
Ցանկացած մարդու հարցրեք Հայաստանում աշխատանքային պայմանների մասին, և ձեզ կասեն, որ իրենց իրավունքները չեն պաշտպանվում, նույնիսկ եթե իրենք տեղյակ են դրանց մասին։ Անշուշտ, աշխատանքային իրավունքները նվազագույն պաշտպանված իրավունքներն են երկրում: Ամեն տարի միջազգային զեկույցներն ահազանգում են արդյունավետ աշխատանքային չափանիշների ներդրման պակասի մասին թե՛ հանրային, թե՛ մասնավոր սեկտորներում: Աշխատանքային իրավունքների պաշտպանության նման անտեսման պատճառներից մեկը երկրում գործազրկության բարձր մակարդակն է: Մյուս պատճառների թվում են աշխատանքի տեսչության ոչ համապատասխան կառավարումը, անկախ արհմիությունների բացակայությունը և գերծանրաբեռնված վարչական դատարանները, որոնք ի զորու չեն անմիջապես անդրադառնալ ստացված դիմումներին:
Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունների լույսի ներքո ակնկալիքը մեծ է, որ արմատախիլ կարվեն այն բացթողումները, որոնցով հասարակությունը վարակված է եղել վերջին տասնամյակներին: Աշխատավայրում իրավունքների պաշտպանության բացակայությունը մեկն է բազում թերություններից, որոնցից են նաև կոռուպցիան, դատական համակարգի կողմնակալությունը և սպասվող միջոցառումների անհամաչափությունը: Այս ոլորտում որևէ խոշոր փոփոխություն կամ բարեփոխում չի իրականացվել, և ոչ մի նշան չկա, որ գործն ընթացքի մեջ է: Ժամանակ առ ժամանակ նոր հոդվածներ են հրապարակվում կառավարության ծրագրերի մասին՝ ստեղծելու Աշխատանքի պետական տեսչական նոր գործակալություն, կամ ընդլայնելու գոյություն ունեցողի գործառույթները, որը դեռևս 2013 թվականին միավորվել է Առողջության տեսչության հետ: Սակայն անկախ տեսչական մարմնի բացակայությունը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների շարունակական ոտնահարումն ապագա փոփոխությունների հույս չի ներշնչում:
Երբ առողջության և աշխատանքի տեսչական մարմինները միավորվեցին, քննադատության ալիք բարձրացավ. այս միավորումը ոչ մի կերպ չէր բացատրվել, գործակալության աշխատակիցները չէին մասնակցել բարեփոխման շուրջ քննարկումներին: Ըստ որոշ փորձագետների՝ հապճեպ ընդունված այս որոշման հիմքում Համաշխարհային բանկի դիրքորոշումն էր, որը Հայաստանի կառավարությանը պարտադրել էր իրականացնել միավորումը՝ բիզնեսի համար ավելի նպաստավոր մթնոլորտ ստեղծելու նպատակով: Մինչդեռ այն հանգեցրեց Աշխատանքի գործակալության գործառույթների նեղացմանը՝ սահմանափակելով դրանք առավելապես մասնագիտական առողջության և անվտանգության խնդիրներով: Արդյունքում տեսուչների և տեսչական ստուգումների քանակը զգալիորեն նվազեց:
Ամեն դեպքում, ներդրողների շահերը դեռևս կառավարության ուշադրության կենտրոնում են, նույնիսկ հեղափոխությունից հետո, և հետաքրքիր է դիտարկել վերջին երկու զարգացումները՝ աշխատանքային իրավունքների ոլորտում:
2018 թվականի հունիսին Աշխատանքային օրենսգրքի լրացումները հանվեցին կառավարության նիստի օրակարգից: Նախագիծն առաջարկվել էր նախորդ կառավարության կողմից՝ բիզնեսի վարչական բեռը թեթևացնելու նպատակով: Լրացումների իրարամերժ կետերից մեկն այն էր, որ առաջարկվում էր վերացնել մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում էին արտաժամյա աշխատանքին և դրա համապատասխան փոխհատուցմանը: Ըստ նախագծի՝ այս և մի շարք այլ կետեր պետք է որոշվեն գործատուի և աշխատակցի միջև բանակցությունների հիման վրա՝ անհատական սցենարով: Սակայն քննադատությունը մեծ էր՝ նկատի առնելով արտոնյալ կարգավիճակը, որ գործատուները վայելում են Հայաստանում. աշխատողները, որոնցից շատերը լիարժեք տեղյակ չեն իրենց իրավունքները պաշտպանող օրենքներից, ի վիճակի չեն լինի անհամաձայնություն հայտնել այն ամենին, ինչ առաջարկվում է իրենց, նույնիսկ եթե հավանականություն կա, որ նրանց իրավունքները կոտնահարվեն:
Նախագծի մյուս առաջարկներից էին հատկապես բարդ և վտանգավոր աշխատանքների ցանկի վերացումը, որի դիմաց պահանջվում է հավելյալ փոխհատուցում կամ արձակուրդ: Առաջարկված փոփոխությունների վերաբերյալ իրավաբանների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ քննարկումներից, քննադատությունից, հոդվածներից ու հարցազրույցներից հետո Աշխատանքային օրենսդրության լրացումներն ի վերջո դուրս մնացին կառավարության նիստի օրակարգից:
Հաջորդ հետաքրքիր զարգացումը 2018 թվականի հուլիսին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկած լրացումներն էին Արհմիությունների մասին օրենքում: Առաջարկվում էր հիմնավորապես փոխել, թե Հայաստանում ինչպես պիտի ձևավորվեն արհմիությունները: Ըստ այս առաջարկի՝ տարբեր սեկտորների աշխատողները կկարողանան միավորել և ձևավորել միություններ: Սակայն սա ամբողջությամբ հակադրվում էր արհմիությունների էությանը, որի նպատակն է հնարավորություն տալ, որ աշխատանքի նմանատիպ ոլորտներից մասնագետներն ու աշխատողները միավորվեն. ուսուցիչներն ունեն իրենց միությունները, ՏՏ մասնագետները՝ իրենցը և այլն:
Հայաստանի պետական ծառայության աշխատակիցների միությունն օգոստոսին հրապարակեց հաղորդագրություն, որում պնդում էր, որ թեև նախագծի հեղինակները ենթադրում են, որ արհմիություններ ձևավորելու այս նոր եղանակը կհանգեցնի միությունների միջև էլ ավելի մեծ մրցակցության, և հետևաբար, ավելի լավ պաշտպանության, սակայն արհմիությունները հիմնված են ոչ թե մրցակցության, այլ միասնության և համերաշխության վրա, իսկ նրանց կառուցվածքի ցանկացած փոփոխություն էլ ավելի կթուլացնի դրանք: Ի լրումն դրա, Միությունը մտահոգություն էր հայտնում, որ այս առաջարկը կսպասարկի միայն Հայաստանի խոշոր կապիտալիստների շահերը. ազդեցիկ մարդիկ, որոնք ունեն բազմաթիվ բիզնեսներ արդյունաբերության տարբեր ոլորտներում, կկարողանան կազմակերպել իրենց աշխատակիցներին և հնարավորություն կունենան իրագործել զանազան նպատակներ, այդ թվում և քաղաքական ճնշումներ, ինչպիսիք են, օրինակ, ահաբեկումն ու ընտրությունների ընթացքում քվեներ ապահովելը:
Հետաքրքիր է, որ 2018 թվականի նոյեմբերին արհեստակցական միությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց խորհրդարանում: Բանն այն է, որ օրինագիծը ոչ թե տապալվեց, այլ Հանրապետական կուսակցությունը բոյկոտեց խորհրդարանական նստաշրջանը և ընդհանրապես չքվեարկեց: «Ելք» դաշինքը քվեարկեց լրացումների օգտին՝ չնայած այն փաստին, որ Պետական ծառայության աշխատակիցների միությունն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ օրենքի նախագիծը կարող է վնասել արդար ընտրական գործընթացներին: Սա հակասական դիրքորոշում է քաղաքական ուժի համար, որն առաջնորդում էր հեղափոխությունը և 2018 թվականի դեկտեմբերին հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Սա գուցե նշան է, որ այս ուժը հստակ դիրքորոշում չունի խնդրի վերաբերյալ, իսկ ամենավատ սցենարով՝ աշխատանքային իրավունքներն առաջնային չեն «Ելք»-ի համար:
Հետևաբար, քաղաքացիական հասարակությունը դեռ շատ գործ ունի անելու, և հեղափոխության հաջողությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե արդյոք այն կշարունակի ճնշում գործադրել կառավարության վրա: Մի այդպիսի նախաձեռնություն՝ Աշխատանքային իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դեռևս 2018 թվականի մայիսին պատրաստել էր առաջարկների ցանկ, որում թվարկվում էին ոլորտի հրատապ խնդիրները: Խումբն ունի սոցիալական մեդիա-հարթակ, որտեղ մարդիկ կարող են տեղեկատվություն տեղադրել աշխատանքային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդ հարցնել սեփական աշխատանքային իրավունքների մասին: Խմբի առաջարկները, որոնք ներկայացվեցին նոր կառավարությանը, հիմնված էին ոչ միայն քաղաքացիական հասարակության բարձրացրած հիմնախնդիրների, այլև խորհրդատվական պահանջների վրա, որ նրանք ստացել էին վերջին մի քանի տարիներին: Հիմնվելով պահանջների տարբեր տեսակների վրա՝ խումբը հաստատել է, որ սպասարկման ոլորտն ամենախոցելին է աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այս սեկտորում հաճախ հանդիպում են չարաշահումներ, երբ խոսքը վերաբերում է ընդմիջումներին, չվճարվող արտաժամյա աշխատանքին, մի քանի առաջադրանքի հանձնարարմանը միայն մեկ մարդու և այլն:
Ինչ վերաբերում է Հայաստանում աշխատանքային իրավունքների չարաշահումներին, ապա փորձագետներն առանձնացնում են հետևյալ ամենատարածված չարաշահումները. աշխատանք առանց պայմանագրերի՝ հիմնված (գործի բնույթի և աշխատավարձի վերաբերյալ) բանավոր համաձայնությունների վրա, պայմանագրեր, որոնցում նշված է ցածր աշխատավարձ՝ ավելի բարձր հարկերից խուսափելու համար, ժամանակավոր պայմանագրեր՝ առանց ժամանակավոր բնույթի պատճառաբանման, նշումներ փորձաշրջանի մասին բոլոր պայմանագրերում՝ չնայած նրան, որ օրենքը սահմանում է դեպքեր, երբ դրա կարիքը չկա, և ամենատարածված խախտումներից մեկը՝ չվճարվող արտաժամյա աշխատանք:
Զեկույցում տեղ են գտել նաև այլ խախտումներ, հատկապես խտրականության վերաբերյալ: Թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, որոնցում նշված է «բարետես արտաքինով կանայք» արտահայտությունը կամ 18-ից 30 տարիքային սահմանափակումը, տարածված են, և պետության կողմից քայլեր չեն ձեռնարկվել այս պրակտիկան վերացնելու համար: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցողները և կրոնական փոքրամասնությունները, ըստ զեկույցի, աշխատանք փնտրելիս բախվում են լրացուցիչ սահմանափակումների: Ավելին, տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը տնտեսության բոլոր ոլորտներում մոտ 36 տոկոս է, աշխարհում՝ 23 տոկոս: Արդյունաբերության տարբեր ճյուղերում անվտանգության պայմանները բարվոք չեն. նախորդ մի քանի տարիներին աշխատավայրերում մի շարք դժբախտ պատահարներ են գրանցվել, առաջատարը հանքարդյունաբերության ոլորտն է: Մասնավոր սեկտորում աշխատողներն իրենց իրավունքներն իրացնելիս բախվում են ավելի լուրջ սահմանափակումների, հատկապես երբ հարցը վերաբերում է վճարվող արձակուրդին կամ արտաժամյա աշխատանքին՝ առանց լրացուցիչ փոխհատուցման: Ոչ պետական սեկտորում աշխատանքն ու այս ոլորտում կառավարության պաշտպանության լիակատար բացակայությունը մեծացնում է չարաշահումների հնարավորությունը:
Վերջին միտումը Հնդկաստանից աշխատանքային ներգաղթյալների թվի ավելացումն էր, գերազանցապես մուտքի վիզայի ազատականացման շնորհիվ, որն ուժի մեջ մտավ 2017 թվականի վերջին: Այժմ արդեն սովորական երևույթ է տեսնել ոչ միայն Հնդկաստանից ուսանողների, այլև շինհրապարակներում, ավտոլվացման կայաններում և այլուր աշխատող հնդիկների: Սա, ցավոք, հանգեցրել է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում խտրական մեկնաբանությունների, որոնցից պարզ է դառնում, որ մարդիկ վախենում են ժողովրդագրական մարտահրավերներից կամ աշխատաշուկայում մրցունակության կորստից: Ոչ բավարար աշխատանքային պայմանները, ավելի երկար աշխատաժամերը, նույնիսկ 2018 թվականին արձանագրված թրաֆիքինգի դեպքը, երբ սրճարանատերը շահագործել էր աշխատակիցներին՝ թյուրիմացության մեջ գցելով բարձր աշխատավարձի խոստումներով և անձնագրերը բռնագրավելով, այս ամենը աշխատաշուկայում վերահսկողության պակասի նշան է: Այնուամենայնիվ, ավելի խոր ուսումնասիրություն է պետք՝ հասկանալու համար խնդիրների լրջությունը, որոնց կարող է բախվել յուրաքանչյուր ոք Հայաստանում՝ իր աշխատանքային իրավունքների խախտման առումով:
Այդուհանդերձ, թղթի վրա աշխատանքային օրենքները Հայաստանում համեմատաբար բավարար են: Հետևաբար, լուծումը պետական վերահսկողությունն է, առանց որի աշխատանքային օրենքների կիրառումն անարդյունավետ է: Կա առնվազն երկու առանցքային քայլ, որն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բոլորը ճաշակեն հեղափոխության պտուղները. ստեղծել ավելի ուժեղ աշխատանքի տեսչական մարմին, որը կերաշխավորի պետական վերահսկողությունը մասնավոր և հանրային սեկտորներում, և ավելի անկախ արհմիություններ, որոնք կարող են ներկայացնել աշխատավորների իրավունքները, այդ թվում և դատարաններում: Առանց այս քայլերի հասարակական արդարությունը կմնա զուտ ձգտում, իսկ հեղափոխությունը՝ ոչ ավելին, քան հիշողություն մարդկանց մտքերում: