
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
— Հիմա ի՞նչ ես անում։
— Ոչինչ։ Որոշեցի երկարաձգել ֆիզարձակուրդս։
Քանի՞ անգամ ենք ականատես եղել, թե որքան «ոչինչ» են անում մայրերը մայրության՝ ֆիզարձակուրդի ընթացքում։
Աշխատող մայրը հաճախ ներկայացվում է որպես հավակնոտ հերոս, մինչդեռ «տնային տնտեսուհի մայրիկը» ընկալվում է որպես սահմանափակ ձգտում ունեցող, պաշտոնական աշխատանքի արժեքի թերի ընկալող կամ նույնիսկ որոշումների կայացման սեղանի շուրջ տեղ զբաղեցնելու ցանկություն չունեցող։ Պարզ ասած՝ հավակնության պակաս։
Սա է մեր հագեցած առօրյայի ձևավորած պատումը։ Բայց հետո գալիս են ընտանեկան հավաքները՝ կիրակնօրյա ճաշերն ու ընթրիքները, որոնք Հայաստանում հաճախ ավելի շատ հիշեցնում են սննդի փառատոններ։
Այդ հավաքույթները միայն ճաշի մասին չեն։ Դրանք բազմամարդ ընտանիքների մասնակցությամբ սոցիալական բարդ բեմադրություններ են և ունեն մշակութային շատ յուրահատուկ կարգ։ Բավարար սննդի և ալկոհոլի առկայությամբ դրանք անխուսափելիորեն վերածվում են կանանց փառաբանող կենացների շարանի։ Եվ այս Մարտի 8-ը բացառություն չէր․ կրկին հնչեցին այն նույն բանաստեղծական կենացները, թե կինը վիզն է, որը պտտում է ընտանիքի գլուխը։ Սա հուշում է, որ կնոջ ուժը վավերական է միայն այն դեպքում, երբ այն ծառայում է տղամարդուն։
Իսկ ի՞նչ, եթե դա գիտակցված ու գործուն ընտրություն է, այլ ոչ թե կրավորական հարմարվողականություն օժանդակ դերին։ Երբ կինը որոշում է մնալ տանը, Ազգային վիճակագրական ծառայությունը նրան գրանցում է որպես «տնտեսապես ոչ ակտիվ», քանի որ չի արձանագրվում աշխատավարձ, և հարկային մարմինների համար չեն առաջանում հարկվող գործարքներ։ Այս կարգում ներառվում են ֆիզարձակուրդում գտնվող մայրերը, չվճարվող տնային աշխատանք կատարող կանայք, խնամքի պարտականությունների պատճառով աշխատանք փնտրելուց հրաժարվող կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր գիտակցաբար ընտանիքն ու տնային հոգսերը նախընտրում են պաշտոնական զբաղվածությունից։ Սակայն «ոչ ակտիվ» բնորոշումը նկարագրում է աշխատաշուկայում ունեցած կարգավիճակը, այլ ոչ թե արդյունավետության բացակայությունը։
Իրականում, այս կանայք պահպանում են կենսական նշանակության մի ամբողջ համակարգ։ Սա վերացական բան չէ․ միջազգային զարգացման ոլորտում դրա համար կիրառվում է «չվճարվող խնամքի տնտեսություն» հասկացությունը, և այն ամենևին էլ երկրորդային երևույթ չէ։ Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ համաշխարհային մակարդակով խնամքին ուղղված չվճարվող աշխատանքը դրամայնացվելու դեպքում կկազմեր համախառն ներքին արդյունքի 10-39 տոկոսը։ Թեև Հայաստանում այս գործունեությունը դեռևս պաշտոնապես չի չափվում ազգային հաշվեկշիռներում, կանանց ժամանակի ներդրման ծավալը ցույց է տալիս, որ այն տնտեսության կայունության մեջ ունի զգալի, թեև անտեսանելի ներդրում։ Հենց խնամքի անտեսանելի տնտեսությունն է ապահովում «իրական» տնտեսության գործունեությունը։
Ընտանիքում երեխաների առկայության դեպքում մայրերը կատարում են ամենառազմավարական և երկարաժամկետ «արդյունք» ապահովող ներդրումներից մեկը՝ վաղ մանկության զարգացումը։ Ինչպես սովորական հաշվեկշիռներում, որտեղ ամենաարժեքավոր ակտիվները հաճախ մնում են չարձանագրված, այնպես էլ մարդկային ներուժում կատարվող ներդրումն ամենաթանկերից է։ Քանի որ ծնողավարման «ներդրումների վերադարձի» 10-15 տարվա լավատեսական կանխատեսումը հազվադեպ է համընկնում քառամյա քաղաքական փուլերի հետ, այն հաճախ անտեսվում է զարգացման պաշտոնական օրակարգերում։
Շատերս կարող ենք մտաբերել պահեր, երբ քննարկում և բանավիճում ենք Հայաստանի հասարակական խնդիրների շուրջ։ Ինչ-որ փուլում հաճախ ձևավորվում է ընդհանուր համաձայնություն, թե կրթությունն է այն կախարդական բանալին, որը կարող է լուծել ամեն ինչ՝ պայքարել ընտանեկան բռնության դեմ, փոխել վարքագիծը, քանդել կոռուպցիոն համակարգերը։ Բայց խոսքը միայն ակադեմիական կրթության մասին չէ, որը սովորեցնում է թվեր ու տառեր։ Խոսքը շատ ավելի բարդ համակարգի՝ արժանապատիվ մարդ դաստիարակելու մասին է։
Զարգացման տնտեսագիտությունը վաղուց է ընդգծում կյանքի «առաջին 1000 օրերի» նշանակությունը՝ որպես մարդկային ներուժի ձևավորման վճռորոշ փուլ։ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր և մարդկային զարգացման տնտեսագիտության փորձագետ Ջեյմս Հեքմանը հաշվարկել է, որ վաղ մանկության շրջանում որակյալ ներգործությունները կրթական և սոցիալական բարելավումների, ինչպես նաև կյանքի ընթացքում եկամուտների աճի շնորհիվ կարող են ապահովել տարեկան 7-13 տոկոսի հասնող արդյունք։ Այլ կերպ ասած՝ այդ առաջին տարիներին ընտանիքում իրականացվող հետևողական խնամքը պարզապես զգացմունքային աշխատանք չէ։ Այն տնտեսական երկարաժամկետ ռազմավարություն է։
Ընտանեկան պարտականությունների ստանձնումն ու տնային խնամքի ապահովումը տնտեսության էական հիմնասյունն են։ Մենք ակամա ստեղծել ենք մի կարծրատիպ, ըստ որի կինը համարվում է «զորեղացած» միայն այն դեպքում, երբ ստանում է աշխատավարձ՝ դրանով իսկ փաստացի արժեզրկելով սիրով կատարվող աշխատանքը։
Հայաստանը կրթված կանանց պակաս չունի։ Կանայք ավելի հակված են ստանալ բարձրագույն կրթություն, քան տղամարդիկ. նրանք կազմում են բակալավրիատի ուսանողների ավելի քան 65 տոկոսը, իսկ մագիստրատուրայում սովորող կանանց թիվը գրեթե կրկնակի գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը։ Այդուհանդերձ, ակադեմիական այս հաջողությունն ինքնաբերաբար չի վերածվում աշխատաշուկայում ներգրավվածության, առաջնորդության կամ ֆինանսական եկամուտների։ Ֆիզիկայի օրենքները մեզ հիշեցնում են, որ էներգիան երբեք չի կորչում։ Կանանց ջանքերն ու մարդկային ներուժի զարգացման մեջ կատարված ներդրումները պարզապես այլ կերպ են շրջանառվում՝ հաճախ անտեսանելի կերպով պահելով ընտանիքների և ամբողջ հասարակության կայունությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ տնտեսական ավանդական չափորոշիչները չեն կարողանում դրանք արձանագրել։
Չվճարվող խնամքի տնտեսական արժեքի ճանաչումը չի նշանակում կանանց հետ պահել պաշտոնական զբաղվածությունից։ Դա նշանակում է ընդունել, որ արդյունավետություն գոյություն ունի նաև վարձու աշխատանքից դուրս։ Սահմանափակումը ոչ թե կանանց ներդրման մեջ է, այլ տնտեսական գործունեության և արդյունավետության նեղ սահմանման։
Չաշխատող կանայք տնտեսական կարևոր դերակատարներ են, որոնց արդյունավետությունն ուղղված է հայ ընտանիքի հիմնարար դիմակայունությանը: Սա մի դեր է, որը պետք է խրախուսվի պետական քաղաքականությամբ, այլ ոչ թե անտեսվի հասարակության կարծրատիպերով։
Թեև հավակնությունները հաճախ նույնացվում են մասնագիտական առաջխաղացման հետ, թերևս օգտակար կլինի ընդլայնել այդ սահմանումը. հավակնությունը արժեքների նպատակաուղղված իրացումն է։ Եթե այդ արժեքը գիտակից, գործունյա և ներգրավված քաղաքացիների հաջորդ սերնդի դաստիարակությունն է, ապա դա պակաս հավակնոտ չէ, քան տեխնոլոգիական խմբի առաջնորդումը կամ ընկերության կառավարումը:








