

Մի տեղ կարդացել եմ, որ տրավմայի մեծության եզրագծերը սահմանում են ապագայի ուրվապատկերը։
1915-ն էլ ուրվագծեց այն պատմությունը, որը սրտագրության պես ձգվում է շատերիս նեղ ընտանեկան կամ ազգային հավաքական հիշողության մեջ։
Ես ապրում եմ Աջափնյակում։ Ծիծեռնակաբերդն ինձ մոտ է, փողոցից կարող ես տեսնել բարձունքը։
Ապրիլի 24-ի մարդաշատ երթն այս տարածքում` մանկությունից ինձ հետ մեծացող ամենամյա իրողություն է։
Ինքս այդ օրը հազվադեպ եմ բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Ավելի հաճախ այնտեղ լինում եմ այլ օրերին, երբ Ծիծեռնակաբերդի տարածությունը բաց է, կրակի մոտ` լռություն, ու կարելի է լռել այն անցյալի հետ, որի շուրջ կառուցվել է կոթողը։









Մորս «խորթ» հայրը՝ Մուկուչը, իմ ընտանեկան պատմությունը 1915-ին կապող օղակն է։
Պապուս՝ Մուկուչին, հազիվ եմ հիշում. մի քանի դրվագ միայն, թե ինչպես էր խաղողով լի տակառը խառնում ու ոնց էր այգին փորում:
Պապս քչախոս էր։
Մայրս պատմում էր Մուկուչի պատմածը, որ լսել էր փոքր տարիքում։
Մուկուչի ընտանիքում, իրենից բացի, ևս 5 երեխա է եղել։ Ավագ քրոջը թուրքերն առևանգել են, մյուսներին սպանել են իր աչքի առաջ, երբ 13 տարեկան է եղել։ Մայրը երեխաների սպանդը տեսնելով՝ սրտի կաթվածից մահացել է։ Պապս փրկվել է. հարևան թուրքի խորհրդով՝ դիակների մեջ է թաքնվել։ Հետո ձեռքից ձեռք հասել Թեհրան, մեծացել, ամուսնացել։ 1946-ին էլ մորս որդեգրած, եկել են Երևան՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով։
3-րդ Մասի «դերմանտինի փոսում» կառուցել է տուն, մշակել այգի, աշխատանքի անցել տպարանում: Ամեն տարի մեկնել է Սուխում՝ հանդիպելու իր գտնված զարմիկներին, այնտեղ էլ մահացել է։
Ցեղասպանության հետ իմ անձնական կապն այս խորթ պապուս պատմությունն է։ Հույսս, որ ընտանեկան ալբոմի իր լուսանկարները կամբողջացնեն իմ հիշողության ֆրագմենտները, ապարդյուն է:
Ծիծեռնակների բերդը, որտեղից ծիծեռնակներն իբր Վահագնի ու Աստղիկի խոստովանություններ են միմյանց փոխանցել, մի միֆ է, որ խառնվում է իմ մանկության հիշողությանը, ուր Մուկուչը լուռ էր ու իր այգին էր փորում։



