
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Մենք ապրում ենք մեր ֆիզիկական անվտանգության, մեր ինքնիշխանության և մեր ազատության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքին և մարտահրավերին դիմակայելու նոր փուլ:
Կա մի հիմնավոր, հստակ և ակնհայտ փաստ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը սահմանի հարավարևելյան և արևելյան բազմաթիվ ուղղություններից հարձակվել է Հայաստանի վրա՝ ծանր հրետանու, ականանետերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորելով Հայաստանի տարածքի խորքում քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը: Ադրբեջանի ցամաքային զորքերը ներթափանցել են Հայաստանի տարածք՝ նպատակ ունենալով վերահսկող դիրքեր գրավել Հայաստանի տարածքում։ Գրելու պահին ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ և նրա ինքնիշխան տարածքի բռնազավթումը շարունակվում է։
Հայաստանի սադրանքների մասին բացարձակ անհեթեթ պնդումներն այս ագրեսիայի համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտ քարոզչական ֆոնն են։ Միամիտ կլիներ ակնկալել, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարելու էր, թե դիմել է ուժի կիրառման, քանի որ, ըստ իրենց, առկա էին բարենպաստ ռազմական և աշխարհաքաղաքական պայմաններ բանակցային ներկա համատեքստում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու իրենց բոլոր պահանջները։
Հայաստանի համար ադրբեջանական քարոզչությամբ պայմանավորված խնդիրն այն է, որ այդ պատումներն օգտագործվում են միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների կողմից, ովքեր նախընտրում են թաքնվել «չեզոքության» վահանի հետևում՝ սեփական շահերը պաշտպանելու համար, կամ ովքեր տարածաշրջանում և դրանից դուրս աշխարհաքաղաքական զարգացումների «հավասարակշռված լուսաբանման» քողի ներքո պահպանում են լայն ընկալում ունեցող պատումները: Ին՞չ անել:
Մենք՝ հայերս, հետևողականորեն շարունակում ենք ապրել մեր ազգի միջազգային փրկիչների մասին պատրանքներով, ինչը մեր պատմության մեծ մասի ընթացքում և հատկապես ինքնիշխանությունը վերականգնելուց ի վեր եղել է ամենավնասակար մտածելակերպը: Այս մտածելակերպից ձերբազատվելու հրամայականն է վերջնականապես ընդունել և հավատարիմ մնալ որոշակի հիմքերի: Նախ՝ աշխարհն անարդար է, և շատ հաճախ՝ ի վնաս մեզ։ Երկրորդ՝ պետք է դադարել ազգային պետությանը պարտադրել ազգային-ազատագրական շարժման մտածելակերպ։ Դա վնասակար է ազգային շահերի առաջմղմանն ուղղված արդյունավետ միջազգային ներգրավվածության և պրագմատիկ գործողությունների համար: Ազգային պետության առաջնային առանձնաշնորհն ազգային շահերի և ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է։ Այս գործառույթը երրորդ կողմին պատվիրակելը ազգային-ազատագրական շարժման մտածելակերպի դրսևորումն է։
Պրագմատիկ միասնություն
Ուինսթոն Չերչիլը մի անգամ դիպուկ ասաց. «Գուցե ստիպված լինես կռվել, երբ հաղթանակի հույս չկա, քանի որ ավելի լավ է կործանվել, քան ստրուկ լինել»: Աստված օրհնի մեր բանակը. նույնիսկ, երբ անհնարին է թվում, կարողանում ենք հաղթել: Այնուամենայնիվ, Աստված մեզ ուժ տա, որպեսզի մեր ազգային խիղճը, գործունակության, իմաստության և հստակության ներուժը վերջապես հասնեն պրագմատիկ միասնության գիտակցմանը (խնդրում եմ՝ չշփոթել միատարրության հետ): Սա մեր պաշտպանական կարողություններին կշիռ և համախմբված ազգային հանրային աջակցություն տալու հրամայականն է։ Ճակատամարտերի և պատերազմների մեծ մասը հաղթում են ոգու ուժով, որն էլ անհրաժեշտ է մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունները, մեր ինքնությունը, մեր ժառանգությունը և ամենակարևորը՝ մեր ապագան պաշտպանելու համար:
Միջազգային ներգրավվածությունը մեր ինքնիշխանության գործիքակազմի ամենակարևոր տարրերից է՝ կայուն ազգային անվտանգության և ազգային զարգացման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծելու համար: Ազգային պետությունները համագործակցում կամ առերեսվում են միմյանց հետ առաջին հերթին, եթե ոչ բացառապես, ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու նպատակով:
Արտաքին քաղաքականությունը մակերեսային է, քանի դեռ չունի միջազգային գործընկերների հետաքրքրությունն ապահովելու բավարար և կայուն ազգային կարողություն: Համաշխարհային փորձը հետևողականորեն մատնանշում է այն փաստը, թե պարտադիր չէ, որ ազգային կարողությունները բխեն ընդերքից: Միանշանակ, խոսքը միայն նավթի և գազի մասին չէ, թեև, ինչպես հաճախ տեսնում ենք մեր տարածաշրջանում, այն բազմիցս առանցքային դեր ունի միջազգային հանրության համար: Այնուամենայնիվ, աշխարհի և հատկապես Եվրոպայի շատ երկրների փորձը ցույց է տվել արդյունավետ պետական ինստիտուտների, ժամանակակից և առաջադեմ մրցունակ տնտեսության հենքով հզոր ազգային կարողությունների ակնհայտ և համոզիչ օրինակներ, որոնք հաջողությամբ ինտեգրված են միջազգային մակարդակում: Երեսուն տարին բավականին երկար ժամանակահատված է ժամանակակից պատմության մեջ: Մտաբերենք Ֆինլանդիան 1945-ից մինչև 1975 թվականը: Հայաստանի դեպքում անկասկած է, որ մեր երկար պատմության այս օրհասական պահին ունենք ուժ և տաղանդ՝ վեր կանգնելու ևս մեկ գոյաբանական սպառնալիքից: Արդյունավետ գործող պետությունը և նրա ինստիտուտները, ժողովրդավարական համակարգում օրենքի գերակայության արդար և արդյունավետ կիրարկումը, էական ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ կրթությունն այն չորս հիմնասյուներն են, որոնց վրա կարող ենք հաջողությամբ շարունակել կառուցել մեր ազգային անվտանգությունը, ապահովել մեր ազգային զարգացումը և հաջողությամբ խթանել շահերի մերձեցում և համակում մեր միջազգային գործընկերների մեծ մասի հետ: Մի խոսքով, արտաքին քաղաքականությունը սկսվում է տնից։ Եվ արտաքին քաղաքականությունն ամրապնդում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Ինքնիշխանության մտածելակերպի ամրապնդման և կայունության պայմաններում վերոհիշյալ ռազմավարական առաջնահերթությունները (անկասկած, շատերը կմատնանշեն, որ ցանկն ամբողջական չէ) չպետք է ընկալվեն կամ գործարկվեն որպես կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ քաղաքականություններ, այլ որպես պետության և հանրության մշտական կենսակերպ:
Մինչդեռ, ներկայումս մենք հավաքականորեն հասցեագրում ենք անվտանգության որոշակի հիմնարար և ինտենսիվ մարտահրավերներ, որոնց նախադրյալերը ձևավորվել են 2020-ի Արցախյան պատերազմի կործանարար հետևանքներով։ Ներկայիս սրումը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հաստատված խորը փխրունության նոր, թեև ոչ միակ դրսևորումն է: Հայաստանի շարունակվող ռազմավարական մարտահրավերների շրջանակն ու զարգացման ընթացքը սահմանվում են հիմնականում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (և հետագա՝ 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների) բովանդակությամբ:
Հավաքական արտացոլում
2020-ի Արցախյան պատերազմի պատճառներն ու հետևանքները եղել են և տեսանելի ապագայում կմնան Հայաստանում և Արցախում հասարակական և քաղաքական թեժ բանավեճերի թեման։ Պատճառահետևանքային կապի առնչությամբ կարելի է նշել բազմաթիվ սխալ հաշվարկները, հիմնված վերջին 30 տարիների ընթացքում և, մասնավորապես, 1994-ից ի վեր ձևավորված ինքնավստահության զգացումի վրա: Բանավեճերի բարձր հուզականությունը, թերևս, անխուսափելի է, թեև իրավիճակի վերաբերյալ ավելի զուսպ հավաքական արտացոլումը կարող էր ավելի օգտակար և հասուն լինել: Սակայն, մի կողմ թողնելով զգալի «աղբը» և զգացական պոռթկումները, այս բանավեճում կան ինչպես քննադատության, այնպես էլ առաջ շարժվելու բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ, որոնք ակնհայտորեն ընդգծում են կարծիքների արտահայտման ազատության և այդ առումով խոսքի ազատության իրավունքի (և ի վերջո, բոլոր հիմնարար ազատությունների) արժեքը: Կարելի է նկատել հանրային տարածքում տիրող խառնաշփոթը միայն, բայց այս խառնաշփոթը նախընտրելի է ավտորիտար «կարգ ու կանոնից»: Նման բանավեճերն են հանգեցնում հանրային համաձայնության, որքան էլ դրանք խառնաշփոթ, բուռն և իրարամերժ լինեն, և սահմանում արդար և ժողովրդավարական ընտրություններում մեծամասնությամբ ընտրված կառավարության կողմից իրականացվող հանրային քաղաքականությունը: Հաշվի առնելով մեր ժողովրդի և հասարակության բնորոշ ազգային առանձնահատկությունները՝ սա միակ ճանապարհն է մեր ինքնիշխան պետության մեջ կայուն և առողջ հասարակական կյանք ապահովելու համար: Հետևաբար, Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը լոկ քաղաքական մոդել չէ, այլ անվտանգային պահանջ, ազգային շահերին հետամուտ լինելու սահմանող պայման և կազմակերպման սկզբունք։
Իրադրության վերջին սրումից բխող անմիջական անվտանգային մարտահրավերի համատեքստում, և նկատի ունենալով վերը նշված դիտարկումները, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողները բախվում են նոր պատումների մարտահրավերին, որոնք բխում են Ռուսաստանի միջնորդությամբ 2020 և 2021 թվականներին ընդունված երեք եռակողմ հայտարարություններից, ինչպես նաև Եվրամիության միջնորդական ուղուց: Սա բոլորովին նոր իրավիճակ է տարածաշրջանում, որը մեծ մասամբ, բայց ոչ ամբողջությամբ, չեղյալ է հայտարարում 2020-ի Արցախյան պատերազմի մեկնարկից առաջ գոյություն ունեցող պատումները ու գործառնական չափորոշիչները։
Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջնային, եթե ոչ միակ նպատակը, պարզ լեզվով ասած, Արցախում պատերազմը դադարեցնելն էր։ Այն չի կարող սեպվել հակամարտության կարգավորման փաստաթուղթ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքը սահմանող հարցերը, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման հետ, Արցախի ժողովրդի համապարփակ և կայուն անվտանգությունը՝ երաշխավորված Հայաստանի կողմից (այդ թվում՝ Հայաստանի հետ ուղիղ կապի միջոցով) և միջազգային հաստատումներով, ոչ միայն վնասվել են, այլև լրջորեն վտանգվել։ Արցախի ժողովրդի գոյութենական վտանգը առավել սրվել է։ Հակամարտության պատճառ հանդիսացող հիմնահարցերը ոչ մի կերպ չեն անհետացել։ Դրանք ենթարկվում են զգալի ճնշումների և ձևափոխվում են նոր հանգամանքների լույսի ներքո: Այս իրողությունները հիմնարար նախադրյալ են ստեղծում ռազմավարական երկարաժամկետ քաղաքականության տարբերակները գնահատելու համար:
Առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարությունը սահմանում է հրադադարի ռեժիմ՝ կիրառելով շատ կոնկրետ մեխանիզմ՝ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում: Սա ինքնին նշանակալից է, քանի որ այժմ խաղաղապահ առաքելությունը Արցախի դեմ վերսկսվող գրոհի միակ զսպող միջոցն է։ Այն նաև կարևոր հնարավորություն է ապահովում կողմերին հակամարտությունների կարգավորման դիվանագիտական գործընթացում կրկին ներգրավվելու համար: Իհարկե, խաղաղ գործընթացը, բանակցությունները և դիվանագիտությունը հակամարտությունների կարգավորման նախընտրելի միջոցն են։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից ի հայտ են գալիս մի շարք էական նոր ռիսկեր։
Նախ, խաղաղապահներն ապահովում են Արցախի որոշակի անվտանգությունը։ Այս հանգամանքներում սա միակ պայմանավորվածությունն է, որ հասանելի է Արցախին։ Այնուամենայնիվ, այս պայմանավորվածության խոցելիությունը խաղաղապահ գործողության ժամանակային սահմանափակումն է, անկախ նրանից, թե ինչ ենթապայմաններ կան տեքստում: Անկասկած, պետք է ակնկալել, որ Ադրբեջանը կատաղի կերպով փորձելու է չեղարկել այն գինը, որը վճարել է 2020-ի պատերազմի ելքի համար։ Այդ գինը օտարերկրյա ռազմական սուբյեկտի ներկայությունն է «իր հողում», որն իր հետ բերում է անվտանգության զգալի խոցելիություն, այդ թվում՝ իր ներքին համատեքստում:
Ավելին, միջազգային հարաբերությունների ներկապնակի ներքո, ամենայն հավանականությամբ, որոշ այլ ուժային կենտրոններ ավելի լայն մարտահրավեր են նետելու ռուսական խաղաղապահ գործողությանը: Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի հասնելու պնդումը՝ իր տարածքային ամբողջականության բացահայտ ու անվերապահ ճանաչմամբ, որում «Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի», իր նպատակին հասնելու հստակ միջոց է: Մինչ այժմ միջազգային հանրության որոշ հատվածներից ակնհայտ նշաններ և ակնարկներ կան՝ ընդունելու նման առաջարկը՝ հանուն ավելի լայն տարածաշրջանային խաղաղության։ Սա, ակնհայտորեն, անընդունելի և չափազանց վտանգավոր է Արցախի ժողովրդի և Հայաստանի համար։ Նման որոշման ընդունման հետևանքներն են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, էթնիկ զտումն ու բնաջնջումը, պատմական հողի վրա նրա ներկայության բոլոր հետքերի ջնջումը։ Նախկինում Ադրբեջանի կողմից իրականացված նման գործողությունների պատմական դառը փորձ կա։ Օրինակ՝ Նախիջևանը։ Արցախն Ադրբեջանին ենթարկելուց ի վեր Հայաստանը բարձրաձայնել է այս փաստարկը։ Այս պատումը լայն տեսանելիություն ստացավ, ներառյալ միջազգային դաշտում, 1988-ից սկսած՝ Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիներին իրականացված բաց քաղաքականության արդյունքում: Այն ընդգծում է արցախահայության գոյության սպառնալիքի առկայությունը։ Անվտանգության հարցից բխող և ինքնորոշման իրավունքի իրացմամբ ամրապնդված կարգավիճակի հարցը հիմնված է հենց հայերի ֆիզիկական շոշափելի սպառնալիքի վրա, եթե վերջիններիս նկատմամբ իրականացվի ադրբեջանական ուղղակի իրավասություն։ Էթնիկ զտումների գործողությունների ժամանակ հնարավոր չէ ապավինել միջազգային զսպման մեխանիզմների անփութությանը ու դանդաղաշարժությանը:
Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնովին վերափոխում է Հայաստանի և Արցախի միջև ուղիղ կապի շրջանակը: Այն, որ Լաչինի միջանցքի հսկողությունը պատվիրակվում է ռուս խաղաղապահներին, այլ ոչ հայկական կողմերին, զգալիորեն խոցելի է դարձնում Արցախի և Հայաստանի միջև անվտանգ, կայուն ուղիղ կապը և դրանով իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ստեղծում անվտանգության կարևոր բաց:
Երրորդ, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևոր առաջնահերթությանը անդրադառնալիս, նոյեմբերի 9-ի հայտարարությունը այս բոլոր կապերին ընդհանուր հղում չի տալիս: Փոխարենը, այն անհարկի հղում է անում մեկ նման կապի՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև: Այս հիշատակումը հետագայում չափազանց վտանգավոր է դարձել Հայաստանի համար։ Կողմերի՝ այս մեկ կապուղու կարգավիճակի ներկայիս տրամագծորեն հակադիր մեկնաբանություններում Ադրբեջանը փորձում է ամրագրել «միջանցքի» հայեցակարգը՝ ուղղակիորեն մարտահրավեր նետելով Հայաստանի՝ իր հարավային տարածքների նկատմամբ ինքնիշխան վերահսկողությանը: Այս անդրադարձը փաստացի դառնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա գոյաբանական սպառնալիքների տարածման միջոց, ինչին փաստացի ականատեսն ենք լինում վերջին թարմ օրինակով:
Դժվար է արդարացիորեն գնահատել Եվրամիության միջնորդական ջանքերից բխող պատումը, քանի որ դրանց բովանդակության մասին հանրային իրազեկում գրեթե չկա: Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության շարադրանքից կտրուկ շեղման էական նշաններ չկան։ Ըստ երևույթին, նույն օրակարգը, որը պտտվում է հաղորդակցությունների, միջանցքների և խաղաղության համաձայնագրերի շուրջ, սահմանում է նաև ԵՄ միջնորդության դինամիկան՝ երանգային վայրիվերումներով: Հատկանշական է, որ ԵՄ-ը հստակեցրել է՝ իր համար առաջնային է անվտանգ էներգետիկ համագործակցությունը, ինչպես ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի հուլիսի 18-ի հայտարարության մեջ: Սա արձանագրված է: Ընդհանուր առմամբ, միջնորդական երկու գործընթացները, կարծես, սահմանում են համանման և հետևողական գերիշխող պատում, որը և սահմանում է մեր արտաքին քաղաքականություն մշակողների առջև ծառացած մարտահրավերները:
Տարածաշրջանի խաղադրույքները
Ի լրումն Ադրբեջանի կողմից ստեղծված մարտահրավերների, կան նաև զգալի ռիսկեր, որոնք բխում են միջազգային հարաբերություններում խորացող բևեռացումից, հատկապես մեր տարածաշրջանում հստակ խաղադրույքներ ունեցող տարածաշրջանային և միջազգային խաղացողների միջև, մասնավորապես՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Եվրամիություն և ԱՄՆ։ Կան հստակ օրինաչափություններ, այդ թվում, ցավոք, քաղաքականություն մշակողների, դիտորդների և մեկնաբանների շրջանում, ովքեր հաճախ պարզեցված պատկերացումներ ունեն մեծ եղբայրների ընկերների և թշնամիների մասին, որոնք էլ ավելի են սրվում Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին: Երբ փղերը տոփում են խոտի վրա, փոքր երկրները բախվում են խոշոր գործարքներում սակարկությունների առարկա դառնալու սպառնալիքին: Այս հարցում մենք պատմությունից դառը դասեր ենք քաղել: Եվս մեկ անգամ մենք կանգնած ենք մարտահրավերի առաջ՝ պայմանավորված «ծանր քաշայինների» միջև աճող լարվածության ֆոնին մեր գոյութենական սպառնալիքների և կենսական շահերի նկատմամբ նվազ ուշադրությամբ։
Իրերի այս վիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ վերը ներկայացված աճող ռիսկերը չպետք է հուսահատեցնեն: Սա փորձ է իրատեսական և արդարացի (նորից, իհարկե, ոչ վերջնական) գնահատելու ներկայիս պայմանները, որում հայտնվել ենք։ Միայն նման մոտեցմամբ մեր արտաքին քաղաքականություն մշակողները կարող են արդյունավետ ճանապարհ սահմանել ներկա մարտահրավերներին դիմակայելու համար:
Իհարկե, մեր գործողությունների ընթացքը գնահատելիս անհնար է և չմտածված կլինի թերագնահատել կամ մի կողմ դնել մարտահրավերների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խաղացողների արմատացած շահերի լայն համատեքստը: Սակայն, քաղաքականության տարբերակները գնահատելիս մեր կենսական ազգային շահերի թերագնահատելը կամ այդ ավելի լայն շահերից ստորադասելը կլինի նույնը՝ ինչ սայլը ձիուց առջև դնելը: Այժմ տիրում է շոշափելի անհայտության և շփոթության մթնոլորտ առ այն՝ թե ինչ ենք ուզում: Թերևս որոշակիորեն դժվար է գերիշխող և սահմանափակող պատումների ճնշման ներքո պարզ պատասխաններ ձևակերպել: Մանրակրկիտ մեկնաբանությունների կարիք չկա հասկանալու համար, որ գոյություն ունեցող մեկնակետերն ու չափանիշները, որոնցով առաջնորդվում ենք սպառնալիքները գնահատելիս, նպաստավոր չեն: Հետևաբար, թերևս միակ անմիջական գործառույթը, որի վրա պետք է կենտրոնանալ, պատունմերի և չափանիշների ընդլայնումն է, հատկապես այն պատունմերն ու չափանիշները, որոնց անհրաժեշտ է որոշակի կոդավորում տալ:
Գոյաբանական սպառնալիքների և մեր ազգային շահերի վերաբերյալ մեր մտահոգությունները հիմնավոր են և օրինական։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ագրեսիան և բռնազավթումը, բացահայտորեն վկայում են դա։ Բացարձակապես անհնար է համակերպվել այս ընթացիկ և ակնհայտորեն փխրուն զինադադարի ընդունման հետ, որը շարունակում է պահպանվել այս տողերը գրելու պահին:
Հրադադարը մոլորեցնող է, քանի որ բռնազավթման փաստը պահպանվում է, իսկ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը զգալի է։ Ավելին, առանց հայկական տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման իրավիճակի հանդարտեցման առաջնային վտանգը կայանում է նրանում, որ սա Ադրբեջանին թույլ կտա հաջողությամբ կիրառել «սալյամի մարտավարությունը»: Այս սխեման ենթադրում է էսկալացիայի այս փուլում տարածքների մասնատում և վերահսկողության հաստատում, որը ներկայումս արդեն կազմում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 50 քկմ-ն, ապա սպասել հաջորդ բարենպաստ պատուհանին՝ մեր տարածք ներթափանցումը ընդլայնելու համար։ Իրավիճակը մնում է հեղեղուկ և վտանգավոր:
Այնուամենայնիվ, այս վերջին էսկալացիան և զանգվածային ագրեսիան, որքան էլ լուրջ սպառնալիք է, նաև վերակազմակերպվելու կոչ է։ Պրակտիկ գործողությունների տեսանկյունից այն ստեղծում է հիմքեր՝ հաստատված պատումներիը մեր օրինական մտահոգություններով և շահերով վիճարկելու համար:
Բացառապես արտաքին քաղաքականությունը մշակողների համար գործողությունների ոչ ամբողջական ցուցակում կարելի է առաջարկել ավելացնել տեղում փաստացի միջազգային ներկայությունը իրադարձությունների վայրում և ընդլայնել միջազգային հանրության «աչքերի ու ականջների իրազեկությունը»: Ռուս խաղաղապահները մանդատ ունեն Արցախում։ Հայաստանի դեմ ագրեսիան հանգեցրեց նրան, որ ադրբեջանցի զինվորականները փաստացի հայտնվեցին Հայաստանի տարածքում: Զանգվածային վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին։ Կան մեծաքանակ կորուստներ՝ ներառյալ խաղաղ բնակչության շրջանում։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում նաև խաղաղ բնակիչների շրջանում, կան հազարներով տեղահանվածներ։ Հայ զինվորները ենթարկվել են անմարդկային խոշտանգումների։ Այս հոդվածի գրվելու ժամանակ Հայաստանի իշխանությունները հրապարակել են կորուստների և վնասների թարմացված ցուցակները։ Այն, որ հավատարմագրված ռեզիդենտ դեսպաններն անցյալ շաբաթ այցելել են մարտական գործողությունների գոտի, օգտակար է, սակայն բավարար չէ։ Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել միջազգային իրազեկությունը բարձրացնելու համար՝ համապատասխան կազմակերպություններից, այդ թվում ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից համապատասխան մասնագիտական առաքելությունների ներգրավմամբ:
Նրանք ունեն բոլոր տեսակի խախտումների և ագրեսիայի դրսևորման փաստերի արձանագրման և այդ կազմակերպությունների անդամներին զեկուցելու կարևոր գործառույթներ։ Ի թիվս այլ գործառույթների նրանք կարող են ընդլայնել և փոխել պատմույթը։ Նրանք մեր օրինական մտահոգություններն ու սպառնալիքներն արտացոլող պատում մշակելու միջոց են: Նրանց զեկույցները կարևոր հիմք են հանդիսանում պատմույթները նորից ամրագրելու համար համապատասխան մարմիններում համապատասխան որոշումներ հետապնդելու միջոցով: Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անցյալ շաբաթվա նիստի ժամանակ որոշ անդամներ բողոքում էին տեղեկատվության պակասից, թույլ արդարացում էր, միևնույն ժամանակ համոզիչ փաստարկ է տարածաշրջան համապատասխան առաքելությունների անհապաղ ուղարկում պահանջելու համար:
Հանրային դիվանագիտությունը հաջորդ կարևոր ոլորտն է, որի վրա պետք է կենտրոնանալ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության այցը Հայաստան մեկ այլ վառ օրինակ է վիճարկելու հանրային տիրույթում արմատացած պատումները, հատկապես միջազգային մեդիադաշտում, որտեղ հիմնական խոսույթը իրականացվում է պարզեցված կարծրատիպերով, թե ով ում հետ է ընկեր։ Առաջնահերթ գործառույթների թվում է նաև Հայաստանի օրինական մտահոգությունների և սպառնալիքների լայն տեսանելիության հետագա ապահովման համաձայնեցված գործողությունները։
Զսպվածությունն ամենադժվար մարտահրավերն է։ Այս մարտահրավերն առաջին հերթին վերաբերում է Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիային կամ Թուրքիայի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով։ Մասամբ այս մարտահրավերները հասցեագրվում են մոբիլիզացված միջազգային քաղաքական ուշադրության ընդլայնման և պահպանման միջոցով, որպեսզի հնարավոր լինի հասնել արագ արձագանքման:
Արտաքին քաղաքական դաշտում այս և այլ գործողություններով առաջնորդվելը հնարավորություն կընձեռի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու զարգացող գործընթացներում մեր օրինական շահերը հաստատուն կերպով պաշտպանելու համար: Միակողմ խաղաղությունն անկայուն է և փխրուն։ Այն չի աշխատի, եթե ձեռք բերվի ի հաշիվ մեզ։ Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին առավել քան համոզիչ չէ։ Խաղաղության հետամուտ լինելը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն անկեղծ է: Տարածաշրջանն անկեղծ խաղաղության կարիք ունի։ Ինչպես ցանկացած ծնող, մոտ 30 տարի առաջ ես հույս ունեի, որ իմ որդիները չեն ապրի պատերազմի սարսափելի իրականությունը: Ավաղ, նրանք ապրեցին։ Ապագան պետք է այլ լինի։
Խաղաղության ձգտումը պահանջում է ազգային ռեսուրսներին ապավինում և ազգային կարողությունների մոբիլիզացում: Այս իսկ պատճառով սեփական շահերը, սեփական ուժերի վրա ապավինելը, ինքնավստահությունը և համախմբումն այլընտրանք չունեն: