
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Քովիդ-19-ի բռնկումից անմիջապես հետո կինոհանրության քննարկման թեմաներից գլխավորը մայիսին կայանալիք Կաննի փառատոնն էր, որը կանխատեսելիորեն տեղի չէր ունենալու ավանդական ձևաչափով։ Հետաձգվելուց, ապա նաև վերափոխվելուց հետո փառատոնի գեղարվեստական կազմն առաջ քաշեց «Կաննի պիտակ» կոնցեպտը. այն շնորհվելու էր ընտրված բոլոր 56 ֆիլմերին՝ նպաստելու դրանց դիստրիբյուցիոն ապագային: Ընդ որում, ֆիլմերը բաշխված չէին մրցութային կամ ոչ մրցութային անվանակարգերում, ուստի հավասար նժարների վրա էին: Ի ուրախություն հայկական կինեմատոգրաֆի, դրանց շարքում էր նաև Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը. այն առաջին հայկական ժապավենն է, որը ներկայացվել է Կաննում անկախությունից ի վեր։ Խորհրդային տարիներին նման հաջողություն գրանցել է միայն Ֆրունզե Դովլաթյանն իր «Բարև, ես եմ» (1965) դրամայով:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Արցախի օդանավակայանի շուրջ, որը կառուցվել է 1970-ականներին, ակտիվ շահագործվել խորհրդային տարիներին, ապա դադարել գործելուց Արցախյան առաջին պատերազմից հետո: Ավելի ուշ՝ 2012-ին, այն ամբողջությամբ վերանորոգվել է, սակայն այդպես էլ չի շահագործվել քաղաքական պատճառներով։ Լինելով չճանաչված հանրապետությունում՝ օդանավակայանը միջազգային թռիչքների համար թույլտվություն չէր կարող ստանալ։ Ադրբեջանական կողմը ևս չէր հեշտացնում դրությունը. երկրի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում էին խոցել Արցախի օդային տարածք մուտք գործող ինքնաթիռները: Ունենալով ողջ այս նախապատմությունը՝ ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանը կառուցում է մի ֆիլմ, որով համաշխարհային հանրության առջև բացում է օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին:
Նոռա Մարտիրոսյանի ֆիլմում Ստեփանակերտ է ժամանում ֆրանսիացի մասնագետ Ալեն Դելանժը՝ ուսումնասիրելու օդանավակայանը և զեկույց պատրաստելու իր ղեկավարության համար, որից էլ կախված է լինելու օդանավակայանի գործարկման ապագան։ Ֆիլմի ողջ ընթացքը կառուցված է որպես Արցախի և արցախցիների բացահայտում՝ օտարերկրացի Ալենի աչքերով: Սցենարային պարզ լուծումներով ռեժիսորը ներկայացնում է Արցախի անցյալը՝ արցախյան առաջին պատերազմի մասին բանավոր պատմություններ, պատերազմում զոհված հերոսների լուսանկարներ, գրեթե խելագարված նախկին զինվորական, ու Արցախի առօրյան՝ զինվորականների ակտիվ ներկայություն քաղաքում, մարտական շունչ, ամեն վայրկյան պատերազմ սկսելու պատրաստվածություն՝ անգամ պատրաստակամություն: Մի քանի դրվագով ներկայացվում է, թե ինչպես են տեղացիները տեսնում երիտասարդների ու առհասարակ տղաների ապագան՝ նրանք ծնվել են զինվորական լինելու ու հանուն Արցախի կռվելու համար։ Թեև երկրի ապագան անորոշ է, ռեժիսորը փորձում է մնալ լավատես՝ ապավինելով տեղացիների աշխատասիրությանն ու կամքի ուժին: Այս ամենին գումարվում են արցախյան, և ընդհանրապես հայկական սոցիալ-մշակութային տարրերը՝ վարդավառի տեսարան, հյուրասիրություն, քննարկում արցախյան օղու մասին, որը գրեթե «անմահություն» է պարգևում:
Ֆիլմն իրականում կառուցվում է սիմվոլների ու ալեգորիաների բազմաշերտ մի համակարգի վրա։ Հարցազրույցներից մեկում Մարտիրոսյանը նշում է, որ օդանավակայանն ինքին սիմվոլ է. այն խորհրդանշում է Արցախը, որը դեռևս պատրաստ չէ թռչելու: Ֆիլմի երիտասարդ հերոսը՝ Էդգարը, օդանավակայանից ջուր է տանում ու վաճառում Ստեփանակերտի բնակիչներին՝ ասելով, թե այն սուրբ աղբյուրից է: Տպավորություն է, որ այս ջուրը սնում է բոլոր այն պատկերացումներն ու հույսերը, որոնք ունեն տեղացիները՝ կապված Արցախի օդանավակայանի գործարկման հետ: Նրանք արդարացիորեն հավատում են, որ դրա շահագործումը երկիրը կկապի աշխարհի հետ ու այն կդադարի շնչահեղձ լինել իր չճանաչված սահմաններում: Այս մասին է պարբերաբար խոսում օդանավակայանի տնօրենն օտարերկրացի աուդիտորի՝ Ալեն Դելանժի հետ՝ ակնկալելով նրանից օգնություն՝ դրական զեկույցի տեսքով:
Տնօրենի ու Դելանժի հարաբերությունները ևս ալեգորիկ են. Ալենին կարելի է դիտարկել որպես միջազգային հանրության սիմվոլ, որի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը թերևս կդառնար Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը: Տեղացիների հպարտ, բայց և համառ ճնշումը Ալեն Դելանժի վրա շատ նման է ողջ հայության՝ Արցախի Հանրապետության ճանաչման սպասմանը՝ հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, որը, ցավոք, այդպես էլ իրականություն չդարձավ։ Արցախցիների՝ իրենց հողի հետ կապի ալեգորիա կարելի է համարել Էդգարի՝ մորից ժառանգած հողակտորի նկատմամբ վերաբերմունքը: Չնայած վաճառելու առաջարկներին և գումարի ակնհայտ կարիքին՝ տղան միտք չունի հրաժարվելու մոր ժառանգությունից, ընդհակառակը՝ նա գումար է հավաքում ցորեն առնելու և հողը մշակելու համար:
Ֆիլմը հավաքել է տպավորիչ դերասանական կազմ. գլխավոր դերում Գրեգուար Քոլինն է, որը շատերին հայտնի է Կլեր Դենիի ֆիլմերից՝ «Նանետն ու Բոնին» (Nenette and Boni, 1996), «Լավ աշխատանք» (Beau travail, 1999), «Ուրբաթ երեկո» (Friday night, 2002), ինչպես նաև Միլչո Մանչևսկու՝ Վենետիկի Ոսկե առյուծի մրցանակակիր «Անձրևից առաջ» (Before the rain, 1994) ֆիլմից: Հայկական դերասանական կազմը ևս հետաքրքիր է՝ հայտնի դերասաններ Վարդան Պետրոսյանի, Նարինե Գրիգորյանի, Դավիթ Հակոբյանի կողքին խաղում են ոչ պրոֆեսիոնալ արցախցիներ՝ օդանավակայանի աշխատակազմի անդամներ, և իհարկե, երիտասարդ Էդգարը, որի համար սա առաջին դերասանական փորձն է:
«Երբ որ քամին հանդարտվի»-ն Նոռա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ռեժիսորը, որը գեղանկարչություն է ուսանել և ավելի ճանաչված է տեսալսողական արվեստի ոլորտում, ստեղծել է գրագետ դեբյուտային մի ֆիլմ՝ լի զուսպ լավատեսությամբ ու հույսով: Այդուհանդերձ, ֆիլմն ունի սյուժետային բացեր, որոնք հարցեր են ծնում հանդիսատեսի մոտ: Ֆիլմի ողջ ընթացքում նկատելի է, որ ռեժիսորն ունեցել է բազում մտահղացումներ, ցանկացել է հնարավորինս շատ խնդիրների մասին խոսել, ինչը տեղ-տեղ իրադարձությունների պատճառահետևանքային կապը արհեստական է դարձնում: Երեխաների «սաբոտաժը», խիզախ լրագրողի կերպարը, Ալեն Դելանժի գիշերային արկածը հիմնավորված չեն ֆիլմում և հանդիսատեսին մղում են սեփական եզրահանգումների կամ էլ պարզապես ստիպում խճճվել անավարտ պատմությունների շղթայում:
Ոգեշնչող է ֆիլմի օպերատորական աշխատանքը, որի հետևում պատկերի վարպետ ֆրանսիացի Սիմոն Ռոկան է: Արցախյան լանդշաֆտի, լեռները պարուրող անվերջ ճանապարհ-ոլորանների լայնապատկեր տեսարանները իդեալականորեն են փոխանցում չճանաչված այս հանրապետության բնական գեղեցկությունը՝ հիացնելով ոչ միայն առաջին անգամ Արցախ այցելած Ալեն Դելանժին, այլև շատ անգամներ Արցախում ճանապարհորդած հանդիսատեսին:
Ռեժիսորը Արցախը վերածում է առանձին կերպարի և օգտագործելով սաիդյան օրիենտալիզմի «արևելքը արևմուտքի աչքերով» կոնցեպտը՝ արևմուտքի ներկայացուցչի՝ ֆրանսիացու միջոցով բացահայտում է Արցախն իր ողջ էկզոտիզմով ու կոլորիտով: Նպատակ ունենալով պատկերելու տեղացիների անքակտ կապը սեփական հող ու ջրի հետ, նրանց կամքն ու աշխատասիրությունը՝ ռեժիսորը ջանում է դա ապացուցել Ալեն Դելանժին: Չնայած թվացյալ սառնասրտությանը՝ Դելանժը սկսում է հավատալ ու կապվել տեղանքին ու տեղացիներին: Հանգամանք, որն ավելի ցավալի է դարձնում գիտակցումը, որ զեկույցը, այնուամենայնիվ, էական փոփոխություն չի բերելու այս ազնիվ մարդկանց կյանքում: Ինչպես միշտ, Արևելքը շարունակելու է մնալ դյութիչ, բայց և չի դադարելու ենթարկվել օրենքներին, որոնք թելադրում է Արևմուտքը:
Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում ներկայացված լինելուց բացի ֆիլմն ընտրվել է նաև Սալոնիկի և Տալինի միջազգային կինոփառատոնների կողմից: Բնականաբար, այս հանգամանքն ադրբեջանական ղեկավարության դժգոհությունն է առաջացրել, որոնք փորձել են հեռացնել ժապավենը փառատոնային ծրագրերից: Բայց ի տարբերություն Մոսկվայի միջազգային կինոփառատոնի, որն անցյալ տարվա հոկտեմբերին, անսալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բողոքին, հեռացրեց Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը փառատոնի ծրագրից, Կաննում, Սալոնիկում և Տալինում նախընտրեցին ավելի անկախ լինել և պահեցին ժապավենը՝ շեշտելով, որ ֆիլմում չկա բռնություն կամ ատելության քարոզի որևէ նկատառում: Կաննի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը՝ Թիերի Ֆրեմոն, խոսելով ֆիլմի մասին, ասաց, որ այն շատ ավելին է, այն դրդում է մտածել մարդկանց, լանդշաֆտի, հույսի մասին: Ըստ Ֆրեմոյի՝ «Երբ որ քամին հանդարտվի»-ն ստիպում է տեսնել ու հասկանալ, որը կինեմատոգրաֆի հիմնական առաքինություններից է։
Թեև փառատոնների որոշումներում մեծ տեղ ունի քաղաքականությունը, պետք չէ անտեսել այս երկու ֆիլմերի ոճային տարբերությունները ևս. դա հիմնաքարային է ֆիլմերի փառատոնային արշավում։ Ի տարբերություն Ավետիսյանի «Դրախտի դարպասներ»-ի, որն ավելի ամերիկյան-արկածային է, «Երբ որ քամին հանդարտվի»-ն եվրոպական հեղինակային կինոյի լեզվով է. հանգամանք, որն ավելի «ընդունելի» է դարձնում այն: Մյուս տարբերությունը բովանդակային է. ի տարբերություն Ջիվան Ավետիսյանի այս, ինչպես նաև նախորդ ֆիլմերի («Թևանիկ», 2014, «Վերջին բնակիչ», 2016), Նոռա Մարտիրոսյանի ֆիլմում չկան դրվագներ, որոնք ուղղակիորեն կապված են ռազմական գործողությունների կամ պատերազմի հետ: Այս փաստն առանձնացնում է ֆիլմը գրեթե բոլոր խաղարկային ժապավեններից, որոնք վերջին շրջանում արվել են Հայաստանում արցախյան թեմայի շուրջ: Մհեր Մկրտչյանի, Աննա Արևշատյանի և մյուս հեղինակների ֆիլմերը, որոնք ամբողջովին կամ այս կամ այն կերպ անդրադառնում են Արցախին, դիտարկում և ներկայացնում են այն միայն պատերազմի, գոյամարտի պրիզմայով, մինչդեռ Նոռա Մարտիրոսյանի ֆիլմում Արցախի առօրյան է՝ արցախցիների կյանքը, հույզերն ու ձգտումները:
Վերջին հինգ տարիներին արդեն երկրորդ անգամ է, որ հայ ռեժիսորներն անդրադառնում են Ստեփանակերտի օդանավակայանի թեմային: Անցյալ տարվա նոյեմբերին «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Գարեգին Պապոյանի «Bon Voyage» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը յուրատիպ անդրադարձ էր օդանավակայանին՝ կաֆկայական աբսուրդիզմի պրիզմայով:
Վերջին ամիսների իրադարձությունները կտրուկ փոխեցին դրությունն Արցախում՝ ավելի իրատեսական դարձնելով վերջինիս թռչելու հույսերը: Չի բացառվում, որ մոտ ապագայում օդանավակայանը շահագործվի՝ բացելով ողջ աշխարհը Արցախի առաջ: Ու ստացվում է, որ քամին վերջապես կհանդարտվի՝ ավաղ աներևակայելի թանկ գնով: