Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Խառը տեղեկատվությունը, կարծրատիպերը և շրջապատի կանանց տարբեր պատմություններն անորոշության զգացում են առաջացնում առաջին անգամ ծննդաբերող կնոջ մոտ: Ավելի տեղեկացված լինելու համար կանայք այնքան էլ հաճախ չեն դիմում տարբեր մասնագետների՝ վստահելով այլոց փորձին կամ հույսը դնելով միայն այդ պահին բժշկի ցուցումների վրա: Քչերն են նաև որոշում ծննդաբերել աջակցող անձի ուղեկցությամբ: Մինչդեռ ծննդաբերության առաջին փորձառությունը կարող է ֆիզիկական և հոգեբանական հետքեր թողնել:
Առաջին ծննդաբերության վատ հիշողությունները, դժվարություններն ու առաջացած առողջական խնդիրը տարիներ շարունակ չհղիանալու պատճառ են դարձել 38-ամյա Մանան Վարդանյանի դեպքում։
«Ամբողջ հարցն այն է, որ ես տեղեկացված չէի այն ժամանակ, և առանց ինձ հարցնելու միացրել էին օքսիտոցին, որ ցավերն արագ լինեն: Բնականաբար, արդեն արագանում են ցավերը, բացվածք չի լինում, բայց ջրերը սկսում են գնալ: Հետո ասում են՝ եթե չես դիմանում, էպիդուրալ ցավազրկում անենք: Դե, այդ ժամանակ էպիդուրալը տեսնում ես որպես տարբերակ,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ անգամ չեն էլ ճշտել, արդյոք հիպոտոնիայի խնդիր ունի կինը, թե՝ ոչ, չեն տեղեկացրել նաև, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դեղի կիրառումը,- ես ընկել էի ցնցումների մեջ, ճնշումս իջել էր, մի կերպ խելքի են բերել: Այդ ամենը տևել է մոտ 12 ժամ»:
Կինը պատմում է, որ արդեն ծննդաբերության պահին ուժ չի ունեցել, և կրկին որոշվել է միջամտել.
«Որովայնից սկսեցին հրել, ինչը պարզապես արգելված է, մինչդեռ այդ ժամանակ դու չգիտես էլ դրա մասին: Ասում են՝ կտաս կպատռես, արի կտրվածք անենք, որ հեշտ ծննդաբերես: Կտրվածքն էլ այդտեղ են անում: Ու այդպես՝ բազմաթիվ խնդիրներով, այդ ողջ «փունջը» հավաքած, մնում ես ծննդաբերությունից հետո»:
Վարդանյանը երկրորդ անգամ ծննդաբերել է 12 տարի անց՝ աջակցող անձի՝ դուլայի ուղեկցությամբ, ում հետ ծանոթացել է աշխատանքի բերումով։
«Երբեք չէի լսել նման ծառայության մասին: Այդ ժամանակ դեռ հղի չէի և իրար ետևից վիրահատություններ էի տանում: Ասացի՝ եթե այնպես ստացվի, որ հղիանամ, անպայման իր հետ եմ գնալու ծննդաբերության: Որ ասում էին ծննդաբերությունը վայելել, ասում էի՝ լավ էլի, ֆանտաստիկայի ժանրից են այդ խոսքերը, բայց այս ծննդաբերությունը ես պարզապես վայելել եմ»,- ասում է Վարդանյանը:
Ո՞վ է դուլան
Դուլան շուրջծննդյան աջակից է՝ հղիության, ծննդաբերության և/կամ հետծննդաբերական շրջանում կանանց տրամադրում է հոգեբանական, ֆիզիկական և տեղեկատվական աջակցություն։ Դուլան բժշկական անձնակազմի մաս չէ և չունի բժշկական կրթություն, համարվում է հարբժշկական մասնագետ։
Մինչև ծննդաբերության փուլը դուլան իրազեկում է հղիներին, պատրաստում: Սովորաբար, դուլաներն աշխատում են ասոցիացիաներով՝ կենտրոններ, որտեղից հղիները կարողանում են ընտրել իրենց համապատասխան մասնագետին:
Հայաստանում սակավաթիվ դուլաներից Իվետա Քոսյան-Սուվորովան, ներկայացնելով աշխատանքի մանրամասները, նշում է, որ դուլան շատ հաճախ աշխատում է նաև կնոջ ընտանիքի հետ.
«Գնում է տուն, որպեսզի ավելի լավ պատկերացնեի նրա պայմանները, սոցիալական, ընտանեկան վիճակը՝ ու՞մ հետ է ապրում, ի՞նչ հարաբերություններ ունի տան անդամների հետ, քանի՞ երեխա ունի և այլն: Այդ դեպքում, եթե, օրինակ, հետծննդաբերական շրջանում կնոջ մոտ դեպրեսիվ էպիզոդներ են լինում, դուլան առաջինն է կարողանում նկատել և համապատասխան աջակցություն ցուցաբերել՝ ուղղորդելով հոգեբանի, հոգեթերապևտի մոտ»։
Դուլաները կնոջը տեղեկացնում են նաև իր իրավունքների, բժշկության ոլորտում միջազգային ցուցումների ու դրանց արդյունքների մասին: Քոսյան-Սուվորովան նշում է, թե, այն մոդելը, երբ կինն անտեղյակ է, քանի որ, օրինակ, առաջին անգամ է ծննդաբերում, փոխվում է մեկ այլ մոդելի, երբ կինը դառնում է իրազեկված, գիտի, թե ինչ է խորհուրդ տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ինչ ընթացակարգեր կան և արդեն ըստ դրա կարողանում է կազմակերպել և ամրապնդել վստահությունը իր, իր մարմնի կարողությունների, ծննդաբերության նկատմամբ, ինչն էլ իր հերթին օգնում է գիտակից ընտրություններ կատարել։ Դուլան նշում է նաև, որ այժմ կենտրոնանում է ծննդաբերության պլան կազմելու վրա.
«Այսպիսի հասկացություն մեր մշակույթում ընդհանրապես չկա, կինը չի պատկերացնում, թե ինչպես կարող է ծննդաբերության պլան ունենալ: Պլան ասելով ի նկատի չենք ունենում ինչ-որ ծրագիր, որով անշեղ, ուղիղ ձևով պետք է շարժվենք, բայց դա կարող է բավական օգտակար լինել ծննդաբերության ընթացքում»:
Ծննդաբերության ժամանակ դուլան շարունակական աջակից է և այդ դեպքում ևս ապահովում է ֆիզիկական և հոգեհուզական աջակցությունը: Դուլաները տեղեկացված են ծննդաբերության ֆիզիոլոգիայի մասին, թե ինչն է օգնում ոչ դեղորայքային միջոցներով ծննդաբերությունն ավելի լավ խթանելուն: Նրանք առաջարկում են անհրաժեշտ վարժություններ, գիտեն, թե ինչպես է պետք քաջալերել ծննդաբերողին և թե ինչպես կարելի է խրախուսել, որ ապահովվի կնոջ շարժունությունն այդ ընթացքում։
«Կողքից նայելիս կարելի է կարծել, թե մեկն է, որն անընդհատ կնոջ ձեռքն է բռնում, քրտինքն է սրբում և այլն, բայց հոգեհուզական առումով, եթե կինը տվյալ դուլայի հետ արդեն կապի մեջ է, և դուլան իր հետ է ծննդաբերության ժամանակ, նա կարծես դառնում է հարազատ մեկը, ում հետ կինն իրեն ավելի ապահով է զգում այդ միջավայրում,- ասում է Քոսյան-Սուվորովան՝ ավելացնելով, որ դուլաները ծննդաբերողի համար ապահովում են նաև հնարավորինս քիչ սթրեսային մթնոլորտ,- Հնարավոր է մի փոքր մթացնենք սենյակը, երաժշտություն ենք միացնում, պարում ենք․ այսինքն ամեն բան արվում է, որ հղին իրեն ապահով զգա, մարմինն աշխատի այնպես, որ ոչ թե ադրենալին, այլ օքսիտոցին արտադրի, և կինն ավելի դրական փորձառություն ունենա ծննդաբերությունից»:
Հետծննդաբերական փուլում նույնպես դուլան շարունակում է աջակցողի իր գործառույթը՝ առնվազն երկու ժամ մնում է ծննդաբերած կնոջ մոտ, մինչև վերջինս հանդիպում է երեխային, ծանոթանում է և կերակրում: Դուլան օգնում է կատարել հետծննդաբերական առաջին ժամվա կարևորագույն քայլերը, որոնք խորհուրդ են տրվում միջազգային չափանիշներով՝ որ մոր և երեխայի մաշկը մաշկին լինի, մայրն անմիջապես կերակրի երեխային և այլն:
«Օրինակ՝ դուլան կարող է օգնել, որ կինը հաց ուտի այդ ընթացքում, որովհետև ծննդաբերությունից հետո հաճախ կանայք շատ սոված են լինում, իրենք կերակրում են բալիկին, իսկ դուլան գդալով կերակրում է մայրիկին, թեյեր է պատրաստում»,- մանրամասնում է Քոսյան-Սուվորովան՝ նշելով, թե կան տարբեր մասնագիտական աստիճանի պատրաստված, օրինակ՝ հենց հետծննդաբերական հատուկ հմտություններով դուլաներ, որոնք կարող են այցելել նաև տուն, խնամել բալիկին, մերսումներ անել, իսկ այդ ընթացում մայրիկն ինքն իրեն խնամելու ժամանակ ունենա։ Կան դուլաներ, որոնք ունեն հատուկ ճաշացանկեր, ու մայրիկների համար ամեն օր տարբեր ուտելիքներ են պատրաստում:
Քոսյան-Սուվորովան նշում է, որ եթե ընդհանուր առմամբ դուլայի մասնագիտությունը նոր է, ապա հենց հետծննդաբերական դուլաներին Հայաստանում շատ հազվադեպ են դիմում. ընդունված է, որ այդ հարցերում, սովորաբար, նորածնի տատիկներն են օգնում: Դիմողները գրեթե միշտ օտարերկրացի կանայք են, որոնք միայնակ են, իրենց շրջապատում բարեկամներ, ընկերներ չունեն:
Աշխատանքի առանձնահատկությունները Հայաստանում
Ծննդաբերության ժամանակ աջակցող անձ ունենալն ընդունված է մի շարք երկրներում, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, և դուլաներն այստեղ մեծ թիվ չեն կազմում: Հայաստանում այս ծառայությունն ավելի շատ սկսեց զարգանալ 2020-ից՝ կորոնավիրուսի համավարակից հետո, երբ առցանց ուսուցման լայն հնարավորություններ կային ու շատերն էլ ազատ ժամանակ ունեին դրանց տրամադրելու համար։
«Կան դուլաների դպրոցներ, որոնք շատ տարբեր են, ունեն հստակ տեսության և պրակտիկայի մաս: Հետո դուլաները որակավորվում են, ստանում սերտիֆիկատ ու կարողանում են աշխատել: Հայաստանում դեռևս չունենք այդպիսի դպրոց: Հիմա աշխատում ենք առողջապահության նախարարության հետ համատեղ՝ այդ ինստիտուտը Հայաստանում ևս ներդնելու համար»,- ասում է Քոսյան-Սուվորովան:
Հայաստանում դուլաների աշխատանքի վերաբերյալ օրենսդրական հատուկ կարգավորումներ ևս չկան։ Առողջապահության նախարարությունից պարզաբանում են, որ դուլայի գործունեությունը չի համարվում բժշկական կամ բուժքույրական մասնագիտություն, ընդգրկված չէ առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների հաստատված ցանկում, ներառված չէ նաև հարբժշկական ծառայությունների ցանկում։ Ուստի, դուլայի գործունեության համակարգումը դուրս է առողջապահության նախարարության օրենսդրությամբ վերապահված լիազորություններից:
«Լրացուցիչ հայտնում ենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դուլան դիտարկվում է որպես աջակից անձ՝ չտարբերակելով նրան, օրինակ, ամուսնուց կամ հարազատից»,- ասում են նախարարությունից։
Նոր երևույթ լինելու, օրենսդրական կարգավորումների տարբերության և այլ պատճառներով, դուլաների աշխատանքը Հայաստանում որոշ առանձնահատկություններ ունի, օրինակ՝ ծառայությունների մատուցումը հիմնականում մայրաքաղաքում է կենտրոնացված։
«Մարզերից Շիրակի հետ ենք սերտ աշխատում: Գյումրու ծննդատանն ենք եղել, Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» ենք բավականին հաճախ այցելել, որոշակի թրեյնինգներ ենք անցկացրել: Բայց խնդիրն այն է, որ մարզերում չունենք վերապատրաստված դուլաներ, և որևէ դուլա Երևանից չի կարող մեկնել մարզ՝ ծննդաբերության աջակցության համար․ դա իրատեսական չէ, հետևաբար, այդ առումով մարզերում դեռ ակտիվություն չկա»,- ասում է Քոսյան-Սուվորովան՝ հավելելով նաև, որ դուլաներն ավելի հաճախ տնային ծննդաբերություններում են լինում, մինչդեռ Հայաստանում տնային ծննդաբերություններ օրենքով չկան, իսկ դուլաներն աշխատում են տվյալ երկրի օրենքների ներքո, ուստի, սա էլ է Հայաստանում այս համակարգի զարգացման հապաղման պատճառներից։
Դուլան և ծննդաբերող կնոջ իրավունքները
Մանան Վարդանյանը երկրորդ անգամ ծննդաբերել է 2022-ին: Քանի որ հաստատ որոշել էր՝ ծննդաբերությունն անցնելու է դուլայի ուղեկցությամբ, փորձել է այդ մասին նախապես զրուցել բուժանձնակազմի հետ: Պատմում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում անընդհատ ձգձգել են պատասխանը․
«Դուլային չէին ուզում՝ ու մինչև վերջին վայրկյանը: Արդեն մոտ 34-36 շաբաթականից ամեն շաբաթ կանչում էին, ամեն անգամ ես այդ հարցը տալիս էի՝ ինչ-որ բան լուծվե՞ց: Այսօր-վաղը, այսօր-վաղը, ինչ-որ ժողով է լինելու և էլի նման պատճառաբանություններ: Ուղեկցող անձ թույլ էին տալիս, բայց միայն ամուսնուն: Իսկ իմ ամուսինը, այո, ինձ աջակցում է բոլոր հարցերում, բայց չէր կարող ներկա լինել ծննդաբերությանը․ ես կրկնակի պետք է լարվեի՝ մտածելով և՛ իմ, և՛ իր մասին»,- պատմում է Վարդանյանը:
Մինչդեռ ԱՀԿ-ն հստակ նշում է, որ բոլոր կանայք բարձրորակ, հարգալից մայրության իրավունք ունեն, և պետք է ապահովվի կնոջ ազատ ընտրությունը՝ այդ թվում ծննդաբերության ժամանակ ուղեկցող անձ ունենալու որոշման հարցում: Ծննդաբերության ժամանակ աջակից ունենալը հարգալից մայրության ապահովման հիմնական բաղադրիչն է, վերջին տարիներին խորհուրդ է տրվել ԱՀԿ ուղեցույցների շրջանակում՝ որպես ծննդաբերության ընթացքում դրական փորձի մի մաս և ներառվել է մայրերի և նորածինների խնամքի որակի բարելավման ստանդարտների մեջ: Աջակցող կարող է լինել ցանկացած անձ, որն ընտրվել է կնոջ կողմից՝ ամուսինը, ընտանիքի անդամներից որևէ մեկը, ազգականը, դուլան և այլն:
Հայաստանում ևս աջակցող անձի մասին կարգավորումներ կան․
«Ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով ապահովվում է ըստ ծննդաբերի ընտրության՝ աջակցող անձի կամ հարազատի (ոչ ավելի, քան մեկ անձ) ներկայությունը նախածնարանում և ծնարանում, առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի կողմից սահմանված՝ համապատասխան սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման դեպքում»,- նշում են առողջապահության նախարարությունից:
Հաշվի առնելով այս կարգավորումները՝ կարելի է եզրակացնել, որ ծննդաբերության ժամանակ աջակցողի ներկայության խնդիրների պատճառներից են ծնունդն ընդունող բուժանձնակազմի, ծննդաբերող կնոջ ոչ բավարար տեղեկացվածությունը և արդեն ամրացած ավանդույթները: Մանան Վարդանյանը, օրինակ, դուլայի ներկայության մասին վերջնական հաստատում չստանալուց հետո որոշել է գնալ իր իրավունքների հետևից՝ փոխելով բուժհաստատությունն ու բժշկին․
«Չպատկերացրին, որ ես կարող եմ ավելի համառ գտնվել, վերջին վայրկյանին փոխել որոշումս ու գնալ երազանքիս ետևից: Որոշեցի, որ դեմ եմ գնալու ժանգոտած համակարգին, որովհետև այդքան տարի հետո նորից հղիացել էի ու գիտեի, որ կա տարբերակ, երբ ծննդաբերող կինը կարող է իրեն լավ զգալ: Ուզում էի այդ ամենի միջով անցնել ինձ սատարող մարդկանց հետ»:
Վարդանյանը շեշտում է, որ դուլայի աջակցությամբ ծննդաբերությունը շատ է տարբերվել իր նախորդ փորձառությունից. այս անգամ տեղյակ է եղել իր իրավունքներից, իրազեկված է եղել միջազգային ցուցումների մասին, իմացել, թե ինչպես է իր օրգանիզմն աշխատում ծննդաբերության տարբեր փուլերում, ավելի վստահ է զգացել, քանի որ իր կողքին եղել է օգնող մեկը․
«Հաշվի առնելով այդ ամենը, ես պարզապես բժշկին ասացի, որ ընդհանրապես ոչ մի միջամտություն չեմ ուզում՝ ո՛չ հաբեր, ո՛չ ներարկումներ և այլն․ ընդամենը ուզում եմ ինքս իմ ուժերով ծննդաբերել: Գիտե՞ք ինչն է ամենակարևորը, որ քեզ չեն պարտադրում, այլ տալիս են ընտրության հնարավորություն: Դուլան չի ասում՝ հենց այսպես պիտի անես ու վերջ, այլ ասում է՝ կան այսպիսի տարբերակներ, ո՞րն ես ուզում ընտրել: Նա այն մասնագետն է, որ քո կարծիքը ամեն ինչից վեր է դասում»:
Իվետա Քոսյան-Սուվորովան էլ է ընդգծում, որ դուլան աջակցում է կանանց բոլոր ընտրություններում, տրամադրում է համակողմանի տեղեկատվություն, բայց որոշողը կինն է․
«Դուլայի մասնագիտական որակը հենց դա է, որ նա չի ազդում կնոջ որոշումների վրա․ կինը ունի հարց, դուլան պատասխանում է՝ օրինակ բերելով ուսումնասիրություններ, տարբեր աղբյուրներ, օգնում է կնոջը իր հարցերի պատասխանները գտնել»:
Ծննդաբերող-դուլա-մանկաբարձ եռանկյունու աշխատանքը
ԱՀԿ-ի կայքում հրապարակված հետազոտություններից մեկի համաձայն, ծննդաբերության ուղեկցի ներկայությունը կարող է մի շարք դրական ազդեցություններ ունենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծննդաբերության ժամանակ աջակցող անձանց ներկայությունն օգնում են վերացնել ծննդաբերող կնոջ և բուժանձնակազմի միջև հաղորդակցության բացերը, ինչպես նաև՝ ավելի մեծ օգուտ է բերում, քան եթե այդ աջակցությունը տրամադրվում է հաստատության պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից:
Առողջապահության նախարարությունից, սակայն, հայտնում են, որ պատկան մարմինների կողմից հավաքագրվում է տեղեկատվություն ծննդօգնության վերաբերյալ, իսկ ծննդաբերության ժամանակ աջակցող անձի, այդ թվում դուլաների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն չունեն։
Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանը մի շարք ծննդաբերություններ է անցկացրել դուլայի մասնակցությամբ ու նշում է, որ դուլայի ներկայությունն ավելի շատ օգնում է այն դեպքում, երբ հղին և դուլան մինչ այդ խորհրդատվական հանդիպումներ են ունեցել, օրինակ՝ շնչառական վարժություններ, ծննդաբերության համար հարմար դիրքեր ու հատուկ ընթացակարգեր են մշակել:
«Դուլաներն իրենց գործն են անում, մենք՝ մեր գործը։ Դուլաներն այլ գործառույթներ ունեն և չեն միջամտում բժշկական գործողություններին: Արդյունքները միայն դրական են»,- ասում է Սուվարյանը՝ նշելով, թե որևէ բացասական միջադեպ չի հիշում դուլաների հետ աշխատելիս։
Մանան Վարդանյանն էլ ծննդաբերության ժամանակ զգացել է բժշկի ու դուլայի համագործակցությունը և փոխլրացումը՝ նկատելով, թե կան բաներ, որոնք ուղղակի բուժանձնակազմի գործառույթներից դուրս են, և նրանք անընդհատ չեն կարող յուրաքանչյուր հղիի կողքին լինել․
«Դուլայի ներկայության ամենակարևոր կողմն այն է, որ օգնության ձեռք կա, կողքիդ կա ինչ-որ մեկը, որ ձեռքդ բռնած ուղեկցում է քեզ բոլոր փուլերում՝ սկսած իրերդ վերցնելուց, հարցերին պատասխանելուց մինչև ցավերի ժամանակ հանգստացնող մերսումներ անելը։ Ինձ դուլան օգնեց ծնարանում ցնցուղ ընդունել, գնդակի վրա վարժություններ անել, ինչը շատ նպաստեց ցավերին դիմանալուն»։
Իվետա Քոսյան-Սուվորովան նույնպես նշում է, որ դուլան որևէ այլ մասնագետի գործառույթ իր վրա չի վերցնում․
«Դուլայի աշխատանքի հետ կապված հաճախ թյուրըմբռնում կա, բայց դուլաներն աշխատում են էթիկայի կանոնակարգի ներքո, այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ գոնե մեր դուլաները սերտիֆիկացվեն ու հաշվետու լինեն իրենց սերտիֆիկատ տվող կազմակերպությանը, որովհետև եթե չարաշահվեն այդ կանոնները, մասնագիտությունն ուղղակի չի զարգանա»։
Կիսվելով իր փորձով՝ դուլան նշում է, որ ծննդաբերությունների ընթացքում բժիշկների հետ միջադեպեր չեն եղել, խնդիրները եղել են միայն ծննդաբերությանը նախորդող փուլում, երբ պարզապես դուլային թույլ չեն տվել ծնարան մտնել, եղել են դեպքեր, երբ, չնայած նախնական պայմանավորվածության, վերջին պահին բժիշկը փոխել է որոշումը, երբեմն էլ ասել են, թե ամուսնուն կթողեն, բայց դուլային՝ ոչ։
«Ի՞նչ կարող է դուլան անել այդ դեպքում՝ միայն վրդովվել, նեղվել կամ տխրել, ուրիշ տարբերակ չկա,- ասում դուլան՝ նշելով, որ 2019-ին, երբ ինքը նոր է սկսել գործունեությունը, դուլաների մասին անգամ մասնագետները չգիտեին,- Գնում էինք ծննդատուն, ներկայանում էի որպես դուլա, հարցնում էին՝ դուլան ի՞նչ է։ Հիմա էլ շատերը չգիտեն, բայց, ամեն դեպքում, գոնե ծննդատներում հիմնականում տեղեկացված են»։
Սուվարյանը նույնպես նշում է, որ ծննդաբերության ժամանակ դուլայի աջակցությունը նոր փորձառություն է, և նոր են սովորում այդ ամենին.
«Տարիներ անց, երբ հետ նայենք, կտեսնենք, որ դուլաները նոր մոտեցումներ են առաջարկել, որը մեզ համար ևս շատ օգտակար է եղել։ Ժամանակը ցույց կտա»։
Վիճակագրություն
Դուլաները բնական՝ առանց դեղորայքային ու այլ միջամտությունների ծննդաբերության ջատագով են, և ծննդաբերության ժամանակ նրանց ներկայությունը մի շարք դրական արդյունքներ է ունենում նաև այդ առումով։ ԱՀԿ հրապարակման համաձայն, ծննդաբերության աջակցությունը բարելավում է մայրական և պերենատալ արդյունքները՝ ուժեղացնելով նաև ծննդաբերության ֆիզիոլոգիական գործընթացը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աջակցությունն ունի կլինիկական նշանակալի առավելություններ, այդ թվում՝ ծննդաբերության տևողության կրճատումը, հեշտոցային ինքնաբուխ ծննդաբերությունների թվի աճը, ծննդաբերական ցավազրկման և կեսարյան հատման թվի նվազումը։ ԱՀԿ-ն կեսարյան հատումների իդեալական ցուցանիշ է համարում ընդհանուր ծննդաբերությունների 10-15 տոկոսը և նշում, որ վերջին տարիներին կառավարությունները և բժիշկները մտահոգություն են հայտնել կեսարյան հատումով ծնունդների թվի աճի և մոր և մանկան առողջության վրա հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ:
Մոր և մանկան առողջության վիճակագրական տարեգրքի տվյալներով՝ Հայաստանում կեսարյան հատումների թիվն ընդհանուր ծննդաբերությունների համեմատ 2017-ին կազմել է 31 տոկոս, 2018-ին՝ 32․5 տոկոս, 2019-ին՝ 34․3 տոկոս, 2020-ին՝ 35,9 տոկոս և 2021-ին՝ 37․5 տոկոս: Միգուցե հենց դուլաների ներգրավումը ծննդաբերության գործին հնարավորություն կընձեռի կանխել տարեց տարի աճող այս ցուցանիշը։
Նաեւ
Մանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԴաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreՄայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:
Read moreՊատվաստվելու անձնական որոշո՞ւմ, թե՞ հանրային պատասխանատվություն
Մասնագետներն ահազանգում են, որ ցանկացած կառավարելի վարակ կարող է կրկին գլուխ բարձրացնել, եթե չապահովվի պատվաստումների ժամանակին իրականացումը և բարձր ընդգրկվածությունը։ Ի՞նչ պատվաստումներ են ընդգրկված հայաստանյան ազգային օրացույցում, ինչպե՞ս է երկիրն իրականացնում պատվաստումային գործընթացն ու դիմագրավում հակապատվաստումային արշավների ազդեցությանը։
Read moreԴու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԵրբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր
Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read more