
Հայելային համընկնում 3․ կասետային զինամթերք
Ստեփանակերտը կասետային զինամթերքով խոցելու տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 4-ին։ Հաջորդ օրը Ադրբեջանի արձակած իսրայելական ռումբի կիրառության մասին խոսեց Amnesty International-ը։
Կասետային զինամթերքը մանր ռումբեր է սփռում մեծ մակերեսների վրա։ Դրանց մինչև 20%-ը չի պայթում ու վտանգ է ներկայացնում բնակչության համար։ Զենքի այս տեսակի կիրառումն արգելված է աշխարհի ավելի քան 100 պետությունների ստորագրած կոնվեցիայով: Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել այդ կոնվենցիային։
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը այս հրապարակումից 2 օր անց՝ հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան հայտարարեց, թե Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ։ 300-ից ավել կասետային ռումբ է ընկել նավթամուղից 10 մ հեռավորության վրա. նավթամուղը չի վնասվել։
Հաջիևի հրապարակած լուսանկարը, սակայն, ռազմական փորձագետներին առանձնապես չհամոզեց։ Նրանցից Ռոբ Լին Թվիթերում գրեց, որ խիստ կասկածելի է, թե ինչպես կարող էին կասետային ռումբերն ընկնել իրար այդքան մոտ, կամ ով ռիսկի կդիմեր և լուսանկարելու համար ակտիվ զինամթերքը իրար այդքան մոտ կտեղափոխեր, եթե անգամ դրանք իրարից հեռու էին ընկել։
Հաջիևի առաջին հրապարակմանը հաջորդեց ևս երկու (մեկ և երկու) գրառում՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Հայաստանի արձակած կասետային զինամթերքի մասին։
Հայկական կողմի պնդումները հաստատել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի ներկայացուցիչները հոկտեմբերին Արցախում կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք են արձանագրել։ Կառույցն անկախ կերպով չի կարողացել ստուգել Ադրբեջանի նույնաբովանդակ պնդումները։
Միայն հոկտեմբերի 29-ին Amnesty International-ը հաստատեց, որ հայկական կողմը Բարդա քաղաքում մեկ օր առաջ կասետային զինամթերք է կիրառել։
Հայելային համընկնում 4․ երաժշտություն ավերակներում
Հոկտեմբերի 8-ին հրթիռակոծվեց Շուշիի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Սա ոչ միայն հարված էր հայ մշակութային և հոգևոր ժառանգությանը, այլև այնտեղ ապաստանած խաղաղ բնակչությանը, աղոթելու համար եկեղեցի այցելողներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ դրեց ադրբեջանական բանակի կողմից եկեղեցու խոցումը և դա հայկական «սադրանք» համարեց՝ Ադրբեջանին մեղադրելու նպատակով։ Ապա մեկ այլ հարցազրույցում Ալիևը նշեց, որ հետաքննություն է կատարվում, և եթե անգամ պարզվի, որ ադրբեջանական ուժերն այնուամենայնիվ խոցել են եկեղեցին, ապա դա միայն սխալի հետևանք է։
Այս դեպքից 4 օր անց հրապարակվեց մասամբ ավերված տաճարում թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարումը՝ Կոմիտասի «Կռունկը»։
Ադրբեջանական կրկնօրինակումը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում էր՝ Գյանջայում։ Քամանչահար երիտասարդի տեսանյութը, որը մենք կարողացանք գտնել համացանցում, թվագրվում էր հոկտեմբերի 15-ով և հրապարակված էր Ինստագրամի և Ֆեյսբուքի Greenlight Group անունով հաշիվներում։ Տեսանյութում երիտասարդը չի էլ նվագում։
Ինչպես պարզվում է Ֆեյսբուքում առկա տեղեկությունից, այս էջը ստեղծվել է 2014 թվականին՝ որպես Greenlight Media Group: Հաջորդ տարի անվանումից դուրս է եկել Media բառը։ Այն գովազդային ծառայություններ է մատուցում։
Հայելային համընկնում 5․ բուժօգնություն ռազմագերիներին
Հոկտեմբերի 16-ին նախ ռուսական, ապա հայկական աղբյուրներում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է ադրբեջանցի ռազմագերին բուժօգնություն ստանում Արցախում։ Նման մարդասիրական մոտեցումը հատկապես էմոցիոնալ ընդունվեց նախորդ օրը կատարվածի ֆոնին․ երկու հայ ռազմագերիները նվաստացվել և սպանվել էին Հադրութում։ Չնայած ադրբեջանական ՊՆ-ի հերքմանը, փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակները ապացուցեցին, որ սպանության հեղինակներն ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն էին (bellingcat.com, DFRLab):
Այս դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանը հրապարակեց գերի ընկած 3 հայ զինվորականների լուսանկարներ՝ վիրակապված և անկողնում պառկած։ Նրանց այցելել էր Գերիների, անհայտ կորածների և պատանդների Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղարը։
Հայելային համընկնում 6․ ռազմագերիների խոստովանություններ
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամայանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 22-ին և 24-ին տեղադրեց հայկական կողմում բուժվող ադրբեջանցի 2 ռազմագերու մասնակցությամբ կարճ տեսանյութեր։
Դրանցից առաջինում խոսվում է Թուրքիայից Ադրբեջան ժամանած ռազմական հրահանգիչների մասին, և որ նրանք այժմ էլ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և առանց նրանց որոշումներ չեն կայացվում։ Երկրորդ տեսանյութը պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրացի վարձկաններ։
Հայ ռազմագերիների հարցաքննություններից կադրեր հրապարակեց նաև Ադրբեջանը։ Հոկտեմբերի 23-ին հրապարակված տեսանյութում հայ ռազմագերիներից մեկը պատմում է, թե Մարտունիի իր զորամասում իբր ծառայել են քուրդ զինյալներ, որոնք ամսական 600 դոլար են ստացել։ Նրանց ջոկատները մշտապես ուսումնասիրել են տեղանքն ու պատրաստվել կռվի։
Սրանք հայելային քարոզչության ադրբեջանական ձեռագրի սոսկ մի քանի օրինակներ են։ Այս կերպ ադրբեջանական կողմը նպատակ ունի հավասարության նշան դնել պատերազմող կողմերի միջև։ Ընդ որում, փորձ է արվում նաև առաջ մղել ադրբեջանական քարոզչության որոշ թեզեր, ինչպես օրինակ քուրդ զինյալների ներգրավվածությունը հայկական կողմում։