Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Հղիության 34 շաբաթում, հերթական ստուգման ժամանակ, երբ հայտնեցին, որ առողջական խնդիրներ ունեմ ու հարկավոր է մնալ հիվանդանոցում` առաջին իսկ հնարավորության դեպքում երեխային վաղաժամ դուրս բերելու համար, սկսեցի լացել, լացել ու էլի լացել: «Իրավիճակը» հատկապես սաստկացավ, երբ պաթոլոգիայի բաժանմունքի բժշկուհին գուժեց նույն իմ խնդիրն ունեցող մեկ այլ կնոջ մահվան աղմկահարույց դեպքի մասին: Անգամ, երբ երեխաս արդեն ծնվել էր ու թեև դեռ որոշ ժամանակ պետք է անցկացներ վերակենդանացման բաժանմունքում, սակայն վստահ էին, որ ապահով մասնագետների վերահսկողության տակ է, կյանքին էլ վտանգ չի սպառնում, ու թեորիապես գիտակցում էի, որ ամեն բան ժամանակի ընթացքում հարթվելու է, բայց պրակտիկայում այդ անսանձ արցունքներս տեղի չէին տալիս, գլորվում էին ամենատարբեր պահերին, լացով էի արձագանքում անգամ ամենաանմեղ հարցերին, օրինակ՝ սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր, սենյակում վարդակը որտե՞ղ է, և այլն: Արդեն լացում էի լացելուց, ամեն արցունքի հետ ամոթն ու մեղքի զգացումը խեղդում էին, հատկապես, երբ հնչում էր այդ սարսափելի հարցը` «ինչի՞ ես լացում», փորձում էի բացատրել, որ ես այդ անիրավ արցունքների հետ որևէ աղերս չունեմ, ու դրանք իրենք իրենց են գլորվում… այդպես շուրջ մեկ ամիս։
Տարիներ հետո միայն իմացա, որ ես մենակ չեմ ու տեղի ունեցածն ամենևին էլ ամոթալի չէր։
Հետծննդաբերական դեպրեսիա՞, թե՞ մայրական թախիծ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը (NIMH) դեպրեսիաների մի քանի տեսակների մեջ առանձնացնում է նաև հետծննդաբերական դեպրեսիան:
Հոգեբան Մարիամ Մելքումյանը, սակայն, նշում է, որ թեև հետծննդաբերական դեպրեսիա տերմինը բավական տարածված է հասարակության մեջ, սակայն պետք է հասկանալ, թե որ դեպքում գործ ունենք հենց դեպրեսիայի հետ, իսկ որ դեպքում պարզապես մայրական թախիծի (baby blues) հետ:
«Երեխայի ծնունդից հետո մի քանի շաբաթների ընթացքում կինը կարող է զգալ տխրություն, ունենա քնելու հետ կապված դժվարություններ, դյուրագրգռություն, ախորժակի փոփոխություններ, կենտրոնանալու հետ կապված դժվարություններ: Կարգավիճակը, ապրելակերպն ամբողջությամբ փոխվում է, և դրան հարմարվել է պետք։ Սա դեպրեսիա չէ, սա ընդամենը կարճ թախիծ է»,- ասում է հոգեբանը՝ նշելով, որ թեև հայաստանյան վիճակագրության չի տիրապետում, սակայն ըստ միջազգային տվյալների՝ նոր ծննդաբերած մայրերի 70-80 տոկոսն ունենում է այս հետծննդաբերական տխրությունը, սակայն դա դեռևս դեպրեսիա չէ, ու շուրջ մեկ ամիս անց՝ ռեժիմին հարմարվելով, դերը ստանձնելով այն անցնում է։ Նոր ծննդաբերած մայրերի միայն 10-15 տոկոսի մոտ հնարավոր է լինի հետծննդաբերական դեպրեսիա, որը կարող է ախտորոշել միայն հոգեբույժն ու ըստ այդմ նշանակել կա՛մ հոգեթերապիա, կա՛մ դեղորայքային բուժում։
Ըստ հոգեբանի՝ հետծննդաբերական դեպրեսիան սովորաբար սկսվում է ծննդաբերությունից մի քանի շաբաթ հետո, ու կարող է տևել նույնիսկ մինչև երեխայի երկու տարին լրանալը: Գլխավոր ախտանիշներն են, երբ մայրերը չեն վայելում որևէ բան, ունեն ֆիզիկական և հուզական թուլություն, տրամադրության անկում, դյուրագրգռություն, տագնապայնություն, քնի խանգարումներ, նորածին երեխայի համար՝ ծայրահեղ անհանգստություն, որպես մայր՝ անլիարժեքության զգացողություն, անպաշտպան և միայնակ լինելու զգացումներ:
«Հետծննդաբերական դեպրեսիան առաջանում է նաև մոր ակնկալիքների ու իրականության չհամընկնման դեպքում, օրինակ՝ երեխան անհանգիստ է լինում, չի քնում։ Մոր օրգանիզմում լինում են հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են կնոջ հոգեվիճակի վրա,- ասում է հոգեբանը՝ նշելով, որ այս ժամանակաշրջանում շատ կարևոր է հասարակության արձագանքը, որը, սովորաբար, լինում է առավել վնասող, քան աջակցող,- Հասարակությունը ոչ միշտ է աջակցում նորաթուխ մայրերին։ Շատ հաճախ, փոխանակ օգնեն կնոջը դառնալ մայր, չեն օգնում մորը ստանձնել այդ դերը, երբեմն փորձում են երեխային առանձնացնել մորից՝ իբրև օգնելու նպատակով, սակայն այս զգայուն շրջանում մայրը կարող է դառնալ առավել խանդոտ ու դյուրագրգիռ»։
Այս օղակի ծայրահեղ աստիճանը հետծննդաբերական փսիխոզն է, որը, սակայն, ավելի քիչ է հանդիպում (1000-ից 1-ը)։ Այն դրսևորվում է պարզ մտածողության դժվարությամբ, տրամադրության կտրուկ անկայունությամբ, իրականության աղավաղված ընկալմամբ, երեխայից հրաժարվելու, մահվան, ինքն իրեն կամ երեխային վնասելու մասին մտքերի ի հայտ գալով և այլն։ Փսիխոզն անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է։
Հոգեբանը նշում է, որ մայրության ինստիտուտը փոքր-ինչ իդեալիզացված է․ կերպարներ են ստեղծվել, թե մայրն իրավունք չունի տխրելու, հոգնելու, պետք է ամեն բան հասցնի, պետք է երջանիկ լինի, սակայն իրական պատկերը այլ է, ու մայրերը երբեմն վատ հոգեվիճակում են լինում, իսկ այս կարծրատիպերի հետևանքով առավել խոցելի են դառնում։
Նպաստող պայմաններ
Հետծննդաբերական դեպրեսիայի, թախիծի առաջացման հիմնական պատճառներից է համարվում հորմոնալ փոփոխություններին ադապտացվելը։ Հղիության ընթացքում մոր ընկերքն արտադրում է պրոգեստերոն հորմոնը՝ կանխելով մայրական կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնի արտադրությունը: Ընկերքի հեռացմամբ՝ պրոգեստերոնի մակարդակը կտրուկ իջնում է՝ թույլ տալով կտրուկ բարձրանալ պրոլակտին հորմոնի մակարդակը: Սա հորմոնալ մեծ փոփոխություն է, որը զուգորդվում է ծննդաբերության ժամանակ արտադրված ադրենալինի և հետծննաբերական շրջանի քնի խանգարումների հետ։
Բացի այդ, նշվում է, որ ծննդաբերությունից երեք կամ չորս օր հետո էստրոգեն հորմոնի մակարդակը մոտ տասն անգամ նվազում է: Հետազոտությունները հայտնաբերել են, որ էստրոգենի այս նվազմանը զուգահեռ բարձրանում է մոնոամին օքսիդազ A ֆերմենտի մակարդակը կնոջ ուղեղում: Այս ֆերմենտը քայքայում է որոշ քիմիական նյութեր, որոնք նյարդաբջիջների միջև ազդանշանները փոխանցելուց բացի կարող են ազդել նաև տրամադրության վրա, հետևաբար, դրանց պակասորդի դեպքում կանայք ավելի հակված են զգալ տխրություն և ընկճվածություն:
«Բազմաթիվ ֆունկցիաներ են լինում խաթարված։ Որպես պրակտիկա ունեցող հոգեթերապևտ, պետք է նշեմ, որ հատկապես այն կանայք են ավելի խոցելի, որոնք ունեն ցածր ինքնագնահատական, քիչ աջակցող հարաբերություններ, գենետիկ նախատրամադրվածություն, փոքր տարիքում անտեսվել են, ինչպես նաև էական դեր են խաղում զույգերի հարաբերությունները»,- ասում է պերինատալ հոգեբան, հոգեթերապևտ Տաթև Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նպաստող հանգամանքներ են նաև այն, երբ հղիությունը համընկել է կնոջ համար կարևոր կորստի հետ՝ սիրելի անձնավորություն, ընտանիքի անդամ, աշխատանք և այլն, ինչպես նաև նախկինում եղել են պրենատալ կորուստներ։
Անահիտ Մուշեղյանը հղիների յոգայի ուսուցիչ է և դուլա (doula)՝ մասնագետ, որը հղիության, ծննդաբերության և հետծննդաբերության վաղ շրջանի ընթացքում կանանց տրամադրում է հոգեբանական, ֆիզիկական և տեղեկատվական աջակցություն:
Շաբաթվա մեջ մի քանի անգամ շփվելով իր շահառուների հետ ու մասնակցելով նրանց նախածննդաբերական, ծննդաբերական ու հետծննդաբերական գործընթացներին, նկատել է, որ այս փուլերում կնոջ հոգեբանական խնդիրների մեջ կարևոր դեր ունի ծննդաբերական փորձառությունը, ծննդօգնության որակը և այլն։
«Բավական բարդ փորձառություն է, կնոջ հետ արվում են տարատեսակ բռնի գործողություններ՝ սկսած ֆիզիկականից, մինչև հոգեբանական, օրինակ՝ կոնքդ փոքր է, չես կարող ծննդաբերել և այլն, այսինքն, թվում է խորհուրդներ են կնոջ համար, սակայն ավելի շատ վնասում են։ Կան սխալ նարատիվներ ծննդաբերության հետ կապված, թե օրինակ՝ տանջանք է»,- ասում է Մուշեղյանը՝ հավելելով, որ հիմնականում վախերն են՝ ծննդաբերությունից, մայրությունից, Էական է համարում նաև սոցիումի վերաբերմունքը, թե առհասարակ, ինչպես է մատուցվում մայրությունը։
Ըստ Մուշեղյանի, այն հղիները, որոնք ունեցել են ավելի հանդարտ ծննդաբերություն, համերաշխ են եղել իրենց հետ կատարվող փոփոխությունների հետ, ավելի հեշտ են հաղթահարել այս փուլը։
Մուշեղյանը կարծում է, որ պետական մոտեցում է հարկավոր ինչպես նախածննդաբերական, այնպես էլ հետծննդաբերական շրջանում կնոջն օգնելու համար.
«Սա մի հոգու աշխատանք չէ, սրան համալիր մասնագիտական մոտեցում է հարկավոր։ Կինը պետք է իմանա, թե իրեն ինչ է սպասվում, ինչ է կատարվելու իր հետ»։
Համակարգային մոտեցում
Դեռևս 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ելք» դաշինքը քաղաքական ուժերից թերևս առաջինն էր, որ իր նախընտրական ծրագրի 9-րդ «Առողջապահություն» կետի վերջին՝ «է» ենթակետում ներառել էր ծննդատներում հոգեբանի ինստիտուտի ներդրման մասին՝ նպատակ ունենալով «կանխել նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ, և ստեղծել ընտանիքների աջակցության մշտական ծառայություն, զարգացնել խնամատարության և որդեգրման ինստիտուտները»:
Դաշինքի մաս կազմող, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն այս հանգամանքը հետագա նախընտրական ծրագրերում հաշվի չի առել։
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, ով եղել է նաև «Ելք» դաշինքի պատգամավորներից, ասում է, որ կուսակցության ծրագրում հարցի չներառվելը դեռ չի նշանակում, որ այն ակտուալ չէ, և այդ հարցով աշխատանք չի տարվում։
Սակայն համակարգային լուծման հասնելուն, կարծես դեռ վաղ է։ Ու եթե որոշ ծննդատներ կարող են իրենց թույլ տալ հաստիքային կամ արտահաստիքային աշխատակից հոգեբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն, ապա մեծ մասը պարզապես չունի այդ կարողությունը։
Պերինատալ հոգեբան, հոգեթերապևտ Տաթև Հովհաննիսյանն ասում է, որ հղիության ընթացքում նկատվում են սիմպտոմներ, որոնք հուշում են հետծննդաբերական շրջանում դեպրեսիայի հավանականության մասին, ուստի խիստ կարևոր է նաև, որ հղիի հետ աշխատանքներ տարվեն ինչպես հետծննդաբերական փուլում, այնպես էլ նախածննդաբերական։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի պերինատալ հոգեբան, հոգեթերապևտ Էլեոնորա Սաղաթելյանը նշում է, որ անգամ առողջապահության նախարարությունում է բարձրացրել ծննդատներում հոգեբանների ներկայության հարցը, սակայն նախարարությունից նշել են, որ դրա համար գումար չեն կարող հատկացնել։
«Կարևոր է կնոջն օգնել նախնական փուլում, հակառակ դեպքում այն կարող է վերածվել նևրոզի, իսկ հղիությունից հետո` ավելի խորքային դեպրեսիայի։ Հրաշալի կլիներ, եթե գինեկոլոգների սենյակներին կից լիներ նաև պերինատալ հոգեբան, որպեսզի յուրաքաչնյուր կին հղիության ընթացքում գոնե երեք անգամ այցելեր ու իմանար, թե ինչ է սպասվում իրեն, հորմոնալ ու այլ ինչ փոփոխություններ են իր հետ լինելու»,- ասում է Սաղաթելյանը։
Հոգեբանը շուրջ չորս տարի աշխատելով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, նշում է, որ մայրերը, սովորաբար, ինքնակամ չեն հետաքրքրվում ու դիմում իր ծառայությանը, սակայն մասնագետը պարբերական այցեր իրականացնելով՝ շփվում ու աջակցում է կանանց։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի վարիչ Կարեն Ջուլհակյանը ևս կարևորելով խնդիրը, նշում է, որ իրենց ծննդատանն ունեին մայրության դպրոց, որին 2018-ից մասնակցում էր նաև հոգեբանը։
«Դեպրեսիայի հիմնական արտահայտումը, իհարկե լինում է հետծննդաբերական շրջանում, սակայն դրա նախադրյալները լինում են դեռ հղիության ընթացքում։ Ժամանակին ծննդատանն ունեինք հաստիքային հոգեբան ու բոլոր այն հղիներին, որոնց հետ զրույցի ժամանակ որևէ թեթև կասկած էր լինում, ուղղորդում էինք իր մոտ»,- ասում է Ջուլհակյանը, ցավով նշելով, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ստիպված են եղել դադարեցնել ծրագիրը, և այժմ ծառայությունների մատուցումը որոշ չափով փոխվել է․ հոգեբանն արտահաստիքային է, որին դիմում են, երբ կանանց մոտ նկատում են խնդիրներ, ունեն նաև հոգեբույժ, սակայն նրան դիմում են արդեն հստակ խնդիրների դեպքում։
Բժիշկը նշում է, որ ամեն օր այցելում է հղիներին, կատարում ստուգումներ, երկար զրուցում նրանց հետ, ու շատ հաճախ հենց հայացքից է հասկանում, թե ինչ է կատարվում։
«Երբեմն հնարավոր է ոչինչ չասեն, բայց հայացքից հասկանում ես, որ կան խնդիրներ։ Նման դեպքերում դիմում ենք հոգեբանին, փորձում ենք հենց հղիության շրջանում ախտորոշել ու թույլ չտալ, որպեսզի հետծննդաբերական շրջանում ավելի խորը զարգանան»,- ասում է Ջուլհակյանը՝ հավելելով, որ ամսվա կտրվածքով հոգեբանի հետ ունենում են առնվազն երեք խորհրդատվություն, դրանց թիվը կարող է հասնել 6-7-ի։ Սա վերաբերում է ինչպես հղիներին, այնպես էլ հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց։
Բժիշկը նշում է, որ թեև շատ է ցանկանում, որ կանանց կոնսուլտացիան համալրված լինի հոգեբանով, ու չնայած մի շարք դրական փոփոխություններին, սակայն այս պահին անգամ ստիպված են եղել նեղ մասնագետներին կրճատել։
Սակայն, հատկանշական է, որ հասարակությունը նույնպես դեռևս համագործակցային չէ ու շատերն անգամ խուսափում են հոգեբանի հետ աշխատելուց։
«Հասարակության ընկալումների հետ դեռևս կան խնդիրներ, խուսափում են անգամ հոգեբանի հետ աշխատելուց, ուր մնաց հոգեբույժի հետ։ Շատ հաճախ ժխտում են ու չեն ընդունում, որ կան խնդիրներ։ Փորձում ենք մարդկանց հասկացնել, համոզել, բացատրել, շատ զգացմունքային ու նուրբ թեմա է և զգուշություն է պահանջում»,- ասում է Ջուլհակյանը։
Հոգեբան Տաթև Հովհաննիսյանը նույնպես նշում է, որ Հայաստանում հոգեկրթության պակասի խնդիր կա, սակայն տարեց տարի փոխվում է իրավիճակը․
«Շատ ժամանակ կինն էլ չգիտի, որ դա դեպրեսիա է, իսկ ավելի մեծ փորձառությամբ կանայք նույնպես չեն խրախուսում մասնագետին դիմելը, ասում են՝ դե ինչ է եղել, երեխադ առողջ է, ու նոր ծննդաբերած կինը մնում է միայնակ, մեղքի զգացումի հետ, կանայք ամաչում են ասել, որ իրենք երջանիկ չեն, հաճույք չեն ստանում երեխայի խնամքից»։
Դու մենակ չես
Երկու երեխաների մայր Լիլիթ Մարգարյանն ասում է, որ երկու երեխաների դեպքում էլ ունեցել է դեպրեսիայի ախտանշաններ․
«Առաջինի դեպքում ինձ մոտ սկսվեց երկրորդ եռամսյակում, երբ սկսեցին մարմնի փոփոխություններն ակնհայտ դառնալ, առաջին զգացողությունն այն էր, որ հոգեբանորեն պատրաստ չէի հղի լինելուն, առաջինն էր, շատ դժվար էր, չգիտեի ինչ է կատարվել ու կատարվելու, անորոշությունները շատ էին կապված հղիության, երեխայի, իմ՝ ծնող լինելու հետ, ու շատ վախեցնում էին»,- ասում է կինը՝ հիշելով, որ այդ շրջանում «փրկում էր» միայն աշխատելը։
Մինչդեռ երկրորդ երեխայի ժամանակ, Մարգարյանը հիշում է, որ թեև ամբողջությամբ պատրաստ էր հղիությանը, կարոտել էր փոքրիկ ունենալուն, գրկելուն, խնամելուն, գիտեր, թե ինչ է սպասվում, սակայն երկրորդից հետո էլ «այցելում է» հետծննդաբերական դեպրեսիան։
«Առաջին մի քանի օրը շատ դժվար էր, երբ հիվանդանոցում էի, շատ կարոտում էի առաջին երեխայիս, մեղքի զգացում ունեի շատ ուժեղ։ Միշտ շատ եմ աշխատել, բայց եղավ մի շրջան, որ, առհասարակ, հրաժարվել էի աշխատելուց, սիրած զբաղմունքներից»,- ասում է կինը՝ նշելով, որ երկար ուսումնասիրել է հոգեբանություն ու հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում, փորձում էր շատ շփվել մարդկանց հետ, գտնել նոր հետաքրքրություններ։
Հոգեբան Մարիամ Մելքումյանը նշում է, որ հոգեբանական նման իրավիճակներից որևէ մեկն ապահովագրված չէ, անգամ ինքը, որ բազմիցս աշխատել է խնդիրներ ունեցող կանանց հետ, հետծննդաբերական շրջանում ևս ունեցել է դժվարություններ։
«Ամսական հերթական ստուգումներից բացի որևէ մեկը չէր խոսում կնոջ հոգեբանական վիճակի ու ռիսկերի մասին։ Մինչդեռ մամայության կայացման սկիզբը բավական բարդ է, ու ինքս էլ՝ չունենալով մամայության փորձ, բախվել եմ այդ խնդրին»,- ասում է հոգեբանը՝ հիշելով, որ հետծննդաբերական փուլում ակնհայտ փոխվել է կյանքն ու նախկին ակտիվությունից հետո կենցաղային անվերջանալի հոգսերը, անքնությունը մեծ սթրես են դարձել նրա համար ու 5 ամիս անց ստիպել դիմել հոգեբանի։
Կինը, որ մանկուց երազել էր նկարչական դպրոց գնալ ու հնարավորություն չէր ունեցել, հենց այս փուլում որոշում է իրականացնել ցանկությունը․
«Մի օր, երբ երեխայի հետ զբոսնում էինք, տարածքում փոքրերի նկարչական դպրոց տեսա, տնօրենի հետ պայմանավորվեցինք, գրանցվեցի ու սկսեցի այցելել դասերին։ Թեև այդ շրջանում երեխայի խնամքով միայն ես էի զբաղվում, սակայն ամուսնուս մորը խնդրեցի շաբաթական երկու օր երեխային խնամել, որպեսզի մաման գնա դասերի։ Ինձնից մի քանի տարի փոքր երեխաների հետ սովորում էի նկարել, կավով աշխատել։ Ու թեև այդ ընթացքը տևեց ընդամենը մոտ երկու ամիս, սակայն դա ինձ օդ ու ջրի պես պետք էր․ գտա մի բան, որն ինձ օգնեց դուրս գալ այդ իրավիճակից»։
Հոգեբանը նշում է, որ հատկապես այս ընթացքում կանայք ամեն բան ցանկանում են ինքնուրույն անել, մինչդեռ խորհուրդ է տալիս դիմել ու ընդունել օգնություն, հնարավորության դեպքում էլ հայրիկներին ներգրավել երեխայի խնամքի մեջ, որոնց համար էլ, ի դեպ, հեշտ շրջան չէ, նրանք նույնպես հարմարվում են նոր իրավիճակին։ Կարևոր է հիշել նաև առողջ սննդի ու զբոսանքների մասին։
«Շատ կարևոր է, որ մայրերն օրվա մեջ որոշ ժամանակ հատկացնեն հենց իրենց՝ անելով մի բան, որն օգնում է վերականգնել ռեսուրսները։ Երեխային պետք է առողջ, երջանիկ մայր»,- ասում է մասնագետը։
***
Առաջին երեխայի ծննդաբերության դժվար փորձառությունից շուրջ հինգ տարի անց, երբ երկար պատրաստվել ու պլանավորել էի երկրորդ երեխայիս ծնունդը, հույս ունեի, որ քիչ սխալներ թույլ կտամ ու այլևս այնքան արցունք չեմ տեսնի, որքան առաջինի դեպքում էր։
Չնայած հղիությանս երկրորդ եռամսյակից սկսվեց կորոնավիրուսի համավարակը, սակայն ամեն բան կարծես հարթ էր ընթանում, արդեն պլանավորել էինք կեսարյան հատման օրը՝ 2020-ի յոթերորդ ամսվա յոթերորդ օրը, սակայն ամսվա սկզբին սկսեցի ջերմել, իսկ հուլիսի 4-ի մեկնարկին փոքրիկս սկսեց ցավեցնել՝ հստակ ցույց տալով, որ որոշել է խառնել պլաններս ու ավելի վաղ լույս աշխարհ գալ։ Հիվանդանոցը, որտեղ հաշվառված էի ու պետք է տեղի ունենար պլանավորված ծննդալուծումը, ջերմելու հետևանքով հրաժարվեց ինձ ընդունել, անգամ արդեն ցավեր ունեցողիս չուղղորդեցին որևէ այլ տեղ։
Բարեբախտաբար, փոքր երկրում ունենալով ծանոթների մեծ շրջանակ, կարողացա կապ հաստատել «ջերմող հղիներին ընդունող», քաղաքի մյուս մասում գտնվող հիվանդանոցում աշխատող քրոջս հետ, ու լուսադեմին, տաքսիով հասանք հիվանդանոց, որտեղ րոպեներ անց ծնվեց փոքրիկս։ Այս ծանր փորձառությունը, իհարկե, անհետևանք չէր կարող մնալ, հատկապես, որ երեք օր անց արդեն հաստատվեց վարակակիր լինելուս փաստը։ Հետևաբար, երկրորդ երեխայի դեպքում էլ անվերջ թափվող արցունքներիս ավելացան նաև ընտանիքի բոլոր անդամներին անվերջ ջերմաչափելու, շնչառությունը ստուգելու քայլերը։
Այս դեպքում, սակայն, ինչպես ես, այնպես էլ շրջապատս հստակ գիտակցում էինք, որ ես «մեղավոր» չեմ, հարկավոր է որևէ հաճելի բանով զբաղվել ու ամեն բան ժամանակի ընթացքում կհարթվի։
Մեր հայերեն էջից
Մարդ եւ հասարակություն
Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read moreՀիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2
Բուժման նպատակով մարդիկ հաճախ նախընտրում են մեկնել Գերմանիա՝ հույսով ու մեծ ակնկալիքներով, սակայն որոշ դեպքերում «հեքիաթային երկրում» ապրելու պատկերացումները սխալ են լինում ու մնում են ձեռնունայն։
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreԳիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա
1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։
Read moreԱշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read moreՔաղաքականություն
Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:
Read moreԼեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read moreԵվ այլն
Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ
Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները:
Read moreԳլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ
Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:
Read moreՈւժը` ճշմարտություն(ն) է
2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։
Read more