«Հեռախոսով խոսալիս տեսա, որ հասնում ա [անօդաչու թռչող սարքը], ինձանից մի 15-20 մետր էր դենը, քայլեցի, դե ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, չեմ կարում վազեմ, պառկեցի ու էդ վայրկյանին տեսա, որ խփեց ավտոյին: Հետո ծուխ-մուխ էղավ… Ու ինձ վերցրել-տարել են Այգեձորի հիվանդանոց»,- EVN Report-ի հետ զրույցում պատմում է սահմանամերձ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:
Նա խփված մեքենայից քիչ հեռու է եղել ու մահապարտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածից վիրավորվել են աջ ձեռքն ու ոտքը, 12 օր հիվանդանոցում պառկելուց հետո դուրս է գրվել, սակայն պարբերաբար շարունակում է ստուգումների գնալ. «Ի շնորհիվ բժիշկների շատ լավ եմ ես»:
Արամայիսը վիրավորվել է այս տարվա հուլիսի 16-ին, երբ Ադրբեջանի կողմից հրետակոծվում էին Տավուշի սահմանամերձ բնակավայրերը: Պատմում է, որ այդ օրն առավոտյան գնացել էր թուզ հավաքելու, հետո վաճառել էր ու վերադարձել տուն ժամը 16-ին մոտ։ Լուրերից իմացել էր հրետակոծությունների մասին ու գնացել էր վիրավորներին որևէ բանով օգնելու: ԱԹՍ-ը հարվածել էր նրան հենց գյուղում՝ իր տնից մոտ 200 մետր հեռավության վրա, երբ հեռախոսով օգնություն էր կանչում:
Սահմանամերձ բնակավայրերում ապրողները չեն մոռանում պատերազմի մասին, Արամայիսն էլ: Նա 9 տարի առաջ է ոտքը կորցրել՝ ականի պայթյունի հետևանքով. «Հանդամասերում գնացել եմ բան-ման հավաքելու, իմացել չեմ, որ ականապատ դաշտ եմ մտել, վիրավորվել եմ… Պատերազմի մեջ ենք էլի ապրում: Աստծո կամքով երկու անգամ էլ փրկվել եմ»:
Արամայիսի ընտանիքը գյուղը լքելու մասին երբեք չի մտածում. «Ես ապրիլու եմ ստեղ. հուղարկավորած որդի ունեմ (որդին զոհվել է բանակում 2013-ին,- հեղ.), ծնողներ, ջահել եղբայրներ, որ պատերազմում են զոհվել: Ես չեմ կարող իմ սրբավայրը թողնել…»:
Քաղաքացիական բնակավայրերը՝ Ադրբեջանի թիրախում
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը սրվեց և օրեր շարունակ հայկական բնակավայրերը հրետակոծվում ու գնդակոծվում էին, ինչի հետևանքով մեծաթիվ վնասներ կրեցին խաղաղ բնակիչները: Այդ օրերին իրավապաշտպան նպատակով փաստահավաք գործունեությամբ Տավուշում էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.
«Փաստահավաք գործունեությունը ցույց տվեց, որ եղել են թիրախային հրետակոծություններ Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,- EVN Report-ին հայտնում է Արման Թաթոյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից մտադրություն է եղել վնասել քաղաքացիական կենսական նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են մանկապարտեզը, դպրոցը, պանդեմիայի պայմաններում աշխատող և դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ» գործարանը: «Բնակիչներն ասում են, որ հրետակոծությունից 1-2 ժամ առաջ թռչող սարքով հետախուզություն է կատարվում: Օրինակ, նույն դպրոցի, դիմակի արտադրամասի հրետակոծությունից առաջ եղել են թռչող սարքեր, որոնք իրականացրել են հետախուզական աշխատանքները: Այսինքն, այն, որ միգուցե պատահական է եղել, չեն ուզել, չի համապատասխանում իրականությանը: Հստակ իմացել են, որ այդտեղ ռազմական օբյեկտ չկա և դրանք քաղաքացիական օբյեկտներ են»:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, Ադրբեջանը խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կիրառել է այնպիսի հրետանային արկեր, որոնք մարդուն խոշտանգելու և անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ ունեն. «Դրանք պայթյունից հետո բեկորների են վերածվում, կարող են ծառեր կտրել, մարդկանց անդամահատել, էլ չեմ խոսում մահվան պատճառ լինելու մասին: Կային տներ, որոնց հասցված վնասները շատ վտանգավոր էին. oրինակ, Ներքին Կարմիրաղբյուր գյուղում երկար ձգվող տան մի մասում խփել էր, ամբողջ տունն ավերել էր: Չինարիի տներից մեկի բակում հայտնաբերեցինք չպայթած արկ»:
Ի դեպ, ավելի ուշ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Չինարիում 2 և Չորաթանում 1 չպայթած արկ, որից 2-ը, միջազգային կոնվեցիաների համաձայն, ենթակա չեն կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:
Արման Թաթոյանը նշում է կարևոր մի հանգամանք ևս, որը միջազգային իրավունքի խախտում է. հրետակոծություններն իրականացվել են ցերեկային ժամերին։ «Օրինակ, դիմակի արտադրությամբ զբաղվող արտադրամասը մի քանի հարյուր աշխատող ունի և հրետակոծությունները եղել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Այդ պահին աշխատողները եղել են արտադրամասում»:
Բացահայտ սպառնալիք՝ Հայաստանի խաղաղ բնակչությանը
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված այս փաստերի հիման վրա կազմվել են միջանկյալ զեկույցներ, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, այդ թվում նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ որպես «A» միջազգային կարգավիճակ ունեցող կառույց. սա բացառիկ հնարավորություն է, որը չունեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող կառույցները:
Ի դեպ, ՄԻՊ աշխատանքի շնորհիվ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն պաշտոնական հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի այն սպառնալիքը, թե ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը.
«Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»,- նշել էր Ժ. Սիգելեն:
Հայկական կողմի քաղաքացիական վնասները
ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 30 քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և խաղաղ բնակչության ուղղությամբ տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 12-16-ը Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ (Արամայիս Հովակիմյանը,- հեղ.):
Ադրբեջանը թիրախավորել էր նաև սեփական բնակչությանը
Հուլիսի 14-ին «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանի կողմից սեփական բնակչությանը հրետանային մարտկոցներով շրջապատելու և թիրախավորելու հարցին անդրադարձավ նաև ամերիկյան Washington Post պարբերականը:
Իրավախախտումներ և սանկցիաներ
«Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքի և դրանց պաշտպանության ապահովման համար, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պետք է մշտապես տարբերություն դնեն քաղաքացիական բնակչության և կոմբատանտների միջև, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների միջև և դրան համապատասխան իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ»:
«Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ-ի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի լրացուցիչ արձանագարություն (Արձանագրություն 1), հոդված 48
Ադրբեջանը սկզբունքորեն զերծ է մնում վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից և վավերացումից. այս մասին EVN Report-ի հետ զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:
«Սա տեսականորեն թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանը պարտավորված չէ այդ փաստաթղթով, սակայն ոչ ընտրանքային հարձակումների արգելքը, քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու խոցման արգելքը և այլ վերաբերելի կանոնները ունեն նաև սովորույթային իրավունքի ուժ, ինչը նշանակում է, որ, անկախ որևէ փաստաթուղթ վավերացնելուց, Ադրբեջանը պարտավոր է այդ նորմերը պահպանել»,- նշում է Ա. Խզմալյանը:
Այսինքն, այս դեպքում խոսքը վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերի խախտումներին: Միջազգային դատարանի կանոնադրության մեջ միջազգային սովորույթային իրավունքի նորմը սահմանվում է որպես «համընդհանուր պրակտիկա, որը ճանաչվում է որպես իրավական նորմ»:
«Այս պարագայում հնարավոր է Ադրբեջանի գործողությունները քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի գլխավոր ասամբլեայում: …Քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը, կարծում եմ, որ պետք է դիտարկվի հայատյացության համատեքստում. Հայաստանը նաև ունի հիմքեր ռասայական խտրականության հիմքով վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ, որի մասին բազմիցս նշել են իմ գործընկերները: Իհարկե, դա լուրջ աշխատանք է ենթադրում, ինչի արդյունքում մենք կարող ենք հասնել արդարադատության միջազգային դատարան և քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի կողմից «Ռասայակական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումը: Եվ սա կլինի ոչ միայն զուտ իրավական, այլև լուրջ քաղաքական հաղթանակ»,- ասում է Արա Խզմալյանը:
Տուժած անձիք իրավունք ունեն նաև անհատական գանգատներով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ). «Թերևս լավագույն օրինակը վերջերս ՄԻԵԴ-ի կողմից հաստատումն էր այն, որ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը և դրսևորել է խտրականություն։ Սա բացառիկ կարևորություն ունեցող վճիռ է: Այս պարագայում իրատեսական և արդյունավետ է այն աշխատանքը, որը պետք է բացահայտի միջազգային հանրությանը Ադրբեջանի գործողությունների էությունը՝ այն է Ադրբեջանը պատերազմում է հայության դեմ և արցախյան հիմնահարցը տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացվում է. այն ապրելու իրավունքի մասին է»,- EVN Report-ին ասում է միջազգային իրավունքի մասնագետ Տիգրան Նահապետյանը:
Նա Արցախյան հիմնահարցում իրավունքի տեսանկյունից բացառիկ կարևոր է համարում այն, որ պարբերաբար հրետակոծություններն ու գնդակոծությունները լինում են հենց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանի վրա. «Նախ, Ադրբեջանն այդպիսով հաստատում է, որ ՀՀ-ը և Արցախը մեկ անքակտ անվտանգային տարածք են։ Երկրորդ՝ Ադրբեջանն այսպիսով հաստատում է, որ Արցախյան հիմնահարցը տարածքային վեճ չէ, այլ Ադրբեջանի խտրական քաղաքականությամբ դրդված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և այդ իրավունքի իրացմանը Արդբեջանի խոչընդոտման փորձից ծնված ռազմական կոնֆլիկտ, իսկ ներկա իրավիճակը՝ պատերազմի բնական հետևանք։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանության մասին բոլոր պնդումները ի չիք են դառնում»։
Կան բազմաթիվ նախադեպեր, երբ միջազգային իրավունքի խախտման դեպքում պետությունների դեմ կիրառվել են սանկցիաներ: Տիգրան Նահապետյանի խոսքով, միջազգային իրավունքի համակարգի առանձնահատկություններով պայմանավորված, երբ չկա ուղղահայաց պարտադրանքի գործուն հնարավորություն, ժամանակի ընթացքում պատժամիջոց է դարձել իրավական անբարենպաստ հետևանքների առաջացումը: Իսկ միջազգային իրավունքի զինանոցում իրավական ոչ բարենպաստ հետևանքները զանազան են՝ վնասների փոխհատուցումից մինչև քրեական պատասխանատվություն։
Միևնույն ժամանակ, պետություններն ու միջազգային կառույցները սանկցիաներ կիրառում են այն ժամանակ, երբ համոզմունք է լինում, որ խախտվել է միջազգային իրավունքը և որ այդ խախտումը սպառնալիք է միջազգային կամ պետական լայն շահերին. «Հետևաբար, Հայաստանը պետք է շարունակաբար ներկայացնի այն իրողությունը, որ Ադրբեջանին վաճառվող զենքը կիրառվում է քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ, որ նման իրադարձությունները սպառնում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը, այլ նաև խաղաղությանը ողջ տարածաշրջանում»,- նշում է Տիգրան Նահապետյանը։