
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
2021: Գյումրիի հարազատի տանն ենք, առավոտյան 8-ն է: Հենց այդ ժամին սկսում են աշխատել պատկից հարևանի տեքստիլ արտադրամասի հաստոցները: «Ցուրտ» սենյակում լսելի է դառնում խուլ աղմուկը[1]: Այս հարևանը չի ուզում կամ չի կարող տեղափոխել իր արտադրամասը: Համառ պահանջներից հետո խլացուցիչներ է տեղադրել, որ մի քիչ մեղմում են աղմուկը: Այդպես էլ ապրելու է մեր հարազատը՝ հարևանի արածի հետ չհաշտվելով, բայց հարցը դատարան չհասցնելով:
Հիմա պատկերացրեք խորհրդային տարիներին հարյուրավոր հաստոցների չխկչխկոցի ներքո, խժբժոցի մեջ համերաշխ աշխատող (ու ապրող) հազարավոր մարդկանց՝ տեքստիլ արտադրամասերի վարպետներին, ենթավարպետներին, մանածագործներին ու բանվորներին: Այդ ժամանակ՝ ԽՍՀՄ-ի տարիներին, վարպետների քաղաք Լենինականը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր:
Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, ցարական Ալեքսանդրապոլը՝ ներկայիս Գյումրին կամ նախկին Լենինականը, թուրքական ռազմակալման մեջ էր և շուրջ 6 ամիս մնալու էր այդ վիճակում: Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման պահին քաղաքը կրկնակի թալանված էր: Նախ հեռացել էին ռուս զինվորականները՝ իրենց հետ տանելով ռազմական պաշարները և անձնական ունեցվածքը: Հայ ունևորների մի մասը ևս հեռացել էր: Նրանց բոլորի տեղն ու տները զբաղեցրել էին թուրքերը, որոնք հեռանալիս իրենց հերթին տարել էին ոչ միայն քաղաքի, այլև ողջ գավառի սերմացուն, անասունները, սայլերը, խանութների ապրանքը, անգամ՝ խոշոր դռներն ու պատուհանները. հնարավոր ամեն ինչ: Այս վայրիվերումներից անմիջապես հետո, ամիսների ընթացքում, ռուսական ռազմաբազաների հսկայական տարածքները՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի կացարանները լցվեցին տասնյակ հազարավոր գաղթականներով ու որբերով:
1921 թ. նոյեմբերին «Սովետական Հայաստան» օրաթերթում Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) Ալեքսանդր Մյասնիկյանը գրում է. «Սովետական Հայաստանը ստացավ գաղթականներից ու թշվառներից բաղկացած մի այլասերվող ու ապամարդկայնացած ժողովուրդ: Սա չափազանցություն չէ, այլ փաստ: Նա ստացավ որբերի ու կմախքացած երեխաների հարյուր հազարավոր մի բանակ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սուգի ու տառապանքների մի դժոխք է»: Բայց նա, այնուամենայնիվ, հույս է հայտնում, որ «աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի՝ այդ դժոխքը կվերածի մարդկային կացության»[2]:
Հենց որբերի «բանակն» էլդարձավ Լենինականի տեքստիլ արդյունաբերության կենդանի ուժը: Նրանց թիվը գերազանցում էր քաղաքի աշխատունակ մարդկանց թվին:
«Հայաստանի կառավարությունից ձեռք բերեցինք նաև մեծ զորանոցներ, որտեղ կենտրոնացնելու ենք 50.000-60.000 գաղթական, որոնք աշխատելու են ճանապարհներին կամ անելու են հասարակական աշխատանք՝ կրճատելու համար իրենց ապրելու ծախսերը: Ռուսահայաստանում գործող 49 որբանոցներում կան 13.225 որբեր: Նրանք կանանց հետ միասին զբաղվում են թեթև արդյունաբերական աշխատանքով, որը, հուսով ենք, շուտով, երբ կսկսվի Անդրկովկասից արտադրանքի արտահանումը, կփակի նրանց ապրելու ծախսերը»,- իր զեկույցում գրում է ԱՄՆ բանակի գնդապետ Վիլյամ Հասկելը[3]: Հասկելի ղեկավարությամբ ամերիկյան սպաների կորպուսը սկսեց բաժանել առաջին օգնությունը Ալեքսանդրապոլում: Որբաքաղաքի սովահար ու վտիտ երեխաներին, անկախ նրանց տարիքից, տնտեսություն վարելու հմտություններ սովորեցնելն անհրաժեշտ էր օդ ու ջրի պես: Նրանց կյանքը դեռ պետք էր փրկել, քանի որ նրանց բաժին հացը գալիս էր օվկիանոսի մյուս կողմից:
1922 թվականի սկզբներին Մյասնիկյանը հանդիպում է որբանոցների աշխատանքը հետագայում վերահսկող ամերիկացի միսիոներ Էռնեստ Յարոյին: Հանդիպման ընթացքում Մյասնիկյանը մի քանի անգամ նշում է, որ պատերազմի ընթացքում ձեռքի հաստոցների ոչնչացման պատճառով երկար ժամանակ կպահանջվի մինչև երկիրը կարողանա նախապատերազմական քանակության գործվածք արտադրել, և ոչխարների պակասության ու բամբակի հումք ներմուծելու ֆինանսական անկարողության պատճառով առնվազն երկու տարի կամ ավելի երկար տեքստիլ արտադրությունը բավարար չի լինի։ Նա նաև գոհունակություն է հայտնում, որ Մերձավորարևելյան նպաստը (ՄԱՆ), որի հոգածության ներքո են որբանոցները, սովորեցնում է ջուլհակագործության հնագույն արվեստը, քանի որ այն կարող է «նպաստել, որ նոր սերնդի հարյուրավոր կանայք երկիրն ինքնաբավ պահեն, կօգնի փոխարինելու պատերազմի ընթացքում մահացած հմուտ ջուլհակներին» [4]։
1922 թ. հունվարին Որբաքաղաքի ջուլհակագործության դասարանում վեց գործող դազգահին ավելացան ևս 20 դազգահ, որոնք աշխատանքով էին ապահովելու հավելյալ 1000 երեխայի: Առաջին 1000 աղջիկներն աշխատում էին առավոտյան և դասի գնում ցերեկը. այդ ընթացքում նրանց դազգահների մոտ փոխարինում էին հաջորդ 1000 հոգին[5]։
Կազաչի պոստը 1921 թ. դեկտեմբերին ստացավ 15 կարի մեքենա և որբերը մի քանի շաբաթում կարեցին 1915 գլխարկ, 13.803 գուլպա և 1307 սվիտեր: Նրանց կարած ողջ հագուստը հագնում էին Կազաչի պոստի 6000 երեխաները և Ալեքսանդրապոլ քաղաքի գրեթե բոլոր 3000 երեխաները: Ամեն շաբաթ կարկատում էին 18.000 զույգ գուլպա և ձևափոխում ԱՄՆ-ից ուղարկած հին հագուստները: Ի դեպ, այս հին հագուստը երկար ժամանակ իրենից արժույթ էր ներկայացնում և անգամ քաղաքի սև շուկա էր մտել: Արվեստաբան Վիգեն Գալստյանը հուշեց, որ Համո Բեկ-Նազարյանը իր 1930թ. «Երկիր Նաիրի» ֆիլմում մի երգիծական տեսարան ունի, որտեղ հողագործը դաշտը վարում է ֆրակը հագին:
Աղջիկների համար նախատեսված արդյունագործական ուսուցման ծրագրի մեծ մասը բաղկացած էր այնպիսի հմտություններից, որոնք նրանց կդարձնեին ապագա տանտիկիններ ու մայրեր: Դրանց մեջ մտնում էին կարուձևի, գործելու, ներքնակ և մանվածք պատրաստելու դասեր: Կարուձևի 15 ուսուցիչ էր աշխատում առավոտյան և ցերեկային դասարաններում, որոնցից յուրաքանչյուրում սովորում էր 300 աղջիկ: Որպես օրինակ նշենք, որ միայն 1921 թ. աշնան ընթացքում որբանոցի սաները հազարավոր հագուստներ, սպիտակեղեն, ներքնաշորեր և մաշիկներ են կարել ամերիկյան ժողովրդի նվիրաբերած հին հագուստներից:
Որբերը ոչ միայն հոգում էին իրենց հագուստի կարիքները. նրանք մշակում էին հողը, զբաղվում անասնապահությամբ, սնունդ պատրաստում, մաքրում, խնամում, տաքացնում և վերանորոգում իրենց կացարանները: Այդ աշխատանքը նրանց գոյատևման հնարավորությունն էր և ապրելու տեղը խորհրդային իշխանության և ամերիկյան բարեգործության մեջտեղում:
1926-ին մոտ 200 որբ (աշխատողների մոտ 80 տոկոսը) արդեն աշխատում էր Գյումրիի նոր ձևավորվող տեքստիլ ֆաբրիկայում:
Մինչ որբերը տեղավորվում էին որբանոցներում կամ չհարմարվելով՝ նետում էին իրենց անապահով քաղաքի քաոսի մեջ, Հայաստանում հաստատվում էր խորհրդային կարգն ու իշխանությունը:
1922 թվականի վերջին Իվանովո-Վոզնեսենսկի նահանգի Վիչուգա քաղաքից Հայաստան էր ժամանել բանվորական մի խումբ՝ ծանոթանալու մեր երկրին ու աշխատավորությանը: Վերադարձից հետո նրանք Հայաստանին նվեր ուղարկեցին 2172 մանող մեքենաներ և շուրջ 30 գործող հաստոցներ՝ Հայաստանում տեքստիլ արդյունաբերություն զարգացնելու համար[6]:
1924 թվականին Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական և այդ տարում էլ տվեց իր առաջին տեքստիլ արտադրանքը: Վիչուգայի մասնագետների մեկ այլ խումբ տեղադրեց և գործի գցեց սարքավորումները, վերապատրաստեց ջուլհակների ու մանողների: Տեքստիլագործներ եկան նաև Ադրբեջանից՝ որակավորելու գործարանի բանվորներին: Լենինականի նորակառույց տեքստիլ ֆաբրիկայի բացումը կատարվեց 1928 թ.-ին: 1929 թ.-ին ստեղծվեց առաջին ֆաբգործուսը (ուսումնարանը), իսկ 1930-ին՝ տեքստիլ տեխնիկումը:
1939-ին շահագործման հանձնվեց Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, որը միավորում էր մանվածքային և գործվածքային երկու խոշոր ֆաբրիկաներ: Միայն մանարանում աշխատում էր 76 հազար մանող իլիկ, իսկ գործվածքային ֆաբրիկայում՝ 2264 գործող հաստոց: Աշխատողները ղեկավարում էին միաժամանակ մի քանի հաստոցներ. «Գործող մեքենաների աղմկոտ աշխարհում ենք: Հսկայական ցեխում դրված չորս հարյուր մեքենաներին սպասարկում են ութսունչորս բանվոր, չորս ենթավարպետ և մեկ հերթափոխի վարպետ»[7]: Այստեղ աշխատում էին նաև ԽՍՀՄ այլ երկրներից եկած մասնագետներ՝ հիմնականում մանածագործուհիներ և ջուլհակուհիներ:
Մայիսյան ապստամբության անվ. Լենինականի տեքստիլ կոմբինատը հետագայում միավորեց 11 ձեռնարկություն, այդ թվում՝ Չկալովի անվան կարի և «Արշալույս» գուլպա–նասկեղենի արտադրական միավորումները, Լուկաշինի անվան մանարանը, տրիկոտաժի ֆաբրիկաները:
1975 թ.-ին Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային արտադրամասը, Արթիկի, Կիրովականի, Ալավերդու մասնաճյուղերը վերակազմավորվեցին ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախմբի: Գլխամասը Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատն էր՝ խորհրդային Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը:
Տեղական տեքստիլի կիրառման շուրջ կարճ զրուցեցինք Արաքսյայի հետ, ով Երևանից Գյումրի է տեղափոխվել վաղ 1970-ականներին: Նա հիշեց, որ խանութներում Գյումրիում արտադրված հագուստներ առանձնապես չկային և ընդունված էր պատվիրել դրանք դերձակների մոտ․

Մայիսյան ապստամբության անվան Լենինականի տեքստիլ կոմբինատ:
«Ներքնաշորերն ու գուլպեղենը գյուղերից գալիս էին ու մեր մոտից առնում: Տեղականը շատ էլ լավն էր: Ես էլ եմ հագել: Ռետուզները երեխեքին էինք հագցնում: Բամբակից էին, շատ լավ գործվածք էր: Չիթ էլ էին բերում, բիազ, անկողնու կտորեղեն: Հագուստները պատվիրում էինք պարտնիխաների մոտ, ամեն մարդ իր պարտնիխան ուներ: Հատուկ արտելներ կային. քո կտորը տանում էիր՝ քո համար շոր էին կարում, ինչ ուզեիր, կարել էիր տալիս: Կտորեղենը վաճառվում էր խանութներում, ունիվերմագներում»:
Իսկ ինչ վերաբերում է որակին. «Երկրաշարժից հետո էդ կարած շորերը հագնել չէր լինում: Էն ժամանակ չէինք հասկանում… Չէ, նորաձևության հարցը չէր, որակի, վարպետության հարցն էր»:
Այդուհանդերձ, տեքստիլ կոմբինատի և մյուս գործարանների արտադրանքն իրացվում էր միութենական բոլոր հանրապետություններում և արտադրանքի շատ տեսակներ ստացել էին որակի պետական նշան[8]։
Կոմբինատն ուներ կուլտուրայի պալատ, «Արագած» սպորտային ակումբ, մսուր–մանկապարտեզներ, հանգստի պրոֆիլակտորիում[9]: Թողարկել է «Հարվածային տեքստիլշչիկ» (1930 — 1931), «Մանածագործ» (1931 — 1959) և «Տեքստիլագործ» (1959-անհայտ) թերթերը:
Տեքստիլ միավորման ակումբներն ու կինոդահլիճները լենինականցիների սիրելի ընտանեկան վայրերն էին: Կոմբինատի հանրակացարանները մեծ ուշադրություն էին վայելում երիտասարդ տղամարդկանց շրջանում, իսկ կանանց շրջանում` մեծ ատելություն: Լենինականը մի քաղաք էր, ուր երկրորդ համաշխարհայինից հետո ծնված սերունդներն ապրում էին աշխույժ առօրյայով. հեծեծացող որբերով լցված «դժոխքից» այն վերածվել էր ավանդականն ու ժամանակակիցը համադրող ու բացառիկ հումորով հայտնի գավառական քաղաքի:
Տեքստիլ կոմբինատի անվանի տեքստիլագործներին, վարպետներին ու ենթավարպետներին ներկայացնող գրքույկ կա՝ «Լենինականի տեքստիլ կոմբինատում», որ լույս է տեսել 1961 թ.-ին:
Գրեթե առանց բացառության՝ նրանք որբանոցի նախկին սաներ են, որ այստեղ աշխատում են տասնամյակներով. այդ ընթացքում ընտանիք են կազմել, երեխաներ մեծացրել և գործարան բերել իրենց տղաներին: Նկարագրելով աշխատանքային առօրյան՝ գրքույկի հեղինակ Գաբրիել Արևյանը նշում է, որ այստեղ տասնյակ հազարի հասնող հաստոցներ են գործում, և մի համատարած մետաղային ժխոր է տիրում շուրջը: Գրքույկից պարզ է դառնում, որ աշխատողների առաջնահերթ գործն այդ բազմահազար դետալներ ունեցող մեխանիկական սարքավորումների խնդիրները ժամանակին նկատելը, ստուգելն ու նորոգելն է, որպեսզի պարապուրդը երկար չտևի: Վարպետներից մեկի մասին պատմելիս՝ հետաքրքիր համեմատություն է անում գործվածքային արտադրամասի պետը. «Ոնց հմուտ պարտիզպանը իր բոլոր ծառերը գիտե, այնպես էլ Օվոն՝ իր մեքենաները: Ասենք՝ մեքենաներն էլ կանաչ են, և այգու է նման այս տեղամասը: Օվոն հաճախ ասում է՝ «իմ այգին»: Եվ սեփականի նման էլ նա մոտենում է այդ «այգուն»:
Հազարավոր մարդիկ իրենց կյանքի մեծ մասն անցկացնում էին գործարանում և գործարանը նրանց երկրորդ տունն էր: Ի՞նչ պատահեց, երբ կանգնեց գործարանը, ու փլուզվեց նրանց աշխարհը: Արդյո՞ք նրանք փորձում էին կործանումից փրկել այն, ինչ իրենց հարազատ էր՝ տուն տանելով, գնելով կամ գողանալով եղածն ու չեղածը:
Արդյո՞ք դա էր պատճառը, որ երբ Լուկաշինի անվան մանածագործական ֆաբրիկան, ականատեսներից մեկի վկայությամբ, թալանվում էր (ժողովուրդը դուրս էր կրում կահույքը), մի կատակ է տարածված եղել. «Լուկաշինի արձանը ո՞ւմ է նման, դա էլ տարեք գերեզմընի վրա դրեք»:
Ինչպես պատմում է Օլգա Դիկովան, ում մայրը ժամանակին աշխատել է կոմբինատում, 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ սարքավորումների հետ փլատակվել է բուլղարացիների կառուցած և БД կոչվող շենքը, աշխատակիցները նույնպես մնացել են ներսում և զոհվել: Դա Լենինականի գուլպա-նասկեղենի գործարանի՝ «չուլոչնու» շենքերից մեկն էր, որտեղ հաստոցները տեղադրված էին բարձր հարկերում: 1928֊ին կառուցված հայտնի տեքստիլ կոմբինատը էական վնաս չէր կրել, քանի որ միհարկանի էր:

Լենինականի Չկալովի անվան կոմբինատ, 1980:
Երբ ֆեյսբուքի «Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի/Alexandropol.Leninakan.Gyumri» խմբում հարց բարձրացրի անկախությունից հետո կոմբինատի ճակատագրի վերաբերյալ, բոլորը միաբերան հիշեցին թալանը. «ով ինչքան թալանեց՝ քիչ համարեց»: Պատմեցին, որ թե՛ միության վերջին տարիներին ստացված, թե՛ որպես օգնություն եկած սարքավորումներն այդպես էլ չմոնտաժվեցին ու մի մասը մնացել էր դրսում՝ ձյան ու անձրևի տակ: Մի մասը փակ վագոններով ճանապարհվեց դեպի հարևան երկրներ: Դե ինչ, քաղաքի հարստությունը 100 տարի անց էլ հոսեց Թուրքիայի կողմ՝ վաճառվելով որպես մետաղական ջարդոն:
Անկախության առաջին տարիներին այս խորհրդային հսկայի գործարաններն առանձին-առանձին ենթակա էին մասնակի, անհատույց կամ ամբողջական սեփականաշնորհման: 1991-1994 թթ. դեռ գործում էին կոմբինատի չթի և գործվածքի ցեխերը: 1990-ականների վերջում գործում էր մանածագործական փոքրիկ արտադրամաս: Տեքստիլ կոմբինատը սնանկ ճանաչվեց 2006-2007 թվականներին: Երբ ԴԱՀԿ-ն կոմբինատի գույքը հանեց աճուրդի, այդ պահի դրությամբ կոմբինատի թիվ 1 հանրակացարանում դեռ ապրում էին նախկին տեքստիլագործներ, որոնց մի մասը՝ միայնակ ծերեր։ Մինչև 2020 թվականը տեքստիլ կոմբինատին պատկանող թիվ 2 կիսավեր հանրակացարանում ապրում էին երկու թոշակառու կանայք: Կոմբինատը նրանց «որդեգրել» էր երկրորդ համաշխարհայինից հետո: Կոմբինատի վերջին որբերը սոցիալական բնակարան ստացան անցյալ տարի:
Այս օրերին, 33 տարի անց, հանրակացարանի՝ «ֆեզեի» փլված հատվածը վերջապես ապամոնտաժվում է, ինչը կբարելավի փողոցի տեսքը: Սակայն շինությունն ամբողջությամբ ապամոնտաժելու համար դեռ անհրաժեշտ է համաձայնության գալ որոշ սեփականատերերի հետ:
Կոմբինատի տարածքի մի մասում երկրաշարժից հետո կառուցվել են ամերիկացի մորմոն բարերար Հանթսմանի անվան թաղամասը, այնուհետև՝ տարբեր կրպակներ, խանութներ:
Գյումրին այսօր փոխակերպվում է իր գունագեղ երիտասարդության շնորհիվ, իսկ տեքստիլ արտադրությունը որոշակի զարգացում է ապրում: Հասարակ սպառողների շրջանում տեղական տեքստիլ արտադրանքը հարգի և սիրված է դարձել. սա է ամենատպավորիչ փոփոխությունը՝ «իմպըռտնիի» հաղթահարումը:
«Տեղական տրիկոտաժ+» ֆեյսբուքյան էջի թարմ հայտարարություններից մեկը համագործակցության առաջարկ է անում տեղական կտոր արտադրողներին, նաև այլ երկրներից (բացառությամբ Թուրքիայի) կտոր ներմուծող ընկերությունների, կամ անհատ ձեռներեցներին. ընկերությունը պատրաստ է խոշոր գնումների:
Որոշ փոքր արտադրամասեր գործում են արտադրողների բակերում՝ բնակելի տարածքներում: Հավանական է, որ այս ձեռներեցների մի մասը ժամանակին կապ է ունեցել տեքստիլ կոմբինատի հետ:
Զարմանալի է, որ 2021-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգը բերում է ընդամենը մեկ գործող ՍՊՀ՝ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾ-96-ը, որը գրանցված է Գյումրի Կալինինի Պող. 10-Բ հասցեում:
«Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված են ԱՐՄՏԵՔՍ ԳՐՈՒՊ-ը (Տրիկոտաժեղենի, հագուստի և սրբիչների արտադրություն)` հիմնադրված 2000-ին, ԼԵՆՏԵՔՍԸ (Գուլպաների և զուգագուլպաների արտադրություն)` հիմնադրված 2001-ին, «Զաքարյան» ընկերությունը, որը հայկական ջինսերի արտադրության նոր բրենդ է՝ հիմնադրված 2017-2018-ին, և 1926-ին ստեղծված ԱՐՇԱԼՈՒՅՍ գուլպա-նասկեղենի արտադրական միավորման անունը կրող գուլպաների արտադրական ձեռնարկությունը, որը փաստացի ղեկավարում է նույն «Զաքարյան» ընկերությունը:
Գյումրու տեղեկատվական կենտրոնն էլ հավելում է ևս մի քանիսին՝ մանածագործական և կարի արտադրությամբ զբաղվող «Մարինե Գյուլբենկյան» (ՍՊԸ), «Նելլի» (ՍՊԸ), «Գյումրու Ե.Ե.Ե» Ա/Կ, «Գևորգ և Վահան» (ՍՊԸ), «Եղիկյանների Ընտանիք» (ՍՊԸ), «Սարիբեկ Զարգարյան» (ՍՊԸ), «Գյումրի ՍԱՆԱ» Ա/Կ, «Մկոյանների Ռաբէ» (ՍՊԸ), «Ռ. Ղաբանյան» (ՍՊԸ) (Գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրություն), «Սասստեքս», «Ինտրոմոդ» (Արտահագուստի, համազգեստի արտադրություն), «Աիր-կոմետատուր» (ՍՊԸ) (Գուլպեղենի արտադրություն)` ընդհանուր թվով 17 ձեռնարկություն:
Կա ևս մեկ հետաքրքիր արտադրություն, որը ոգեշնչված է Շիրակի բնաշխարհից. Մոսկվայից Հայաստան տեղափոխված թանգարանագետ Անուշ Զեյնալյանի նախաձեռնությունն է ՕՔՐԱ բրդե դեկորատիվ ծածկոցների արտադրությունը Ամասիայի մանածագործների և գյումրեցի արվեստագետների հետ:
Տեքստիլը, որ կերտեց սովետական Լենինականի ինքնությունը, նույնքան կարևոր է մնում Գյումրիի վերածնման շրջանում: Այսօր հագուստ արտադրող որոշ հայկական բրենդեր փորձում են տեղական մրցակցային դաշտ ստեղծել, և Գյումրիի տեքստիլը, կարծես, այդ դաշտում ունի իր կայացած տեղն ու դերը: Գյումրիում արտադրվող գուլպաներն ու ներքնաշորերը շարունակում են լայն ժողովրդականություն վայելել: Քաղաքում մի շարք փոքր արտելներ կան, որտեղ ընդունում են տարբեր հագուստների ձևափոխությունների, հագուստի անհատական, տարազների, համազգեստների պատրաստման պատվերներ։ Մինչդեռ չգրանցված կազմակերպությունների ու անհատների պատճառով արտադրական ծավալների և տեղական շուկայում իրական սպառման վերաբերյալ ստույգ վիճակագրություն դժվար է ներկայացնել: Տեղափոխվելով խորհրդանշականի ոլորտ՝ կարող ենք փաստել, որ պահպանողական վարք ու կենցաղ սիրող այս քաղաքն իր զարգացման ուղիների փնտրտուքներում (ներքին տուրիզմ, գարեջրի արտադրություն, օդային և երկաթուղային հաղորդակցությունների զարգացում) վստահորեն շարունակում է պահպանել տեքստիլ արդյունաբերության ավանդույթները, ինչն էլ իր հերթին դառնում է նոր նախաձեռնությունների ոգեշնչման առիթ:
Հոդվածի ուսումնասիրությանն աջակցել է OCHER-ի տեքստիլ արտադրանքի շարքը: