Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Սահմաններն օրինական ու անօրինական հատել, փորձությունների միջով անցնել, գնալ հասնել Եվրոպա, «հանձնվել» կամ հայցել փախստականի կարգավիճակ, որ հումանիտար օգնություն ստանալու հնարավորություն ընձեռվի ու կյանքդ փրկես։ Այսպիսին է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր իմանում են իրենց ախտորոշումն ու բժիշկների սահմանած կյանքի մոտավոր տևողությունը և փորձում են ամեն գնով երկարաձգել կյանքի ժամերը։
Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում հաջողվեց գտնել հայերի, ովքեր տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ վախը սրտում՝ արտաքսմանը։ Ու այսպես գլորվում են օրերը, ամիսներն ու տարիները։
Նրանց տրամադրում են բժշկական օգնություն, հանրակացարանում ապահովում համապատասխան պայմաններ՝ հատուկ մահճակալ, դեղեր, ֆիզիոթերապիայի համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ։ Փախստականի կարգավիճակ ստանալու համար այստեղ մնացողներից շատերը դիմել են 3-7 տարի առաջ, մարդիկ կային, որ մինչ այժմ թեկուզ ժամանակավոր մնալու փաստաթուղթ չունեին, այսինքն՝ արտաքսման վտանգն ամեն վայրկյան է։
Մենակ ու հիվանդ՝ քարտեզի մի ծայրից մյուսը
«Երևանից եկա Ուկրաինա, հետո Չեխիա, Չեխիայից Գերմանիա»,- բուժվելու համար Մանեի անցած ճանապարհն է։ Նա իր պատմությամբ կիսվեց, սակայն չցանկացավ դեմքով ու իրական անուն, ազգանունով ներկայանալ։
Հետազոտական մեթոդների, նեղ մասնագետների պակասն ու անհրաժեշտ դեղերի սղության պայմաններում հայ բժիշկների խորհուրդը մեկն էր՝ բուժման համար գնալ Գերմանիա կամ Իսրայել, բայց Մանեն բուժման ծախսերը հոգալու գումար չուներ։
«26 տարի միշտ Արտաշատում եմ ապրել, սովորել, աշխատել, նույնիսկ Երևան գնալու կարիք չեմ ունեցել, իսկ եթե գնացել եմ՝ եղբայրս է ուղեկցել, ու հանկարծ մի օր ասում են՝ դու հիվանդ ես, մենակ պետք է գնաս հասնես Գերմանիա։ Պանիկա, լաց ու կոծ, չէի ուզում գնալ։ Ճամպրուկը ձեռքիդ մենակ այս մեծ աշխարհում, գնում ես, որ կյանքդ փրկես ու բուժվես»,-պատմում է Մանեն ու նորից վերապրում այն զգացումները, որ ապրել է 4 տարի առաջ Գերմանիա հասնելու ճանապարհին։
Իրենք գումար են տվել միայն Գերմանիա հասցնելու համար, իսկ մնացածն արդեն ինքնուրույն պետք է աներ․
«Շատ դժվար էր այդ «հանձնվելու» պահը։ Ասեցին՝ գնում ես ասում «ազուլ» (գերմաներեն փախստական) ու վերջ․․․ մի քանի օր սթրեսի մեջ էի, մտածում էի, բա որ ուրիշ բան հարցնեն, ես լեզուն չգիտեմ, ի՞նչ եմ պատասխանելու, բա որ հետ ուղարկեն, էսքան ճամփա էի գնացել, էդքան ծախս․․․ փախստականների ընդունման այդ կետում համազգեստով աշխատողներ էին, մոտեցա իրենց ու վախվորած ասացի՝ «ազուլ․․․», ասեցին՝ օկ ու տարան ներս»։
Դպրոցական տարիքում ճամբարում եղած Մանեն մոտավոր պատկերացնում էր, թե ինչ է սպասվում․ այս դեպքում էլ ճամբարը տեղակայված էր անտառում սարքված շենքերում, կար ճաշարան, բժիշկ, ամեն ինչը ժամով էր, խիստ կարգ ու կանոնով։
Սակայն որոշ ժամանակ անց կնոջը տեղափոխում են հանրակացարան։
«Մտա էնտեղ ու ասացի՝ վերջ, էս արդեն աշխարհի վերջն է․․․ ես վերադառնում եմ Հայաստան»,-ասում է նա ու հիշում, թե ինչքան կեղտոտ էին հանրակացարանի սենյակները։ Սակայն սրանք դժվարությունների մեծ շղթայի միայն սկիզբն են լինում։
«Հետո սկսեցին նամակներ գալ, որ լքեմ երկիրը։ Չէին հավատում, որ ես լուրջ հիվանդ եմ, մինչև եկավ ՀՀ առողջապահության նախարարի նամակը, որ Հայաստանում սրտի իմ հիվանդությունը չեն կարող բուժել, ես էլ պրիստուպներ ունեցա․․․ հասկացան, որ չեմ խաբում, կյանքս փրկեցին,- ասում է Մանեն՝ նշելով, որ իր բուժման համար մեծ գումար է ծախսվում, որը Հայաստանում չէր կարողանա հայթայթել,- Հայաստանում ի՞նչ պետք է աշխատես, որ ամսական 5000 եվրո փող ունենաս այդ երկու դեղը գնելու համար, ու չհաշված բոլոր հետազոտությունները, որոնք անվճար են։ Ուղիղ 4 տարի է այստեղ եմ։ Ու ինչպես շնորհակալ չլինեմ գերմանական կառավարությանը, որ կյանքս է փրկել»։
Մանեի մտերիմները հուշում էին, որ դժվարն առաջին 3 տարին է, իսկ դրանից հետո հարմարվում են։ Ու թեև հիմա 3 տարի ժամանակավոր ապրելու թույլտվություն ունի, դեպորտի վտանգը քիչ է, սակայն նոր դժվարություններ են ավելացել՝ պետք է լեզու սովորել, աշխատանք գտնել ու ինտեգրվել, թե չէ մի օր կկանգնես արտաքսման առաջ։
Առողջական խնդիրներ ունեցողի համար փոքր ինչ դժվար է ընտրել մասնագիտություն․ ըստ բժիշկների ցուցման՝ 3-4 ժամ կարող է աշխատել։
«Վարսավիր եմ ուզում աշխատել, բայց 8 ժամ է գրաֆիկը, երևի մատնահարդարում սովորեմ, որ սկսեմ աշխատանքս»։
Մանեն նշում է, որ Գերմանիայում բարեկեցիկ կյանքով ապրելու պատկերացումները երբեմն ուռճացված են ներկայացվում․
«Երբ հարցնում են ինչ խորհուրդ կտաս, գա՞մ Գերմանիա, թե՞ չէ։ Ասում եմ, եթե հնարավորություն ունեք՝ տուն մի ծախեք, վարկեր մի վերցրեք, եկեք փորձեք։ Աստված տա, լավ լինի, եթե չէ, մի կորցրեք ձեր երկրում էն ինչ ունեք, այստեղ ոչ ոք 100 տոկոս չգիտի, կմնա, թե չի մնա։ Ափսոս է էդ եղածը, որ պետք է թողնեք գաք ու գնաք։ Մեր հայերը սխալ են ներկայացնում, թե ինչպես են ապրում այստեղ: Այո՛, բուժում են, գումար հատկացնում են ապրելու համար, բայց դա հազիվ հերիքում է սննդին, ու հասկանում ես, որ այս պետությունն էլ պարտավոր չէ քեզ համար ամեն ինչ անել։ Իսկ ամենադժվարը կարոտն է, մենակ ծանր օրերը հաղթահարելը, իրոք, հեշտ չէ»։
Հումանիտար օգնությունը թվերով ու փաստերով
Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի համաձայն՝ «փախստական» է համարվում այն անձը, որը ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության և քաղաքական հայացքների պատճառով հետապնդվելու երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս և անկարող է կամ նման երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ։
Ժնևյան կոնվենցիայով առողջական խնդիրները չեն կարող պատճառ դառնալ փախստականի կարգավիճակ ձեռքբերելու համար։ Սակայն միգրացիայի առողջական հետևանքները դարեր շարունակ մտահոգիչ են եղել։ Պետությունները, ընդունելով իրենց պատասխանատվությունն ու հենց այս հումանիտար գործոնով պայմանավորված, իրենց ունեցած ֆինանսական միջոցների ու հնարավորությունների սահմանում օգնում են փախստականներին տարբեր խնդիրների դեպքում։
Գերմանիայում գործող «Համահայկական Գերմանիո խորհրդի» վարչության անդամ Անի Սմիթ-Դագեսյանը 18 տարեկանից ուսումնական վիզայով, ապա աշխատանքի բերումով ապրում է Դյուսելդորֆում, տեղեկացված է, թե ինչպես են գալիս հայերը ու ինչ խնդիրների են հանդիպում։
Ըստ Սմիթ-Դագեսյանի, եթե 2020-ի Արցախյան պատերազմից առաջ մեծամասնությունը կազմում էին քաղցկեղով հիվանդները, ինչպես նաև երիկամային անբավարարություն ախտորոշում ունեցող հիվանդները, պատերազմից հետո ավելացել են հրազենային վիրավորում ստացած ու վերականգնողական, պրոթեզավորման կարիք ունեցողների թիվը։
«Ունենք Գերմանիա եկածների երեք խումբ․ մարդիկ, ովքեր գալիս բուժվում են բացառապես իրենց գումարով կամ նախօրոք կազմակերպվում են դրամահավաքներ (սոցիալական ցանցերով կամ տարբեր հիմնադրամներին դիմելով)։ Մյուս մասը նրանք են, ովքեր մտածում են, որ ի վիճակի կլինեն հոգալ ծախսերը, բայց որոշ ժամանակ հետո ստիպված են լինում փախստականի հայց ներկայացնել՝ բուժումը շարունակելու համար։ Եվ հիվանդներ, ովքեր միանգամից գալիս ու փախստականի հայց են ներկայացնում՝ հումանիտար բժշկական օգնություն ստանալու համար»,-նշում է Սմիթ-Դագեսյանը:
Եվրոստատի վիճակագրության համաձայն՝ Եվրամիության և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների՝ 2014-2020 թվականների ընկած միջակայքում ամենամեծ թիվը գրանցվել է 2016-ին՝ 7745, ամենաքիչը՝ 2020-ին՝ 1240։
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ 2000-ականների սկզբներին փախստականի կարգավիճակ հայցողների թիվը տարեկան հասնում էր 8000-ի, վերջին տարիներին ավելի քիչ է՝ 2000-3000, ու տարեց տարի ավելի է պակասում, ինչն ունի մի քանի պատճառ։ Նախ ԵՄ անդամ երկրների միգրացիոն քաղաքանությունը խստացվել է (հատկապես 2015-16 միգրացիոն ճգնաժամից հետո), ՀՀ-ն ապահով երկիր է ճանաչվել և ԵՄ մի քանի երկրներում ու Ժնևյան կոնվենցիայի փախստականի կարգավիճակ ստանալու պայմաններին ՀՀ քաղաքացիները մեծ մասամբ չեն համապատասխանում։
Եթե դիտարկենք Միգրանտների ու փախստականների Գերմանիայի Դաշնային գրասենյակի տրամադրած տվյալները, ապա հիմնական մասը մերժում է ստացել։
Անի Սմիթ-Դագեսյանը վերջին շրջանի մերժումների ու արտաքսումների վիճակագրությանն անդրադառնալիս նշում է, որ եթե նախկինում Գերմանիայի միգրացիոն ծառայությունը ծանրաբեռնված էր ու աշխատողների թիվը բավականին քիչ էր, մոտ 3000 ծառայող աշխատակից կար, այժմ մոտավորապես եռակի ավելի շատ է, հետևաբար, եթե նախկինում փախստականի կարգավիճակ հայցողի գործի քննությունը կարող էր տևել մինչև 1-2 տարի, այդ ընթացքում մարդը ստանում էր իր բոլոր բուժումները, ապա հիմա 3 ամսվա ընթացքում ստանում է պատասխանը և չեն հասցնում իրենց բուժումը կատարել, անգամ շատ քիչ քայլեր են իրականացրած լինում։
Սակայն, ըստ Սմիթ-Դագեսյանի՝ մարդկանց հիվանդությունների ու գերմանական հումանիզմի արանքում կան նաև անձինք, որոնք շարունակում են օգտվել իրավիճակից։
«Հիմնականում «մաֆիայի» կառույցներ են, որոնք աշխատում են կովկասյան բոլոր երկրներում, ունեն բավականին լավ կապեր որոշ դեսպանատների հետ։ Մեզ հանդիպած հայերը պատմում են` որոշ մարդիկ զբաղվում են նման հարցերով, թղթերը սարքելու համար վճարվում են մինչև 20․000 եվրո, դրա մեջ մտնում է ինչպես վիզայի ստացումը, այնպես էլ տեղափոխումը»,-տարիների իր վերլուծությունն է ներկայացնում Սմիթ-Դագեսյանը՝ հավելելով, որ տեղափոխումը կազմակերպվում է տարբեր ձևերով՝ օրինական ճանապարհով (ստանում են տուրիստական վիզա ու գալիս փախստականի հայց են ներկայացնում), անօրինական (Բելառուսի կամ Թուրքիայի միջոցով սահմանը ուղղակի հատելով), կամ կիսաօրինական (ձեռք են բերում այլ եվրոպական երկրի վիզա, օրինակ Հունաստանի կամ Լեհաստանի, ապա գնում են Գերմանիա)։
Մինչև 20․000 եվրո կամ անձը 3000-4000 եվրո վճարելու համար հիվանդություն ունեցող մարդկանց մեծ մասը վաճառում են Հայաստանում ամեն ինչ, տուն, մեքենա, որ ընտանիքով հասնեն Գերմանիա, սակայն ոչ միշտ է, որ Գերմանիան փրկության այն օղակն է, որին սպասում էին։
Բեռլինում գործող «Քսենիոն» կազմակերպության սոցիալական աշխատող Էլիզաբեթ Պետերմիխելն ասում է, որ իրենց կազմակերպությունը փախստականի հայտ ներկայացնողներին տրամադրում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, օգնում են թարգմանության հարցում։
«Իսկ փախստականները հասնում են այստեղ ու օգնություն չեն ստանում, որովհետև նրանք պետք է ապացուցեն, որ իրենց երկրում այդ հիվանդության բուժումը չկա։ Որոշ միգրանտներ նույնիսկ հիվանդության փաստաթղթերը չունեն, մյուսներն էլ այդ հիվանդության էջերով պատմություններն են բերում, մեր բժիշկները շատ ծանրաբեռնված են, մարդկանց արագ զննելու կամ այդ փաստաթղթերն ուսումնասիրելու ժամանակ չունեն»,-ասում է Պետերմիխելը՝ բացատրելով, որ այդ ամենն անում են կամավոր, լինում են նաև սխալներ ու բողոքարկումներ, բայց եթե պարզվեց, որ դիմորդի երկրում (օրինակ՝ Հայաստանում) տվյալ հիվանդության բուժումը հնարավոր է, միգրանտը ենթակա է արտաքսման։ Բացառություն են միայն նրանք, ովքեր մահվան շեմին են ու արտաքսումը մահվան կարող է հանգեցնել։
Գերմանիան չի սիրում սուտը, բացահայտելու դեպքում արտաքսումն անխուսափելի է
«Շատերն են խաբում, եթե նախկինում հնարավոր էր մոլորեցնել, պատմություններ հնարել, հիմա ավելի դժվար է, նաև զարգացող թվային տեխնոլոգիաներն օգնում են գտնել սուտն ու անմիջապես արտաքսել։ Ես խաբելու առիթ չեմ ունեցել»,-ասում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, 44 ամյա Արտակ Կիրակոսյանը, ով տասը տարուց ավելի է բուժվում է Գերմանիայում և հիշում այդ չարաբաստիկ օրը, որն այստեղ գալու պատճառը դարձավ։
2008-ին Սարդարապատում Անկախության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձի ժամանակ հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում շուրջ 120 մարդ կար։ Մի քանի դպրոցականների կյանքեր փրկելով՝ այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև Կիրակոսյանը:
«Բեմահարթակը փլվեց, խլեց մի փոքրիկ երեխայի կյանք, ես հայտնվեցի այս անվասալյակին։ Պատճառը եղանակն էր ու ոչ լավ ամրացված բեմահարթակը։ Ես վիրահատվեցի Երևանում, հետո անհրաժեշտ էր կրկնակի վիրահատություն Գերմանիայում»,- հիշում է Կիրակոսյանը, որի բուժման համար անհրաժեշտ 100․000 եվրոյից 21․000-ը հավաքվում է դրամահավաքի միջոցով, մնացածը բեյրութահայ բարերար Հարություն Խաչատրյանն է փոխանցում։
Գերմանիայում պարզվում է, որ Հայաստանում վիրահատությունը թերի է կատարվել, ոսկրահատիկներ են մնացել ողնուղեղում և պացիենտն ունենալու է մշտական ցավեր։
«Հայաստանում ինձ վիրահատող պրոֆեսորին հարցրեցի, թե ինչու այդ ոսկրահատիկները չեք հանել, ասաց, որ իրենց ունեցած տեխնոլոգիական լուծումները թույլ չէր տալիս, ու եղած հնարավորությունների առավելագույնն է արել»։ Ես հասկացա, որ եթե չկան սարքավորումները՝ չենք էլ կարող պահանջել։ Բայց, երբ միզապարկի խնդիր էլ առաջացավ, Երևանում ասացին, որ միակ ելքը միզապարկը հանելն է, աղիքից միզապարկ սարքելը»։
Մինչդեռ արդեն Գերմանիայում այլ լուծում է գտնվել ու միզապարկը չեն հեռացրել, փոխարենը՝ 6 ամիսը մեկ բոտոքս են սրսկում, որի արդյունքում միզապարկի կծկումները վերականգնվում են։ Այն կազմում է մոտավորապես 2000 եվրո։ Կիրակոսյանը նշում է, որ իր բուժման ծախսերն այդքան էլ քիչ չեն․ միայն անվասալյակն արժի 2700 եվրո, կա նաև անվասալյակի վրա բարձ, կարող ես 24 ժամ գտնվել ու վերքեր չի առաջացնում, բարձի գինը 700 եվրո է, դեղորայքի ու բուժման ծախսերն էլ կազմում են 3000-5000 եվրո։
Կիրակոսյանը նշում է, որ Եվրոպա տեղափոխվող յուրաքանչյուր միգրանտ պետք է պատրաստ լինի անցնելու բազմաթիվ փորձությունների միջով, որոնք կարող են տևել տարիներ: Կան մարդիկ, ովքեր չդիմանալով այդ դժվարություններին, վերադառնում են կամ արտաքսվում։ Կան մարդիկ, ովքեր 15 տարի է Գերմանիայում են, սակայն չունեն բնակվելու իրավունք, կան մարդիկ, որ այդ իրավունքը ստանում են դիմելուց 5 տարի անց:
«Տասը տարուց ավելի է այստեղ եմ։ Փաստաթղթերի խնդիր չունեմ։ Էդ ընթացքում ձեռքերս ծալած չնստեցի, իմ ընտանիքը սկսել է աշխատել, տալ հարկեր։ Ես մշակույթի կենտրոն բացեցի, սովորեցնում եմ երեխաներին, երգում եմ տարբեր երգչախմբերում, ի վերջո, դու ուրիշի տանն ես ու չպետք է դառնաս բեռ։ Փախստական կա, ասում է՝ ինչ տվեցին օգնություն, հերիք է, ոչինչ չի անում, նույնիսկ կարող է պահանջել, Գերմանիան էլ տանտիրոջ պես կասի, մինչև ե՞րբ քեզ կերակրեմ, պահեմ, տեղաշորդ հավաքեմ, նոր հագուստ գնեմ։ Դրա համար շատերին ասում է, ելի գնա, բայց երբ տեսնում են, որ օգուտ ես բերում, աշխատում ես, ասում է՝ մնա։
Այո՛, ես հիմա ուրիշի տանն եմ, կուզենայի, որ իմ տանն էլ նման առողջապահական համակարգ լիներ ու ես վերադառնայի»։
Հոդվածի երկրորդ մասում հեղինակն անդրադառնում է բուժման նպատակով Գերմանիա մեկնած, սակայն որոշ դեպքերում ձեռնունայն մնացած մարդկանց պատմություններին։
Մեր հայերեն էջից
Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛
Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
Read moreԳլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ
Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:
Read moreՄարիամ Շահինեան. ստվերից դուրս
Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
Read moreԱրցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում
Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:
Read moreԲացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները
Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։ Ներկայացնում ենք 2022 թվականի մայիսի 11 ին EVN Report կայքի «Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի հոդվածը:
Read moreՍպասելով գարնանը…
Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreԹափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:
Read moreԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Read more