մեր աշխատանքը պետք է զինի
կանանց գալիք սերնդին`
գերազանցելու մեզ բոլոր ոլորտներում
սա է ժառանգությունը, որ
թողնելու ենք մեզնից հետո
Աճ — Րուփի Քաուր
թրգմ՝ Ն․ Գ․
Այստեղ անունները հորինված չեն, դեպքերը՝ նույնպես, պատմությունները՝ առավել ևս։ Մենք չենք ընտրել հերոսին, հերոսն ինքն է գտել բոլորիս, հաջորդաբար, ճիշտ տեղում, ճիշտ պահին, բերել է այստեղ, որ հաղորդակցվենք, բացահայտենք միմյանց ու միմյանց պոտենցիալը։ Ինչպես գրող, հետազոտող Անահիտն Ղազարյանն է ասում ստորև՝ փառահեղորեն գծված և պլանավորված պատահականությունների շղթա։
Առաջին հանդիպումը
Մի երեկո ընկերուհիս՝ Աննան՝ գրեց, որ իրենց մոտ՝ «4Պլյուս»-ում, ցուցադրություն կա, որը ես շատ կհավանեմ։ Ես էլ զանգեցի մեր մյուս ընկերուհուն։ Գնացինք ցուցադրությանը առանց նախնական որևէ սպասելիքի, մտնելուն պես ժամանակը կանգնեց։ Չեմ հիշում, թե որքան երկար մնացինք։ Բայց հիշում եմ, որ արևը հասցրեց մայր մտնել, ես նստել էի անկյունի բազկաթոռին, նայում էի՝ ոնց են ոսկեգույն շիթերն իջնում ինձ անծանոթ մարդկանց դիմանկարների վրայով՝ վերցված Մարիամ Շահինեանի կողմից: Երբ դուրս եկանք արդեն մութ էր, ուզում էինք քննարկել, բայց նաև՝ լռել ու վերապրել։
Մտածեցի՝ տեսնես Անահիտը բա ինչպես է գտել Մարիամին։
-Ես չեմ փնտրել Մարիամին, չգիտեի իր մասին, ինքն է ինձ գտել, շատ պատահաբար․․․ Քեզ առաջ տանող մի հետաքրքրասիրություն կա, որ ուզում ես ամեն ինչ փորձառել, հատկապես երբ ուրիշ երկրում ես։
-Անահիտ Ղազարյան
«2016 թվականն էր, Ստամբուլում էի, Իսթիքլալ փողոցում, աշուն էր, անձրևում էր, «Հիշողության քայլերթ-զբոսանք» էր, որի ընթացքում ներկայացնում էին Բեյօղլու թաղամասում բնակված սեռական ու մշակութային փոքրամասնություններին ու նպատակ ունեին պատմել չպատմված պատմություններ «լուռ» մարդկանց։
Քայլերթին մասնակցում էի որպես դիտորդ։ Ուշ էի միացել խմբին ու հազիվ էի հասկանում, թե ինչ է կատարվում։ Միայն հիշում եմ, որ կանգնած էի տրամվայի գծերի վրա ու լսում էի, թե ինչպես մի թուրք գիտնական պատմում էր մի հայ կնոջ մասին, ու ես հազիվ կարողացա որսալ հետևյալ բառերը՝ Մարիամ, Շահինեան, Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ։ Անուն էր օդում ու մի պատկեր պատմողի ձեռքում, անսահման հմայիչ պատկեր մի աղջիկ երեխայի, ով աջ ու ձախ ձեռքի մատներն իրար մեջ խրած՝ ուղիղ ու անթարթ նայում է տեսախցիկին, մազերը սավանների պես փռած, բախտը՝ բաց։
Ես հիշում եմ տրամվայի գծերի դղրդոցը ոտքերիս տակ ու այդ լուրը, որն ինձ զարմանք, ուրախություն ու տխրություն բերեց։ Ֆիզիկական դղրդոցը փոքրիկ երկրաշարժ արեց նաև գիտակցությանս մեջ։ Ինչո՞ւ չգիտեի իր մասին»:
-Ա.Ղ., հետազոտական օրագիր, Երևան, 2021
-Ես գտա ու գնեցի ալբոմ-գիրքը։ Իմացա նաև, որ նույն թվին «Սալթ» հետազոտական արվեստի կենտրոնում «ՖոտոԳալաթասարայ» վերնագրով ցուցահանդես է արել Թայֆուն Սերթաշն ու ցուցահանդեսի պաստառի վրա մեծ տառերով գրել ոչ թե Մարիամի, այլ իր անունը։ Փաստորեն, լուսանկարչուհու արխիվը գտնվում է այդքան տարի անց և առաջին ցուցադրությանը ինքը դարձյալ մնում է ստվերում։ Անարդարության զգացում ունեցա, հասկացա, որ մի բան կա այստեղ, որին պետք է տիրություն անեմ, իմ իմանալը դրա մասին ինձ պարտավորեցնում էր մի բան ձեռնարկել։
Հայաստան վերադառնալուց հետո շարունակեցի ուսումնասիրել նրա կյանքն ու գործունեությունը, սակայն, ապարդյուն:
-Ա.Ղ.
Մարիամ Շահինեանը՝ Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհին, ծնվել է 1911-ին Սեբաստիայում (Սիվաս), ունևոր ընտանիքում, զբաղվել են հացահատկի ու խոշոր եղջերավոր անասունների առևտրով, ունեցել են ալրաղացներ և մեծ ֆերմաներ։ Մարիամը մեծն էր, ուներ երեք քույր և երեք եղբայր։ Նրա պապը՝ Յակոբ Շահինեան Փաշան եղել է Սիվասի ներկայացուցիչն առաջին օսմանյան խորհրդարանում 1877-ին։ Շահինեան ընտանիքն այն քչերից էր Սիվասում, որ փրկվեց 1915-ի Մեծ Եղեռնից՝ շնորհիվ պապի հեղինակության։ Ընտանիքով Ստամբուլ տեղափոխվելուց հետո Մարիամի հոր՝ Միհրանի բուրժուական հոբբին՝ լուսանկարչությունը, դարձավ գումար վաստակելու միակ միջոցը։
Նախնական կրթությունը Մարիամը ստացել է Եսայան վարժարանում, ապա շարունակել Sainte Pulcherie աղջիկների ավագ դպրոցում, սակայն չի ավարտել այն․ 1936-ին մահանում է մայրը՝ Տիգրանուհին, ապա ընտանիքը հայտնվում է նյութական ծանր կացության մեջ, եղած սուղ միջոցները պետք է ուղղվեին տղաների կրթությանը, իսկ աղջիկները պետք է օգնեին հորը` լուսանկարչատանն ու տնային գործերում։
Այսպիսով, Մարիամ Շահինեանը սկսել է լուսանկարել 25 տարեկանից, իսկ 1937-ից ղեկավարել է ստուդիան, ապահովել ընտանիքի ֆինանսական կացությունը, եղբայրների ուսումը, աշխատել մինչև 1985 թվականը։ Առանց դադարի։ Գրեթե հինգ տասնամյակ։ Կես դար։
Սկիզբը
-Անահիտ, Մարիամը գտավ քեզ, դու՝ իրեն, հետո՞։
-Ինքս էլ եմ շատ տարված լուսանկարչությամբ, շատ հետաքրքիր մեդիա է ինձ համար հատկապես հիմա, երբ այսքան տարածված է, ամենուր է, շատ մարտահրավերային է․․․ Մեկ էլ հայտնաբերում եմ Մարիամին, որ լիովին իմ հետաքրքրությունների ծիրում էր՝ կին, լուսանկարիչ․․․ Լինում է չէ՞, որ տեսնում ես մեկին, չգիտես՝ ով է, բայց առաջին իսկ վայրկյանից գիտես՝ կարևոր մեկն է լինելու քո կյանքում․․․ Այդ զգացողությունն ունեի։ Ինքն իրենով էր հետաքրքիր, ես ոչինչ չեմ արել: Որոշեցի ինքս խորը ուսումնասիրություն անել, հանրայնացնել Մարիամ Շահինեանի կյանքը և գործունեությունը...
-Ա.Ղ.
1994-ին, դեռևս Մարիամի կենդանության օրոք, ստուդիայի թուրք սեփականատերը լուսանկարչուհու արխիվը՝ շուրջ 200 հազար պատկերներ, թողնում է աղբամանի կողքին։ Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչատան տնօրեն Եթվարթ Թոմասյանը փրկել է այն առհավետ կորստից, ավելի ուշ նաև թվայնացրել ապակե նեգատիվների 70 տոկոսը, թե որտեղ է մյուս մասը՝ անհայտ է։ 26 տարի անց՝ 2011-ին հրատարակել է «ՖոտոԳալաթասարայ» (Tayfun Serttaş, “Foto Galatasaray: Studio Practice by Maryam Şahinyan”, Արաս հրատարակչատուն) գիրքը, որտեղ ներառված է արխիվի մի մասը։
«Ո՛չ մատենագիտության բաժնում, ո՛չ լուսանկարչությանը վերաբերող քիչումիչ գրականության մեջ, ո՛չ մամուլում բան չկա քո մասին, Մարիամ Շահինեան։
Ա՛յ կնիկ, էս ո՞վ ես եղել դու, էս ի՞նչ լուռ գոյություն ա․․․
Ես երբեմն խայտառակ հոգնում եմ, երբ էս իմ որոնմանը բախվում ա անանունությունը քո․․․ ոչ մի տեղ, ոչ մի տող․․․»
-Ա.Ղ., Երևան, փետրվար 2018
-Մասնակցում էի տարբեր կոնֆերանսների։ Դրանցից մեկը տեղի էր ունենում Միչիգանում։ Գնալուց առաջ ծանոթացա Հասմիկ Կնյազյանի հետ, որոշեցինք միասին գնալ ուղևորությանը։ Արդեն Դեթրոյթում նրա ընկերուհին և վերջինիս ամուսինը, պարզվեց, ստամբուլահայ ընկեր ունեն, արագ հեռախոսազանգով կապվեցինք իր հետ, հետոն ուղղակի անհավանական է․․․ Պարզվում է, նա բազմաթիվ լուսանկարներ ուներ, քանի որ մայրն ամեն տարի տարել է նույն ատելիեն՝ լուսանկարվելու։ Կատարյալ, փառահեղորեն պլանավորված պատահականությունների շղթա էր, մտածեցի՝ եթե ԱՄՆ-ում հանդիպեցի մեկին, ուրեմն կարելի է վերադառնալ և գտնել մյուսներին, այսքան պարզ մի միտք, բայց չես ունենում այդ միտքը, պիտի ճանապարհ անցնես այդ մտքին հասնելու համար, որը հետո կամաց-կամաց մեծանում է քո մեջ, վերածվում թեմայի։
Կրկին գնացի Ստամբուլ՝ իմ «Այլընտրանքային արխիվը» հավաքելու հստակ որոշմամբ ու սկսեցի փնտրել մարդկանց ու նկարներ, 80-ից ավել հնավաճառանոց կա այնտեղ, ցանկ էի կազմել, ամեն օր գնում էի։ Մի տեղ օրինակ, ասացին, որ ոչինչ չունեն Մարիամից, բայց ես որոշեցի ինքնուրույն նայել ու մեկ էլ գտա, խենթ միտք է թվում, բայց առաջին կես ժամում նկար գտա։ Նկարներն էժան էին, կոպեկներ արժեին։ Մտքիս մեջ կար՝ ինչ թույն կլինի, որ ցուցահանդեսը լինի Հայաստանում:
-Ա.Ղ.
Ճանապարհը՝ համառությամբ
-Երբ Ստամբուլում էի, չգիտեի՝ ոնց է պետք փնտրել, բայց մի շարք որոշումների արդյունքում ստացվում է, օրինակ երբ որոշում ես չվիրավորվել, երբ քեզ նեղացնում են, դու ունես քո օրակարգը, ու քո նեղանալն օրակարգում չի, պետք է լինես հաստատակամ, դու գիտես անելիքդ ու մնացյալն արդեն անկարևոր է, կարևոր է քո որոշումն ու նպատակը։
Ասում էի՝ արդեն այստեղ եմ ու իմ ամեն օրը պիտի արդարացնեմ, ինչ եմ արել, ում հետ եմ խոսել, քանի հնավաճառանոց եմ գնացել։ Չկար օր, որ ոչինչ չանեի։ Համառություն կար, նստում էի ու ասում՝ գտնելու եմ։
Ուշադրություն չդարձնել, թե քեզ ինչ կասեն, թե քեզ ինչքան չեն հավատա, ինչքան կասեն՝ մեկա չես գտնելու, բայց դե գնա, ազիզ ջան:
-Ա.Ղ.
Մարիամ Շահինեան
Ականատեսները
Երբևէ իր ստուդիայում նկարված մարդիկ պատմում են, որ Մարիամ Շահինեանը խոսում էր շատ սիրուն, անուշիկ, բայց քչախոս էր և ինքնամփոփ, շատ լավ տիրապետել է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և իտալերենի։ Տանը եղել է պահանջկոտ և խստակենցաղ։ Մտերիմ է եղել եղբայրներից Վրույր Շահինեանի հետ։ Չի ամուսնացել, չի ունեցել երեխաներ։
Չի սիրել լուսանկարվել։ Նրանից մնացել են 3 անձնագրային չափի լուսանկար ու մեկ ընտանեկան լուսանկար։ Մարիամը, աշխատանքային առաջին օրվանից սկսած, օգտագործել է գոգնոց ու ձեռնոցներ՝ պաշտպանելու հագուստը։ Միշտ կարճ մազեր է ունեցել, առանձնակի ուշադիր է եղել այցելուների վարսերի նկատմամբ, երբեմն ինքն է հարդարել՝ ստուդիայում պահվող սանրով։
-Մարիամի կադրերում կոնցեպտուալ արվեստագետի մոտեցումն ակնհայտ է, չենք տեսնում շատ առարկաներ, ատրիբուտիկան զուսպ է և գրեթե անփոփոխ, նաև դիրքեր կան, որ կիրառել է անընդհատ, ինչպես՝ հայելու դիմաց։ Փոխվում են տրամադրությունները, մարդիկ, բայց ոչ առարկաները․ դրանք չեն թելադրում ոճն ու ասելիքը, այլ մարդը։ Հիսուն տարի նկարել նշանակում է նաև ռետուշ անել, տպել, աշխատել քիմիական նյութերի հետ, ինչի հետևանքով ձեռքերի ալերգիաներ և աչքերի ցավ է ունեցել:
-Ա.Ղ.
Թեև Թուրքիայում այդ ժամանակ արդեն գունավոր լուսանկարչությունն ու տպագրությունը հասանելի են եղել, Մարիամ Շահինեանը որոշել է շարունակել սև-սպիտակ լուսանկարների ավանդույթը։ Լուսանկարչուհին իր աշխատանքները մակագրել է տարբեր անվանումներով՝ Մարիամ Շահինեան, Մերյեմ Շահինեան, Մարիամ Շահինօղլու և Մերյեմ Շահինօղլու (Maryam Şahinyan, Meryem Şahinyan, Maryam Şahinoğlu, Meryem Şahinoğlu):
Կյանքի վերջին տարիներին հաճախ էր ասում՝ անչափ հոգնեցա։
Հեռավորությունը
-Ստամբուլի հայկական համայնքը հետաքրքրված չէ՞ Մարիամի արխիվի ճակատագրով։
-Իրենք չունեն հեռավորություն այդ թեմային մոտենալու համար, իսկ ցանկացած թեմայի մոտենալու համար հեռավորություն պիտի ունենաս, ես ունեմ, ես կարող եմ գնալ, հետազոտել, գալ։ Այնքան մոտ են՝ չեն տեսնում, իրենց համար այդքան ակնհայտ ու պարզ չի։ Ոնց որ ես, օրինակ, ինչու չեմ հետազոտել այստեղի լուսանկարները, որովհետև չունեմ գիտակցումը, որ դա կարևոր է, չունեմ այդ հեռավորությունը տեսնելու, զարմանալու կամ բացահայտելու։ Չենք նկատում այն, ինչը կարող է դառնալ հոդված, գիտություն։
-Ա.Ղ.
Արժևորելը
-Գալով Մարիամին և իր ծավալած գործունեությանը․․․ Կանանց այնքան չեն արժևորել, որ իրենք էլ իրենց արածը չեն արժևորել, այն, որ Մարիամ Շահինեանն իր արխիվը ուղղակի թողել ու դուրս է եկել, ինչո՞ւ․ չի մտածել, որ կարևոր բան է իր արածը։
Ստամբուլյան «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտէճեանն ինձ հետ զրույցում պատմեց, թե տարիներ հետո է իմացել, որ ազգային գործերի, համայնքային կյանքի մեջ մեծ ներդրում ունեցած հայտնի Շահինեան եղբայրները քույր ունեին։
-Ա.Ղ.
Կին ստեղծագործողի ավանդույթը
-Երբ դու զբաղվում ես մի բանով, օրինակ լուսանկարչությամբ, քո ոգեշնչման աղբյուրը ուրիշ լուսանկաիրչներ են, որոնք հիմնականում տղամարդիկ են, հայտնի։ Իրենց մասին կան գրքեր, հաղորդումներ, ֆիլմեր, ու դու ասես ուզում ես քեզ տեսնել շարունակության մեջ։ Տարբեր ինքնություններ կան՝ որպես հայ ինքնություն, որպես կին ինքնություն, ու քո այդ կին ինքնությունը, ինչքան էլ հասկանաս ու երկխոսես տղամարդ մտածողների հետ նաև, մի մակարդակում կապը կնոջ հետ ավելի լավ կստացվի, ինքը կարող է զգալ այն, ինչ դու ես զգացել, կարող ես կարդալ ու ասել՝ գրողը տանի, գիտեմ ինչ ես ասում։ Այդ ավանդույթը, որ քեզնից առաջ եղել են ստեղծագործող կանայք, ու դու ասում ես՝ ինքը եղել է, ես կամ, ես էլ մեկ ուրիշին եմ ոգեշնչելու։ Ինչպես հիմա ես տեսնում եմ պատկերի հետ աշխատող, լավ աշխատող կնոջ, կարողանում եմ ընկալել ինձ նաև իր միջոցով։
-Ա.Ղ.
Կանայք, վստահությունը
-Նազիկ (Նազիկ Արմենակյան, «4Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր), մինչ այս հանդիպումը ես և Անահիտը քննարկում էինք, թե որքան էմոցիոնալ է եղել բոլորիս մոտ առաջին տպավորությունը Մարիամի կողմից արված կանանց լուսանկարները նայելիս։ Մասնավորապես, նրանց բնականությունը, ազատությունը, ինքնավստահությունը կրկնակի հմայք են հաղորդում թե՛ իրենց, թե՛ լուսանկարին։ Ու կարծես միանգամից հասկանում ենք՝ նկարողը կին է եղել։
-Դա ներքին կապ է, որ բնականորեն տրված է։ Կան տեսական հետազոտություններ, որ կանանց լուսանկարչությունը շատ ավելի խորն է, քանի որ նրանք մի շարք թեմաներում ավելի մեծ թույլտվություն ունեն, օրինակ՝ հենց կանանց լուսանկարելիս, ավելի շատ հնարավորություններ են բացվում նրանց առաջ։ Նաև բնությունն է թույլ տալիս անել դա էմոցիոնալ ապրումներով։ Ինչը չի նշանակում, որ կարելի է ասել՝ կանայք ավելի լավ են լուսանկարում, ես հատուկ տարանջատում չեմ անում կին և տղամարդ լուսանկարիչների, բայց այսքան տարի աշխատելով լուսանկարչության մեջ՝ զգացել եմ, որ կա մի բան, որ շատ ավելի ուժեղ է ու դա ներքին կապն է։
Զարմանալի է, այդ տարիներին մի փոքրիկ ստուդիայում, որքան կարող են բացվել լուսանկարչական խցիկի առաջ կանայք, ասես նայեն հայելու մեջ, իրենք իրենց, մի տեսակ կանայք իրար ավելի լավ են հասկանում, բայց դա նաև վստահություն է։ Մարդիկ ազատվել են կապանքներից ու կարողացել «մերկանալ», ինչը հեշտ չէ, ինչու մարդիկ չեն սիրում նկարվել, քանի որ տեսնում են իրենց, ոչ թե հայելու մեջ, այլ թե ով են ու ինչպիսին են իրականում։ Մարդիկ պետք է քեզ վստահեն, որ թույլ տան իրենց նկարես։ Թույլտվությունը հասարակ բան չի, դա չի կարող լինել դիմումով, նամակով, երբ մարդը քեզ թույլ է տալիս իր տուն, թույլ է տալիս իրեն հետևես, նկարես․․․ շատ ինտիմ պրոցես է լուսանկարչությունը։
-Նազիկ Արմենակյան
-Երբ դեռ Ստամբուլում տեսա փոքրիկ աղջկա հայտնի նկարը, շոկ էր, ուրիշ էր, նրբությունները նկատող կնոջ մոտեցում էր, որով մի ուրիշ աշխարհ է բերել իր մոտ նկարվող կանանց։ Վստահաբար, տղամարդու առաջ կսեթևթեիր, գնահատողական հայացքի ներքո դու էլ ուրիշ հայացք կունենայիր, իսկ կին լուսանկարչի առաջ օբյեկտ չես, չես դնում հավելյալ ջանք, ինչը կփչացներ պահը, կադրը։
Մտածում եմ, եթե Մարիամը ունենար շարժական ֆոտոխցիկ, կարողանար դուրս բերել, այն Ստամբուլը, որ գիտենք՝ Արա Գյուլերի Ստամբուլը, կտեսնեինք ուրիշ տեսանկյունից։ Այո, դրանք ընտիր ֆոտոներ են, բայց տղամարդու մոտեցում է։ Պատկերացնում եք՝ ինչ աշխարհ կբերեր Մարիամը, որ չի տեսել, չի զգացել, չի բերել Գյուլերը։ Այն, ինչ արել է Գյուլերը, ներսում, ներսից արել է Մարիամը։
-Ա.Ղ.
Մարիամի հիմնական հաճախորդները սոցիալական տարբեր խմբերի պատկանող մուսուլմաններ էին, նրա մոտ գնալն ու լուսանկարվելն ավելի հասանելի է եղել և հեշտ, քան թուրք տղամարդու մոտ։
Նա լուսանկարել է երեխաների, աղջիկների, տղամարդկանց, նույնասեռականների, ընտանիքների, սևամորթների, տարեցների, վանականների։ Եվ որ ամենահատկանշանակն է՝ հիմնականում կանանց, ինչը հավանաբար, պայմանավորված է նրանով, որ վերջիններս իրենց գլխաշորերը կարող էին հանել միայն մեկ այլ կնոջ ներկայությամբ։ Լուսանկարչուհու շնորհիվ նրանք ասես մի պահ դառնում են բաց, ազատ և անկախ՝ ձերբազատվելով առօրյա կապանքներից և օրենքներից։
-Նա հավասարաչափ ընկալել է փոքրամասնություններին՝ ներառյալ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց, ունեցել է լայնությունը տեսնելու բոլոր մարդկանց իրենց ձևի մեջ։
-Ա.Ղ.
Պատկերների հյուրասենյակը
-2021-ի հոկտեմբերից «4Պլյուս»-ում բացվեց Մարիամ Շահինեանի առաջին ցուցադրությունը Հայաստանում։ Ներկայացված էին Անահիտ Ղազարյանի կողմից հավաքված «Այլընտրանքային արխիվ»-ի և հետազոտության ընթացքում արված լուսանկարները։ Առաջին անգա՞մ էր շփումը Մարիամ Շահինեանի հետ։
-Ես ծանոթ էի Շահինեանին, բայց ոչ այսքան։ Իրականում, ես շատ ավելի վաղուց էի մտածում ցուցահանդեսի մասին, երբ Անահիտը նոր էր սկսել իր հետազոտությունը։ Միշտ եղել է մտքումս․․․ Երբ Անահիտն ասաց՝ ես տեսնում եմ, որ ձեզ մոտ պետք է լինի այս ցուցահանդեսը, մենք միանգամից համաձայնեցինք, քանի որ շատ կապված էր մեր գործունեությանը, մենք նաև առանձին ֆոկուս ունենք կանանց պատմությունների վրա։
Հետո բաներ կան, որ տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ պետք է, մենք էլ պետք է թույլ տանք, որ հասունանա այդ ամենը։ Շատ կարևոր ցուցահանդես եղավ «4Պլյուս»-ի և մեզ համար, որ հենց մեր կենտրոնում բացվեց այն, այս բնականարում, այս ոչ ֆորմալ, ոչ ինստիտուցիոնալ, այլ փոքրիկ, ընտանեկան միջավայրում, ոնց կարելի էր պատկերացնել, որ տարիներ առաջ իր ստուդիան է եղել։ Շատ հարցեր է բացում իր լուսանկարչությամբ՝ դեմոգրաֆիական, գենդերային, մշակութային, ոճային, քաղաքական․․․ Նա կարողացել է իր պարզ ստուդիայում, այդպիսի շշմելու կադրեր ստանալ այդ ժամանակահատվածում, որ, կարող է թվալ, այդքան զարգացած չի եղել լուսանկարչությունը:
-Ն.Ա.
Հայեցակարգը
-Հստակ էր ցուցադրության ձևը՝ այն շատ ինտիմ պետք է լիներ, որ մարդիկ կարողանան մոտենալ, դիպչել․․․ Պատկերացում կա չէ՞, որ ցուցահանդեսը լինում է մեծ տարածքում, պատին կախված ցուցանմուշներով։ Պետք է գաս հասնես այն բանին, որ չվախենաս այլ հայեցակարգ ընտրել։ Անահիտը ուզում էր, որ լուսանկարների դարձվածքները անպայման երևան, առաջարկեցինք սեղանին դնել, ինչպես մարդիկ իրենց տներում են դնում սեղանի, պահարանի վրա, դրանով նաև ընդգծեցինք վինտաժային ոճը, որոշեցինք թողնել լուսավորությունը ոնց կա, ի վերջո, տանը, երբ մարդիկ ֆոտո են դնում իրենց պահարանին, չեն մտածում լուսավորության մասին։ Անահիտի ընկերուհին՝ Քրիստինեն, ով ճարտարապետ- դիզայներ է, օգնեց դասավորության մեջ, Փիրուզան (Փիրուզա Խալափյան, լուսանկարիչ, «4Պլյուս») մշակեց լուսանկարների օրագրային մասը, մեր փորձառությունները մեզ օգնում են պատկերացնել՝ որ նյութն ինչպես կարելի է ցույց տալ։
Շատերը մեր մասին գիտեին, բայց չգիտեին` իրականում ինչ ենք անում, լավ չէին ճանաչում, Մարիամը մոտեցրեց նրանց մեզ, ուրիշ ձև սկսեցին նայել տարածքին, մեզ, շատ կարևոր է դա մեզ համար, քանի որ սկզբում մտածում են՝ ա, էդ կանայք են, իրենք իրենց խնդիրներով հավաքվել են, բայց դու շարունակում ես քո ուղին, ցույց ես տալիս, թե ինչ ֆունդամենտալ լուսանկարչական կառույց է։ Մարիամը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ է, բացեց նոր հնարավորություններ։ Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, երբ մարդիկ իրենց ներսից մի ներդրում են անում, երբ կա ցանկությունը, սերը, աշխատանքը և համագործակցությունը, մի լավ բան ստացվում է, չի կարող չստացվել։
-Ն.Ա.
Համագործակցության ուժը
-Այս թեմայի շուրջ բոլորիդ լսելու իմ որոշման սկզբում ես հենց հնարավոր համագործակցային մթնոլորտի ձևավորելն էի դրել, ոչ թե շփվելը, ոչ թե միմյանց պատմել, խորհուրդներ տալը, որպես տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այլ հենց համագործակցելը, դրա մեջ մի բան կա, ավելի գործնական, որ վստահության ու հաղորդակցության յուրօրինակ կապ է ստեղծում։
-Դա գործն է, այդպես լինում է, երբ միավորում է գործը։
-Ա.Ղ.
-Այլ բան է, երբ մի անուն է, այլ բան է, երբ մի քանի անուններ են կապվում, մեծանում է ուժը, հնչեղությունը։ Եվ այո, մեր ապագան այդ համագործակցությունն է։ Մենք էլ թիմում բոլորս կանայք ենք, ամեն օր ենք համագործակցում, իսկ դա անելու եղանակը շատ պարզ է՝ խոսենք միմյանց հետ, լսենք միմյանց։
-Ն.Ա.
Թերահավատությունը
-Մենք էլ «4Պլյուսը» կանանցով ենք հիմնել։ Բոլորս էլ հանդիպել ենք թերահավատ մոտեցումների։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դժվար է շատ, տղամարդիկ կարող են շատ արագ մասնագիտություն ձեռք բերել և դա նորմալ է, կանայք պետք է մի ամբողջ կյանք ապացուցեն, որ կարող են անել այդ գործը։
Սկզբում մի քիչ նեղանում էի, մի քիչ չէ, լավ նեղվում էի, հետո փորձեցի դա որպես ինձ ուղղված մարտահրավեր օգտագործել, ինչքան շատ էին փորձում նեղացնել, այնքան հասկանում էի, որ ինչ-որ բան եմ անում, պետք է ուղղակի ներսում գտնենք այդ ուժը, երբ հավատում ես նրան ինչ անում ես, շարունակում ես:
-Ն.Ա.
Հնարավորություններն ու գալիքը
-Մենք՝ հենց կանայքս պետք է բացենք հնարավորությունները մյուս կանանց համար, թեկուզ իրար օգնելով։ Կանանց պոտենցիալը ճիշտ չենք օգտագործում՝ տարբեր ոլորտներում, ընդհուպ մինչև գյուղական համայքներում։ Ես հաճախ եմ գնում, լուսանկարում եմ, շփվում, զգում եմ, որ ասելիք ունեն, ուզում են կիսվել։ Խնդիրը ռեսուրսների ճիշտ կառավարման մեջ է։ Իսկ դրա համար ինստիտուցիոնալ մոտեցում է պետք։
Մարիամը երկրորդ կին լուսանկարիչն է, որ իմ այսքան փորձառությունից հետո նոր բան է բերել, բոլորովին նոր և ուժեղ ազդեցություն, ու ես մի տեսակ շատ ուրախ եմ նրա հայ լինելու փաստով, առաջինը Դայանա Արբուսն է, որով հիանում եմ մինչ օրս։ Մարիամին չեմ ճանաչել, բայց կարծես մենք նույն վերաբերմունքն ունենք մարդկանց նկատմամբ։ Երբեմն կարծես կողքիս է, դեռ պետք է ժամանակ տրամադրեմ այս հանրային ցուցադրությունից զատ և ուսումնասիրեմ նրան առավել հանգամանորեն։ Վստահ եմ, որ դեռ կաշխատենք նրա շուրջ։
-Ն.Ա.
-Անահիտ, դու նույնպես չես ավարտել Մարիամ Շահինեանի հետ քո ճանապարհը, իսկ քեզ մո՞տ երբ և ինչ նոր զարգացումներ կլինեն։
-Իհարկե, չի ավարտվել, այս պահին պլանավորում եմ նոր ցուցադրություն Գյումրիում, ապա՝ ալբոմի հրատարակություն՝ կից հուշագրերով, վավերագրական ֆիլմ, նախատեսում եմ հասցնել թեման ուսումնասիրության գիտական աստիճանի, մի բան, որ արդեն իսկ անում են շատերը Թուրքիայում:
-Ա.Ղ.
Ամեն ինչ իր ժամանակին
Մարիամ Շահինեանը 1985-ին հանձնում է «Գալաթասարայ» ստուդիան, օգնում է նոր տերերին մի քանի ամիս՝ ծանոթացնելով ստուդիային և դուրս է գալիս՝ թողնելով իր արխիվը և այլևս երբեք չվերադառնալով լուսանկարչատուն։ Բայց նաև չավարտելով իր՝ Թուրքիայում առաջին տաղավարային պրոֆեսիոնալ լուսանկարչուհու լեգենդը, երևի որպեսզի այսօր հավաքի իր շուրջն այսքան աշխատասեր, նրբանկատ, պրոֆեսիոնալ մասնագետների, կանանց, ովքեր կվերաշարադրեն իր կենսագրությունն ու գործունեությունը՝ բացելով նոր շերտեր սեփական ես-ում։
Մարիամ Շահինեանը մահացել է 1996 թվականին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը, և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում։
Աղբյուրներ