Հնագիտական եզակի նմուշներ ունեցող Հայաստանում տեխնիկական, ֆինանսական, ոչ գրագետ քաղաքականության մշակման ու կառավարման հետևանքով հետազոտական աշխատանքներ իրականացնելը շատ հաճախ հանգեցնում է խնդիրների անվերջ շարանի։
Հայաստանի տարածքում մասնագետները սկսել են պեղումներ իրականացնել 1870-ական թվականներից։ Պեղումներ են կատարել տարբեր գիտական հաստատություններ, անհատներ, հուշարձաններ վերականգնող կազմակերպություններ, հուշարձանների բացահայտման և գրանցման համար ստեղծված արշավախմբեր։
Ըստ վերջին (2020-ին իրականացված) պետական հաշվառման՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում կա 24 221 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններով առավել հարուստ է Գեղարքունիքի մարզը, որտեղ առկա է 5 267 հուշարձան։ Գեղարքունիքի մարզին հաջորդում է Կոտայքը 3 227 հուշարձանով։ 2022-ին դեռևս հաշվառում չի իրականացվել։
Ամեն անգամ պետական հաշվառում կատարելիս ցանկը մեծանում է. տարիների ընթացքում մասնագետները նոր հուշարձաններ են հայտնաբերում։ Ըստ վերջին հաշվառման տվյալների՝ մայրաքաղաք Երևանում և 7 մարզում 19 նորահայտ հուշարձան է արձանագրվել, որոնք արդեն հուշարձանի կարգավիճակ են ստացել։
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում բավական մեծ թիվ են կազմում նաև կրոնական և պաշտամունքային կառույցները՝ մատուռները, եկեղեցիները, վանքներն ու վանական համալիրները։ Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) կողմից EVN Report-ին տրամադրած տեղեկության՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է 192 միավոր կրոնական և պաշտամունքային կառույց։
Վերջին տարիներին կատարված հնագիտական պեղումները
Այս ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով:
ՀՀ տարածքում պեղումներ կատարելու համար սահմանված կարգով նախ տրվում է թույլտվություն՝ բաց թերթիկ։ Բաց թերթիկի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ սահմանված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման» կարգի համաձայն։
Հնագիտական պեղումներ կատարելու համար նախաձեռնողը պետք է ներկայացնի հայտ՝ հիմնավորելով պեղումների անհրաժեշտությունը՝ առաջարկելով պեղումներ կատարելու փորձ ու հմտություն ունեցող արշավախմբի ղեկավար։ Ստացված հայտերի հիման վրա տրված թույլտվությունները հաշվառում և տրամադրում է լիազորված մարմինը։
EVN Report-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են՝ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձաժողովը 2018-ին պեղումներ իրականացնելու թույլտվություն տվել է 46 հուշարձանի տարածքում, 2019-ին՝ 45, 2020-ին՝ 27, 2021-ին՝ 50։
2021-ին առաջին անգամ հնագիտական ուսումնասիրություն է իրականացվել 6 հնավայրում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղի երկաթդարյան ամրոց-բնակավայրում, Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի Վերի և Վարի բերդերի տարածքում, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի «Հաղարծին» վաղ բրոնզեդարյան հնավայրում, Արարատի մարզի Սուրենավան համայնքի Ուրցաձոր-1 քարայրում, Արագածոտնի մարզի Օթևան համայնքի նորահայտ հնավայրի տարածքում։
2022-ի մարտ ամսի դրությամբ՝ ԿԳՄՍ-ն դեռևս հնագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ հայտեր չի ստացել:
Պետության ֆինանսական ներդրումը
Հնավայրերում պեղումներ կատարելու նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսական միջոցներ են հատկացվել հետևյալ կառույցներին․
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ 2018-ին՝ 32 մլն դրամ, 2019-ին՝ 34 մլն դրամ, 2020-ին՝ 26 մլն դրամ, 2021-ին՝ 32 մլն դրամ, 2022-ին՝ 51 մլն դրամ,
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ՝ 2018-ին՝ 2 մլն դրամ, 2019-ին՝ 2 մլն դրամ, 2020-ին՝ 2 մլն դրամ, 2021-ին՝ 2 մլն դրամ, 2022-ին՝ 40 մլն 139 600 դրամ,
հուշարձանների վերականգնման նպատակով իրականացված պեղումների համար պետությունը տրամադրել է՝ 2018-ին՝ 5 մլն 752 000 ՀՀ դրամ, 2019-ին՝ 0, 2020-ին՝ 0, 2021-ին՝ 47 մլն 634 600 դրամ (նախագիծ և պեղում)։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը EVN Report-ի հարցմանն ի պատասխան՝ նշում է՝ ՀՀ տարածքում պեղումներ կատարվում են ոչ միայն պետական հատկացումների շրջանակներում, այլև պեղումները նախաձեռնողների կողմից ֆինանսավորվող ծրագրերով, դրամաշնորհներով։
Ավետիսյանը հայտնում է՝ 2021-ին ինստիտուտի արշավախմբերը պեղել են 31 հուշարձան, այդ թվում՝ վերականգնման ծրագրերի սպասարկման համար պեղումներ են կատարվել 11 եկեղեցու տարածքրում, փրկարարական պեղումներ (հողային աշխատանքների ընթացքում դիպվածով հայտնաբերված)՝ 4 հուշարձանում, ինստիտուտի գիտական ծրագրերով նախատեսված պեղումներ կատարվել է 16 հնավայրում, իսկ պեղումներ չենթադրող հետախուզական ուսումնասիրություններ կատարվել է 7 հնավայրում։
Հնարավոր չէ հստակ նշել, թե Հայաստանում քանի հնավայր կա, որտեղ դեռևս պեղումներ չեն իրականացվել․ EVN Report-ը ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում է՝ չպեղված հնավայրերի քանակին վերաբերող վիճակագրություն չի տրվում։
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությունը Հայաստանում
Հայաստանում հուշարձանների պահպանության համար առանձին ֆինանսավորում նախատեսված չէ։ Այդ գործընթացն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կետրոն» ՊՈԱԿ-ները՝ պետական բյուջեի ֆինանսական հատկացումների հաշվին։
Ըստ ԿԳՄՍ-ի տրամադրած տեղեկության՝ ՀՀ մարզերում իրականացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ առաջնահերթ վերականգնման ենթակա է 500-600 հուշարձան, որից 250-ն առավել վթարված և վտանգված են։
Նշենք նաև, որ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված են Սանահինի ու Հաղպատի վանքերը (1996 թ․, 2000 թ․), Էջմիածնի մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի հնագիտական վայրը (2000 թ․), Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը (2000 թ․)։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության սպասողական (նախնական) ցանկում են գտնվում հետևյալ հայտերը` «Երերույքի բազիլիկը և հնավայրը» (1995 թ.), «Տաթևի և Տաթևի Անապատ վանքերը և Որոտանի դաշտավայրի հարակից տարածքները» (1995 թ.), «Նորավանքը և Ամաղու դաշտավայրի վերին հատվածը» (1995 թ.), «Դվին քաղաքի հնավայրը/հնագիտական հուշարձանը» (1995 թ.):
Դվինի պեղավայրը՝ հայ և իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում
Դվինում առաջին անգամ պեղումներ իրականացրել է վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը 1899-ին, այնուհետև հնագետների իրականացրած պեղումները կրել են պարբերական բնույթ (1907-1908 թթ., 1936-1939 թթ., 1946-1976 թթ․, 1977-2010 թթ.):
Վերջին տարիների ընթացքում Դվինի պեղավայրը հայտնվել է հնագետների ուշադրության կենտրոնում։ 2019-ից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Հնագիտական արշավախմբի հիմնական անդամները ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից են: Այս արշավախումբը գործում է 70-ականներից սկսած և լայնածավալ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում՝ Դվինին վերաբերող կարևոր աշխատություններ են տպագրել։
Դվինը հիմնադրել է Տրդատ 3-րդի որդի Խոսրով Բ Կոտակը 4-րդ դարի 30-ականներին։ Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք։ Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա: Դվին մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա՝ մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով:
Դվինը բազմաշերտ հուշարձան է: Այն բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով։ Մասնագետները հայտնաբերել են նաև մ.թ.ա. 9-8-րդ դարերի պաշտամունքային բնակավայր:
2016-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն էին ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Իսկ ՀՀ վարչապետի 2019-ի նոյեմբերի 4-ի որոշմամբ՝ ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտեն (նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ), որը դրական որոշում է կայացրել նշյալ հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նշյալ աշխատանքները կատարվում են լիազոր մարմնի հսկողությամբ:
Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ 1977-2010 թթ․ արշավախումբը ղեկավարած Արամ Քալանթարյանի մահից հետո հուշարձանը, կարծես, անտարբերության էր մատնվել։ Եվ երբ 2019-ին իրեն առաջարկել են ստանձնել արշավախմբի ղեկավարումը, թեև այդ ժամանակ ղեկավարում էր նաև Տիգրանակերտի արշավախումբն ու խիստ զբաղված էր, սակայն տեսնելով այս կարևոր հուշարձանի բարձիթողի վիճակը, որոշում է ստանձնել պաշտոնն ու «տիրություն անել»։
Սակայն Պետրոսյանը նշում է, որ մինչ իր ղեկավարումը արդեն մեկնարկել էր Դվինի զբոսաշրջային կերպարին նվիրված ծրագիրը, որը ներառում էր նաև Դվինի կենտրոնական թաղամասի որոշ մասերի, ստորին բերդի առանձին հատվածների, բնակելի համալիրների վերականգնում և այլն։ Ու թեև հիմա հիմնական վերականգնման աշխատանքները, կարծես, ավարտվել են, սակայն իր համար դժվար օրեր էին․
«Կարծում եմ՝ հնագիտորեն այդ վերականգնումները բավականաչափ հիմնավորված չէին, բայց քանի որ ծրագիրն արդեն հաստատված էր համապատասխան խորհրդի կողմից, ամեն անգամ իմ ընդդիմանալը հանգում էր նրան, որ «վաղուց որոշված է, դրան մասնակցել է արշավախումբը, մասնակցել է նաև ճարտարապետը․․․ Ծանր ընթացք էր»։
Այնուամենայնիվ, պրոֆեսորին մի քանի տեղ հաջողվել է արգելել վերականգնումը, քանի որ վերականգնման նախագծեր էին արված նույնիսկ չպեղված հատվածներում։
«Դվինը պեղվել է վերտիկալ (ուղղահայաց-հեղ․) ձևով․ սկսել են վերևից ու ջանացել են հասնել ներքև, որը նույնպես ընդունելի է, բայց առանձին դեպքերում։ Հիմա այդ հուշարձանի մի զգալի մասն արդեն կարծես կորած է․ պատճառն այն է, որ Դվինը հողի քաղաք է, դվինյան կառույցների մեծամասնությունը հում աղյուսից են: Եթե այդ հում աղյուսը ջրի, անձրևի տակ է մնում, դառնում է սովորական կավահող և հաճախ չես կարողանում տարբերել՝ իրական պա՞տ է, թե՞ սովորական կավաշերտ։ Հիմա մենք որոշել ենք կազմակերպել տարածքի բարեկարգում և պեղումներն անել մի քիչ ուրիշ մոտեցմամբ»,- բացատրում է Պետրոսյանը՝ հավելելով, որ արդեն շուրջ մեկ տարի է աշխատում են Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ, որի մասնագետների հետ համագործակցել են նաև այլ հնավայրերի պեղման աշխատանքների ժամանակ։ Ըստ Պետրոսյանի՝ շուտով իտալացի գործընկերների հետ համագործակցության ընդարձակ հաշվետվություն են ներկայացնելու, իսկ Իտալիայում լույս տեսնող ամսագրերից մեկում էլ հրապարակվելու է Դվինի մասին հոդված։
Դվինի շուկան բացառիկ է ողջ տարածաշրջանում
Իտալական կողմի հետ Դվինում պեղումներն անցկացրել են 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ մոտավորապես 40 օր․ համատեղ հավասար ֆինանսավորմամբ իրականացրել են Դվինի շուկայի հնագիտական հետազոտությունը, 2020-ին չեն աշխատել, իսկ 2019-ին կենտրոնական հրապարակի մի հատվածը հասցրել են մաքրել ու պատրաստել վերականգնման։ Այս տարի՝ 2022-ին, պլանավորում են աշխատանքները մեկնարկել ամռանը։
5 հոգանոց արշավախմբին Ֆլորենցիայի համալսարանից միացել է 15 մասնագետ, որոնցից 5-ը ներգրավվել է արշավախմբի մշտական կազմում։ Միասնական աշխատանքի համար ընտրել են Դվինի քաղաքամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա գտնվող մի շատ ուշագրավ հուշարձան, որն ավանդորեն կոչվում է Դվինի շուկա։
Ըստ Պետրոսյանի՝ կառույցը դեռևս անցած դարի 50-ական թվականներին արշավախումբը մասամբ պեղել է, բայց այդպես էլ մնացել է մինչև վերջ չհետազոտված։ Պրոֆեսորը նշում է, որ այն ողջ տարածաշրջանում եզակի կառույց է․
«Եզակի է նախ իր մեծությամբ․ մի ծայրից մյուս ծայրը 60-70 մետր է, լայնությունը՝ մինչև 30 մետր, այսինքն՝ միջնադարյան որևէ աշխարհիկ կառույց չունենք, որն այդ չափերի է։ Երկրորդ՝ Դվինի շուկան ունի իդեալական սրբատաշ սալահատակներ, խարիսխներ, սյուներ, որոնք այսօր բեկորատված են, և մեր խնդիրն է հատկապես Մետաքսի ճանապարհի համատեքստում հասկանալ այդ կառույցը։ Առաջին տարին էր, պեղումները մի քիչ թեթև եղան, ինչ-որ մասով հետազոտել ենք։ Կարծում եմ՝ առաջիկա 4-5 տարում մենք հազիվ կարողանանք ամփոփել։ Դա մեզ նաև հնարավորություն կտա մտածել, քննարկել Դվինի հնագիտական հետազոտության հետագա հեռանկարը, կոնկրետ քայլերը»։
Պետրոսյանն ասում է՝ որոշել են հնավայրի այս հատվածը պեղել ժամանակակից մեթոդներով, անգամ առանձին հատվածում իտալացիները փորձել են պեղումներն իրականացնել նորագույն տեխնոլոգիաներով։
Պետրոսյանը նշում է, որ Դվինում հայտնաբերվել են այնպիսի գտածոներ, որպիսիք աշխարհի ոչ մի թանգարանում չկան, սակայն, դրանցից որոշներն ուսումնասիրելու համար Հայաստանում չկան համապատասխան լաբորատոր պայմաններ։
Բացառիկ նմուշներն ու դրանք հետազոտելու հնարավորության բացակայությունը
Հնագիտական պեղումների հետ կապված՝ լաբորատոր հետազոտություններն իրականացնում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Էրեբունի» պատմահնագիտականարգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը, ԵՊՀ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ հնագիտական թանգարաններ։
Պրոֆեսոր Պետրոսյանը մանրամասնում է՝ իրականացվում են չափագրական և ֆիզիկակաքիմիական հետազոտություններ․ երկրորդի բացը Հայաստանում շատ են զգում։ Ինչ վերաբերում է խեցեղենին, ապա ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաներ ընդհանրապես չկան․
«Չկան նաև մետաղի հետազոտման լաբորատորիաներ, այսինքն՝ հնագիտական արտեֆակտերի լաբորատոր հետազոտում ասելով, եթե հասկանանք ֆիզիկաքիմիական և նման բնական գիտությունների կողմից առաջարկվող լաբորատոր քննություններ, ապա Հայաստանում դրանք, այո՛, հիմնականում բացակայում են»։
Պետրոսյանը նշում է՝ Դվինում կան ջնարակապատ խեցեղենի ֆենոմենալ օրինակներ, որպիսիք աշխարհի ոչ մի թանգարանում չկան․
«Նույնիսկ ես մի քանի անգամ դրել եմ Լուվրի համապատասխան օրինակները և Դվինի համապատասխան օրինակը․․․ Դվինը եղել է շատ կարևոր կենտրոն և Արաբական խալիֆայության զանազան կենտրոններից՝ հատկապես Սամարայից մեծ քանակությամբ ժամանակի ամենահայտնի բաներն են ներմուծվել»։
Պետրոսյանն ասում է, որ Դվինի խեցեղենի ուսումնասիրության համար իտալական կողմի հետ նոր ծրագիր են նախաձեռնել, որի շրջանակում արդեն նմուշների առաջին խմբաքանակն ուղարկել են Իտալիա․ «Մենք համագործակցության փորձեր էլի ենք ունեցել, օրինակ՝ Տիգրանակերտի խեցեղենը ուղարկել էինք Հռոմ։ Այդ համագործակցությունների առանցքում իրենք մեզ ավելի շատ տիխնոլոգիական աջակցություն են ցուցաբերում։ Բնական է՝ մենք և՛ հուշարձանը լավ գիտենք, և՛ նյութերը․․․ Ես շատ գոհ եմ այդ համագործակցություններից։ Դվինի խեցեղենի հետազոտությունը դեռևս մեկնարկային փուլում է»։
Հայաստանում հնագետներն ինքնուրույն են իրենց անհրաժեշտ պայմանները ստեղծում
Հետազոտական համապատասխան լաբորատորիաների բացակայությունից զատ՝ հայ հնագետները բախվում են նաև պեղումներ կատարելու համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության խնդրին։ Պետրոսյանը նշում է, որ Դվինում աշխատանքների մեկնարկից առաջ որոշ գումար են ներդրել հանգրվանը կարգի բերելու, բաղնիքը, սանհանգույցը նորոգելու համար։
«Միջազգային արշավախումբ պահելը, այն էլ կորոնավիրուսի պայմաններում, բավական դժվար է։ Գնացինք Դվին, տեսանք՝ բաղնիքն ու սանհանգույցն անգամ չեն աշխատում, ու էլի շատ խնդիրներ կային։ Իտալացիներն ասում էին՝ մենք հին կղմինդրի (ազբեստի շիֆեր) տակ իրավունք չունենք մնալ, ուստի ստիպված տնակներից մեկը ցինկապատեցինք,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանում արշավախմբերը տուն են վարձում, հյուրանոցում են մնում, քանի որ հուշարձանները հիմնականում հնագիտական հանգրվաններ չեն ունենում, ուստի, Դվինի դեպքում իրավիճակն անհամեմատ լավ է․ այստեղ յուրաքանչյուրն ունի իր սենյակը, անգամ գրադարան ու ընթերցասրահ կա։
Սակայն 30-ականներին ստեղծված Դվինի հնագիտական հանգրվանը հենց քաղաքի մեջ է, ինչն ըստ Պետրոսյանի՝ կոպիտ սխալ է։ Հիմա փորձում են նոր հանգրվան՝ սենյակներ և, իհարկե, թանգարան կառուցել, որոնք կլինեն բուն քաղաքի ցանկապատված տարածքից դուրս։
Պետրոսյանն ասում է, որ այս խնդիրները նորություն չեն, հիշում է՝ որտեղ էլ գնացել է աշխատելու, նախ կառուցել են սանհանգույց ու բաղնիք․
«Պատկերացրե՛ք, այդ փոշիների մեջ մասնագետները ժամերով աշխատում են, հետևաբար այդ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը մեր արշավախմբերի կարևոր խնդիրներից մեկն է։ Ցանկացած հնագիտական արշավախումբ, ցանկացած հետազոտություն զուտ գիտական խնդիրներից բացի՝ համարյա նույնքան ծանրությամբ տեխնիկական, լոգիստիկային առնչվող խնդիրների է բախվում։ Այս թվարկածս խնդիրները մեր մշակույթի հետազոտման գլոբալ քաղաքականության պակասի արդյունք են։ Ես կարող եմ ասել՝ մասնագետները փորձում են հենց իրենք իրենց համար պայմաններ ստեղծել»։
Առհասարակ, ըստ Պետրոսյանի՝ հնագետներն իրենք են իրենց շատ խնդիրներ լուծողները։
«Պետությունը հնագիտական պեղումների իրականացման համար հարյուրավոր միլիոն դրամների ֆինանսներ է հատկացնում, գոնե այս հունվարից ակադեմիայում աշխատավարձերը բարձրացվեցին, բայց պետք չէ կարծել, թե մեր աշխատանքը պետական քաղաքականության արդյունք է, կարծում եմ՝ հնագիտական հանրույթն ինքնուրույն գործող է։ Իհարկե, պետությունն աջակցում է, բայց իմ համոզմամբ՝ հնագիտական հետազոտություններն առաջին հերթին հնագետների ջանքերի արդյունքն են․ այդ մե՛նք ենք գտնում գործընկերներ, մե՛նք ենք պայմանագրերը կնքում, մե՛զ են ճանաչում, գալիս են, հարգում են, առաջարկներ են ներկայացնում։ Այսինքն՝ հնագետները նախանձելի մասնագիտական հանրույթ են, այս հանրույթը փորձում է լողալ ինքնուրույն»։
Պետական քաղաքականության անհեռատեսությունը
Սակայն, ինքնուրույն լողացող հանրույթի ուղին երբեմն բախվում է պետական կառավարման ընկալումներին․ օրինակ՝ Դվինի վերականգնման նախագծով պետությունը նախ պլանավորել է վերականգնել հուշարձանի մի փոքրիկ հատվածը՝ բնակելի համալիրների մասում։ Հնագետներն այդ հատվածը մաքրել են, պեղել, շատ հետաքրքիր գյուտեր ունեցել, սակայն հետո ոչինչ չի արվել ու աշխատանքն անիմաստ է դարձել։
«Հիմա, եթե նորից ուզենան վերականգնել, նորից պետք է մաքրենք․․․ Այդ ծրագիրն այն ժամանակ Մշակույթի նախարարությունն էր իրականացնում, հետո տեղափոխվեց ԿԳՄՍ, և փաստորեն՝ իրենք հասցրին կենտրոնական թաղամասի եկեղեցական կառույցները և կաթողիկոսական պալատները մասնակի վերականգնել, իսկ իմ նշած մյուս տարածքն այդպես էլ դուրս մնաց»,-ասում է Պետրոսյանը։
Բացի այդ՝ կառավարությունը, առանց արշավախմբի ղեկավարի կարծիքը հաշվի առնելու՝ 2021-ի ապրիլին որոշել է Դվինի արգելոց ստեղծել։
«Տարբեր որոշումներ կային, որոնց դեմ էի, բայց արդեն որոշված էր։ Հիմա Դվինը դարձել է արգելոց, իսկ դա, իմ կարծիքով, շատ սխալ քաղաքականություն է։ Պաշտոնապես հուշարձանի շահերը՝ դրա հետազոտությունն ու պահպանությունը, ենթադրում են, որ առաջնայինը լինի հուշարձանը, այլ ոչ թե դեպի հուշարձանը վերաբերմունքը,- ասում է Պետրոսյանը՝ նշելով, որ Հայաստանում կան մի քանի արգելոցներ, որոնք ներառված են զբոսաշրջության ծրագրերումև որոշ եկամուտ են բերում,- Կառավարությունն ընտրում է այն հուշարձանները, որոնք եկամտաբեր են, այլ ոչ թե այն հուշարձանները, որոնք պետական աջակցության կարիք ունեն․․․ այդ տեսակետից արգելոցը տոմս է վաճառում, «էստի համեցե՛ք» է անում զբոսավարներին, զբոսաշրջիկներին։ Իրենք որոշակի ֆինանսական շահագրգռվածություն ունեն, իսկ հնագիտական արշավախումբը, մի տեսակ, մնում է այդ ամենից դուրս, այսինքն՝ այնտեղ շատ խնդիրներ են առաջանալու․ ինչպե՞ս կազմակերպել աշխատանքները, ճանապարհն ինչպե՞ս սարքել, մնացած բաներն ինչպե՞ս անել․․․ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտը պիտի դա որոշեր»։
Այսպիսով, ըստ պրոֆեսորի՝ հուշարձանը երկու տեր է ունենում՝ ֆինանսները տիրապետող պետական կառույց, մյուսը՝ ակադեմիայի «խեղճուկրակ» մի արշավախումբ։ Թեև Պետրոսյանն արձանագրում է, որ իրեն թե՛ նախարարությունում, թե՛ ՊՈԱԿ-ում բոլորը լավ ճանաչում են ու հարգում և անձնական որևէ խնդիր որևէ մեկի հետ չունի, սակայն այսպես վարվելը լուրջ, մտածված քաղաքականություն չի համարում։
«Բայց փաստի առաջ ենք կանգնել․ և հիմա փորձում ենք համագործակցության եզրը բռնել։ Հայաստանում հնագիտական հետազոտություն անցկացնելը բազմաթիվ տեխնիկական, ֆինանսական խնդիրների է հանգեցնում, բայց մեր ինստիտուտը, իսկապես, լավն է, տնօրենը ևս լավն է։ Կարծում եմ՝ առաջիկա երկու տարիները կարևոր են լինելու հատկապես Դվինի հետ կապված։ Դվինում եզակի նմուշներ կան, Դվինը եզակի հուշարձան է։ Իհարկե, սկիզբը դժվար էր, առաջիկայում, հուսանք, լավ կլինի․․․ », — եզրափակում է Համլետ Պետրոսյանը։
Մեր հայերեն էջից
Սպասելով գարնանը…
Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։
Read moreՎահագնի ու Աստղիկի ծիծեռնակները
1915-ն ուրվագծեց այն պատմությունը, որը սրտագրության պես ձգվում է շատերիս նեղ ընտանեկան կամ ազգային հավաքական հիշողության մեջ:
Read moreՈւժը` ճշմարտություն(ն) է
2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։
Read moreԳիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա
1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։
Read moreԱշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreԵրանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը
2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
Read moreԹափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Արմինե Մարգարյանի՝ «Թափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:
Read moreԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Read moreԺողովրդավարություն. վտա՞նգ, թե՞ հնարավորություն
Հայաստանի անկախ և ինքնիշխան ժողովրդավարական քաղաքականությունը, ընկալվեց աշխարհաքաղաքական ենթատեքստում: Վտանգը այդ իրականությունը չտեսնելու, չգնահատելու, համապատասխանաբար ներքին, արտաքին ու անվտանգության քաղաքականությունը չվերահաշվարկելու մեջ էր։
Read moreԴժվար քայլերի կարևորությունը
Գրականության թարգմանությունը գրականության մի մաս է, որը պահանջում է ժամանակ, կենտրոնացում և հրապարակման հնարավորություն: «Դեռ բաներ կան, որոնք «հաջողությամբ» պայմանավորված չեն, սակայն կարևոր են: Ուստի հաջողությունը կարևորության հետ շփոթելու այս ոչ հեշտ ժամանակներում հայ գրականություն անգլիալեզու ընթերցողին հասանելի լինելը, անշուշտ առավելապես կարևոր իրադարձություն է» , գրում է Արամ Պաչյանը:
Read more