եք, որ հյուրանոցում նաև լողավազան լինի, ապա այլ գներ սպասեք։
Համեմատությունն ամբողջական կլինի, եթե հաշվի առնենք, որ 2020 թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 190 հազար դրամ, իսկ համավարակի ընթացքում ամբողջությամբ կամ մասնակի փակված աշխատատեղերի թիվը շուրջ 71 հազար է։ Պահպանված շատ աշխատատեղերում աշխատավարձերը վճարվել են հիմնականում մասնակի՝ հեռավար աշխատանքի անցնելով պայմանավորված։
Booking quest՝ անձնական փորձով կամ life hack՝ հանգստի պատրաստվողների համար
Եթե, ամեն դեպքում, որոշել եք գոնե 1-2 օրով կտրվել երևանյան տապից կամ պարզապես վայելել բնությունը ու միջին խավի ներկայացուցիչ եք, տրամադրվեք երկար փնտրտուքի։
Բացօթյա լողավազանով կամ շատ թե քիչ բնության գրկում գտնվող հյուրանոցներում, հյուրատներում կամ հանգստի գոտիներում ազատ տեղեր գրեթե չկան: Իսկ եթե կան էլ, ապա 3-5 օրից պակաս ամրագրումներ չեն անի։ Կա՛մ ստիպված եք ամրագրել ավելի երկար ժամանակահատվածի համար, կա՛մ հրաժարվել հանգստի մտքից:
Այլընտրանքը booking.com կայքով ամրագրումը կարող էր լինել, քանի որ միջազգային այս հարթակում ամրագրման օրերի սահմանափակում նախատեսված չէ: Այս տարբերակը, սակայն, բոլոր դեպքերի համար չէ, որ հարմար է:
Բանն այն է, որ այս տարի եկամուտների կորուստ չեն ունեցել հիմնականում պետական ծառայողները: Ոչ բարձր աշխատավարձի պայմաններում հանգստի նրանց հիմնական տարբերակը տարիներ շարունակ սոցփաթեթն [1] է եղել, որը տարեկան 72 հազար դրամի սահմանում հանգստի կազմակերպման հնարավորություն է տալիս Հայաստանում և Արցախում։ Սոցփաթեթի շրջանակում հանգիստ հնարավոր է կազմակերպել, եթե պետծառայողն անցել է ամենամյա պարտադիր բուժզննումը, տեղեկանքը ներկայացրել բանկ և ամրագրումներն արել զբոսաշրջային ընկերության միջոցով։
Թվում է, թե զբոսաշրջային ընկերությունները հաճախորդների պակաս չպիտի ունենային, հատկապես, երբ սոցփաթեթի շահառուների թիվը 147 500 է։ Սակայն համավարակի պայմաններում շատերը զգուշանում են բուժզննում անցնելուց, իսկ սոցփաթեթով booking.com-ում ամրագրում անել հնարավոր չէ:
Լուծումը կարծես թե գողտրիկ հյուրատներն են մնում, որոնք օրական 20 հազար դրամի սահմանում հանգիստ են առաջարկում չքնաղ որևէ գյուղում ու տեղական մթերքներից պատրաստված նախաճաշով։ Սակայն այստեղ ևս ամեն ինչ չէ, որ հարթ է. սահմանափակ են ժամանցի կազմակերպման հնարավորությունները ակտիվ հանգստի սիրահարների համար, տարածքի պատշաճ ախտահանումը ևս խնդրահարույց է, քանի որ լուրջ ծախսեր է ենթադրում փոքր բիզնեսի համար։
Իսկ շատերն էլ պարզապես չեն շտապում հանգստի համար նախատեսած գումարը ծախսել Հայաստանում։ Նրանք դեռ հույս ունեն, որ աշնանը, երբ համաճարակը սկսի նահանջել, սահմանները կբացվեն, և աշխարհը կրկին հասանելի կդառնա՝ իր բոլոր հրապույրներով։
——————————